ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0254 Ն. 25.09.2026
|
25 սեպտեմբերի 2026 թվականի |
թիվ 254-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով արդիականացնել ֆինանսական կազմակերպությունների կողմից հրապարակվող տեղեկությունների հրապարակման միջոցները,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասը, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 3-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«61․ Սույն կանոնակարգի 58-րդ կետով սահմանված որոշման ընդունման օրվան հաջորդող կամ սույն կանոնակարգի 60-րդ կետով նախատեսված դեպքում 30-օրյա ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը մասնաճյուղի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին տեղեկատվությունը հրապարակում է ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում:»։
2) Կանոնակարգի 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«66. Ապահովագրական ընկերության ներկայացուցչության գործունեության ժամանակավորապես դադարեցումը թույլատրելու որոշման ընդունման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունն այդ տեղեկատվությունը հրապարակում է ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում:»։
3) Կանոնակարգի 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«72. Սույն կանոնակարգի 68-րդ կետով սահմանված որոշման ընդունման օրվան հաջորդող կամ սույն կանոնակարգի 71-րդ կետով նախատեսված դեպքում 30-օրյա ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկատվությունը հրապարակում է ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում:»։
4) Կանոնակարգի 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«78. Ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության ներկայացուցչության գործունեության դադարեցումը թույլ տալու մասին Կենտրոնական բանկի որոշումն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունն այդ տեղեկատվությունը հրապարակում է ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-10-05 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2026 թվական: