ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
11 սեպտեմբերի 2026 թվականի ք. Երևան |
թիվ 111-Ն |
ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեսալսողական հաղորդումներում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2026 թ. սեպտեմբերի 11 ք. Երևան |
|
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2026 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 111-Ն որոշման |
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ
1․ Սույն որոշմամբ սահմանվում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ տեսալսողական հաղորդումներում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները (այսուհետ նաև՝ Չափորոշիչներ)։
2. Սույն որոշման նպատակն է ապահովել Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի կիրառման իրավական որոշակիությունը, դրա միասնական, համաչափ և կանխատեսելի կիրառումը, ինչպես նաև նպաստել տեսալսողական մեդիայում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման կանխարգելմանը։
3. Սույն Չափորոշիչների կիրառման իմաստով
բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն է համարվում՝՝ տեղեկատվություն, որն իր բովանդակությամբ, ներկայացման եղանակով, արտահայտչամիջոցներով և ընդհանուր համատեքստով պարունակում է ուղղվածություն ձևավորելու բռնության և դաժանության նկատմամբ դրական, ընդունելի, անհրաժեշտ, ընդօրինակման արժանի վերաբերմունք, և ուղղված է դրանց արդարացմանը, խրախուսմանը, հերոսացմանը, նորմալացմանը, ինչպես նաև բռնության և դաժանության կատարմանն ու կիրառմանը դրդելուն։
4․ Տեսալսողական հաղորդումներում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության առկայությունը գնահատելիս կիրառվում են հետևյալ համակցված չափորոշիչները՝
1) տեսալսողական հաղորդման ընդհանուր համատեքստը՝ գնահատվում է, թե հաղորդման ամբողջական բովանդակության և ներկայացման համատեքստում բռնության և դաժանության պատկերումը կամ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ինչպիսի իմաստային նշանակություն ունի, և արդյոք այն ներկայացվում է որպես արդարացվող, գովաբանվող, խրախուսվող, դրական գնահատականի արժանացած կամ ընդօրինակման արժանի, թե դատապարտման արժանի երևույթ․
2) տեսալսողական հաղորդման նպատակը՝ գնահատվում է, թե արդյոք հաղորդման նպատակն է տեղեկացնել, իրազեկել, կրթել, վերլուծել, քննարկել, փաստագրել կամ գեղարվեստական ձևով ներկայացնել որևէ երևույթ, թե ձևավորել բռնության և դաժանության նկատմամբ դրական վերաբերմունք, ինչպես նաև բռնության և դաժանության կատարմանը կամ կիրառմանը դրդելը.
3) տեղեկատվության ներկայացման եղանակը՝ գնահատվում է տեղեկատվության ներկայացման ձևը, ներառյալ՝ օգտագործված բառապաշարը, մոնտաժը, տեսողական և ձայնային արտահայտչամիջոցները, կադրերի ընտրությունը, կադրից դուրս հնչող տեքստը կամ խոսքը, կրկնվող ցուցադրումը, ինչպես նաև ներկայացման այլ միջոցները՝ պարզելու, թե արդյոք դրանք նպաստում են բռնության և դաժանության արդարացմանը, գովաբանմանը, խրախուսմանը, դրանց նկատմամբ դրական կամ ընդունելի վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև բռնության և դաժանության կատարմանը կամ կիրառմանը դրդելուն.
4) հեղինակի, հաղորդավարի կամ հաղորդման այլ մասնակցի արտահայտած դիրքորոշումը՝ գնահատվում է, թե արդյոք հաղորդման ընթացքում բռնության և դաժանության վերաբերյալ արտահայտվում են հավանություն, արդարացում, խրախուսում, հերոսացում և դրանք ներկայացվում են որպես ընդօրինակման կամ այլ դրական գնահատականի արժանի վարքագիծ։ Գնահատվում է նաև հաղորդավարի կամ խմբագրակազմի արձագանքը նման հայտարարություններին.
5) տեսալսողական հաղորդման ընդհանուր ուղերձը և ազդեցությունը՝ գնահատվում է, թե հաղորդման ամբողջական ընկալման արդյունքում ինչ հիմնական գաղափար կամ վերաբերմունք է փոխանցվում լսարանին, և արդյոք տեսալսողական հաղորդման ընդհանուր ուղերձը, դրա բովանդակությունը և ներկայացման եղանակը ուղղված են բռնության և դաժանության նկատմամբ դրական, ընդունելի կամ ընդօրինակման արժանի վերաբերմունք ձևավորելուն կամ խրախուսելուն։
6) տեղեկատվության տարածման ձևաչափը՝ գնահատվում է տեղեկատվության ընդգծված ներկայացումը, դիտողի ուշադրությունը գրավելու նպատակով խոսքային, տեսողական և տեխնիկական շեշտադրումները:
5․ Բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության առկայությունը գնահատվում է սույն չափորոշիչներով նախատեսված հանգամանքների համակցված գնահատման հիման վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները։ Առանձին չափորոշչի առկայությունը կամ բացակայությունն ինքնին բավարար չէ տեղեկատվությունը բռնության և դաժանության քարոզ պարունակող գնահատելու համար։ Հանձնաժողովը յուրաքանչյուր դեպքում գնահատում է բոլոր համապատասխան հանգամանքները՝ դրանց ամբողջության մեջ։
6․ Բռնության և դաժանության պատկերումը, նկարագրությունը կամ փաստական ներկայացումը ինքնին չի համարվում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն, եթե դրա ներկայացման եղանակը, բովանդակությունը և համատեքստը չեն վկայում բռնության և դաժանության արդարացման, խրախուսման, հերոսացման, նորմալացման և դրանց կիրառման դրդման մասին։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2026 թվական: