ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/7364/05/19 Վարչական գործ թիվ ՎԴ/7364/05/19
Հ․ Այվազյան Դատավորներ՝ Ա․ Բաբայան
Նախագահող դատավոր՝
Կ․ Ավետիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Հ. Բեդևյան | |
| զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ք. Մկոյան |
2026 թվականի հունիսի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․09․2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՎԵՄ» ՓԲ ընկերության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն)՝ Երևանի քաղաքապետի 14.12.2018 թվականի թիվ 01/45-09241-Հ-1001 շինարարության թույլտվությունը մասնակի՝ Երևան քաղաքի Դավիթաշենից դեպի Աշտարակ ուղղության ձախ կողմի հենապատից մինչև «ՎԵՄ» ՓԲԸ-ի տարածքի (ՊԿ1+340-ից մինչև ՊԿ1+580-ը) մասով, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` «ՎԵՄ» ՓԲ ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետի 14.12.2018 թվականի թիվ 01/45-09241-Հ-1001 շինարարության թույլտվությունը մասնակի՝ Երևան քաղաքի Դավիթաշենից դեպի Աշտարակ ուղղության ձախ կողմի հենապատից մինչև «ՎԵՄ» ՓԲԸ-ի տարածքի (ՊԿ1+340-ից մինչև ՊԿ1+580-ը) մասով։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Դ․ Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 29․04․2025 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25․09․2025 թվականի որոշմամբ Ընկերության՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և Դատարանի 29.04.2025 թվականի վճռի դեմ բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Գագիկ Թովմասյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռը փոստային հետադարձ ծանուցմամբ ուղարկել է Ընկերությանը, որը Ընկերությունը փաստացի ստացել է 09.06.2025 թվականին, սակայն անհասկանալի պատճառով նշված առաքանու հետադարձ ծանուցումը գործում չի պահպանվել, մինչդեռ դատավարական փաստաթղթի պահպանված չլինելու բացասական հետևանքը դրվել է Ընկերության վրա։
Վերաքննիչ դատարանի մոտ վճռի առաքանին Ընկերության կողմից 09.06.2025 թվականին ստացված լինելու փաստի մասով որևէ կասկած չէր կարող առաջանալ, եթե սույն վարչական գործի նյութերում պահպանված լիներ թիվ LO128157666AM առաքանու հետադարձ ծանուցումը: Ծանուցման պահպանված չլինելը հանդիսանում է կոպիտ խախտում, որի հետևանքով խախտվում են Ընկերության իրավունքները:
«Հայփոստ» ՓԲ ընկերության պաշտոնական կայքից արտատպված քաղվածքի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից արված այն եզրահանգումը, ըստ որի՝ առաքանին հասցեատիրոջն է հանձնվել 07.06.2025 թվականին, անհիմն է և չի համապաստասխանում իրականությանը, քանի որ Ընկերության նամակագրությունը ստանալու իրավասությամբ օժտված Ընկերության գործադիր մարմինը և/կամ գործավարության բաժինը շաբաթ և կիրակի օրերին չեն աշխատում (հաստատվում է թիվ ՍԿ-558/25 տեղեկանքով) և վերջիններս որևէ ձևով չէին կարող ստանալ առաքանին:
Վերաքննիչ դատարանը պետք է թիվ LO128157666AM հետևման համարով առաքանու ստացման ճշգրիտ ամսաթիվը պարզեր պաշտոնական գրություն ուղարկելով «Հայփոստ» ՓԲ ընկերություն, այլ ոչ թե բավարարվեր «Հայփոստ» ՓԲ ընկերության պաշտոնական կայքից արտատպված քաղվածքով, որը բազմաթիվ դեպքերում լրացվում է ոչ ճշգրիտ:
Բացի այդ, «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից տրվել է պարզաբանում այն մասին, որ Դատարանի կողմից Ընկերությանը հասցեագրված թիվ LO128157666AM հետևման համարով առաքանին 06.06.2025 թվականին մուտքագրվել է թիվ 0011 դասիչով փոստային բաժանմունք և 09.06.2025 թվականին հանձնվել, սակայն աշխատակցի կողմից ծրագրային հանձնումը թյուրիմացաբար գրանցվել է 07.06.2025 թվականին: Կից ներկայացվել է նաև հանձնման-ստացման ռեեստրի պատճենը, որից հետևում է, որ Ընկերության աշխատակիցը ռեեստրում նշված առաքանիները ստացել է 09.06.2025 թվականին:
Վերաքննիչ դատարանը 25.09.2025 թվականի որոշմամբ բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը մերժել է դատական սխալի պատճառով, չի պարզել վճիռն Ընկերության կողմից ստացված լինելու կոնկրետ օրը և հիմք է ընդունել բացառապես «Հայփոստ» ՓԲ ընկերության պաշտոնական կայքից արտատպված քաղվածքի տվյալները՝ հաշվի չառնելով Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվությունը (վճռի թղթային տարբերակի ուղեկցական գրությունը):
Հետադարձ ստացման թերթիկի բացակայության պարագայում Վերաքննիչ դատարանը չպետք է ղեկավարվեր «Հայփոստ» ՓԲ ընկերության պաշտոնական կայքի տվյալներով, քանզի կայքի տվյաների կիրառումը վարչական դատավարությամբ, որպես ապացույցի տեսակ, սահմանված չէ և տվյալ պարագայում թույլատրելի ապացույցի (հետադարձ ծանուցման թերթիկի) բացակայության դեպքում առաքանու ստացման փաստը պետք է պարզվեր բացառապես պաշտոնական հարցմամբ (ապացույց պահանջելու որոշմամբ):
Վերաքննիչ դատարանը խոչընդոտել և խնդիր է ստեղծել Վերաքննիչ դատարան դիմելու Ընկերության իրավունքի արդյունավետ իրացման համար, ինչի արդյունքում խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատարանի մատչելիության և արդար դատաքննության Ընկերության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25․09․2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ և 63-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
Վերոգրյալով պայմանավորված` ՀՀ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացումը երաշխավորող օրենսդրական կանոնակարգումների համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատավարության մասնակցի կողմից բողոքարկվող դատական ակտըստանալու օրվա վերաբերյալ ապացույցի թույլատրելիության գնահատման առանձնահատկություններին.
Վճռաբեկ դատարանը նշված խնդիրը հարկ է համարում դիտարկել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված` մարդու արդարադատական իրավունքների իրացման երաշխիքների ապահովման համար էական նշանակություն ունեցող՝ ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) հետևյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո․
ՀՀ սահմանադրական դատարանն իր 12․07․2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ առանձնացրել է դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող հետևյալ չափանիշները․
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Միաժամանակ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու իրավունքից օգտվելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ ձևով տեղեկացել են իրենց համար պարտականություն առաջացնող կամ իրավունքները կամ օրինական շահերը խախտող դատական ակտի մասին: Հակառակ դեպքում, դատարանները կարող են զգալիորեն կրճատել բողոքարկման ժամկետը կամ նույնիսկ անհնարին դարձնել ցանկացած բողոք ներկայացնելը՝ ուշացնելով իրենց որոշումների հանձնումը կողմերին։ Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և դրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով անհրաժեշտության դեպքում բողոք ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Եվրոպական դատարանի Miragall Escolano and others v. Spain թիվ 38366/97 գանգատով Եվրոպական դատարանի 25.04.2000 թվականի վճիռը, կետ 37):
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 15.12.2004 թվականի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» Rec(2004)20 հանձնարարականի 2.c կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պետք է տրամադրվի ողջամիտ ժամկետ վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու համար: Պետություններից պահանջվում է սահմանել ողջամիտ ժամկետներ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար՝ դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակի համար: Հանձնարարականը չի սահմանում որևէ կոնկրետ ժամկետ վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու համար՝ նման ժամկետի սահմանումը թողնելով պետությունների հայեցողությանը:
Նշված հանձնարարականի 4i կետի համաձայն՝ վարչական ակտի վիճարկման արդյունքում կայացված դատական ակտը, առնվազն կարևոր գործերով, պետք է բողոքարկման ենթակա լինի ավելի բարձր ատյանում: Յուրաքանչյուր իրավական համակարգում դատական ակտերի բողոքարկման իրավունքը պետք է երաշխավորվի ողջամիտ ժամկետում:
Ինչ վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում և դատական ակտերի բողոքարկման ժամկետային սահմանափակումներին, Եվրոպական դատարանը բազմիցս իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիան մասնակից պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է կիրառվեն նաև այս ատյաններում՝ մասնավորապես, այն առումով, որ նշված հոդվածը հայցվորների համար երաշխավորում է դատարանի մատչելիության արդյունավետ իրավունք (տե՛ս, Zubac v. Croatia, թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի մեծ պալատի 05․04․2018 թվականի վճիռը, կետ 80):
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, վերը նշված դիրքորոշումներին և չափանիշներին համապատասխան, սահմանել է վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի ու ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերը բողոքարկելու ողջամիտ ժամկետներ՝ ապահովելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի իրացումը:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում է նաև գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։
Վերոգրյալ վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որգործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը լրանալը, իսկ նշված ժամկետի ավարտից հետո վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բողոք բերող անձից պահանջվում է ներկայացնել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։ ՀՀ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկի ելակետը նշված դատական ակտերի հրապարակմանպահն է։
Այսպիսով, վերաքննիչ բողոք բերող անձից, ի թիվս այլնի, պահանջվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, վերաքննիչ բողոքը ներկայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետի ավարտից հետո վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում վերաքննիչ բողոք բերող անձից պահանջվում է ներկայացնել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։ Բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելու իրավական հնարավորությունն ու հիմքերն ամրագրված են նույն օրենսգրքի 54-րդ հոդվածում, ըստ որի՝ նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման իրավական հնարավորության օրենսդրական ամրագրումը հանդիսանում է լրացուցիչ երաշխիք՝ դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակի իրագործման համար։ Ըստ այդմ՝ դատարանի մատչելիության, այդ թվում դատական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու տեսանկյունից կարևորվում է դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառի ճիշտ գնահատումը, քանի որ դրա հարգելի լինելու հանգամանքը հաստատվելու պարագայում այդ ժամկետը ենթակա է վերականգնման։
Դատական ակտերը բողոքարկելու ժամկետային սահմանափակումների համատեքստում հաշվի առնելով Եվրոպական դատարանի այնդիրքորոշումը, որ բողոք բերելու իրավունքից օգտվելու համար բողոք բերող անձինք պետք է արդյունավետ ձևով տեղեկացված լինեն իրենց համար պարտականություն առաջացնող կամ իրենց իրավունքները կամ օրինական շահերը խախտող դատական ակտի մասին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտերը դատավարության մասնակիցների կողմից ստանալու փաստի գնահատման առանձնահատկություններին։
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ իրավանորմերում օրենսդիրը հստակ ամրագրել է կանոն, ըստ որի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվելուց հետո պետք է առձեռն հանձնվի դատավարության մասնակիցներին, իսկ դա անելու անհնարինության դեպքում ոչ ուշ, քան դատական ակտի հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի դատավարության մասնակիցներին։ Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք՝ դրան փոխարինող միջոց:
Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թեև վերոգրյալ իրավական դիրքորոշումներն արտահայտնվել են քաղաքացիական գործերով, այդուհանդերձ դրանք հավասարապես կիրառելի են նաև վարչական գործերով՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իրավունքներն արդյունավետ իրացնելու երաշխիքները՝ անկախ դատավարության կոնկրետ տեսակից։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
Նույն որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը, վկայակոչելով իր թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Պատշաճ ծանուցումը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (...) սահմանված կարգով։
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաթղթերի հատուկ առաքումը (այսուհետ` հատուկ առաքում) հասցեատիրոջը փաստաթղթերի առաքման հատուկ տեսակ է, որն ապահովում է առաքվող փաստաթղթերի նույնականությունը և ամբողջականությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը:
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձին հասցեագրված առաքման փաթեթը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին:
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նախքան փաթեթի հանձնումը փոստատարը հավաստիանում է, որ փաթեթն հանձնվում է նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված անձին և այդ մասին նշում է կատարում ծանուցագրի վրա` նշելով իրեն ներկայացված` անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
Նույն հոդվածի՝ 6-րդ մասի համաձայն՝ առաքման փաթեթն ստացող անձը ծանուցագրի վրա անձամբ նշում է իր անունը, ազգանունը և հայրանունը, ստացման ամսաթիվը, ստացված էջերի քանակը (նոտարի կողմից վավերացված կարված փաստաթղթերի քանակը), դրոշմանիշների համարները, որից հետո ստորագրում է ծանուցագիրը և այն վերադարձնում փոստատարին:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակից իրավաբանական անձին պատշաճ կարգով հանձնելու առանձնահատկություններին և համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալ նորմերը՝ արձանագրել է, որ դատական ծանուցագրի և դատավարական փաստաթղթերի հանձնումն իրականացվում էր «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե դատական ծանուցագրի պարագայում այդ կարգն ուղղակիորեն ամրագրված էր դատավարական օրենսգրքով, ապա դատավարական փաստաթղթերի պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի իրավակարգավորումից, որը սահմանում է, որ նշված օրենքն ընդհանրական կարգով սահմանում է փաստաթղթերի ընդունման, ձևակերպման, հանձնման ընդհանուր կարգը: Հետևաբար դատավարական փաստաթղթերի պատշաճ հանձնման մասին կարելի է եզրահանգում կատարել, եթե այն կատարվել է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի դրույթների պահպանմամբ: Համապատասխանաբար` դատավարական փաստաթղթերը հանձնելու ապացույցը` հետադարձ ծանուցման վերաբերյալ փոստային անդորրագիրը, պետք է պարունակի «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված վավերապայմանները, մասնավորապես` իրավաբանական անձանց դեպքում` վկայակոչված հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված վավերապայմանները:
Վերոգրյալից հետևում է, որ իրավաբանական անձին դատավարական փաստաթղթերը հանձնելու պարագայում այն պետք է հանձնվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին, իսկ այդ փաստն ապացուցող հետադարձ ծանուցման վերաբերյալ փոստային անդորրագիրը պետք է պարունակի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձի` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անունը, ազգանունը և հայրանունը, ստացման ամսաթիվը, ստացված էջերի քանակը, ինչպես նաև նշված անձի ստորագրությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված վավերապայմանների միաժամանակյա առկայության պարագայում միայն կարելի է հետևություն անել դատավարական փաստաթղթերի` պատշաճ կարգով հանձնված լինելու հանգամանքի վերաբերյալ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «ԾՈՓՔ ԱՐԱԾԱՆԻ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կանոնակարգել է գործն ըստ էության լուծող դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկելու հարցերը՝ երաշխավորելով այդ ակտերը ստանալու հանգամանքով պայմանավորված դրանք օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իրավունքի իրացումը, հետևաբար այդ իրավունքը սահմանափակող դատական ակտ կարող է կայացվել միայն այն պարագայում, երբ աներկբա հաստատվում է օրենքի պահանջների խախտմամբ բողոք ներկայացնելու հանգամանքը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի դեմ բողոքն օրենքով սահմանված դատավարական ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պարագայում այդ ժամկետը վերականգնելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը կարող է պարզվել դատական ակտը դատավարության մասնակցին առաքելու վերաբերյալ փոստային անդորրագրի և առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ փոստային հետադարձ ծանուցագրի վրա առկա համապատասխան գրառումների, այդ թվում՝ առաքման և ստացման ամսաթվերի ուսումնասիրության միջոցով, եթե առկա չէ դատական ակտն առձեռն հանձնելու մասին ապացույց։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերը նշված ապացույցները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի և «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում են այն թույլատրելի ապացույցները, որոնց ուսումնասիրության արդյունքում միայն կարող է պարզվել դատական ակտը բողոք բերող անձի կողմից ստանալու օրը և եզրահանգում արվել բողոքը սահմանված դատավարական ժամկետը լրանալուց հետո ներկայացնելու պատճառների հարգելիության մասին։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը 29․04․2025 թվականին կայացրել է վճիռ հայցը բավարարելու մասին, որը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 02․06․2025 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 105-121)։
Նշված վճռի դեմ Ընկերությունը փոստային առաքման եղանակով 09․07․2025 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Միաժամանակ Ընկերությունը ներկայացրել է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն (հատոր 5-րդ, գ.թ. 8-14)։
Վերաքննիչ դատարանը 25․09․2025 թվականի որոշմամբ, մերժելով բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Ընկերության միջնորդությունը, վերջինիս կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Տվյալ դեպքում թիվ ՎԴ/7364/05/19 վարչական գործով 29.04.2025թ. վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 02.06.2025թ., «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից վճիռն ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցման թերթիկը գործում բացակայում է, իսկ գործում առկա LO128157666AM բեռնային համարը կրող ծրարի շարժին վերաբերող «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից արտատպված քաղվածքի ուսումնասիրությունից էլ պարզ է դառնում, որ առաքանին հասցեատիրոջն է հանձնվել 07.06.2025թ.:
Այդուհանդերձ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 09.07.2025թ. փոստային առաքմամբ Վերաքննիչ դատարան ներկայացնելով վերաքննիչ բողոք` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ չի ներկայացրել վճռի օրինակը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ 08.07.2025թ. ներառյալ, բողոքը ներկայացնելու անհնարինության վերաբերյալ պատճառաբանություն կամ այն չներկայացնելու որևէ հարգելի պատճառ: Հետևաբար, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման, ինչը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հիմք է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար» (հատոր 5-րդ, գ.թ. 28-40)։
Վերոգրյալ իրավական դիքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն բխում սույն գործի փաստերից՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Գործում առկա չէ որևէ թույլատրելի ապացույց Դատարանի 29․04․2025 թվականի վճիռը դատավարության մասնակիցներին, այդ թվում՝ Ընկերությանն առձեռն հանձնելու մասին։ Գործում առկա չէ նաև թույլատրելի ապացույց՝ փոստային անդորրագիր՝ ոչ ուշ, քան վճռի հրապարակման հաջորդ օրն այն դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի իմպերատիվ պահանջը, ըստ որի՝ դատարանը պարտավոր է գործն ըստ էության լուծող դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն առձեռն հանձնել դատավարության մասնակիցներին, իսկ առձեռն հանձնելու անհնարինության դեպքում վճիռն ուղարկել վերջիններիս, Դատարանի կողմից պահպանված լինելու հարցը մնում է վիճելի։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոգրյալը, Ընկերության կողմից վճիռը ստանալու օրվա մասին եզրահանգում է արել, հիմք ընդունելով այդ փաստը հաստատելու համար անթույլատրելի «փաստաթուղթը»։
Այսպես.
Վերաքննիչ դատարանը վկայակոչել է գործում առկա (հատոր 4-րդ, գ.թ. 125) A4 ֆորմատով առանց ստորագրության կամ պաշտոնական որևէ վավերապայման պարունակող «փաստաթուղթը»՝ հետևյալ բովանդակությամբ.
Վերաքննիչ դատարանը վերոգրյալ A4 ֆորմատով առանց ստորագրության կամ պաշտոնական որևէ վավերապայման պարունակող «փաստաթուղթը» գնահատել է, որպես «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից արտատպված քաղվածք և եզրահանգում արել այն մասին, որ առաքանու ծրարը կրել է թիվ LO128157666AM բեռնային համարը, այն հասցեագրված է եղել Ընկերությանը և վերջինիս է հանձնվել 07.06.2025 թվականին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. նախ՝ գործում՝ հատոր 4-րդ, գ.թ.125-ում առկա Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված A4 ֆորմատի «փաստաթուղթը» որևէ կերպ չի կարող դիտարկվել «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից արտատպված քաղվածք՝ համապատասխան վավերապայմանների բացակայության պատճառով։ Երկրորդ՝ նշված «փաստաթղթում» պարունակվող տեղեկություններից հնարավոր չէ միանշանակ և աներկբա եզրահանգում անել այն մասին, որ Դատարանի վճիռը թիվ LO128157666AM բեռնային համարը կրող ծրարով ուղարկվել է Ընկերության հասցեով և Վերաքննիչ դատարանի արձանագրած օրը ստացվել է Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձի կողմից, երրորդ՝ դատական ակտը դատավարության մասնակիցների կողմից ստանալու փաստը հաստատելու համար «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից արտատպված քաղվածքը հիմք ընդունելու որևէ կարգավորում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ։ Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսվածված չէ նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում առկա տեղեկությունների իսկությունը ստուգելու կամ դրանում հավաստիանալու որևէ գործիքակազմ, հետևաբար հնարավոր չէ հետևություն անել այդ տեղեկության իսկության վերաբերյալ և փոստային առաքանին դրա հասցեատիրոջ կողմից ստանալու փաստը հաստատված համարել «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում առկա տեղեկությունների հիման վրա։
Ավելին, Ընկերության կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի 06.11.2025 թվականի թիվ Ել.ՀՓ/3116-2025 գրությունը, որով հայտնվել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից Ընկերությանը հասցեագրված թիվ LO128157666AM հետևման համարով առաքանին 06.06.2025 թվականին մուտքագրվել է թիվ 0011 դասիչով փոստային բաժանմունք և 09.06.2025 թվականին հանձնվել, սակայն աշխատակցի կողմից ծրագրային հանձնումը թյուրիմացաբար գրանցվել է 07.06.2025 թվականին։ Նշված գրությանը կցվել է թիվ LO128157666AM հետևման համարով առաքանու հանձնումը հավաստող փաստաթղթի պատճենը՝ բաղկացած 1 թերթից։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ գրությունն ինքնին վկայում է այն մասին, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում առկա տեղեկությունների իսկությունը չի կարող կասկած չհարուցել և հանդիսանալ անհերքելի ապացույց դատական ակտը դատավարության մասնակցին հանձնելու օրվա մասին եզրահանգում կատարելու և դրանով պայմանավորված վերջինիս դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելու համար։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով դատարանի մատչելիությունը երաշխավորելուն վերաբերող իրավակարգավորումները, ինչպես նաև Եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով հատոր 4-րդ, գ.թ. 125-ում առկա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անթույլատրելի A4 ֆորմատով առանց ստորագրության կամ պաշտոնական որևէ վավերապայման պարունակող «փաստաթուղթը» եզրահանգում է արել Դատարանի վճիռն Ընկերության կողմից 07.06.2025 թվականին ստանալու վերաբերյալ՝ մերժելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և Ընկերությանը զրկել դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկի՝ բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունից։ Նման պայմաններում, երբ բացակայել է բողոքարկվող վճիռը բողոքաբերի կողմից ստանալու փաստը հաստատող պատշաճ ապացույցը, միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․09․2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական: