ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարան, |
ՀԿԴ/0053/01/24 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, |
| ||||||||
|
| |||||||||
|
2025 թվականի ապրիլի 10-ին |
քաղաք Երևանում |
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` մասնակցությամբ դատավորներ` |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա. կրկյաշարյանի | |
|
ս. չԻՉՈՅԱՆի Դ. Վեքիլյանի |
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0053/01/24 գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի մայիսի 17-ի դատավճռով Կարեն Հազարոյի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և դրվագներից յուրաքանչյուրով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ չորս (4) տարի ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառմամբ՝ հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Կ․Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել (հանվել) է մեղադրյալի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամանակը՝ 2 (երկու) ամիս 12 (տասներկու) օրը՝ թողնվելով կրելու ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Կ․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով:
Նույն դատավճռով Կ.Խաչատյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը թողնվել են անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
2. ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ Ն․Բարսեղյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է։
2․1․ Վերաքննիչ դատարանի՝ «Դատական ակտի անհստակությունը լուծելու վերաբերյալ» որոշմամբ Կ.Խաչատյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, ինչի արդյունքում նա 2024 թվականի հուլիսի 18-ից գտնվում է ազատության մեջ1, իսկ բացակայելու արգելքը և գրավը թողնվել են անփոփոխ։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Ըստ բողոքի հեղինակի` ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են Կ.Խաչատրյանի անձի և նրա կատարած հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին:
Մասնավորապես, հաշվի չի առնվել, որ Կ.Խաչատրյանը մեղսագրվող հանցանքը կատարել է ուղղակի դիտավորությամբ, նրա կողմից կատարված հանցանքը վնաս է պատճառել սոցիալական մեծ նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններին, քանի որ ուղղված է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ, դրա արդյունքում խաթարվել է ՀՀ մի շարք քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրացման հնարավորությունը:
Բողոքաբերի պնդմամբ՝ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Կ․Խաչատրյանը շուրջ երեք տարի խուսափել ու թաքնվել է քննությունից և վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել՝ Կ․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:
Բողոքի հեղինակն արձանագրել է նաև, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի դատավճռի և Վերաքննիչ դատարանի որոշման հիմնավորումներին՝ պետք է փաստել, որ Կ․Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը հիմնված չէ օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների համակողմանի վերլուծության վրա:
Մասնավորապես, Կ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության վերաբերյալ եզրահանգման գալու համար անհրաժեշտ է ամբողջական գնահատման ենթարկել վերջինիս մեղսագրվող հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, հաշվի առնել օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները, հանցագործության ավարտվածության աստիճանը և այլն:
Ըստ բողոքաբերի՝ վերոշարադրյալ հանգամանքները վկայում են Կ․Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի բացակայության մասին, իսկ ստորադաս դատարանները, հակառակ եզրահանգման գալով, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, մասնավորապես՝ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, ինչն էլ ազդել է վարույթի ելքի վրա։
5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի որոշումը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով, բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Կ․Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «(…) [Ն]ա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և առաջադրված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, ընտրողներին անձամբ առաջարկել և տվել է ընտրակաշառք, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.
ՀՀ նախագահի՝ 2021 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ-99-Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի հունիսի 20-ին նշանակվել են ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:
Նշված ընտրություններին մասնակցելու համար, ի թիվս այլ կուսակցությունների ու դաշինքների, առաջադրվել է նաև «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը:
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Կարեն Հազարոյի Խաչատրյանը 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի Բաղրամյան փողոցի տուն 4 հասցեի բնակչուհի Անահիտ Վարդանի Վարդանյանի բնակարան և վերջինիս անձամբ առաջարկել մեկ ձայնի դիմաց տալ 30.000 ՀՀ դրամ ընտրակաշառք՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, սակայն Անահիտ Վարդանյանը մերժել է նրա առաջարկը:
Բացի այդ, Կարեն Խաչատրյանը 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Սուրենավան համայնքի Բաղրամյան փողոցի տուն 4 հասցեի բնակչուհի Անահիտ Վարդանյանի բնակարանում վերջինիս դուստր Լուսինե Գևորգի Վարդանյանին անձամբ առաջարկել է մեկ ձայնի դիմաց տալ 30.000 ՀՀ դրամ ընտրակաշառք՝ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, սակայն Լուսինե Վարդանյանը նրա առաջարկը մերժել է:
Բացի այդ, Կարեն Խաչատրյանը 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Սուրենավան համայնքի Բաղրամյան փողոցի տուն 4 հասցեի բնակչուհի Անահիտ Վարդանյանի բնակարանում վերջինիս դուստր Անուշ Գևորգի Վարդանյանին անձամբ առաջարկել և նույն պահին նրա համաձայնությունը ստանալուց հետո անմիջապես Անուշ Վարդանյանին է տվել 1 հատ 20.000 անվանական արժեքով, 2 հատ 5000 անվանական արժեքով ՀՀ թղթադրամներ՝ ընդհանուր՝ 30.000 ՀՀ դրամ ընտրակաշառք՝ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար»2։
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Դատարանը, ուսումնասիրելով մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագիրը, «Արաբո» վետերանների սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, եկավ հետևյալ եզրահանգման.
Դատարանը Կարեն Հազարոյի Խաչատրյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում վերջինի նախկինում արատավորված՝ դատապարտված չլինելը, ինքնակամ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալը, առաջադրված մեղադրանքում մեղքն ընդունելը, կատարած արարքի համար զղջալը, հանցագործության բացահայտմանն աջակցելը և խոստովանական ցուցմունքներ տալը (չնայած հարցաքննության արձանագրությունը չի հետազոտվել, սակայն պաշտպանի հայտնած դիրքորոշման դեմ հանրային մեղադրողն առարկություն չի ներկայացրել)։
Կարեն Հազարոյի Խաչատրյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու հանգամանքը, մասնավորապես, ըստ հետազոտված տեղեկանքի՝ մեղադրյալը 2020 թվականին մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին և ցուցաբերել է խիզախություն և արժանացել է հրամանատարի խրախուսմանը, նա նույն թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 17-ը գտնվել է պատերազմի դաշտում։ Դատարանի գնահատմամբ նշվածը հատուկ չէ հասարակության լայն զանգվածներին և ենթակա են պատշաճ գնահատականի։
Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ Կարեն Հազարոյի Խաչատրյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Կատարած արարքների համար մեղադրյալ Կարեն Հազարոյի Խաչատրյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
(…)
Դատարանը, հաշվի առնելով Կարեն Հազարոյի Խաչատրյանի կատարած արարքների՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, մասնավորապես՝ այն, որ կատարված արարքները դասվում են ծանր հանցագործությունների շարքին, այդ թվում՝ նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ Կարեն Հազարոյի Խաչատրյանի կողմից կատարված հանցագործությունների համար սահմանված է պատիժ միայն ազատազրկման ձևով, գտնում է, որ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 219–րդ հոդվածի 1–ին մասով՝ 3 դրվագ նախատեսված արարքների համար պատիժ պետք է նշանակել ազատազրկում՝ յուրաքանչյուր դրվագի համար 4 տարի ժամկետով:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով, գտնում է, որ Կարեն Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները պետք է կիրառել մասնակի գումարելու կանոնի համաձայն։
Այսպես՝ 4 տարի ժամկետով ազատազրկմանը պետք է գումարել մյուս 2 դրվագներով հանցագործությունների համար նշանակված ազատազրկման ձևով պատիժներից յուրաքանչյուրից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Կարեն Հազարոյի Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, անկախ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից, փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը հաշվակցվում է կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1 օրվա դիմաց, ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 2 օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում՝ 1 օրը 8 ժամի դիմաց:
Դատարանը, նկատի ունենալով, որ Կարեն Հազարոյի Խաչատրյանը 2024 թվականի մարտի 5-ից մինչև դատավճռի կայացման պահը փաստացի գտնվում է անազատության մեջ (ձերբակալվել, ապա խափանման միջոց է կիրառվել նաև տնային կալանքը), գտնում է, որ Կարեն Հազարոյի Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատժից պետք է հաշվակցել (հանել) արգելանքի տակ գտնվելու ժամանակը՝ 2 (երկու) ամիս 12 (տասներկու) օրը՝ թողնելով կրելու 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս 18 (տասնութ) օր:
(…)
Դատարանը, հաշվի առնելով վերը նշվածը, այդ թվում նաև՝ մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես այն, որ Կարեն Խաչատրյանն ընդունել է իրեն մեղսագրվող արարքների հանրային վտանգավորությունը, հակաիրավականությունը, զղջացել է կատարած արարքների համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, դատապարտված չի եղել, ինչպես նաև մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, հանգում է այն հետևության, որ վերջինի վերասոցիալականացումը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու։
Վերոշարադրյալով պայմանավորված՝ Դատարանը գտնում է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ չորս (4) տարի ժամկետով՝ սահմանելով բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականություն։ (…)»3։
8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է. «(…) [Ա]նդրադառնալով մեղադրյալ Կարեն Հազարոյի Խաչատրյանի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններին Վերաքննիչ դատարանը, համակողմանիորեն ուսումնասիրելով մեղադրյալի կատարած հանցագործությունների եղանակը, բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը՝ կատարված հանցագործության մեջ իրեն լիովին մեղավոր ճանաչելը և կատարած արարքի համար զղջալը, մեղադրյալի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, մասնավորապես այն, որ մեղադրյալը չունի դատվածություն, մասնակցել է Արցախյան 44 օրյա պատերազմին /2020 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 17-ը գտնվել է պատերազմի դաշտում/ և ըստ Առաջին ատյանի դատարանում հետազոտված տեղեկանքի՝ ցուցաբերել է խիզախություն և արժանացել է հրամանատարի խրախուսմանը, որպիսի հանգամանքը հատուկ չէ հասարակության լայն զանգվածներին և ենթակա են պատշաճ գնահատականի, հետհանցավոր վարքագիծը, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ նշանակված պատժի նաև ռեալ (իրական) չկիրառման միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությունը:
Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ վերը նշված հանգամանքների ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հետևություն անելու մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձևով պատիժը փաստացի կիրառելու աննպատակահարմարության և առանց այդ պատիժը նրա կողմից ռեալ (իրական) կրելու սույն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրևենտիվ) բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով:
Անդրադառնալով Բողոքաբերի այն պնդումներին, որ Առաջին ատյանի դատարանը քննության առարկա չի դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այն, որ Կարեն Խաչատրյանի կատարած հանցանքը վնաս է պատճառում սոցիալական մեծ նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններին, քանի որ ուղղված է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրանք անհիմն են, քանի որ բողոքարկված դատավճռի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը թե՛ պատիժ նշանակելիս, թե՛ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս քննարկել և գնահատել է նաև այդ հանգամանքները, դրանք համադրելով գործում առկա այլ տվյալների հետ և հանգել է իրավաչափ հետևության:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներն իրենց համաչափ արտացոլումն են գտել Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Կարեն Հազարոյի Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատժում, ինչպես նաև նրա կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ հետևություններում և նման պարագայում վերաքննիչ բողոքի փաստարկներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտը փոփոխելու հիմքերը բացակայում են, ուստի այն՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու՝ այն է՝ մեղադրյալին պատժից ազատելու մասով պետք է թողնվի անփոփոխ (...)»4:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են Կ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
10. ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»։
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս հանգում է հետևության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով պատժից կարող է ազատվել նաև այն անձը, որի նկատմամբ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով նշանակվել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ կիրառվել է համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված վարույթ:
3. Հանցագործությունների համակցության դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը որոշվում է համակցությամբ վերջնական պատիժը նշանակելուց հետո:
4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները.
1) անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,
2) պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,
3) հանցանք կատարածի անձը,
4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել:
(…)»:
11. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի մեկնաբանման շրջանակներում պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որպատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու: Դատարանի նման հետևությունը պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա5` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն6։
Անդրադառնալով պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքներից պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները գնահատման ենթարկելու հարցին` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դրանք, հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս7:
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Կ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և առաջադրված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ առաջարկել և տվել է ընտրակաշառք8։
- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Կ.Խաչատրյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, որոշել է վերջինի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը որպես Կ․Խաչատրյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել այն, որ նա զղջացել է կատարած արարքների համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, դատապարտված չի եղել, ինչպես նաև մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին9։
- Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ Կ․Խաչատրյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու, և հնարավոր է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հասնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի նպատակներին10։
13. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել նրա կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետևյալ գործոնները.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերության դեմ,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ Կ․Խաչատրյանը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է իր կողմից կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին ընտրակաշառք առաջարկելու և տալու փաստը,
գ) հանցանքների քանակը՝ այն, որ Կ․Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով ընտրակաշառք առաջարկելու և տալու մեջ։
Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար։
Մինչդեռ, Կ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:
14․ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սահմանադրական իրավունքների և ազատությունների, մասնավորապես` ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս էական նշանակություն ունի խախտված հասարակական հարաբերությունների բնույթի, կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանի, հանցանքի կատարման եղանակի պատշաճ գնահատումը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ընտրական իրավունքի պատշաճ իրացման հետ կապված հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը և իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա։
15․ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորության աստիճանը, ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից Կ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, կատարած արարքների համար զղջալը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, խոստովանական ցուցմունքներ տալը, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմին 2020 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 17-ը մասնակցելը նրա կողմից սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության դեմ ուղղված հանցանք կատարելու պայմաններում ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացմանը հասնելու համար։
Այսինքն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը շարադրված` Կ.Խաչատրյանի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Կ.Խաչատրյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Կ․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ուստի անհրաժեշտ է Կ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կ․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել։
Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կ․Խաչատրյանը Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի դատավճիռը կայացնելուց մինչև Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հուլիսի 18-ը ընկած ժամանակահատվածում գտնվել է փաստացի անազատության մեջ (նրա նկատմամբ դեռևս կիրառված է եղել տնային կալանք խափանման միջոցը), Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված պատժին՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է հաշվակցել նրա արգելանքի տակ գտնվելու ընդհանուր ժամանակահատվածը՝ 4 (ամիս) ամիս 13 (տասներեք) օրը՝ թողնելով կրելու ազատազրկում՝ 4 (չորս) տարի 1 (մեկ) ամիս 17 (տասնյոթ) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Կարեն Հազարոյի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի որոշումը փոփոխել։ Կարեն Հազարոյի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) ազատազրկման ձևով նշանակված պատիժը նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու 4 (չորս) տարի 1 (մեկ) ամիս 17 (տասնյոթ) օր ժամկետով ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Կարեն Հազարոյի Խաչատրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
__________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթեր 102-104։
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 132-133։
3 Տե՛ս գործի նյութեր, հատոր 3, թերթեր 54-64։
4 Տե՛ս գործի նյութեր, հատոր 4, թերթեր 51-71։
5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 և այլ որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռոբերտ Խատոյանի գործով 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-55/07 և Թամարա Տեր-Գրիգորյանի գործով 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումները:
8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
Նախագահող` Ե. դանիելյան Դատավորներ` ա. կրկյաշարյան ս. չԻՉՈՅԱՆ Դ. Վեքիլյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական: