ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0682/02/22 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0682/02/22 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի օգոստոսի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձած անձ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Էմմա Ստեփանյանի, Հրաչ, Աննա, Արմինե և Տաթևիկ Ռաշոյանների (այսուհետ նաև՝ Համահայցվորներ) հայցի ընդդեմ Ռիմա Եգանյանի ու Արթուր Եղիազարյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին, և ըստ Ռիմա Եգանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Համահայցվորների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են **********1 բնակարանը վերադարձնել Ռիմա Եգանյանի և Արթուր Եղիազարյանի ապօրինի տիրապետումից՝ վտարելու միջոցով:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ռիմա Եգանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը **********2 բնակարանի նկատմամբ։
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.03.2024 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2024 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.03.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2025 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ն. Կարապետյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 372-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կայացրել է ակնհայտ անօրինական դատական ակտ, քանի որ անտեսել է, որ սույն գործով վեճի առարկա բնակարանը պատկանում է իր պարտապան Հրաչ Ռաշոյանին, և սույն գործի քննության պահին արդեն իսկ առկա է եղել վերջինիցս գումար բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցվել է կատարողական վարույթ: Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել պարտապան Հրաչ Ռաշոյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող և սույն գործով վեճի առարկա բնակարանի վրա, կայացվել են կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումներ:
Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները պատշաճ ուսումնասիրության առարկա չդարձնելու արդյունքում սխալ եզրահանգման է եկել և չի հաստատել այն հանգամանքը, որ սույն գործով կայացված դատական ակտն ազդել է Բանկի իրավունքների ու պարտականությունների վրա, ինչի արդյունքում սահմանափակվել է իր բողոքարկման իրավունքը:
Սույն գործով վճռի գոյության վերաբերյալ ինքը տեղեկացել է թիվ ՇԴ/0895/02/25 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումի օրինակն ստանալուց և դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) թիվ ԱՐԱԴ/2041/02/19 քաղաքացիական գործով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.10.2019 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Հրաչ Ռաշոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «Հրաչ Խաժակի Ռաշոյանից հօգուտ հայցվոր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել է 810874,4 /ութ հարյուր տասը հազար ութ հարյուր յոթանասունչորս ամբողջ չորս/ ՀՀ դրամ, որից վարկի գումար՝ 659796,8 ՀՀ դրամ /որից ժամկետանց 659796,8 դրամ/, վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 92862,1 ՀՀ դրամ /որից ժամկետանց տոկոս` 92862,1 ՀՀ դրամ/, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 6999 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տոկոս` 11216,5 ՀՀ դրամ, վարկի գումարի առնվազն 10 տոկոս չմարելու դեպքում տուգանք՝ 40000 ՀՀ դրամ: Պատասխանող Հրաչ Խաժակի Ռաշոյանից հօգուտ Հայցվոր «ՎՏԲ‑Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հաշվեգրել և բռնագանձել տույժ՝ ժամկետանց վարկի` 659796,8 /վեց հարյուր հիսունինը հազար յոթ հարյուր իննսունվեց ամբողջ ութ/ ՀՀ դրամի և ժամկետանց տոկոսի` 92862,1 /իննսուներկու հազար ութ հարյուր վաթսուներկու ամբողջ մեկ/ ՀՀ դրամի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0.1 տոկոսի չափով սկսած 31.05.2019թ-ից մինչև պարտավորությունների դադարման օրը: Մնացած մասով պահանջը մերժել» (հիմք՝ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).
2) թիվ ՇԴ/0895/02/25 քաղաքացիական գործով Ռիմա Եգանյանը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հրաչ Ռաշոյանի, Բանկի, երրորդ անձ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ անշարժ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին (հիմք՝ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).
3) թիվ ՇԴ/0895/02/25 քաղաքացիական գործով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2026 թվականի վճռի շրջանակներում նաև արձանագրվել է հետևյալը. «(...) գործով հաստատվել է, որ ՀՀ (...) հասցեի գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք, ըստ որում արգելանքը կիրառվել է գույքի գրանցված սեփականատեր Հրաչ Խաժակի Ռաշոյանի կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով» (հիմք՝ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).
4) Բանկի մանրածախ բիզնեսի խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի վարչության պետ Ա. Մարգարյանի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Հրաչ Ռաշոյանի պարտքը 26.06.2025 թվականի դրությամբ կազմում է 2.110.511,50 ՀՀ դրամ (հատոր 7-րդ, գ.թ. 16).
5) սույն գործով Դատարանը 21.03.2024 թվականին նաև վճռել է. «1. Հրաչ Խաժակի Ռաշոյանի, Էմմա Հովսեփի Ստեփանյանի, Աննա Խաժակի Ռաշոյանի, Արմինե Խաժակի Ռաշոյանի և Տաթևիկ Խաժակի Ռաշոյանի հայցն ընդդեմ Ռիմա Ռաֆիկի Եգանյանի և Արթուր Գագիկի Եղիազարյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի մասին, մերժել։ (...)։ 2. Ռիմա Ռաֆիկի Եգանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Հրաչ Խաժակի Ռաշոյանի, Էմմա Հովսեփի Ստեփանյանի, Աննա Խաժակի Ռաշոյանի, Արմինե Խաժակի Ռաշոյանի և Տաթևիկ Խաժակի Ռաշոյանի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել: 2.1. Ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ռիմա Ռաֆիկի Եգանյանի սեփականության իրավունքը **********3 հասցեով անշարժ գույքի նկատմամբ» (հատոր 5-րդ, գ.թ. 47-69).
6) սույն գործով Դատարանի 21.03.2024 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը հետևյալ հիմնավորմամբ. «Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ՇԴ/0682/02/22 քաղաքացիական գործով կայացված վճռով կոպտորեն խախտել է բանկի իրավունքները և զրկել վերջինիս գործի քննությանը մասնակից լինելու հնարավորությունից: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պարտապան Հրաչ Ռաշոյանին պատկանող Անշարժ գույքի վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները կատարելու նպատակով հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթով կիրառված սահմանափակումները վերացված չեն: (…)։ Այսպիսով թիվ ԱՐԱԴ/2041/02/19 քաղաքացիական գործով կայացված վճռով պահանջը մինչ օրս մնում է անկատար, իսկ Պարտապանը հնարավորություն է ստանում խուսափել Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից: Թիվ ԱՐԱԴ/2041/02/19 կատարողական թերթով պարտապան հանդիսացող Հրաչ Ռաշոյանի պարտքը Բանկի հանդեպ 26.06.2025թ.-ի դրությամբ կազմում է 2,110,511,50 ՀՀ դրամ, որն աճողական պարտավորություն է» (հատոր 7-րդ, գ.թ. 3-7).
7) Վերաքննիչ դատարանը 30.07.2025 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է (հատոր 7-րդ, գ.թ. 36)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործին մասնակից չդարձած անձանց կողմից իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտը բողոքարկելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
«Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն դեպքերին, երբ դատական ակտը կայացվել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը (տե՛ս ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնման արդյունավետ միջոցների հնարավորություն: Չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների և պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև՝ խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե՛ս Սերգեյ Գրիգորյանն ընդդեմ Ալլա Փորսուղյանի և ուրիշների թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա։ Անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես, գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ‑ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Իրավունքի գերակայության բաղադրատարր համարվող իրավական որոշակիության՝ res jսdicata սկզբունքը հարգելու համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործին մաuնակից չդարձված անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում այն կարող է բեկանվել միայն այն դեպքում, երբ դատական ակտն առնչվում է նշված անձանց իրավունքներին և պարտականություններին, ինչը կարող է ապահովել գործին մասնակցող և գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների միջև հավասարակշռությունը (տե՛ս Հովհաննես Վարդազարյանը և Մարիանա Ավետյանն ընդդեմ Անժելա Վարդազարյանի ու Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/3273/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական և հիմնավորված (տե՛ս Աննա և Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի ու Ռոստոմ Բուռնազյանն ընդդեմ Աննա և Գալինա Խաչատրյանների թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին (տե՛ս Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ ու Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է, որի միջոցով ապահովվում է արդարադատության նպատակների գործնականում իրականացումը։ Ընդ որում, օրենսդիրը վերոնշյալ իրավունքի իրացումը երաշխավորել է նաև գործին մասնակից չդարձված այն անձանց համար, ում իրավունքներին, օրինական շահերին և պարտականություններին առնչվում է կայացված դատական ակտը: Նման կառուցակարգի առկայությունը գործին մասնակից չդարձված անձանց համար ստեղծում է իրենց խախտված իրավունքներն արդյունավետորեն վերականգնելու իրավական և փաստական հնարավորություն, ինչը, սակայն, չպետք է կրի հռչակագրային բնույթ: Այսինքն՝ գործին մասնակից չդարձված անձի համար յուրաքանչյուր դեպքում պետք է ապահովվի իր իրավունքներին և պարտականություններին առնչվող, դրանք սահմանափակող, համապատասխանաբար, դրանց իրացմանն ու կատարմանն օբյեկտիվորեն խոչընդոտող դատական ակտի բողոքարկման իրական հնարավորություն: Դատական ակտի՝ գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վրա ունեցած ազդեցությունն ինքնին կանխորոշում է տվյալ դատական ակտի բողոքարկման իրավական հնարավորությունն այդ անձի կողմից՝ որպես իր խախտված իրավունքների վերականգնման գործուն երաշխիք (տե՛ս Կարինե Մարգարյանն ընդդեմ Աննա Բադալյանի թիվ ԵԴ/32860/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.09.2024 թվականի որոշումը)»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են **********4 բնակարանը հետ վերադարձնել Ռիմա Եգանյանի և Արթուր Եղիազարյանի ապօրինի տիրապետումից՝ վտարելու միջոցով:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ռիմա Եգանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը **********5 բնակարանի նկատմամբ։
Դատարանի 21.03.2024 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է՝ նաև վճռվել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ռիմա Եգանյանի սեփականության իրավունքը **********6 բնակարանի նկատմամբ:
Դատարանի 21.03.2024 թվականի վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձած անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը՝ իր իրավունքների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու հանգամանքի առկայությունը պատճառաբանելով հետևյալ կերպ. «Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ՇԴ/0682/02/22 քաղաքացիական գործով կայացված վճռով կոպտորեն խախտել է բանկի իրավունքները և զրկել վերջինիս գործի քննությանը մասնակից լինելու հնարավորությունից: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պարտապան Հրաչ Ռաշոյանին պատկանող Անշարժ գույքի վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները կատարելու նպատակով հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթով կիրառված սահմանափակումները վերացված չեն: (…)։ Այսպիսով թիվ ԱՐԱԴ/2041/02/19 քաղաքացիական գործով կայացված վճռով պահանջը մինչ օրս մնում է անկատար, իսկ Պարտապանը հնարավորություն է ստանում խուսափել Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից: Թիվ ԱՐԱԴ/2041/02/19 կատարողական թերթով պարտապան հանդիսացող Հրաչ Ռաշոյանի պարտքը Բանկի հանդեպ 26.06.2025թ.-ի դրությամբ կազմում է 2,110,511,50 ՀՀ դրամ, որն աճողական պարտավորություն է»։
Վերաքննիչ դատարանը 30.07.2025 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանի գնահատմամբ սույն գործով կայացված վճիռը Բանկի իրավունքների և պարտականությունների վրա չի ազդում։
Մասնավորապես Բանկը սույն գործի կողմերից մեկի՝ Հրաչ Ռաշոյանի նկատմամբ ունի միայն որոշակի գումար պահանջելու իրավունք։ Մինչդեռ սույն գործով կայացված վճիռը վերաբերել է ձեռքբերման վաղեմության ուժով Անշարժ գույքիի նկատմամբ Ռիմա Եգանյանի սեփականության իրավունքը ճանաչելուն, որի շրջանակներում քննության ենթակա հարցերը չեն առնչվում բանկի իրավունքներին: Այսինքն՝ սույն գործով վճիռը Բանկի և պարտապանի միջև գոյություն ունեցող դրամական պահանջի վրա որևէ ազդեցություն չի ունեցել. հիշյալ գույքի նկատմամբ Ռիմա Եգանյանի սեփականության իրավունքը ճանաչելով Դատարանը Բանկին չի զրկել պարտապանից իր գումարը ստանալու իրավունքից կամ որևէ կերպ չի փոփոխել այդ պարտավորության էությունը։ Հետևաբար Բանկի իրավունքի վրա վճիռը չի ազդել և վերջինս սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չունի»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Տվյալ դեպքում թիվ ԱՐԱԴ/2041/02/19 քաղաքացիական գործով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.10.2019 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Հրաչ Ռաշոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն, և Հրաչ Ռաշոյանի պարտքը Բանկի նկատմամբ 26.06.2025 թվականի դրությամբ կազմել է 2.110.511,50 ՀՀ դրամ։ Ընդ որում, նշված վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել սույն գործով վեճի առարկա բնակարանի նկատմամբ, որպիսի փաստը հաստատվում է Բանկի կողմից վերաքննիչ բողոքում վկայակոչված թիվ ՇԴ/0895/02/25 քաղաքացիական գործով 09.03.2026 թվականի վճռում արձանագրված փաստերի ուսումնասիրության արդյունքում։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 21.03.2024 թվականի վճիռն ազդում է Բանկի իրավունքների վրա, քանի որ վճռով կանխորոշվում է վեճի առարկա բնակարանի հետագա ճակատագիրը, որի նկատմամբ կիրառված են արգելանքներ թիվ ԱՐԱԴ/2041/02/19 քաղաքացիական գործով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.10.2019 թվականի վճռով հաստատված՝ Բանկի նկատմամբ Հրաչ Ռաշոյանի վճարային պարտավորությունն ապահովելու համար։ Բացի այդ, թիվ ՇԴ/0895/02/25 քաղաքացիական գործով Ռիմա Եգանյանի հայցն ընդդեմ նաև Բանկի՝ սույն գործով վեճի առարկա գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, իր հերթին, արդեն իսկ Բանկի իրավունքների վրա ազդեցության նյութական դրսևորում է։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտումներ թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված հիմքերը, որոնք, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հանգեցրել են Բանկի արդար դատաքննության ու դատարանի մատչելիության՝ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման՝ վերջինիս զրկելով իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցով վերականգնելու հնարավորությունից։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 30.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
________________________
1 Առկա է անձնական տվյալ։
2 Առկա է անձնական տվյալ։
3 Առկա է անձնական տվյալ։
4 Առկա է անձնական տվյալ։
5 Առկա է անձնական տվյալ։
6 Առկա է անձնական տվյալ։
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական: