ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/10653/05/25 Վարչական գործ թիվ ՎԴ/10653/05/25
Նախագահող դատավոր՝
Ռ. Մախմուդյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Հ. Բեդևյան | |
| զեկուցող |
Լ. Հակոբյան Ա. Թովմասյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան |
2026 թվականի մայիսի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով Անդրանիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03․10․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Անդրանիկ Բարսեղյանի ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն)՝ Ծառայության 15․12․2024 թվականի թիվ 8400862302 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Անդրանիկ Բարսեղյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 15․12․2024 թվականի թիվ 8400862302 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Դիլբարյան) (այսուհետ` Դատարան) 15.07.2025 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03․10․2025 թվականի որոշմամբ Անդրանիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.07.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրանիկ Բարսեղյանը (ներկայացուցիչ՝ Վարդան Հակոբյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը և 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հայցվորը 05․03․2025 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Ծառայության թիվ 8400862290 և թիվ 8400862302 որոշումները։ Հայցադիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող երկու որոշումներն անվավեր ճանաչելու պահանջները փոխկապակցված չեն։ Հայցվորն այնուհետև կազմել է երկու առանձին հայցադիմում և կրկին ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Մի հայցադիմումն ընդունվել է վարույթ (վարչական գործ թիվ ՎԴ/2883/05/25), իսկ երկրորդը, որով վիճարկվում է Ծառայության թիվ 8400862302 որոշումը, վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ բաց է թողնված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը, և առկա չէ համապատասխան միջնորդություն։
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս կարևորել է այն հանգամանքը, որ երկրորդ հայցադիմումի հիման վրա հարուցվել է նոր գործ (վարչական գործ թիվ ՎԴ/10653/05/25)։ Այդպիսով ընթացակարգային առանձնահատկության պատճառով խոչընդոտ է ստեղծվել հայցվորի՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցադիմումը կրկին ներկայացնելիս վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման առանձնահատկությանը։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքներին, արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմաններ, բողոքարկման ժամկետ սահմանելիս պետք է գերակայեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները (տե՛ս, մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը)։
Դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 79-րդ հոդվածի 1-ին մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ կերպով սահմանում են համապատասխանաբար հայցադիմումը վերադարձնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը:
Դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումները, ի թիվս այլնի, ներառում են դատարան դիմելու համար որոշակի ողջամիտ ժամկետների սահմանումը, ինչը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը: Միաժամանակ, ժամկետների սահմանմամբ հետապնդվող նշված իրավաչափ նպատակի հետ հավասարակշռելով դատական պաշտպանության իրավունքի իրացման շահը, որպես դատական պաշտպանության երաշխավորման կառուցակարգ՝ սահմանվել է բաց թողնված ժամկետի վերականգնման ինստիտուտը։
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Օրենսգրքի 72-րդ հոդվածը սահմանում է ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետները՝ ըստ հայցատեսակների։ Վիճարկման հայցի համար նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է երկամսյա ժամկետ, որը հաշվարկվում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայց ներկայացնելով հայցվորն իրացնում է իր դատական պաշտպանության իրավունքն ընդդեմ իր իրավունքներին ենթադրյալ միջամտող վարչական ակտի։ Ըստ այդմ՝ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը վիճարկվող վարչական ակտի դեմ դատական պաշտպանության դիմելու ժամկետն է։ Հետևաբար, այդ ժամկետն ավարտվում է այն պահին, երբ անձը դիմում է վարչադատավարական կարգով դատական պաշտպանության ընդդեմ այդ վարչական ակտի։
Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հայցադիմումը վերադարձնելու հիմքերը։ Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ։
Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար։
Վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ հայցադիմումը վերադարձնելուց հետո այն կրկին ներկայացնելիս հայցվորից պահանջվում է պահպանել միայն հետևյալ պահանջները․
- վերացնել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ նշված թերությունները,
- հայցադիմումը կրկին դատարան ներկայացնել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետում։
Ըստ այդմ՝ կրկին ներկայացված հայցադիմումի ընդունելիության հարցը քննարկելիս դատարանն իրավասու է ստուգելու միայն․
- արդյո՞ք վերացված է (են) այն սխալը (սխալները), որը (որոնք) հիմք է (են) հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար․ դրանք վերացված են մասամբ, թե՞ ամբողջությամբ,
-արդյո՞ք պահպանված է սխալները վերացնելու համար՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տասնհինգօրյա ժամկետը կամ ներկայացված է նշված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն,
- արդյո՞ք տվյալ սխալը չվերացնելն արգելք է գործի քննության համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որևէ այլ հարցի քննարկում կրկին ներկայացված հայցադիմումի ընդունելիության հարցի լուծման շրջանակներում օրենսդիրը չի լիազորել դատարանին։
Օրենսդիրը հստակորեն սահմանել է նաև հայցադիմումը կրկին ներկայացնելիս վերը նշված պահանջները պահպանելու իրավական հետևանքը։ Այն է՝ հայցադիմումը ներկայացնելու համար սահմանված տասնհինգօրյա ժամկետում թերությունները վերացնելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը (Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մաս)։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասում «սկզբնական ներկայացման օրը» ձևակերպումն ինքնանպատակ չէ։ Վերջինս, ի թիվս այլնի, նշանակում է, որ Օրենսգրքով սահմանված դատարան դիմելու ժամկետը պահպանված լինելու հանգամանքը պարզելիս հիմք է ընդունվում հայցադիմումը սկզբնապես դատարան ներկայացնելու պահը։ Այսինքն՝ որոշելու համար, թե պահպանված է արդյոք դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետը, հիմք է ընդունվում ոչ թե հայցադիմումը կրկին ներկայացնելու, այլ հայցադիմումն սկզբնապես դատարան ներկայացնելու պահը։
Հայցադիմումը, ի թիվս այլնի, վերադարձվում է այն դեպքում, երբ մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ (Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): Նշված հիմքով հայցադիմումը վերադարձվելու դեպքում հայցադիմումի թերությունը շտկելու պարտականության կատարումը հայցվորից պահանջում է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում ներկայացնել երկու առանձին հայցադիմում, որոնցից մեկի հիման վրա օբյեկտիվորեն հարուցվում է նոր գործ։ Անկախ այս հանգամանքից՝ նշված հիմքով վերադարձված հայցադիմումը կրկին ներկայացնելիս նշված պահանջների կատարման իրավական հետևանքը նույնն է, ինչ ցանկացած այլ հիմքով հայցադիմումը վերադարձնելիս։ Այն է՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան կրկին ներկայացված հայցադիմումները վարույթ ընդունված են համարվում սկզբնապես ներկայացման օրը, ինչը նշանակում է, որ առանձին պահանջներով հայցադիմումները ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետները պահպանված են, եթե սկզբնապես հայցադիմումը դատարան է ներկայացվել օրենքով սահմանված ժամկետում։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ սկզբնապես ներկայացված հայցադիմումով հայցվորը վիճարկել է երկու և ավելի վարչական ակտերի իրավաչափություն՝ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամակետի պահպանմամբ, տասնհինգօրյա ժամկետում միմյանց հետ չկապված պահանջներով երկու առանձին հայցադիմումներ կրկին ներկայացնելիս դատարանի կողմից հայցվորին չի կարող ներկայացվել Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պահանջ։ Այլ կերպ՝ եթե անձն սկզբնապես ՀՀ վարչական դատարան դիմելիս պահպանել է վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը, ապա օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետում պահանջներն առանձնացնելու դեպքում վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի պահպանված լինելու (չլինելու) հարցը այլևս քննարկման առարկա չի կարող դառնալ։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Անդրանիկ Բարսեղյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Ծառայության թիվ 8400862290 և թիվ 8400862302 որոշումները (վարչական գործ թիվ ՎԴ/2883/05/25)։ Հայցադիմումը ՀՀ վարչական դատարանի 12․03․2025 թվականի որոշմամբ վերադարձվել է Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով։ Անդրանիկ Բարսեղյանի կողմից սույն գործով կրկին ներկայացված հայցադիմումով վիճարկվել է Ծառայության թիվ 8400862302 որոշումը։
Դատարանի 15․07․2025 թվականի որոշմամբ Անդրանիկ Բարսեղյանի կողմից ներկայացված հայցադիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության թիվ 8400862302 որոշումն ընդունվել է 15.12.2024 թվականին, բողոքի վերաբերյալ որոշումն ընդունվել է 10.01.2025 թվականին, իսկ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել փոստով 03.07.2025 թվականին՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի առաջին մասի 2-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ:
Միաժամանակ բացակայում է միջնորդություն այն վերականգնելու մասին:
Միաժամանակ, Հայցվորը հայցադիմումը վերնագրել է որպես կրկին ներկայացված հայցադիմում, մինչդեռ, սույն վարչական գործով հայցը ներկայացվել է որպես նոր հայց, ուստի, եթե Հայցվորը սույն վարչական ակտի կապակցությամբ իր իրավունքների պաշտպանության համար ավելի վաղ ևս հայց է ներկայացրել, սակայն այն վերադարձվել է, ուստի սույն որոշումը ստանալուց հետո բաց թողնված դատավարական ժամկետի միջնորդություն ներկայացնելիս, միջնորդության մեջ Հայցվորը կարող է անդրադառնալ նաև սույն վարչական ակտի կապակցությամբ իր իրավունքների պաշտպանության համար ավելի վաղ ևս հայց ներկայացրած լինելուն:»։
Վերաքննիչ դատարանի 03․10․2025 թվականի որոշմամբ Անդրանիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) 15.12.2024թ. թիվ 8400862302 «Վարչական իրավախախտման գործով» որոշման դեմ վերադասության կարգով վարչական մարմին ներկայացված բողոքի վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի կողմից 10.01.2025թ. կայացվել է «ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 15.12.2024թ. կայացված թիվ 8400862290 և թիվ 8400862302 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» որոշումը, որով այդ թվում՝ 15.12.2024թ. թիվ 8400862302 որոշումը թողնվել է անփոփոխ։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը նկատում է, որ հայցվորը նույն որոշման վիճարկման հայցադիմումը Դատարան է ներկայացրել միայն 08.07.2025թ. (առաքանին փոստին է հանձնվել 03.07.2025թ.), այսինքն՝ տվյալ դեպքում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված (երկամսյա) ժամկետի խախտմամբ և հայցադիմումին կից չի ներկայացրել հայցադիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որպիսի հանգամանքն իրավաչափորեն արձանագրել է նաև Դատարանը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի կիրառմամբ՝ ներկայացված հայցադիմումը վերադարձրել։
(․․․) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով ներկայացված հայցադիմումը չէր կարող դիտվել որպես թիվ ՎԴ/2883/05/25 վարչական գործով «կրկին» ներկայացված, քանի որ նույն հայցադիմումը Դատարանում ստացվելուց հետո դրան տրվել է նոր գործի համար՝ թիվ ՎԴ/10653/05/25, որից հետո էլ մակագրվել է նախագահող դատավորին (Աննա Դիլբարյան), ով ստանալով սույն վարչական գործը, դրա հարուցման համար հիմք հանդիսացած հայցադիմումը, ողջամտորեն և իրավաչափորեն դիտել է որպես նոր, առաջին անգամ ներկայացված հայցադիմում՝ անկախ դրանում նշված «Հայցադիմում կրկին» ձևակերպումից։
Ընդ որում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/2883/05/25 վարչական գործի շրջանակներում, այդ թվում՝ սույն գործով վիճարկվող՝ թիվ 8400862302 որոշման վիճարկման պահանջ պարունակող հայցադիմումը 12.03.2025թ. «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձված լինելուց հետո հայցվորը Դատարան կրկին հայցադիմում է ներկայացրած եղել՝ արդեն միայն թիվ 8400862290 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որին տրվել է համապատասխան դատավարական ընթացքը՝ այն ընդունվել է վարույթ, որպիսի պայմաններում սույն վարչական գործով ներկայացված հայցադիմումը չի կարող դիտվել «կրկին» ներկայացված՝ այն էլ թիվ ՎԴ/2883/05/25 գործով։
Ավելին, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, անկախ այն հանգամանքից, թե հայցադիմումի որևէ հատվածում ինչպիսի գրառում է կատարված եղել, այնուամենայնիվ հայցադիմումի մուտքագրման և նոր գործի համար տրվելու պայմաններում Դատարանը այն որպես նոր գործ դիտարկելիս պետք է լուծի վարույթ ընդունելու հարցը, հետևաբար, եթե անգամ թիվ ՎԴ/2883/05/25 վարչական գործի շրջանակներում հայցադիմումը վերադարձնելուց հետո է հայցվորն այն ներկայացրել, միևնույն է հայցադիմումը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պայմաններում պետք է ներկայացվի միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ։(…)»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Հայցվոր Անդրանիկ Բարսեղյանն սկզբնապես ՀՀ վարչական դատարան է դիմել 05․03․2025 թվականին՝ վիճարկելով Ծառայության թիվ 8400862290 և թիվ 8400862302 որոշումները (վարչական գործ թիվ ՎԴ/2883/05/25)։ Հայցադիմումը ՀՀ վարչական դատարանի 12․03․2025 թվականի որոշմամբ վերադարձվել է Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (վարչական գործ թիվ ՎԴ/2883/05/25, գ․ թ․ 11-12)։ ՀՀ վարչական դատարանի 12․03․2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը Անդրանիկ Բարսեղյանի ներկայացուցիչն ստացել է 13․06․2025 թվականին (վարչական գործ թիվ ՎԴ/2883/05/25, գ․ թ․ 22): Հայցվորի ներկայացուցիչը, ի կատարումն ՀՀ վարչական դատարանի 12․03․2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման վերացնելով այդ որոշման մեջ նշված հայցադիմումի թերությունը, կրկին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել երկու առանձին հայցադիմում։ Կրկին ներկայացված հայցադիմումներից մեկը, որով վիճարկվել է Ծառայության թիվ 8400862290 որոշումը, վարույթ է ընդունվել 10․07․2025 թվականին (վարչական գործ թիվ ՎԴ/2883/05/25, գ․ թ․ 31-32), մինչդեռ Ծառայության թիվ 8400862302 որոշումն անվավեր ճանաչելու առանձին պահանջով հայցադիմումի հիման վրա հարուցված սույն գործով Դատարանը կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում՝ գտնելով, որ հայցվորի կողմից բաց է թողնված վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը, և ըստ այդմ՝ անհրաժեշտ է ներկայացնել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սկզբնապես հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու, այսինքն՝ Ծառայության թիվ 8400862302 որոշման դեմ դատական պաշտպանության դիմելու պահի դրությամբ պահպանված է եղել վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը (նշված որոշման վարչական կարգով բողոքարկման արդյունքում կայացված՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի որոշումն ընդունվել է 10․01․2025 թվականին, իսկ հայցը դատարան է ներկայացվել 05․03․2025 թվականին) (վարչական գործ թիվ ՎԴ/2883/05/25, գ․թ․ 3)։ Այսինքն՝ հայցվոր Անդրանիկ Բարսեղյանն սկզբնապես դատական պաշտպանության է դիմել օրենքով սահմանված ժամկետում։ Հաջորդիվ, Անդրանիկ Բարսեղյանի ներկայացուցիչը, 13․06․2025 թվականին (վարչական գործ թիվ ՎԴ/2883/05/25, գ․թ․ 22) ստանալով ՀՀ վարչական դատարանի 12․03․2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, ի կատարումն նշված որոշման պահանջի 15-օրյա ժամկետում (04․07․2025 թվականին) (գ․ թ․ 10) Դատարան է ներկայացրել սույն հայցադիմումը։ Թեև սույն հայցադիմումի հիման վրա հարուցված վարչական գործին տրվել է նոր համար, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անկախ այդ հանգամանքից նշված հայցադիմումն իր էությամբ կրկին ներկայացված հայցադիմում է, քանի որ ներկայացվել է ի կատարումն ՀՀ վարչական դատարանի 12․03․2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման երկու հայցապահանջներն առանձին հայցադիմումներում առանձնացնելու արդյունքում և օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետի պահպանմամբ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Անդրանիկ Բարսեղյանը, սույն հայցադիմումը ներկայացնելիս նախ՝ վերացրել է ՀՀ վարչական դատարանի 12․03․2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման մեջ նշված թերությունը (առանձնացրել և երկու առանձին հայցադիմումներով ներկայացրել է միմյանց հետ չկապված պահանջներով հայցադիմումներ) և Ծառայության թիվ 8400862302 որոշումն անվավեր ճանաչելու առանձին պահանջով հայցադիմումը Դատարան է ներկայացրել ՀՀ վարչական դատարանի 12․03․2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում՝ 04․07․2025 թվականին։
Այսպիսով, արձանագրելով, որ Ծառայության թիվ 8400862302 որոշման դեմ հայցվոր Անդրանիկ Բարսեղյանը դատական պաշտպանության է դիմել օրենքով սահմանված երկամսյա ժամկետում (հայցադիմումը սկզբնապես ներկայացվել է 05․03․2025 թվականին) և օրենքով սահմանված ժամկետում շտկել է ՀՀ վարչական դատարանի 12․03․2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման մեջ նշված թերությունը՝ սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով վերն արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անդրանիկ Բարսեղյանին Դատարանի կողմից չէր կարող ներկայացվել վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու պահանջ։
Վերոհիշյալի հիման Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա չի եղել հայցադիմումը վերադարձնելու Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմք, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03․10․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու, այն է՝ Դատարանի 15.07.2025 թվականի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.10.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 15.07.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ա. Թովմասյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան
Լ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական: