ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2026 թվականի N 1028-Ն
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼԻՍ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1275-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելիս օգտագործվող տեխնիկական սարքավորումների ցանկը և դրանց կիրառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման ընթացակարգը, մեթոդաբանությունը, օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրության, ինչպես նաև դրա կազմման համար հիմք հանդիսացած նյութերի պահպանման կարգն ու ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 108-Ն որոշման 4-րդ կետով հաստատված NN 2 և 3 հավելվածները:
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող՝ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության ձևերը հաստատելու մասին» N 1275-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
5. Սույն որոշմամբ սահմանված կարգավորումները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված այն տարածքների վրա, որոնց նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշումը, և նշված տարածքների վերաբերյալ նկարագրության արձանագրությունը շարունակում է կազմվել այդ որոշմամբ սահմանված կարգով։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
10.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1028-Ն որոշման |
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼԻՍ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմումը կատարվում է օտարվող սեփականության լուսանկարահանման, գեոկապակցված օդային լուսանկարահանման և եռաչափ սքանավորում իրականացնելու միջոցով։ Նկարագրության արձանագրության կազմման համար օգտագործվող սարքավորումներն են՝
1) անօդաչու թռչող սարքեր՝ դրանց վրա տեղադրված սքանավորման և լույսի միջոցով հայտնաբերման և հեռաչափման (LiDAR) սենսորներ.
2) եռաչափ տարածական տվյալների ստացման համար նախատեսված մասնագիտացված սարքեր (ստատիկ կամ շարժական (մոբայլ) լազերային սքանավորման (LiDAR) համակարգեր (կայաններ).
3) էլեկտրոնային տախեոմետրեր.
4) գլոբալ տեղորոշման համակարգեր (GPS).
5) բարձր լուծաչափով տեսանկարահանման և լուսանկարահանման սարքեր։
2․ Սույն հավելվածի 1-ին կետի 1-5-րդ ենթակետերում նշված տեխնիկական սարքավորումներն օգտագործվում են տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, կադաստրային, հողաշինարարական, ինժեներաերկրաբանական, տարածական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության, տարածքների մոնիթորինգի, եռաչափ մոդելավորման, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով:
3․ Սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ տվյալների հավաքագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ՝ ապահովելով թռիչքների անվտանգությունը, օդային տարածքի օգտագործման կանոնների պահպանումը և երրորդ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը: Անօդաչու թռչող սարքերը կիրառվում են օրթոֆոտոհատակագծերի, թվային քարտեզների, տեղադրական հատակագծերի, եռաչափ մոդելների ստացման նպատակով։
4․ Սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված LiDAR սենսորներով համալրված ստատիկ և շարժական լազերային սքանավորման համակարգերը կիրառվում են տարածքների, շենքերի, շինությունների, ինժեներական ենթակառուցվածքների և այլ օբյեկտների վերաբերյալ եռաչափ տարածական տվյալների ստացման և մշակման նպատակով:
5․ Սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված էլեկտրոնային տախեոմետրերը և գլոբալ տեղորոշման համակարգերը կիրառվում են գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ՝ քարտեզների և հատակագծերի կազմման, ինչպես նաև կոորդինատների ստացման և նշահարման նպատակով։
6. Սույն հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված բարձր լուծաչափով տեսանկարահանման և լուսանկարահանման սարքերը կիրառվում են տարածքների և օբյեկտների վիզուալ փաստագրման, մշտադիտարկման և համապատասխան տեղեկատվության հավաքագրման նպատակով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
10.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1028-Ն որոշման |
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանում առկա օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրության կազմման, մեթոդաբանության, օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրության, ինչպես նաև դրա կազմման համար հիմք հանդիսացած նյութերի պահպանման կարգն ու ժամկետները:
2. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ այդ որոշմամբ սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել մեկ տարին և կարող է երկարաձգվել մեկ անգամ առավելագույնը մեկ տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նպատակի իրագործման վերջնաժամկետը, օրենքով սահմանված լիազոր մարմինն ապահովում է օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրության կազմումը։ Նկարագրության արձանագրությունը կազմելու նպատակով ներգրավվում են «Գնահատման գործունեության մասին» և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքներով սահմանված կարգով որակավորված անձինք։
3. Նկարագրության արձանագրությունը կազմելու նպատակով իրականացվում են օտարման ենթակա սեփականության լուսանկարահանում, գեոկապակցված օդային լուսանկարահանում և եռաչափ սքանավորում։ Նկարագրության արձանագրությունը կազմվում է գույքի արտաքին և ներքին հատվածների նկարագրմամբ։ Այն դեպքում, երբ խոչընդոտվում է գույքի ներքին հատվածների նկարագրության արձանագրության կազմումը, արձանագրությունը կազմվում է միայն գույքի արտաքին հատվածի նկարագրմամբ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված լուսանկարահանման և եռաչափ սքանավորման արդյունքների հիման վրա՝ արձանագրության մեջ նշելով խոչընդոտման հանգամանքը։
4. Նկարագրության արձանագրության կազմման համար անհրաժեշտ գործողություններ իրականացնելու ժամանակահատվածը համաձայնեցվում է սեփականության սեփականատիրոջ կամ այդ սեփականությունը փաստացի տիրապետողի հետ: Նման համաձայնության բացակայության պարագայում համապատասխան լիազոր մարմինը որոշում է նկարագրության արձանագրության կազմման համար կատարվող գործողությունների կատարման ժամանակը, որի մասին լիազոր մարմինն ուսումնասիրության իրականացման կատարման օրվանից առնվազն 10 օր առաջ տեղեկացնում է մասնակիցներին:
5. Նկարագրության արձանագրությունը պարտադիր պետք է պարունակի ստորև նշված բոլոր կետերը՝ իրենց ենթակետերով, լրացված սահմանված հաջորդականությամբ։ Յուրաքանչյուր կետի ներքո պետք է ներկայացվի համապատասխան տվյալների մանրամասն նկարագրությունը, իսկ տվյալների բացակայության դեպքում՝ կատարվի համապատասխան նշում դրա վերաբերյալ՝
1) բոլոր տեսակի շենքեր-շինությունների համար՝
ա. շենք, շինությունների նպատակային և գործառնական նշանակությունները,
բ․ շենք, շինությունների չափերը (առաստաղի բարձրություն, մակերես, առանձին կանգնած շինությունների համար՝ հողամասի նույնականացնող տվյալները (նպատակային և գործառնական նշանակություն, մակերես, չափերը,) նաև ծավալը (արտաքին չափերով)՝ յուրաքանչյուր շինության համար առանձին),
գ. բոլոր գույքային իրավունքները, ծանրաբեռնվածություններն ու սահմանափակումները (այդ թվում` իրավունքների նկատմամբ),
դ. տեղադրությունը, դիրքը (քարտեզից հատված, այդ թվում՝ կադաստրային, անշարժ գույքի գտնվելու վայրի նշմամբ),
ե. տրանսպորտային հանգույցների առկայությունը, առկայության դեպքում՝ նաև դրա նկարագրությունը,
զ. կոնստրուկտիվ նյութերի տարրերի տեսակը (hիմնական պատերը, միջհարկային ծածկը, հարկի բարձրությունը /մ/),
է. հարկայնությունը, հարկը,
ը. օբյեկտի կառուցման և շահագործման տարեթիվը՝ դրանց առկայության պարագայում,
թ. ավարտվածության աստիճանը (յուրաքանչյուր շինության համար առանձին),
ժ. առանձին կանգնած շինությունների արտաքին հարդարումը (յուրաքանչյուր կողմի համար առանձին, նշելով դրա վերաբերյալ համապատասխան որակական տվյալները),
ժա. ներքին հարդարումը (յուրաքանչյուր սենյակի համար՝ դռներ, պատուհաններ, հատակ, առաստաղ, պատեր՝ նշելով նյութի տեսակը, իսկ առանձին կանգնած շինությունների դեպքում՝ հողամասում առկա յուրաքանչյուր շինության համար առանձին),
ժբ. ավտոկայանատեղիի առկայությունը կամ հնարավորությունը,
ժգ. ինժեներական ցանցերն ու կոմունալ սպասարկումը (էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում և այլն),
ժդ. առանձին կանգնած շինությունների համար հողամասում առկա բարելավումները,
ժե․ համայնքի հաստատված գլխավոր հատակագծով (եթե գլխավոր հատակագիծ առկա է), քաղաքաշինական գոտևորման նախագծով սահմանված թույլատրելի կառուցապատման չափորոշիչները և սահմանափակումները,
ժզ․ (քաղաքաշինական) նախագծային փաստաթղթերի առկայությունը,
ժէ․ տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության առկայությունը,
ժը․ օբյեկտի տեխնիկական վիճակի համառոտ նկարագրությունը (ըստ նախնական ակնադիտական ստուգման արդյունքների).
2) կառուցապատված և չկառուցապատված հողամասերի համար՝
ա. գույքային իրավունքներն ու սահմանափակումները,
բ. նպատակային և գործառնական նշանակությունը,
գ. կոմունիկացիաների առկայությունը և հնարավորությունը,
դ. համայնքի հաստատված գլխավոր հատակագծով (եթե գլխավոր հատակագիծ առկա է), քաղաքաշինական գոտևորման նախագծով սահմանված թույլատրելի կառուցապատման չափորոշիչները և սահմանափակումները,
ե. հողամասի չափերը (մակերես, լայնություն, երկարություն, երկրաչափական կառուցվածք, ճակատային մաս),
զ. տեղադրությունը (քարտեզից հատված, այդ թվում՝ կադաստրային, հողամասի գտնվելու վայրի նշումով), տեղակայման գրավչությունը՝ նկարագրությամբ,
է. տրանսպորտային հանգույցների առկայությունը, մատչելիությունը, առկայության դեպքում՝ նաև դրա նկարագրությունը.
3) գյուղատնտեսական նշանակության հողերի համար, բացի 2-րդ կետում նշված գործոններից նաև՝
ա. հողատեսքը,
բ. հողամասի գնահատման խումբը.
4) ձեռնարկատիրական գործունեության առկայության պարագայում՝ կազմակերպության լրիվ անվանումը (Ա/Ձ անունը, ազգանունը կամ անվանումը), հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը, փաստացի գործունեության հասցեն, գրանցման տարեթիվը, տնօրենի նույնականացման տվյալները, կապի միջոցները (հեռ., ֆաքս, էլ. փոստ), գործունեության ոլորտը և տեսակը.
5) նկարագրության արձանագրություններին պարտադիր կցվում են՝
ա. անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկատվությունը, այդ թվում՝ իրավահաստատող փաստաթղթերի, օդային լուսանկարների, իրավունքի պետական գրանցման վկայականի և այլ վերաբերելի փաստաթղթերի պատճենները,
բ. անշարժ գույքի հատակագիծը,
գ. օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային (քաղաքաշինական) փաստաթղթերը (առկայության դեպքում),
դ. տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը կամ տեխնիկական վիճակը բնութագրող այլ փաստաթղթերը (առկայության դեպքում).
6) հողամասերում առկա պտղատու ծառերի համար՝
ա․ ծառատեսակը,
բ․ ծառի տարիքը.
7) հողամասում առկա փայտանյութ տվող ծառերի համար՝
ա․ ծառատեսակը,
բ․ ծառի տրամագիծ (ծառի տրամագիծը սմ-ով` չափված գետնից 1.0 մ բարձրությամբ, կեղևի հետ միասին),
գ․ վերամշակման ենթակա բնի չափսեր (տրամագիծ բարձրություն).
8) դեկորատիվ ծառերի համար՝
ա․ ծառատեսակը,
բ․ ծառի բարձրությունը (սմ-ով` չափված գետնից).
9) մշակաբույսերի համար՝
ա․ մշակաբույսի տեսակը,
բ․ հողամասի մակերեսը, որի վրա գտնվում է մշակաբույսը.
10) լուսանկարները պետք է լինեն հետևյալ պարտադիր պայմաններով՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված առանձին կանգնած շինությունների համար՝ արտաքին լուսանկարներ անշարժ գույքի միավորի բոլոր կողմերից, անշարժ գույքի բաղկացուցիչ մաս կազմող յուրաքանչյուր շինությունների բոլոր կողմերից, ներքին լուսանկարներ՝ առնվազն մեկ լուսանկար անշարժ գույքի յուրաքանչյուր սենյակից: Ստորաբաժանված շենքերում տեղակայված անշարժ գույքերի լուսանկարների համար՝ շենքի յուրաքանչյուր կողմից, ներքին լուսանկարներ, առնվազն մեկ լուսանկար անշարժ գույքի յուրաքանչյուր սենյակից: Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված կառուցապատված և չկառուցապատված հողամասերի լուսանկարների համար՝ յուրաքանչյուր կողմից առնվազն մեկ լուսանկար, մոտեցման ուղիների և հարակից փողոցների լուսանկարները, հողամասում առկա բոլոր բարելավումների լուսանկարները (այդ թվում՝ ծառեր, թփեր, մշակաբույսեր).
11) տեղեկատվություն օտարվող սեփականության կամ դրա որևէ հատվածի հուշարձան հանդիսանալու վերաբերյալ.
12) տեղեկատվություն օտարվող սեփականության սեփականատիրոջ կամ այդ սեփականությունը փաստացի տիրապետողի կողմից նկարագրության արձանագրության կազմմանը խոչընդոտելու վերաբերյալ.
13) նկարագրության արձանագրության մեջ՝ ըստ անհրաժեշտության, կարող է ներառվել նաև այլ տեղեկատվություն:
6․ Նկարագրության արձանագրությունը կազմվում է համապատասխան պաշտոնական աղբյուրներից ստացված՝ անշարժ գույքի լիարժեք նույնականացման և նկարագրության համար անհրաժեշտ տվյալների հիման վրա։
7․ Նկարագրության արձանագրությունը կազմում է լիազոր մարմինը և այն ստորագրվում է լիազոր մարմնի, վերջինիս կողմից ներգրավված որակավորված անձանց, սեփականության սեփականատիրոջ կամ այդ սեփականությունը փաստացի տիրապետողի և ձեռք բերողի կողմից։ Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքերում նկարագրության արձանագրությունն ստորագրվում է լիազոր մարմնի և լիազոր մարմնի կողմից ներգրավված որակավորված անձանց կողմից։
8. Եթե սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տիրապետողը, ձեռք բերողը հրաժարվում է ստորագրել նկարագրության արձանագրությունը, ապա դրա վերաբերյալ կազմվում է չստորագրման մասին ակտ, որն ստորագրվում է նկարագրության արձանագրությունը կազմած որակավորված անձանց կողմից և կցվում է նկարագրության արձանագրությանը՝ հանդիսանալով դրա բաղկացուցիչ և անբաժանելի մասը։
9․ Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տիրապետողը խոչընդոտում է օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին է դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, ապա լիազոր մարմինն իրավասու է օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված տեխնիկական սարքավորումների միջոցով, իսկ նկարագրության արձանագրությունում գույքի ներքին վիճակի վերաբերյալ տեղեկություններն արձանագրելու` հիմք ընդունելով շուկայում առկա հարդարվածության միջին վիճակը: Օտարվող սեփականության արձանագրությունը ներառում է նշում` սեփականության նկարագրության արձանագրությունն օտարվող սեփականության սեփականատիրոջ կամ այդ սեփականությունը փաստացի տիրապետողի կողմից դրա կազմումը խոչընդոտելու պայմաններում կատարված լինելու վերաբերյալ:
10․ Նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը (իրավունքի պետական գրանցում չունեցող գույքի դեպքում՝ տիրապետողին, առկայության դեպքում` նաև արժեթղթերի անվանատիրոջը) և սեփականության նկատմամբ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմնին կամ դատարան:
3. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
11. Նկարագրության արձանագրությունը, ինչպես նաև դրա կազմման ընթացքում ձեռք բերված բոլոր փաստաթղթերը և նյութերը, այդ թվում՝ արձանագրության կազմման հիմքում դրված հիմնական և նախնական տվյալները, հաշվարկները, հետազոտության և վերլուծության արդյունքները, անօդաչու թռչող սարքերի կամ այլ եռաչափ սքանավորման համակարգերի միջոցով իրականացված տեսանկարահանման և սքանավորման արդյունքները, որոնց հիման վրա կազմվել է նկարագրության արձանագրությունը, էլեկտրոնային կրիչով ի պահ են հանձնվում լիազոր մարմնին՝ անժամկետ։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
10.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական: