ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակն է ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացմանն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայունությունը, բարելավել բնակչության առողջության և դրա հետ կապված այլ ցուցանիշները, ինչպես նաև նվազեցնել հիվանդացության, մահացության ցուցանիշները, աջակցել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը, նպաստել բնակչության առողջապահական կարիքների բավարարմանը, բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության, այդ թվում` ֆինանսական հասանելիության աստիճանը, բարելավել դրանց որակը:
| Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման և գործարկման հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով ապահովագրված անձանց, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, ապահովագրական փաթեթի ծառայությունները, ապահովագրավճարի չափը և դրա վճարման կարգը, պայմանները, չապահովագրված անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրման երաշխիքները, առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրի գործունեությանը ներկայացվող պահանջները, առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ստեղծման կարգը և գործառույթների շրջանակը, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում իրավասու պետական մարմինների լիազորությունները, ապահովագրված անձանց կողմից ներկայացվող բողոքների քննության և լուծման կարգը, ինչպես նաև կարգավորում է առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված այլ հարաբերություններ:
2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
3. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության շրջանակներում տուժողի առողջությանը պատճառված վնասների հետ կապված ծախսերը հատուցվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և սույն օրենքով ենթակա չեն հատուցման:
| Հոդված 2․ | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) առողջության համընդհանուր ապահովագրություն՝ սույն օրենքի համաձայն իրականացվող միջոցառումների համախումբ, որն ապահովագրական դեպքը տեղի ունենալու պարագայում ապահովագրված անձին երաշխավորում է սույն օրենքին համապատասխան ապահովագրական փաթեթում ներառվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կամ դեղերի տրամադրման դիմաց ամբողջությամբ կամ մասնակի հատուցումը.
2) ապահովագրական փաթեթ` սույն օրենքի համաձայն որոշված և ամբողջությամբ կամ մասնակի հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ կամ դեղեր.
3) ապահովագրավճար` առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրական փաթեթից օգտվելու նպատակով, օրենքին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար.
4) ապահովագրված անձ` սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնակչության խմբերից որևէ մեկում ընդգրկված ֆիզիկական անձ, որն ապահովագրական դեպքի պահին ունի օրենքով նախատեսված կարգավիճակ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում.
5) ապահովագրավճար վճարող` սույն օրենքի համաձայն ապահովագրավճար վճարող ֆիզիկական անձ.
6) ապահովագրավճար չվճարող՝ ապահովագրված անձ, որի օգտին ապահովագրավճարը, սույն օրենքի համաձայն, վճարում է պետությունը.
7) չապահովագրված անձ՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-15-րդ կետերով նախատեսված բնակչության խմբերում չընդգրկված և առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթ չունեցող անձ.
8) ապահովագրական դեպք` ապահովագրված անձի կողմից, սույն օրենքի պահանջներին համապատասխան, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին դիմելը՝ համապատասխանաբար հիվանդությունների կամ վիճակների, ներառյալ դրանց կանխարգելման, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկում ստանալու անհրաժեշտ այլ իրավիճակի կապակցությամբ կամ դեղեր ձեռք բերելու նպատակով, սույն օրենքին համապատասխան, դեղատուն դիմելը.
9) ապահովագրական հատուցում` ապահովագրված անձին ապահովագրական փաթեթի տրամադրման դիմաց առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատանը սույն օրենքի պահանջներին համապատասխան կատարվող վճարում.
10) առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ (այսուհետ՝ Հիմնադրամ)՝ պետության հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործառույթներ.
11) առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստր (այսուհետ՝ Ռեգիստր)՝ առողջության համընդհանուր ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան.
12) առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիր` Ռեգիստրում էլեկտրոնային եղանակով վարվող, սույն օրենքի համաձայն ապահովագրված անձին վերաբերող պարտադիր վավերապայմանները ներառող տեղեկությունների ամբողջություն.
13) համավճար` ապահովագրական փաթեթի շրջանակում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կամ դեղերի համար սահմանված հատուցման առավելագույն չափի և դրանց գնի բացասական տարբերության չափով սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրված անձի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատանը պարտադիր վճարման ենթակա գումար․
14) կանխարգելիչ ծառայություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ անցնելը կամ դրանց անցնելուն սույն օրենքին համապատասխան հերթագրված լինելը ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայման է՝ անկախ ապահովագրավճարն օրենքով սահմանված կարգով վճարելու հանգամանքից.
15) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
16) դեղ՝ հասկացությունը կիրառվում է «Դեղերի մասին» օրենքում կիրառվող իմաստով.
17) դեղատուն՝ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
18) դեղատոմս՝ հասկացությունը կիրառվում է «Դեղերի մասին» օրենքում կիրառվող իմաստով.
19) բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց համար պետության կողմից հատուցման ենթակա՝ Կառավարության կողմից որոշված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, որոնք երաշխավորում են պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը․
20) բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց համար բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից բացի, պետության կողմից հատուցման ենթակա՝ Կառավարության կողմից որոշված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, որոնք տրամադրվում են միայն Կառավարության կողմից նախատեսված վիճակով կամ կարգավիճակով պայմանավորված դեպքերում և երաշխավորում են պետության կողմից նրանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը․
21) ուղեգիր՝ էլեկտրոնային կարգով լրացվող փաստաթուղթ, որը կազմվում է Լիազոր մարմնի կողմից այդ իրավասությունը ամրագրած բժշկի կողմից` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան ծառայությունն ստանալու նպատակով.
22) փոխկապակցված անձ՝ ապահովագրավճար վճարողի կողմից որոշված անձ՝ հայր, մայր, ամուսին, զավակ, որդեգրող, որդեգրված, խնամակալ, խնամարկյալ, որը չունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի
1-14-րդ կետերով նախատեսված բնակչության որևէ խմբի պատկանելու կարգավիճակ․
23) ընտանիքի անդամ՝ հայր, մայր, ամուսին, զավակ, որդեգրող, որդեգրված․
24) հարկային գործակալ՝ օգտագործվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կիրառվող իմաստով.
25) հարկային մարմին՝ օգտագործվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կիրառվող իմաստով.
26) շահերի բախում՝ իրավիճակ, երբ Հիմնադրամի մարմնում պաշտոն զբաղեցնող անձի, ինչպես նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (այսուհետ՝ հոգաբարձուների խորհուրդ) անդամի մասնավոր շահերը կամ հանրային իշխանության մարմնում կամ իրավաբանական անձի մարմիններում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շահերն ազդում են կամ կարող են ազդել նրա՝ Հիմնադրամի մարմնում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված լիազորությունների (գործառույթների) անաչառ և օբյեկտիվ կատարման վրա.
27) առողջության կամավոր ապահովագրություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքին համապատասխան ապահովագրության տեսակ.
28) Լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին.
29) աշխատավարձ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, որոնց ցանկը սահմանված է ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով.
30) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ՝ անձ, որն ապահովագրման օրվան նախորդող տասներկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել է 183 և ավելի օր, ընդ որում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ամբողջական օրեր են համարվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու օրերը՝ անկախ այդ օրերի ընթացքում ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամերի քանակից: Սույն կետով սահմանված օրերի հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ Հիմնադրամին սահմանային վերահսկողության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա․
31) ապահովագրման օր՝ Ռեգիստրում անձի գրանցման օրը.
32) ապահովագրավճարի անհատական հաշիվ՝ Ռեգիստրում ապահովագրված անձի վկայագրի համարին համապատասխան բացված անհատական հաշիվ, որտեղ արտացոլվում են անձի և նրան փոխկապակցված անձի ապահովագրական վճարի հաշվարկված չափը, վճարված չափը և դրանց տարբերությունը և օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ.
33) գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողներ՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ, ինչպես նաև իր արտադրանքի փաթեթավորմամբ, տարայավորմամբ, պահեստավորմամբ, տեղափոխմամբ, շուկայահանմամբ կամ դրանց առնչվող աշխատանքների կատարմամբ կամ ծառայությունների մատուցմամբ զբաղվող անձ, որի եկամուտը ստացվում է միայն սույն կետում նշված գործունեության արդյունքով․
34) կարգավիճակ՝ անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշված բնակչության որոշակի խմբի պատկանելություն, որը ձեռք է բերվում և դադարեցվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն, և որի ուժով անձն ունի օրենսդրությամբ որոշված իրավունքների ու պարտականությունների համախումբ․
35) վիճակ՝ մարդու օրգանիզմի հատուկ ֆիզիոլոգիական կամ ժամանակավոր ոչ ախտաբանական դրություն։
ԳԼՈՒԽ 2
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԵՂԵՐԻ ՆԵՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
| Հոդված 3. | Առողջության համընդհանուր ապահովագրության ընդհանուր բնութագիրը |
1. Առողջության համընդհանուր ապահովագրությունը ոչ կյանքի ապահովագրության տեսակ հանդիսացող պարտադիր ապահովագրություն է: Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Առողջության համընդհանուր ապահովագրության օբյեկտն ապահովագրված անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող գույքային շահն է՝ պայմանավորված ապահովագրական դեպքը տեղի ունենալու պարագայում ապահովագրական փաթեթի մեջ ներառվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կամ դեղերի տրամադրման դիմաց ամբողջությամբ կամ մասնակի հատուցմամբ:
3. Սույն օրենքով նախատեսված ապահովագրական փաթեթը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և սույն օրենքով նախատեսված առողջության համընդհանուր ապահովագրության տարածքը Հայաստանի Հանրապետությունն է:
4. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների վրա՝ օրենքով նախատեսված կարգով։ Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչություններում աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացիների և նրանց ընտանիքների անդամների վրա, որոնց առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
5․ Սույն օրենքը չի սահմանափակում ապահովագրված անձի իրավունքը ապահովագրական փաթեթում ընդգրկված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի ծախսերի հատուցումն ստանալու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առողջության կամավոր ապահովագրության շրջանակներում։
| Հոդված 4. | Ապահովագրական դեպքը |
1. Սույն օրենքի իմաստով՝ ապահովագրական դեպք է բացառապես Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատուն դիմելը:
2. Հիմնադրամը պարտավոր է իր պաշտոնական կայքէջում տեղադրել Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների վերաբերյալ սպառիչ տվյալներ (անվանումը, գործունեության վայրը, լիցենզիան, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, սույն օրենքի համաձայն կնքված պայմանագրերով տրամադրվող ապահովագրական փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունների ցանկը, դեղերի համընդհանուր անվանումները)՝ ապահովելով այդ տվյալների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
3. Սույն օրենքի իմաստով՝ ապահովագրական դեպք չեն հանդիսանում՝
1) Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր չկնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատուն դիմելը, բացառությամբ, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, վիրավորում, վնասվածք ստացած զինծառայողների և քաղաքացիների կողմից համապատասխան պայմանագիր չկնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատուն դիմելու դեպքերի.
2) ապահովագրական փաթեթում չընդգրկված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ ստանալու կամ դեղեր ձեռք բերելու համար դիմելը.
3) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթի) առկայության սեփական նախաձեռնությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին դիմելը կամ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված դեղատոմսի դեղատուն դիմելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
| Հոդված 5. | Ապահովագրական փաթեթի տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև չապահովագրված անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները |
1. Ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը (համընդհանուր անվանում) կարող են տարբերակվել բացառապես պայմանավորված ապահովագրված անձանց տարիքի, սեռի և վիճակի կամ կարգավիճակի հետ կապված առանձնահատկություններով։
2. Ապահովագրված անձի ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայմանը կանխարգելիչ ծառայություն ստանալն է կամ ծառայություն ստանալու համար Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հերթագրված լինելը:
3. Կանխարգելիչ ծառայությունները ներառված են ապահովագրական փաթեթում և ենթակա են հատուցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Կանխարգելիչ ծառայություն ստանալը նախապայման չէ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համար:
5. Կանխարգելիչ ծառայության իրականացման կարգը, պայմանները, ինչպես նաև տեղաշարժման դժվարություններ և հաշմանդամություն ունեցող պացիենտների դեպքում կանխարգելիչ ծառայության առանձնահատկությունները սահմանում է Լիազոր մարմինը:
6. Ապահովագրված անձին ապահովագրական փաթեթում ընդգրկված՝
1) առողջության առաջնային պահպանման ծառայությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից տրամադրվում են առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի կամ անձը հաստատող փաստաթղթի միջոցով անձի նույնականացումից հետո.
2) արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման այլ ծառայությունները և հիվանդանոցային ծառայությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից տրամադրվում են առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի կամ անձը հաստատող փաստաթղթի միջոցով անձի նույնականացումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթի) հիման վրա.
3) դեղերը դեղատան կողմից տրամադրվում են Կառավարության սահմանած ձևին համապատասխան տրամադրված դեղատոմսի հիման վրա՝ առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի կամ անձը հաստատող փաստաթղթի միջոցով անձի նույնականացումից հետո:
7. Ապահովագրական փաթեթից օգտվելու ընթացակարգը սահմանում է Լիազոր մարմինը:
8. Ապահովագրական փաթեթում չընդգրկված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի ծախսերի հատուցումը կատարվում է ապահովագրված անձի սեփական միջոցներով կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։
9. Չապահովագրված անձանց համար սահմանվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ։ Ի լրումն նվազագույն ծավալում ներառված ծառայությունների՝ սույն օրենքին համապատասխան չապահովագրված անձանց կարող են տրամադրվել նաև լրացուցիչ ծառայություններ միայն որոշակի վիճակ կամ կարգավիճակ ունենալու ընթացքում։ Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի, նրանց վիճակների և կարգավիճակների ցանկերը սահմանում է Կառավարությունը։
10. Բացառությամբ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համապատասխան ծառայության թողունակության սահմանափակության դեպքում ապահովագրված անձանց համար կարող է կիրառվել հերթագրում ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով՝ Լիազոր մարմնի սահմանած կարգով։
11. Սույն հոդվածի 10-րդ մասի համաձայն սահմանված հերթագրման ժամկետը լրանալու դեպքում ապահովագրված անձն իրավունք ունի դիմելու Հիմնադրամի հետ պայմանագիր չկնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի, որի կողմից տրամադրված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունը ենթակա է հատուցման Հիմնադրամի կողմից՝ ապահովագրական փաթեթում ներառված տվյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայության գնի չափով:
12. Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր չկնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ինչպես նաև հերթագրման ժամկետը լրանալու հիմքով պայմանագիր չկնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից տրամադրված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի հատուցումն իրականացվում է հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված կարգով:
| Հոդված 6. | Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրը |
1. Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրը ներառում է հետևյալ տվյալները.
1) վկայագրի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը.
2) ապահովագրված անձի լուսանկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին.
3) Հիմնադրամի անվանումը և գտնվելու վայրը, հեռախոսահամարը, պաշտոնական կայքէջի հասցեն.
4) ապահովագրվածի կարգավիճակ ստանալու օրը, ամիսը, տարին, վկայագրի վավերականության ժամկետը (եթե առկա է):
2. Ռեգիստրում գրանցման և առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ակտիվացումից հետո ապահովագրված անձը Լիազոր մարմնի սահմանած կարգով Հիմնադրամի կողմից իրազեկվում է իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ձևը, դրա լրացման և ակտիվացման, պլաստիկ քարտի ձևով տրամադրման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:
3. 16 տարին չլրացած անձինք առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրն ակտիվացնում են օրինական ներկայացուցիչների միջոցով, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց վկայագիրն ակտիվացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցիչների կամ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված կոնտակտային անձի միջոցով:
4. Առողջության համընդհանուր ապահովագրության պլաստիկ քարտի ձևով վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում Լիազոր մարմնի սահմանած կարգով և վճարի դիմաց տրամադրվում է դրա կրկնօրինակը:
5. Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրում սույն օրենքով նախատեսված տվյալների լրացման, վկայագրերի բաշխման և տրամադրման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:
| Հոդված 7. | Ապահովագրական փաթեթում ներառվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները |
1. Ապահովագրության փաթեթում ներառվում են պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները: Սույն մասով սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատում է Կառավարությունը:
2. Ապահովագրական հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները ապահովագրված անձանց տրամադրվում են Լիազոր մարմնի կողմից հաստատված չափորոշիչներին, գործելակարգերին և ուղեցույցներին համապատասխան։ Ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի (համընդհանուր անվանում) ցանկերը հաստատում է Կառավարությունը:
3. Ապահովագրական փաթեթում ներառված հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դրանում ներառվող դեղերի (համընդհանուր անվանում) ցանկը կարող է փոփոխվել կամ լրացվել Կառավարության կողմից սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգին համապատասխան՝ հիմք ընդունելով հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը.
1) առաջարկվող ծառայությունները ծախսարդյունավետ են և ապահովում են բուժման տևողության կրճատումը, ապաքինման կամ հետվիրահատական ապաքինման ժամկետի կրճատումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունը տրամադրելուց հետո անհրաժեշտ այցերի թվի կրճատումը, ժամանակավոր անաշխատունակության տևողության կրճատումը, օգտագործման ենթակա դեղերի քանակի կրճատումը․
2) առաջարկվող ծառայության հասանելիությունը պլանային դեպքերում հնարավոր է ապահովել առավելագույնը երկու ամիս հերթագրման ժամկետը չգերազանցելով.
3) առաջարկվող ծառայության հատուցման առավելագույն գինը չի գերազանցում համարժեք ծառայության հատուցման գնի կրկնակին:
| Հոդված 8. | Ապահովագրական փաթեթի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների խմբերի՝ ամբողջությամբ կամ մասնակի հատուցման ենթակա ծախսերը |
1. Սույն օրենքով նախատեսված ապահովագրական հատուցման ենթակա են բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների խմբերի հետևյալ ծախսերը․
1) հիվանդությունների կամ վիճակների, ներառյալ դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով մատուցվող հետազոտությունների և խորհրդատվությունների, «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանված պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան պատվաստումների իրականացման ծախսերը.
2) հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում բուժման նպատակով տրամադրվող դեղերի, լաբորատոր և գործիքային հետազոտությունների, մասնագիտական խորհրդատվությունների, վիրահատությունների, վիրահատական և ֆիքսող միջոցների, այլ բուժական միջամտությունների, այդ թվում՝ ֆիզիոթերապևտիկ, թթվածնի և բժշկության մեջ կիրառվող այլ գազերի օգտագործման, հետվիրահատական միջոցառումների և խորհրդատվության, հիվանդասենյակի, միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից պացիենտի խնամքի ապահովման ծախսերը.
3) շտապ բժշկական օգնության և սպասարկման՝ տեղափոխման համար նախատեսված օդային տրանսպորտի կամ տրանսպորտի այլ միջոցներով պացիենտների անհետաձգելի տեղափոխման կազմակերպման, ինչպես նաև մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի մոտ պացիենտների տեղափոխման ծախսերը.
4) քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով տրամադրվող դեղերի, լաբորատոր և գործիքային հետազոտությունների, մասնագիտական խորհրդատվությունների, այլ բժշկական միջամտությունների, այդ թվում՝ ֆիզիոթերապևտիկ ծախսերը.
5) վերջույթների, հոդերի, օրգանների պրոթեզների, մետաղական կոնստրուկցիաների ծախսերը:
2. Ապահովագրական փաթեթի մեջ ընդգրկված բժշկական օգնության և սպասարկման առանձին ծառայությունների, դրանց մատուցման ժամանակ առանձին դեղերի տրամադրման, հետազոտությունների անցկացման, սննդով, կացարանով ապահովման համար սահմանվում է մասնակի հատուցում՝ համավճարի կիրառմամբ, որը նպատակ ունի՝
1) հատուցելու ապահովագրական հատուցման չափերի և բժշկական օգնության և սպասարկման տվյալ ծառայության համար հաշվարկված ծախսերի տարբերությունը․
2) զսպելու բժշկական օգնության և սպասարկման առանձին ծառայությունների անհարկի սպառման ծավալները։
3. Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի ապահովագրական հատուցման կարգը հաստատում է Կառավարությունը:
4. Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ հոգաբարձուների խորհուրդ)՝ Կառավարության հաստատած մեթոդաբանության հիման վրա հաշվարկված ծառայության գնին կամ ծախսերի նորմատիվին համապատասխան:
5. Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համար սահմանված համավճարների՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափերը չեն կարող գերազանցել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գնի կրկնակին։
6․ Համավճարի չափը, ապահովագրական հատուցման ենթակա ծախսերը կիրարկումից առնվազն մեկ ամիս առաջ Հիմնադրամի կողմից պարտադիր հրապարակման ենթակա են Հիմնադրամի պաշտոնական կայքէջում։
| Հոդված 9. | Քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով ապահովագրական փաթեթում ներառվող դեղերը |
1. Ապահովագրական փաթեթը ներառում է պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային պայմաններում շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով ապահովագրված անձին տրամադրվող դեղերը (համընդհանուր անվանմամբ): Սույն մասով սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատում է Կառավարությունը:
2. Ապահովագրության փաթեթում ներառվող արտահիվանդանոցային պայմաններում տրամադրվող դեղերի ցանկի փոփոխությունները և լրացումները կատարվում են Կառավարության սահմանած կարգով՝ հիմք ընդունելով հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը.
1) առաջարկվող դեղերը ծախսարդյունավետ են և ապահովում են բուժման տևողության կրճատումը, ապաքինման կամ հետվիրահատական ապաքինման ժամկետի կրճատումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունը տրամադրելուց հետո բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի մոտ անհրաժեշտ այցերի թվի կրճատումը, ժամանակավոր անաշխատունակության տևողության կրճատումը, օգտագործման ենթակա դեղերի քանակի կրճատումը․
2) առաջարկվող դեղի հասանելիությունը ապահովված է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ տվյալ քրոնիկ հիվանդություն կամ վիճակ ունեցող բոլոր ապահովագրված անձանց համար.
3) առաջարկվող դեղի հատուցման գինը չի գերազանցում համարժեք դեղի համար հաշվարկված հատուցման առավելագույն չափը ավելի քան հիսուն տոկոսով.
4) ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գները ենթարկվում են պետական կարգավորման «Դեղերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
| Հոդված 10. | Ապահովագրական փաթեթի դեղերի ամբողջությամբ կամ մասնակի հատուցման ենթակա ծախսերը |
1․ Դեղերի ծախսերի ապահովագրական հատուցման կարգը հաստատում է Կառավարությունը:
2. Դեղերի հատուցման գները և հատուցման առավելագույն չափերը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը՝ Կառավարության հաստատած մեթոդաբանության հիման վրա:
3. Ապահովագրական հատուցման ենթակա դեղի համար հատուցումը տրամադրվում է դեղի համար հաշվարկված հատուցման գնի չափով, սակայն ոչ ավելի, քան տվյալ դեղի համար «Դեղերի մասին» օրենքի համաձայն սահմանված հատուցման առավելագույն չափը:
4. Սահմանված առավելագույն հատուցման չափը գերազանցող տարբերությունը, որը չի գերազանցում սահմանված առավելագույն հատուցման չափի մինչև հիսուն տոկոսը, որպես համավճար, վճարում է ապահովագրված անձը սեփական կամ այլ միջոցների հաշվին: Սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին գերազանցող հատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում հաշվարկման համար։
5. Բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ տրամադրող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների մոտ բուժվող ապահովագրված անձանց համար դեղերի ծախսերը հատուցվում են ապահովագրական հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ենթակա ծառայության համար սահմանված գնի շրջանակում:
6. Ապահովագրական հատուցման ենթակա դեղերի հատուցման հետ կապված և սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Դեղերի մասին» օրենքին համապատասխան:
ԳԼՈՒԽ 3
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ ԵՎ ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 11. | Առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձինք |
1. Առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ընդգրկված են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված բնակչության խմբերում.
2) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք (օրենքով նախատեսված կացության կարգավիճակ ունեցող) ունեցող օտարերկրացիները, որոնք ընդգրկված են սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում։ Սույն կետը չի տարածվում փախստականների և ապաստան հայցողների, նրանց ընտանիքի անդամների վրա։
2. Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է բնակչության հետևյալ խմբերի վրա․
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և մինչև 18 տարեկան երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և 65 ու բարձր տարիքի անձինք.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և ֆունկցիոնալության համապատասխանաբար խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ ունեցող անձինք.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրեր (որդեգրողներ)․
7) ընտանիքում երեք կամ ավելի անչափահաս երեխաների խնամք (խնամակալություն) իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ծնողներից (խնամակալներից) մեկը.
8) հաշմանդամություն ունեցող երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն.
9) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած անձի ընտանիքի անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ․
10) ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ անդամ՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով.
11) վարձու աշխատողներ, որոնց աշխատավարձը հաշվարկում է հարկային գործակալը կամ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուն.
12) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերեր, նոտարներ.
13) Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ` վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, ինչպես նաև վարձու աշխատողներ, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից.
14) սույն մասի 1-13-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում չընդգրկված գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողներ.
15) սույն մասի 11-14-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց փոխկապակցված անձինք՝ կամավոր կարգով՝ համաձայն սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների:
3․ Այն դեպքում, երբ անձն ունի սույն հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված կարգավիճակներից որևէ մեկը և միաժամանակ ունի կամ ձեռք է բերում նաև սույն հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված համապատասխան կարգավիճակներից որևէ մեկը, ապա նրա վրա տարածվում են սույն օրենքի իմաստով առավել բարենպաստ պայմաններ նախատեսող նորմերը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված փոխկապակցված անձանց առողջության համընդհանուր ապահովագրությունն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ մասի 11-14-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց ցանկությամբ՝ նրանց կողմից Լիազոր մարմնի սահմանած կարգին և օրինակելի ձևին համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում։
5․ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ չհանդիսացող մինչև մեկ տարեկան երեխաների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման պայմանները և առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի համաձայն ընդունված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի, նրանց վիճակների և կարգավիճակների ցանկերը սահմանող Կառավարության որոշմամբ։
| Հոդված 12. | Ապահովագրված անձի կարգավիճակի ծագման և դադարման հիմքերը, դրանց ժամկետները, ապահովագրավճար վճարողի կամ չվճարողի կարգավիճակ ստանալու և դադարելու հիմքերը, դրանց ժամկետները |
1. Սույն օրենքով սահմանված ապահովագրված անձի կարգավիճակ տրամադրվում է՝
1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ, 9-13-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնակչության այդ խմբերում համապատասխան կարգավիճակ ձեռք բերելու և, դրան համապատասխան, Ռեգիստրում գրանցվելուց հետո՝ անձի կողմից ինքնուրույն կամ նրա օգտին սույն օրենքով սահմանված կարգով և չափով ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից․
2) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնակչության այդ խմբերում համապատասխան կարգավիճակ ձեռք բերելու և, դրան համապատասխան, Ռեգիստրում գրանցվելու համար Հիմնադրամ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ անձի կողմից ինքնուրույն կամ նրա օգտին սույն օրենքով սահմանված կարգով և չափով ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից։
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնակչության խմբերում ներառված անձինք, հիմք ընդունելով հարկային մարմնի, այլ պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներից ստացված տվյալները, Հիմնադրամի կողմից ստանում են ապահովագրավճար վճարողի (սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված դեպքերում) կամ ապահովագրավճար չվճարողի (սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված դեպքերում) կարգավիճակ, որը գրանցվում է Ռեգիստրում:
3. Ապահովագրված անձի ապահովագրավճար չվճարողի կարգավիճակը դադարում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում համապատասխան կարգավիճակը դադարելու ամսվա վերջին օրը:
4. Ապահովագրված անձի ապահովագրավճար վճարողի կարգավիճակը դադարում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում համապատասխան կարգավիճակ ստանալու և Ռեգիստրում համապատասխան բնակչության խմբի համար սահմանված կարգավիճակի գրանցման ամսվա վերջին օրը:
5. Հիմնադրամի կողմից ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ունեցող ապահովագրված անձանց մասին տեղեկությունները փոխանցվում են հարկային մարմնին՝ այդ տեղեկությունները Ռեգիստրում սահմանված կարգով գրանցմանը հաջորդող ամսվա 1-ից ոչ ուշ։
6. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 1-ին կետով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց համար ապահովագրված անձի կարգավիճակը դադարում է համապատասխան պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներից փոխգործելիությամբ ստացված տվյալների հիման վրա` ապահովագրված անձի տարիքը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից․
2) 2-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց համար ապահովագրված անձի կարգավիճակը դադարում է համապատասխան պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներից փոխգործելիությամբ ստացված տվյալների հիման վրա` Հիմնադրամի կողմից Ռեգիստրում գրանցելու օրվան հաջորդող տասներկուերորդ ամսվա 1-ից կամ անձի մահվան փաստը Ռեգիստրում գրանցելուն հաջորդող ամսվա 1-ից։
7. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց համար ապահովագրված անձի կարգավիճակը դադարում է ապահովագրավճարի՝ սույն օրենքով նախատեսված վճարման ենթակա ժամանակահատվածին հաջորդող տասներկուերորդ ամսվա 1-ից կամ անձի մահվան փաստը Ռեգիստրում գրանցելուն հաջորդող ամսվա 1-ից:
8. Յուրաքանչյուր տասներկուերորդ ամսվան հաջորդող ամսի 1-ի դրությամբ ապահովագրված անձի կարգավիճակը պետք է վավերացվի համապատասխան տվյալների բազաներից փոխգործելիությամբ ստացված տվյալների հիման վրա, իսկ սույն օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց համար՝ Հիմնադրամ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի առկայության դեպքում։
9. Սույն օրենքով նախատեսված որևէ հիմքով ապահովագրված անձի կարգավիճակը դադարելուց հետո անձն ապահովագրված անձի կարգավիճակ ձեռք է բերում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխան:
10. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան ապահովագրված անձի կարգավիճակ, որպես ֆիզիկական անձ ապահովագրավճար վճարողի կամ չվճարողի կարգավիճակ ձեռք բերած կամ ապահովագրված անձի կարգավիճակը դադարեցված անձինք Հիմնադրամի կողմից Կառավարության սահմանած կարգով ծանուցվում են ապահովագրված անձի կարգավիճակի ձեռք բերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև դրա չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի, վճարման ուշացման կամ չվճարման և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին՝ սույն օրենքով սահմանված կարգով առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ակտիվացումից հետո:
| Հոդված 13. | Առողջության համընդհանուր ապահովագրավճարի դրույքաչափը, ապահովագրավճարի և առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի հաշվարկման սկզբունքները |
1. Առողջության համընդհանուր ապահովագրավճարի դրույքաչափի հաշվարկը կատարվում է՝ ելնելով համապատասխան բնակչության խմբի պլանային տարում ապահովագրվող անձանց քանակից և նրանց առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերից: Ապահովագրավճարի դրույքաչափը մեկ անձի հաշվով կազմում է տարեկան 129 600 Հայաստանի Հանրապետության դրամ, որը ամսվա համար կազմում է 10 800 Հայաստանի Հանրապետության դրամ:
2․ Առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի հաշվարկը իրականացվում է՝ հիմք ընդունելով՝
1) ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունները, դեղերը, դրանց գները.
2) ապահովագրական փաթեթի շրջանակում հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի հատուցման պայմանների կանխատեսվող փոփոխությունները.
3) շահառուների քանակի, սեռատարիքային կառուցվածքի և դիմելիության կանխատեսվող փոփոխությունները.
4) սպառողական գների ինդեքսի կանխատեսվող փոփոխությունները.
5) Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի ձևավորման համար անհրաժեշտ գումարի չափը.
6) Հիմնադրամի գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծախսերը.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված առողջապահական քաղաքականության այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են ազդել ապահովագրական փաթեթի կառուցվածքի, ծառայությունների գների և դրանց հատուցման պայմանների, ինչպես նաև շահառուների քանակի, սեռատարիքային կառուցվածքի և դիմելիության կանխատեսվող ցուցանիշների վրա։
3. Առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի հաշվարկն իրականացնում է Հիմնադրամը՝ Լիազոր մարմնի հետ գրավոր համաձայնեցված մեթոդաբանության հիման վրա:
4. Ապահովագրավճարի դրույքաչափը կարող է փոփոխվել միայն օրենքով՝ Կառավարության սահմանած ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման և ներկայացման կարգին համապատասխան:
| Հոդված 14. | Առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման բազան, հաշվետու ժամանակահատվածը, ապահովագրավճարի վճարման չափը և ժամկետները |
1. Ապահովագրավճարների՝
1) ամսական հաշվարկման բազա է համարվում հարկային գործակալների և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների կողմից վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվարկված աշխատավարձը.
2) տարեկան հաշվարկման բազա են համարվում՝
ա. քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց ստացված եկամուտը, վարձակալական վճարը, շահաբաժինը, ռոյալթին, տոկոսը, հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացվող աշխատավարձը,
բ. անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար հաշվարկման դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկում կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված համախառն եկամուտը (իրացման շրջանառությունը)։
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Հիմնադրամի գանձապետական հաշվին է փոխանցում սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափի հարյուր տոկոսը՝ Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված՝ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ունեցող անձանց համար՝ մինչև ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 10-ը:
3. Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար վճարման ենթակա է ամսական ապահովագրավճարի հարյուր տոկոսը։
4. Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող անձանց համար վճարման ենթակա է ամսական ապահովագրավճարի հարյուր տոկոսը, որը վճարվում է ինքնուրույն՝ մինչև ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու միջոցով։
5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված անձանց համար վճարման ենթակա է ապահովագրավճարի ամսական դրույքաչափի հարյուր տոկոսը, որը վճարվում է ինքնուրույն՝ մինչև ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու միջոցով։
6. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված անձանց համար վճարման ենթակա է ապահովագրավճարի ամսական դրույքաչափի հարյուր տոկոսը, որը Հիմնադրամ դիմում ներկայացրած անձը վճարում է ինքնուրույն՝ մինչև փոխկապակցված անձի՝ Ռեգիստրում գրանցման ամսվա վերջին օրը:
7․ Մի քանի հաշվարկման բազաներ (ամսական և տարեկան) ունեցող անձանց՝ իրենց կամ իրենց գործատուների կողմից կատարվող ընդհանուր վճարումները չեն կարող գերազանցել ապահովագրավճարի՝ սույն օրենքով նախատեսված ամսական դրույքաչափը: Ապահովագրավճարի ամսական դրույքաչափից ավելի կատարված վճարումները վերադարձվում են անձին ապահովագրավճարի մասով պարտավորությունների կատարումից և ամսական ապահովագրավճարի դրույքաչափի համալրման մասին Ռեգիստրում գրանցումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում վերադարձման ենթակա ապահովագրավճարի գումարը վերադարձվում է ապահովագրված անձի՝ Հիմնադրամ ներկայացրած դիմումի հիման վրա՝ դիմումում նշված բանկային հաշվեհամարին: Մեկ անգամ ներկայացված դիմումը հիմք է սույն մասով նախատեսված ապահովագրավճարի ավելի կատարված վճարման մասը հետագա բոլոր դեպքերում վերադարձնելու համար։ Դիմումի ներկայացման կարգը և օրինակելի ձևը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
9. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով կնքված կոլեկտիվ պայմանագրերով կարող է սահմանվել գործատուների կողմից աշխատողների, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց համար վճարման ենթակա ապահովագրավճարների ամբողջությամբ կամ մասնակի վճարում:
10. Հիմնադրամը Ռեգիստրում ապահովագրվածների և նրանց փոխկապակցված անձանց տվյալների հիման վրա՝ յուրաքանչյուր ամսվա մինչև երրորդ աշխատանքային օրը ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում ապահովագրավճարների փոխանցման հանձնարարականը` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունը կատարելու համար:
11. Այն գործատուները, որոնց աշխատողներին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապահովագրավճարները վճարում են Հիմնադրամին Կառավարության սահմանած կարգով։
| Հոդված 15. | Առողջության համընդհանուր ապահովագրավճար վճարողների կողմից ապահովագրավճարների հաշվարկման, հաշվառման և փոխանցման (գանձելու) պարտավորությունները |
1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար ապահովագրավճարները հարկային գործակալներն արտացոլում են եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում (բացառությամբ եթե անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն), իսկ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող ֆիզիկական անձինք՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկում։
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձինք ապահովագրավճարներն արտացոլում են անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկներում, բացառությամբ հաշվետու տարվա ընթացքում բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարված անհատ ձեռնարկատերերի, որոնք ապահովագրավճարներն արտացոլում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ։ Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձինք ապահովագրավճարներն արտացոլում են եկամտային հարկի տարեկան հաշվարկներում (հայտարարագրերում)։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ապահովագրավճարների հաշվառումը կատարվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով վարվող տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան բնակչության խմբերում ներառված անձանց կողմից նախորդ հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացված հաշվարկների ճշտման արդյունքներն ապահովագրված անձի կարգավիճակի համար հաշվի չեն առնվում:
5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց համար ապահովագրավճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի՝ դրա համար բացված գանձապետական հաշվին:
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ապահովագրավճարի պարտավորությունները հաշվառվում են հաշվարկի ներկայացման օրվա դրությամբ:
7. Գանձապետական հաշվին կատարված վճարումները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրելու օրվա դրությամբ և որպես պետական բյուջեի մուտք հաշվեգրվելուց հետո ձևակերպվում են որպես ծախս և փոխանցվում են Հիմնադրամի գանձապետական հաշվին։
8. Ապահովագրավճարի պարտավորություններից առաջնահերթ մարվում են ՝
1) ապահովագրավճարի գումարները, այնուհետև՝ տույժի գումարները։ Ընդ որում, նախ մարվում են ավելի վաղ վճարման վերջնաժամկետ ունեցող ապահովագրավճարի գումարները․
2) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված օրը առաջացած ապահովագրավճարի գումարները։
9. Ապահովագրավճարի գումարի ամբողջությամբ մարում է համարվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում արտացոլված ապահովագրավճարի ամբողջական վճարումը։
10. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված լինելու դեպքում անձը պարտավոր է՝
1) դիմել գործատուին, որ նա շարունակի վճարել ամսական ապահովագրավճարները` տալով համաձայնություն աշխատավարձը հետագայում սահմանված կարգով վճարելիս պահումները կամ գանձումները Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 214-րդ հոդվածով սահմանված կարգով կատարելու համար այն ժամանակահատվածում, երբ վարձու աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծված չէ, սակայն սույն օրենքով նախատեսված ապահովագրավճարի վճարման ենթակա ժամանակահատվածում աշխատողին աշխատավարձ չի վճարվելու, կամ վճարվող աշխատավարձի համար հաշվարկված գումարը չի բավարարում ապահովագրավճարը վճարելու համար կամ
2) ինքնուրույն կատարել վճարումներ Հիմնադրամին ոչ միայն իր, այլև իր կողմից որպես փոխկապակցված անձ ապահովագրած անձի համար, եթե դադարեցվել է ապահովագրված անձի` սույն մասում թվարկված բնակչության խմբերում համապատասխան կարգավիճակը, և բացակայում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2–րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում համապատասխան կարգավիճակը։
11. Ապահովագրավճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում հարկային մարմինը, հարկային օրենսդրության համաձայն, որոշում է կայացնում հարկային մարմնի կողմից հսկողության ենթակա ապահովագրավճար վճարողից (եթե ապահովագրավճարը, սույն օրենքի համաձայն, պետք է կատարվի հարկային գործակալի միջոցով, ապա հարկային գործակալից) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում ապահովագրավճար վճարողին (հարկային գործակալին): Ապահովագրավճարների պարտավորության գծով չվճարված գումարների, դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցները հարկային մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով։ Ընդ որում, oրենքով ապահովագրավճար վճարելու պարտականություն ունեցող, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ չունեցող ֆիզիկական անձ հանդիսացող ապահովագրավճար վճարողների ապահովագրավճարների պարտավորության գծով չվճարված գումարների, դրանց համար նույն օրենքով սահմանված տույժերի գանձման և կատարման ապահովմանն ուղղված գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5․2-րդ մասով սահմանված կարգով:
12. Ապահովագրավճարի պարտավորությունները՝
1) գործատուի սնանկության գործընթացում գտնվելու դեպքում դրանք որպես չապահովված պահանջ մարվում են «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգին և հերթականությանը համապատասխան: Ընդ որում, ապահովագրավճարը գանձապետարանի հաշվին փոխանցելու պարտավորությունը կրում է սնանկության կառավարիչը.
2) սնանկության գործընթացում գտնվող գործատուի՝ դատարանի վճռի հիման վրա լուծարման կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում լուծարման պետական գրանցման հաջորդ օրվանից ապահովագրավճարի չկատարված պարտավորությունը հաշվառումից հանվում է և համարվում մարված.
3) անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի մահվան դեպքում դադարեցվում և հաշվառումից հանվում են մահվան մասին տեղեկություն ստանալու օրվան հաջորդող օրվանից:
13. Սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները հարկային մարմինը փոխանցում է Հիմնադրամին՝ մեկօրյա ժամկետում Ռեգիստրի համար անհրաժեշտ տեղեկություններ գրանցելու համար:
14. Հարկային մարմինը՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ընդգրկված ապահովագրված անձանց ապահովագրավճար չվճարողի կարգավիճակի փոփոխությունների վերաբերյալ անձնավորված տվյալներ.
2) Հիմնադրամի ներկայացրած տվյալների հիման վրա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) և տարեկան հաշվարկներում (հայտարարագրերում) արտացոլում է անձի ապահովագրավճար վճարողի կարգավիճակը՝ ապահովագրավճարը հաշվարկելու համար.
3) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց կողմից կամ նրանց օգտին հաշվարկված ապահովագրավճարների ամբողջ գումարի վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամին է փոխանցում պետական բյուջե փոխանցված ապահովագրավճարին համապատասխան անձանց ցուցակը (բացառությամբ այն անձանց, որոնց վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն)՝ ըստ անձանց նշելով ապահովագրավճարների չափը.
4) հաշվարկված ապահովագրավճարների վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամին է փոխանցում համապատասխան անձանց ցուցակը՝ նշելով հաշվարկված ապահովագրավճարների չափը (չափերը) և այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար վճարվել է.
5) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված ապահովագրավճարի ամբողջ գումարը վճարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար փոխանցման հանձնարարական սույն կետում նշված անձանց վճարած ապահովագրավճարի գումարներից Հիմնադրամի գանձապետական հաշվին գումար փոխանցելու վերաբերյալ` նշելով փոխանցման ենթակա գումարը: Տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար հարկային մարմնի կողմից ներկայացվող ապահովագրավճարների փոխանցման հանձնարարականում հարկային մարմինը նշում է վճարված ապահովագրավճարի այն գումարը, որը հավասար է ապահովագրավճարներ վճարող անձանց` ապահովագրավճարների վճարման գծով տվյալ հաշվետու ժամանակահատվածի պարտավորության չափին.
6) ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ ամսվա համար մարված տույժերի ընդհանուր գումարի վերաբերյալ փոխանցման հանձնարարական։
15. Հարկային մարմնի և Հիմնադրամի միջև տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես նաև ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացվող հանձնարարականի ձևը սահմանում է Կառավարությունը։
| Հոդված 16. | Առողջության համընդհանուր ապահովագրավճարներ վճարողների պատասխանատվությունը |
1. Սույն օրենքով սահմանված ժամկետում ապահովագրավճարը չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովագրավճար վճարելու պարտականություն ունեցող հարկային գործակալը, ինչպես նաև հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուների վարձու աշխատողները, սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերին պատկանող անձինք վճարում են տույժ՝ ժամանակին չվճարված ապահովագրավճարի գումարի համար՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափով և կարգով:
2. Ապահովագրավճարը ուշացումով վճարելու համար գանձված տույժերը յուրաքանչյուր ամիս փոխանցվում են Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդին:
3. Գանձման ընթացքում ապահովագրավճար վճարելու պարտականություն ունեցող հարկային գործակալի կողմից պարտավորությունները մարվելու դեպքում գումարը գանձելու մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում, և գանձումը դադարեցվում է:
| Հոդված 17. | Բոնուսի հասկացությունը, դրա հաշվարկումը և օգտագործումը |
1. Բոնուսը ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվվող միավորներ են, որոնք կուտակվում են ապահովագրված անձի առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի բոնուսային հաշվում ապահովագրավճարի պահուստային ֆոնդին հատկացվող գումարի չափով, եթե օրացուցային տարվա ընթացքում ապահովագրված անձի անունով, բացի կանխարգելիչ ծառայությունից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել։
2․ Բոնուսային միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ կիրառվում են նաև, երբ ապահովագրված անձը Լիազոր մարմնի սահմանած պահանջներին և կարգին համապատասխան՝
1) hանդես է եկել որպես արյան դոնոր, կամ
2) առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվել են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավվող ցուցանիշներ՝ մարմնի զանգվածի կամ ծխելու կամ ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու հետ կապված։
3. Բոնուսային հաշվին կուտակված միավորները կարող են օգտագործվել ապահովագրված անձի կողմից ապահովագրավճարի վճարման, կամավոր առողջության ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթներ ձեռք բերելու, մարզասրահների կամ լողավազանների բաժանորդագրային վճարներ, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարներ կատարելու, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում չհատուցվող բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարում կատարելու նպատակով։
4. Բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը հաստատում է Կառավարությունը։
ԳԼՈՒԽ 4
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԴԵՂԱՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
| Հոդված 18. | Ապահովագրված անձանց իրավունքները և պարտականությունները |
1. Ապահովագրված անձն իրավունք ունի՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ օգտվելու ապահովագրական փաթեթից.
2) Կառավարության հաստատած առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսների միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգին համապատասխան ստանալու ապահովագրավճարի բոնուսներ.
3) ապահովագրական փաթեթը ստանալու Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած ցանկացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից: Կնքված պայմանագրի առկայությունը պարտադիր չէ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքերում, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայությունները ապահովագրված անձին, բացառությամբ Լիազոր մարմնի սահմանած դեպքերի, տրամադրվում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից, որի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով գրանցված է ապահովագրված անձը.
4) Հիմնադրամին տեղեկացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովագրական փաթեթի տրամադրման մերժման կամ ոչ պատշաճ տրամադրման դեպքում.
5) սույն օրենքով սահմանված կարգով բողոք ներկայացնելու Հիմնադրամի դեմ.
6) ստանալու սպառիչ տեղեկություններ ապահովագրական փաթեթի ստացման կարգի և պայմանների վերաբերյալ ինչպես Հիմնադրամից, այնպես էլ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից։
2. Ապահովագրված անձը պարտավոր է՝
1) օրենքով սահմանված դեպքերում, կարգով ու չափով վճարել ապահովագրավճար և համավճար․
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ կանխարգելիչ ծառայություն.
3) որպես պացիենտ՝ ապահովել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները։
3. Ապահովագրված անձի՝ որպես պացիենտի պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով:
4. Ապահովագրված անձն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ և կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:
| Հոդված 19. | Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, Հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերը |
1. Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագրերը կնքվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված առանձնահատկությունները: Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջները (այդ թվում` որակի) և պայմանագիր կնքելու ընթացակարգը հաստատում է Կառավարությունը:
2. Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագրերը համարվում են կնքված` հօգուտ ապահովագրված անձի:
3. Ապահովագրված անձի լռությունը համարվում է Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքված պայմանագրերով իր իրավունքից օգտվելու կամքի արտահայտություն (ցանկություն):
4. Ապահովագրված անձի կողմից Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքված պայմանագրով իր իրավունքներից օգտվելու ցանկությունը (այդ թվում` լռությամբ) հայտնելու պահից Հիմնադրամը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, դեղատները, առանց ապահովագրված անձի համաձայնության, կարող են լուծել կամ փոփոխել պայմանագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և պայմանագրով նախատեսված դեպքերում:
5. Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատում է Կառավարությունը:
6. Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերը հրապարակվում են Հիմնադրամի պաշտոնական կայքէջում:
| Հոդված 20. | Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքները և պարտականությունները |
1. Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները իրավունք ունեն`
1) ստանալու հատուցում Հիմնադրամից՝ Հիմնադրամի հետ կնքված պայմանագրին համապատասխան ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու համար.
2) մատուցելու ապահովագրական փաթեթում չներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ վճարովի սկզբունքով կամ առողջության կամավոր ապահովագրության շրջանակներում․
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:
2. Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովագրված անձին մատուցել պայմանագրով նախատեսված և ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ.
2) ապահովագրական դեպքը վրա հասնելու պարագայում երաշխավորել ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ ապահովագրված բոլոր անձանց համար, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.
3) ապահովագրված անձի պահանջով վերջինիս տրամադրել ամբողջական և հավաստի տեղեկություն ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ստացման կարգի և պայմանների վերաբերյալ.
4) ապահովել տրամադրվող ապահովագրական փաթեթի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
5) պահպանել առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացում իրենց հայտնի դարձած` օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
6) հատուցել իրենց մեղքով ապահովագրված անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը.
7) ապահովել ապահովագրական փաթեթը տրամադրելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների առկայությունը.
8) Հիմնադրամի հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում Հիմնադրամին անհապաղ գրավոր տեղեկացնել լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու մասին.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ապահովագրական փաթեթի տրամադրման մասին հավաստի տվյալների մուտքագրումը առողջապահության բնագավառի տվյալների բազաներ ու Ռեգիստր.
10) հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով Հիմնադրամ ներկայացնել ապահովագրական փաթեթի տրամադրման վերաբերյալ հաշվետվություններ.
11) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրության չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վերադարձնել վճարները՝ Կառավարության սահմանած կարգով․
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:
| Հոդված 21. | Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած դեղատների իրավունքները և պարտականությունները |
1. Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած դեղատներն իրավունք ունեն`
1) ստանալու հատուցում Հիմնադրամից՝ Հիմնադրամի հետ կնքված պայմանագրին համապատասխան ապահովագրական փաթեթում ներառված դեղերը տրամադրելու համար.
2) տրամադրելու ապահովագրական փաթեթում չներառված դեղերը վճարովի սկզբունքով կամ առողջության կամավոր ապահովագրության շրջանակներում․
3) ունենալու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:
2. Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած դեղատները պարտավոր են`
1) ապահովագրված անձի համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ապահովել դեղերի տրամադրումը.
2) հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով Հիմնադրամ ներկայացնել ապահովագրական փաթեթի տրամադրման վերաբերյալ հաշվետվություններ.
3) հատուցել իրենց մեղքով ապահովագրված անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ապահովագրական փաթեթի դեղերի տրամադրման մասին հավաստի տվյալների մուտքագրում առողջապահության բնագավառի տվյալների բազաներ ու Ռեգիստր.
5) ապահովել ապահովագրական փաթեթի տրամադրման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների առկայությունը.
6) Հիմնադրամի հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում Հիմնադրամին անհապաղ գրավոր տեղեկացնել լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու մասին.
7) պահպանել առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացում իրենց հայտնի դարձած` օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
8) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վերադարձնել վճարները՝ Կառավարության սահմանած կարգով․
9) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:
| Հոդված 22․ | Ապահովագրական հատուցման վճարման մերժումը կամ նվազեցումը |
1. Հիմնադրամն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝
1) ապահովագրական դեպքն առաջացել է ապահովագրված անձի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
2) ապահովագրված անձը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
3) առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` պայմանագրով նախատեսված այլ հիմքեր:
2․ Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում Հիմնադրամը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հնգօրյա ժամկետում ուղարկվում է ապահովագրված անձին և Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատուն։
| Հոդված 23․ | Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովագրված անձից Հիմնադրամին անցնելը |
1. Ապահովագրական դեպքը տեղի ունենալու արդյունքում ապահովագրված անձին դիտավորյալ պատճառված վնասից բխող նրա պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է Հիմնադրամին` նրա կողմից հատուցված գումարի մասով:
2. Հիմնադրամն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովագրված անձի և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:
3. Ապահովագրված անձը պարտավոր է Հիմնադրամին հանձնել իր պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ ապացույցներ` հայտնելով Հիմնադրամի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
4. Եթե ապահովագրված անձը հրաժարվել է Հիմնադրամի կողմից հատուցված վնասների համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից, կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովագրված անձի մեղքով, ապա Հիմնադրամը ամբողջությամբ կամ համապատասխան մասով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց և իրավունք ունի պահանջելու վերադարձնել վճարված հատուցման գումարը:
ԳԼՈՒԽ 5
ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՆԵՐԱՌՅԱԼ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
| Հոդված 24. | Ռեգիստրը |
1. Ռեգիստրում ապահովագրված անձի անձնական տվյալները մշակվում են առանց ապահովագրված անձի համաձայնության:
2. Ռեգիստրում ապահովագրված անձի տվյալները մշակվում են՝
1)ապահովագրված անձանց ապահովագրական փաթեթի պատշաճ տրամադրման նպատակով.
2) ապահովագրված անձանց իրավունքների և պարտականությունների պատշաճ իրականացումը ապահովելու նպատակով.
3) ապահովագրական հատուցումները տրամադրելու նպատակով.
4) առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պլանավորման, կառավարման, գնահատման նպատակով.
5) առողջության համընդհանուր ապահովագրության համար անհրաժեշտ վիճակագրություն վարելու նպատակով.
6) Հիմնադրամի իրավունքներն իրացնելու և պարտականությունները կատարելու նպատակով.
7) առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մշտադիտարկման նպատակով․
8) առողջության համընդհանուր ապահովագրության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով․
9) պետական մարմինների կողմից իրենց՝ օրենքով վերապահված լիազորությունների պատշաճ և լիարժեք իրականացման համար։
3. Ռեգիստրում մշակվում են հետևյալ տվյալները.
1) ապահովագրված անձի մասով՝
ա. անունը, ազգանունը, հայրանունը,
բ. սեռը,
գ. ծննդյան օրը, ամիսը, տարին (ծննդյան օրը և ամիսը անհայտ լինելու դեպքում նշվում է «01.07» և տարեթիվը),
դ. հաշվառման և փաստացի բնակության վայրերը, բջջային հեռախոսի համարը, էլեկտրոնային, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
ե. քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում կացության քարտի համարը, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի, այդ տվյալների վավերականության օրը, ամիսը, տարին, տվյալների ստացման կամ թարմացման օրը, ամիսը, տարին,
զ. առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը,
է․ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան կարգավիճակի, դրա ստացման և դադարեցման օրը, ամիսը, տարին,
ը․ ապահովագրված անձի հետ փոխկապակցված անձանց շրջանակը,
թ․ ապահովագրավճարի չափի և դրա պետական բյուջեի միջոցներից տրամադրվող մասի, դրանց վճարման ժամկետների, բոնուսների մասին տեղեկություններ,
ժ․ կանխարգելիչ ծառայություն ստանալու, դրա հերթագրման և իրականացման ժամկետների վերաբերյալ տեղեկություններ,
ժա․ ապահովագրական դեպքերը, դրանց սկզբի ու ավարտի օրը, ամիսը, տարին, ստացած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը, դրանց հատուցման վերաբերյալ տվյալները (հատուցման ներկայացված և փաստացի հատուցված չափերը), հերթագրման դեպքում՝ դրա ժամկետները,
ժբ․ ապահովագրական փաթեթից դուրս ստացած ծառայությունների և դրանց դիմաց վճարների, վճարման աղբյուրների մասին տեղեկություններ,
ժգ․ ապահովագրված անձի կարգավիճակ ստանալու, դրա փոփոխության կամ դադարեցման օրը, ամիսը, տարին,
ժդ․ ապահովագրավճար վճարողի կամ չվճարողի կարգավիճակ ստանալու, դրա փոփոխության կամ դադարեցման օրը, ամիսը, տարին,
ժե․ ապահովագրավճարի անհատական հաշիվը՝ ապահովագրավճարի հաշվարկային չափը, վճարված չափը, տարբերությունը,
ժզ․ բոնուսային միավորների հաշիվը՝ բոնուսային միավորների փոխանցման ամսաթիվը և չափը, դրանց կուտակային չափը, ծախսի չափն ու ամսաթիվը՝ ըստ ուղղությունների․
2) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների մասով՝
ա. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների անվանումը և դրանց կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անունը, ազգանունը,
բ. իրավաբանական անձանց դեպքում` պետական ռեգիստրում գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում` հաշվառման համարը,
գ. իրավաբանական անձանց դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը,
դ. համապատասխանաբար բժշկական օգնության և սպասարկման կամ դեղատնային գործունեության լիցենզիայի համարը, տրման օրը, ամիսը, տարին.
3) առողջության համընդհանուր ապահովագրություն ունեցող անձանց խմբերում չընդգրկվածների՝ օրենսդրությանը համապատասխան վիճակ կամ կարգավիճակ ունեցող՝ սույն օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ և լրացուցիչ ծառայություններ ստացած անձանց մասով՝
ա. անունը, ազգանունը, հայրանունը,
բ. սեռը,
գ. ծննդյան օրը, ամիսը, տարին (ծննդյան օրը և ամիսը անհայտ լինելու դեպքում նշվում է «01.07» և տարեթիվը),
դ. հաշվառման և փաստացի բնակության վայրերը, հեռախոսի համարը, էլեկտրոնային, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
ե. քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձնագրի կամ նույնականացման քարտի համարը և սերիան կամ զինվորական գրքույկի համարը կամ ծննդյան վկայականի համարը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում կացության քարտի համարը,
զ․ սահմանված համապատասխան կարգավիճակը և այդ կարգավիճակի ստացման և դադարեցման օրը, ամիսը, տարին,
է․ ստացած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը, դրանց ստացման սկզբի ու ավարտի օրը, ամիսը, տարին, վճարման չափերն ու աղբյուրները․
4) ոչ անձնական տվյալներ:
4. Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ, և դրա տեխնիկական բնութագիրը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջներին ու նորմերին:
5. Ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատում է Կառավարությունը:
| Հոդված 25. | Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները |
1. Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկություններ են համարվում ապահովագրված անձի բժշկական կամ առևտրային գաղտնիքը կամ, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն, պետական գաղտնիք պարունակող կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատողի անձնական տվյալներ հանդիսացող տեղեկությունները:
2. Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկություններ չեն համարվում՝
1) ապանձնավորված տվյալները (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների), որոնց միջոցով հնարավոր չէ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
2) ապահովագրված անձանց անունը, ազգանունը, հայրանունը․
3) ապահովագրված անձանց կողմից կամ ապահովագրված անձի համար վճարված (կատարված) ապահովագրավճարի չափը:
3. Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները կարող են փոխանցվել տվյալ անձի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4. Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները Հիմնադրամի կողմից մշակվում են օրենքով սահմանված կարգով՝ առանց անձի համաձայնության: Սույն օրենքի համաձայն՝ մշակում է համարվում, անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց), ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ:
5. Օրենքից չբխող կամ օրենքի խախտմամբ առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունների փոխանցումը, այն է՝ այդ տեղեկությունները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողությունը, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը, առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
6. Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները պաշտպանվում են պետական գաղտնիքի, բժշկական գաղտնիքի, առևտրային գաղտնիքի և աշխատողների անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
7. Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, Կառավարության սահմանած կարգով, առանց անձի համաձայնության, կարող են փոխանցվել՝
1) առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար՝
ա. Լիազոր մարմնին,
բ. ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին,
գ. հարկային մարմնին.
2) Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին և դեղատներին, առողջության ապահովագրություն իրականացնող մասնավոր ապահովագրական ընկերություններին, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ մատուցել ապահովագրական փաթեթի ծառայությունները, նվազագույն և լրացուցիչ ծառայությունները, կամավոր ապահովագրական ծառայությունները․
3) հաշտարարին` «Հաշտարարության մասին» օրենքին համապատասխան հաշտարարության իրականացման համար.
4) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ մարմինների:
| Հոդված 26. | Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում տեղեկությունների, ներառյալ գաղտնի տեղեկությունների պահպանումը և դրանց փոխանցման սահմանները |
1. Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցներ առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնիք համարվող տեղեկությունների անվտանգության ապահովման համար:
2. Հիմնադրամը սույն օրենքով նախատեսված մարմիններին (իրավասու անձանց) առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները տրամադրում է միայն տվյալ ապահովագրված անձի մասով:
ԳԼՈՒԽ 6
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ
| Հոդված 27. | Հիմնադրամի իրավական կարգավիճակը |
1. Հիմնադրամը սույն օրենքով և «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված կարգով ստեղծված` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, օրենքով վերապահված իրավասություններով և գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության: Հիմնադրամը ստեղծվում է և դրա կանոնադրությունը հաստատվում է Կառավարության որոշմամբ:
2. Հիմնադրամը կարող է լուծարվել, վերակազմակերպվել կամ սնանկ ճանաչվել օրենքով սահմանված կարգով:
3. Հիմնադրամը իր գործառույթների պատշաճ իրականացման նպատակով իրավունք ունի պահանջելու և ստանալու աուդիտորական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
4. Հիմնադրամն ունի սույն օրենքով և «Հիմնադրամների մասին» օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով նախատեսված իրավունքներ և կրում է պարտականություններ: «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված նորմերը տարածվում են Հիմնադրամի վրա, բացառությամբ սույն օրենքով Հիմնադրամի համար առանձնահատկություններ սահմանող նորմերի:
5. Հիմնադրամը կարող է լուծարվել կամ սնանկ ճանաչվել միայն Հիմնադրամի լուծարման կամ սնանկ ճանաչելու մասին օրենք ընդունելու դեպքում:
6. Հիմնադրամի հիմնադիրը կարող է միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել Հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի կանոնադրությունը կարող է փոփոխվել կամ լրացվել նաև օրենքով սահմանված կարգով և դեպքերում՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել Հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին։
| Հոդված 28. | Հիմնադրամի իրավասությունները |
1. Հիմնադրամն իրականացնում է հետևյալ իրավասությունները․
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված եղանակներով տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հիմնադրամի ակտիվները` սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով սահմանված կարգով վճարում է ապահովագրական հատուցումներ.
3) վարում է Ռեգիստրը.
4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների հետ կնքում է հօգուտ ապահովագրված անձի պայմանագրեր.
5) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների հետ կնքում է բժշկական օգնության և սպասարկման, բնակչության առողջության պահպանման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների կատարումից բխող այլ պայմանագրեր.
6) օժտված է օրենքներով և իր կանոնադրությամբ սահմանված այլ իրավասություններով:
2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հիմնադրամն իրավասու է`
1) կնքելու գործարքներ.
2) կատարելու իր իրավասությունների հետ կապված և դրանց իրականացմանն ուղղված փաստացի և իրավական այլ գործողություններ:
| Հոդված 29. | Հիմնադրամի մարմինները |
1. Հիմնադրամի գործունեությունն իրականացվում է իր մարմինների միջոցով:
2. Հիմնադրամի մարմիններն են՝
1) հոգաբարձուների խորհուրդը.
2) գլխավոր տնօրենը.
3) առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովը։
3. Հիմնադրամի մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի նախագահը և անդամները պարտավոր են բացառել շահերի բախման իրավիճակի առաջացումը, ձեռնպահ մնալ նման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց՝ նախապես հայտարարելով շահերի բախման մասին: Շահերի բախման հայտարարման կարգը հաստատում է Կառավարությունը:
| Հոդված 30. | Հոգաբարձուների խորհուրդը |
1. Հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է:
2. Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է հինգ անդամից։
3. Հոգաբարձուների խորհրդի անդամներն ընտրվում են մրցութային կարգով՝ վարչապետից, Լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմինների ղեկավարներից, Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահից և Լիազոր մարմնի ներկայացմամբ՝ առողջապահության ոլորտում առնվազն հինգ տարվա գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցչից բաղկացած մրցութային հանձնաժողովի կողմից։
4. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքով ընտրված անձանց վերաբերյալ տվյալները ներկայացնում է վարչապետին՝ հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու համար:
5. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է ընտրվել առողջապահության կառավարման կամ ֆինանսների բնագավառում մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ ունեցող թեկնածուն, որը հարգանք է վայելում հասարակության շրջանում և ունի անբասիր գործարար համբավ:
6. Հիմնադրամի կառավարման մարմինների ընտրության մրցութային կարգը, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածուներին ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ:
7. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են առաջնորդվել Հիմնադրամի շահերով և դրսևորել քաղաքական զսպվածություն:
8. Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից՝ խորհրդի ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ։
9. Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքները, պարտականությունները, լիազորությունների դադարման դեպքերը սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ։
10. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝
1) Հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, գործունեության հաշվետվություններում ներառվելիք ոչ ֆինանսական գործունեության արդյունքների և Հիմնադրամի գործունեությունը բնութագրող ցուցանիշների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
2) Հիմնադրամի՝ սույն օրենքով նախատեսված այլ մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների դադարեցումը.
3) Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
4) Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
5) տարին առնվազն երկու անգամ գլխավոր տնօրենի հաշվետվությունների լսումը.
6) առնվազն եռամսյակը մեկ Հիմնադրամի գործունեության և դրա ռիսկերի, Ռեգիստրի և էլեկտրոնային այլ համակարգերի անվտանգության ապահովման վերաբերյալ Հիմնադրամի իրավասու աշխատողների զեկույցների լսումը.
7) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
8) Հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրության արդյունքների հաստատումը.
9) Հիմնադրամի կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.
10) իր աշխատակարգի հաստատումը.
11) Հիմնադրամի գործունեությունը կարգավորող իրավական այն ակտերի ընդունումը, որոնց ընդունումը սույն օրենքով կամ Հիմնադրամի կանոնադրությամբ վերապահված չէ Հիմնադրամի այլ մարմիններին․
12) Հիմնադրամի կանոնադրական նպատակների համար անհրաժեշտ դրամական միջոցների անբավարարության դեպքում լրացուցիչ միջոցների հատկացման խնդրով Լիազոր մարմին միջնորդություն ներկայացնելը.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների հրապարակման և հանրայնացման նկատմամբ վերահսկողությունը.
14) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ ստուգումների, մշտադիտարկումների, դիտարկումների և փորձագիտական աշխատանքների իրականացման կարգի սահմանումը.
15) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի կատարման ընթացքի և որակի ստուգման կարգի սահմանումը.
16) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում տրամադրվող ծառայությունների հատուցման պայմանների, մատուցվող ծառայությունների գների հաստատումը.
17) սույն օրենքով, այլ օրենքներով, Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև Հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը.
18) Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում կարող է ձևավորել Հիմնադրամի այլ մարմիններ:
| Հոդված 31. | Գլխավոր տնօրենը |
1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գլխավոր տնօրենը: Հիմնադրամը ունի նաև ֆինանսական և ապահովագրական հատուցումների, գործառնությունների և տեղեկատվական հոսքերի, իրավական ապահովման գծով տնօրեններ, որոնք ենթարկվում և հաշվետու են գլխավոր տնօրենին։
2. Գլխավոր տնօրենի իրավասությանն են պատկանում Հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:
3. Գլխավոր տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:
4. Գլխավոր տնօրենն ընտրվում է մրցութային կարգով՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից: Գլխավոր տնօրենի ընտրության մրցութային կարգը, ինչպես նաև գլխավոր տնօրենի մասնագիտական համապատասխանության և որակավորման պահանջներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, դրանց ստուգման կարգը սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ: Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքով ընտրված անձի վերաբերյալ տվյալները ներկայացնում է հոգաբարձուների խորհուրդ՝ նրա հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով:
5․ Գլխավոր տնօրենն ընտրվում է հինգ տարի ժամկետով, որը լրանալուց հետո կարող է վերընտրվել նույն ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ:
6. Գլխավոր տնօրեն կարող է ընտրվել 35 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, ապահովագրության կամ ֆինանսների կամ առողջապահության կառավարման ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ և բավարարում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները: Գլխավոր տնօրենը չի կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
7. Գլխավոր տնօրենը`
1) տնօրինում է Հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Հիմնադրամի անունից, այդ թվում՝ հօգուտ ապահովագրված անձանց պայմանագրերը.
2) ներկայացնում է Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.
4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
5) հաշիվ է բացում գանձապետարանում, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կարող է բանկերում բացել Հիմնադրամի արտարժութային ավանդային հաշիվներ.
6) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի բյուջեն, կառուցվածքը, հաստիքացուցակը.
7) հոգաբարձուների խորհուրդ է ներկայացնում Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի չափի և դրա կառավարման արդյունքների վերաբերյալ զեկույցը.
8) իր իրավասությունների սահմանում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
10) իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
8. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի լուծելու գլխավոր տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, Հիմնադրամի կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով:
9. Գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի առաջացման դեպքում հոգաբարձուների խորհուրդը նշանակում է գլխավոր տնօրենի պաշտոնակատար մինչև սույն հոդվածի համաձայն թափուր պաշտոնի համալրումը:
| Հոդված 32. | Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովը |
1. Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովը (այսուհետ՝ Վերահսկողություն իրականացնող հանձնաժողով) կոլեգիալ մարմին է, որն անմիջապես հաշվետու է հոգաբարձուների խորհրդին: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը բաղկացած է հինգ անձից: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանվում է Հիմնադրամի կանոնադրությամբ, իսկ աշխատակարգը՝ հոգաբարձուների խորհրդի կողմից:
2. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են բուժաշխատողների, գործատուների, աշխատողների, պացիենտների իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական միավորումների, դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների թիվը չպետք է պակաս լինի հինգից: Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու կարգը հաստատում է Լիազոր մարմինը:
3. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը՝
1) հսկում է ապահովագրական փաթեթի գնահատման ակտուարական հաշվարկների իրականացումը.
2) հսկում է Հիմնադրամի կողմից ապահովագրական փաթեթի հատուցման չափերի որոշման աշխատանքները.
3) իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում հնարավոր ռիսկերի առաջացման վերլուծություններ և հոգաբարձուների խորհուրդ ներկայացնում առաջարկություններ դրանց ազդեցությունը նվազեցնելու վերաբերյալ.
4) իր իրավասությունների սահմանում ստուգում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի կատարման ընթացքը, որակը և ամփոփ տվյալները ներկայացնում գլխավոր տնօրենին և հոգաբարձուների խորհուրդ.
5) իր իրավասությունների սահմանում իրականացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի կատարմանն ուղղված մշտադիտարկումներ, դիտարկումներ.
6) սույն օրենքի համաձայն՝ քննում ու լուծում է ապահովագրված անձանց և Հիմնադրամի միջև ծագած մասնավոր բնույթի վեճեր, որոնք բխում են հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրից.
7) կատարում է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտի ուսումնասիրություններ և հոգաբարձուների խորհուրդ ներկայացնում առաջարկություններ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի բարելավման և զարգացման նպատակով.
8) կատարում է առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված ծառայությունների, դրանց փոփոխման առաջարկությունների վերաբերյալ վերլուծություններ և ներկայացնում առաջարկություններ հոգաբարձուների խորհուրդ.
9) իրականացնում է Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
4. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամները, ինչպես նաև դրա խորհրդակցական ձայնի իրավունքով օժտված մասնակիցները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ:
5. Հիմնադրամի անունից Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային պայմանագրերն ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ:
| Հոդված 33. | Հիմնադրամի բյուջեն և ֆինանսական գործունեությանը ներկայացվող պահանջները |
1. Հիմնադրամի բյուջեն բյուջետային տարվա համար դրամական միջոցների ձևավորման և ծախսման ֆինանսական ծրագիրն է:
2. Հիմնադրամի բյուջեն հաստատվում է մինչև բյուջետային տարվան նախորդող տարվա նոյեմբերի 15-ը: Սույն հոդվածի իմաստով՝ բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին:
3. Հոգաբարձուների խորհուրդը պարտավոր է մինչև բյուջեի հաստատումը բյուջետային գործընթացի իրականացման ընթացակարգերին համապատասխան ժամկետներում բյուջեի նախագիծը համաձայնեցնել Կառավարության հետ՝ ներկայացնելով նաև առաջիկա երկու տարվա բյուջեների կանխատեսվող ցուցանիշները:
4. Հիմնադրամի բյուջեի դրամական միջոցները ձևավորվում են՝
1) սույն օրենքով նախատեսված ապահովագրավճար վճարողների կողմից կատարված ապահովագրավճարներից.
2) հանգանակություններից.
3) ապահովագրված անձի առողջությանը պատճառված վնասի համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով սահմանված կարգով վերականգնված միջոցներից, եթե ապահովագրված անձին տրամադրված ծառայությունների ծախսերը կատարվել են Հիմնադրամի բյուջեի միջոցների հաշվին.
4) օրենքով չարգելված այլ միջոցներից:
| Հոդված 34. | Հիմնադրամի բյուջետային ծախսերը |
1. Հիմնադրամի ծախսերն են՝
1) գործառնական ծախսեր՝
ա. առողջության համընդհանուր ապահովագրության գծով հատուցման հետ կապված ծախսերը,
բ. ակտիվների վերագնահատումից և հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները,
գ. Հիմնադրամի աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները,
դ. Հիմնադրամի էլեկտրոնային համակարգերի պահպանման, զարգացման, անվտանգության, ամբողջականության հետ կապված ծախսերը,
ե. առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի աշխատանքի և առանձին գործընթացների լուսաբանման հետ կապված, պաշտոնական կայքէջի հետ կապված ծախսերը,
զ. առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի թողարկման հետ կապված ծախսերը,
է․ գործառնական այլ ծախսեր.
2) վարչական ծախսեր՝
ա. ապարատի պահպանման ծախսերը, այդ թվում՝ աշխատողների աշխատավարձի, պարգևատրման, սոցիալական վճարները, անձնակազմի ուսուցման և վերապատրաստման, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, սոցիալական ապահովության այլ ծախսեր,
բ. ծառայողական նպատակներով oգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը,
գ. լրատվական տեղեկություններ և մասնագիտական գրականություն ձեռք բերելու ծախսերը,
դ. տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերը,
ե. հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսերը և շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման ու ապահովագրման ծախսերը,
զ. Հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների, վարձակալության վճարների, բանկային, կոմունալ ծառայություններից օգտվելու հետ կապված ծախսերը,
է․ վարչական այլ ծախսեր:
2. Հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու, նրա կողմից սույն oրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով հաստատում է Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը։ Հիմնադրամի կապիտալ ներդրումների ծրագիրն իրենից ներկայացնում է վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները:
3. Հիմնադրամի վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրն իրականացվում են Հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը և կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել Հիմնադրամի բյուջեի երկու տոկոսը:
5. Եթե ընթացիկ տարում Հիմնադրամի փաստացի կատարած ծախսերն ավելի քիչ են, քան սույն հոդվածով սահմանված կարգով հաստատված` Հիմնադրամի վարչական և գործառնական տարեկան ծախսերը, ապա տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը Հիմնադրամը փոխանցում է պահուստային ֆոնդին:
| Հոդված 35. | Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդը |
1. Հիմնադրամի բյուջեն կայունացնելու, երկարաժամկետ ապահովագրական ռիսկերի ծածկման, առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի երկարաժամկետ համահարթեցման, ապահովագրվածների բոնուսների տրամադրման նպատակով ստեղծվում է Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդ, որը ձևավորվում է Հիմնադրամի բյուջեից հոգաբարձուների խորհրդի որոշմամբ տարեկան մինչև տասը տոկոսի չափով հատկացումների հաշվին:
2. Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներն օգտագործվում են հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով՝ ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված առողջապահական խնդիրների, այլ էական ռիսկերի դեպքում՝ եկամուտների ժամանակավոր պակասուրդի (դեֆիցիտի) կամ այն ծախսերի ծածկման համար, որոնք հնարավոր չէր կանխատեսել Հիմնադրամի բյուջեի հաստատման պահին։
3. Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները Հիմնադրամի բյուջեի քսանհինգ տոկոսը գերազանցելու դեպքում Լիազոր մարմինը կարող է ներկայացնել առաջարկություն գերազանցող մասի մինչև քսան տոկոսի վերաբերյալ։
4. Հիմնադրամի բյուջեի ժամանակավորապես ազատ միջոցները, այդ թվում՝ պահուստային ֆոնդի միջոցները, ըստ նպատակահարմարության և շահավետության, մինչև մեկ տարի ժամկետով կարող են ավանդադրվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջոցով՝ հիմնադրամի և ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրի համաձայն կամ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում՝ հիմնադրամի և համապատասխան բանկերի միջև կնքված պայմանագրերի համաձայն: Երկարաժամկետ՝ մեկ տարուց ավելի ներդրման հնարավորությամբ օժտված միջոցների հաշվին Հիմնադրամը կարող է ձեռք բերել պետական գանձապետական պարտատոմսեր:
5. Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի ակտիվների կառավարումը կարող է իրականացնել հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով ընտրված ընկերության կառավարիչը։
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված միջոցներից ստացված եկամուտը համալրում է Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդը։
| Հոդված 36. | Հիմնադրամի գործարքների արժույթը |
1. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում իր բոլոր գործարքները կնքում է Հայաստանի Հանրապետության դրամով:
2. Հիմնադրամն արտարժութային պայմանագրեր կարող է կնքել օտարերկրյա մատակարարների հետ: Հիմնադրամի գլխավոր տնօրենը յուրաքանչյուր եռամսյակ հոգաբարձուների խորհուրդ է ներկայացնում արտարժութային պայմանագրերի գծով Հիմնադրամի ստանձնած պարտավորությունների, դրանց հետ կապված ռիսկերի և այդ ռիսկերի չափի վերաբերյալ գնահատականները:
| Հոդված 37. | Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը, աուդիտը, հաշվետվողականությունը |
1. Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները յուրաքանչյուր տարի ենթակա են պարտադիր աուդիտի: Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների տարեկան աուդիտն իրականացնում է արտաքին, անկախ, միջազգային ճանաչում ունեցող՝ ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի լավագույն տասը աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններից մեկը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անկախ աուդիտորական կազմակերպությունն ընտրվում է «Գնումների մասին» օրենքին համապատասխան:
3. Հիմնադրամն իր գործունեության վերաբերյալ հրապարակում է հաշվետվություններ՝ սույն օրենքով, «Հիմնադրամների մասին» և այլ օրենքներով նախատեսված կարգով և ժամկետներում: Հաշվետվությունները ներառում են տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի, դրամական հոսքերի, ակտիվների կառուցվածքում փոփոխությունները և հաշվետվություններին կից ծանոթագրությունները, տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի վերաբերյալ, ինչպես նաև Լիազոր մարմնի և հոգաբարձուների խորհրդի սահմանած այլ պահանջներ։
ԳԼՈՒԽ 7
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| Հոդված 38․ | Առողջության համընդհանուր ապահովագրության պետական բյուջետային ֆինանսավորումը |
1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, սույն օրենքին ու բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ֆինանսավորումը՝ իր պարտավորությունների մասով ապահովագրավճարների վճարումները կատարելու միջոցով, ինչպես նաև նվազագույն ծավալների և լրացուցիչ ծառայությունների դիմաց փաստացի հատուցելու միջոցով:
2. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի շրջանակում հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցման ենթակա տարեկան գումարի չափը՝
1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնակչության խմբում ներառված ապահովագրված անձի կարգավիճակ ունեցող անձանց համար՝ ըստ սույն օրենքով սահմանված կարգի․
2) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան՝ ըստ Կառավարության սահմանած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների ֆինանսավորման կարգի։
3. Լիազոր մարմինը պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում ներկայացնում է Հիմնադրամի նախորդ տարվա կատարողականի վերաբերյալ զեկույցը (ներառելով ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ) և հաջորդ տարվա համար սույն օրենքի 7-11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ՝ ընդգրկելով դրույթներ շահառուների, ապահովագրավճարի չափի, ապահովագրական փաթեթի, շահառուների՝ պետական բյուջեի հաշվին սուբսիդավորման, ինչպես նաև պահուստային ֆոնդի՝ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ։
ԳԼՈՒԽ 8
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴԵՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
| Հոդված 39. | Բողոք-պահանջների քննության ընդհանուր կարգը |
1. Ապահովագրված անձի և Հիմնադրամի միջև ծագած մասնավոր բնույթի այն վեճերը, որոնք բխում են հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրից, լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով վեճը լուծելու համար ապահովագրված անձը իր բողոք-պահանջը (այսուհետ՝ բողոք) ներկայացնում է Հիմնադրամ: Հիմնադրամում բողոքը քննում է Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը։ Սույն հոդվածով սահմանված ընթացակարգով վեճի քննությունը պարտադիր է նախքան հաշտարարությունը կամ դատարան դիմելը:
| Հոդված 40. | Բողոքարկման ժամկետը |
1. Բողոքը կարող է ներկայացվել այն պահից հետո՝ երկու ամսվա ընթացքում, երբ բողոք ներկայացրած անձն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքների խախտման մասին:
2. Բողոք ներկայացնող անձի միջնորդությամբ բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից հարգելի պատճառով այն բաց թողնվելու դեպքում:
3. Բողոքարկման ժամկետը բաց թողնելը հարգելի է համարվում, եթե բողոք ներկայացրած անձը բողոքարկման ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով: Բողոքարկման ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելը հիմնավորում է բողոք ներկայացրած անձը:
4. Բողոքարկման ժամկետն առանց հարգելի պատճառի բաց թողնելու դեպքում բողոքը թողնվում է առանց քննության, որի վերաբերյալ տեղեկացվում է բողոք ներկայացրած անձը:
| Հոդված 41․ | Բողոքին ներկայացվող պահանջները |
1. Բողոքները Վերահսկողություն իրականացնող հանձնաժողով ներկայացվում են գրավոր կարգով:
2. Բողոքը պետք է պարունակի՝
1) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
2) բողոքի հիմքերը և հիմնավորումները.
3) բողոք բերող անձի պահանջը.
4) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
5) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը (առկայության դեպքում).
6) բողոք բերող անձի ստորագրությունը:
3․ Եթե բողոքը ներկայացվել է լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի միջոցով, ապա բողոքն ստորագրվում է նրանց կողմից, և բողոքին կցվում են լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը: Լիազորված անձին տրված լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
| Հոդված 42. | Բողոքի քննարկման կարգը և արդյունքները |
1. Բողոքը ենթակա է քննարկման այն ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում:
2. Բողոքի քննարկման համար հրավիրված Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել բողոք ներկայացրած անձը կամ նրա լիազորած անձը:
3. Բողոք ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ծանուցվում է նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:
4. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեծամասնությունը: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ:
5. Բողոքի քննարկման արդյունքով Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից (վերջնական պատասխաններից) մեկը․
1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու մասին կամ
2) բողոքը մերժելու մասին:
| Հոդված 43․ | Ծանուցումները |
1. Սույն գլխով նախատեսված դեպքերում ծանուցումներն իրականացվում են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին ծանուցելու մասին պահանջներին համապատասխան:
| Հոդված 44. | Պարտադիր հաշտարարությունը |
1. Հանձնաժողովի ընդունած որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ապահովագրված անձի և Հիմնադրամի միջև ծագած մասնավոր բնույթի այն վեճերի դեպքում, որոնք բխում են հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրից և պայմանավորված են ապահովագրական հատուցման նվազեցմամբ կամ մերժմամբ, նախքան դատարան դիմելը պարտադիր է հաշտարարության իրականացումը։
ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 45. | Եզրափակիչ մաս |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ՝
1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից.
2) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերի, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից.
3) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող և 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար 2025 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական (պարզեցված) հաշվարկներով յուրաքանչյուր գործատուից 200 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի աշխատավարձ ունեցողների, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձի վրա: Ընդ որում, սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձի մասով ապահովագրավճարները շարունակում են հաշվարկվել սույն օրենքով սահմանված կարգով՝ անկախ հաջորդող 12 ամսվա ընթացքում աշխատավարձի նվազեցումից.
4) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող և 2026 թվականի հունվար ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր գործատուից 200 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի աշխատավարձ ունեցողների, որոնց մասով սույն օրենքն ուժի մեջ է մտնում այդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից և տարածվում է այդ ամսվան հաջորդող ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձի վրա: Ընդ որում, 2026 թվականի հունվար ամսվանից սկսած՝ որևէ ամսվա արդյունքով աշխատավարձը յուրաքանչյուր գործատուից 200 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի կազմելու դեպքում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձի մասով ապահովագրավճարները շարունակում են հաշվարկվել սույն օրենքով սահմանված կարգով՝ անկախ հաջորդող 12 ամսվա ընթացքում աշխատավարձի նվազեցումից.
5) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող և 2025 թվականի համար ներկայացված միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության և (կամ) շրջանառության հարկի հաշվարկներում և (կամ) շահութահարկի հաշվարկում 2 400 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն) հայտարարագրած անձանց, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Ընդ որում, նշված հաշվարկների ճշտման արդյունքում արտացոլված եկամուտների նվազեցումը հաշվի չի առնվում.
6) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող և համապատասխանաբար մինչև 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ աշխատավարձ և մինչև 2 400 000 Հայաստանի Հանրապետության դրամ համախառն եկամուտ (իրացման շրջանառություն) հայտարարագրած անձանց համար, որոնց մասով սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ից և տարածվում է այդ ամսվանից վճարվող ապահովագրավճարների վրա։ Եթե սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձի գործունեությունը դադարեցված է (ներկայացված է գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն), ապա այդ անձի համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում գործունեությունը վերսկսելու (գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված) օրվան հաջորդող ամսվա 1-ից և տարածվում է այդ ամսվանից վճարվող ապահովագրավճարների վրա.
7) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերի, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ տարվա հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով միայն ազդակիր բնակավայրի կարգավիճակ ունեցող բնակավայրում հաշվառում ունեցողների և նրանց փոխկապակցված անձանց, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից՝ ազդակիր համայնքի՝ Կառավարության սահմանած կարգով ընդունված բնապահպանական ծրագրով նախատեսված ապահովագրավճարների վճարման մասին դրույթների համաձայն․
8) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 1-3-րդ, 9-րդ, 10-րդ մասերի 1-ին կետերի, 14-րդ մասի 2-րդ, 3-6-րդ կետերի, 16-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից․
9) սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2029 թվականի հունվարի 1-ից:
2․ Սահմանել, որ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ընդգրկված անձինք և սույն հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով սահմանված անձինք ապահովագրված անձի կարգավիճակ են ստանում 2026 թվականի հունվարի 1-ից՝ հիմք ընդունելով 2025 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ տվյալների բազաների փոխգործելիության հիման վրա Ռեգիստրում գրանցված կարգավիճակները։
| Հոդված 46. | Անցումային դրույթներ |
1. Սահմանել, որ սույն օրենքով նախատեսված առողջության համընդհանուր ապահովագրությունը ներդրվելու է փուլային սկզբունքով, իսկ սույն օրենքով սահմանված դրույքաչափի հիման վրա ապահովագրավճարի կատարման պարտականությունը ծագելու է սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված բնակչության համապատասխան խմբերում ներառված անձանց համար սահմանված ժամկետներին համապատասխան:
2. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժի մեջ մտնելուց առնվազն վեց ամիս առաջ Լիազոր մարմնի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերլուծության ամփոփ տվյալների հիման վրա Կառավարությունը ձեռնարկում է միջոցառումներ առողջության համընդհանուր ապահովագրության ամբողջական ներդրման համար վեր հանված խնդիրների վերացման և պատշաճ ներդրումն ապահովող աշխատանքների կատարման ուղղությամբ:
3. Սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումից հետո՝ երկամյա ժամկետում, Լիազոր մարմինը կատարած վերլուծության տվյալներով Կառավարություն առաջարկություն է ներկայացնում Հիմնադրամի պահուստային ֆոնդի կառավարման վերաբերյալ:
4. Սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված բոնուսների կիրառումը կսկսվի համակարգի ամբողջական ներդրումից հետո՝ 2029 թվականի հունվարի 1-ից։
5. Սահմանել, որ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով սահմանված կարգով ֆունկցիոնալության գնահատում չանցած հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքը կիրառվում է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։ Սույն մասով սահմանված ժամկետի ավարտից վեց ամիս առաջ Լիազոր մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ Կառավարություն առաջարկություն է ներկայացնում ֆունկցիոնալության գնահատում չանցած հաշմանդամություն ունեցող անձանց մասով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում սույն օրենքով նախատեսված իրավունքների երաշխավորման հետագա հնարավորության մասին:
6. Սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պետական կառավարման մարմինները սույն օրենքով նախատեսված Ռեգիստրի գործարկման նպատակով Հիմնադրամին են փոխանցում իրենց էլեկտրոնային համակարգերում առկա և Ռեգիստրում սույն oրենքով սահմանված կարգով (այդ թվում՝ օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող) գրանցման ենթակա տվյալները, 2026 թվականի հունվարի 1-ից ապահովում են փոխգործելիության հիմունքներով դրանց տրամադրման մեխանիզմների մշակումն ու իրականացումը, հարցումների հիման վրա տվյալների և դրանց փոփոխությունների տրամադրումը՝ Կառավարության սահմանած կարգով։
7. 2026-2028 թվականների ընթացքում կանխարգելիչ ծառայություն ստացած կամ սույն օրենքի համաձայն կանխարգելիչ ծառայություն անցնելու համար հերթագրված ապահովագրված անձինք են միայն իրավունք ստանում 2029 թվականի ընթացքում օգտվելու ապահովագրական փաթեթից: Հետագա տարիներին կանխարգելիչ ծառայություն ստանալու և, դրան համապատասխան, ապահովագրական փաթեթից օգտվելու կարգի և պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Լիազոր մարմնի սահմանած կանխարգելիչ ծառայության իրականացման կարգին և պայմաններին համապատասխան:
8. Մինչև սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն հոգաբարձուների խորհրդի ձևավորումը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Լիազոր մարմնի ներկայացմամբ վարչապետի որոշմամբ նշանակվում է Հիմնադրամի հինգ հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ, որը, սույն օրենքի համաձայն, իրավասու է վեցամսյա ժամկետում իրականացնելու սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված իրավասությունները մինչև սույն օրենքի համաձայն հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, որից հետո ժամանակավոր խորհրդի լիազորությունները համարվում են դադարեցված։
9. Սահմանել, որ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների) և 3-11-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ընդգրկված և սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ապահովագրավճար վճարող անձանց համար 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար վճարման ենթակա են՝
1) հարկային գործակալի կողմից՝ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափից 4800 Հայաստանի Հանրապետության դրամը, եթե անձի աշխատավարձը, ըստ յուրաքանչյուր գործատուի, կազմում է մինչև 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն կետի պահանջները սոցիալական փաթեթի շահառուների համար կիրառվում են՝ հաշվի առնելով սույն հոդվածի 18-րդ մասի դրույթները՝ ապահովելով սույն օրենքի ապահովագրավճարի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափը լրիվ վճարելու հետ կապված պահանջը.
2) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափի հարյուր տոկոսը, եթե անձի աշխատավարձի չափը 500 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի է։
10. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված բնակչության խմբերում ընդգրկված և սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն ապահովագրավճար վճարող անձանց համար 2026 թվականի համար վճարման ենթակա է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի տարեկան դրույքաչափի հարյուր տոկոսը։
11. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց հարկային գործակալները, ինչպես նաև հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների վարձու աշխատողները սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված չափերով հաշվարկված ապահովագրավճարները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարում են մինչև ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվա 20-ը ներառյալ։
12. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված բնակչության խմբում ներառված անձինք ապահովագրավճարը վճարում են ինքնուրույն մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ։ Նշված անձինք ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում ապահովագրավճարի ամբողջական վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից։
13. Վարձու աշխատողների համար, ըստ օրենքով սահմանված միջակայքերի և դրույքաչափերի, ապահովագրական վճարների հաշվարկման համար հիմք են ընդունվում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկները։ Ընդ որում, եկամտային հարկի ամսական (պարզեցված) հաշվարկների ճշտման դեպքում աշխատավարձի նվազեցումը հաշվի չի առնվում։
14. 2026 թվականի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ընդգրկված անձանց մասով ապահովագրավճարները եկամտային հարկի ամսական (պարզեցված) հաշվարկներում չեն արտացոլվում։
15. Հարկային գործակալ հանդիսացող գործատուի, հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուի վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ամբողջական պարտավորության մարման դեպքում հարկային մարմինը տվյալ գործատուի աշխատողների, հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուի վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների ցանկը փոխանցում է Հիմնադրամին Կառավարության սահմանած կարգով:
16. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների) և 3-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ընդգրկված անձանց համար վճարված ապահովագրավճարը ենթակա է վերադարձման՝ վճարման մասին հարկային մարմնի կողմից Հիմնադրամին տեղեկություն հայտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ անձանց կողմից Հիմնադրամին մեկ անգամ ներկայացված էլեկտրոնային դիմումի համաձայն։
17. 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Հիմնադրամի կողմից յուրաքանչյուր ամիս ներկայացված հանձնարարագրի հիման վրա Հիմնադրամի գանձապետական հաշվին է փոխանցում 6000 Հայաստանի Հանրապետության դրամ՝ սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար (բացառությամբ օրենքով սահմանված կարգով սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց)՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը։
18. 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար օրենքով սահմանված կարգով սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող ապահովագրված անձինք ապահովագրված անձի կարգավիճակի առկայության ամբողջ ժամանակահատվածի համար (կարգավիճակն ստանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում) պարտավոր են վճարել ամսական 6000 դրամ ինքնուրույն, եթե աշխատավարձի չափը ապահովագրավճարի հաշվարկման ամսում կազմել է մինչև 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ։
19․ 2026 թվականի համար աշխատանքից ազատված վարձու աշխատողները ապահովագրված անձի կարգավիճակի առկայության ամբողջ ժամանակահատվածի համար (կարգավիճակն ստանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում) պարտավոր են սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափը վճարել ինքնուրույն:
20. 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար հարկային գործակալ հանդիսացող գործատուն և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը պարտավոր են վճարել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափը, եթե որևէ ամսվա արդյունքով սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված բնակչության խմբում ներառված աշխատողի աշխատավարձը չի բավարարում (այդ թվում՝ տվյալ ամսում աշխատավարձ չհաշվարկվելու դեպքում) ապահովագրավճարի հաշվարկման և վճարման համար։
21. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-459-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|