ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/4473/05/20 Վարչական գործ թիվ ՎԴ/4473/05/20
Կ. Գևորգյան Դատավորներ՝ Գ. Սոսյան
Նախագահող դատավոր՝
Ա. Առաքելյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Հ. Բեդևյան | |
| զեկուցող |
Ռ. հակոբյան Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ք. Մկոյան |
2026 թվականի հունիսի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.02.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Հրաչյա Խոսրովյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ ▪▪▪▪▪▪1 ավտոտնակի վերակառուցման և վերնահարկի իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) տրամադրել պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հրաչյա Խոսրովյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին տրամադրել ▪▪▪▪▪▪▪▪2 ավտոտնակի վերակառուցման և վերնահարկի իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն)։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 01.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2025 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Նադեժդա Մուրադյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը, 63-րդ կետի 1-ին ենթակետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 25-րդ հոդվածները, 67-րդ հոդվածի 1-ին մասը և 124-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ▪▪▪▪▪▪▪▪3 հասցեում գտնվող ավտոտնակով զբաղեցված և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հանդիսանում է բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող հողամաս, իսկ նույն հողամասում առկա ավտոտնակը հանդիսանում է բնակելի նշանակության շինություն և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.11.2018 թվականի թիվ 18-08/1-Խ-2457 գրության համաձայն՝ տվյալ ավտոտնակի նորմատիվային պահանջները չեն համապատասխանում հասարակական նշանակության օբյեկտների համար նախատեսված նորմատիվային պահանջներին։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով քաղաքաշինական գործունեությունն իրականացվում է համայնքի գլխավոր հատակագծով և գոտևորման նախագծով սահմանված հողի նպատակային ու գործառնական նշանակությանը, կառուցապատման (ծավալատարածական) չափորոշիչներին, նույն կարգի, ՀՀ օրենսդրության ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Այսինքն՝ հայցվորը դատարան է ներկայացրել անհիմն պահանջ։
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի հետազոտման չի ենթարկել գործում առկա ապացույցները։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ այն չի սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում իրավունքներ և պարտականություններ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, հետևաբար հայցվորը չէր կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա ներկայացնել պարտավորեցման հայց:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2025 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ▪▪▪▪▪▪▪▪4 վկայականի համաձայն՝ ▪▪▪▪▪▪▪▪5 ավտոտնակ հասցեի նկատմամբ 01.08.2014 թվականին գրանցվել է Հրաչյա Խոսրովյանի սեփականության իրավունքը:
Նշված վկայականի «ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» հատվածում որպես հողամասի նպատակային նշանակություն նշված է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման (հատոր 1-ին, գ.թ. 48-49).
2) Հրաչյա Խոսրովյանը 18.10.2018 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված դիմումով խնդրել է ▪▪▪▪▪▪▪▪6 հասցեյում սեփականության իրավունքով տնօրինվող ավտոտնակի գործառնական նշանակությունը փոխել հասարակական նշանակության՝ հասարակական օգտագործելու համար (հատոր 1-ին, գ.թ. 47).
3) Երևանի քաղարապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի 07.11.2018 թվականի թիվ 18-08/1-Խ-2457 գրությամբ Հրաչյա Խոսրովյանին հայտնվել է, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի նորմատիվային պահանջները չեն համապատասխանում հասարակական նշանակության օբյեկտների համար նախատեսված նորմատիվային պահանջներին, հետևաբար խնդրանքը բավարարել հնարավոր չէ (հատոր 1-ին, գ.թ. 46).
4) Երևանի քաղաքապետին հասցեագրված 17.06.2020 թվականի հայտով Հրաչյա Խոսրովյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանը խնդրել է ▪▪▪▪▪▪▪▪7 ավտոտնակ հասցեի հողամասում գտնվող ավտոտնակի հասարակական նշանակության օբյեկտի վերակառուցման նպատակով տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) (հատոր 1-ին, գ.թ. 60).
5) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը 25.06.2020 թվականի թիվ 18-08/2-Կ-1989 պատասխան գրությամբ հայտնել է հետևյալը. «▪▪▪▪▪▪▪▪8 ավտոտնակի վերակառուցման և վերնահարկի իրականացման նախագծման թույլտվություն ստանալու Ձեր հայտի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ներկայումս ավտոտնակների վերակառուցման, վերնահարկերի իրականացման հարցեր չեն դիտարկվում» (հատոր 1-ին, գ.թ. 21):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի, 67-րդ հոդվածի 1-ին մասի և 124-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում.
ա) անդրադառնալ պարտավորեցման հայց հարուցելու պարտադիր նախա-պայմանների առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները,
բ) անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ճարտարապետա-հատակագծային առաջադրանք տրամադրելու պահանջի մերժումն արդյո՞ք կարող է համարվել միջամտող վարչական ակտ և հիմք հանդիսանալ պարտավորեցման հայց հարուցելու համար:
ա) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե` խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրել է, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միևնույն ժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանելով հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին։ Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն՝ միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, «Էմբիդիզայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պարտավորեցման հայցի ներկայացման համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրման վերաբերյալ դիմումին ուղղված վարչական մարմնի պատասխանը որպես միջամտող վարչական ակտ որակելու հարցին:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի՝ անձանց իրավունքների իրականացումը մերժելու, միջամտելու, սահմանափակելու հատկանիշի առկայությունը կարող է դրսևորվել թե´ ուղղակի և թե´ անուղղակի եղանակով: Այլ կերպ ասած՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի՝ անձանց իրավունքների իրականացումը մերժելու, միջամտելու, սահմանափակելու հատկանիշի առկայությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի դիմումի առնչությամբ վարչական մարմնի տված պատասխան-գրությունում հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին ուղղակիորեն նշում կատարված լինելու փաստով, այն դեպքում, երբ այդ իրավունքի տրամադրման մերժումն անմիջականորեն բխում է այդ փաստաթղթի բովանդակությունից: Այսինքն՝ այն դեպքերում, երբ հայցվող բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ուղղված դիմումին ի պատասխան տրված գրությունն ուղղակիորեն չի պարունակում դրույթներ՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին, սակայն բովանդակային վերլուծությունը վկայում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունման մերժման մասին, կարող է որակվել որպես միջամտող վարչական ակտ:
Այդուհանդերձ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն հանգամանքը, որ վարչական մարմնի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրումը մերժված լինելու հանգամանքի գնահատումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորված է խնդրո առարկա վիճելի իրավահարաբերության բնույթով, տվյալ գործի փաստական հանգամանքներով, կիրառելի իրավական նորմերով և այլն: Հետևաբար՝ յուրաքանչյուր դեպքում պարտավորեցման հայց ներկայացնելու՝ քննարկվող իրավական նախադրյալի առկայությունը դատարանը պետք է գնահատի տվյալ գործի առանձնահատկությունների հաշվառմամբ և ներքին համոզմամբ (տե՛ս, Նարեկ Ղամբարյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ թիվ ՎԴ/2061/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ պարտավորեցման հայց հարուցելու պարտադիր նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջը մերժող միջամտող վարչական ակտը, ինչը ենթադրում է հետևյալ գործողությունների հաջորդականությունը.
1) անձը դիմում է վարչական մարմնին՝ հայցելով իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում,
2) վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում կայացնում է բարենպաստ վարչական ակտի ընդունումը հայցող դիմումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թվարկված գործողությունների միաժամանակյա առկայությունը միայն կարող է վկայել պարտավորեցման հայց հարուցելու պարտադիր նախապայմանի գոյության մասին։
բ) Վճռաբեկ դատարանը, կարևորելով պարտավորեցման հայց հարուցելու համար պարտադիր նախապայման հանդիսացող միջամտող վարչական ակտի որակման հարցը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու պահանջի մերժումն արդյո՞ք կարող է համարվել միջամտող վարչական ակտ և հիմք հանդիսանալ պարտավորեցման հայց ներկայացնելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավական բնույթի, բովանդակության, ինչպես նաև դրա տրամադրման հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:
Այսպես. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ (...) կառուցապատողները պարտավոր են` «դ» քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք (...) ստանալ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից (...):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ։
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` նույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (...) և սահմանափակումները (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված և օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության և մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետա-հատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից նույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար (...):
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության սահմանած կարգով: Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով (...):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Կառավարությունը։
Վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը կամ նախագծման թույլտվությունը` շինարարության թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքների իրականացման համար պարտադիր փաստաթուղթ է, որը սահմանում է կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջները, պայմանները և սահմանափակումները և հիմք է հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար: Ընդ որում, ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը պարտադիր է շինարարության թույլտվություն ստանալու համար. առանց առաջինի առկայության երկրորդը չի կարող տրամադրվել:
Օրենսդիրը ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման կարգը սահմանելու լիազորությունը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով իրեն վերապահված այդ լիազորությունը, 19.03.2015 թվականին ընդունված թիվ 596-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն նույն որոշման թիվ 1 հավելվածի:
Կարգի 2-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով թույլտվությունները և այլ փաստաթղթեր տրամադրվում են հետևյալ փուլերով` նախագծման թույլտվություն (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք), շինարարության թույլտվություն և ավարտական ակտ (կամ շահագործման թույլտվություն) (...):
Նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման՝ ՀՀ կառավարությունը 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ընթացակարգի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կառուցապատողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար հայտով դիմում է իրավասու մարմնին (Կարգի 47-րդ կետ): Իրավասու մարմինն ինժեներական ենթակառուցվածքի ցանցերին միանալու տեխնիկական պայմաններն ստանալու նպատակով հայտի ընդունման օրվանից եռօրյա ժամկետում հարցում է ներկայացնում մատակարար կազմակերպություններին (Կարգի 50-րդ կետ): Վերջիններս սահմանված ժամկետում իրավասու մարմնին են տրամադրում տեխնիկական պայմանները (Կարգի 51-րդ կետ), իսկ իրավասու մարմինը սահմանված ժամկետում կառուցապատողին է տրամադրում ճարտարապետահատակագծային առաջադրանքը (Կարգի 52-րդ կետ):
Ստանալով ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ կառուցապատողը նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով նախագծային փաստաթղթեր մշակող կապալառուի հետ կնքում է նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագիր (Կարգի 72-րդ կետ): Կառուցապատողը նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագծային փաստաթղթերը, որպես կանոն, ներկայացնում է փորձաքննության (Կարգի 93-րդ կետ): Նախագծային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում (եթե տվյալ նախագծի համար պահանջվում է փորձաքննություն) կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին՝ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով (Կարգի 98-րդ կետ): Այնուհետև իրավասու մարմինը սահմանված ժամկետում համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվություն (Կարգի 100-րդ կետ), ինչից հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված (Կարգի 100-րդ կետ), և կառուցապատողը ձեռք է բերում այդ փաստաթղթերին համապատասխան շինարարություն իրականացնելու իրավունք:
Վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ քաղաքաշինական գործունեության բնագավառում կառուցապատողի վերջնական նպատակը շինարարության իրականացումն է, որը կարող է կատարվել միայն շինարարության թույլտվության հիման վրա, իսկ շինարարության թույլտվությունն էլ կարող է տրվել միայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա: Այսինքն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախապայման է: Հետևաբար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար Կարգի 47-րդ կետով սահմանված հայտով իրավասու մարմնին դիմած կառուցապատողի իրական շահագրգռվածությունն ու մտադրությունն ուղղված է ոչ թե սոսկ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալուն, այլ` շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություն ստանալուն (տե՛ս, Գեորգի Թովմասյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3310/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կառուցապատողը մինչև համայնքի վարչական տարածքում շինարարության իրականացման համար շինարարական թույլտվություն պահանջելը, պարտավոր է նախապես սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմնին դիմել և ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համայնքի ղեկավարի կողմից տրվում է, եթե հայտով ներկայացված պահանջները համապատասխանում են օրենսդրությամբ, տարածական պլանավորման փաuտաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպեu նաև քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին։ Առաջադրանքով uահմանված պայմանները հիմք են հանդիuանում նախագծային փաuտաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մաuնակիցների համար։ Հետևաբար առանց նշված առաջադրանքի առկայության կառուցապատողը չի կարող մշակել և նախապատրաստել նախագծային փաստաթղթերի փաթեթը, որի համաձայնեցման պարագայում միայն համայնքի ղեկավարը կարող է կառուցապատողին տրամադրել շինարարական թույլտվություն (տե՛ս, «Գյումրի-հաց» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի թիվ 3-20(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրվում է շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում: Շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթն առանձին տեսակի, բարդ ընթացակարգով իրականացվող վարչական վարույթ է, որը հարուցվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստանալու վերաբերյալ համապատասխան համայնքին ներկայացված կառուցապատողի հայտի (դիմումի) հիման վրա, ինչին վարույթի ընթացիկ փուլում հաջորդում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը և Կարգով սահմանված վերը նկարագրված մյուս գործողությունների կատարումը, իսկ վարույթը եզրափակվում է վարչական ակտի (շինարարության թույտվության) ընդունմամբ: Շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլն ունի առաջնահերթ նշանակություն, քանի որ այդ փաստաթղթով կառուցապատողը հնարավորություն է ստանում ձեռնարկելու շինարարության օբյեկտի նախագծային աշխատանքները և մշակելու համապատասխան նախագծային փաստաթղթերը: Փաստորեն, ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավաբանական բնույթը հանգում է հետևյալին. այդ փաստաթուղթը շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի հետագա իրականացման համար անհրաժեշտ ճարտարապետաշինարարական նախագծային փաuտաթղթեր ձեռք բերելու և նշված վարչական վարույթն իր տրամաբանական ավարտին հասցնելու նախադրյալն է: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի տրամադրվում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունվելիք վարչական ակտի՝ շինարարության թույլտվության, տրամադրման ապահովմանը:
Այսպիսով, ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի համատեքստում դիտարկելու արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալ եզրակացությանը.
1) ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանվում են կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջները, պայմանները և սահմանափակումները, և այն հիմք է հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար,
2) ճարտարապետահատակագծային առաջադրանքով կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջների և պայմանների սահմանումը և դրանց համապատասխան ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակումը վերջիվերջո միտված են շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը, այսինքն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախադրյալներից մեկն է,
3) ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է ոչ թե դրա տրամադրմանն ուղղված ինքնուրույն վարչական վարույթի, այլ` շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում,
4) ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունվելիք վարչական ակտի՝ շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի փուլերից մեկն է,
5) ի տարբերություն շինարարության թույլտվության՝ ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի տրամադրումը չի հետապնդում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ։
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտ չէ, քանի որ այն չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտի բոլոր հատկանիշներին: Մասնավորապես՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի ընդունվում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով (տե՛ս Գեորգի Թովմասյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3310/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ճարտարապետահատակագծային առաջադրանքի վարչական ակտ չհանդիսանալու պարագայում, այն տրամադրելու մասին անձի կողմից ներկայացված դիմումը չի կարող համարվել բարենպաստ վարչական ակտ հայցելու մասին դիմում, հետևաբար այդ դիմումի մերժումը չի կարող որակվել որպես միջամտող վարչական ակտ։
Միևնույն ժամանակ հաշվի առնելով ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու առնչությամբ անձի և վարչական մարմնի միջև վեճի հնարավոր առաջացումը, որպիսի պարագայում անձն իրավասու է դիմելու վարչադատավարական կարգով իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածում ամրագրված իրավակարգավորումից հետևում է, որ oրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է։
ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածները երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (տե՛ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործողության կատարման հայցին, իր որոշումներից մեկում նշել է, որ գործողության կատարման հայցով անձը վարչական մարմնից կարող է պահանջել դրսևորել միայն այնպիսի վարքագիծ (թե´ ակտիվ, թե´ պասիվ), որը չդրսևորելը խախտում է կամ անմիջականորեն կարող է խախտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Հետևաբար գործողության կատարման հայցով անձը կարող է վարչական մարմնից պահանջել կատարել այնպիսի գործողություններ կամ ձեռնպահ մնալ այնպիսի գործողությունների կատարումից, որոնց համապատասխանաբար կատարումը կամ չկատարումը կարող են ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ վերացնել վերջինիս իրավունքների իրականացման խոչընդոտները: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործողության կատարման հայցով դատարան դիմած անձի հայցադիմումի ընդունելիության փուլում վարչական դատարանը պարտավոր է պարզել, թե պահանջվող վարքագիծը վարչական մարմնի կողմից չդրսևորելը կարող է արդյո՞ք առերևույթ ոտնձգել վերջինիս իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես` վարչական դատարանը գործողության կատարման հայցադիմումի ընդունելիության փուլում պարտավոր է բացահայտել, թե հայցվորի կողմից ակնկալվող վարքագիծը կարող է արդյո՞ք. (ա) առերևույթ ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ (բ) առերևույթ վերացնել այդ իրավունքների իրականացման խոչընդոտները (տե՛ս, Շուշանիկ Տրդատյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/6072/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործողության կատարման հայց ներկայացնելու համար որպես նախապայման օրենսդիրը սահմանել է վարչական մարմնին դիմելու և հայցվող գործողության կատարումը վերջինիս կողմից մերժվելու, այսինքն՝ ռեալ ակտ ընդունելու կամ դիմումի առնչությամբ անգործություն ցուցաբերելու փաստերի առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերոհիշյալ եզրահանգումը բխում է ոչ միայն այն հանգամանքից, որ դատարանները վեճը լուծող մարմիններ են և շահագրգիռ սուբյեկտները կարող են դատական պաշտպանություն հայցել միայն վեճի առկայության դեպքում, որպիսին կարող է ի հայտ գալ համապատասխան դիմումը վարչական մարմնին ներկայացնելու փաստով ծագած իրավահարաբերությունների պարագայում, այլ նաև վերոհիշյալ եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 72-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները, որոնցից բխում է, որ վարչադատավարական կարգով իրավունքների պաշտպանություն կարող են հայցել այն ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ: Այլ կերպ ասած, քանի դեռ վարչական մարմնից չի հայցվել որևէ գործողության կատարում և վերջինս չի մերժել հայցվող գործողության կատարումը կամ չի դրսևորել անգործություն, անձի մոտ չի ծագում գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը (տե՛ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/6048/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է նաև, որ վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ առաջնային նախապայմանն անձի և հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջև վեճի առկայությունն է։ Անձի՝ դատական պաշտպանության դիմելու իրավունքը ծագում է վեճի առկայության դեպքում միայն։ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի և հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջև վեճի՝ որպես ՀՀ վարչական դատարան դիմելու անհրաժեշտ նախապայմանի բովանդակությանը, արձանագրել է․ «Վեճի առանցքային բաղադրիչը կողմերի միջև առկա տարաձայնությունն է, ինչը դրսևորվում է նրանում, որ մի կողմը՝ իր ակտիվ կամ պասիվ վարքագծով, չի ընդունում մյուս կողմի պահանջը։ Հանրային իրավահարաբերություններից ծագող վեճը ենթադրում է տարաձայնություն հանրային իշխանության և մասնավոր անձի միջև։ Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «առանձին հայցատեսակների պարագայում մինչև ՀՀ վարչական դատարան դիմելը համապատասխան պահանջով սկզբնապես վարչական մարմին դիմելու (նաև մերժում ստանալու) պայմանի սահմանումն ինքնանպատակ չէ. նման պայմանի բավարարումն ուղղված է վեճի կամ վիճելի իրավահարաբերության «ձևավորմանը», քանի որ դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ է վարչական մարմնի անհամաձայնությունն անձի պահանջին» (տե՛ս, Հմայակ Կյատիկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/13116/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը)։
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ անձն իրավասու է դիմելու վարչադատավարական կարգով իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը, երբ վերջինիս այս կամ այն իրավունքի կամ պարտականության առնչությամբ հանրային իրավահարաբերության մասնակիցների՝ հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմնի և տվյալ մասնավոր անձի միջև առկա է տարաձայնություն։ Ընդ որում՝ այդ տարաձայնությունը կարող է դրսևորվել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ վարքագծի ձևով (տե՛ս, Գուրգեն Դումանյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/3148/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.12.2023 թվականի որոշումը)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
Հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արտահայտված և սույն որոշմամբ վերահաստատված այն իրավական դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի հանդիսանում վարչական ակտ, հետևաբար այն տրամադրելու մասին անձի կողմից ներկայացված դիմումը չի կարող համարվել բարենպաստ վարչական ակտ հայցելու մասին դիմում, Վճռաբեկ դատարանը անձի դատարանի մատչելիության իրավունքի ապահովման օրենսդրական երաշխիքի համատեքստում եզրահանգում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը վարչական մարմնի կողմից մերժելու պարագայում ևս անձը պետք է ունենա իրական հնարավորություն վարչական մարմնի գործողությունից իր ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով դատական պաշտպանության դիմելու համար։
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին անձի ներկայացրած դիմումը ենթադրում է ոչ թե վարչական ակտի ընդունում, այլ՝ գործողության կատարում (ռեալ ակտ), այն է՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրում, որին պետք է հաջորդի շինարարության թույլտվությունն ստանալու համար կատարման ենթակա օրենքով նախատեսված հետագա գործողությունների կատարումը, հետևաբար ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը վարչական մարմնի կողմից մերժելու գործողությունից վարչադատական կարգով պաշտպանվելու իրավունքի իրացման համար պատշաճ հայցատեսակը գործողության կատարման հայցն է, ինչը նշանակում է, որ այդ դեպքում անձի կողմից իր իրավունքների դատական պաշտպանությունը չի կարող իրականացվել պարտավորեցման հայցի շրջանակներում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Հրաչյա Խոսրովյանի կողմից ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել պատասխանողին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ տրամադրել ▪▪▪▪▪▪▪▪9 ավտոտնակի վերակառուցման և վերնահարկի իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն)։
Դատարանը 01.11.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) սույն դեպքում Հայցվորը ներկայացրել է իր պահանջի բավարարման տեսանկյունից անհրաժեշտ ապացույցներ, ավելին, վերջինս շինարարական աշխատանքներն իրականացնելու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի վրա, իսկ հայցվորի կողմից ներկայացված դիմում-հայտով ակնկալված նախագծման թույլտվության տրամադրումը բացառող որևէ իրավաչափ հանգամանք և միաժամանակ նման հանգամանքի (հանգամանքների) մասին վկայող որևէ պատշաճ ապացույց առկա չէ:
Վերոգրյալով պայմանավորված՝ Դատարանը գտնում է, որ դրանցով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ ▪▪▪▪▪▪▪▪10 ավտոտնակ հասցեում ավտոտնակը հասարակական նշանակության օբյեկտի վերակառուցման համար նախագծային փաստաթղթերի մշակման նախագծման թույլտվություն ստանալու համար Հայցվորի կողմից ներկայացրած դիմում-հայտի մերժումը ոչ իրավաչափ է, քանի որ առկա չի եղել այն մերժելու որևէ իրավական հիմք:
(…) տվյալ դեպքում Հայցվորի կողմից պահպանվել են ▪▪▪▪▪▪▪▪11 ավտոտնակ հասցեում ավտոտնակը հասարակական նշանակության օբյեկտի վերակառուցման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստանալու համար Կարգով սահմանված պահանջները: (…):
Հետևաբար, այն հաշվառմամբ, որ տվյալ դեպքում բացակայում են Հայցվորի վերոնշյալ հայտը մերժելու Կարգի 63-րդ կետով սահմանված հիմքերը կամ դրանցից որևէ մեկը, Դատարանը գտնում է, որ Հայցվորի հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, որպիսի պարագայում պատասխանող Երևանի քաղաքապետարանին պետք է պարտավորեցնել ▪▪▪▪▪▪▪▪12 ավտոտնակի վերակառուցման և վերնահարկի իրականացման մասով տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն)»:
Վերաքննիչ դատարանը 12.02.2025 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 01.11.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) Առաջին հերթին անդրադառնալով գործի քննությունը ոչ ճիշտ հայցատեսակի շրջանակներում իրականացված լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը դրանք անհիմն է համարում՝ արձանագրելով, որ Դատարանի բողոքարկվող վճռից հետևում է, որ սույն գործի քննությունն իրականացվել է ոչ թե պարտավորեցման հայցի, ինչպես պնդում է բողոքաբերը, այլ գործողության կատարման հայցի շրջանակներում, և վճռի եզրափակիչ մասում Դատարանը, բավարարելով Հրաչյա Խոսրովյանի հայցը, պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին տրամադրել ▪▪▪▪▪▪▪▪13 ավտոտնակի վերակառուցման և վերնահարկի իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն):
(…) տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 25.06.2020թ. թիվ 18-08/2-Կ-1989 պատասխան գրությամբ չի հիմնավորվել, թե Կարգի 63-րդ կետով նախատեսված որ հիմքի (հիմքերի) կիրառմամբ է մերժվել Հրաչյա Խոսրովյանի կողմից ներկայացված հայտը՝ սահմանափակվելով «(…) ներկայումս ավտոտնակների վերակառուցման, վերնահարկերի իրականացման հարցեր չեն դիտարկվում»՝ Օրենքի և Կարգի վերը վկայակոչված դրույթների պահանջներից չբխող անորոշ ձևակերպումով:
(…) պատասխանող Երևանի քաղաքապետարանը, Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան, կրելով հայտը մերժելու՝ Կարգի 63-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունն ապացուցելու պարտականությունը, ինչպես Դատարանում գործի քննության ընթացքում, այնպես էլ վերաքննիչ ատյանում չի ներկայացրել անհրաժեշտ ու բավարար ապացույցներ՝ այդ հիմքերից որևէ մեկի առկայության վերաբերյալ:
Միաժամանակ, հետազոտելով Հրաչյա Խոսրովյանի լիազորված անձ Ալբերտ Կանդալյանի՝ Երևանի քաղաքապետին հասցեագրված 17.06.2020թ. հայտը և կից ներկայացված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայտը բավարարում է Կարգի 47-րդ և 48-րդ կետերով սահմանված պահանջները:
Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ հայցվորին հասցեագրված պատասխան գրությունը չի պարունակում որևէ նշում հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկի ամբողջական չլինելու, կամ դրանց բովանդակությունը՝ Կարգի 47-րդ և 48-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու, կամ ներկայացրած փաստաթղթերում սխալների, ջնջումների, քերվածքների, վրիպակների առկայության վերաբերյալ:
Անդրադառնալով բողոքաբերի փաստարկին առ այն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.11.2018թ. թիվ 18-08/1-Խ-2457 գրության համաձայն՝ ▪▪▪▪▪▪▪▪14 ավտոտնակի նորմատիվային պահանջները չեն համապատասխանում հասարակական նշանակության օբյեկտների համար նախատեսված նորմատիվային պահանջներին՝ Վերաքննիչ դատարանը նկատում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.11.2018թ. թիվ 18-08/1-Խ-2457 գրությունը ժամանակագրական առումով նախորդել է Հրաչյա Խոսրովյանի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստանալու նպատակով 17.06.2020թ. հայտը ներկայացնելուն, ուստի և չի հանդիսանում այդ հայտի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում կազմված գրություն, որպիսի պարագայում դրանում առկա տեղեկությունները գնահատման ենթակա չեն սույն գործի շրջանակներում՝ ըստ այդմ, անհիմն համարելով բողոքաբերի նշված փաստարկը»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Հրաչյա Խոսրովյանի լիազորված անձ Ալբերտ Կանդալյանը Երևանի քաղաքապետին հասցեագրված 17.06.2020 թվականի հայտով խնդրել է ▪▪▪▪▪▪▪▪15 ավտոտնակ հասցեի հողամասում գտնվող ավտոտնակի հասարակական նշանակության օբյեկտի վերակառուցման նպատակով տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետին հասցեագրված 17.06.2020 թվականի հայտով Հրաչյա Խոսրովյանը հայցել է գործողության կատարում, այն է՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը 25.06.2020 թվականի թիվ 18-08/2-Կ-1989 պատասխան գրությամբ հայտնել է, որ ներկայումս ավտոտնակների վերակառուցման և վերնահարկի իրականացման նախագծման թույլտվություն ստանալու հարցեր չեն դիտարկվում։ Այսինքն՝ վարչական մարմինը մերժել է հայցվող գործողության կատարումը։
Հրաչյա Խոսրովյանը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել սույն վարչական գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցադիմումը, որում վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Պարտավորեցման հայցը» վերտառությամբ 67-րդ հոդվածը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ ▪▪▪▪▪▪▪▪16 ավտոտնակի վերակառուցման և վերնահարկի իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասով (նախագծման թույլտվություն) (հատոր 1-ին, գ.թ. 6)։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները: (...)
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է (տե՛ս, Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3331/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով նշված դատավարական սկզբունքի էությանը և բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն՝ դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, այն դեպքում, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները՝ առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում նշել է, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Հրաչյա Խոսրովյանը ներկայացրել է պարտավորեցման հայց, սակայն Դատարանը չի կատարել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու իր պարտականությունը, արդյունքում գործի քննությունն իրականացվել է սխալ հայցատեսակի շրջանակներում։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Դատարանի բողոքարկվող վճռից հետևում է, որ սույն գործի քննությունն իրականացվել է ոչ թե պարտավորեցման հայցի, այլ գործողության կատարման հայցի շրջանակներում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումն այն մասին, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինս, իրացնելով իր սուբյեկտիվ իրավունքը, սույն գործով ներկայացրել է պարտավորեցման հայց, ու թեև Դատարանն իր դատական ակտում չի վկայակոչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածը, այդուհանդերձ պարտավորեցման հայցը գործողության կատարման հայցով փոխարինելու առաջարկ Դատարանի կողմից հայցվորին ներկայացված լինելու կամ հայցվորի կողմից սեփական նախաձեռնությամբ պարտավորեցման հայցը գործողության կատարման հայցով փոխարինելու միջնորդություն ներկայացված լինելու ապացույցների բացակայության պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ քննության առարկա է հանդիսացել հենց պարտավորեցման հայցը, հետևաբար հիմնազուրկ է սույն գործի քննությունը գործողության կատարման հայցի շրջանակներում իրականացնելու Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու մատնանշման պարտականությունը չկատարելու հետևանքով սույն գործի քննությունն իրականացվել է ոչ ճիշտ հայցատեսակով, ինչի պատճառով չի ապահովվել արդյունավետ դատաքննությունը, քանի որ միայն ճիշտ հայցատեսակով գործի քննության արդյունքում է հնարավոր բացահայտել, թե արդյո՞ք առկա են օրենսդրական անհրաժեշտ նախադրյալները հայցվորի կողմից ակնկալվող գործողության կատարումը վարչական մարմնին պարտադրելու համար և արդյո՞ք այդ գործողության կատարման միջոցով հնարավոր է ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ վերացնել այդ իրավունքների իրականացման խոչընդոտները:
Վերը նշված հարցերը ստորադաս դատարանների կողմից չեն պարզվել, ինչի հետևանքով, ըստ էության, վիճելի է մնացել գործի լուծման համար որոշիչ նշանակություն ունեցող այն փաստակազմը, որ հայցվող գործողությունը կատարելու, այն է՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող ▪▪▪▪▪▪▪▪17 հասցեի հողամասում գտնվող բնակելի նշանակության ունեցող ավտոտնակի վերակառուցման և վերնահարկի իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) տրամադրելուն պատասխանողին պարտավորեցնելու համար բոլոր անհրաժեշտ նախադրյալներն առկա են։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.02.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
_________________________
1 Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
3 Հանդիսանում է անձնական տվյալ
4 Հանդիսանում է անձնական տվյալ
5 Հանդիսանում է անձնական տվյալ
6 Հանդիսանում է անձնական տվյալ
7 Հանդիսանում է անձնական տվյալ
8 Հանդիսանում է անձնական տվյալ
9 Հանդիսանում է անձնական տվյալ
10 Հանդիսանում է անձնական տվյալ
11 Հանդիսանում է անձնական տվյալ
12 Հանդիսանում է անձնական տվյալ
13 Հանդիսանում է անձնական տվյալ
14 Հանդիսանում է անձնական տվյալ
15 Հանդիսանում է անձնական տվյալ
16 Հանդիսանում է անձնական տվյալ
17 Հանդիսանում է անձնական տվյալ
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ռ. հակոբյան Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական: