ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1493-Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 287.2-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել էլեկտրոնային առևտրի օպերատորների և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 90-րդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
Երևան |
|
15.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1493-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առևտրի օպերատորների (այսուհետ՝ օպերատորներ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) միջև տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հարաբերությունները։
2. Սույն կարգը չի տարածվում փոստային և սուրհանդակային կապի օպերատորների կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքներ չհանդիսացող ապրանքների փոխադրմանն առնչվող հարաբերությունների նկատմամբ:
3. Օպերատորների և կոմիտեի միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է օպերատորների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի և մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի փոխազդեցության միջոցով:
4. Էլեկտրոնային առևտրի օպերատորի էլեկտրոնային համակարգը պետք է ապահովի մատակարարի (ուղարկողի) կողմից ստացված և (կամ) գնորդի (ստացողի) կողմից մուտքագրված՝ հետևյալ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին՝
1) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը.
2) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.
3) էլեկտրոնային առևտրի ապրանքի ձեռքբերման դիմաց կատարված վճարման վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում).
4) էլեկտրոնային առևտրի հարթակի անվանումը.
5) էլեկտրոնային առևտրի ապրանքներն ուղարկողի (վաճառողի) անվանումը (անունը, ազգանունը).
6) էլեկտրոնային առևտրի ապրանքները ստացողի (գնորդի) անունը, ազգանունը.
7) էլեկտրոնային առևտրի ապրանքները ստացողի (գնորդի) անձնագրի սերիան, համարը, տրամադրման ամսաթիվը կամ նույնականացման քարտի համարը․
8) էլեկտրոնային առևտրի ապրանքները ստացողի (գնորդի) հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
9) առաքանու համարը.
10) առաքանու քաշը.
11) ուղարկող երկրի և նշանակման երկրի անվանումը.
12) էլեկտրոնային առևտրի ապրանքների անվանումը (նկարագրությունը).
13) էլեկտրոնային առևտրի ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 6 նիշի մակարդակով.
14) ապրանքների արժեքը, արժույթը.
15) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ (առկայության դեպքում)։
5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները մաքսային մարմնին են ներկայացվում մինչև օրենսգրքի 88-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված գործառնությունների իրականացումը։
6. Սույն կարգի 4-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված՝ առաքանու համարը պետք է պարունակի նաև առաքանուն առնչվող փաստաթղթերի ներբեռնման համար ակտիվ էլեկտրոնային հղում, ինչպես նաև շտրիխ ծածկագիրը («Data Matrix» կամ այլ ձևաչափով), որի միջոցով մաքսային մարմինը նույնականացնում է տվյալ առաքանին փոխադրողի համակարգում:
7. Օպերատորներն իրենց համակարգերին կոմիտեի համար հասանելիությունն ապահովում են հետևյալ ձևաչափերով՝
1) օպերատորների կողմից կիրառվող համակարգերից «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gօv.am) հարթակի միջոցով մաքսային մարմնին կիրառական ծրագրային միջերեսի (API) կիրառմամբ սույն կարգով նախատեսված տվյալների տրամադրմամբ.
2) մինչև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ձևաչափի գործարկումը՝ օպերատորների կողմից կիրառվող համակարգերից կոմիտեի հարցմամբ սույն կարգով նախատեսված տվյալների տրամադրմամբ։
8. Սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ձևաչափով կոմիտեի համար հասանելիության տրամադրման դեպքում օպերատորներն ապահովում են իրենց կողմից կիրառվող համակարգերից հարցման արդյունքում կոմիտեի կողմից հայցվող տեղեկությունների տրամադրումը։
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հարցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում սույն որոշմամբ սահմանված տվյալների ստացման նպատակով։
10. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան կատարված հարցման արդյունքները օպերատորները տրամադրում են հարցումը ստանալուց հետո 1 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային եղանակով։
11. Սույն կարգով նախատեսված տեղեկությունների չներկայացումը մաքսային մարմնին առաջացնում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված պատասխանատվություն։
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
15.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2026 թվական: