ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Երևան |
13 հոկտեմբերի 2026 թ. |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 25-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 13-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. |
||||
|
դատավորներ՝ |
Էդգար Շաթիրյանի (նախագահող), | |||
|
Արման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի, | ||||
|
Դավիթ Խաչատուրյանի, | ||||
|
Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, | ||||
|
Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի (զեկուցող), | ||||
|
Վլադիմիր Վարդանյանի, | ||||
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | ||||
|
դիմողի՝
ներկայացուցիչ՝
պատասխանողի՝
ներկայացուցիչ՝ |
8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ նաև՝ Դիմող), 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի, Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող), Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանի, | |||
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 68-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 9-րդ մասի և 44-րդ հոդվածի 13-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի՝ 2026 թվականի մարտի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և վերաբերելի այլ իրավակարգավորումներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին և ուժի մեջ է մտել նույն թվականի հոկտեմբերի 20-ին:
2. Օրենքի՝ «Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում» վերնագրով 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված են.
«1. Բուհի և գիտական կազմակերպության տարածքներում կարող են գործել մասնագիտական միավորումներ, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղեր, ուսանողական ինքնակառավարման կառույցներ, մշակութային, մարզական միավորումներ կամ արհեստակցական միություններ, եթե դրանց հնարավորությունը նախատեսված է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
2. Բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական, ինչպես նաև կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը»:
Նշյալ դրույթները չեն փոփոխվել և/կամ լրացվել:
3. Օրենքի՝ «Հանրային գիտական կազմակերպության կառավարումը և կառավարման մարմինները» վերնագրով 27-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված է.
«9. Հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները իրավասու մարմնի որոշմամբ դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին»:
Նշյալ դրույթը չի փոփոխվել և/կամ լրացվել:
4. Օրենքի՝ «Անցումային դրույթներ» վերնագրով 44-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված է.
«13. Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող բուհերը իրենց գործունեությունը կարող են շարունակել իրենց տրված լիցենզիայում նշված գործունեության վայրում: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրթական ենթակառուցվածքների ընդլայնում հնարավոր է միայն Կառավարության հաստատած ակադեմիական քաղաքի հայեցակարգի հետ համապատասխանության պարագայում, որի վերաբերյալ եզրակացությունը տալիս է Լիազոր մարմինը` «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կարծիքի հիման վրա»:
Նշյալ դրույթը չի փոփոխվել և/կամ լրացվել:
Դիմողի դիրքորոշումը
5. Դիմողը, վկայակոչելով Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, պնդում է, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, քանի որ «(...) ոչ միայն կտրուկ սահմանում է գիտության և կրթության զարգացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ընդլայնումն ու ազատ գործունեությունը, այլև ուղղակիորեն նման հնարավորությունը կախման մեջ է դնում հոգաբարձուների խորհրդի որոշման առկայությունից և դրա բովանդակությունից»:
6. Ըստ Դիմողի՝ հոգաբարձուների խորհրդի որոշման առկայության պահանջը, ըստ էության, ոչ թե օրենսդրական կարգավորում է, այլ հիմնարար իրավունքի անհամաչափ սահմանափակում, որը փաստացի զրկում է այդ կառույցներին գործելու հնարավորությունից: Ընդ որում, Դիմողի համոզմամբ, Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն լրացնում է առկա անհամաչափ սահմանափակումը՝ արգելելով կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը բուհի և գիտական կազմակերպության տարածքներում:
7. Վկայակոչելով Օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Դիմողը գտնում է, որ 65 տարին չի համարվում անձի կողմից աշխատանքային պարտականությունների դադարեցման կամ նման պարտականությունների դադարման հիմք, սակայն գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնի պարագայում, փաստորեն, լիազորությունները դադարեցվում են բացառապես որոշակի տարիքի հասած լինելու փաստի ուժով, մինչդեռ նման կարգավորման սահմանադրականության համար անհրաժեշտ էր սահմանել ոչ միայն քանակական, այլև որակական հատկանիշներ կամ պայմաններ:
8. Անդրադառնալով Օրենքի 44-րդ հոդվածի 13-րդ մասի սահմանադրականության հարցին՝ Դիմողն արձանագրում է, որ նման սահմանափակումը հակասում է Սահմանադրությամբ նախատեսված համաչափության սկզբունքին, խաթարում է համայնքների համաչափ զարգացումը և չի նպաստում կրթության ու գիտության զարգացմանը: Մասնավորապես, ըստ Դիմողի, նման կարգավորման դեպքում մարզերում գործող համալսարանները, ինչպես նաև մարզերում մասնաճյուղեր ունեցող գիտական կազմակերպությունները և բուհերը ստիպված են լինելու կա՛մ դադարեցնելու իրենց գործունեությունը, կա՛մ այն կտրուկ սահմանափակելու՝ կախված լինելով «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումից։
9. Դիմողի համոզմամբ՝ Երևանից դուրս գործունեություն իրականացնող մարզային բուհերը և գիտական կազմակերպությունները, փաստորեն, հարկադրված են տեղափոխվել Ակադեմիական քաղաք, իսկ «վերջինիս կողմից ենթակառուցվածքների ստեղծումը ենթադրում է ոչ միայն նյութական, այլև իրավական խոչընդոտներ՝ պայմանավորված հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և դրա բովանդակությամբ»:
10. Ըստ Դիմողի՝ եթե Երևանի հետ անմիջական սահման ունեցող մարզերի պարագայում խնդիրը կարող է լուծվել համապատասխան ենթակառուցվածքների ապահովմամբ, ապա ոչ սահմանակից մարզերի դեպքում բոլոր համալսարանների կենտրոնացումը Երևանում և այլ բուհերի գործունեության արգելքը մարզերում, բացի համաչափ զարգացումը խոչընդոտելուց, հանգեցնելու են նաև կրթության իրավունքի պարտադիր մաս կազմող մատչելիության բաղադրատարրի բացառման, քանի որ ենթադրելու են ուսանողների պարտադիր տեղափոխություն Երևան կամ հարակից բնակավայրեր:
11. Այսպիսով՝ Դիմողը պնդում է, որ «(...) կտրուկ սահմանափակելով կրթության, միավորումների ազատության, տնտեսական գործունեության սահմանադրական երաշխիքները, վիճարկվող դրույթը չի ապահովել նման սահմանափակման սահմանադրականության պարտադիր պայմանը՝ լեգիտիմ նպատակը և համաչափությունը՝ դրանից զատ հանգեցնելով պետության կողմից հիմնական քաղաքականության սկզբունքների խախտման, որի արդյունքում վտանգվում են թե´ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, թե´ պետության քաղաքականությունը՝ կրթության և գիտության զարգացման, ինչպես նաև համաչափ զարգացում ապահովելու հարցում»:
12. Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը խնդրում է. «(...) որոշել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 9-րդ մասի, 44-րդ հոդվածի 13-րդ մասի՝ Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ, 45-րդ, 78-րդ և 86-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
Պատասխանողի դիրքորոշումը
13. Պատասխանողը, վկայակոչելով Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և դրանք դիտարկելով Օրենքի այլ դրույթների հետ համակարգային փոխկապակցվածության մեջ, գտնում է, որ հոգաբարձուների խորհուրդը բուհի կառավարման բարձրագույն մարմինն է, կայացնում է որոշումներ և վերահսկում դրանց կատարումը, որի լիազորությունները բխում են օրենքից և հիմնադրամի կանոնադրությունից և ուղղված են բուհի կրթական և գիտական նպատակների իրականացման ապահովմանը:
14. Ըստ Պատասխանողի՝ նույն համակարգային մոտեցմամբ՝ բուհի տարածքում գործունեության սահմանափակումները պայմանավորված են այդ տարածքի նպատակային օգտագործմամբ և ակադեմիական միջավայրի պահպանմամբ, իսկ վիճարկվող կարգավորումները չեն բացառում միավորման ազատության իրականացումը, որպես այդպիսին, այլ վերաբերում են դրա իրացման կոնկրետ կազմակերպական և տարածքային պայմաններին: Պատասխանողի համոզմամբ՝ նման մոտեցումն ուղղված է բուհական և գիտական միջավայրի ինստիտուցիոնալ չեզոքության, ակադեմիական անկախության և կրթական գործընթացի անկողմնակալության ապահովմանը, ինչը կարող է դիտվել որպես սահմանափակման սահմանադրաիրավական լեգիտիմ նպատակ:
15. Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմը պետք է մեկնաբանվի և կիրառվի նեղ իմաստով՝ «(...) բացառապես արգելելով կազմակերպված, ինստիտուցիոնալ գործունեությունը բուհերի ներսում և չսահմանափակելով անհատների՝ որպես ուսանող կամ աշխատակից հանդես եկող սուբյեկտների հիմնարար իրավունքների իրականացումը՝ ներառյալ իրենց քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների ազատ արտահայտումը և խաղաղ, կամավոր միավորումների ձևավորումը»:
16. Ըստ Պատասխանողի՝ Սահմանադրությամբ երաշխավորված միավորման ազատությունը չի բացառում պետության կողմից դրա կազմակերպական և ընթացակարգային կարգավորումը հատկապես այնպիսի հատուկ իրավական ռեժիմ ունեցող միջավայրերում, ինչպիսիք են բուհերը և գիտական կազմակերպությունները, որոնք ունեն հանրային առաքելություն և գործառույթ՝ ապահովելու կրթության և գիտության զարգացումը: Այդ համատեքստում, Պատասխանողի պնդմամբ, օրենսդիրն իրավաչափորեն կարող է սահմանել, որ տվյալ տարածքներում գործունեություն կարող են իրականացնել միայն այնպիսի միավորումներ, որոնք բովանդակային առումով համահունչ են կրթական և գիտական նպատակներին, իսկ դրանց գործունեության կոնկրետ ձևաչափը և կազմակերպումը ենթակա են ինստիտուցիոնալ հաստատման:
17. Պատասխանողը նշում է, որ հոգաբարձուների խորհրդին նման լիազորության վերապահումը բխում է բուհերի ինքնավարության և ինքնակառավարման սահմանադրաիրավական սկզբունքից, քանի որ հենց այդ մարմինն է կոչված որոշելու՝ ինչ ձևով և ինչ ծավալով կարող են արտաքին կամ ներբուհական միավորումներն ինտեգրվել տվյալ հաստատության գործունեությանը՝ հաշվի առնելով նյութատեխնիկական հնարավորությունները, կրթական գործընթացի կազմակերպումը և հաստատության ռազմավարական նպատակները: Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմը չի արգելում միավորումների ստեղծումը, որպես այդպիսին, այլ կարգավորում է միայն դրանց գործունեությունը բուհի տարածքում, ինչը նշանակում է, որ միավորման ազատության էությունը չի խաթարվում:
18. Անդրադառնալով Օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասի սահմանադրականության հարցին՝ Պատասխանողը պնդում է, որ տարիքով պայմանավորված՝ փոխվում են մարդու ֆիզիոլոգիական, հոգեբանական, մտավոր որակները, հետևաբար՝ տարիքային սահմանափակումներն ունեն ողջամիտ հիմնավորում, քանի որ տարիքին զուգընթաց, որպես կանոն, տեղի է ունենում աշխատունակության, գիտական գործունեության, նախաձեռնողականության որոշակի կորուստ, ինչը կարող է ազդել աշխատանքի որակի վրա: Ըստ Պատասխանողի՝ գիտական կազմակերպության տնօրենի համար որպես սահմանային տարիք 65 տարեկանը նախատեսելն արդարացված է՝ հաշվի առնելով նրա կողմից կատարվող աշխատանքի բնույթը և առանձնահատկությունները:
19. Վկայակոչելով Օրենքի 44-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Պատասխանողը նշում է. «(...) համաշխարհային օրինաչափություն է բուհերի խոշորացման գործընթացը, որը տարբեր պետություններում իրականացվում է տարբեր տրամաբանությամբ և ժամանակահատվածում, ինչի նպատակը ռեսուրսների ճիշտ կառավարումն է՝ հանուն բարձրորակ ու մրցունակ կրթական ծառայությունների մատուցման: (...) Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է օրենսդրական մակարդակում ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք հնարավորություն չեն տա հանրապետությունում առաջանալու և գործելու այպիսի բուհերի, որոնք ապավինում են ոչ թե կրթական ծառայությունների մրցունակությանը որպես աշխատանքի սկզբունք, այլ դրա հնարավորինս ավելի հեշտացված տրամադրմանը»:
20. Պատասխանողի գնահատմամբ՝ ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծման սահմանափակումը և կրթական ենթակառուցվածքների հետագա ընդլայնումը, Կառավարության հաստատած Ակադեմիական քաղաքի հայեցակարգին համապատասխանեցնելու պահանջը հանդիսանում են հանրային իշխանության կողմից կրթության ոլորտի ռազմավարական պլանավորման և տարածքային կազմակերպման գործիքներ և կիրառվում են իրավաչափության պահանջի պահպանմամբ:
21. Պատասխանողը նշում է նաև, որ նոր ենթակառուցվածքների ստեղծման արգելքը բացարձակ չէ, քանի որ նախատեսված է բացառություն՝ պայմանավորված կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով, ինչը վկայում է օրենսդրի կողմից կարգավորման ճկունության ապահովման մասին:
22. Ամփոփելով իր կողմից բերված փաստարկները՝ Պատասխանողը խնդրում է վիճարկվող դրույթները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:
Գործով պարզման ենթակա հանգամանքները
23. Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
1) արդյո՞ք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն այնքանով, որքանով նախատեսում են, որ (1) մասնագիտական միավորումները, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղերը, ուսանողական ինքնակառավարման կառույցները, մշակութային, մարզական միավորումները կամ արհեստակցական միությունները բուհի և գիտական կազմակերպության տարածքներում կարող են գործել, եթե դրանց հնարավորությունը նախատեսված է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ինչպես նաև (2) բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական, ինչպես նաև կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը, համապատասխանում են Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորված՝ բուհերի ինքնակառավարման, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատության իրավունքին, ինչպես նաև Սահմանադրության 45-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ միավորումների ազատության իրավունքին,
2) արդյո՞ք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է, որ հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները իրավասու մարմնի որոշմամբ դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին, համապատասխանում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին՝ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված՝ խտրականության արգելքի սկզբունքի լույսի ներքո,
3) արդյո՞ք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությունն այնքանով, որքանով արգելում է Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով, համապատասխանում է Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասով պետության ստանձնած պարտականությանը՝ խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացումը, ինչպես նաև Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված կրթության իրավունքին1:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Ա. Բուհերում և գիտական կազմակերպություններում «միավորումների և կազմակերպությունների» գործունեության վերաբերյալ
24. Սահմանադրական դատարանը, Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար անհրաժեշտ է համարում նախ որոշակիացնել նշյալ իրավադրույթների կարգավորման առարկան, ինչը հնարավորություն կտա վերհանելու դրանց համակարգային և տրամաբանական կապերը համապատասխան սահմանադրական և դրանց առնչվող օրենսդրական իրավակարգավորումների հետ:
25. Վիճարկվող դրույթները կարգավորում են բուհերի և գիտական կազմակերպությունների՝ որպես որոշակի կազմակերպաիրավական ձևեր ունեցող սուբյեկտների գործունեության ընթացքում տարատեսակ «միավորումների», «կազմակերպությունների» և «կառույցների» գործունեության հետ կապված հարաբերությունները, որոնց իրավական կարգավորման տեսլականի համար հիմնարար նշանակություն ունի իրավական երկու գործոն՝ (1) «միավորումների», «կազմակերպությունների» և «կառույցների» տեսակները՝ ըստ բուհերի և գիտական կազմակերպությունների որպես իրավունքի սուբյեկտների հետ կազմակերպական ու գործառութային առնչության չափանիշի, (2) բուհերի և գիտական կազմակերպությունների՝ որպես իրավունքի սուբյեկտների կազմակերպաիրավական կարգավիճակը:
26. Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ» հանձնարարականի (1997 թ.) 18, 19 և 21-րդ կետերի համաձայն՝ (1) բուհական ինքնավարությունն ակադեմիական ազատության ինստիտուցիոնալ ձև է, որն անհրաժեշտ նախապայման է բարձրագույն ուսումնական հաստատություններին և դասախոսական կազմին վերապահված գործառույթների պատշաճ իրականացման համար, (2) ինքնակառավարումը, կոլեգիալությունը և համապատասխան ակադեմիական առաջնորդությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների նպատակային ինքնավարության էական բաղադրիչներն են, (3) անդամ պետությունը պարտավոր է պաշտպանել բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ դրանց ինքնավարությանն արտաքին աղբյուրներից սպառնացող վտանգների դեպքում: Ակադեմիական ազատության և ինստիտուցիոնալ ինքնավարության նշյալ սահմանումները հիմք են տալիս Սահմանադրական դատարանին բուհերի ինքնավարության և ինքնակառավարման իրավունքը դիտարկելու ներբուհական, արտաբուհական, նպատակային տեսանկյուններից:
27. Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթների կարգավորման առարկայի, դրա հիմքով նաև սահմանադրականության որոշման համար կարևոր նշանակություն ունի Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում թվարկված ընդհանուր անվանումով «կազմակերպությունների և միավորումների» (մասնագիտական միավորումներ, մասնագիտական միջազգային միավորումներ, ուսանողական ինքնակառավարման կառույցներ, մշակութային և մարզական միավորումներ, արհեստակցական միություններ և այլն) դասակարգումները, առաջին՝ ըստ բուհերի կամ գիտական կազմակերպությունների կազմակերպական կառուցվածքի հետ հարաբերակցության, երկրորդ՝ ըստ բուհերի կամ գիտական կազմակերպությունների գործունեության բնույթի հետ առնչության չափանիշների:
28. Օրենքի համաձայն՝ ըստ իրավաբանական անձի կազմակերպական կառուցվածքի հետ հարաբերակցության չափանիշի՝ «կազմակերպությունները և միավորումները» կարող են ունենալ ներքին (ներբուհական) և արտաքին (արտաբուհական) կազմակերպական ձևեր: Այս դասակարգումը հիմք է տալիս եզրակացնելու, որ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կարգավորման առարկան բուհի և գիտական կազմակերպությունների՝ որպես առանձնացված միավորների կազմակերպական կառուցվածքից դուրս գտնվող և գործող «կազմակերպությունների և միավորումների» հետ հարաբերությունների կարգավորումն է:
29. Օրենքի համապատասխան իրավակարգավորումների համաձայն՝ բուհի կառուցվածքում կարող են գործել ներբուհական (1) «ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ» (Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ), որոնք նախաձեռնվում և ստեղծվում են ուսանողների կողմից, (2) ուսանողական ներկայացուցչական մարմին, որը ձևավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով՝ ընտրությունների միջոցով (Օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մաս), (3) ուսանողների, ըստ տարբեր մարզաձևերի, ձևավորած ակումբներ (Օրենքի 22-րդ հոդվածի 16-րդ մաս):
30. Այսպիսով, բուհի ուսանողների միավորման իրավունքի և ներկայացուցչության ապահովման համար Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և նույն հոդվածի 10 և 16-րդ մասերով նախատեսվել են իրավակարգավորումներ, որոնք կոչված են ապահովելու ուսանողների բուհի առաքելությանը հարիր միավորումներ կազմելու և ներկայացուցչական (մասնակցային) իրավունքները, ընդ որում՝ այդ իրավունքների կենսագործումը գլխավորապես կախվածության մեջ չդնելով բուհի կառավարման մարմինների հայեցողությունից:
31. Բուհի և գիտական կազմակերպության աշխատողների (ակադեմիական, գիտական, ճարտարագիտատեխնիկական, ուսումնաօժանդակ, արտադրական, վարչական և այլ կազմեր) միավորման, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրության 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի իրավակարգավորումներին համապատասխան, իսկ միավորումներ կազմելու հիմնական իրավունքն անմիջականորեն գործող սահմանադրական իրավունք է, որի կենսագործման կառուցակարգերը սահմանվում են աշխատանքային օրենսդրությամբ և չեն կարող սահմանափակվել կամ կախվածության մեջ դրվել բուհի կամ գիտական կազմակերպության կառավարման մարմինների հայեցողությունից:
32. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով բուհական ակադեմիական ազատության ու ինքնավարության հարցերին, 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ շեշտադրել է, որ «(...) ակադեմիական ազատությունն ունի մի քանի հայեցակետ (ասպեկտ). մի կողմից դիտարկվում է իբրև կրթության հիմնական իրավունքի բաղադրատարր, որն ուղղակիորեն առնչվում է նաև արտահայտվելու ազատության իրավունքի հետ, այսինքն` դրա կրողն են բուհերում՝ գիտակրթական գործընթացի սուբյեկտները (ուսանողական ու գիտական-մանկավարժական կազմը), մյուս կողմից՝ այն դիտարկվում է ինստիտուցիոնալ առումով, իբրև բուհերի ինքնավարության տարր՝ ակադեմիական և հետազոտական՝ իրենց գործառույթներն իրացնելիս «արտաքին» միջամտություններից հնարավորինս ազատ լինելու տեսանկյունից:
Հարկ է արձանագրել, որ ակադեմիական ազատության համանման ընկալում է տեղ գտել նաև միջազգային իրավական այլ փաստաթղթերում, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականում, որի 27-րդ հոդվածում մասնավորապես նշվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատության դասախոսական կադրերն ունեն ակադեմիական ազատության իրավունք, այսինքն` առանց որևէ կաշկանդվածության ուսուցման և քննարկումների ազատության իրավունք, հետազոտություններ իրականացնելու, այդ թվում՝ դրանց արդյունքները տարածելու և հրապարակելու ազատություն, այն համակարգի կամ ինստիտուտի մասին ազատորեն կարծիք արտահայտելու ազատություն, որում նրանք աշխատում են, ազատություն ինստիտուցիոնալ գրաքննությունից, ինչպես նաև մասնագիտական կամ ներկայացուցչական գիտական մարմիններում մասնակցություն ունենալու ազատություն: Բարձրագույն կրթության ուսումնական կազմի բոլոր անդամները պետք է իրավունք ունենան կատարելու իրենց գործառույթներն առանց որևէ խտրականության և պետության կամ այլ որևէ այլ աղբյուրի կողմից ճնշումներից վախենալու»:
33. Այսպիսով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ բուհի և գիտական կազմակերպության ներքին հարաբերությունների ոլորտում Օրենքը, Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներին համահունչ, ինչպես նաև ելնելով բուհի և գիտական կազմակերպության՝ որպես հանրային կարևոր նշանակություն ունեցող ծառայություններ մատուցող կազմակերպության առաքելությունից, դրանով պայմանավորված կազմակերպման առանձնահատկություններից, երաշխավորել է ինչպես սովորողների/ուսանողների, այնպես էլ դրանց աշխատողների միավորման, ներկայացուցչության կամ մասնակցության իրավունքները՝ նախատեսելով տվյալ տեսակի իրավաբանական անձանց առանձնահատկություններին ու առաքելությանը հարիր կազմակերպական ձևեր, կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք չեն կարող խաթարել այդ իրավաբանական անձանց ներքին կազմակերպական միասնությունը, պատշաճ և որակյալ կառավարումը:
34. Վերոնշյալ տրամաբանությունից բխում է, որ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման առարկա են հանդիսանում բուհի և գիտական կազմակերպության կազմակերպական կառուցվածքից դուրս հիմնադրված «կազմակերպությունների և միավորումների» հետ հարաբերությունները:
35. Բուհերի և գիտական կազմակերպությունների առաքելությունը, գործառութային առանձնահատկությունները պայմանավորում են դրանց և արտաքին տարատեսակ կազմակերպությունների հետ հարաբերությունների ու համագործակցության անհրաժեշտությունը, ինչը, ելնելով, նախ, այդ հարաբերությունների և համագործակցության կարևորությունից, ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների հատուկ առաքելությունից, կարիք ունի օրենսդրական կարգավորման: Այդ կարգավորման հիմքում ընկած տեսլականի հիմնական չափանիշը բուհերի՝ որպես հատուկ տեսակի իրավաբանական անձանց և իրավաբանական անձանց կարգավիճակ ունեցող կամ այդպիսի կազմակերպության կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունների իրենց ներքին կառավարման հարցերում ինքնավարությունն ու լիիրավությունն է:
36. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհերը) ոչ առևտրային կազմակերպություններ են, որոնք, ըստ հիմնադիրների՝ կարող են լինել հանրային, միջպետական, մասնավոր: Բուհերի հասկացության այս իրավական բնորոշումից բխում է, որ դրանք ունեն ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն գիտական կազմակերպություններն իրենց կարգավիճակով կարող են լինել իրավաբանական անձինք, իրավաբանական անձի հիմնադրած հիմնարկներ, իրավաբանական անձ համարվող հետազոտական համալսարանի կազմում գործող ինքնավար կառուցվածքային միավորներ, որոնք իրականացնում են գիտատեխնոլոգիական գործունեություն, և, ըստ հիմնադրի՝ կարող են լինել հանրային, միջպետական, մասնավոր:
37. Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ իրավաբանական անձի կարգավիճակը ենթադրում է որոշակի իրավական ինքնավարություն, առանձնացվածություն, կառավարման կազմակերպական միասնություն և առաջին հերթին դա վերաբերում է իրավաբանական անձի նկատմամբ «արտաքին» համարվող «կազմակերպություններին և միավորումներին»: Հետևաբար՝ օրենսդիրը, ելնելով բարձրագույն կրթության և գիտության առանձնահատկություններից, կարգավորել է տվյալ տեսակի իրավաբանական անձանց և արտաքին համարվող «կազմակերպությունների և միավորումների» փոխհարաբերությունները՝ հիմք ընդունելով վերջիններիս դասակարգման հետևյալ չափանիշները՝ կրթության և գիտության, ինչպես նաև քաղաքականության ու կրոնի հետ առնչությունները:
38. Օրենսդրական այս դասակարգմանը համահունչ՝ Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակի արգելում է քաղաքական, կուսակցական, կրոնական, ինչպես նաև կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը բուհում և գիտական կազմակերպությունում:
39. Սահմանադրական դատարանը գտնում է, որ բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարությունը նախ պայմանավորված է իրավաբանական անձի ընդհանուր իրավական կարգավիճակով: Միաժամանակ, Սահմանադիրը որպես կրթության իրավունքի անքակտելի բաղադրատարր է հռչակել բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը (Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մաս), իսկ Սահմանադրական դատարանը 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ հաստատել է բուհերի սահմանադրական այդ իրավունքի մի քանի կարևոր տարրեր.
1) ինքնակառավարումը «(...) նշանակում է կազմակերպված սոցիալական ընդհանրության կամ հաստատության (կազմակերպության) անկախությունն ու ինքնուրույնությունը՝ սեփական գործերը կառավարելիս, իր կենսագործունեության հարցերը լուծելիս: Պետությունը սահմանում է ինքնակառավարվող սուբյեկտների գործունեության օրենսդրական հիմունքները և ուղղակի չի միջամտում դրանց ու դրանց ստեղծած մարմինների գործունեությանը, այլ օրենքով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վերահսկողություն»:
2) «(...) Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, վերջիններիս օժտել է ոչ միայն ինքնակառավարմանը բնորոշ ընդհանուր տարրերով (որոնք, ինչպես նշվեց՝ բաղկացած են կազմակերպական-կառավարչական (ներառյալ կադրային) և ֆինանսական բաղադրիչներից, և ինքնակառավարվող սուբյեկտների անքակտելի հատկություններն են), այլ նաև լրացուցիչ, դրանց սոցիալական և մշակութային դերին բնորոշ բաղադրատարրերով՝ ակադեմիական (կրթության ոլորտ) և հետազոտությունների (գիտական ոլորտ) ազատությամբ: (...)»:
3) «(...) բուհերի ինքնավարության իրավունքը հիմնարար արժեք է: Այդ ինքնավարությունը բաղկացած է ուսումնական հաստատության ինքնակառավարման իրավունքից, ակադեմիական ու հետազոտական ազատություններից և երաշխիք է բուհի գործունեությանը գաղափարական, քաղաքական և կրոնական միջամտությունից զերծ պահելու համար»2։
40. Հիմք ընդունելով իր նախկին որոշումներով արտահայտված դիրքորոշումները և Օրենքի վերը նշված իրավակարգավորումների վերլուծության արդյունքները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ բուհում և գիտական կազմակերպությունում քաղաքական, կուսակցական, կրոնական, ինչպես նաև կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեության արգելքը պայմանավորված է կրթական և գիտական միջավայրի ինքնուրույնության, չեզոքության, ինչպես նաև ակադեմիական և հետազոտական ազատության պահպանման անհրաժեշտությամբ։ Նշված արգելքի հիմքում ընկած է այն սահմանադրահեն գաղափարը, որ բուհի և գիտական կազմակերպության առաջնային նպատակը ճշմարիտ և օբյեկտիվ գիտելիքի ստեղծման, զարգացման և փոխանցման համար նպաստավոր և արդյունավետ պայմանների երաշխավորումն է, ինչի կենսագործումը հնարավոր է բացառապես ազատ միջավայրում, որը զերծ է որևէ հիմքով կողմնակալ մոտեցումներից:
41. Հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրական դատարանը բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ապաքաղաքական և աշխարհիկ բնույթի վերաբերյալ դիրքորոշումներ է արտահայտել 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ. «Կրթության և գիտության դեպքում նոր գիտելիքի որոնման շարունակական գործընթացին, որը վերջին հաշվով պետք է հանգեցնի ճշմարիտ գիտելիքի, օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, հնարավոր է հասնել որոշակի ազատ միջավայրում, միջավայր, որը զերծ է կանխակալ մոտեցումներից, ինչն իր հերթին թույլ է տալիս հետազոտողին գիտելիքի որոնման այդ գործընթացում (դրա արդյունքում) հասնելու (մոտենալու) օբյեկտիվ ճշմարտությանը և ոչ թե «ստանալու» «նախապես ծրագրված, ցանկալի» արդյունք: Այդպիսի ճշմարիտ գիտելիքին հասնելու համար անհրաժեշտ է՝
նախ՝ գիտելիքի որոնման գործընթացը զերծ պահել քաղաքական, գաղափարախոսական և այլ նախապաշարմունքներից (որոնց դեպքում ստացվում է ոչ թե ճշմարիտ գիտելիք, այլ ցանկալի արդյունք),
երկրորդ՝ գիտելիքի որոնման շարունակական այդ գործընթացում սխալի, սխալվելու հանդեպ հանդուրժողական, իսկ որոշ դեպքերում դրական վերաբերմունք (քանի որ սխալի բացահայտումը թույլ է տալիս կատարելագործել առաջ քաշված վարկածները, զարգացնել դրանք՝ ըստ այդմ մոտեցնելով ճշմարտությանը) ձևավորելը (ինչը գրեթե բացառվում է «անքննելի ճշմարտությունների», քաղաքական գաղափարախոսությունների դեպքում)»:
42. Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր վերոնշյալ որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, քաղաքական, կուսակցական, կրոնական, ինչպես նաև կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեության ուղղակի արգելքը բուհերի և գիտական կազմակերպությունների տարածքներում դիտարկելով արգելքի նպատակային նշանակության տեսանկյունից, եզրակացնում է, որ օրենսդիրը դրանով նպատակ է հետապնդում՝ (1) քաղաքական և կուսակցական կազմակերպությունների և միավորումների դեպքում՝ երաշխավորելու նշյալ կառույցների ինստիտուցիոնալ ապաքաղաքականացվածությունը, ինչը պայման է իրապես ազատ, գիտելիքահեն ակադեմիական միջավայրի ապահովման համար: Վերոգրյալը, այնուամենայնիվ, չի ենթադրում, որ բուհը և գիտական կազմակերպությունը պետք է որևէ կերպ խոչընդոտեն տարբեր քաղաքական հայացքներ և/կամ կուսակցական պատկանելիություն ունեցող անձանց՝ ազատ և անկաշկանդ իրենց կարծիքը, տեսակետներն ու դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունը. այս երկու շահերի ներդաշնակեցումը միայն կարող է երաշխիք հանդիսանալ, ի շարս այլնի, նաև գաղափարախոսական բազմակարծությանը, քննադատական մտածողությանը և գիտելիքի շարունակական զարգացմանը միտված ակադեմիական միջավայրի ապահովմանը, (2) կրոնական կազմակերպությունների և միավորումների դեպքում՝ ապահովելու նշյալ կառույցների կրոնական չեզոքությունը՝ միևնույն ժամանակ, երաշխավորելով, որ ակադեմիական հանրույթի որևէ անդամի նկատմամբ չպետք է դրսևորվի խտրական մոտեցում՝ կապված վերջինիս դավանանքի կամ կրոնական համոզմունքների հետ, (3) կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների դեպքում՝ երաշխավորելու բուհի և գիտական կազմակերպության տարածքներում գիտական/կրթական միջավայրը, ապահովելու նշյալ կառույցների առաքելահեն գործունեության ու ռեսուրսների նպատակային օգտագործումը, որոնք պետք է ուղղված լինեն բացառապես ակադեմիական հանրության կրթական, գիտահետազոտական և այլ՝ բուհի և գիտական կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող հետաքրքրությունների բավարարմանը։
43. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ բուհի և գիտական կազմակերպության տարածքներում կարող են գործել մասնագիտական միավորումներ, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղեր, ուսանողական ինքնակառավարման կառույցներ, մշակութային, մարզական միավորումներ կամ արհեստակցական միություններ, եթե դրանց հնարավորությունը նախատեսված է բուհերի դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, իսկ գիտական կազմակերպությունների դեպքում՝ համապատասխան իրավասու կառավարման մարմնի որոշմամբ:
44. Սահմանադրական դատարանն Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը դիտարկում է ոչ թե միավորման իրավունքի սահմանափակում, այլ իրավաբանական անձի ինքնակառավարման և ինքնավարության սահմանափակում, որն իր նպատակային ազդեցությամբ միավորման իրավունքի իրականացման լրացուցիչ երաշխիք է իրավաբանական անձի «տարածքներում» գործելու համար՝ կառավարման պատշաճ մարմնի որոշմամբ նախատեսված հնարավորության դեպքում: Նման իրավակարգավորումն իր բնույթով ոչ թե Սահմանադրության 45-րդ հոդվածով (Միավորումների ազատությունը) ամրագրված հիմնական իրավունքի սահմանափակում է, այլ դրա գործողության համար լրացուցիչ ոլորտի՝ բուհի կամ գիտական կազմակերպության իրավազորության «տարածքում» գործունեության հնարավորության նախատեսում, ինչը սովորաբար բացառվում է իրավաբանական անձի օրենսդրական ընդհանուր հայեցակարգից բխող ինքնավարության իրավունքի համատեքստում: Հետևաբար՝ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումն իր բնույթով առաջին հերթին սահմանափակում է ինքնակառավարման իրավունք ունեցող իրավաբանական անձանց ինքնավարության իրավունքը, որը բուհերի համար երաշխավորված է Սահմանադրությամբ:
45. Վերոնշյալ համատեքստում՝ հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան որոշման կայացումը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, չի կարող դիտարկվել որպես միավորման ազատության սահմանափակում, որովհետև վիճարկվող իրավակարգավորումը միտված է լոկ բուհի և գիտական կազմակերպության տարածքներում միավորումների ազատության սահմանադրական իրավունքի իրացման լրացուցիչ ընթացակարգերի նախատեսմանը՝ ապահովելով, ի թիվս այլնի, նաև միավորումների ազատության հիմնական իրավունքի և բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ սահմանադրորեն երաշխավորված ինքնակառավարման իրավունքի միջև ողջամիտ հավասարակշռությունը:
46. Բուհի և գիտական կազմակերպության տարածքներում վերջիններիս համար արտաքին համարվող մասնագիտական միավորումների, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղերի, ուսանողական ինքնակառավարման կառույցների, մշակութային, մարզական միավորումների կամ արհեստակցական միությունների գործունեության հնարավորությունը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նախատեսելը, ինչպես նաև բուհում և գիտական կազմակերպությունում քաղաքական, կուսակցական, կրոնական, ինչպես նաև կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեության արգելքների սահմանումը նպատակ են հետապնդում՝ (1) հավասարակշռել, մի կողմից՝ բուհի և գիտական կազմակերպության ինքնավարությունը, այդ թվում նաև՝ ակադեմիական և հետազոտական ազատության, կրթական միջավայրի չեզոքության և բուհական ենթակառուցվածքների անխափան գործունեության պահանջները, իսկ մյուս կողմից՝ բուհի և գիտական կազմակերպության գործունեության ոլորտներում միավորման ազատության իրավունքի իրացումը, (2) ապահովել բուհերի և գիտական կազմակերպությունների բնականոն գործունեությունը, կրթական և գիտական գործընթացի անխափան կազմակերպումը, նշված կառույցներում տարատեսակ շահերի հավասարակշռումը, կրթության ու գիտության ոլորտներում հանրային շահի պաշտպանությունը, (3) երաշխավորել բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնուրույնությունը, ակադեմիական ազատությունը և գաղափարախոսական չեզոքությունը, (4) ծառայել կրթական և գիտական միջավայրի զարգացմանը և ազատ մտքի ձևավորմանը:
47. Ողջ վերոգրյալ վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ (1) Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի իրավակարգավորման առարկան բուհի և գիտական կազմակերպության կազմակերպական ձևի կառուցվածքից դուրս գտնվող կազմակերպությունների և միավորումների հետ հարաբերություններն են, (2) Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը ոչ թե միավորման հիմնական իրավունքի, այլ իրավաբանական անձի ինքնավարության սահմանափակում է, որը միավորման հիմնական իրավունքի իրականացման լրացուցիչ երաշխիք է արտակառուցվածքային, սակայն կրթության և գիտության հետ առնչություն ունեցող կազմակերպությունների համար՝ գործելու իրավաբանական անձի «տարածքներում»՝ կառավարման պատշաճ մարմնի որոշմամբ նախատեսված հնարավորության դեպքում, (3) Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բուհում և գիտական կազմակերպությունում քաղաքական, կուսակցական, կրոնական, ինչպես նաև կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեության արգելքը բխում է իրավաբանական անձի սահմանադրահեն ինքնավար կարգավիճակից, բուհի ինքնակառավարման, ներառյալ ակադեմիական և հետազոտական ազատության սահմանադրական իրավունքներից:
Բ. Հանրային գիտական կազմակերպությունում տնօրենի պաշտոնավարման տարիքի վերաբերյալ
48. Սահմանադրության՝ «Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները» վերնագրով 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
Բացահայտելով հիշյալ հիմնական իրավունքի իրավական բովանդակությունը՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է.
1) «Աշխատանքի ընտրության ազատությունը, որը ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածում ամրագրված է որպես սոցիալական ազատություն, ներառում է, ի թիվս այլոց, աշխատանք փնտրելու իրավունքը, որի մեկնաբանությունից բխում է նաև արդեն ձեռք բերած աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքը» (2010 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-902 որոշում),
2) «(…) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ աշխատանքից ազատման հիմքերն օրենքով սպառիչ նախատեսելուց բացի, պետությունը պետք է ապահովի այդ հիմքերի համապատասխանությունը Սահմանադրության 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների պահանջներին, մասնավորապես, աշխատանքային պայմանագրերի լուծման հետ կապված իրավակարգավորումները պետք է պարունակեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, լինեն պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, համարժեք՝ սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը, լինեն բավարար չափով որոշակի, իսկ այդ կանոնակարգումներով հիմնական իրավունքների սահմանափակումները չգերազանցեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
(…)
Հիմք ընդունելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ աշխատանքից ազատումը դեռևս աշխատողի իրավունքների խախտում չէ, եթե այն ունի իրավական հիմք» (2019 թվականի մարտի 19-ի ՍԴՈ-1449 որոշում):
49. Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ Սահմանադրության 57-րդ հոդվածն ամրագրում է աշխատանքային իրավահարաբերություններում աշխատողի իրավունքների պաշտպանության առանցքային երաշխիքներից մեկը՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական հիմքերը՝ շեշտադրելով, որ աշխատանքից ազատման հիմքերը պետք է սահմանվեն օրենքով: Սույնով Սահմանադիրը վերապահել է օրենսդրին, հաշվի առնելով կոնկրետ աշխատանքային իրավահարաբերությունների բնույթը, օրենսդրությամբ նախատեսել աշխատանքից ազատման հիմքերը, որպիսիք սահմանելիս օրենսդիրը կաշկանդված է խտրականության սահմանադրական արգելքով:
50. Սահմանադրության՝ «Խտրականության արգելքը» վերնագրով 29-րդ հոդվածն արգելում է խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:
51. Սահմանադրական դատարանը, 2015 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշմամբ անդրադառնալով տարիքային խտրականության հարցին, արձանագրել է, որ «(…) խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ: Խնդրո առարկա իրավիճակում չի կարող արձանագրվել նման վիճակ, քանզի խոսքը վերաբերում է ոչ թե նույն իրավական կարգավիճակի շրջանակներում` տարիքով պայմանավորված խտրականությանը, այլ տարբեր իրավական կարգավիճակ ունենալու հիմքով անձանց` օրենքով նախատեսված իրավունքներին և պարտականություններին, այսինքն` իրավական հիմնավորում ունեցող օբյեկտիվ պայմաններին»:
52. Սահմանադրական դատարանը մեկ այլ՝ 2011 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴՈ-991 որոշմամբ արձանագրել է. «(…) աշխատանքի ընտրության ազատությունը յուրաքանչյուր անհատի համար ապահովում է առանց խտրականության աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու և իր մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսևորելու հավասար հնարավորություն: Միաժամանակ, այն չի խոչընդոտում օրենսդրին աշխատանքային հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելիս սահմանել անձանց իրավական տարբեր կարգավիճակներ` կապված աշխատանքային պայմանների, անմիջական պայմանագրային պարտականությունների, գործունեության բնագավառի հետ, և նույնիսկ նախատեսել առանձին պաշտոններ զբաղեցնելու և պաշտոններից ազատելու առանձնահատուկ դեպքեր, եթե դրանք օբյեկտիվորեն արդարացված են և ունեն սահմանադրաիրավական համապատասխան հիմնավորում»:
53. Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ օրենսդրի կողմից սահմանված ցանկացած տարբերակված կարգավորում չէ, որ Սահմանադրության 29-րդ հոդվածի իմաստով համարվում է խտրականություն. խտրականություն է օրենսդրի կողմից ցուցաբերված այնպիսի տարբերակված մոտեցումը, որը զուրկ է որևիցե օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից:
54. ՄԻԵԴ-ի նախադեպային իրավական դիրքորոշումների համաձայն ևս՝ նույն կամ համանման կարգավիճակում անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի սահմանադրական արգելքը ոչ բոլոր դեպքերում է բացառում տարբերակված վերաբերմունքը, այլ միայն այն դեպքերում, երբ նման տարբերակված վերաբերմունքը չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում։ Համանման տարբերակված վերաբերմունքն օբյեկտիվորեն և ողջամտորեն արդարացված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և որին հասնելու համար ընտրված միջոցը համաչափ է այդ նպատակին (տե´ս Stec and Others v. the United Kingdom, Application no. 65731/01 և 65900/01, 12.04.2006, §51, Lithgow and Others v. the United Kingdom, Application no. 9006/80 and others, 08.07.1986, §177)։
55. Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասով ամրագրված սահմանափակող դրույթները նախատեսված են բացառապես հանրային գիտական կազմակերպությունների տնօրենների համար, և միաժամանակ, որ տարիքային շեմն անցնելու հիմքով պաշտոնում պաշտոնավարելու սահմանափակում նախատեսող դրույթները նախատեսված են նաև՝ (1) hանրային բուհում ակադեմիական կամ վարչական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոնների համար, ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի, ղեկավարի տեղակալների և դրա ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների պաշտոնների համար (Օրենքի 23-րդ հոդվածի 17-րդ մաս) և (2) հանրային բուհի ռեկտորի պաշտոնի համար (Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մաս):
56. Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունիսի 29-ի ՍԴՈ-1605 որոշմամբ նշել է. «(…) մասնագիտական պիտանիությունը հոգեբանական, հոգեֆիզիկական հատկությունների, ինչպես նաև հատուկ գիտելիքների, ունակությունների, փորձի ամբողջություն է, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունելի արդյունավետությանը հասնելու համար: Մասնագիտական պիտանիությունը մարդուն ի ծնե բնորոշ հատկություն չէ, ձևավորվում է երկարատև մասնագիտական գործունեության արդյունքում, որը ծավալվում է որոշակի սոցիալ-տնտեսական պայմաններում: Ժամանակի ընթացքում ձևավորվում են ոչ միայն մարդու առանձին գործառնական համակարգերը և հոգեկան գործընթացները (մասնագիտական ընկալումը, հիշողությունը, մտածողությունը և այլն), այլև նրա անձը: Կոնկրետ գործունեության համար մասնագիտական պիտանիությունը հիմնվում է որոշակի հոգեբանական, հոգեֆիզիոլոգիական, մարդաբանական, բժշկական և այլ չափանիշների վրա»:
57. Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշման իրավական դիրքորոշումները, գտնում է, որ Օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասում ամրագրված և վիճարկվող դրույթով նախատեսված տարբերակված վերաբերմունքի հիմքը հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի՝ որոշակի տարիքային շեմն անցնելն է և դրանով պայմանավորված՝ մարդու ֆիզիոլոգիական, հոգեբանական, մտավոր որակների փոփոխությունը, ուստի՝ տարիքային հիշատակված սահմանափակումը՝ 65 տարին, ունի օբյեկտիվ հիմքեր, հետևաբար՝ ողջամտորեն հիմնավորված է:
58. Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելքը չի բացառում այնպիսի տարբերակված վերաբերմունքը, որն ունի օբյեկտիվ հիմք և հետապնդում է լեգիտիմ նպատակ՝ միևնույն ժամանակ, ապահովելով հետապնդվող լեգիտիմ նպատակի և անձանց իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն: Օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իրավակարգավորմամբ հետապնդվող լեգիտիմ նպատակներից է հանրային գիտական կազմակերպությունների արդյունավետ և որակյալ գործունեության ապահովումը, դրանց գործունեության բնականոն կառավարումը և կազմակերպումը, առաջանցի զարգացման ապահովումը:
59. Հետևաբար՝ տարիքային սահմանափակման տեսքով տարբերակված վերաբերմունքը միտված է լեգիտիմ նպատակի ապահովմանը, իսկ դրան ուղղված անհատական իրավունքների սահմանափակումները համատեղելի են Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների սահմանափակման սահմանադրաչափ չափանիշներին։
60. Սահմանադրական դատարանի տեսանկյունից՝ Օրենքի՝ «Հանրային գիտական կազմակերպության կառավարումը և կառավարման մարմինները» վերնագրով 27-րդ հոդվածի 9-րդ մասում ամրագրված տարբերակված վերաբերմունք պարունակող իրավական կարգավորումը միտված է լեգիտիմ հանրային շահի ապահովմանը, և այդ համատեքստում անհատական իրավունքների սահմանափակումը համահունչ է հիմնական իրավունքների սահմանափակման սահմանադրական չափանիշներին, չի հակասում խտրականության արգելքի մասին Սահմանադրության դրույթներին։
Գ. Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս նոր ենթակառուցվածքների ստեղծման արգելքի վերաբերյալ
61. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի շրջանակներում նախևառաջ բացահայտել օբյեկտիվ իմաստով կրթության ոլորտի սահմանադրաիրավական կարգավորումները և այդ լույսի ներքո գնահատել Ակադեմիական քաղաքի կազմակերպման ու գործունեության վերաբերյալ օրենսդրական դրույթները:
62. Սահմանադրության՝ «Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությունը» վերնագրով 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը: Սահմանադրական դատարանը, 2022 թվականի փետրվարի 22-ի ՍԴՈ-1629 որոշմամբ բացահայտելով Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի՝ կրթության ոլորտի իրավական կարգավորման կառուցակարգում հիմնարար նշանակությունը, արձանագրել է. «(...) կրթական համակարգը երկրի զարգացման ու առաջընթացի, գիտելիքահենք հասարակության ձևավորման, տնտեսական կայունության, մրցունակ աշխատաշուկայի կարևորագույն գրավականն է։ Դրան համապատասխան՝ կրթությունը զարգացնելու՝ պետության պարտականությունը ամրագրվել է որպես սահմանադրական կարգի հիմունք։
(...)
Սահմանադրության և ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունը հիմք է տալիս Սահմանադրական դատարանին եզրակացնելու, որ պետությունն իր սահմանադրական պարտականությանը համապատասխան՝ կրթության համակարգում կատարում է հավաքական հանրային պատասխանատուի դեր, որը դրսևորվում է կրթական համակարգի տարր հանդիսացող կրթական պետական կազմակերպությունների հիմնադրմամբ, ոլորտի օրենսդրական կարգավորմամբ, պետական ընդհանուր կառավարմամբ, վերահսկողության իրականացմամբ, պետական կրթական կազմակերպությունների կառավարմանը մասնակցությամբ։
Պետության առաջնահերթություններից է կրթական ոլորտում այնպիսի միջավայր ապահովելը, որը հնարավորություն կընձեռի կրթական ուսումնական հաստատություններին իրականացնելու իրենց առաքելությունը և երաշխավորելու անհատների կրթության իրավունքը»:
63. Վերահաստատելով իր՝ 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 և 2022 թվականի փետրվարի 22-ի ՍԴՈ-1629 որոշումներով արտահայտված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ պետության և հասարակության զարգացման, վերջիններիս գոյապահպանման հարցերում կրթությունը և գիտությունն առանցքային, հիմնարար նշանակություն ունեն:
64. Սահմանադրության 15-րդ հոդվածի ուժով կրթությունը կարևորագույն նշանակություն ունեցող հանրային ծառայություն է, և պետությունը, լինելով կրթության զարգացման ապահովման համար հանրային պատասխանատու, պարտավոր է կիրառել իր գործառութավորման բոլոր հնարավոր ձևերն ու մեթոդները, մշակել այնպիսի կրթական քաղաքականություն և ձևավորել այնպիսի կրթական համակարգ (այդ թվում՝ ինստիտուցիոնալ միջավայր), որը, առաջնորդվելով սահմանադրահեն գաղափարներով, մշտապես ուղղված կլինի կրթական համակարգի շարունակական զարգացմանը, առավելագույնս կապահովի Սահմանադրության՝ «Կրթության իրավունքը» վերնագրով 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված կրթության հիմնական իրավունքի մատչելիությունն ու դրա արդյունավետ իրացումը՝ երաշխավորելով կրթության հավասար իրավական և փաստացի հասանելիություն բոլորի և յուրաքանչյուրի համար: Այսպիսով, Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ պետության ստանձնած սահմանադրաիրավական առաքելությունից են բխում նաև կրթության հիմնական իրավունքի համակողմանի ապահովումը և արդյունավետ իրացման երաշխավորումը:
65. Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. (1) Օրենքի՝ «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» վերնագրով 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Ակադեմիական քաղաքը կրթության, հետազոտության, փորձարարական մշակումների, նորարարության, ինչպես նաև մշակութային և մտավոր ժամանցի համար պետության ստեղծած արդիական միջավայր է, որն ապահովում է ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համընթաց համագործակցությունը և երաշխավորում է ոլորտների միջազգային մրցունակությունը և գերազանցությունը, (2) Օրենքի՝ «Ակադեմիական քաղաքը»վերնագրով 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ակադեմիական քաղաքը ուսումնական, գիտական և հարակից հաստատությունների համալիր է, որը միտված է ապահովելու կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների միջև կապն ու համագործակցությունը՝ համապատասխան բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքներով հանդերձ։
66. Կառավարության՝ 2026 թվականի փետրվարի 26-ի՝ «Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման հավելվածի3 11-րդ կետի համաձայն՝ «Ակադեմիական քաղաքը կոչված է ապահովելու բարձրագույն կրթության, գիտության և արդյունաբերության խոր ու նպատակային ինտեգրումը՝ խթանելով նորարարական և տնտեսության վրա ազդեցություն ունեցող տեխնոլոգիաների զարգացումը և ստեղծելով միջավայր, որտեղ ձևավորվում են ապագայի մասնագետներն ու հետազոտական խմբերը։ Այն հանդես է գալիս որպես բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համակարգային բարեփոխումների առանցքային հանգրվան՝ նոր համակարգը զինելով ժամանակակից ֆիզիկական ենթակառուցվածքներով, համագործակցությունը խթանող միջավայրով և գիտելիքի շրջանառության արդյունավետ հարթակներով։ Այսպիսով, Ակադեմիական քաղաքը դառնալու է Հայաստանի ազգային առաջընթացի և զարգացման հիմնական մեխանիզմներից մեկը՝ նպաստելով երկրի միջազգային մրցունակության բարձրացմանը, անվտանգային ոլորտի տեխնոլոգիական հզորացմանը և տնտեսական գործունեության ոլորտի դիվերսիֆիկացմանը, որը կիրականացվի բարձրորակ հետազոտությունների, նորարարական մշակումների, ճարտարագիտական լուծումների, ինչպես նաև բարձրակարգ կադրերի նպատակային կրթության և վերապատրաստումների միջոցով»։
67. Նույն հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ «Ակադեմիական քաղաքը վեր է բարձրանում բարձրագույն կրթության և հետազոտությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով ձևավորված պատկերացումներից` ստեղծելով մի էկոհամակարգ, որը կայուն, կանաչ և հարմարավետ միջավայր լինելուց բացի՝ երաշխավորելու է նոր մշակույթ` կղզիացված համակարգերից անցնելով փոխկապակցված, շարժունությունը խրախուսող, ճկուն և գործընկերային միջավայրի` նպաստելով գիտելիքի ազատ շրջանառությանը և միջմշակութային շփումներին, որոնք կենսական նշանակություն ունեն կրթական, գիտական և նորարարական-ստեղծարար գործունեության համար: Այս էկոհամակարգը ձևավորելու է նաև միջավայրի և անհատի փոխազդեցության, միջանձնային հարաբերությունների կազմակերպման և համագործակցության նոր մշակույթ»:
68. Այսպիսով՝ Ակադեմիական քաղաքը կրթական, գիտական և արդյունաբերական ներուժի համախմբմանն ուղղված միասնական ինստիտուցիոնալ միջավայր է, որի հիմնական առաքելությունն է ապահովել ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների և համապատասխան ոլորտների փոխկապակցված զարգացումը, խթանել դրանց միջև համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել նշյալ ոլորտների միջազգային մրցունակությունն ու գերազանցությունը։
69. Օրենքի՝ «Անցումային դրույթներ» վերնագրով 44-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ «Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով»:
70. Պետությունը մշակել է բարձրագույն կրթության և գիտության զարգացման նոր տեսլական (մոդել), որի առանցքը Ակադեմիական քաղաքն է՝ որպես կրթական, գիտական և արդյունաբերական ներուժի համախմբման միասնական ինստիտուցիոնալ միջավայր։ Այս համատեքստում՝ վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումն արտահայտում է բարձրագույն կրթության համակարգի տարածքային և ինստիտուցիոնալ վերակազմակերպման հայեցակարգը՝ ծրագրելով բուհական ենթակառուցվածքների հետագա զարգացումը կենտրոնացնել Ակադեմիական քաղաքի շրջանակներում։ Բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումն Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելելու օրենսդրական կարգավորումը, ըստ էության, նպատակ ունի կանխելու բարձրագույն կրթության համակարգի հետագա տարածքային և գործառութային մասնատվածությունը և ձևավորելու այնպիսի միասնական ակադեմիական միջավայր, որտեղ կրթությունը, գիտությունը, նորարարությունը և տեխնոլոգիական զարգացումը կգործեն ոչ թե միմյանցից մեկուսացված, այլ փոխկապակցված և փոխլրացնող հարաբերությունների շրջանակներում։
71. Բուհական համակարգի արդյունավետությունը, ի թիվս այլնի, պայմանավորված է ոչ միայն առանձին բուհերի որակական ներուժով, այլև դրանց միջև ձևավորվող համագործակցային, կոորդինացիոն կապերի խտությամբ, գիտական հաղորդակցության ինտենսիվությամբ և ռեսուրսների համատեղ օգտագործման հնարավորություններով։ Այս առումով Ակադեմիական քաղաքի գաղափարը դիտարկվում է որպես կրթական և գիտական ներուժի կենտրոնացման ինստիտուցիոնալ հարթակ, և այդ համատեքստում՝ Օրենքի վիճարկվող դրույթով նախատեսված արգելքը, այն է՝ Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս նոր բուհական ենթակառուցվածքների ստեղծումը (բացառությամբ այն դեպքերի, երբ ենթակառուցվածքի բնույթը պայմանավորված է կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով) նպատակ է հետապնդում խթանելու բուհական ենթակառուցվածքների կենտրոնացումը Ակադեմիական քաղաքի շրջանակում, որի կառուցումը միտված է կրթության և գիտության ոլորտի բնականոն, համակարգային տեսանկյունից արդյունավետ, օպտիմալ գործունեությունը և դրա զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների ռացիոնալ բաշխումն ու օգտագործումն ապահովելուն։
72. Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Օրենքի 44-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված խնդրո առարկա արգելող դրույթը վերաբերում է ՀՀ տարածքում գործող բոլոր, մասնավորապես՝ հանրային, միջպետական, մասնավոր բուհերին անխտիր, սակայն չի կրում բացարձակ բնույթ. օրենսդիրը սահմանում է հիմնական կանոնը՝ բուհական նոր ենթակառուցվածքները պետք է ստեղծվեն Ակադեմիական քաղաքի տարածքում, սակայն դրանից դուրս տեղակայումը ևս կարող է համարվել իրավաչափ՝ միայն բացառիկ և օբյեկտիվորեն հիմնավորված դեպքերում, որպիսիք են այն իրավիճակները, երբ ենթակառուցվածքի կոնկրետ բաղադրիչի գործունեությունն իր էությամբ անբաժանելիորեն կապված է որոշակի բնակլիմայական կամ աշխարհագրական պայմանների հետ։
73. Սույն բացառության ամրագրումն առանցքային նշանակություն ունի իրավակարգավորման ներքին հավասարակշռության ապահովման տեսանկյունից. իրավական և ժողովրդավարական պետության կերտման և շարունակական զարգացման ուղին հանձնառած պետությունը նույնիսկ հանրային նշանակության խոշորագույն ծրագրերը կենսագործելիս համապատասխան իրավակարգավորումների սահմանումն ու կիրառումը չի կարող ուրվագծել բացարձակացման տրամաբանությամբ՝ անտեսելով իրականության բազմազանությունն ու առարկայական նշանակություն ունեցող հանգամանքները։ Բարձրագույն կրթության ոլորտում ևս կարող են գոյություն ունենալ այնպիսի ուսումնագիտական, հետազոտական կամ փորձարարական գործունեության տեսակներ, որոնց իրականացումը հնարավոր չէ կամ նպատակահարմար չէ Ակադեմիական քաղաքի տարածքում, հետևաբար՝ օրենսդիրը, պահպանելով ընդհանուր կանոնը, միաժամանակ ճանաչում է նաև իրականության օբյեկտիվ պահանջները և թույլ է տալիս հաշվի առնել դրանք։
74. Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ակադեմիական քաղաքի կառուցումն ինքնին համահունչ է Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ պետության սահմանադրաիրավական պարտականությանը՝ պայմանով, որ նախատեսվեն այնպիսի կազմակերպական և ընթացակարգային կարգավորումներ, որոնք (1) կապահովեն բարձրագույն կրթության համակարգի համագործակցային և արդյունավետ գործառութավորումը, (2) կապահովեն կրթության իրավունքի իրացման մատչելիությունը, (3) միտված կլինեն Ակադեմիական քաղաքի բնականոն գործունեության ապահովմանը, (4) անխտիր կվերաբերեն ՀՀ տարածքում գործող բոլոր բուհերին (հանրային, միջպետական, մասնավոր), (5) չեն խոչընդոտի Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս գործունեություն ծավալող համապատասխան բուհական այնպիսի ենթակառուցվածքների գործունեությունը, որոնք իրենց էությամբ անբաժանելիորեն կապված են որոշակի պայմանների հետ։
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
3. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
4. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությունը համապատասխանում է Սահմանադրությանը:
5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
________________
1 Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշյալ կարգավորման ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Օրենքի 44-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությանը, հետևաբար՝ սույն որոշման շրջանակներում նույն հոդվածի 13-րդ մասի երկրորդ և երրորդ նախադասությունների սահմանադրականությունը քննարկման առարկա չի դարձել:
2 Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ արտահայտված այս դիրքորոշումը կառուցված է բուհերի ինքնակառավարման իրավունքի միջազգային իրավական չափորոշիչների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ» հանձնարարականի (1997թ.), ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 13-րդ համընդհանուր մեկնաբանության, եվրոպական համալսարանների ռեկտորների կողմից 1988 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրված «Magna Charta Universitatum»-ի վերլուծությունների վրա:
3 Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/221830:
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
13 հոկտեմբերի 2026 թվականի ՍԴՈ-1847 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2026 թվական: