ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1391-Ն
ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 112.1-ին հոդվածի 11-13-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2.1-ին մասով, 114-րդ հոդվածի 2-րդ մասով, 128-րդ հոդվածի 4-րդ մասով, 150-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 22-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) որդեգրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) որդեգրման վերահսկողության իրականացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 269-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
4. Սահմանել, որ, եթե անձը որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվել է մինչև սույն որոշման 3-րդ կետով սահմանված՝ դրա ուժի մեջ մտնելը նախորդող ժամանակահատվածում, ապա որդեգրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումներով, ներառյալ՝ չպահանջելով որդեգրել ցանկացող անձից տեղեկատվական համակարգում անհատական օգտահաշիվ ունենալը:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
25.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 24-ի N 1391-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՐԴԵԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ենթակա երեխաների հաշվառման, որդեգրել ցանկացող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ միասին` օտարերկրացի) հաշվառման, որդեգրել ցանկացող անձի (երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած և հաշվառված անձի) և որդեգրման ենթակա երեխայի համադրման, ինչպես նաև օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման (այսուհետ նաև՝ օտարերկրյա որդեգրում) առանձնահատկությունների, երեխայի որդեգրման կամ որդեգրման գործընթացի գաղտնիության և նրանց մասին տեղեկությունների տրամադրման հետ կապված և որդեգրմանն առնչվող հարակից հարաբերությունները:
2. Որդեգրումը չի համարվում այլընտրանքային խնամք և առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման նախապատվելի ձև է: Որդեգրումն իրականացվում է ելնելով որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերից` որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման (այսուհետ՝ համադրում) հիման վրա՝ հաշվի առնելով երեխայի լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները:
3. Որդեգրումն իրականացվում է դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ գլխի համաձայն:
4. Որդեգրմանը ներգրավված են և իրենց լիազորությունների շրջանակում գործառույթներ իրականացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Կենտրոնական մարմին), Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն), մարզերում՝ մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը (այսուհետ միասին՝ աշխատակազմ), խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ ի դեմս երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողների (այսուհետ՝ մասնագիտացված սոցիալական աշխատող), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ՝ Ոստիկանություն), բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունը (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն), օտարերկրյա որդեգրման դեպքում՝ ավտորիզացված հավատարմագրված կազմակերպությունները (այսուհետ՝ հավատարմագրված կազմակերպություն), Հայաստանի Հանրապետությունում դրանց ներկայացուցիչները կամ ներկայացուցչությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ մարմիններ կամ կազմակերպություններ՝ օրենքով նախատեսված դեպքերում:
2. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
5. Որդեգրման ենթակա է առանց ծնողական խնամքի մնացած այն երեխան, որի ծնողները կամ միակ ծնողը՝
1) մահացել են.
2) դատարանի կողմից ճանաչվել են մահացած.
3) դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ.
4) դատարանի կողմից զրկվել են ծնողական իրավունքներից.
5) հրաժարվել են երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից:
6․ Երեխան որդեգրման ենթակա է նաև այն դեպքում, երբ երեխայի ծնողները կամ միակ ծնողը՝
1) անհայտ են.
2) դատարանի կողմից ճանաչվել են անհայտ բացակայող.
3) դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրան դաստիարակելուց ու ապրուստը հոգալուց։
Սույն կետում նշված դեպքերում երեխային որդեգրելու համար նրա ծնողների կամ միակ ծնողի համաձայնությունը չի պահանջվում։
7. Որդեգրման ենթակա է նաև այն երեխան, որի ծնողը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հայտնել է իր համաձայնությունը երեխային որդեգրման տալու վերաբերյալ:
8. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա՝ բացառապես Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.2-րդ մասին համապատասխան Ոստիկանությանն ուղղված հարցման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա:
9. Եթե սույն կարգի 5-8-րդ կետերում նշված երեխան խնամք ու դաստիարակություն է ստանում խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում, ապա նրա հաշվառման համար անհրաժեշտ է նաև այդ երեխայի խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը։ Սույն կետով նախատեսված համաձայնության բացակայությունը խոչընդոտ չէ երեխային որդեգրման ենթակա երեխա հաշվառելու համար, եթե այդ հաշվառումը և ապագա որդեգրումը բխում են երեխայի լավագույն շահերից: Սույն կետով նախատեսված համաձայնության բացակայության դեպքում երեխային որդեգրման ենթակա երեխա հաշվառելու և ապագա որդեգրման՝ երեխայի լավագույն շահերից բխելու մասին եզրակացություն տրամադրում է աշխատակազմը:
10. Սույն կարգի 5-8-րդ կետերում նշված երեխան տեղեկատվական համակարգում հաշվառվում է որպես որդեգրման ենթակա երեխա աշխատակազմի կողմից՝
1) սույն կարգի 5-8-րդ կետերում նշված փաստն աշխատակազմին հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքի.
2) երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում ստանալու դեպքում՝ սույն կարգի 9-րդ կետում նշված համաձայնությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ համաձայնության բացակայության դեպքում, եթե այդ հաշվառումը և որդեգրումը բխում են երեխայի լավագույն շահերից՝ համաձայնություն տրամադրելու մերժումը ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովվելով սույն կարգի 9-րդ կետում նշված եզրակացության կազմումը.
3) սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում՝ գրավոր համաձայնությունը ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
4) երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարման դեպքում` հրաժարումից առնվազն 6 ամիս հետո:
11. Սույն կարգի 9-րդ կետում նշված համաձայնության բացակայության դեպքում մասնագիտացված սոցիալական աշխատողի կողմից կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են խնամակալի կամ հոգաբարձուի համաձայնությունը չտրամադրելու պատճառաբանությունները, ինչպես նաև որդեգրումը՝ որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերից բխելու հիմնավորումը: Սույն կետում նշված արձանագրությունը ներկայացվում է դատարան՝ որդեգրման վերաբերյալ վճիռ կայացնելիս հաշվի առնելու նպատակով։
12. Որդեգրման ենթակա երեխայի հաշվառման դեպքում տեղեկատվական համակարգում ձևավորվում է հաշվառման տեղեկանքը։
13. Սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետում կամ 7-րդ կետում նախատեսված պայմանների հիմք հանդիսացող՝ ծնողների կամ միակ ծնողի երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից տված գրավոր հրաժարումը կամ միակ ծնողի գրավոր համաձայնությունը երեխային որդեգրման տալու վերաբերյալ հետ վերցնելու դեպքում, երեխան հանվում է հաշվառումից, եթե գրավոր հրաժարումը կամ համաձայնությունը հետ վերցնելն իրականացվել է մինչև երեխային որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Սույն կետով նախատեսված՝ հրաժարումը կամ համաձայնությունը հետ վերցնելն իրականացվում է գրավոր այն անձանց ներկայությամբ կամ հավաստմամբ, ովքեր մասնակցել են հրաժարումը կամ համաձայնությունը տրամադրելիս կամ եթե այդ անձինք այլևս այդ պաշտոնը չեն զբաղեցնում՝ նրանց փոխարինող մասնագետների հավաստմամբ:
14. Որդեգրման ենթակա երեխային հաշվառելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմը դիմում է այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն, որտեղ երեխան սահմանված կարգով գրանցված է՝ որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակի մասին գնահատում իրականացնելու նպատակով: Սույն կետում նշված գնահատման ընթացքում կամ դրանից հետո ըստ անհրաժեշտության առողջության առաջնային բժիշկը կարող է կազմակերպել երեխայի ուղեգրումը` նեղ մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:
15. Որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակի մասին եզրակացությունը տրամադրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակով պայմանավորված չկա ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների, այդ թվում՝ նորագույն և բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն: Եթե այդ անհրաժեշտությունն առկա է, ապա որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակի մասին եզրակացությունը տրամադրվում է ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների, այդ թվում՝ նորագույն և բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման արդյունքները ստանալուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն կետում նշված ժամկետով աշխատակազմը կասեցնում է հաշվառման հետ կապված գործողությունների կատարումը և որդեգրման ենթակա երեխայի տվյալները տեսանելի չեն լինում տեղեկատվական համակարգում, իսկ որդեգրման հետ կապված գործողությունները վերսկսում են ու որդեգրման ենթակա երեխայի տվյալները տեղեկատվական համակարգում դառնում են տեսանելի՝ որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակի մասին եզրակացությունը տեղեկատվական համակարգ մուտքագրելուց հետո:
16. Աշխատակազմն առողջական վիճակի մասին եզրակացություն չի պահանջում և հետագայում նաև համադրում չի իրականացնում, եթե երեխայի խնամքն իրականացվում է որդեգրել ցանկացող անձի կողմից:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
17. Տեղեկատվական համակարգում գրանցված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացուն որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառում է աշխատակազմը:
18. Աշխատակազմն անձին չի կարող հաշվառվել որպես որդեգրել ցանկացող անձ, եթե՝
1) անձը դատական կարգով ճանաչվել է անգործունակ.
2) անձը դատական կարգով ճանաչվել է սահմանափակ գործունակ.
3) անձի ամուսինը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
4) անձը դատական կարգով երբևէ զրկվել է ծնողական իրավունքներից.
5) անձը դատական կարգով երբևէ սահմանափակվել է ծնողական իրավունքներում.
6) անձի վրա օրենքով դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար նա հեռացվել է խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններից.
7) անձի հետ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար երբևէ լուծվել է խնամատարության պայմանագիրը.
8) անձը նախկին որդեգրող է, և նախկին որդեգրումը դատարանով վերացվել է նրա մեղքով.
9) անձն առողջական վիճակով պայմանավորված չի կարող իրականացնել ծնողական իրավունքներ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկը.
10) անձը որդեգրման պահին չունի այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները՝ Լիազոր մարմնի ղեկավարի հրամանին համապատասխան.
11) անձի՝ բնակելի տարածքը կամ այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ, չի համապատասխանում Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին.
12) որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու պահին անձը կամ նրա ամուսինն ունի դատվածություն մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության համար.
13) անձը կամ նրա ամուսինը դատապարտվել է մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.
14) անձը կամ նրա ամուսինն «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել է որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ:
19. Սույն կարգի 18-րդ կետի 3-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերի պայմանները որդեգրել ցանկացող անձի ամուսնու նկատմամբ կիրառելի են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնության դեպքում:
Սույն կարգի 18-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի վերաբերյալ տեղեկատվությունը որդեգրել ցանկացող անձը ներկայացնում է աշխատակազմին՝ դատական դեպարտամենտից իր վերաբերյալ համապատասխան հարցման պատասխանի լուսապատճեն ներբեռնելով իր դիմումին:
Սույն կարգի 18-րդ կետի 6-րդ ենթակետի վերաբերյալ տեղեկատվությունը որդեգրել ցանկացող անձը ներկայացնում է աշխատակազմին նաև նրա բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնից իր վերաբերյալ համապատասխան հարցման պատասխանի լուսապատճեն ներբեռնելով իր դիմումին:
20. Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով գրանցվում է տեղեկատվական համակարգում՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված անհատական օգտահաշվի միջոցով: Անհատական օգտահաշվում նա լրացնում է դիմում (այսուհետ՝ դիմում)՝ որդեգրելու ցանկություն հայտնելու մասին, ինչպես նաև լրացնում է հետևյալ տեղեկությունը կամ ներբեռնում այն բովանդակող հետևյալ փաստաթղթերը`
1) անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ.
2) աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի կամ աշխատանքի մասին տեղեկություն կամ համապատասխան տեղեկանք.
3) երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու (երեխայի ծնողի) գրավոր համաձայնություն.
4) համաձայնություն՝ սույն կարգով նախատեսված անհրաժեշտ այլ տեղեկությունը տեղեկատվական համակարգերի միջոցով որոնելու, ներբեռնելու և որդեգրման գործընթացի համար կիրառելու մասին.
5) համաձայնություն՝ կենսապայմանների և ընտանիքում փոխհարաբերությունների, ծնողավարման փորձի, ընտանիքի անդամների խնամատարության վերաբերյալ դիրքորոշման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց կենսաբանական ծնողների նկատմամբ ունեցած դիրքորոշումների, մոտիվացիայի գնահատման նպատակով տնային այցելություններ կատարելու մասին, ինչպես նաև սույն կարգով պահանջվող տեղեկատվությունն աշխատակազմի կողմից տեղեկատվական համակարգի միջոցով հայցելու մասին, ինչպես նաև համաձայնություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններով դիմողի հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող տեղեկատվությունն աշխատակազմի կողմից Առողջապահության նախարարությունից տեղեկատվական համակարգի միջոցով հայցելու և դիմումը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում այդ հիվանդությունները բացառելու նպատակով համապատասխան բժշկական հետազոտությունները և զննություններն անցնելու մասին.
6) որդեգրումից հետո իր և որդեգրած երեխայի համատեղ բնակության հասցեում բնակության փաստը հաստատող կամ թույլատրող փաստաթղթերի, ներառյալ՝ սեփականության վկայականի, բնակելի այդ տարածքի այլ սեփականատիրոջ դեպքում՝ տվյալ հասցեում բնակվելու համաձայնության, վարձակալության պայմանագրի լուսապատճեն:
21. Սույն կարգի 20-րդ կետի 4-րդ ենթակետում նշված համաձայնությունը ստանալուց հետո, բացի սույն կարգի 20-րդ կետում նշված տեղեկությունից, ինքնաշխատ կերպով տեղեկատվական համակարգում ներբեռնվում են հետևյալ տեղեկությունները՝
1) ընտանիքի կազմի մասին տեղեկանք` ներբեռնված բնակության վայրի համատիրությունից կամ դեպքի վարման համակարգից.
2) սեփականության վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճեն՝ կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգից.
3) քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղեկատվական համակարգից ներբեռնված տեղեկանքներ որդեգրել ցանկացող անձի՝ ամուսնացած, ամուսնալուծված և երեխա ունենալու մասին՝ կցելով համապատասխան վկայականների լուսապատճեները.
4) Ոստիկանության տեղեկատվական համակարգից ներբեռնված՝
ա. տեղեկանք մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար դատվածության բացակայության մասին՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, ինչպես նաև տեղեկանքը տրամադրելու պահին բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության համար դատվածության բացակայության մասին,
բ. տեղեկանք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ հաշվառված չլինելու մասին.
5) պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական համակարգից ներբեռնված տեղեկանք եկամուտների մասին՝ անհատական օգտահաշիվ ստեղծելուն նախորդող երկու տարվա վերաբերյալ՝ ըստ ամիսների.
6) դատական դեպարտամենտից ստացված պատասխանի լուսապատճեն՝ սույն կարգի 18-րդ կետի 4-6-րդ ենթակետերի վերաբերյալ տեղեկատվության վերաբերյալ:
22. Դիմումը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, աշխատակազմը տարածքային կենտրոնին տեղեկատվական համակարգով ծանուցում է որդեգրել ցանկացող անձի մասին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բնակելի տարածքը կամ այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ, Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին համապատասխանելու մասին տեղեկանքը տրամադրելու, ինչպես նաև որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու և դրա արդյունքների հիման վրա կենսապայմանների գնահատման մասին եզրակացություն տրամադրելու մասին: Տարածքային կենտրոնը ծանուցվում է նաև երեխայի մոտ կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին, ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունենալու մասին՝ որդեգրելու ցանկություն հայտնած անձի մոտ երեխային բուժման և խնամքի անհրաժեշտ պայմաններով ապահովվածությունը պարզելու համար: Տարածքային կենտրոնը սույն կետում նշված տեղեկանքը և եզրակացությունը տեղեկատվական համակարգում կազմում է ծանուցումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
23. Սույն կարգի 21-րդ կետի 5-րդ ենթակետում նշված եկամտի չափը համեմատվում է ընտանիքի կազմի տեղեկանքի հետ և աշխատակազմի կողմից վերլուծվում որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանների ապահովման տեսանկյունից այնպես, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առնվազն ապահովված լինի կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի չափը, ինչպես նաև հնարավոր լինի բավարարել երեխայի զարգացող կարիքները:
24. Որդեգրել ցանկացող անձն անհատական օգտահաշվում պարտավոր է նշել առնվազն երեք անձանց անուն, ազգանուն, հայրանուն և էլեկտրոնային հասցե, որոնք կկարողանան բնութագրել որդեգրել ցանկացող անձին՝ կազմելով բնութագիր-երաշխավորություն: Որդեգրել ցանկացող անձն ինքնուրույն պայմանավորվածություն է ձեռք բերում սույն կետում նշված երեք անձանց հետ և ստանում նրանց բանավոր համաձայնությունը բնութագիր-երաշխավորություն կազմելու համար: Բնութագիր-երաշխավորություն կազմող անձը պետք է անձամբ ճանաչի որդեգրել ցանկացող անձին և կարողանա նրան բնութագրել՝ որդեգրել ցանկացող անձի կենսագործունեության տարբեր տեսանկյուններից: Բնութագիր-երաշխավորությունները գնահատվելու են համադրման մասնագիտական փուլի ընթացքում։
25. Աշխատակազմը սույն կարգի 20-24-րդ կետերով նախատեսված տեղեկություններն ու փաստաթղթերը տեղեկատվական համակարգում հասանելի դառնալուց հետո, եթե գտնում է, որ չկա որևէ խոչընդոտ անձին որպես երեխա որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար, եռօրյա ժամկետում այդ փաստաթղթերը տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի է դարձնում որդեգրել ցանկացող անձանց համար նախատեսված վերապատրաստման դասընթացի ենթաբաժնում՝ երեխա որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով նախապատրաստական դասընթացի մասնակցությունն ապահովելու նպատակով։ Լիազոր մարմինը պարտավոր է փաստաթղթերի հասանելիությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել սույն ենթակետում նշված դասընթացը, որն արդյունավետորեն անցնելու դեպքում երեխա որդեգրել ցանկացող անձը ստանում է դասընթացն ավարտելու մասին վկայական, որի պատճենը Լիազոր մարմինը ներբեռնում է տեղեկատվական համակարգ:
26. Աշխատակազմը, տեղեկատվական համակարգում տեսնելով սույն կարգի 25-րդ կետով նախատեսված վկայականը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում է որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն:
27. Աշխատակազմը սույն կարգի 20-23-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո, եթե գտնում է, որ առկա է խոչընդոտ անձին որպես երեխա որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար կամ պահանջվող տեղեկությունները չեն ներկայացվել կամ փաստաթղթերում առկա թերությունները չեն ուղղվել սույն կարգի 37-րդ կետով սահմանված ժամկետում կամ տարածքային կենտրոնի կողմից տրված կենսապայմանների գնահատման մասին բացասական եզրակացության հիման վրա հնգօրյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն:
28. Ամուսնության մեջ գտնվող անձանցից յուրաքանչյուրը պարտավոր է սույն կարգի 20-26-րդ կետերով նախատեսված ընթացակարգով հաշվառվել որպես որդեգրել ցանկացող անձ և ստանալ որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն: Որդեգրումն արգելվում է, եթե ամուսնության մեջ գտնվող՝ որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու իրավունքը սահմանափակող կամ որդեգրումն արգելող նորմը կիրառելի է ամուսիններից առնվազն մեկի նկատմամբ:
29. Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացությունը տեղեկատվական համակարգի միջոցով ձևավորվելուց անմիջապես հետո հասանելի է դառնում որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին, որտեղ նշված է, որ եզրակացությունն ունի 18 ամիս ժամկետ, որը հաշվարկվում է եզրակացության տրման օրվանից։
30. Երեխա որդեգրելու հնարավորության մասին բացասական եզրակացության դեպքում տեղեկատվական համակարգի միջոցով որդեգրել ցանկացող անձը տեղեկանում է բացասական եզրակացություն ստանալու պատճառները վերանալու կամ վերացնելու դեպքում կրկին դիմելու հնարավորության մասին:
31. Աշխատակազմը երեխա որդեգրել ցանկացող անձի հաշվառումն իրականացվում է դրական եզրակացության վավերականության ժամկետով՝ դրական եզրակացությունը որդեգրել ցանկացող անձի կողմից ստանալուց անմիջապես հետո:
32. Սույն կարգի 25-րդ կետում նշված դասընթացը կազմակերպվում է անվճար, բացառությամբ օտարերկրացիների համար կազմակերպվող դասընթացի, որը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում է վճարովի հիմունքներով` օտարերկրյա պետությունում նման դասընթացներին մասնակցելը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում: Օտարերկրացիների համար կազմակերպվող դասընթացի համար վճարումն իրականացվում է անկանխիկ՝ որդեգրել ցանկացող անձանց համար դասընթացը կազմակերպող կազմակերպության հաշվին գումարը փոխանցելով՝ դասընթացը սկսվելուց առնվազն երեք օր առաջ: Դասընթացի թարգմանությունը կամ թարգմանչի ներգրավումն ապահովում է որդեգրելու ցանկություն հայտնած օտարերկրացին: Դասընթացի վճարի չափը սահմանում է որդեգրել ցանկացող անձանց համար դասընթացը կազմակերպող կազմակերպությունը, և այդ չափը չպետք է գերազանցի այն գումարի չափը, որը կազմակերպությունը ծախսում է սույն կարգով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության՝ որդեգրել ցանկացող անձանց համար անվճար դասընթաց կազմակերպելու համար:
33. Սույն կարգի 25-րդ կետում նշված դասընթացներին մասնակցելու պայմանը չի տարածվում և համապատասխան վկայական չի պահանջվում՝
1) օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ երկքաղաքացիների վրա, եթե նրանք իրենց բնակության վայրի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցել են համապատասխան դասընթաց և ներկայացնում են այդ փաստը հավաստող վկայական, հավաստագիր կամ տեղեկանք.
2) այն անձանց նկատմամբ, որոնք երեխային որդեգրում են ծնողի գրավոր համաձայնության հիման վրա:
34. Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը ծրագրի կազմակերպման և անցկացման կարգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 630-Ն որոշմանը համապատասխան:
35. Որդեգրել ցանկացող անձը հանվում է հաշվառումից, եթե մինչև որդեգրման մասին դատարանի վճռի կայացումը որդեգրել ցանկացող անձի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդման հարուցման մասին տեղեկությունը տեղեկատվական համակարգում ստուգվում է Ոստիկանության տեղեկատվական համակարգով: Եթե որդեգրման գործընթացը գտնվում է դատական փուլում, ապա աշխատակազմը պարտավոր է քրեական հետապնդման մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան այդ տեղեկությունն իրեն հասանելի դառնալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել որդեգրման վերաբերյալ քաղաքացիական վարույթ իրականացնող դատարանին:
36. Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո որդեգրել ցանկացող անձը կրկին հաշվառվում է՝ սույն կարգի 17-34-րդ կետերին համապատասխան:
37. Սույն կարգի 20-23-րդ կետերում նախատեսված փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չլինելու, դրանցում այլ թերություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում աշխատակազմը դիմողին գրավոր առաջարկում է 20-օրյա ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկությունները կամ ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները կամ անհամապատասխանությունները:
38. Աշխատակազմը հաշվառված՝ որդեգրել ցանկացող անձի համար տեղեկատվական համակարգում ձևավորում է անձնական գործ։ Անձնական գործերում ներառվող տվյալները տեղեկատվական համակարգում պահվում են դրական եզրակացության գործողության ժամկետով, բացառությամբ, երբ որդեգրել ցանկացող անձի հաշվառումը մերժվում է կամ նրա դիմումը թողնվում է առանց քննության կամ անձը հաշվառումից հանվում է, որոնց դեպքում պահպանման ժամկետները կազմում եմ մեկ ամիս:
39. Անձնական գործերի համարակալումն իրականացվում է ինքնաշխատ և սկսվում է առաջին համարից և հաջորդաբար շարունակվում տարվա ընթացքում՝ համարից հետո նշելով տարեթիվը։
40. Ամուսինների կողմից որդեգրման ցանկության դեպքում անձնական գործերի համարակալումն իրականացվում է ինքնաշխատ և նշվում է հաջորդող կոտորակային թվերով՝ 1/1 և 1/2:
41. Աշխատակազմը որդեգրել ցանկացող անձի անձնական գործն էլեկտրոնային տարբերակով հասանելի է դարձնում Լիազոր մարմնին:
42. Որդեգրել ցանկացող անձն ինքնաշխատ հաշվառումից հանվում է`
1) իր դիմումի համաձայն.
2) դրական եզրակացության գործողության ժամկետը լրանալու դեպքում.
3) եթե որդեգրել է իր դիմումում նշված թվով երեխա (դիմումում նման թիվ նշված չլինելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից սույն ենթակետի հիմքով չի հանվում).
4) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակություն հաստատելու դեպքում.
5) սույն կարգի 18-րդ կետի 1-14-րդ ենթակետերով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում.
6) մահվան դեպքում:
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
43. Սույն կարգի 100-րդ կետով նախատեսված՝ օտարերկրյա որդեգրմանը հասանելի որդեգրման ենթակա երեխաների ապանձնավորված տվյալների վերաբերյալ զեկույցների հիման վրա «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) շրջանակում համագործակից պետություններում մշտապես բնակվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու առկայության դեպքում՝ նրան, որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, համապատասխան պետության կենտրոնական մարմինը կամ հավատարմագրված կազմակերպությունը Կենտրոնական մարմնին է ներկայացնում այն զեկույցի հերթական համարը, որով նկարագրված երեխային տվյալ անձը ցանկանում է որդեգրել, ինչպես նաև Կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված զեկույցը, սույն կարգի 20-22-րդ կետով նախատեսված փաստաթղթերը կամ այլ պետության օրենսդրությամբ դրանց փոխարինող փաստաթղթերը, տվյալ պետության իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ և սույն կարգի 24-րդ կետով նախատեսված՝ երեք անձանց բնութագիր-երաշխավորությունները, իսկ բնակության վայրի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով նախապատրաստական դասընթաց անցած լինելու դեպքում՝ նաև այդ հանգամանքը հավաստող փաստաթուղթը։
44. Կոնվենցիային չանդամակցող պետություններում բնակվող` որդեգրել ցանկացող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, անձամբ կամ լիազորված անձի կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով դիմում են Կենտրոնական մարմնին` ներկայացնելով սույն կարգի 20-22-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իրենց մշտական բնակության պետության իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ, ինչպես նաև հետագայում որդեգրված երեխայի կյանքի պայմանների նկատմամբ վերահսկողության պարտավորության մասին տեղեկանքը` տրված իրենց պետության իրավասու մարմնի կողմից։
45. Որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական մարմնին ներկայացվում են որակավորված թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ կամ դիվանագիտական ծառայության մարմնի կատարած և հաստատած հայերեն թարգմանությամբ կամ օտարերկրյա պետության՝ համապատասխան իրավասություն ունեցող թարգմանչի ստորագրությամբ՝ հյուպատոսական կամ ապոստիլով վավերացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
46. Սույն կարգի 43-րդ կետով նախատեսված դեպքերում երեխա ընդունող պետության կենտրոնական մարմնից ստացված` որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերաբերյալ տվյալները և փաստաթղթերը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքերում` որդեգրել ցանկացող անձի կողմից ներկայացված փաստաթղթերը Կենտրոնական մարմնի կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են` անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ամբողջականությունն ստուգելու նպատակով։
47. Կենտրոնական մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է որդեգրել ցանկացող հաշվառված անձի վերաբերյալ տվյալները և փաստաթղթերը, ներբեռնում դրանք տեղեկատվական համակարգ, իսկ անհրաժեշտության դեպքում հավատարմագրված կազմակերպությունից, դրա ներկայացուցչությունից կամ ներկայացուցչից կամ ընդունող պետության կենտրոնական մարմնից, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում՝ դիմողից կամ նրա լիազորված անձից պահանջում է անհրաժեշտ, բայց չներկայացված փաստաթղթեր։ Եթե 60 օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվում, ապա Կենտրոնական մարմինը տրամադրում է բացասական եզրակացություն։
48. Ներկայացրած տվյալները և փաստաթղթերը տեղեկատվական համակարգ ներբեռնելուց հետո, իսկ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու դեպքում՝ դրանք ստանալուց հետո, Կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը (այսուհետ՝ աշխատանքային խումբ) 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք և Կենտրոնական մարմնին ներկայացնում առաջարկություններ՝ որդեգրել ցանկացող անձին հաշվառելու խոչընդոտների, իսկ սույն կարգի 43-րդ կետով նախատեսված դեպքում՝ նաև նրա նշած զեկույցի հերթական համարի հիման վրա համապատասխան երեխայի հետ համադրման տեխնիկական փուլի արդյունքների վերաբերյալ։
Աշխատանքային խումբը բաղկացած է 3 անդամից՝ ձևավորվելով Լիազոր մարմնի, Կենտրոնական մարմնի և Ոստիկանության մեկական ներկայացուցիչներից։
49. Եթե առկա չեն սույն կարգի 52-րդ կետով նախատեսված հիմքերը և եթե որդեգրել ցանկացող անձը ներկայացրել է իր բնակության վայրի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով նախապատրաստական դասընթաց անցնելը հավաստող փաստաթուղթ, Կենտրոնական մարմինն աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա ընդունում է որդեգրել ցանկացող անձի՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն, որը տրամադրում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում՝ որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված անձին՝ ծանուցելով դրական եզրակացության ուժի մեջ մտնելու 18 ամիս ժամկետի մասին, որը հաշվարկվում է եզրակացության՝ որդեգրել ցանկացող անձին տրամադրելու պահից, ինչպես նաև տեղեկացնելով համադրման տեխնիկական փուլի արդյունքների մասին։ Եթե համապատասխան դասընթաց անցնելու մասին փաստաթուղթ չի ներկայացվել, Կենտրոնական մարմինը եռօրյա ժամկետում համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում՝ որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված անձին ծանուցում է որդեգրել ցանկացող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում նման դասընթաց անցնելու հնարավորության մասին։ Որդեգրել ցանկացող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում համապատասխան դասընթացն անցնելու անհրաժեշտության դեպքում Կենտրոնական մարմինը մեկօրյա ժամկետում այդ անձի փաստաթղթերը տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի է դարձնում որդեգրել ցանկացող անձանց համար նախատեսված վերապատրաստման դասընթացի ենթաբաժնում։ Դասընթացի իրականացումը կազմակերպվում է սույն կարգի 25-34-րդ կետերով նախատեսված կարգով։
50. Հայաստանի Հանրապետությունում համապատասխան դասընթացն ավարտելու մասին վկայականը Լիազոր մարմնի կողմից տեղեկատվական համակարգ ներբեռնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական մարմինն ընդունում է որդեգրել ցանկացող անձի՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն, որը տրամադրում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում՝ որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված անձին՝ ծանուցելով դրական եզրակացության ուժի մեջ մտնելու ժամկետի մասին, ինչպես նաև տեղեկացնելով համադրման տեխնիկական փուլի արդյունքների մասին։
51. Եթե առկա են սույն կարգի 52-րդ կետով նախատեսված հիմքերը, Կենտրոնական մարմինն աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա ընդունում է որդեգրել ցանկացող անձի՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին բացասական եզրակացություն, որը ներկայացվում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում՝ որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված անձին՝ ծանուցելով բացասական եզրակացություն ստանալու պատճառները վերանալու կամ վերացնելու դեպքում կրկին դիմելու հնարավորության մասին:
52. Կենտրոնական մարմինը երեխայի որդեգրման մասին բացասական եզրակացություն տալիս է`
1) ընդունող պետության կենտրոնական մարմնի կամ որդեգրել ցանկացող օտարերկրացու, կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից սույն կարգի 37-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջականությունը չապահովելու և թերությունները չվերացնելու դեպքում.
2) որդեգրել ցանկացող անձին բացասաբար բնութագրող հատկանիշների մասին ուսումնասիրության հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։
53. Լիազոր մարմինը Կենտրոնական մարմնից տեղեկատվական համակարգում ձևավորված փաստաթղթերին հասանելիություն ստանալուց անմիջապես հետո իրականացնում է հաշվառում և որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերաբերյալ տեղեկատվական համակարգում կազմում է անձնական գործ:
54. Անձնական գործերի համարակալումն իրականացվում է սույն կարգի 39-րդ կետում նախատեսված կանոններով՝ համարից հետո լրացնելով «Օ» տառը:
55. Այն դեպքերում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը կամ խորթ մայրը, որդեգրման նպատակով երեխայի հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը Կենտրոնական մարմնի համար հասանելիություն է տալիս տվյալ երեխայի անձնական գործին։ Այդ դեպքերում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում։ Սույն կետում նշված՝ որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից։
56. Անձնական գործում առկա տեղեկությունները (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, անձնական գործի համարը) Կենտրոնական մարմնի կողմից կարող են գրանցվել նաև հաշվառման մատյանում՝ ելնելով որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի պետության որդեգրման գործընթացի փաստաթղթավորման առանձնահատկություններից։
57. Լիազոր մարմինը հաշվառման մասին ծանուցում է ուղարկում Կենտրոնական մարմնին և նրա համար հասանելի դարձնում որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնական գործը։
Որդեգրել ցանկացող անձը հաշվառումից հանվում է սույն կարգի 42-րդ կետով (բացառությամբ 42-րդ կետի 4-րդ ենթակետի) նախատեսված դեպքերում:
58. Օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը փոխանցվում են միայն այն տվյալները և փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են կոնկրետ որդեգրման կամ որդեգրման վերահսկողության գործընթացի համար՝ առաջնորդվելով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ունեցող երկրների ցանկով։ Օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը փոխանցվող տվյալները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով կամ փոխանցվել այլ անձանց, եթե դա ուղղակիորեն չի բխում որդեգրման գործընթացից կամ օրենքով նախատեսված պարտավորությունից։ Որդեգրել ցանկացող անձի լիազորված անձը չի կարող իրականացնել որդեգրման ենթակա երեխայի ընտրության կամ որդեգրման հանձնելու գործառույթներ:
5. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ ՀԵՏ ՀԱՄԱԴՐՈՒՄԸ
59. Որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկությունը որդեգրել ցանկացող անձին ապանձնավորված տրամադրվում է տեղեկատվական համակարգով ծանուցում ուղարկելու միջոցով՝ համադրման տեխնիկական փուլի արդյունքների հիման վրա՝ համադրման տեխնիկական փուլից անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ օտարերկրյա որդեգրման դեպքերի:
60. Համադրումն իրականացվում է երկու փուլով՝
1) տեխնիկական և
2) մասնագիտական:
61. Համադրման տեխնիկական փուլն իրականացնում է աշխատակազմը՝ որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից նախընտրելի չափանիշներին համապատասխան առանձնացված՝ որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի միջև: Որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից նախընտրելի չափանիշները կարող են վերաբերել հետևյալ հատկանիշներին՝ երեխայի սեռին, ազգությանը, առողջական վիճակին, կարգավիճակին, տարիքին, մաշկի գույնին, մազերի գույնին, աչքերի գույնին, քույրերի կամ եղբայրների առկայությանը կամ բացակայությանը: Որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից կարող են ներկայացվել սույն կետում չնախատեսված նախընտրելի այլ չափանիշներ, եթե նա ունի որդեգրման ենթակա երեխային բնութագրող կամ նրա խնամքի կամ դաստիարակության պայմաններին վերաբերող առանձնահատուկ պահանջներ:
62. Համադրման մասնագիտական փուլն իրականացնում է աշխատակազմին կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդը (այսուհետ՝ բազմամասնագիտական խորհուրդ), եթե որդեգրման ենթակա երեխայի կարծիքը հաշվի առնելով ու երեխայի լավագույն շահերով առաջնորդվելու դեպքում, որդեգրման ցանկություն հայտնած անձի հետ համադրումն աշխատակազմը համարի նպատակահարմար:
63. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրում չի իրականացվում երեխայի խորթ հոր կամ խորթ մոր կողմից երեխային որդեգրելու դեպքում՝ ելնելով երեխայի լավագույն շահերից, ինչպես նաև որդեգրման ենթակա երեխայի հաշվառման մասին տվյալները որդեգրել ցանկացող այլ անձանց չեն տրամադրվում: Սույն կետում նշված՝ որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից։
64. Որդեգրել ցանկացող անձը կարող է չներկայացնել նախընտրելի չափանիշներ, ինչը նշանակում է, որ նա պատրաստ է որդեգրել ցանկացած երեխայի: Եթե որդեգրել ցանկացող անձը նախընտրելի չափանիշ չի ներկայացրել, ապա համադրման տեխնիկական փուլն իրականացվում է երեխայի կարիքների և այլ օբյեկտիվ չափանիշների հիման վրա:
65. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացը կազմակերպելու համար որդեգրման ենթակա երեխաների տվյալները տեղեկատվական համակարգի միջոցով ծանուցման եղանակով հասանելի են երեխային հաշվառվելու հաջորդող օրը, իսկ օտարերկրյա որդեգրման դեպքում՝ որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են երեխային հաշվառելուց հետո երրորդ ամսին հաջորդող օրը: Երկքաղաքացու հաշվառման ընթացակարգը որոշվում է հաշվի առնելով նրա մշտական բնակության վայրը, իսկ համադրման համար որդեգրման ենթակա երեխաների տվյալների հասանելիությունը երկքաղաքացուն տրամադրվում է՝ ելնելով նրա կողմից որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու ընթացակարգի: Սույն կետի իմաստով՝ երկքաղաքացու մշտական բնակության վայրը որոշելու համար տեղեկատվական համակարգի միջոցով ստացվում է երկքաղաքացու կողմից դիմումը ներկայացնելու օրվան նախորդող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետը՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Որպեսզի երկքաղաքացին համարվի Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ նրա կողմից դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նա տարեկան կտրվածքով առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունում գտնվի հանրագումարային 180 օր։
66. Համադրման համար աշխատակազմը փաստաթղթերի ուսումնասիրության ու համադրման, կատարված գնահատումների և այլ աղբյուրների հիման վրա առանձնացնում է որդեգրման ենթակա երեխայի կարիքները, որոնցով իրականացվելու է համադրման մասնագիտական փուլը:
67. Սույն կարգի 66-րդ կետում նշված կարիքները վերաբերում են՝
1) բնակության վայրին, անհրաժեշտության դեպքում՝ առանձին սենյակով ապահովվածությանը և բնակության վայրի հակահրդեհային, սանիտարահիգիենիկ և այլ անվտանգությանն ու պայմաններին.
2) երեխայի նկատմամբ բռնության կամ վատ վերաբերմունքի ռիսկի, երեխայի իրավունքների խախտման և լավագույն շահերի անտեսման բացառմանը.
3) սննդապահովման մակարդակին և սննդի բազմազանությանը.
4) նյութակենցաղային ապահովմանը.
5) խնամքի, այդ թվում՝ խնամքի հատուկ պայմանների ապահովման հնարավորությանը.
6) սոցիալական մեկուսացման բացառմանը.
7) երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերի ապահովմանը.
8) որդեգրող ընտանիքում հոգեբանական մթնոլորտին և ընտանիքի անդամների միջև հոգեհուզական կապերին.
9) երեխայի կարծիքին և նախասիրություններին.
10) երեխայի վիճակով կամ կարիքներով պայմանավորված՝ այլ պայմանների ապահովմանը։
68. Սույն կարգի 67-րդ կետում նշված հանգամանքները համադրվում են՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, սեռը և զարգացման մակարդակը:
69. Համադրման տեխնիկական փուլում աշխատակազմը տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնում է որդեգրել ցանկացող անձի կողմից նախընտրելի չափանիշներին համապատասխան որդեգրման ենթակա երեխաների առանձնացում՝ հաշվի առնելով երեխայի անհատական տվյալները և կարիքները, ու հնարավորություն ընձեռում, որ որդեգրել ցանկացող հաշվառված անձը ծանոթանա որդեգրման ենթակա առանձնացված երեխաների ապանձնավորված տվյալներին, բացառությամբ օտարերկրյա որդեգրման դեպքերի:
70. Եթե համադրման տեխնիկական փուլի արդյունքում պարզվում է, որ որդեգրման ենթակա կոնկրետ երեխային համապատասխանում են մի քանի որդեգրել ցանկացող անձինք, ապա համադրման մասնագիտական փուլի նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառված անձին, իսկ եթե այդ անձինք հաշվառման են վերցվել նույն օրը, ապա որդեգրման համար դիմումն ավելի վաղ ներկայացրած անձին:
71. Համադրման տեխնիկական փուլում արգելվում է որդեգրել ցանկացող անձին տրամադրել որդեգրման ենթակա երեխայի կամ նրա ծնողների կամ խնամակալների կամ հոգաբարձուների կամ խնամատար ծնողների անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության վայրը, լուսանկարը, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկություն, որով հնարավոր կլինի նույնացնել որդեգրման ենթակա երեխային, ներառյալ՝ զանգվածային լրատվամիջոցների հղումներ կամ սոցիալական կայքեր, դրանք հղումներ կամ համացանցում առկա այլ աղբյուրներ, որոնք վերաբերում են որդեգրման ենթակա երեխային կամ նրա ծնողներին կամ խնամակալներին կամ հոգաբարձուներին կամ խնամատար ծնողներին:
72. Հաշվառված` որդեգրել ցանկացող անձանց կողմից սույն կարգի 65-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում սույն կարգի 6-րդ գլխում նախատեսված դեպքերում աշխատակազմը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 7-րդ գլխում նախատեսված դեպքերում` հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական մարմինը Լիազոր մարմնին տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկացնում է դրա մասին։ Հինգ աշխատանքային օրվա մեջ ներառվում է Կենտրոնական մարմնի կողմից որդեգրել ցանկացող անձին սույն կետով նախատեսված տեղեկությունը փոխանցելը, նրան մտորման համար մեկ օր ժամկետ տրամադրելը, համապատասխան դիրքորոշումը ստանալը և Լիազոր մարմնին տեղեկացնելը:
73. Եթե սույն կարգի 65-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում ստացած և հաշվառված` որդեգրել ցանկացող անձը որդեգրման ենթակա երեխա չի ընտրում, ապա այդ երեխայի տվյալները տեղեկատվական համակարգի միջոցով ծանուցման եղանակով հասանելի են դառնում սույն կարգի 70-րդ կետով նախատեսված այլ անձանցից նրան, որը նույն կետով սահմանված կարգով օգտվում է նախապատվության պայմանից:
74. Համադրման տեխնիկական փուլի ընթացքում որդեգրել ցանկացող անձը, ուսումնասիրելով աշխատակազմի կողմից տրամադրված ապանձնավորված տվյալները, որոշում է որդեգրման ենթակա կոնկրետ մեկ երեխայի հետ համադրման մասնագիտական փուլն իրականացնելու ցանկության մասին, ինչի վերաբերյալ անհատական օգտահաշվի միջոցով դիմում է ներկայացնում աշխատակազմ: Տրամադրված տվյալների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրել չցանկանալու և համադրման մասնագիտական փուլն իրականացնելու ցանկության բացակայության դեպքում՝ որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում, և աշխատակազմն իրականացնում է որդեգրման ենթակա մեկ այլ երեխայի հետ համադրման տեխնիկական փուլը։
75. Համադրման մասնագիտական փուլը սկսվում է երեխայի ընտրությունից առաջ որդեգրման ենթակա երեխայի լուսանկարը և այդ երեխայի մասնակցությամբ տեսաձայնագրությունը համադրման տեխնիկական փուլից հետո համադրումը շարունակելու ցանկություն հայտնած որդեգրող անձին ցույց տալով: Մասնագիտական խորհուրդը որդեգրել ցանկացող անձին ցույց է տալիս որդեգրման ենթակա երեխայի լուսանկարը և այդ երեխայի մասնակցությամբ տեսաձայնագրությունը՝ համադրման տեխնիկական փուլից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Երեխայի նախնական ընտրությունից անմիջապես հետո աշխատակազմը տեղեկատվական համակարգում կատարում է համապատասխան նշում՝ կասեցնելով կոնկրետ երեխայի որդեգրման գործընթացը, որի մասին ծանուցվում է որդեգրել ցանկացող անձը: Որդեգրման ենթակա երեխայի լուսանկարը և այդ երեխայի մասնակցությամբ տեսաձայնագրությունը պետք է լինեն առավելագույնն աշխատանքային յոթ օր առաջ նկարված, իսկ տեսաձայնագրության տևողությունը պետք է լինի առնվազն 3 րոպե: Տեսաձայնագրությունը պետք է ներկայացնի որդեգրման ենթակա երեխայի արտաքին տեսքի առանձնահատկությունները, հաղորդակցման առանձնահատկությունները, զարգացման ֆիզիկական և հոգեբանական մակարդակը, առօրյա վարքագծի որոշ դրսևորումներ: Սույն կետում նշված լուսանկարը և տեսաձայնագրությունը կցվում են անձնական գործին և համարվում են դրա բաղկացուցիչ մաս:
76. Համադրման տեխնիկական փուլի հիման վրա երեխայի նախնական ընտրության մասին ծանուցվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմը նախաձեռնում է երեխայի կարծիքը լսելու գործընթացը, իսկ հինգ աշխատանքային օրում՝ համադրման մասնագիտական փուլը: Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման մասնագիտական փուլն իրականացվում է աշխատակազմի կողմից մասնագիտական գնահատման և բազմամասնագիտական խորհրդի միջոցով: Բազմամասնագիտական խորհրդի յուրաքանչյուր անդամ, հիմնվելով անձնական գործում առկա փաստաթղթերի և տեղեկությունների վրա, որդեգրել ցանկացող յուրաքանչյուր անձին գնահատում է հետևյալ չափանիշների հիման վրա՝
1) որդեգրել ցանկացող անձի եկամուտների և պարտավորությունների գնահատում․
2) որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների գնահատում․
3) որդեգրել ցանկացող անձի ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածության գնահատում․
4) որդեգրման շարժառիթի գնահատում․
5) որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի էթնիկական, մշակութային և կրոնական ընդհանրությունների գնահատում.
6) երեխայի լավագույն շահերի ապահովում կոնկրետ ընտանիքում: Բազմամասնագիտական խորհրդի յուրաքանչյուր անդամի գնահատման արդյունքները համադրվում են բազմամասնագիտական խորհրդի այլ անդամների գնահատման արդյունքների հետ, քննարկվում և սույն կետում նշված յուրաքանչյուր չափանիշների վերաբերյալ անց է կացվում բաց քվեարկություն՝ ձայների պարզ մեծամասնությամբ որոշելով որդեգրել ցանկացող յուրաքանչյուր անձի՝ սույն կետով նշված յուրաքանչյուր չափորոշչին համապատասխանությունը:
77. Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է հիմք ընդունելով նաև որպես որդեգրել ցանկացող անձի, նրա հետ համատեղ բնակվող անձանց և ընտանիքի՝ որպես սոցիալական խմբի, սոցիալական գնահատման եզրակացությունը, որն իրականացնում է տարածքային կենտրոնն ըստ որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի կամ այն վայրի, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրման ենթակա երեխայի հետ:
78. Մասնագիտական համադրման փուլում աշխատակազմը որդեգրել ցանկացող անձի միջոցով ստանում է որդեգրել ցանկացող անձի հետ համատեղ բնակվող բոլոր չափահաս անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված չեն կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակված չեն.
2) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններից հեռացված չեն եղել կամ նրանց հետ խնամատարության պայմանագիրը չի լուծվել.
3) նախկին որդեգրողներ չեն, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
4) որդեգրման պահին չունեն դատվածություն մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության համար.
5) երբեք դատապարտված չեն եղել մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից․
6) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառված չեն որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք:
79. Սույն կարգի 78-րդ կետում նշված տվյալները որդեգրել ցանկացող անձը պարտավոր է տեղեկատվական համակարգ ներբեռնել համադրման մասնագիտական փուլի մասին տեղեկանալուց տասը աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգի 78-րդ կետում նշված տվյալները՝ համապատասխան մարմիններից ստացված տեղեկանքների ձևով տեղեկատվական համակարգ ներբեռնում է որդեգրել ցանկացող անձը: Սույն կարգի 78-րդ կետով նախատեսված հանգամանքներից որևէ մեկի վերաբերյալ հակառակ տեղեկության առկայության կամ համապատասխան տեղեկանքներ չներկայացնելու դեպքում համադրման մասնագիտական փուլը չի իրականացվում և որդեգրումը չի թույլատրվում:
80. Եթե որպես որդեգրել ցանկացող հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և նրա ընտանիքի սոցիալական գնահատումից հետո անցել է առնվազն 6 ամիս, ապա համադրման մասնագիտական փուլն իրականացնելուց առաջ կազմակերպվում է ընտանիքի սոցիալական գնահատման վերանայում՝ տրամադրելով սոցիալական գնահատման նոր եզրակացություն, իսկ եթե 6 ամիսը դեռ չի լրացել, ապա հիմք է հանդիսանում նախորդիվ տրամադրված գնահատման եզրակացությունը:
81. Աշխատակազմը տեղեկատվական համակարգի միջոցով դիմում է տարածքային կենտրոնին՝ ըստ որդեգրել ցանկացող հաշվառված անձի բնակության վայրի՝ ընտանիքի սոցիալական գնահատման վերանայման նպատակով:
82․ Գնահատման վերանայումը կազմակերպվում է տեղեկությունը ստանալուց հետո առավելագույնը հնգօրյա ժամկետում և վերանայված գնահատման եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է տեղեկատվական համակարգում և հասանելի է լինում դիմում ներկայացրած աշխատակազմին:
83. Որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և ընտանիքի ընտրության փուլում առաջնահերթությունը տրվում է որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերին, նրա իրավունքներին և կարիքներին առավելագույնս համապատասխանող ու որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին և ընտանիքին՝ համադրման չափանիշների և չափորոշիչների միջոցով, որոնք պետք է ապահովեն սույն կարգի 67-րդ կետում նշված պահանջները: Եթե որդեգրման ենթակա երեխան ունի քույր կամ եղբայր, ապա բազմամասնագիտական խորհուրդը որդեգրել ցանկացող հաշվառված անձից ճշտում է քրոջ կամ եղբոր որդեգրման ցանկությունն ու դրա առկայությունը կամ բացակայությունը գնահատում որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերից ելնելով:
84. Որդեգրման ենթակա երեխայի ու որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընտանիքի համակեցությունն առավելագույնս ապահովելու համար որդեգրել ցանկացող անձին կամ ընտանիքին աշխատակազմը կարող է տրամադրել խորհրդատվություններ:
85. Աշխատակազմը, տարածքային կենտրոնից տեղեկատվական համակարգի միջոցով ստանալով ընտանիքի սոցիալական գնահատման վերանայված եզրակացությունը, իսկ գնահատումից հետո 6 ամիսը չանցնելու դեպքում՝ հիմք ընդունելով ընտանիքի սոցիալական գնահատման եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկացնում է որդեգրել ցանկացող անձին և որդեգրման ենթակա երեխայի բնակության կամ գտնվելու վայրի մասնագիտացված սոցիալական աշխատողին կամ երեխայի խնամքի հաստատություն կամ կազմակերպություն՝ որդեգրել ցանկացող անձի ու նրա ընտանիքի և նախնական ընտրված երեխայի հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին:
86. Մասնագիտացված սոցիալական աշխատողը կամ երեխայի խնամքի հաստատությունը կամ կազմակերպությունը, կազմակերպելով որդեգրել ցանկացող անձի ու նրա ընտանիքի և նախնական ընտրված երեխայի հանդիպումները, տեղեկատվական համակարգում ձևավորում է հանդիպումների տեղեկանք, որտեղ յուրաքանչյուր հանդիպումից անմիջապես հետո նշվում են հանդիպումների վայրը, օրն ու ժամերը, յուրաքանչյուր հանդիպման տևողությունը, հանդիպման ներկա գտնվող անձանց անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաև հոգեբանի կամ սոցիալական աշխատողի կողմից տրված հանդիպման մասին մասնագիտական կարծիքն ու եզրահանգումները:
87. Աշխատակազմը, տեղեկատվական համակարգի միջոցով սույն կարգի 86-րդ կետում նշված տեղեկությունը տեսնելուց հետո, այդ տեղեկություններում երեխայի որդեգրմանը խոչընդոտող տվյալների կամ այդ որդեգրման՝ երեխայի լավագույն շահերին չհակասելու դեպքում, հանդիպումները սկսելուց մինչև մեկ ամիս հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում որդեգրման վերաբերյալ փաթեթը փոխանցում է բազմամասնագիտական խորհուրդ, որն ուսումնասիրելով որդեգրման փաթեթի բովանդակությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նիստ է հրավիրում, որի ժամանակ կայացնում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը՝
1) եզրակացություն` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին.
2) եզրակացություն` որդեգրման հիմնավորվածության բացակայության կամ այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին չհամապատասխանելու մասին.
3) եզրակացություն` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին եզրակացություն տալու համար տեղեկության անբավարար կամ մասնակի լինելու մասին:
88. Սույն կարգի 87-րդ կետում նշված եզրակացությունները կազմվում են նիստը հրավիրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում և կազմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում աշխատակազմ:
89. Սույն կարգի 87-րդ կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության մեջ պարտադիր նշվում են անհամապատասխանությունները, որոնք հայտնաբերվել են բազմամասնագիտական խորհրդի կողմից՝ կոնկրետ նշելով մասնակի նշված տեղեկությունը:
90. Կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին, ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխայի որդեգրման դեպքում բազմամասնագիտական խորհուրդը համադրման մասնագիտական փուլում սույն կարգի 87-րդ կետի 1-ին ենթակետում նշված եզրակացություն տալիս է այն դեպքում, երբ որդեգրողի մոտ առկա է երեխային բուժման և խնամքի անհրաժեշտ պայմաններով ապահովելու հնարավորությունը, որի մասին պետք է հատուկ նշվի տարածքային կենտրոնի կողմից տրված ընտանիքի սոցիալական գնահատման եզրակացության մեջ:
91. Աշխատակազմը, ստանալով սույն կարգի 87-րդ կետի՝
1) 1-ին ենթակետում նշված եզրակացությունը, այն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում կազմում է դրական եզրակացություն համադրման մասնագիտական փուլի մասին և հասանելի է դարձնում որդեգրել ցանկացող անձին՝ դատական կարգով որդեգրման համար.
2) 2-րդ ենթակետում նշված եզրակացությունը, այն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում կազմում է բացասական եզրակացություն համադրման մասնագիտական փուլի մասին և հասանելի դարձնում որդեգրել ցանկացող անձին.
3) 3-րդ ենթակետում նշված եզրակացությունը, այն ստանալուց հետո՝ մինչև տասն աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է այն անհամապատասխանությունները, որոնք հայտնաբերվել են բազմամասնագիտական խորհրդի կողմից՝ կոնկրետ նշելով չբավարարող կամ մասնակի նշված տեղեկությունը լրացնելու փաստը, և որդեգրման լրամշակված փաթեթը կրկին ուղարկում է բազմամասնագիտական խորհրդին՝ սույն կարգի 87-րդ կետով ընթացք տալու համար:
92. Որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկությունը կցվում է որդեգրել ցանկացող անձի անձնական գործին՝ տեղեկատվական համակարգում ստեղծելով որդեգրող ընտանիքի գործ։ Որդեգրող ընտանիքի գործում միավորվում են հաշվառված որդեգրել ցանկացող անձի կամ անձանց, եթե որդեգրումն իրականացվում է ամուսինների կողմից, անձնական գործերը, որոնք տեղեկատվական համակարգում ձևավորվել էին որդեգրելու ցանկություն հայտնած անձ հաշվառվելու վերաբերյալ համապատասխան դիմումների մուտքագրումից հետո։
93. Եթե որդեգրել ցանկացող անձը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող օտարերկրացի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ցանկանում է որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, ապա որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին եզրակացությունը խնամակալության և հոգաբարձության մարմնի առաջարկությունների հիման վրա տրամադրում է Կենտրոնական մարմինը՝ առաջնորդվելով սույն կարգի 87-րդ կետով նախատեսված կարգավորումներին համապատասխան:
94. Կենտրոնական մարմինը և աշխատակազմը համադրման նպատակով հիմնվում են սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված կարգով ստացված՝ որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ փաստաթղթերի և Կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված զեկույցի վրա, իսկ լրացուցիչ տեղեկատվության կամ փաստաթղթերի անհրաժեշտության դեպքում Կենտրոնական մարմինը դրանք հայցում է համապատասխան պետության կենտրոնական մարմնից կամ հավատարմագրված կազմակերպությունից կամ դրա ներկայացուցչից կամ ներկայացուցչությունից, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում՝ որդեգրել ցանկացող անձից կամ նրա լիազորված ներկայացուցչից։
6. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
95. Որդեգրել ցանկացող անձը, աշխատակազմից տեղեկատվական համակարգով ստանալով դրական եզրակացությունը, իրավունք ունի դիմել դատարան՝ որդեգրումը քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված՝ հատուկ վարույթի կարգով հաստատելու համար:
96. Աշխատակազմը, որդեգրել ցանկացող անձին դրական եզրակացություն տրամադրելու մասին եզրակացությունը կազմելուց հետո անմիջապես տեղեկատվական համակարգով տեղեկացնում է նաև երեխայի բնակության կամ գտնվելու վայրի մասնագիտացված սոցիալական աշխատողին՝ նշելով դատարանում մասնագիտացված սոցիալական աշխատողի պարտադիր մասնակցության մասին՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում:
97. Աշխատակազմը, որդեգրման ենթակա երեխայի խնամակալի կամ հոգաբարձուի կամ երեխայի խնամքի հաստատության կամ կազմակերպության սոցիալական աշխատողի կամ հոգեբանի միջոցով երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան տեղեկացնում է նրան՝ որդեգրել ցանկացող անձին դրական եզրակացություն տրամադրելու մասին, ինչի մասին ճշտվում է նաև որդեգրվող երեխայի կարծիքը և համաձայնությունն ու կազմվում է համապատասխան արձանագրություն՝ դատարանում գնահատվելու նպատակով:
98. Եթե մինչև որդեգրման համար դիմում տալը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու։
7. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
99. Որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկությունն օտարերկրյա որդեգրման համար հասանելի է դառնում որդեգրման ենթակա երեխային հաշվառելուց հետո՝ երրորդ ամսվա առաջին օրը, ինչի մասին տեղեկատվական համակարգով առաջինը տեղեկանում է Կենտրոնական մարմինը:
100. Օտարերկրյա որդեգրմանը հասանելի որդեգրման ենթակա երեխաների ապանձնավորված տվյալների վերաբերյալ զեկույցները Կենտրոնական մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում տրամադրվում են Կոնվենցիայի շրջանակներում համագործակից պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը՝ նրանց կողմից երեխայի կարիքներին համապատասխան որդեգրել ցանկացող անձ գտնելու համար:
101. Կոնվենցիայի անդամ պետությունում բնակվող որդեգրել ցանկացող անձանց դեպքում՝ նրանց հաշվառմանը զուգահեռ, իսկ այլ պետություններում բնակվող որդեգրել ցանկացող անձանց դեպքում՝ նրանց հաշվառումից հետո աշխատանքային խումբը տվյալ անձանց փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կատարում է համադրման տեխնիկական փուլը՝ այդ մասին առաջարկություններ ներկայացնելով Կենտրոնական մարմնին։ Կոնվենցիային անդամակցող պետությունում մշտապես բնակվող օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում Կենտրոնական մարմինը համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը ծանուցում է համադրման տեխնիկական փուլի արդյունքների մասին, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում Կենտրոնական մարմինը որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին կամ նրա լիազորված ներկայացուցչին ծանուցում է համադրման տեխնիկական փուլի արդյունքների մասին և ներկայացնում երեխայի վերաբերյալ ապանձնավորված տվյալներ պարունակող զեկույցը՝ որդեգրման ենթակա կոնկրետ մեկ երեխայի հետ համադրման մասնագիտական փուլն իրականացնելու ցանկության մասին հայտնելու նպատակով։ Կենտրոնական մարմինը համադրման տեխնիկական փուլի և որդեգրել ցանկացող անձի՝ տվյալ երեխայի հետ համադրման մասնագիտական փուլն իրականացնելու ցանկության վերաբերյալ տեղեկատվությունը լրացնում է տեղեկատվական համակարգում, որն անմիջապես հասանելի է դառնում Լիազոր մարմնին։
102. Լիազոր մարմինը համապատասխան ուսումնասիրություն (որդեգրման մասին այլ դիմումների առկայություն և այլն) կատարելուց հետո կասեցնում է որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը որդեգրել ցանկացող այլ անձանց կամ մարմինների:
103. Որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակը փոխված լինելու դեպքում Լիազոր մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, տեղեկացնում է Կենտրոնական մարմնին: Լիազոր մարմնի կողմից ստացված տեղեկության հիման վրա Կենտրոնական մարմինը որդեգրման գործընթացը դադարեցնում է և նշում կատարում տեղեկատվական համակարգում, ինչը հասանելի է դառնում նաև Լիազոր մարմնին: Լիազոր մարմինը դրա հիման վրա հաշվառման տեղեկատվական համակարգում կատարում է համապատասխան գրառում:
104. Համադրման տեխնիկական փուլից հետո Կենտրոնական մարմինը երեխայի անձնական գործը և ներկայացված այլ փաստաթղթերը տեղեկատվական համակարգի միջոցով անհապաղ հասանելի է դարձնում Ոստիկանության համար, որի կողմից կազմված համապատասխան տեղեկանքը ներկայացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։
105. Ոստիկանության տեղեկանքում բացասական կարծիք արտահայտվելու դեպքում Կենտրոնական մարմինը կասեցնում է որդեգրման գործընթացը՝ այդ մասին հայտնելով համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում՝ որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված ներկայացուցչին, ինչպես նաև տեղեկատվական համակարգով տեղեկացնելով Լիազոր մարմնին։
106. Ոստիկանության տեղեկանքում դրական կարծիք արտահայտվելու դեպքում Կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնական գործը հասանելի է դառնում որդեգրման ենթակա երեխայի բնակության կամ գտնվելու վայրի աշխատակազմին՝ համադրման մասնագիտական փուլը կազմակերպելու համար:
107. Աշխատակազմն օտարերկրյա որդեգրման դեպքում համադրման մասնագիտական փուլն իրականացնում է սույն կարգի 5-րդ գլխի կարգավորումներին համապատասխան այն տարբերությամբ, որ որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի միջև հանդիպումներ չեն իրականացվում մինչև համադրման ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանդիպման կազմակերպումը բխում է երեխայի լավագույն շահերից:
108. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու հնարավորության մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի առաջարկությունները տեղեկատվական համակարգի միջոցով ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական մարմինը դրա մասին ընդունում է դրական եզրակացություն և տեղեկացնում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում՝ որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված ներկայացուցչին՝ նրանց ներկայացնելով Կառավարության սահմանած կարգին համապատասխան կազմված՝ երեխայի վերաբերյալ զեկույցը։
109. Սույն կարգի 108-րդ կետում նշված եզրակացությունը և զեկույցը ստանալուց հետո համապատասխան պետության կենտրոնական մարմնի կամ հավատարմագրված կազմակերպության կամ դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից որդեգրումն իրականացնելու նպատակահարմարության և որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխային որդեգրելու վերաբերյալ համաձայնություն ներկայացնելու դեպքում, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում՝ որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխային որդեգրելու վերաբերյալ համաձայնություն ներկայացնելու դեպքում Կենտրոնական մարմինն այդ մասին նշում է կատարում տեղեկատվական համակարգում, որն անմիջապես հասանելի է դառնում Լիազոր մարմնին։ Լիազոր մարմինն ապահովում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի հանդիպումը՝ նախապես տեղեկացնելով հանդիպումների մասին որդեգրման ենթակա երեխայի խնամակալին կամ հոգաբարձուին կամ երեխայի խնամքի հաստատության կամ կազմակերպության աշխատակազմին։ Հանդիպման վերաբերյալ տեղեկանքները տեղեկատվական համակարգում հասանելի են դարձվում Կենտրոնական մարմնին։
110. Կենտրոնական մարմինը երեխայի որդեգրման նպատակահարմարության վերաբերյալ Ոստիկանության կարծիքը, որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի, ամուսնության վկայականի (եթե ամուսնացած է) հայերեն թարգմանված օրինակների պատճենները, նրանց վերաբերյալ Կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված զեկույցը, երեխայի վերաբերյալ Կենտրոնական մարմնի կազմած զեկույցը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության պատճենը, որդեգրման ենթակա երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը, աշխատակազմի՝ հաշվառման մասին տեղեկանքը, որդեգրման թույլտվության Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և հանդիպման վերաբերյալ տեղեկանքը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Կառավարությունը որդեգրման թույլտվությունը (նախնական համաձայնությունը) տալիս է Կենտրոնական մարմնի դրական եզրակացության հիման վրա։
111. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ որդեգրման թույլտվություն (նախնական համաձայնություն) տալու կամ այն մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Կենտրոնական մարմնին` վերադարձնելով նաև ստացված փաստաթղթերը։
112. Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա որդեգրման մասին ակտը քաղաքացիական կացության ակտերի գործակալությունում գրանցելուց հետո օտարերկրացին կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին Կոնվենցիայի 23-րդ հոդվածով սահմանված վկայականն ստանալու նպատակով դիմումի հետ միասին Կենտրոնական մարմին է ներկայացնում`
1) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (պատճենը).
2) երեխայի ծննդյան և որդեգրման վկայականները (պատճենները).
3) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները։
113. Կենտրոնական մարմինը դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է միջպետական որդեգրումը հավաստող վկայական՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևին համապատասխան։
8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ
114. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Կոնվենցիայի անդամ օտարերկրյա պետություններից երեխա որդեգրելու համար սույն կարգի 3-րդ գլխի համաձայն հաշվառվելուց հետո դիմում են Կենտրոնական մարմին։
115. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացիները Կոնվենցիայի անդամ օտարերկրյա պետություններից երեխա որդեգրելու համար որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմում են Կենտրոնական մարմին՝ ներկայացնելով սույն կարգի 20-23-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և իր քաղաքացիության պետության իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ։
116. Կենտրոնական մարմինը սույն կարգի 4-րդ գլխի համաձայն ուսումնասիրում է սույն կարգի 114-115-րդ կետերով նշված՝ որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերը և տրամադրում օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն, որը տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի է դառնում որդեգրել ցանկացող անձին և Լիազոր մարմնին։
117. Դրական եզրակացություն տրամադրելու համար Կենտրոնական մարմինը դիմում է Միասնական սոցիալական ծառայությանը՝ որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու և այդ մասին արձանագրություն տրամադրելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը կամ, օրենքով նախատեսված համապատասխան դեպքերում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համաձայնության կամ թույլտվության տրամադրման համար։
118. Սույն կարգի 117-րդ կետով նախատեսված փաստաթղթերը Կենտրոնական մարմնին տրամադրվում են տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։
119. Սույն կարգի 117-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմում է որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ զեկույց, որը ներառում է որդեգրել ցանկացող անձի՝
1) անունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը (համայնք և պետություն).
3) սեռը.
4) քաղաքացիությունը, ազգությունը, մայրենի լեզուն, այլ լեզուները և դրանց տիրապետման մակարդակը.
5) կրթության և աշխատանքի վերաբերյալ տվյալներ․
6) ամուսնական կարգավիճակը.
7) համատեղ բնակվող անձանց, այդ թվում՝ որդեգրել ցանկացող անձի երեխաների վերաբերյալ.
8) երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության գործողության ժամկետը․
9) առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացությունը.
10) ընտանիքի պատմությունը, ներառյալ՝ որդեգրել ցանկացող անձի մանկության, ծնողների և այլ մերձավոր ազգականների հետ հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունը.
11) կրոնական, ազգային կամ մշակութային պատկանելիության և ավանդույթների վերաբերյալ տվյալներ.
12) որդեգրում իրականացնելու հնարավորության, այդ թվում՝ բնավորության, ծնողավարման հմտությունների, կենսապայմանների ուսումնասիրության արդյունքների, սույն կարգով նախատեսված նախապատրաստական դասընթացն անցնելու մասին տեղեկություններ, ինչպես նաև որդեգրելու իրավունքը բացառող հանգամանքների բացակայության մասին տեղեկություններ.
13) որդեգրման պատճառները.
14) այն երեխաների բնութագիրը, որոնց որդեգրել ցանկացող անձը ցանկանում է որդեգրել։
120. Զեկույցը պատրաստելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական մարմինը զեկույցը, դրանով ներկայացված տվյալները հավաստող փաստաթղթերը և համապատասխան օտարերկրյա պետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը։ Կենտրոնական մարմինն ապահովում է որդեգրման գործընթացում որդեգրել ցանկացող անձի և օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի կամ հավատարմագրված կազմակերպության միջև հաղորդակցությունը։
9. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՓԱՍՏԻ, ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴՊԻՍԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
121. Երեխայի որդեգրման կամ որդեգրման գործընթացի մասին տեղեկության գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանվում և պաշտպանվում է:
122. Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորը, որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը և աշխատողները, ինչպես նաև մասնագիտական կամ ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված որդեգրման և որդեգրման գործընթացի մասին տեղյակ այլ անձինք, ներառյալ՝ տեղեկատվական համակարգի միջոցով այդ տվյալների հետ ծանոթացած անձինք, պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման և որդեգրման գործընթացի գաղտնիքը:
123. Սույն կարգի 122-րդ կետում նշված անձինք համարվում են նախազգուշացված, որ երեխայի որդեգրման կամ որդեգրման գործընթացի գաղտնիք հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի կարգավորումները։
124. Եթե որդեգրված երեխայի կենսաբանական ծնողի կողմից նախապես տրվել է գրավոր համաձայնություն որդեգրման և որդեգրման գործընթացի մասին տվյալները կենսաբանական երեխային հայտնելու մասին, ապա որդեգրված երեխան 18 տարին լրանալու դեպքում կարող է դիմել Լիազոր մարմնին, աշխատակազմին կամ մասնագիտացված սոցիալական աշխատողին՝ իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների, այդ թվում` ազգության, արյան խմբի, հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: Սույն կետում նշված տեղեկությունների տրամադրման գործընթացում դիմողի ինքնությունը և իրավասությունը ստուգվում են նախքան տեղեկության տրամադրումը, իսկ տեղեկության տրամադրման փաստն արձանագրվում է այդ տեղեկատվությունը տրամադրողի կողմից։
125. Մասնագիտացված սոցիալական աշխատողը սույն կարգի 124-րդ կետում նշված տեղեկություններ կարող է տրամադրել միայն կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում՝ հաշվի առնելով սույն կարգի 127-րդ կետում նշված կարգավորումները: Նման համաձայնության բացակայության դեպքում տեղեկությունը կարող է տրամադրվել ապանձնավորված՝ նշելով որդեգրման փաստի իրականացման տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև որ մարմնի կողմից է այն իրականացվել և որ դատարանի վճռով: Կենսաբանական ծնողի համաձայնության բացակայության դեպքում տրամադրվող ապանձնավորված տեղեկությունը չպետք է պարունակի այնպիսի տվյալներ կամ տվյալների համակցություն, որոնք կարող են հանգեցնել կենսաբանական ծնողի, երեխայի այլ ազգականների կամ որդեգրման գործընթացին առնչվող այլ անձանց նույնականացմանը։
126. Եթե կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության բացակայության դեպքում՝ որդեգրումից հետո կենսաբանական ծնողը փոխել է իր դիրքորոշումը և գրավոր համաձայնություն ներկայացնել սույն կարգի 124-րդ կետում նշված տեղեկության տրամադրման վերաբերյալ, ապա այդ տեղեկությունը տրամադրվում է սույն կարգի համաձայն:
127. Եթե կենսաբանական ծնողը նախապես տվել է գրավոր համաձայնություն սույն կարգի 124-րդ կետում նշված տեղեկության տրամադրման վերաբերյալ, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողը որդեգրված երեխայի 18 տարեկանը լրանալուց հետո այդ անձից տեղեկություն ստանալու դիմումը ստանալուց հետո՝ մինչև մեկամսյա ժամկետում, հայտնաբերում է նշված համաձայնությունը տված կենսաբանական ծնողին և պարզում նախկինում տրված գրավոր համաձայնության կիրառումը: Եթե կենսաբանական ծնողը չի ցանկանում, որ նախկինում տրված համաձայնությունը կիրառվի, ապա կենսաբանական ծնողը հետ է վերցնում այդ համաձայնությունը, և տեղեկությունը հայցող անձին տրամադրվում է ապանձնավորված:
Եթե մեկամսյա ժամկետում կենսաբանական ծնողը չի հայտնաբերվում կամ գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս և ողջամտորեն հնարավոր չէ ճշտել նրա դիրքորոշումը, ապա կիրառվում է նախկինում տրված գրավոր համաձայնությունը:
128. Կենսաբանական ծնողը կարող է հետ չվերցնել նախկինում տված համաձայնությունը, սակայն փոփոխել այն՝ վերանայելով տրամադրման ենթակա անձնական տվյալների շրջանակը, որի դեպքում հայցող անձին տրամադրվում է միայն այն տեղեկությունը, որի առնչությամբ կենսաբանական ծնողը վերահաստատել է իր համաձայնությունը:
129. Եթե կենսաբանական ծնողը չի վերանայում կամ հետ վերցնում իր համաձայնությունը, հայցվող տեղեկությունը տրամադրվում է գրավոր համաձայնությամբ նշված ծավալով:
130. Եթե տեղեկությունը հայցող անձը դիմում է Լիազոր մարմնին կամ աշխատակազմ, ապա այդ դիմումը վերահասցեագրվում է մասնագիտացված սոցիալական աշխատողին:
131. Որդեգրման ենթակա երեխաների, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն ստացած անձանց վերաբերյալ անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարի, ամիս, օր, բնակության վայր, առողջական վիճակը և այլն), հաշվառման ժամկետը և ներկայացված փաստաթղթերը, երեխա որդեգրելու նախընտրելի չափանիշները, երեխաների հետորդեգրման գործընթացում ստացված տեղեկությունները, որոնք հայտնի են դառնում որդեգրման գործընթացը կազմակերպող և իրականացնող իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց՝ հրապարակման ենթակա չեն:
132. Սույն կարգում նշված տեղեկությունները հասանելի են միայն որդեգրման գործընթացին մասնակցող կամ որդեգրման մասին տեղեկություններին հասանելիություն ունեցող մարմիններին, այդ թվում՝ աշխատակազմին, մասնագիտացված սոցիալական աշխատողին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, պետական վերահսկողական ծառայությանը, Լիազոր մարմնին, Կենտրոնական մարմնին, Կոնվենցիային անդամակցող պետությունների կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին և դրանց ներկայացուցիչներին կամ ներկայացուցչություններին, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման գործընթացին մասնակցող անձանց, ինչպես նաև դատարանին, դատախազությանը, նախաքննության և հետաքննության մարմիններին՝ ըստ վերջինների իրավասության և գործառույթների շրջանակի:
133. Որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած որդեգրել ցանկացող անձանց և նրանց ներկայացուցիչներին: Սույն կետում նշված անձինք նույնպես պարտավոր են պահպանել որդեգրման գործընթացի գաղտնիությունը:
134. Այլ անձանց, այդ թվում՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն չստացած և նրանց ներկայացուցիչներին՝ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները տրամադրման ենթակա չեն:
10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
135. Որդեգրել ցանկացող անձը որդեգրման ցանկացած փուլում, ներառյալ՝ երեխայի հետ հանդիպելուց հետո, իրավունք ունի հրաժարվել որդեգրումից։
136. Որդեգրել ցանկացող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան երեխայի որդեգրումը հաստատելու նպատակով դիմում է երեխայի հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:
137. Կենտրոնական մարմնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխայի որդեգրումը գրանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, որդեգրողի կամ որդեգրողների անձը հաստատող փաստաթղթերը և որդեգրման մասին գրանցման ակտը տեղեկատվական համակարգով հասանելի է դարձնում Լիազոր մարմնին։
138. Երեխայի որդեգրումից հետո՝ երեխայի խնամքի հաստատության, իսկ եթե երեխան չի խնամվել՝ աշխատակազմի կողմից կամ որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության ժամկետը լրանալուց հետո աշխատակազմի կողմից անձնական գործերն արխիվացվում են և պահվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետով ու կարգով:
139. Որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության ժամկետը լրանալուց հետո որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու պահանջով կարող են վերադարձվել նրա անձնագրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների հայերեն թարգմանված օրինակները և դիմելու պահին վավերական այլ փաստաթղթերի բնօրինակները` անձնական գործում պահելով դրանց լուսապատճենները։
140. Այն օտարերկրյա պետության կենտրոնական մարմինը կամ հավատարմագրված կազմակերպությունը կամ դրա ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը, որում մշտապես բնակվող անձինք որդեգրել են երեխային, Կենտրոնական մարմնին յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև որդեգրման 3 տարին լրանալը, ներկայացնում է երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ հետորդեգրման զեկույցը։ Կենտրոնական մարմինը կարող է պահանջել երեխայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության տրամադրում։
141. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած՝ օտարերկրացի երեխաների հաշվառումը և նրանց որդեգրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրականացվում է սույն կարգին համապատասխան՝ մինչ հաշվառումը ստանալով որդեգրման ենթակա երեխայի օրինական ներկայացուցչի և այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաև որդեգրման փաստի մասին տեղյակ երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ:
142․ Եթե սույն կարգի 19-21-րդ և 79-րդ կետերով հայցվող տեղեկատվությունը հնարավոր է դառնում ներբեռնել տեղեկատվական համակարգերից՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով ստանալու հնարավորության դեպքում, ապա աշխատակազմը որդեգրել ցանկացող անձից չի պահանջում ներբեռնել հայցվող տեղեկատվությունը և ստանում է դրանք ինքնաշխատ, իսկ որդեգրել ցանկացող անձի հետ համատեղ բնակվող անձանց վերաբերող տեղեկատվության դեպքում՝ անհրաժեշտ է լինելու նրանց գրավոր համաձայնությունը սույն կարգով նրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունն ինքնաշխատ տեղեկատվական համակարգերից ստանալու համար։
143. Սույն կարգի համաձայն հավաքագրվող տեղեկատվության համար հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալ է համարվում բնակչության պետական ռեգիստրը, իսկ բնակության հասցեի վերաբերյալ տվյալների համար՝ հասցեների շտեմարանը։
144. Եթե սույն կարգի համաձայն հավաքագրվող տեղեկատվությունն առկա է տեղեկատվական տարբեր համակարգերում, իրավական ուժ ունեցող և սույն կարգի իմաստով հավաստի հիմք հանդիսացող տվյալ համարվում է հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալների շտեմարանից ստացված տեղեկատվությունը։ Եթե սույն կարգի համաձայն հավաքագրվող տեղեկատվությունը տեղեկատվական տարբեր համակարգերում տարբեր է կամ հնացած, ապա կիրառվում են ճշտումներ և թարմացումներ՝ հիմք ընդունելով հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալը։
145. Եթե որդեգրել ցանկացող անձը հայտնաբերում է իր կամ իր հետ համատեղ բնակվող անձի վերաբերյալ տեղեկատվության անճշտություն, ապա նա կարող է վիճարկել տեղեկատվական համակարգից ստացված սխալ կամ հնացած տվյալը և պահանջել ուղղել այն՝ «Հանրային տեղեկությունների մասին» և «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքներին համապատասխան։ Մինչ սույն կետով նախատեսված ճշտումների և ուղղումների իրականացումը որդեգրման գործընթացը կասեցվում է և վերսկսվում է՝ ճշգրտված տվյալները որդեգրել ցանկացող անձի անհատական օգտահաշվում տեսանելի դառնալու օրվանից։
146․ Եթե տեղեկատվական համակարգը ժամանակավորապես անհասանելի է կամ խափանված, ապա որդեգրել ցանկացող անձի դիմումը չի կարող մերժվել մինչև համապատասխան տեղեկատվական համակարգերի խափանման վերացումը կամ տեղեկատվական համակարգի հասանելի դառնալը, որից հետո դիմում ներկայացնելու գործընթացը շարունակվում է՝ առանց սահմանափակելու որդեգրել ցանկացող անձի իրավունքները։
147. Սույն կարգով նախատեսված տեղեկության փոխանցումն իրականացվում է՝ պահպանելով որդեգրման գաղտնիությունը։ Որդեգրման գործընթացում ներգրավված մարմիններն ու կազմակերպությունները տեղեկատվության փոխանցումը կազմակերպում են այնպիսի եղանակով, որը կբացառի դրանց բովանդակության հասանելիությունը համապատասխան իրավասություն կամ գործառույթ չունեցող անձանց:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
25.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 24-ի N 1391-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության նպատակը, իրականացման ձևերը, կազմակերպման և իրականացման փուլերը, տեխնիկական կանոնները, վերահսկողության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերման մեթոդները և վերահսկողությանն առնչվող այլ հարաբերություններ:
2. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
3. Վերահսկողություն իրականացնող մարմիններն են խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ ի դեմս երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողի (այսուհետ` մասնագիտացված սոցիալական աշխատող) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Կենտրոնական մարմին, այսուհետ միասին՝ վերահսկող մարմին)՝ վերահսկողության արդյունքների հիման վրա փաստաթղթեր ստեղծելով տեղեկատվական համակարգում:
4. Մասնագիտացված սոցիալական աշխատողը վերահսկողություն է իրականացնում՝
1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ.
3) օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ, եթե վերահսկողության ժամանակահատվածում երեխան շարունակում է բնակվել կամ բնակություն է հաստատում Հայաստանի Հանրապետությունում:
5. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերահսկողության դեպքում՝ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) շրջանակում Հայաստանի Հանրապետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության արդյունքով կազմված փաստաթուղթը տեղեկատվական համակարգով մասնագիտացված սոցիալական աշխատողը հասանելի է դարձնում Կենտրոնական մարմնին՝ համագործակից պետության կենտրոնական մարմնին փոխանցելու նպատակով:
6. Կենտրոնական մարմինը վերահսկողություն է իրականացնում օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրման դեպքում, եթե որդեգրողի ընտանիքը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս.
1) Կոնվենցիայի շրջանակում որդեգրված երեխաների խնամքի նկատմամբ՝ օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի, հավատարմագրված կազմակերպության կամ դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության հետ համագործակցության միջոցով հարցումների, տնայցերի կազմակերպման կամ օրենսդրությամբ նախատեսված այլ եղանակներով.
2) Կոնվենցիային չանդամակցող պետություն որդեգրված երեխայի որդեգրման դեպքում՝ այդ երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով դիմելով համապատասխան պետության իրավասու մարմնին կամ որդեգրողներին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկ- ներին՝ երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու ուղղությամբ նստավայր պետությունում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով:
7. Եթե որդեգրված երեխան տեղափոխվել է օտարերկրյա պետություն, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողի միջնորդության կամ հարցման դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական մարմինը՝ օտարերկրյա պետությունից ստացված՝ երեխայի խնամքի իրականացման վերաբերյալ կազմված փաստաթղթերն ու տեղեկությունները փոխանցելով մասնագիտացված սոցիալական աշխատողին:
2. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
8. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս մասնագիտացված սոցիալական աշխատողն իրավունք չունի կիրառել պատժողական որևէ մոտեցում: Մասնագիտացված սոցիալական աշխատողն ապահովում է մասնագիտական ծառայությունների տրամադրումն ընտանիքին՝ երեխային ընտանիքում ինտեգրելու, համակեցությունն ու համերաշխությունն ապահովելու, ընտանեկան միջավայր ձևավորելու, ինչպես նաև առաջացող սոցիալական խնդիրները կարգավորելու նպատակով:
9. Մասնագիտացված սոցիալական աշխատողն իր կողմից կիրառված աջակցության մասին տվյալները մուտքագրում է տեղեկատվական համակարգ:
10. Որդեգրված երեխայի բնակության վայրի փոփոխության դեպքում որդեգրողը պարտավոր է բնակության վայրի փոփոխությունից հետո՝ առնվազն մեկ ամսվա ընթացքում, տեղեկացնել նոր բնակության վայրի մասնագիտացված սոցիալական աշխատողին։
3. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
11. Վերահսկող մարմնի կողմից վերահսկողությունն իրականացվում է հանդիպումների, հարցազրույցների և այցելությունների միջոցով՝ ապահովելով որդեգրման գաղտնիությունը:
12. Որդեգրված երեխայի հետ հանդիպումներն ու հարցազրույցներն իրականացվում են հաշվի առնելով երեխայի՝ որդեգրման փաստի մասին իմացության կամ չիմացության փաստը:
13. Երեխայի՝ որդեգրման փաստի մասին իմացության կամ չիմացության փաստի մասին վերահսկող մարմինը տեղեկանում է որդեգրած անձից, իսկ իմացության մասին՝ նաև որդեգրված երեխայից:
14. Վերահսկող մարմինը տեղեկատվական համակարգի միջոցով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերում հանդիպումների, հարցազրույցների և այցելությունների ժամկետների մասին, եթե որդեգրողի կամ որդեգրված երեխայի հետ հանդիպումը, հարցազրույցի իրականացումը կամ որդեգրողի ընտանիք այցելությունը պայմանավորված չէ որդեգրված երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքը կանխելու անհրաժեշտությամբ կամ որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ ունեցած այնպիսի տեղեկություններով, որոնք ենթադրում են հրատապ միջամտություն և այդ ժամկետների վերաբերյալ նախնական պայմանավորվածության ձեռքբերումը չի խոչընդոտի որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ տեղեկությունների ամբողջական և օբյեկտիվ կերպով ձեռքբերմանը:
15. Հանդիպումների, հարցազրույցների և այցելությունների նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգի միջոցով առաջարկում է հանդիպման, հարցազրույցի կամ այցելության երեք տարբերակներ՝ նշելով օրը և ժամը: Որդեգրած անձը պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ընտրել այդ երեք տարբերակներից մեկը և տեղեկատվական անհատական օգտահաշվի միջոցով ամրագրել այդ օրն ու ժամը:
16. Վերահսկող մարմինն առաջին այցելությունն իրականացնում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, դրանից հետո՝ առնվազն 6 ամիսը մեկ անգամ:
17. Վերահսկող մարմինը`
1) սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի (այսուհետ` սեփականատեր) համաձայնությամբ մուտք է գործում երեխայի բնակության վայր.
2) ուսումնասիրում է երեխայի կենսապայմանները և դրանց ապահովվածությունը, տեղեկություն ստանալու երեխայի առողջության, ախտորոշիչ հետազոտությունների, ինչպես նաև նախասիրությունների, կրթության և այլ տվյալների մասին, անհրաժեշտության դեպքում՝ ստանում փաստաթղթերի պատճենները, երեխայի լուսանկարները.
3) անարգել շփվում է երեխայի և որդեգրած անձի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև մերձավոր ազգականների, հարևանների, կրթական, բժշկական կազմակերպությունների աշխատողների հետ` պահպանելով որդեգրման գաղտնիությունը.
4) կատարում է երեխայի լավագույն շահերից բխող՝ օրենքով նախատեսված այլ գործողություններ:
18. Որդեգրած ընտանիքի հետ այցելությունների փուլում նախատեսվում է հարցազրույցի և դիտարկման մեթոդներով պարզել՝
1) որդեգրած ընտանիքի բնակության վայրում կենցաղային պայմանների և կոմունալ-կենցաղային հարմարությունների հնարավոր փոփոխությունները, այդ թվում՝
ա. սանիտարահիգիենիկ պայմանները,
բ. բնակելի տարածքի չափը և սենյակների թիվը,
գ. ջրամատակարարման և ջրահեռացման, ջեռուցման, օդափոխման համակարգերի, սանհանգույցի առկայությունը և դրանց վիճակը.
2) որդեգրված երեխայի առողջական վիճակը, առողջապահական ծառայություններից օգտվելու մատչելիությունը, որդեգրված երեխայի բժշկական զննության պարբերականությունը, կանխարգելիչ պատվաստումների առկայությունը (անհրաժեշտության դեպքում), իսկ առողջական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում՝ նաև վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի ձեռքբերման խոչընդոտների առկայությունը.
3) որդեգրված երեխայի զարգացմանն ու կրթությանը վերաբերող տվյալները, այդ թվում՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան ուսումնական հաստատություններում ընդգրկված լինելու կամ չլինելու հանգամանքը, առաջադիմությունը, կրթություն ստանալու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, կրթություն ստանալու իրավունքի իրականացման մասին այլ անհրաժեշտ տեղեկություններ.
4) որդեգրած ընտանիքում տիրող միջանձնային հարաբերությունները, բարոյահոգեբանական մթնոլորտը, բռնությունների, որդեգրված երեխայի մոտ վարքային շեղումների առկայությունը և որդեգրված երեխայի պաշտպանվածության աստիճանը.
5) որդեգրած ընտանիքի բնակության վայրի փոփոխման դեպքում՝ նոր բնակության վայրի համապատասխանությունը երեխայի կարիքներին.
6) սոցիալական միջավայրում որդեգրված երեխայի ներգրավվածությունը՝ հարևանների, ընկերների հետ շփումների առկայությունը կամ դրանց բացակայությունը:
19. Վերահսկող մարմնի կողմից ամփոփվում են ձեռք բերված տեղեկությունները և դրանց հիման վրա, տեղեկատվական համակարգում վերահսկողական գործողություններն ավարտելուց անմիջապես հետո մեկ ժամվա ընթացքում կազմվում է վերահսկողության ընթացիկ արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որում հստակ նշվում են արձանագրության կազմման օրը և ժամը, բնակարանի գտնվելու վայրը, գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները և իրականացված գործողությունները: Սույն կետում նշված արձանագրությունը ստորագրում են հանդիպում, հարցազրույց կամ այցելություն իրականացրած ծառայողը և որդեգրած անձը:
20. Արձանագրության հիման վրա որդեգրած անձին, նրա ամուսնուն կամ ընտանիքի անդամին, ըստ անհրաժեշտության, մասնագիտացված սոցիալական աշխատողը կարող է տրամադրել խորհրդատվություն և մեթոդական աջակցություն, որի ընթացքն ու արդյունքները լրացվում են տեղեկատվական համակարգում:
21. Սույն կարգի 19-րդ կետում նշված արձանագրությունը տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի է լինում որդեգրած անձին։
22. Որդեգրած ընտանիք այցելություններն իրականացվում են՝
1) սույն կարգի 16-րդ կետում նշված կարգավորումներին համապատասխան.
2) եթե այդպիսի խնդրանքով վերահսկող մարմին գրավոր դիմել է որդեգրած ծնողը կամ որդեգրված երեխան.
3) եթե առկա է ահազանգ որդեգրած ընտանիքում երեխայի իրավունքների խախտման, առողջական վիճակի վատթարացման, նրա խնամքի կամ դաստիարակության ոչ պատշաճ կատարման մասին.
4) եթե առկա են հիմնավոր պատճառներ որդեգրած ընտանիքում երեխայի վիճակը ռիսկային համարելու համար՝ երեխայի պաշտպանության դեպք վարելով:
23. Հանդիպումները, հարցազրույցները և այցելությունները կազմակերպվում են այնպես, որ որդեգրած ընտանիքը պաշտպանված լինի հանրային հետաքրքրությունից, բացառվի որդեգրման գաղտնիքի հրապարակումը և չառաջացնի հետաքրքրություն որդեգրած ընտանիքի բնակության վայրում՝ հարևանների, կրթական, բժշկական և այլ ծառայություններ մատուցող հաստատությունների կամ կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ:
24. Նախքան հանդիպումը, հարցազրույցը կամ այցելությունը սկսելը, վերահսկող մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է վկայական (պաշտոնական փաստաթուղթ):
25. Որդեգրած ծնողի և որդեգրված երեխայի հետ հանդիպումները և հարցազրույցները կարող են իրականացվել ինչպես որդեգրած ընտանիքի բնակության վայր կատարված այցելությունների ընթացքում, այնպես էլ նրանց փաստացի գտնվելու ցանկացած այլ վայրում:
26. Որդեգրած անձի և որդեգրված երեխայի հետ հանդիպումները և հարցազրույցներն իրականացվում են միմյանց ներկայությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ միմյանց ներկայությամբ հանդիպումը չի բխում երեխայի լավագույն շահերից:
4. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
27. Վերահսկողության ընթացքում անմիջական շփման փուլում անհրաժեշտ տեղեկությունները ձեռք են բերվում հարցազրույցի և դիտարկման մեթոդների կիրառմամբ:
28. Հարցազրույցի ընթացքում մասնագիտացված սոցիալական աշխատողը զրույց է իրականացնում որդեգրած ծնողի և որդեգրված երեխայի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ընտանիքի այլ անդամների հետ՝ սահմանված տեղեկությունների ձեռքբերման համար, միաժամանակ ստուգվում է նաև ներկայացվող տվյալների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ մարմիններից կամ կազմակերպություններից ստացված տվյալներին:
29. Դիտարկման մեթոդով ճշտվում է, թե որքանով են որդեգրած ծնողի կամ որդեգրված երեխայի ներկայացրած տվյալները համապատասխանում իրականությանը, ինչպես նաև զննման և հետազոտման միջոցով ստացվում են անհրաժեշտ այնպիսի տեղեկություններ, որոնք չեն պարզվել կամ հնարավոր չէ դրանք պարզվել հարցազրույցի միջոցով:
5. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
30. Եթե վերահսկողության արդյունքում, վերահսկող մարմինը հայտնաբերում է երեխայի իրավունքների խախտում կամ որդեգրած ծնողը չի ապահովում որդեգրված երեխայի հիմնական պահանջմունքները, ներառյալ` սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի պարագաների, բնակության վայրի, բժշկական օգնության և սպասարկման, միջնակարգ կրթության, բնակարանային կոմունալ ծառայությունների, ապա վերահսկող մարմինը տրամադրում է 30 օր՝ բացահայտված թերությունները վերացնելու համար, բացառությամբ, եթե երեխայի կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնում:
31. Երեխայի կյանքի կամ առողջությանը վտանգ սպառնալու դեպքում երեխան անմիջապես վերցվում է ընտանիքից՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմակերպելով երեխայի այլընտրանքային խնամքը:
32. Սույն կարգի 30-րդ կետում նշված ժամկետում մասնագիտացված սոցիալական աշխատողն աջակցություն է տրամադրում ընտանիքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմում նաև ընտանիքի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ օրենքով սահմանված սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
33. Եթե նույն ընտանիքում երկրորդ անգամ է հայտնաբերում երեխայի իրավունքների՝ սույն կարգի 30-րդ կետով նախատեսված խախտումներից մեկը, ապա վերահսկող մարմինը նախաձեռնում է ծնողական իրավունքների սահմանափակման գործընթաց:
34. Եթե վերահսկողության արդյունքում, վերահսկող մարմինը հայտնաբերում է երեխայի նկատմամբ բռնության դեպք կամ բռնության հիմնավոր կասկած, վերահսկող մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը (այսուհետ՝ Ոստիկանություն):
35. Եթե Ոստիկանությունը որդեգրած անձին «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառում է որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողը որդեգրված երեխային վերցնում է որդեգրող ընտանիքից և նախաձեռնում է ծնողական իրավունքների սահմանափակման գործընթաց:
36. Եթե «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով Ոստիկանության կողմից կանխարգելիչ հաշվառվում է որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ որդեգրող անձանցից մեկը, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողը որդեգրված երեխային չի վերցնում որդեգրող ընտանիքից և կազմակերպում է որդեգրող մյուս ծնողի ու որդեգրված երեխայի պաշտպանություն՝ օրենքով սահմանված կարգով:
37. Եթե որդեգրող ծնողը որդեգրված երեխայի նկատմամբ կատարում է դիտավորյալ հանցագործություն, ապա որդեգրող ծնողի նկատմամբ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, մասնագիտացված սոցիալական աշխատողը դիմում է դատարան՝ դատապարտյալի կարգավիճակ ունեցող՝ որդեգրած անձի կողմից՝ հաստատված որդեգրման վերացման հայցով:
38. Եթե որդեգրող ծնողը չարամտորեն խուսափում է ծնողական պարտականությունները կատարելուց կամ առկա են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքեր, ապա այդ խուսափելու փաստը կամ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերը հիմնավորող փաստերը Ոստիկանության, դատարանի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարության, մարզերում՝ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կամ համայնքի կողմից իրենց լիազորությունների շրջանակում արձանագրելուց և դրա մասին գրավոր մասնագիտական սոցիալական աշխատողին իրազեկելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, մասնագիտական սոցիալական աշխատողը դիմում է դատարան՝ որդեգրման վերացման հայցով:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
25.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2026 թվական: