ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0133/04/17 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0133/04/17 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
| զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի հուլիսի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) դիմումի՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2023 թվականի որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին ճանաչել սնանկ։
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.07.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 13.09.2022 թվականի վճռով ավարտվել է անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի սնանկության գործը, վերջինիս գործունեությունը համարվել է դադարած` այդ մասին իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում գրանցում կատարելու պահից:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.05.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.09.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանը (այսուհետ՝ Կառավարիչ) պարտավոր էր գույքագրել անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի գույքը և արգելանք կիրառել այդ գույքի, մասնավորապես՝ «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******1 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ, որը վերջինիս կողմից չի կատարվել, ինչի արդյունքում էլ գույքն իրացվել է։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր հետ Կառավարչի հաշվարկները դեռևս ավարտված չեն, իսկ Դատարանը սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կարող էր կայացնել միայն իր հետ Կառավարչի հաշվարկներն ավարտված լինելու դեպքում։ Բացի այդ, Կառավարչի ներկայացրած միջնորդությամբ պետք է հիմնավորված լիներ, որ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանը գույք չունի կամ դրա վրա բռնագանձում չի տարածվել։
Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վերանայել բողոքարկվող դատական ակտը բողոքում ներկայացված հիմքերի սահմաններում, քանի որ փաստացի առկա են եղել դատական ակտը վերանայելու հիմքերը, այն է՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո վերջինիս ամուսնու՝ Նորայր Գրիգորյանի անվամբ հաշվառված «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի ավտոմեքենան 26.06.2021 թվականին գրանցվել է Արման Նազարյանի անվամբ, իսկ նշված ավտոմեքենայի հայտնաբերման համար Կառավարիչը պատշաճ չի իրականացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանը 02.07.2018 թվականի վճռով, հիմք ընդունելով նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը, Կոմիտեի դիմումը բավարարել է՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին ճանաչել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 33-35)․
2) Կառավարիչը 15.07.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ խնդրելով անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******2 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարել հետախուզում։ Միջնորդությամբ միաժամանակ հայտնել է, որ «11․05․2018թ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման համաձայն՝ Քրիստինե Պողոսյանի ամուսին՝ Նորայր Գրիգորյանի անվամբ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք է բերվել TOYOTA KLUGER 3.0 մակնիշի, *******3 պետհամարանիշի ավտոմեքենան։ ՀՀ Ոստիկանության «ՃՈ» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի 21․05․2021թ․ գրությամբ հայտնվել է, որ «ՃՈ» էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ 31․05․2021թ․ դրությամբ TOYOTA KLUGER 3.0 մակնիշի, *******4 հաշվառման համարանիշի, MC 250013562 թափքի համարով ավտոմոբիլը 24․01․2013թ․-ից մինչ օրս հաշվառված է Նորայր Վարուժանի Գրիգորյանի անվամբ։ (․․․) Սնանկության գործով կառավարչի կողմից գրություն էր ուղարկվել Նորայր Վարուժանի Գրիգորյանին՝ TOYOTA KLUGER 3.0 մակնիշի, *******5 հաշվառման համարանիշի մեքենան գույքագրում, գույքազննում իրականացնելու համար Ա/Ձ Քրիստինե Պողոսյանի սնանկության գործով կառավարչին տրամադրելու վերաբերյալ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ TOYOTA KLUGER 3.0 մակնիշի, *******6 հաշվառման համարանիշի մեքենան պարտապան Ա/Ձ Քրիստինե Պողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերված գույք է, իսկ Նորայր Վարուժանի Գրիգորյանը սնանկության կառավարչի գրությունը ստացել է 15․06․2021թ․-ին, սակայն մեքենան չի տրամադրել կառավարչին գույքագրման համար, (…)» (հատոր 5-րդ, գ.թ․ 159)․
3) Դատարանի 04.08.2021 թվականի որոշմամբ Կառավարչի միջնորդությունը բավարարվել է՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող և Նորայր Գրիգորյանի անվամբ հաշվառված «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******7 համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Դատարանի կողմից 04․08․2021 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 5-րդ, գ.թ. 164-167)․
4) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության` թիվ 07955123 կատարողական վարույթն ավարտելու մասին 15.09.2021 թվականի որոշման համաձայն՝ ձեռնարկված կատարողական գործողությունների արդյունքում «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******8 հաշվառման համարանիշի ավտոմեքենան չի հայտնաբերվել, և Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցի նկատմամբ 26.06.2021 թվականին գրանցվել է Արման Նազարյանի սեփականության իրավունքը (հատոր 5-րդ, գ.թ. 191)․
8) Կառավարիչը 15.02.2022 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ խնդրելով անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին և Նորայր Գրիգորյանին պարտավորեցնել ամուսնության ընթացքում ձեռք բերված՝ համատեղ սեփականություն համարվող «TOYOTA KLUGER 3,0» մակնիշի *******9 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարի՝ 1.000.000 ՀՀ դրամի 1/2 մասը փոխանցել անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի սնանկության հատուկ հաշվին՝ որպես պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված միջոցներ, ինչպես նաև՝ անդորրագիրը հանձնել Կառավարչին (հատոր 6-րդ, գ.թ. 65)․
9) Դատարանը 21.02.2022 թվականի որոշմամբ Կառավարչի 15․02․2022 թվականի միջնորդությունը մերժել է՝ արձանագրելով, որ «սնանկության կառավարչի միջնորդության հիմքում դրված փաստական հանգամանքների նկատմամբ իր կողմից վկայակոչված իրավական նորմը (օրենքի 79-րդ հոդված) կիրառելի չէ: Ընդ որում, պետք է փաստել, որ պարտապանի համատեղ ամուսնության ընթացքում գույքի վաճառքից ստացված գումարի 1/2 մասը սնանկության հատուկ հաշվին մուտքագրելուն պարտավորեցնելու մասին միջնորդությունը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չի կարգավորվում» (հատոր 6-րդ, գ.թ. 73-76)․
5) Կառավարիչը 17.08.2022 թվականին Դատարան է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն, որին կից ներկայացրել է նաև վերջնական հաշվետվությունը, ինչի հիմքում դրել է հետևյալը․ «հաշվի առնելով կառավարչի կողմից կատարված որոնողական աշխատանքները և հիմք ընդունելով հարցումների պատասխանները, որոնց համաձայն՝ պարտապան Ա/Ձ Քրիստինե Պողոսյանի անվամբ այլևս առկա չէ այլ շարժական և անշարժ գույք, ուստի ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի պահանջով ծանուցում եմ դատարանին՝ պարտապանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասին» (հատոր 6-րդ, գ.թ. 81-86)․
6) Կադաստրի կոմիտեի կողմից 23․10․2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, ինչպես նաև սնանկությանը նախորդող հինգ տարիների ընթացքում անշարժ գույքի նկատմամբ օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում կատարված չէ (հատոր 6-րդ, գ.թ. 91)․
7) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27․10․2020 թվականի թիվ 17/3‑19683 գրության համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի անվամբ գրանցված, հաշվառված, նախկինում (հինգ տարվա ընթացքում) գրանցումից և հաշվառումից հանված տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքերում գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառված լինելու, նախկինում հաշվառումից հանված լինելու վերաբերյալ գրառումներ չկան (հատոր 6-րդ, գ.թ. 92)․
8) Կոմիտեի 23․10․2020 թվականի թիվ 11/11-7/67860 գրության համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի կողմից 02․07․2013-02․07․2018 թվականներն ընկած ժամանակահատվածում կատարված գործարքի վերաբերյալ տեղեկատվություն՝ մաքսային վիճակագրական տվյալների շտեմարանում, ինչպես նաև մաքսային հսկողության ներքո գտնվող գույքի վերաբերյալ տեղեկատվություն՝ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության տեղեկատվական բազայում, առկա չեն (հատոր 6-րդ, գ.թ. 93)․
9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 20․10․2020 թվականի թիվ ԱԱ/25․1/29784 գրության համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի անվամբ 20․10․2020 թվականի դրությամբ ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող ու լողացող ապարատների և սարքավորումների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ մասերի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չէ (հատոր 6-րդ, գ.թ. 94)․
10) Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի 10․11․2020 թվականի թիվ 09․1/15287 գրության համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի անվամբ գույք, իրավունքներ, ինչպես նաև վերջին հինգ տարվա ընթացքում որևէ գործարք կամ իրավունքի փոխանցում չի գրանցվել (հատոր 6-րդ, գ.թ. 95)․
11) Կոմիտեն 30.08.2022 թվականին անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի սնանկության գործն ավարտելու միջնորդության դեմ առարկություն է ներկայացրել՝ այն հիմնավորմամբ, որ Կառավարիչը պարտավոր էր գույքագրել պարտապանի գույքը, արգելանք կիրառել վերջինիս գույքի, տվյալ դեպքում՝ «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******10 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ, որը չի կատարվել, ինչի արդյունքում էլ գույքն իրացվել է, հետևաբար Կառավարիչը պատշաճ չի իրականացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունները (հատոր 6-րդ, գ.թ. 120, 121)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3‑րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով սնանկության վարույթն ավարտելու համար անհրաժեշտ՝ կառավարչի կողմից իրականացվող գործողություններին և դրանց առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար։
Նույն հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում:
Մինչև 15․04․2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, (...):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի գնահատումն իրականացնում է կառավարիչը: Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչն իրավունք ունի հրավիրելու անկախ գնահատող պարտապանին պատկանող գույքի գնահատման համար` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին։
Մինչև 15․04․2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու և մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծության ներկայացման ժամկետը ողջամիտ ժամկետով: (...)։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության գործով նշանակված կառավարիչը պարտավոր է իրականացնել օրենքով սահմանված որոշակի գործողություններ՝ պարտապանին պատկանող գույքի և այլ ակտիվների հավաքագրման ուղղությամբ: Մասնավորապես՝ պարտապանի գույքային դրությունն ուսումնասիրելու նպատակով սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օգտագործել գույքագրման արդյունքում ձեռք բերված ֆինանսական տվյալները, ձեռնարկել միջոցներ՝ պարտապանին պատկանող, սակայն երրորդ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը վերադարձնելու ուղղությամբ: Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է նաև պարտապանի գույքային դրությունը պարզելու և տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ կատարել համապատասխան մարմիններին, հաշվապահական հաշվետվությունների ստուգման ու գույքագրման արդյունքում տարաձայնությունների հայտնաբերման դեպքերում բացահայտել անհամապատասխանության պատճառները, ձեռնարկել միջոցներ գույքի վերադարձման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում վերականգնել անշարժ գույքի փաստաթղթերը և իրականացնել այդ գույքի պետական գրանցում, սահմանված կարգով հայց ներկայացնել ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու ու վնասները հատուցելու պահանջով: Վերոնշյալ գործողություններն ուղղված են պարտապանին պատկանող գույքի հայտնաբերմանը և, համապատասխանաբար, դրանց՝ սնանկության վարույթում պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելուն (տե՛ս ըստ Պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.03.2025 թվականի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի վերջնական հաշվետվությունը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարան ներկայացվող վերջնական հաշվետվությանը կցվում են՝
ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը.
բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.
գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:
Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է պարտատերերի պահանջների ամբողջական բավարարման անհնարինության պայմաններում սնանկության գործը պարտապանի լուծարմամբ ավարտելու կարգը: Մասնավորապես, նշված նորմի վերլուծությունից բխում է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո վերջինս պարտավոր է դատարան ներկայացնել վերջնական հաշվետվություն, որը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ: Ընդ որում վերջնական հաշվետվությունն ինքնին բավարար չէ սնանկության գործն ավարտելու համար: Օրենսդիրն ամրագրել է դրույթ առ այն, որ վերջնական հաշվետվությանը կառավարիչը պետք է կցի նաև պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը, պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները, պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը (տե՛ս ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումի թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2021 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սնանկության գործը հնարավոր է ավարտել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացմամբ, այնպես էլ՝ պարտապանի լուծարումով: Սնանկության գործը պարտապանի լուծարումով ավարտելու իրավական հիմքերից մեկը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածն է: Այդ հիմքով սնանկության գործը կարող է ավարտվել, եթե պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները սահմանված կարգով բաշխելուց հետո այլևս բացակայում է այլ գործողությունների կատարման անհրաժեշտությունը: Այդ դեպքում կառավարիչը դատարան պետք է ներկայացնի սնանկության գործով վերջնական հաշվետվությունը, որը պետք է պարունակի՝
1) ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ,
2) միջնորդություն, որում հիմնավորվում է պարտապանի սնանկության գործն ավարտելու անհրաժեշտությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության գործն ավարտելու համար էական է այն հանգամանքը, թե արդյոք կառավարիչը ձեռնարկել է իրենից կախված անհրաժեշտ ու բավարար միջոցներպարտապանի ակտիվների հավաքման ուղղությամբ և արդյոք ներկայացրել է դրանց հավաքագրման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ հստակ տեղեկություններ: Այսինքն՝ սնանկության գործով կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել իրենից կախված և պարտապանի գույքի հայտնաբերման համար էական նշանակություն ունեցող գործողություններ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով սնանկության գործն ավարտելու հարցը քննարկելիս դատարանները պետք է պարզեն՝
1) արդյո՞ք միջնորդությանը կից ներկայացվել են պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը, պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները, պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը,
2) արդյո՞ք կառավարիչը ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ պարտապանի ակտիվների հավաքման ուղղությամբ,
3) արդյո՞ք կառավարչի կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը պարունակում է ամփոփ և հստակ տեղեկատվություն ակտիվների հավաքման վերաբերյալ,
4) արդյո՞ք միջնորդության մեջ նշված հիմնավորումները բավարար են սնանկության գործն ավարտելու համար (տե՛ս ըստ Պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.03.2025 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 02.07.2018 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանը ճանաչվել է սնանկ:
Կառավարիչը 15.07.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ խնդրելով անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******11 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարել հետախուզում։ Միջնորդությամբ միաժամանակ հայտնել է, որ «11․05․2018թ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման համաձայն՝ Քրիստինե Պողոսյանի ամուսին՝ Նորայր Գրիգորյանի անվամբ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք է բերվել TOYOTA KLUGER 3.0 մակնիշի, *******12 պետհամարանիշի ավտոմեքենան։ ՀՀ Ոստիկանության «ՃՈ» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի 21․05․2021թ․ գրությամբ հայտնվել է, որ «ՃՈ» էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ 31․05․2021թ․ դրությամբ TOYOTA KLUGER 3.0 մակնիշի, *******13 հաշվառման համարանիշի, MC 250013562 թափքի համարով ավտոմոբիլը 24․01․2013թ․-ից մինչ օրս հաշվառված է Նորայր Վարուժանի Գրիգորյանի անվամբ։ (․․․) Սնանկության գործով կառավարչի կողմից գրություն էր ուղարկվել Նորայր Վարուժանի Գրիգորյանին՝ TOYOTA KLUGER 3.0 մակնիշի, *******14 հաշվառման համարանիշի մեքենան գույքագրում, գույքազննում իրականացնելու համար Ա/Ձ Քրիստինե Պողոսյանի սնանկության գործով կառավարչին տրամադրելու վերաբերյալ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ TOYOTA KLUGER 3.0 մակնիշի, *******15 հաշվառման համարանիշի մեքենան պարտապան Ա/Ձ Քրիստինե Պողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերված գույք է, իսկ Նորայր Վարուժանի Գրիգորյանը սնանկության կառավարչի գրությունը ստացել է 15․06․20214թ․-ին, սակայն մեքենան չի տրամադրել կառավարչին գույքագրման համար, (…)»։
Դատարանի 04.08.2021 թվականի որոշմամբ Կառավարչի միջնորդությունը բավարարվել է՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող և Նորայր Գրիգորյանի անվամբ հաշվառված «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******16 համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ թիվ 07955123 կատարողական վարույթն ավարտելու մասին 15.09.2021 թվականի որոշմամբ նշվել է, որ ձեռնարկված կատարողական գործողությունների արդյունքում «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, ******17 հաշվառման համարանիշի ավտոմեքենան չի հայտնաբերվել, և Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցի նկատմամբ 26.06.2021 թվականին գրանցվել է Արման Նազարյանի սեփականության իրավունքը:
Կառավարիչը 17.08.2022 թվականին Դատարան է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն, որին կից ներկայացրել է նաև վերջնական հաշվետվությունը, որի հիմքում դրել է հետևյալը․ «հաշվի առնելով կառավարչի կողմից կատարված որոնողական աշխատանքները և հիմք ընդունելով հարցումների պատասխանները, որոնց համաձայն՝ պարտապան Ա/Ձ Քրիստինե Պողոսյանի անվամբ այլևս առկա չէ այլ շարժական և անշարժ գույք, ուստի ղեկավարվելով Սնանկության մասին ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի պահանջով ծանուցում եմ դատարանին՝ պարտապանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասին»։
Միջնորդությանը կից Կառավարիչը ներկայացրել է նաև՝
1․ Կադաստրի կոմիտեի կողմից 23․10․2020 թվականին տրված տեեկանքը, որի համաձայն՝ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, ինչպես նաև սնանկությանը նախորդող հինգ տարիների ընթացքում անշարժ գույքի նկատմամբ օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում կատարված չէ,
2․ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27․10․2020 թվականի թիվ 17/3-19683 գրությունը, որի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի անվամբ գրանցված, հաշվառված, նախկինում (հինգ տարվա ընթացքում) գրանցումից և հաշվառումից հանված տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքերում գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառված լինելու, նախկինում հաշվառումից հանված լինելու վերաբերյալ գրառումներ չկան,
3․ Կոմիտեի 23․10․2020 թվականի թիվ 11/11-7/67860 գրությունը, որի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի կողմից 02․07․2013-02․07․2018 թվականներն ընկած ժամանակահատվածում կատարված գործարքի վերաբերյալ տեղեկատվություն՝ մաքսային վիճակագրական տվյալների շտեմարանում, ինչպես նաև մաքսային հսկողության ներքո գտնվող գույքի վերաբերյալ տեղեկատվություն՝ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության տեղեկատվական բազայում, առկա չէ,
4․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 20․10․2020 թվականի թիվ ԱԱ/25․1/29784 գրությունը, որի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի անվամբ 20․10․2020 թվականի դրությամբ ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող ու լողացող ապարատների և սարքավորումների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ մասերի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չէ,
5․ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի 10․11․2020 թվականի թիվ 09․1/15287 գրությունը, որի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի անվամբ գույք, իրավունքներ, ինչպես նաև վերջին հինգ տարվա ընթացքում որևէ գործարք կամ իրավունքի փոխանցում չի գրանցվել։
Դատարանը, 13.09.2022 թվականի վճռով ավարտելով սնանկության գործը, արձանագրել է, որ․
- «Վերջնական հաշվետվությամբ պարտապանի ակտիվների հավաքագրման վերաբերյալ ամփոփ տեղեկությունում նշված փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ կառավարչի կողմից պարտապանի ակտիվների հավաքագրմանն ուղղված բոլոր միջոցառումները և հավաքագրված ակտիվների «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բաշխումը կատարվել է պատշաճ, որին հետևել են պարտատերերը, մասնավորապես` սնանկության հետևանքով անհատ ձեռնարկատեր Քրիստինե Էդիկի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքից ստացված դրամական միջոցները սնանկության կառավարիչը բաշխել է հաստատված և չառարկված բաշխման ծրագրով նախատեսված առաջնահերթությամբ և ապահովվածությամբ (…): Իսկ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Էդիկի Պողոսյանին պատկանող այլ գույք չի հայտնաբերվել: (...) Դատարանը փաստում է, որ պարտապանի ամուսնուն պատկանող, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված տրանսպորտային միջոցի նկատմամբ Դատարանի որոշմամբ հայտարարված հետախուզման արդյունքում կատարողական վարույթն ավարտվել է գույքի՝ հայտնաբերման անհնարինությամբ և սնանկության կառավարչի կողմից ձեռնարկված բոլոր գործողությունները` ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ եղել են ապարդյուն: Այսինքն` սնանկության կառավարիչը անհատ ձեռնարկատեր Քրիստինե Էդիկի Պողոսյանի սնանկության գործով նշված պարտատերերի հետ ավարտել են հաշվարկները»։
Վերաքննիչ դատարանը 26.05.2023 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 13.09.2022 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին՝ պատճառաբանելով, որ «(…) Դատարանն իրավամբ հանգել է հետևության, որ սնանկության գործն ավարտելու վերաբերյալ սնանկության կառավարչի միջնորդությունը հիմնավոր է և անհատ ձեռնարկատեր Քրիստինե Էդիկի Պողոսյանի սնանկության գործը ենթակա էր ավարտման»։
Վերաքննիչ դատարանը Կոմիտեի այն դիրքորոշումը, որ «կառավարիչը պարտավոր էր գույքագրել Պարտապանի գույքերը, արգելանք կիրառեր գույքի նկատմամբ (տվյալ պարագայում «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******18 հաշվառման համարանիշի ավտոմեքենա), որը չի կատարվել կառավարչի կողմից, ինչի արդյունքում էլ գույքը իրացվել է: Միաժամանակ, հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, սնանկության գործով կառավարիչը իրավունք ուներ դիմելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերը նշված խնդրո առարկայի հարցով և որը իր կողմից չի կատարվել: Ինչի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված 25.08.2022թ. թիվ 11/11-5/61456-2022 առարկությամբ Կառավարչին առաջարկվել է գումարի բռնագանձման վերաբերյալ հայց ներկայացնել դատարան և թիվ ԵԱԴԴ/0133/04/17 սնանկության գործն ավարտելու վերաբերյալ Կառավարչի միջնորդությունը մերժել», համարել է առարկայազուրկ այն պատճառաբանությամբ, որ «(...) դրանք առավելապես վերաբերում են Կառավարչի գործողությունները ոչ պատշաճ իրականացված լինելուն, մինչդեռ այդպիսիք չեն կարող սնանկության գործը՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, ավարտելու խոչընդոտ հանդիսանալ, քանի որ այդ գործողությունների կամ հնարավոր անգործության վիճարկումը պետք է տեղի ունենար սնանկության վարույթի ընթացքում, այլ ոչ թե ավարտի հարցի քննարկման ժամանակ»:
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ։
Սույն գործով Կառավարիչը 17.08.2022 թվականին Դատարան է ներկայացրել սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն՝ կից ներկայացնելով նաև վերջնական հաշվետվությունը, և, ի հավաստում դրանում նշված տեղեկությունների, ներկայացրել է նաև Կադաստրի կոմիտեի կողմից 23․10․2020 թվականին տրված տեղեկանքը, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27․10․2020 թվականի թիվ 17/3-19683 գրությունը, Կոմիտեի 23․10․2020 թվականի թիվ 11/11-7/67860 գրությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 20․10․2020 թվականի թիվ ԱԱ/25․1/29784 գրությունը, Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի 10․11․2020 թվականի թիվ 09․1/15287 գրությունը, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 15.09.2021 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումը, որով հաստատվում է, որ թիվ 07955123 կատարողական վարույթն ավարտվել է, քանի որ ձեռնարկված կատարողական գործողությունների արդյունքում «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******19 հաշվառման համարանիշի ավտոմեքենան չի հայտնաբերվել։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Կառավարիչը, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել է իրենից կախված և պարտապանի գույքի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ ու բավարար միջոցներ, մասնավորապես՝ պարզելով, որ պարտապան անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի ամուսնու՝ Նորայր Գրիգորյանի անվամբ հաշվառված է «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******20 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, գրություն է ուղարկել վերջինիս՝ խնդրելով տրամադրել ավոտմեքենան, որպեսզի իրականացվի այդ ավտոմեքենայի գույքագրում և գույքազննում: Մինչդեռ Նորայր Գրիգորյանը, 15․06․2021 թվականին ստանալով Կառավարչի գրությունը, որևէ գործողություն չի կատարել և ավտոմեքենան չի տրամադրել գույքագրում ու գույքազննում իրականացնելու համար:
Այնուհետև՝ Կառավարիչը 15.07.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ վերը նշված ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ, որը Դատարանի կողմից բավարարվել է, սակայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 15.09.2021 թվականի որոշմամբ թիվ 07955123 կատարողական վարույթն ավարտվել է, քանի որ ձեռնարկված կատարողական գործողությունների արդյունքում «TOYOTA KLUGER 3.0» մակնիշի, *******21 հաշվառման համարանիշի ավտոմեքենան չի հայտնաբերվել:
Այսինքն՝ պարտապան անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը հայտնաբերել հնարավոր չի եղել, և այդ մասով Կառավարիչը հնարավոր բոլոր գործողություններն իրականացրել է: Հետևաբար սույն գործով ինչպես Կառավարչի, այնպես էլ Դատարանի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունները՝ ուղղված պարտապան անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի գույքի հայտնաբերմանը, եղել են ապարդյուն։
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքագրման աշխատանքների իրականացման համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որևէ հստակ ընթացակարգ չի սահմանում, սակայն դրանց ապահովման նպատակով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում ներառված են որոշ պարտադիր պայմաններ։ Այսպես, սնանկության վարույթի մասնակիցները պետք է ծանուցվեն այդ աշխատանքների ժամանակի և վայրի մասին, պարտապանը պարտավոր է ներկա լինել ու աջակցել գույքագրմանը, ապահովել գույքի հասանելիությունը և տրամադրել տեղեկություններ գույքի վերաբերյալ: Գույքագրման փուլի արդյունքը գույքագրման ակտն է։ Թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքը գույքագրման ակտի վերաբերյալ որևէ պահանջ չի ներկայացնում, այնուհանդերձ այն պետք է պարունակի գույքի յուրաքանչյուր միավորի ամբողջական նկարագիրը, ներառի տեղեկություններ դրա էական բնութագրիչների, առանձնահատկությունների վերաբերյալ։ Դրանում ներառված տեղեկատվությունը պետք է հնարավորություն տա պատկերացում կազմելու գույքի վերաբերյալ։ Հենց այս փաստաթուղթն է, որ պետք է հիմք հանդիսանա գույքի գնահատման և կառավարման մեթոդների ընտրության համար։ Որպես կանոն, այն կազմվում է սնանկության գործով կառավարչի կողմից, իսկ գույքագրման մասնակիցները այն ստորագրում են՝ տալով իրենց համաձայնությունը արձանագրվածին։ Գույքագրմանը մասնակցած վարույթի մասնակիցներն ունեն գույքագրման ակտի վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացնելու իրավունք։ Դրանք պետք է ներկայացվեն գրավոր՝ այդ մասին նշում կատարելով գույքագրման ակտի վրա և դրան կցելով իրենց առարկությունները։ Գույքագրման ակտն ստորագրելուց խուսափելու դեպքում կառավարիչն այդ մասին նշում է կատարում գույքագրման ակտում (տե՛ս ըստ Պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.03.2025 թվականի որոշումը)։
Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքում նշված այն փաստարկին, որ Կառավարիչը պարտավոր էր կատարել գույքագրում և արգելանք կիրառել անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի նկատմամբ՝ հարկ է փաստել, որ Կոմիտեն հաշվի չի առել, որ գույքագրում իրականացնելու համար անհրաժեշտ է ապահովել գույքի հասանելիությունը և ունենալ տեղեկություններ գույքի վերաբերյալ: Այսինքն՝ թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքը գույքագրման ակտի վերաբերյալ որևէ պահանջ չի ներկայացնում, այնուհանդերձ այն պետք է պարունակի գույքի յուրաքանչյուր միավորի ամբողջական նկարագիրը, ներառի տեղեկություններ դրա էական բնութագրիչների և առանձնահատկությունների վերաբերյալ։ Դրանում ներառված տեղեկատվությունը պետք է հնարավորություն տա պատկերացում կազմելու գույքի վերաբերյալ, այնինչ տվյալ դեպքում պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան հնարավոր չի եղել հայտնաբերել ո՛չ Կառավարչի, ո՛չ էլ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ձեռնարկած գործողությունների արդյունքում, որպիսի պայմաններում հնարավոր չէր լինի ապահովել գույքագրմանը վերաբերող՝ վերը նշված պահանջների իրականացումը:
Հետևաբար սույն գործով Կառավարիչը, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել է իրենից կախված և պարտապանի գույքի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ ու բավարար միջոցներ, ուստի սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներն ու պատճառաբանությունները բավարար են եզրահանգելու, որ Դատարանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հիմքով սնանկության գործն ավարտելու վերաբերյալ Կառավարչի միջնորդությունը բավարարելով և պարտապան անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանի սնանկության վերաբերյալ գործն ավարտելով, իսկ Վերաքննիչ դատարանն էլ այն համարելով իրավաչափ, եկել են ճիշտ եզրահանգման, ուստի վճռաբեկ բողոքն անհիմն է։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։
Տվյալ դեպքում Կոմիտեն վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար, ուստի Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը մերժվելու պայմաններում նկատի ունենալով, որ պետական տուրքից բացի, փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսեր ևս առկա չեն՝ Վճռաբեկ դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2023 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_______________
1 Առկա է անձնական տվյալ
2 Առկա է անձնական տվյալ
3 Առկա է անձնական տվյալ
4 Առկա է անձնական տվյալ
5 Առկա է անձնական տվյալ
6 Առկա է անձնական տվյալ
7 Առկա է անձնական տվյալ
8 Առկա է անձնական տվյալ
9 Առկա է անձնական տվյալ
10 Առկա է անձնական տվյալ
11 Առկա է անձնական տվյալ
12 Առկա է անձնական տվյալ
13 Առկա է անձնական տվյալ
14 Առկա է անձնական տվյալ
15 Առկա է անձնական տվյալ
16 Առկա է անձնական տվյալ
17 Առկա է անձնական տվյալ
18 Առկա է անձնական տվյալ
19 Առկա է անձնական տվյալ
20 Առկա է անձնական տվյալ
21 Առկա է անձնական տվյալ
|
Նախագահող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
|
Զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ |
|
Է. Սեդրակյան | |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական: