ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 1991 թվականի N 559
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի կանոնադրությունը (կցվում է):
|
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության Նախարարների Խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 14-ի N 559 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի (Հայերկրաբանպետկոմ) կազմակերպման սկզբունքները, խնդիրները, ֆունկցիաները, իրավունքներն ու պարտականությունները:
2. Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեն պետական կառավարման հանրապետական մարմին է և իր գործունեությամբ ենթարկվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին:
3. Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեն իրականացնում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրման (տեղանքի երկրաբանական հանույթ, օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, գնահատում և հետախուզում) աշխատանքներ, արդյունաբերության մեջ օգտակար հանածոների հանքավայրերի ներգրավման և շահագործվող հանքավայրերի պաշարների փոփոխման (շարժի) նկատմամբ վերահսկողություն և պատասխանատվություն է կրում հանրապետության հանքահումքային բազայի վիճակի ու զարգացման, հանքային հումքի հետախուզված պաշարներով ժողովրդական տնտեսության կարիքների ապահովման, ինչպես նաև օգտագործողներին տրամադրվող ընդերքի վերաբերյալ երկրաբանական տեղեկատվության հավաստիության համար:
4. Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեն իր գործունեությամբ ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ու օրենքներով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, հանրապետության կառավարության որոշումներով և կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով ու այլ որոշումներով, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին:
5. Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, հաշիվներ` բանկերում:
II. Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի հիմնական խնդիրներն ու ֆունկցիաները
6. Հայերկրաբանպետկոմի հիմնական խնդիրներն ու ֆունկցիաներն են`
ա) հանրապետության հանքահումքային բազայի կազմավորումը` այն համաձայնեցնելով հանրապետական ու միութենական ծրագրերին.
բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ համատեղ հանրապետության հանքահումքային բազայի օգտագործման ստրատեգիայի, վերարտադրության տեմպերի, հետագա ընդլայնման ու որակական բարելավման որոշումը և դրա վերարտադրության համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների ծավալի հիմնավորումը, հաշվի առնելով արտադրողական ուժերի ընթացիկ ու հեռանկարային զարգացումը, բնապահպանական պահանջները, հանքային հումքի կոնյունկտուրան ու համալիր օգտագործումը.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը` երկրաբանական կառուցվածքի համալիր ուսումնասիրման, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, գնահատման, հետախուզման նպատակով, ինչպես նաև կոմիտեի գործունեության հետ կապված հատուկ աշխատանքների կատարումը.
դ) շահագրգռված գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ համատեղ միասնական գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը ընդերքի ուսումնասիրման ու պահպանման բնագավառում.
ե) օգտակար հանածոների պաշարների հաստատումն ու պետական հաշվառումը, դրանց արդյունավետ և համալիր օգտագործման տեխնիկատնտեսական հիմնական պայմանների սահմանումը.
զ) ընդհանուր տարածում գտած օգտակար հանածոների և տեղական նշանակության հանքավայրերի ցանկերի նախապատրաստումը.
է) Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների միասնական պետական հաշվեկշռի և հանքավայրերի կադաստրի վարումը.
ը) Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսվող երկրաբանահետախուզական բոլոր աշխատանքների արձանագրումը, ինչպես նաև հանրապետությունում կատարված երկրաբանահետախուզական բոլոր աշխատանքների մասին լրիվ տեղեկության հավաքումը, պահպանումն ու օգտագործումը.
թ) օգտակար հանածոների հանքավայրերի օգտագործման ու վիճակի վերաբերյալ հանրապետական տեղեկատվական համակարգի ստեղծման ու զարգացման ապահովումը.
ժ) երկրաբանահետախուզական աշխատանքների արժեքագոյացման սկզբունքների որոշումը: Պետական առաջադրանքներով կատարվող երկրաբանահետախուզական և գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը, հատկացումների արդյունավետ օգտագործման ու պետական առաջադրանքների կատարման նկատմամբ հսկողությունը.
ի) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հանձնարարությամբ ընդերքի օգտագործման թույլտվությունը` երկրաբանական ուսումնասիրության համար.
լ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հատուկ լիազորված մարմնի կողմից օգտակար հանածոների հանույթի նպատակով լիցենզիաների և հատուկ ջրօգտագործման ու ջրի համար շահագործական հորատանցքերի հորատման թույլտվության ձևակերպման համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը.
խ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հանձնարարությամբ, սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա ընդերքն օգտագործողների հետ պայմանագրերի (կոնտրակտների) կնքումը, դրանցում հաշվի առնելով ընդերքից օգտվելու պայմաններն ու ժամկետները.
ծ) բոլոր տեսակների օգտակար հանածոների հանույթի համար ընդերքից օգտվելու վարձի նորմատիվների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.
կ) օտարվող տարածքների ընդերքում օգտակար հանածոների առկայության կամ բացակայության մասին եզրակացությունների նախապատրաստումը և տրամադրումը շահագրգռված կազմակերպություններին.
հ) պետական երկրաբանական հսկողությունը այն բոլոր կազմակերպությունների ու ձեռնարկությունների նկատմամբ, որոնք կատարում են երկրաբանահետախուզական աշխատանքներ և շահագործում են օգտակար հանածոների հանքավայրեր: Բոլոր տեսակի ստորերկրյա ջրերի վիճակի ուսումնասիրության իրականացումը.
ձ) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակմանը.
ղ) շահագրգռված գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ համատեղ ընդերքի ուսումնասիրմանը, օգտագործմանն ու պահպանմանը վերաբերող հանրապետական օրենսդրական և նորմատիվ ակտերի նախագծերի պատրաստումը.
ճ) արտաքին տնտեսական կապերի զարգացումը երկրաբանության և հանքային հումքի օգտագործման բնագավառում.
մ) ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման ապահովումը.
յ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ աշխատավորների սոցիալական պաշտպանության ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
III. Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի իրավունքները
7. Սույն կանոնադրությամբ իր վրա դրված խնդիրներն ու ֆունկցիաները կատարելու համար Հայերկրաբանպետկոմն իրավունք ունի`
ա) իր իրավասության սահմաններում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման վերաբերյալ ընդունել հրամաններ, որոշումներ, հրահանգներ ու մեթոդական ցուցումներ, որոնք պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության սահմաններում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարող բոլոր նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության մյուս նախարարությունների ու գերատեսչությունների հետ հրապարակել համատեղ ակտեր.
բ) վերահսկել պաշարների որակական ու քանակական ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ երկրաբանամարկշեյդերական տվյալների և ջրի համար շահագործական հորատանցքերի ռեժիմային ուսումնասիրությունը.
գ) ընդերքի երկրաբանական ուսումնասիրման սահմանված կարգի ու կանոնների, ինչպես նաև ընդերքն օգտագործողների կողմից պայմանագրային պարտավորությունների խախտումների դեպքում կիրառել օրենսդրությամբ սահմանված սանկցիաներ.
դ) մշակել և հաստատել երկրաբանահետախուզական գործընթացը կարգավորող մեթոդական ցուցումներ և նորմատիվ ակտեր` պարտադիր բոլոր այն ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար, որոնք հանրապետության տարածքում կատարում են երկրաբանահետախուզական աշխատանքներ.
ե) իր իրավասության սահմաններում վարել բանակցություններ և կնքել պայմանագրեր ու համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև մյուս հանրապետությունների ու օտարերկրյա պետությունների իրավաբանական անձանց և քաղաքացիների հետ.
զ) ստեղծել ու վերակազմել իրավասության ենթակա ձեռնարկություններ, կազմակերպություններ և տնտհաշվարկային ստորաբաժանումներ, այդ թվում` երկրաբանահետախուզական, գիտական կենտրոններ, ֆիրմաներ, համատեղ ու փոքր ձեռնարկություններ, հաստատել իր ենթակա կազմակերպությունների ու ձեռնարկությունների կանոնակարգերն ու կանոնադրությունները.
է) սահմանված կարգով լուծել կոմիտեի իրավասությանը վերաբերող և ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ֆինանսավորման, պլանավորման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման հարցերը.
ը) նախարարություններից, գերատեսչություններից, գիտական կազմակերպություններից ու ձեռնարկություններից պահանջել և ստանալ նյութեր, առաջարկություններ ու եզրակացություններ երկրաբանության և հանքային հումքի օգտագործման հարցերի վերաբերյալ.
թ) իր իրավասության սահմաններում քննել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր և նշանակել վարչական տույժեր:
IV. Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի կառավարումը
8. Հայերկրաբանպետկոմը ղեկավարում է նախագահը, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջադրմամբ:
Նախագահն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` կոմիտեի նախագահի առաջադրմամբ:
9. Հայերկրաբանպետկոմի նախագահը`
ա) ղեկավարում է կոմիտեի գործունեությունը.
բ) անձնական պատասխանատվություն է կրում կոմիտեի վրա դրված խնդիրների ու ֆունկցիաների, ինչպես նաև հանրապետության կառավարության որոշումների և կարգադրությունների կատարման համար.
գ) կազմակերպում է կոմիտեի վարչությունների ու բաժինների, ինչպես նաև ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը.
դ) հրատարակում է հրամաններ, կարգադրություններ ու հրահանգներ, որոնք վերաբերում են կոմիտեի գործունեությանը և չեղյալ է համարում իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների այն հրամանները, կարգադրությունները և հրահանգները, որոնք հակասում են գործող օրենսդրությանը.
ե) հաստատում է կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքն ու հաստիքները` հանրապետության կառավարության կողմից հաստատված աշխատանքի վարձատրության ֆոնդի, պաշտոնական դրույքների և ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակի սահմաններում.
զ) կատարում է տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.
է) հաստատում է կոմիտեի վարչությունների ու բաժինների կանոնադրությունները.
ը) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոմիտեի ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար, ինչպես նաև կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողներին:
10. Հայերկրաբանպետկոմում ստեղծվում է կոլեգիա` կոմիտեի նախագահի (կոլեգիայի նախագահ) և կոմիտեի նախագահի տեղակալների, ինչպես նաև կոմիտեի համակարգի մյուս ղեկավար ու առաջատար աշխատողների կազմով:
Կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` կոմիտեի նախագահի առաջադրմամբ:
11. Հայերկրաբանպետկոմի կոլեգիան իր նիստերում քննության է առնում կոմիտեի գործունեությանը վերաբերող կարևորագույն հարցեր:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախագահի հրամաններով: Նախագահի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում, նախագահը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին: Կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ:
12. Հայերկրաբանպետկոմի հարաբերությունները ենթակա կազմակերպությունների հետ կառուցվում են համաձայն գործող օրենսդրության, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով` փոխադարձ տնտեսական պատասխանատվությամբ:
13. Հայերկրաբանպետկոմի գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են`
հանրապետական բյուջեից և այլ բյուջեներից հատկացվող միջոցները.
արտաքին տնտեսական և առևտրային գործունեությունից ստացվող եկամուտները.
պատվիրատուներից ստացվող միջոցները.
մյուս նպատակային միջոցները.
14. Հայերկրաբանպետկոմի ապարատի պահպանման ծախսերը ծածկվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Այդ ծախսերի ամենամյա առավելագույն գումարը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
15. Փորձաքննության և օգտակար հանածոների պաշարների հաստատման, հանքային հումքի բազմակողմանի հիմնավորված կոնդիցիաների որոշման ֆունկցիաների կատարման, ինչպես նաև պետական հաշվեկշռում առկա պաշարների դուրսգրման նյութերի քննարկման ու հաստատման նպատակով հանքավայրերի և կանխատեսվող ռեսուրսների գնահատման ասպարեզում միացյալ տեխնիկական քաղաքականության ապահովման համար Հայերկրաբանպետկոմի կազմում ստեղծվում է օգտակար հանածոների պաշարների հանրապետական հանձնաժողով (Հայաստանի ՊՀՀ):
Հանձնաժողովը ղեկավարում է կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը:
Հայաստանի ՊՀՀ-ի կանոնադրությունը և նրա կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
16. Հանքահումքային բազայի, գիտության ու տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների մասին առաջարկությունների քննարկման, ընդերքի երկրաբանական ուսումնասիրման մեջ միասնական գիտական ու տեխնիկական քաղաքականության սահմանման, ինչպես նաև կարևորագույն առաջադրանքների մշակման և դրանց արդյունքների գնահատման համար Հայերկրաբանպետկոմում ստեղծվում է փորձագետների խորհուրդ, որում ներգրավվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, արտադրության ղեկավարներ, գիտնականներ:
Փորձագետների խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է Հայերկրաբանպետկոմի նախագահը:
17. Հայերկրաբանպետկոմի վերակազմավորումը (ձուլումը, միացումը, բաժանումը) կամ նրա գործունեության դադարեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ: