ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 967-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼՈՂ, ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի դ.12-րդ ենթակետը և 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրերը և ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականիհուլիսի 2-ի N 967-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼՈՂ, ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հայաստանի Հանրապետության մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խթանման նպատակով լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրերի և ֆինանսավորման կարգի նպատակն է նպաստել երեխաների առողջ ապրելակերպի ձևավորմանն ու խթանմանը, ինչպես նաև տվյալ մարզաձևում կարողություններ ունեցող երեխաների բացահայտմանը և նրանց հետագա մարզական կարիերայի ձևավորմանը.
1) ապահովելով դպրոցահասակ երեխաների ֆիզիկական և հոգեբանական համակողմանի զարգացումը.
2) ստեղծելով հավասար և մատչելի հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ տարիքային, սոցիալական, տարածքային կամ առողջական պայմաններից ու առանձնահատկություններից.
3) զարգացնելով մարզերում գործող մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև նպաստել մասնագիտական ներուժի արդյունավետ ներգրավմանը՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների կիրառմամբ։
2. Հայաստանի Հանրապետության մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների մարզաձևերի ուսուցման ֆինանսավորման համար մարզաձևերն ընտրվում են՝ ելնելով հետևյալ չափանիշներից՝
1) տվյալ մարզաձևի զարգացման համար առկա չեն պետական և համայնքային բավարար մարզական ենթակառուցվածքներ.
2) տվյալ մարզաձևի՝ օլիմպիական հանդիսանալու հանգամանքը.
3) տվյալ մարզաձևով զբաղվող երեխաների թվի աճը և մարզաձևի մասսայականացման անհրաժեշտությունը։
3. Մարզաձևերի ուսուցումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված մարզական կազմակերպություններում:
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված պահանջներին համապատասխան ընտրված մարզաձևերով դպրոցահասակ երեխաների ուսուցման ֆինանսավորման համար անհրաժեշտ է, որ՝
1) մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող ենթակառուցվածքները համապատասխանեն տվյալ մարզաձևի համար սույն կարգով սահմանված պայմաններին.
2) առկա լինեն սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող մասնագետներ, որոնք կիրականացնեն ուսուցման գործընթացը.
3) մարզաձևի ուսուցման ծրագիրը համապատասխանի սույն կարգով սահմանված պահանջներին։
5. Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում տվյալ մարզաձևերով մարզական գործունեություն իրականացնողները (այսուհետ՝ կազմակերպություններ) ընտրվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով:
6. Այն կազմակերպությունը, որն առնվազն մեկ անգամ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրվել և իրականացրել է տվյալ մարզաձևերով դպրոցահասակ երեխաների ուսումնական գործընթացը՝ սույն կարգին համապատասխան, կարող է շարունակել ծրագրի իրականացումը՝ նոր պայմանագրի կնքման միջոցով, առանց ընտրության նոր գործընթաց անցնելու՝ հաշվի առնելով տվյալ մարզաձևերով ուսումնառող դպրոցահասակ երեխաների ուսումնամարզական գործընթացի շարունակականության պահանջները:
7. Սույն կարգի համաձայն ընտրված մարզաձևերի ուսումնամարզական գործընթացն իրականացվում է համապատասխան մարզաձևի ուսումնական ծրագրով:
8. Մարզաձևի ուսումնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար՝ յուրաքանչյուրը 3-ական ենթախմբերով.
9. 1-ին տարիքային խմբում պարապողների առավելագույն քանակը սահմանվում է 12 դպրոցահասակ երեխա, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 10 դպրոցահասակ երեխա:
10. Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ուսումնամարզական գործընթացը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
11. Հաշվի առնելով երեխաների առողջական վիճակը, ֆիզիկական զարգացման մակարդակը և կարողությունների չափը՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար համապատասխան ուսումնական ծրագրով սահմանվում են ֆիզիկական ծանրաբեռնվածության և մարզաձևերի ընտրության առանձնահատկությունները:
12. Պարտադիր պահանջ է ուսումնամարզական ծրագրի մեկնարկից առաջ անցնել բուժզննում՝ ներկայացնելով ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից երեխայի առողջական վիճակի մասին տրամադրված քաղվածք:
13. Անհրաժեշտ է, որ ուսումնամարզական գործընթացն իրականացվի համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների կողմից, ովքեր ունեն տվյալ մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն կամ ունեն տվյալ մարզաձևի առնվազն 3 տարվա մարզչական ստաժ, ինչպես նաև տվյալ մարզաձևի ֆեդերացիայի ու «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հետ համատեղ վերապատրաստման դասընթացների ավարտը հավաստող վկայական։
14. Սույն կարգի համաձայն ընտրված մարզաձևերով մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում ֆինանսավորվող ուսումնամարզական գործընթացի շահառուներ են տվյալ մարզական ենթակառուցվածքի տեղակայման համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները՝ ըստ իրենց տարիքային խմբերի:
15. Շահառուների ընտրությունը իրականացվում է բաց հայտարարությամբ, իսկ գրանցումները՝ emis.am հարթակի միջոցով: Ծրագրին կարող են մասնակցել տվյալ մարզական ենթակառուցվածքի տեղակայման համայնքի պետական հանրակրթական հաստատություններում սովորող երեխաները՝ ըստ իրենց տարիքային խմբերի: Առաջնահերթությունը տրվում է սոցիալական աջակցության ծրագրերի շահառու խմբերի երեխաներին՝ համապատասխան տեղեկանքի հիման վրա:
16. Հայտավորված, սակայն ծրագրում չներառված շահառուների համար ձևավորվում է «սպասման» խումբ:
17. Խմբերում ընդգրկված երեխաների կողմից 1 տարվա ընթացքում պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու կամ 2 ամսվա ընթացքում առնվազն 4 պարապմունքների չմասնակցելու դեպքում վերջիններս կզրկվեն ծրագրից օգտվելու հնարավորությունից։ Նրանց փոխարեն խումբը կհամալրվի «սպասման» խմբում ընդգրկված շահառուներով:
18. Պատանեկան կարգի նորմատիվային պահանջները լրացրած երեխաների մարզումները կշարունակվեն այլ ծրագրով՝ նպաստելով վերջիններիս կարողությունների և ցուցանիշների բարելավմանը:
19. Ուսումնամարզական գործընթացն իրականացվում է 12 ամիս տևողությամբ՝ սկսած 2026 թվականից: Ուսումնամարզական գործընթացում ներգրավված երեխան կարող է 12 ամսվա ընթացքում 1 ամիս արձակուրդ ունենալ՝ իր ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:
20. Առաջին փուլի համար ընտրված մարզաձևերն են լողը, հրաձգությունը և դահուկային սպորտը։
21. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
22. Յուրաքանչյուր մարզաձևի համար մեկ երեխայի հաշվով ֆինանսավորման չափը սահմանվում է տվյալ մարզաձևով զբաղվելու շուկայական գների ուսումնասիրության հիման վրա՝ ապահովելով, որ այն չի լինի պակաս շուկայական միջին արժեքից, յուրաքանչյուր երեխայի համար ֆինանսավորման չափը սահմանելով ոչ պակաս, քան շուկայական միջին գինն է՝ 1 սովորողի համար 12000 ՀՀ դրամ։
23. Ծրագրերի իրականացման մշտադիտարկումն իրականացնում է նախարարությունը։
24. Մշտադիտարկումն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ծրագրի կատարումն ապահովելու նպատակով գործում է էլեկտրոնային հարթակ, որի վարումը իրականացվում է նախարարության կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:
25. Երեխաների հաճախումները, պարապմունքների թեմատիկ պլանը և պարբերական բժշկական հետազոտության գրանցումները վարվում են ծրագիրը իրականացնող կազմակերպությունների կողմից՝ նշված հարթակի միջոցով, որին նախարարությունն ունի ամբողջական հասանելիություն՝ հնարավորություն ստանալով դիտարկել երեխաների բացակայությունները, պարապմունքների բովանդակությունն ու համապատասխանությունը հաստատված ծրագրին:
26. Մշտադիտարկման նպատակով նախարարության աշխատակիցները կարող են իրականացնել չնախատեսված այցեր ծրագիրն իրականացնող մարզական ենթակառուցվածքներ՝ երեխաների մասնակցության, պարապմունքների բովանդակության, մարզիչների աշխատանքի, պարբերական բժշկական հետազոտության գրանցումներն ստուգելու և այլ հարցերը տեղում դիտարկելու համար:
27. Մշտադիտարկման և ծրագրի գնահատման արդյունքում (գնահատման սանդղակը կազմվում է մշտադիտարկումն իրականացնելուց առաջ), եթե արձանագրվում են շեղումներ, որակական խնդիրներ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, ծրագիրն իրականացնող մարզական կազմակերպության հետ կնքված պայմանագիրը դադարեցվում է: Միաժամանակ, ծրագրի շարունակականության գնահատման շրջանակում՝ մեկ տարվա մասնակցությունից հետո, պարտադիր կերպով հաշվի է առնվում շահառուների առաջադիմությունը: Գնահատման հիմքում դրվում է սահմանված նորմատիվային պահանջների նվազագույն շեմի ապահովումը, ինչպես նաև ավելորդ քաշ ունեցող երեխաների դեպքում՝ քաշի նվազման դրական դինամիկան։
28. Կազմակերպությունը իր կատարած աշխատանքների արդյունավետության գնահատման նպատակով յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում բովանդակային հաշվետվություն։
2. ԼՈՂԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
29. Լող մարզաձևի ուսուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված լողավազաններում՝ դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցում կազմակերպելու միջոցով։
30. Ծրագրի մասնակիցներն են՝
1) նախարարությունը.
2) Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ հաստատություն).
3) Հայաստանի Հանրապետության մարզերում լողավազաններ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ իրավաբանական անձինք):
31. Ծրագրի շահառուներ են հաստատությունների 8-17 տարեկան աշակերտները։
32. Իրավաբանական անձանց ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով, որին մասնակցելու պարտադիր պայման պետք է հանդիսանա՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 534-Ն հրամանի պահանջները բավարարող լողավազանի օգտագործման իրավունքի առկայությունը:
33. Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար՝ 3-ական խմբով. 1-ին խմբում ընդգրկվում են ներառյալ 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ ներառյալ 13-17 տարեկանները:
34. 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը:
35. Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
36. Ուսուցման ընթացքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները (երեխաները առանց ուղեկցող մարզչի չմտնեն լողավազան, լողավազանում պարտադիր պետք է լինի առաջին օգնության հավաքածու, ըստ անհրաժեշտության՝ հասանելի բժշկական ծառայություն)։
3. ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
37. Դահուկային սպորտ ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված սահադաշտերում կամ ձյունածածկ բաց տարածքներում, լեռներում, դպրոցահասակ երեխաների համար դահուկային սպորտի ուսուցումը կազմակերպելու միջոցով։
38. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը.
2) Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ հաստատություն).
3) Հայաստանի Հանրապետության մարզերում սահադաշտ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ իրավաբանական անձինք):
39. Դահուկային սպորտ ծրագրի շահառուներ են հաստատությունների 7- 17 տարեկան աշակերտները։
40. Իրավաբանական անձանց ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով, որին մասնակցելու պարտադիր պայման պետք է հանդիսանա՝
1) Մարզչական անձնակազմի որակավորում՝ մարզիչները պետք է ունենան համապատասխան կրթություն՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտի մանկավարժություն։ Անհրաժեշտ է միջազգային որակավորում (օրինակ՝ FIS-ի կողմից ճանաչված)։
41. Մարզական կազմակերպությունը պարապմունքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներով:
42. Դպրոցահասակ երեխաների համար դահուկային սպորտի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար յուրաքանչյուրը 3-ական խմբով. 1-ին խմբում ընդգրկվում են ներառյալ 7-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ ներառյալ 13-17 տարեկանները:
43. 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը՝ դահուկավազք մարզաձևով:
44. Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
45. Ուսուցման ընթացքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները (երեխաները առանց ուղեկցող մեծահասակի չմտնեն դահուկավազքուղի, իսկ պարապմունքների ընթացքում պարտադիր լինի առաջին օգնության հավաքածու, ըստ անհրաժեշտության՝ հասանելի բժշկական ծառայություն)։
4. ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
46. Հրաձգության ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված դպրոցահասակ երեխաների համար, տեսական և գործնական ուսուցում իրականացնելու միջոցով՝ հատուկ կահավորված հրաձգարաններում:
47. Դպրոցահասակ երեխաների համար հրաձգության ծրագիրը իրականացվում է լիովին անվտանգ, մանկավարժական և մասնագիտական չափորոշիչներին համապատասխան։ Այն պետք է զարգացնի մարզական հմտություններ, ծանոթացնի զենքի կառուցվածքին՝ պահպանելով անվտանգության կանոնները։
48. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը.
2) Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները.
3) Հայաստանի Հանրապետության մարզերում հրաձգարան ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ իրավաբանական անձինք):
49. Ծրագրի շահառուներ են հաստատությունների 12-17 տարեկան աշակերտները։
50. Իրավաբանական անձանց ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով, որի պարտադիր պայման կարող է հանդիսանալ՝
1) հատուկ փակ կամ բաց հրաձգարան, որը նախագծված է կրակոցի ուղղությունը վերահսկելու համար, թիրախների առկայություն անվտանգ տեղադրմամբ, իսկ կրակոցի գիծը միշտ ուղղված լինի անվտանգ ուղղությամբ տարածք.
2) հրաձգարանները պարտադիր պետք է ունենան անվտանգությունն ապահովող պատասխանատու անձինք, ովքեր վերահսկում են բոլոր կրակոցները և ապահովում կանոնների պահպանումը։
51. Ուսուցման ընթացքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները (երեխաները առանց ուղեկցող մեծահասակի չմտնեն հրաձգարան, իսկ հրաձգարանում պարտադիր պետք է լինի առաջին օգնության հավաքածու և ըստ անհրաժեշտության հասանելի բժշկական ծառայություն)։
52. Հրաձգարանները պետք է լինեն պետականորեն հավատարմագրված և ունենան համապատասխան լիցենզիա։
53. Մարզական կազմակերպությունը պարապմունքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներով:
54. Դպրոցահասակ երեխաների համար հրաձգության ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար յուրաքանչյուրը 3-ական խմբով. 1-ին խմբում ընդգրկվում են ներառյալ 12-15 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ ներառյալ 16-17 տարեկանները:
55. Երեխաները՝ հրաձգության ուսումնական ծրագրում, ճիշտ և անվտանգ կրակել սովորելու են օդաճնշիչ հրացանով:
56. 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 10-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 12-ը:
57. Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2026 թվական: