ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2026 թվականի N 1446-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 3 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման նպատակով տարածքը տնօրինողի կողմից իրականացվում է ձկնորսական ուռկանների (ցանցերի) կապարակնքում, վնասված ոչ պիտանի ձկնորսական ուռկանների (ցանցերի) չօգտագործման դեպքում համապատասխան արձանագրության կազմում:»:
2. Որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով՝
«4.1. Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման նպատակով էկոպարեկային ծառայության կողմից իրականացվում է՝
1) Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերի ստեղծում՝ համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված տեղամասերի ցանկի, որտեղից լողամիջոցների մուտքը և ելքը կազմակերպվում է՝ համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված որսի իրականացման ժամային գրաֆիկի.
2) որսի ժամկետների և չափաքանակների նկատմամբ հսկողություն.
3) որսի քանակական հատկանիշների գրանցում և հաշվառում.
4) մուտքի և ելքի տեղամասերում լիազոր մարմնի հետ սույն կարգի համաձայն պայմանագիր կնքած հայտատուի և ձկնորսի միջև ձկնորսության իրականացման նպատակով կնքված պայմանագրի առկայության ստուգում՝ նախքան ձկնորսի լիճ մուտք գործելը։»։
3. Որոշման N 3 հավելվածի 5.1-ին կետը «ժամկետներից դուրս ժամկետներում» բառերից հետո լրացնել «, սույն կարգի 7.2-րդ կետով սահմանված Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի օգտագործման առավելագույն չափաքանակները սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պայմանների խախտմամբ, ինչպես նաև կենդանատեսակ օգտագործողի և ձկնորսի միջև կնքված պայմանագրով սահմանված չափաքանակը լրանալուց հետո» բառերով։
4. Որոշման N 3 հավելվածի 5.3-րդ կետը «հրամանով հաստատված» բառերից հետո լրացնել «և կենդանատեսակ օգտագործողի հետ կնքված պայմանագրում նշված» բառերով։
5. Որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.4-րդ կետով՝
«5. 4. Պայմանագրով նախատեսված չափաքանակների արդյունագործական որսը կարող է իրականացվել միայն տվյալ պայմանագրով նախատեսված ժամկետում։»։
6. Որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-6.3-րդ կետերով՝
«6.1. Հայտատուները հայտի հետ ներկայացնում են նաև ձկնորսների հետ ձկնորսության նպատակով կնքված պայմանագրերը։
6.2. Կենդանատեսակ օգտագործողը կարող է պայմանագրի գործողության ընթացքում ձկնորսին մեկ այլ ձկնորսով (եթե առաջարկվող ձկնորսի տվյալն այլ հայտատուի կողմից ներկայացված չի եղել) կամ լողամիջոցը մեկ այլ լողամիջոցով փոխարինելու հայտ ներկայացնել լիազոր մարմին։ Հայտը ներառում է հին և նոր ձկնորսների անձնագրային տվյալները, ինչպես նաև հին և նոր լողամիջոցների տեսակը և նկարագիրը։ Հայտը մերժվում է, եթե առաջարկվող ձկնորսի տվյալն այլ հայտատուի կողմից արդեն իսկ ներկայացված է եղել։ Լիազոր մարմինը կենդանատեսակի օգտագործողի կողմից ձկնորսի կամ լողամիջոցի փոխարինման մասին հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և ընդունում որոշում հայտը բավարարելու կամ մերժելու մասին։ Լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է օգտագործողին։
6.3. Առանց սույն կարգի 6․2-րդ կետի պահանջի պահպանման ձկնորսը, որը նախապես փոխարինված չի եղել, չի կարող մուտք գործել Սևանա լիճ՝ արդյունագործական որսի նպատակով:»։
7. Որոշման N 3 հավելվածի 7-րդ կետում «6-րդ կետում» բառը փոխարինել «6-րդ և 6.2-րդ կետերում» բառերով, իսկ «կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ» բառերը փոխարինել «ներկայացվում են» բառերով։
8. Որոշման N 3 հավելվածի 12-րդ կետը «տեղադիրքը,» բառից հետո լրացնել «մուտքի և ելքի համար նախատեսված տեղամասը (տեղամասերը),» բառերով։
9. Որոշման N 3 հավելվածի N 2 ձևի 2.2.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.2.3. որսի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով էկոպարեկային ծառայության միջոցով վարել գրանցման մատյան, որտեղ կատարվում են գրանցումներ որսատարածքի, որսի նպատակով տարածք մուտքի և ելքի ժամերի, այդ ընթացքում որսված կենդանու քանակի, տեսակի, որսագործիքների և այլ անհրաժեշտ նշումների վերաբերյալ։»:
10. Որոշման N 3 հավելվածի N 2 ձևի 7.1-ին կետում «հավասարազոր» բառը փոխարինել «հավասար» բառով։
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2026 թվական: