ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Քաղ. Երևան |
30 նոյեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կարգավիճակի և լիազորությունների շրջանակի վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի` 11.12.2002 թ. նամակի և ՀՀ արտաքին գործերի նախարարի 24.07.2003 թ. պատասխան նամակի փոխանակման միջոցով: Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հիմնական խնդիրների և կարգավիճակի սահմանումն է:
2. Հատուկ ներկայացուցչի հիմնական խնդիրներն են.
- Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ներկայացնելը,
- Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի և ՀՀ ներպետական մարմինների, հասարակության ներկայացուցիչների հետ անհրաժեշտ կապի ապահովումը,
- Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը, Եվրախորհրդի բոլոր մարմինների գործունեությանն աջակցելը և նպաստելը,
- Եվրոպայի խորհրդի ծրագրերի իրականացման քաղաքական համակարգումը,
- Եվրոպայի խորհրդի իրավասության հարցերով Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային այլ կազմակերպությունների և հաստատությունների, գործընկերների գործունեությունը համակարգելը,
- Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և քաղաքական հարցերով Գլխավոր տնօրենին տեղեկացնելը և դրանց վերաբերյալ խորհուրդ տալը,
- վարել ակտիվ լրատվական քաղաքականություն, որը կներառի Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներին վերաբերող հարցերով հրապարակային հայտարարությունները` ապահովելով Եվրոպայի խորհրդի, նրա սկզբունքների, չափորոշիչների, գործունեության և ծրագրերի մասին իրազեկությունը,
- Հայաստանի Հանրապետություն` Եվրոպայի խորհրդի պաշտոնատար անձանց, պատվիրակությունների այցերի նախապատրաստմանն աջակցելը:
3. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն իր վերոհիշյալ լիազորություններն իրականացնելու է աշխատակազմի միջոցով, որը տեղակայվելու է Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակում` անձեռնմխելիության և արտոնությունների այնպիսի իրավունքի գործադրմամբ, որը սահմանված է 2002 թ. նոյեմբերի 5-ին ստորագրված` Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում:
4. Համաձայնագրի և Փոխըմբռնման հուշագրի համաձայն` Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը, նրա գույքը, եկամուտներն ու այլ սեփականությունը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են ազատման բոլոր ուղղակի հարկերից, գրասենյակի կողմից` իր պաշտոնական օգտագործման համար պահանջվող իրերի, գրասենյակի հրատարակումների ներմուծման և արտահանման հետ կապված մաքսատուրքերից, արգելքներից և սահմանափակումներից:
Նշված հարկային և մաքսային արտոնությունները, համաձայնագրին համապատասխան, հանգամանքներից բխող փոփոխություններով, տրամադրվում են նաև Հատուկ ներկայացուցչին, որին կտրամադրվեն նաև Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի 18-րդ հոդվածով սահմանված արտոնություններն ու անձեռնմխելիությունը:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Հատուկ ներկայացուցչին տրամադրել նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին տրամադրված անձեռնմխելիություն` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թ. կոնվենցիային համապատասխան,
- միջոցներ ձեռնարկել Հատուկ ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետությունում զբաղեցրած շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
6. Համաձայնագրի բաղկացուցիչ մասը կազմող ՀՀ արտաքին գործերի նախարարի` 24.06.2003 թվակիր նամակի վերջին պարբերության համաձայն` նախատեսվում է համաձայնագրի ժամանակավոր (բացառությամբ 5-րդ կետի) կիրառում` նախքան համաձայնագրի վավերացման սահմանադրական գործընթացի ավարտը, ինչը համահունչ է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թ. մայիսի 23-ի կոնվենցիայի 25 հոդվածի դրույթներին:
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 1, 4 և 9 հոդվածներում ամրագրված սկզբունքներից: Մասնավորապես, որպես ինքնիշխան և իրավական պետություն` Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան պարտավորվել է ապահովել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը նաև նրա հատուկ կարգավիճակում գտնվելու ընթացքում` ապահովելով պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կարգավիճակի և լիազորությունների շրջանակի վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
|