ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1581-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԵՍՔԸ, ՁԵՎԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԷՋԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը, տեսքը, ձևը և էջերի քանակը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի նկարագիրը, տեսքը և ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում ամրագրման ենթակա բոլոր տվյալների լրացման, այդ թվում՝ ամրագրման ենթակա որևէ տվյալի բացակայության դեպքում բացակայող տվյալների լրացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի համար կիրառվող անվտանգության միջոցները՝ համաձայն N 4 հավելվածի.
5) գաղտնի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» 2026 թվականի մայիսի 11-ի ՀՕ-210-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի N 1581-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԵՍՔԸ, ՁԵՎԸ ԵՎ ԷՋԵՐԻ ՔԱՆԱԿԸ
1. ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԵՍՔԸ ԵՎ ԷՋԵՐԻ ՔԱՆԱԿԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (այսուհետ՝ անձնագիր) քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար։
2. Անձնագրի արտաքին չափերը և թույլատրելի շեղումները պետք է համապատասխանեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության «Մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթեր» 8-րդ հրատարակության 9303 փաստաթղթի «Մեքենայաընթեռնելի անձնագրերի և TD3 չափի այլ մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթերի տեխնիկական պահանջները» վերնագրով 4-րդ մասի 2-րդ գլխով սահմանված պահանջներին:
3. Անձնագիրը բաղկացած է շապիկից, պոլիկարբոնատային տվյալների թերթից և վիզայի էջերից։ Անձնագիրը բաղկացած է 42 համարակալված էջերից, որոնցից պոլիկարբոնատային տվյալների թերթի առաջին կողմը անձնագրի 1-ին էջն է և տիտղոսաթերթը, պոլիկարբոնատային տվյալների թերթի երկրորդ կողմը անձնագրի 2-րդ էջն է և քաղաքացու տվյալների էջը, իսկ անձնագրի 3-42-րդ էջերը ներառյալ վիզայի էջերն են: Անձնագրի էջերը համարակալվում են արաբական թվանշաններով։ Վիզայի էջերի համարները լրացուցիչ արտացոլվում են նաև հայկական այբբենական թվային համակարգով՝ համապատասխանաբար 3-րդ էջի «գ» նշագրումից մինչև 42-րդ էջի «խբ» նշագրումը՝ սույն հավելվածի NN 3-23 ձևերին համապատասխան։ Անձնագրի անկյունները կլորացված են։
4. Անձնագրի շապիկի գույնը մուգ կարմիր է (PANTONE 195 C (#782F40)): Շապիկի երեսի վերևի մասում հայերեն, գլխատառերով, իսկ դրանից ներքև անգլերեն, համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև հայերեն, գլխատառերով, իսկ դրանից ներքև անգլերեն, համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը: Ստորին մասում պատկերվում է էլեկտրոնային մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթի միջազգային խորհրդանշանը:
5. Շապիկի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանը, գրառումները և էլեկտրոնային մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթի միջազգային խորհրդանշանը ոսկեգույն են:
6. Անձնագրի շապիկի ներքին էջն ունի գունային անցումներով ձևավորված բաց ֆոն։ Էջի կենտրոնական մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագիծը՝ Երևան քաղաքի տեղադրության նշմամբ և «ԵՐԵՎԱՆ» մակագրությամբ։ Էջի վերին և ստորին հատվածներում կրկնվող ձևով տպագրվում է «ARM» մակագրությունը։ Էջի ստորին մասում հայերեն և անգլերեն տպագրվում են «Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը» բառերը: Էջի գրաֆիկական պատկերները, դրանց գունային լուծումները, չափերը և տեղաբաշխումը համապատասխանում են սույն հավելվածի N 2 ձևին:
7. Պոլիկարբոնատային տվյալների թերթը տեղադրվում է անմիջապես անձնագրի շապիկից հետո։
8. Պոլիկարբոնատային տվյալների թերթը պատրաստված է պոլիկարբոնատի սպիտակ և թափանցիկ շերտերից՝ նախատեսված լազերային փորագրման համար։ Պոլիկարբոնատային տվյալների թերթի կազմում ներառվում են դրանում ինտեգրված էլեկտրոնային բաղադրիչը, դրա ալեհավաքը և ոչ պոլիկարբոնատային կցակարը։
9. Տիտղոսաթերթի վերին մասում հայերեն և անգլերեն տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն» և «Անձնագիր» բառերը։ Տիտղոսաթերթի կենտրոնական մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Զինանշանի ներքևում հայերեն և անգլերեն տեղադրվում է անձնագրի տրամադրման, անձի ինքնությունը հավաստելու և որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործվելու վերաբերյալ տեքստը՝ սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան։ Տիտղոսաթերթի ստորին մասում և պոլիկարբոնատային տվյալների թերթի կցակարի վրա ամրագրվում է անձնագրի համարը։ Տիտղոսաթերթի գրաֆիկական պատկերները, մակագրությունների դասավորությունը, գունային լուծումները և այլ տեսանելի տարրերը համապատասխանում են սույն հավելվածի N 2 ձևին։
10. Պոլիկարբոնատային տվյալների երկրորդ էջը (քաղաքացու տվյալների էջ) պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության «Մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթեր» 9303 փաստաթղթի 8-րդ հրատարակության 4-րդ մասի պահանջներին: Այս էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը և «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը, իսկ էջի աջ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության դրոշը: Նշված գրառումներից ներքև, ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր հայերեն և անգլերեն նշելու համար հետևյալ տեղեկությունները՝
1) տիպ.
2) երկրի կոդ.
3) անձնագրի համար.
4) ազգանուն.
5) անուն.
6) սեռ.
7) քաղաքացիություն.
8) ծննդյան օր, ամիս, տարեթիվ.
9) ծննդյան վայրը՝ պետությունը.
10) թողարկման ամսաթիվ.
11) տրամադրող մարմին.
12) վավերականության ժամկետ:
11. Պոլիկարբոնատային տվյալների երկրորդ էջի ձախ մասում տեղ է հատկացվում անձնագրի տիրոջ հիմնական գունավոր լուսանկարի համար, իսկ աջ մասում՝ փոփոխվող կամ բազմակի լազերային պատկերի տեխնոլոգիայով ձևավորված անձնագրի տիրոջ երկրորդական դիմանկարի համար։ Էջի աջ մասում՝ անձնագրի տիրոջ երկրորդական դիմանկարից վերև, պատկերվում է էլեկտրոնային անձնագրի խորհրդանշանը («chip inside» logo)։ Էջի ստորին մասում՝ մեքենայաընթեռնելի գոտուց վերև, տեղադրվում է անձնագրի տիրոջ ստորագրության պատկերը՝ սույն հավելվածի N 3 ձևին համապատասխան։ Էջի կենտրոնական աջ մասում պատկերվում է գրաֆիկական պաշտպանական տարր՝ անձնագրի վավերացման նույնականացուցիչ (DOVID)։ Էջի ստորին մասում տեղադրվում է երկու տողից բաղկացած մեքենայաընթեռնելի գոտին։
12. Վիզայի էջերն ունեն գունային անցումներով ձևավորված բաց ֆոն։ Էջերի վերին հատվածում հայերեն և անգլերեն տպագրվում է «Վիզա» բառը, ինչպես նաև տվյալ էջում ներկայացված թեմատիկ պատկերի անվանումը: Վիզայի էջերի գրաֆիկական պատկերները, մակագրությունների փոխադարձ դասավորությունը, գունային լուծումները և այլ տեսանելի տարրերը համապատասխանում են սույն հավելվածի NN 3-23 ձևերին։ Անձնագրի հետին շապիկի ներքին կողմն ունի գունային անցումներով ձևավորված բաց ֆոն։ Էջի կենտրոնական մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագիծը՝ Երևան քաղաքի տեղադրության նշմամբ և անգլերեն «Երևան» մակագրությամբ։ Էջի վերին և ստորին հատվածներում կրկնվող ձևով տեղադրվում է «ARM» մակագրությունը։ Քարտեզի ներքևում հայերեն և անգլերեն տեղադրվում է «Այս անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է» գրառումը։ Հետին շապիկի ներքին կողմի գրաֆիկական պատկերները, մակագրությունների փոխադարձ դասավորությունը, գունային լուծումները և այլ տեսանելի տարրերը համապատասխանում են սույն հավելվածի N 23 ձևին։
13. Անձնագիրն ունի տվյալների էլեկտրոնային պահոց, որը պարունակում է անձի կենսաչափական տվյալները։ Տվյալների էլեկտրոնային պահոցը և դրա ալեհավաքը ինտեգրվում են պոլիկարբոնատային տվյալների թերթում։
2. ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԸ
Ձև N 1
Ձև N 2
Ձև N 3
Ձև N 4
Ձև N 5
Ձև N 6
Ձև N 7
Ձև N 8
Ձև N 9
Ձև N 10
Ձև N 11
Ձև N 12
Ձև N 13
Ձև N 14
Ձև N 15
Ձև N 16
Ձև N 17
Ձև N 18
Ձև N 19
Ձև N 20
Ձև N 21
Ձև N 22
Ձև N 23
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
30.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի N 1581-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԵՍՔԸ ԵՎ ՁԵՎԸ
1. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՏԵՍՔԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը (այսուհետ՝ նույնականացման քարտ) քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու, այդ թվում՝ հանրային ծառայությունների համարանիշի կիրառմամբ ծառայություններ ստանալու, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար։
2. Նույնականացման քարտի արտաքին չափերը և թույլատրելի շեղումները պետք է համապատասխանեն քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության «Մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթեր» 8-րդ հրատարակության 9303 փաստաթղթի «TD1 չափի մեքենայաընթեռնելի պաշտոնական ճամփորդական փաստաթղթերի տեխնիկական պահանջները» վերնագրով 5-րդ մասի 2-րդ գլխով սահմանված պահանջներին:
3. Նույնականացման քարտն ունի տվյալների էլեկտրոնային պահոց, որը ներառում է կոնտակտային և անկոնտակտ հաղորդակցություն ապահովող էլեկտրոնային բաղադրիչ։ Տվյալների էլեկտրոնային պահոցի էլեկտրոնային բաղադրիչը և դրանում գործող ծրագրային հավելվածներն ապահովում են քաղաքացու էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման հնարավորությունը։
4. Նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցի կոնտակտային միջերեսը համապատասխանում է ISO/IEC 7816 ստանդարտների շարքի պահանջներին, իսկ անկոնտակտ միջերեսը՝ ISO/IEC 14443-1, ISO/IEC 14443-2, ISO/IEC 14443-3 և ISO/IEC 14443-4 ստանդարտների պահանջներին՝ A կամ B տեսակի։
5. Նույնականացման քարտի դիմերեսի վերևի կենտրոնական մասում հայերեն, գլխատառերով, իսկ դիմերեսի վերևի ձախ մասում անգլերեն, գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ» գրառումները, իսկ վերևի աջ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։
6. Նույնականացման քարտի դիմերեսի ձախ մասում տեղադրվում է քարտի տիրոջ գունավոր լուսանկարը:
7. Նույնականացման քարտի դիմերեսի կենտրոնական մասում տեղադրվում է քարտի տիրոջ փոքր չափի երկրորդական դիմանկարը։
8. Նույնականացման քարտի դիմերեսի աջ և կենտրոնական մասերում հայերենով և անգլերենով, ստորև ներկայացված հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր հետևյալ տվյալները լրացնելու համար՝
1) ազգանուն.
2) անուն.
3) սեռ.
4) քաղաքացիություն.
5) ծննդյան օր, ամիս, տարեթիվ.
6) նույնականացման քարտի համար.
7) վավերականության ժամկետ:
9. Նույնականացման քարտի դիմերեսի ներքևի աջ մասում ամրագրվում է քարտի տիրոջ ստորագրությունը։ Ստորագրությունն ամրագրվում է օրենքով նախատեսված դեպքերում։
10. Նույնականացման քարտի դարձերեսի ձախ մասում տեղադրվում է էլեկտրոնային բաղադրիչի կոնտակտային հարթակը՝ ISO/IEC 7816-2:2007 ստանդարտին համապատասխան։
11. Նույնականացման քարտի դարձերեսի վերևի և կենտրոնական մասերում հայերենով և անգլերենով, ստորև ներկայացված հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր հետևյալ տվյալները լրացնելու համար՝
1) հանրային ծառայությունների համարանիշ.
2) հայրանուն.
3) թողարկման ամսաթիվ.
4) տրամադրող մարմին:
12. Նույնականացման քարտի դարձերեսի վերևի աջ մասում տեղադրվում է անհատականացման ընթացքում փորագրված երկչափ գծակոդ, որում նշվում է նույնականացման քարտի համարը։
13. Նույնականացման քարտի դարձերեսի ներքևի մասում տեղադրվում է երեք տողից բաղկացած մեքենայաընթեռնելի գոտին։
2. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ
Ձև N 1
|
ԴԻՄԵՐԵՍ |
ԴԱՐՁԵՐԵՍ |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
30.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի N 1581-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈԼՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐԵՎԷ ՏՎՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում ամրագրման ենթակա տվյալների լրացման, ինչպես նաև ամրագրման ենթակա որևէ տվյալի բացակայության դեպքում համապատասխան դաշտի լրացման կանոնները։
2. Անձնագրում և նույնականացման քարտում անձնական տվյալների լրացման համար հիմք են ընդունվում անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները, որոնք անձնագրում և նույնականացման քարտում ամրագրվում են առանց փոփոխության։
3. Քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում լրացվող անձնական տվյալներն ամրագրվում են հայերենով և անգլերենով:
4. Եթե օրենքով պարտադիր չի համարվում անձնագրում կամ նույնականացման քարտում լրացման ենթակա որևէ տվյալի առկայությունը, և այդ տվյալը բացակայում է, ապա անձնագրում կամ նույնականացման քարտում համապատասխան դաշտը չի լրացվում:
2. ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Անձնագրի տիպը լրացվում է անգլերեն՝ «PP»:
6. Տրամադրող երկրի կոդը լրացվում է անգլերեն՝ «ARM»:
7. Անձնագրի համարը ինը նիշից բաղկացած եզակի համար է, որը ձևավորվում է փաստաթղթի տպագրման ընթացքում: Անձնագրի համարը նույնությամբ ամրագրվում է անձնագրի քաղաքացու տվյալների էջում, մեքենայաընթեռնելի գոտում՝ ներառյալ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության «Մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթեր» 9303 փաստաթղթի 8-րդ հրատարակության 4-րդ մասի համաձայն ձևավորված ճշգրտող թիվը, տվյալների էլեկտրոնային պահոցում:
8. Անձնագրում քաղաքացու ազգանունը և անունը հայերեն և անգլերեն ամրագրվում են բնակչության պետական ռեգիստրում առկա գրառմանը համապատասխան։
9. Անձնագրում ծննդյան վայրը լրացվում է բնակչության պետական ռեգիստրում առկա ծննդավայրի տվյալների հիման վրա: Որպես ծննդավայր նշվում է պետությունը։ Պետությունը անձնագրում նշվում է ISO 3166-1:2020 միջազգային ստանդարտի համապատասխան եռատառ ծածկագրով: Եթե բնակչության պետական ռեգիստրում որպես ծննդավայր նշված է քաղաք, գյուղ կամ այլ բնակավայր կամ վարչատարածքային միավոր, ապա տվյալ բնակավայրի կամ վարչատարածքային միավորի պատկանելությունը որևէ պետության որոշվում է ISO 3166-2:2020 միջազգային ստանդարտով, իսկ այդ ստանդարտով որոշելու անհնարինության դեպքում՝ միջազգային պաշտոնական աշխարհագրական տեղեկատուների հիման վրա:
10. Անձնագրում սեռի նշումը հայերեն կատարվում է «Ա»՝ արական սեռի դեպքում, և «Ի»՝ իգական սեռի դեպքում, իսկ անգլերեն՝ «M»՝ արական և «F»՝ իգական սեռի դեպքում։
11. Անձնագրում քաղաքացիությունը լրացվում է բնակչության պետական ռեգիստրում առկա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տվյալին համապատասխան։ Անձի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում անձնագրում ամրագրվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը անձնագրում նշվում է միայն անգլերեն՝ «ARM»:
12. Անձնագրում ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը լրացվում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա՝ սույն որոշման N 1 հավելվածի N 3 ձևին համապատասխան` ամսաթիվը և տարին նշելով թվերով, իսկ ամիսը՝ տառերով՝ հայերեն և անգլերեն:
13. Անձնագրի թողարկման օրը, ամիսը և տարեթիվը լրացվում են այն օրը հիմք ընդունելով, երբ լիազոր մարմինը հրահանգել է մասնավոր գործընկերոջը տպագրել անձնագիրը:
14. Անձնագրի վավերականության ժամկետը լրացվում է՝ հաշվի առնելով անձնագրի թողարկման ամսաթիվը և օրենքով անձի համապատասխան տարիքային խմբի համար սահմանված վավերականության ժամկետը։
15. Անձնագիր տրամադրող մարմինը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն է, որն անձնագրում նշվում է միայն հայերեն՝ ՆԳՆ:
16. Քաղաքացու լուսանկարը և ստորագրությունն ամրագրվում են անձնագրի անձնական տվյալների էջում և տվյալների էլեկտրոնային պահոցում, իսկ մատնադրոշմները՝ տվյալների էլեկտրոնային պահոցում, եթե օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն այդ կենսաչափական տվյալները հավաքագրվել են:
3. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
17. Նույնականացման քարտում քաղաքացու ազգանունը, անունը և հայրանունը հայերեն և անգլերեն ամրագրվում են բնակչության պետական ռեգիստրում առկա գրառմանը համապատասխան։
18. Նույնականացման քարտում քաղաքացու անվան և հայրանվան անգլերեն գրառման նկատմամբ կիրառվում են անձնագրում անվան և ազգանվան անգլերեն գրառման կանոնները:
19. Յուրաքանչյուր նույնականացման քարտի դրա տպագրման ընթացքում տրվում է ինը նիշից բաղկացած եզակի համար։ Նույնականացման քարտի համարն ամրագրվում է նույնականացման քարտի տեսանելի զննման գոտում, մեքենայաընթեռնելի գոտում և տվյալների էլեկտրոնային պահոցում։
20. Նույնականացման քարտում սեռի նշումը հայերեն կատարվում է «Ա»՝ արական սեռի դեպքում, և «Ի»՝ իգական սեռի դեպքում, իսկ անգլերեն՝ «M»՝ արական և «F»՝ իգական սեռի դեպքում։
21. Նույնականացման քարտում քաղաքացիությունը լրացվում է բնակչության պետական ռեգիստրում առկա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տվյալին համապատասխան։ Անձի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում նույնականացման քարտում ամրագրվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը նույնականացման քարտում նշվում է «ARM»:
22. Նույնականացման քարտում ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը լրացվում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա՝ սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան:
23. Նույնականացման քարտի թողարկման օրը, ամիսը և տարեթիվը լրացվում են այն օրը հիմք ընդունելով, երբ լիազոր մարմինը հրահանգել է մասնավոր գործընկերոջը տպագրել նույնականացման քարտը:
24. Նույնականացման քարտի վավերականության ժամկետը լրացվում է՝ հաշվի առնելով քարտի թողարկման ամսաթիվը և օրենքով նույնականացման քարտի համար սահմանված վավերականության ժամկետը՝ սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան:
25. Նույնականացման քարտ տրամադրող մարմինը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն է, որը հայերեն նշվում է՝ ՆԳՆ, անգլերեն՝ MIA:
26. Նույնականացման քարտում քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշը լրացվում է բնակչության պետական ռեգիստրում տվյալ քաղաքացուն տրամադրված հանրային ծառայությունների համարանիշին համապատասխան։
27. Քաղաքացու լուսանկարը և ստորագրությունն ամրագրվում են նույնականացման քարտի դիմերեսի տեսանելի զննման գոտում և տվյալների էլեկտրոնային պահոցում, իսկ մատնադրոշմները՝ տվյալների էլեկտրոնային պահոցում, եթե օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն այդ կենսաչափական տվյալները հավաքագրվել են:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
30.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի N 1581-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անձնագրի և նույնականացման քարտի անվտանգության միջոցները նախատեսված են փաստաթղթերը կեղծումից, վերարտադրումից, դրանցում ամրագրված տվյալների կամ փաստաթղթի առանձին տարրերի փոփոխումից կամ փոխարինումից պաշտպանելու համար։
2. ԱՆՁՆԱԳՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
2. Անձնագրի շապիկի արտաքին մակերեսը պատվում է քիմիական նյութերի և բարձր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ դիմացկուն պաշտպանական նյութով։
3. Անձնագրի շապիկի վրա Հայաստանի Հանրապետության զինանշանը և էլեկտրոնային անձնագրի միջազգային խորհրդանշանն ամրագրվում են տաք դրոշմման եղանակով։
4. Անձնագրի շապիկի ներքին էջը պատրաստվում է կեղծումից պաշտպանված, ուլտրամանուշակագույն ճառագայթումը չարտացոլող թղթից և պարունակում է գունային անցումային պատկերներից, գիլյոշներից, բարակ գծերից և պոզիտիվ ու նեգատիվ միկրոտեքստերից կազմված պաշտպանական դիզայն։
5. Անձնագրի շապիկի ներքին էջում կիրառվում է ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի ֆլուորեսցենտ թանաքով պաշտպանական դիզայն՝ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների, առնվազն երկու գունային անցումային էֆեկտների և միկրոտեքստի կիրառմամբ։
6. Անձնագրի տիտղոսաթերթը պարունակում է գիլյոշներից և բարակ գծերից կազմված պաշտպանական դիզայն, իսկ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշը տպագրվում է ֆլուորեսցենտ թանաքով։
7. Անձնագրի քաղաքացու տվյալների էջի պաշտպանական ֆոնային դիզայնը ներառում է՝
1) առնվազն երկու տեսանելի գունային անցումային պատկեր.
2) առնվազն երկու՝ ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի գունային անցումային պատկեր.
3) գիլյոշներ և բարակ գծեր.
4) սկանավորումից պաշտպանող տարրեր:
8. Անձնագրի տվյալների էջում՝
1) էլեկտրոնային անձնագրի միջազգային խորհրդանշանն արտացոլվում է օպտիկապես փոփոխական թանաքով.
2) կիրառվում են շոշափելի պաշտպանական տարրեր, որոնց մի մասը պարունակում է միկրոտեքստ.
3) ամրագրման ենթակա փոփոխական տվյալներն ամրագրվում են լազերային փորագրման եղանակով, իսկ անձնագրի համարի լազերային փորագրումն ունի շոշափելի էֆեկտ։
9. Անձնագրի տվյալների էջում կիրառվում են՝
1) մեծ չափի երկրորդական պատկեր՝ փոփոխվող կամ բազմակի լազերային պատկերի տեխնոլոգիայի կիրառմամբ.
2) հիմնական դիմանկարը պաշտպանող և Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ դիզայն ունեցող օպտիկապես փոփոխական հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.
3) ինֆրակարմիր ճառագայթմանը արձագանքող պաշտպանական թանաք։
10. Անձնագրի ներքին էջերի պաշտպանական ֆոնը ներառում է գիլյոշներ, բարակ գծեր և առնվազն երկու տեսանելի գունային անցումային պատկեր՝ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, բնաշխարհը, մշակութային կամ ճարտարապետական տարրերը ներկայացնող զարդանախշերով։
11. Յուրաքանչյուր ներքին էջի համարը տպագրվում է տեսանելի թանաքով՝ էջի եզրին մոտ, ընդ որում հաջորդական էջերի համարների տեղադրությունը չի համընկնում։ Էջի համարը կրկնվում է նաև ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի ֆլուորեսցենտ թանաքով։
12. Անձնագրի ներքին էջերը պարունակում են ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի ֆլուորեսցենտ պաշտպանական դիզայն՝ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների և առնվազն երկու գունային անցումային էֆեկտների կիրառմամբ։
13. Անձնագրի ներքին էջերի թղթում ներառվում են բնական լույսի ներքո անտեսանելի և ուլտրամանուշակագույն լույսի ներքո բազմագույն՝ երեք գույնով ֆլուորեսցենտ պաշտպանական մանրաթելեր և Հայաստանի Հանրապետության խորհրդանիշը պատկերող բազմերանգ ջրանիշ։
14. Անձնագրի համարը՝
1) 3-րդ էջում ամրագրվում է տեսանելի սև թանաքով.
2) լազերային պերֆորացիայի եղանակով ամրագրվում է անձնագրի յուրաքանչյուր ներքին էջում՝ բացառությամբ պոլիկարբոնատային տվյալների էջի.
3) լազերային փորագրման եղանակով ամրագրվում է տիտղոսաթերթում։
15. Անձնագրի էջերը գրքույկին ամրացվում են կեղծումից պաշտպանված կարով։
16. Պոլիկարբոնատային տվյալների էջն անձնագրի գրքույկին ամրացվում է պաշտպանական կցակարի միջոցով այնպես, որ տվյալների էջի հեռացման կամ փոխարինման փորձը հանգեցնի տեսանելի և անդառնալի վնասման։ Տվյալների էջի ամրացման կառուցվածքը պետք է նվազեցնի դրա շերտազատման հնարավորությունը։
3. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
17. Նույնականացման քարտը պատրաստվում է տարբեր շերտերից կազմված ամբողջությամբ պոլիկարբոնատային հիմքով։
18. Նույնականացման քարտի պաշտպանական ֆոնային դիզայնը ներառում է՝
1) առնվազն երկու տեսանելի գունային անցումային պատկեր.
2) առնվազն երկու՝ ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի գունային անցումային պատկեր.
3) գիլյոշային պատկերներ.
4) բարակ գծեր.
5) սկանավորումից պաշտպանող տարրեր։
19. Նույնականացման քարտի պաշտպանական դիզայնում կիրառվում են պոզիտիվ և նեգատիվ միկրոտեքստեր՝ մինչև 250 միկրոմետր ներառյալ չափով, այդ թվում՝ դիտավորյալ սխալներ պարունակող միկրոտեքստեր։
20. Նույնականացման քարտի վրա կիրառվում են՝
1) օպտիկապես փոփոխական թանաքով տպագրված պաշտպանական տարր.
2) քարտի դիմային կողմում Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ դիզայնով օպտիկապես փոփոխական պաշտպանիչ տարր.
3) ինֆրակարմիր ճառագայթմանը արձագանքող պաշտպանական թանաք։
21. Նույնականացման քարտը պարունակում է շոշափելի պաշտպանական տարրեր, որոնց մի մասը ներառում է միկրոտեքստ։
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
30.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2026 թվական: