ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4065-Ա |
«20» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արսեն Մկրտչյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանի 2026 թվականի հուլիսի 24-ի թիվ Դ-77561-26 բողոքի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է բողոքի քննություն:
2026 թվականի հուլիսի 24-ի թիվ Դ-77561-26 բողոքի քննության շրջանակներում 2026 թվականի օգոստոսի 6-ին հրավիրվել են լսումներ, որին մասնակցել են Արսեն Մկրտչյանի ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյանը և Հարություն Հայրապետյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի հուլիսի 24-ի թիվ Դ-77561-26 բողոքը, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի օգոստոսի 6-ի արձանագրությունը և գնահատելով բողոքի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/1323/05/22 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 8-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (այսուհետ՝ Վճիռ) պարտավորեցվել է Երևանի քաղաքապետարանին Արսեն Մկրտչյանին տրամադրել դիմումով պահանջված Վ.Սարգսյան ինստիտուտի հետնամասում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցին հարող տարածքի վրա ինքնակամ կառուցված շինության օրինականացման վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ:
Ի կատարումն Վճռի պահանջի՝ Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է 2026 թվականի ապրիլի 30-ի N 2181-Ա որոշումը, որի 1-ին կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 113/2 հասցեում գտնվող 930.4քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ կիսակառույց բնակելի տուն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և ճանաչվել է օրինական:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի մայիսի 14-ի թիվ Ն/30443-26 գրությամբ, ի լրումն թիվ Ն/28038-26 գրության՝ նշվել է հետևյալը. «..... Երևանի քաղաքապետի 30.04.2026թ. հ.2181-Ա որոշման հետ կապված, հայտնում ենք, որ որակավորում ունեցող չափագրողի կողմից ներկայացված օրինականացվող շինության հատակագծային լուծումներում բացակայում են բնակելի սենքերը՝ ինչը հակասում է ՀՀՇՆ 31.02.2022թ. «Բնակելի շենքեր, մաս II անհատական բնակելի տներ» ՀՀ շինարարական նորմերով /4. ընդհանուր դրույթներ, կետ 25) սահմանված բնակելի տանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ապահոված չէ ինքնակամ իրականացված բնակելի տան նորմատիվային հեռավորությունը հայցվող հողամասի սահմաններից` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N04-Ն /Հավելված փոփոխություն 2024 թվականի նոյեմբերի 5-ի N19-Ն/ հրամանով հաստատված ՀՀՇՆ 30.01.2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերով սահմանված պահանջների / կետեր 131, 132 և գլուխ XXVII հակահրդեհային պահանջներ/՝ շինության հողամասի սահմաններին կից ճակատներում առկա լուսային բացվածքի մասով, ինչը սահմանափակում է այլ անձանց /այդ թվում Երևան համայնք/ իրավունքները և օրենքով պահպանվող շահերը՝ համաձայն «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի /կետ 2, ենթակետ ա)/։»
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարողի 2026 թվականի հուլիսի 9-ի N 3423-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 30-ի N 2181-Ա որոշումը ճանաչվել է անվավեր:
Արսեն Մկրտչյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը 2026 թվականի հուլիսի 24-ի թիվ Դ-77561-26 բողոքով խնդրել է անվավեր ճանաչել և բեկանել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարողի 2026 թվականի հուլիսի 9-ի N 3423-Ա որոշումը:
2026 թվականի հուլիսի 24-ի թիվ Դ-77561-26 բողոքով չեն ներկայացվել 2026 թվականի հուլիսի 9-ի N 3423-Ա որոշման անվավերության հիմքում դրված՝ 2026 թվականի մայիսի 14-ի թիվ Ն/30443-26 գրության մեջ նշված փաստական հանգամանքները հերքող կամ մատնանշված քաղաքաշինական նորմերը խախտված չլինելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի երկրորդ բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե չորրորդ բաժնով այլ բան նախատեսված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:
Արսեն Մկրտչյանի ներկայացուցիչները թիվ Դ-77561-26 բողոքով, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում ներկայացված դիրքորոշմամբ հայտնել են, որ բողոքարկված որոշումն ընդունվել է վարչական վարույթի համար սահմանված ժամկետի խախտմամբ, վարչական վարույթը հարուցվել է իրավական հիմքերի բացակայության պայմաններում, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի գոյության պայմաններում դատական կարգով լուծում է տրվել որոշման առարկա շինության օրինականացման հարցին, իսկ որոշման անվավերության պարագայում ստացվում է, որ դատական ակտի կատարումը կրում է ձևական բնույթ, ավելին՝ անվավերության հիմում դրվել է ոչ թե մասնագիտական եզրակացություն, այլ ներքին գրագրություններ, որոնցով չի կարող հաստատվել կառույցն օրինականացման ենթակա չլինելու հանգամանքը:
Արսեն Մկրտչյանի ներկայացուցիչները բողոքարկման հիմքում նաև դրել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, ըստ որի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը հանդիսանում է անձի արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը և այդ ակտի արդյունավետ կատարմամբ ապահովվում է իրավունքի գերակայությունը, հետևաբար դատական ակտի կատարման գործընթացում համայնքի ղեկավարից այլևս չի պահանջվում պահպանել օրենքով սահմանված այն ընթացակարգը, որը կիրառելի է վեճի և/կամ դատական ակտի բացակայության պայմաններում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի մայիսի 14-ի թիվ Ն/30443-26 գրությամբ, ի լրումն թիվ Ն/28038-26 գրության՝ նշվել է հետևյալը. «..... Երևանի քաղաքապետի 30.04.2026թ. հ.2181-Ա որոշման հետ կապված, հայտնում ենք, որ որակավորում ունեցող չափագրողի կողմից ներկայացված օրինականացվող շինության հատակագծային լուծումներում բացակայում են բնակելի սենքերը՝ ինչը հակասում է ՀՀՇՆ 31.02.2022թ. «Բնակելի շենքեր, մաս II անհատական բնակելի տներ» ՀՀ շինարարական նորմերով /4. ընդհանուր դրույթներ, կետ 25) սահմանված բնակելի տանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ապահոված չէ ինքնակամ իրականացված բնակելի տան նորմատիվային հեռավորությունը հայցվող հողամասի սահմաններից` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N04-Ն /Հավելված փոփոխություն 2024 թվականի նոյեմբերի 5-ի N19-Ն/ հրամանով հաստատված ՀՀՇՆ 30.01.2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերով սահմանված պահանջների / կետեր 131, 132 և գլուխ XXVII հակահրդեհային պահանջներ/՝ շինության հողամասի սահմաններին կից ճակատներում առկա լուսային բացվածքի մասով, ինչը սահմանափակում է այլ անձանց /այդ թվում Երևան համայնք/ իրավունքները և օրենքով պահպանվող շահերը՝ համաձայն «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի /կետ 2, ենթակետ ա)/։»
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Նույն կետի «բ» ենթակետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.
գ) շահերի բախման իրավիճակում:
2026 թվականի հուլիսի 24-ի թիվ Դ-77561-26 բողոքով բողոքաբերը չի հիմնավորել 2026 թվականի հուլիսի 9-ի N 3423-Ա որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքով անվավեր ճանաչման ենթակա լինելու փաստական հանգամանքը, չի ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի մայիսի 14-ի թիվ Ն/30443-26 գրության մեջ նշված փաստական հանգամանքները հերքող և նույն գրության մեջ նշված քաղաքաշինական նորմերի պահանջները խախտված չլինելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև չի հիմնավորել բողոքարկված որոշման մեջ մեջբերված՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները կիրառելի չլինելու հանգամանքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝
ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.
բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետի 2026 թվականի հուլիսի 9-ի N 3423-Ա որոշման վերանայման վարույթը նախաձեռնվել է 2026 թվականի հունիսի 11-ին, ինչպես նաև հիմք ընդունելով 2026 թվականի ապրիլի 30-ի թիվ Ն/28038-26 զեկուցագիրը, 2026 թվականի մայիսի 14-ի գրությունը և ղեկավարվելով ՀՀՇՆ 2022 թվականի փետրվարի 31-ի «Բնակելի շենքեր, մաս II անհատական բնակելի տներ» շինարարական նորմերի «4. ընդհանուր դրույթներ»-ի 25-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն (Հավելված փոփոխություն 2024 թվականի նոյեմբերի 5-ի N 19-Ն) հրամանով հաստատված ՀՀՇՆ 2023 թվականի հունվարի 30-ի «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերով սահմանված պահանջների 131-132 կետերով և XXVII գլխի հակահրդեհային պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 69-րդ, 75-րդ հոդվածներով և նույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Արսեն Մկրտչյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանի 2026 թվականի հուլիսի 24-ի թիվ Դ-77561-26 բողոքը մերժել և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարողի 2026 թվականի հուլիսի 9-ի N 3423-Ա որոշումը թողնել անփոփոխ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |