ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«29» հուլիսի 2026 թ. |
N 815-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՐՊԵՍ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 9-րդ մասը՝
Հրամայում եմ`
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված՝ որպես կանխավճարներ մուտքագրված դրամական միջոցների օգտագործման մասին հաշվետվության մեջ արտացոլվող տվյալները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
|
7/29/2026 |
Է. Հակոբյան |
|
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «29» հուլիսի 2026 թ. N 815-Ն հրամանի |
ՈՐՊԵՍ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
1. Մաքսային միասնական հաշվին որպես կանխավճարներ մուտքագրված դրամական միջոցների օգտագործման մասին հաշվետվության մեջ արտացոլվում են հետևյալ տվյալները՝
1) այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը,
2) մաքսային վճարների գծով պարտավորություն կրող անձի անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը),
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի տրամադրած հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը, օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
4) սահմանված հաշվետու ժամանակահատվածում որպես կանխավճարներ մուտքագրված դրամական միջոցների սկզբնական և վերջնական մնացորդները,
5) մաքսային միասնական հաշվին կատարված դրամական միջոցների մուտքի ամսաթիվը, գումարի չափը, մուտքի հիմքը և փոխանցման աղբյուրը (վճարողի կողմից որպես կանխավճար դրամական միջոցների մուտք, համապատասխան գանձապետական հաշիվներից որպես կանխավճար դրամական միջոցների հաշվեգրում),
6) մաքսային միասնական հաշվից կատարված դրամական միջոցների ելքի ամսաթիվը, գումարի չափը և ելքի նպատակը (համապատասխան գանձապետական հաշիվներին դրամական միջոցների փոխանցում, վճարողի կամ նրա իրավահաջորդի բանկային հաշվին դրամական միջոցների փոխանցում):
2. Սույն հրամանի 1-ին կետով նշված հաշվետվությունը կարող է արտածվել՝ ըստ սույն հավելվածի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված առանձին տվյալների։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2026 թվական: