ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/8362/02/23 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/8362/02/23 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի մայիսի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Անահիտ և Արմեն Մադոյանների դիմումի՝ սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը հաստատելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01․09․2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Անահիտ ու Արմեն Մադոյանների բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Անահիտ և Արմեն Մադոյանները պահանջել են հաստատել սեփականության իրավունքով վեճի առարկա գույքի տիրապետման փաստը։
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.08.2024 թվականի որոշմամբ դիմումը թողնվել է առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.08.2025 թվականի որոշմամբ Անահիտ և Արմեն Մադոյանների բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01․09․2025 թվականի որոշմամբ Անահիտ և Արմեն Մադոյանների բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անահիտ և Արմեն Մադոյանները (ներկայացուցիչ Արմենուհի Ղանդիլյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ ու 371-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 11.08.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն իրենց ներկայացուցիչն ստացել է 19․08․2025 թվականին, իսկ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը փոստային առաքման ծառայությանն է հանձնվել 23.08.2025 թվականին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ։ Մինչդեռ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է 22․08․2025 թվականին՝ օրենքով սահմանված ժամկետում։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված են եղել համապատասխան փաստաթղթերը, ինչի մասին վերաքննիչ բողոքում առկա է համապատասխան նշում, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է նաև այդ հիմքով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 01․09․2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ և 371-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` hիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ նույն գլխում [Սահմանադրության 2-րդ գլուխ] ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք։ Հետևաբար դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը։ Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս, ի թիվս այլնի, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից, և որի սահմանափակումը դատարանների կողմից՝ ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով, կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար՝ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքներից (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125)։
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ավելին, սահմանափակումը չի կարող համարվել Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի 1-ին կետին համահունչ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35, 36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունքը, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով (թիվ 6289/73 գանգատ) Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ու խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Մագոմեդովը և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի թիվ 33636/09 գանգատով Եվրոպական դատարանի 28.03.2017 թվականի վճիռը, կետ 87):
Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):
Սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ նշել է նաև, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն:
Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասնավորապես` Բելլեն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 23805/94 գանգատով 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 25083/05 գանգատով 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը և սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո։ Այսպես՝
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը, դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը դիտարկելով որպես դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխիք, այդուհանդերձ սահմանել է բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Դատական ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով» վերտառությամբ 53-րդ գլխում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները սահմանելու հետ միաժամանակ ամրագրվել են ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ընդունումը մերժելու ու վարույթ ընդունելու հիմքերը: Այսինքն, օրենսդիրը սահմանել է այն իրավական հետևանքները, որոնք վրա են հասնում կախված այն հանգամանքից, թե որքանով է վերաքննիչ բողոք բերած անձն իր վերաքննիչ բողոքարկման իրավունքն իրականացրել օրենքին համապատասխան: Ըստ այդմ էլ՝ ներկայացված վերաքննիչ բողոքի նկատմամբ կարող են կայացվել տարբեր դատավարական հետևանքներ առաջացնող որոշումներ, այն է՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում (տե՛ս «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը և մյուսներն ընդդեմ Նանե Իսրայելյանի թիվ ԵԴ2/15602/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.12.2024 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները և այլ անձինք նույն օրենսգրքով նախատեսված գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ փոստով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում է բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե (…) բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371‑րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, (…)։
Նույն հոդվածի 1-ին մասի 1․1‑ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտումներ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակցող անձի բողոքարկման իրավունքի սահմանափակումը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով բողոքարկման իրավունքի իրացման համար անհրաժեշտ ժամկետային և (կամ) ձևական պահանջների չպահպանման հետևանքն է, կարող է վրա հասնել ու իրավաչափ համարվել միայն այն պարագայում, երբ բողոք ներկայացրած անձն իրապես թույլ է տվել ընթացակարգային նորմերի խախտում, ինչն էլ իր հերթին հիմնավոր կերպով ներկայացվել է դրա արդյունքում կայացվող դատական ակտում։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ․
Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան` Անահիտ և Արմեն Մադոյանները պահանջել են հաստատել սեփականության իրավունքով վեճի առարկա գույքի տիրապետման փաստը։
Դատարանի 15.08.2024 թվականի որոշմամբ Անահիտ և Արմեն Մադոյանների դիմումը թողնվել է առանց քննության (հատոր 1-ին, գ.թ. 107-111):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 11.08.2025 թվականի որոշմամբ վերադարձրել է Անահիտ և Արմեն Մադոյանների վերաքննիչ բողոքն ու սահմանել է եռօրյա ժամկետ որոշումն ստանալու պահից բողոքում նշված խախտումները վերացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 15)։
Նշված որոշումն Անահիտ և Արմեն Մադոյանների ներկայացուցիչն ստացել է 19.08.2025 թվականին (հիմք՝ թիվ «LO129137164AM» փոստային ծածկագիրը կրող ստացման ծանուցագիր) (հատոր 3-րդ, գ.թ. 18)։
Անահիտ և Արմեն Մադոյանների կողմից կրկին վերաքննիչ բողոքը փոստային առաքման ծառայությանն է հանձնվել 22.08.2025 թվականին՝ ըստ «LO129225457AM» փոստային ծածկագիրը կրող ծրարի վրա առկա դրոշմակնիքի (հատոր 3-րդ, գ.թ. 20)։
Վերաքննիչ բողոքին կից ներկայացված են փաստաթղթեր, որոնց ցանկը նշված է վերաքննիչ բողոքում (հատոր 3-րդ, գ.թ. 37-41)։
Վերաքննիչ դատարանի 01․09․2025 թվականի որոշմամբ Անահիտ և Արմեն Մադոյանների բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) բողոք բերած անձը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված եռօրյա ժամկետն ավարտվելուց հետո, քանի որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 11․08․2025 թվականի որոշումը, վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերն ուղարկվել են Դիմողների ներկայացուցիչ Արմենուհի Ղանդիլյանին և ստացվել նրա կողմից 19․08․2025 թվականին, ուստի վերաքննիչ բողոքը կրկին կարող էր ներկայացվել մինչև 22․08․2025 թվականը ներառյալ, մինչդեռ կրկին ներկայացված բողոքը և կից փաստաթղթերը պարունակող թիվ «LO129225298AM» ծրարի վրա առկա դրոշմակնիքի համաձայն՝ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 23․08․2025 թվականին, այսինքն՝ բողոքը կրկին ներկայացվելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո․ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում չի նշվել բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը»։
Անահիտ և Արմեն Մադոյանները Վերաքննիչ դատարանի 01․09․2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացրել են վճռաբեկ բողոք։ Ներկայացված վճռաբեկ բողոքին կցվել է թիվ «Պատվերի տվյալներ LO129225298AM» վերտառությամբ փաստաթուղթը, որտեղ որպես պատվերի ստեղծման և հաստատման ամսաթիվ նշված է 22․08․2025 թվականը, ինչպես նաև «LO129225298AM» փոստային ծածկագիրը կրող առաքանու մանրամասներ՝ պատճենահանված «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի կայքից, որտեղ կրկին որպես առաքանու ստեղծման ամսաթիվ նշված է 22․08․2025 թվականը։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 01․09․2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման ուսումնասիրությունից պարզ է, որ Անահիտ և Արմեն Մադոյանների կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է, ըստ էության, երկու հիմքով՝
1) թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5‑րդ մասով սահմանված ժամկետի խախտում, այն է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 26.08.2025 թվականի որոշումն ստացվել է 19.08.2025 թվականին, մինչդեռ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է 23.08.2025 թվականին՝ սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ․
2) թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1․1‑ին կետի խախտում, այն է` ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի վերաքննիչ բողոքում չի նշվել բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար հիմք հանդիսացած հանգամանքներից յուրաքանչյուրին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 26.08.2025 թվականի որոշումն Անահիտ և Արմեն Մադոյանների ներկայացուցիչն ստացել է 19.08.2025 թվականին, հետևաբար կրկին վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 22.08.2025 թվականը ներառյալ։ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով արձանագրել է, որ կրկին վերաքննիչ բողոքը ներկայացվել է 23.08.2025 թվականին, ինչն ինքնուրույն հիմք է հանդիսացել վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար։
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և վճռաբեկ բողոքին կից ներկայացված «Պատվերի տվյալներ LO129225298AM» վերտառությամբ փաստաթուղթն ու «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի կայքից կատարված պատճենը՝ «LO129225298AM» փոստային ծածկագիրը կրող առաքանու մանրամասների վերաբերյալ, որոնք բողոք բերած անձինք ներկայացրել են որպես ապացույց այն փաստի, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է փոստային առաքման միջոցով սահմանված ժամկետի ընթացքում, փաստում է, որ Անահիտ և Արմեն Մադոյանների կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանը հանձնվել է 22․08․2025 թվականին։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը չէր կարող մերժվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5‑րդ մասով սահմանված ժամկետի խախտում թույլ տված լինելու հիմքով, քանի որ Անահիտ և Արմեն Մադոյանների կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանը հանձնվել է 22․08․2025 թվականին, այսինքն՝ սահմանված եռօրյա ժամկետում։
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար հիմք հանդիսացած երկրորդ հիմքին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Անահիտ և Արմեն Մադոյանների կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում նշված է փաստաթղթերի ցանկը, որը կցվել է բողոքին։ Հետևաբար այս հիմքով ևս վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը իրավաչափ չէ։
Այսպիսով, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար հիմք հանդիսացած երկու հանգամանքներն էլ, վերը վկայակոչված դիրքորոշումների և ապացույցների գնահատման համատեքստում, անհիմն են։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 01․09․2025 թվականի որոշմամբ ոչ իրավաչափորեն է մերժել Անահիտ և Արմեն Մադոյանների վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջիններիս զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից՝ միաժամանակ սահմանափակելով նրանց` Սահմանադրության 61-րդ ու 63‑րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 01․09․2025 թվականի որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Ուստի, սույն դեպքում ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վերացնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում Անահիտ և Արմեն Մադոյանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01․09․2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ա. Մկրտչյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական: