ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 1993 թ. N 335
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի մասին» N 542, 1993 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման ու տեղադրման աշխատանքների կազմակերպման մասին» N 19, 1993 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի հաստատման մասին» N 215 որոշումներով հաստատված նորմատիվային փաստաթղթերի և հիմնադրույթների գործողության ժամկետը երկարաձգել 1994 թվականի համար:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) ելնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1994 թվականի ծրագրի հիմնադրույթային մոտեցումներից, վերանայել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի կազմը, լրամշակել պետական պատվերով և պետական առաջադրանքով արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների կարգը.
բ) մինչև 1993 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին հասցնել 1994 թվականի պետական պատվերով սահմանված պետական կարիքների բավարարման և ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ձևերը և արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) անվանացանկը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև 1993 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն ներկայացնել 1994 թվականի պետական պատվերով սահմանված պետական կարիքների բավարարման և ֆինանսավորման հայտ-պահանջագրերը, համաձայն էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված ձևերի և արտադրանքի անվանացանկի:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) ներկայացված հայտ-պահանջագրերի համաձայն, մինչև 1993 թվականի հոկտեմբերի 15-ը կոնկրետացնել հանրապետական և տեղական նշանակության հաստատված պետական ծրագրերով 1994 թվականի համար նախատեսված միջոցառումները, ճշգրտել արտադրանքի գնումների և մատակարարումների ծավալները, կատարել պետական պատվերների նախնական ամրակցումներ ըստ պատվեր տեղադրող լիազորված մարմինների.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ վերլուծել և հաշվեկշռել 1994 թվականի պետական պատվերն ըստ բյուջեի ծախսի ուղղությունների և մինչև 1993 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի նախագծերի փաթեթը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |