ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Երևան |
28 հուլիսի 2026 թվականի |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. |
||||
|
դատավորներ՝ |
Արման Դիլանյանի (նախագահող), | |||
|
Արտակ Զեյնալյանի, | ||||
|
Դավիթ Խաչատուրյանի, | ||||
|
Երվանդ Խունդկարյանի, | ||||
|
Էդգար Շաթիրյանի, | ||||
|
Սեդա Սաֆարյանի, | ||||
|
Վլադիմիր Վարդանյանի (զեկուցող), | ||||
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | ||||
|
դիմողի՝ ներկայացուցիչ՝ |
Կառավարության (այսուհետ նաև՝ Դիմող) Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի, | |||
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
Կառավարության՝ 2026 թվականի մարտի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի հոկտեմբերի 10-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով վերոնշյալ պայմանագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Դուշանբեում՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների (այսուհետ՝ Կողմեր) իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման (այսուհետ՝ ՄՎՄ) կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու նպատակով:
2. Պայմանագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կողմից:
3. Կառավարությունն իր` 2026 թվականի մարտի 26-ի N 337-Ա որոշմամբ հավանություն է տվել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
4. Սահմանադրական դատարանի 2026 թվականի ապրիլի 14-ի ՍԴԱՈ-56 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, որոշվել է գործի դատաքննությունն սկսել 2026 թվականի մայիսի 26-ին, գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Վարդանյանին և գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
5. Հաշվի առնելով գործով զեկուցողի առաջարկությունն առ այն, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես՝ անհրաժեշտություն է առաջացել սույն պայմանագրի ճշգրտված պաշտոնական տեքստը ստանալու և լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, Սահմանադրական դատարանի 2026 թվականի մայիսի 26-ի ՍԴԱՈ-88 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է՝ մինչև կասեցման հիմքերի վերանալը:
6. 2026 թվականի հունիսի 17-ին Դիմողը Սահմանադրական դատարան է ներկայացրել Պայմանագրի հայերեն պաշտոնական տեքստի լրամշակված տարբերակը, սակայն դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ոչ բոլոր խնդիրներն են շտկվել ներկայացված պաշտոնական տեքստում, ինչից հետո զեկուցող դատավորի 2026 թվականի հունիսի 24-ի ՍԴԴ-28 գրությամբ պահանջվել է և Դիմողի ներկայացուցչի 2026 թվականի հունիսի 29-ի գրությամբ ներկայացվել է Պայմանագրի հայերեն պաշտոնական տեքստի լրամշակված տարբերակը:
7. Սահմանադրական դատարանն իր՝ 2026 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-162 աշխատակարգային որոշմամբ որոշել է վերսկսել սույն գործի վարույթը և դատաքննությունը նշանակել 2026 թվականի հուլիսի 28-ին` ժամը 11:00-ին:
8. Ուսումնասիրելով Պայմանագրի դրույթները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Պայմանագրի 3-րդ հոդվածը հռչակում է մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պահպանումը, ՄՎՄ-ին մասնակցող անձանց անվտանգության պաշտպանության ապահովումը, Կողմերի ազգային օրենսդրության պահպանումը, ՄՎՄ-ի իրականացման ընթացքում վերահսկելի օբյեկտի պահպանվածության և դրա նկատմամբ հսկողության ապահովումը, ինչպես նաև ՄՎՄ-ի կազմակերպման և իրականացման ընթացքում խորհրդապահության ապահովումը որպես Պայմանագրի հիմնական սկզբունքներ, իսկ Պայմանագրի 4-րդ հոդվածը սահմանում է ՄՎՄ-ների իրականացման ընթացքում իրավասու մարմինների հիմնական խնդիրները, այն է՝ հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, կանխարգելումը և բացահայտումը, ինչպես նաև դրանք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումն ու պարզումը, միջտարածաշրջանային, միջազգային հանցավոր կապերի, ուղիների և վերահսկելի օբյեկտների տեղափոխման երթուղիների հայտնաբերումը, մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների, հասարակության, ազգային անվտանգության, պետության համար սպառնալիք առաջացնող իրադարձությունների կամ գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, հանցավորության դեմ պայքարի հարցում աջակցությունը՝ միջազգային պայմանագրերին համապատասխան։
9. Վերլուծելով Պայմանագրի հիմնական սկզբունքները և Պայմանագրով ամրագրված ՄՎՄ-ների իրականացման ընթացքում իրավասու մարմինների հիմնական խնդիրները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Պայմանագրում ամրագրված պարտավորությունների ծավալն ու բովանդակությունը պետք է գնահատվեն և մեկնաբանվեն նշված սկզբունքների և մատնանշված խնդիրների համակարգային համադրության լույսի ներքո:
10. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
10.1. Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի Կողմերի հետ փոխհարաբերություններում միջազգային վերահսկելի մատակարարումը դիտարկել իբրև օպերատիվ-հետախուզական միջոցառում, այն է՝ Կողմերի իրավասու մարմինների կողմից վերահսկվող՝ Կողմերի տարածքով վերահսկելի օբյեկտների տեղափոխում՝ հանցագործությունները հայտնաբերելու, դրանք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց պարզելու, մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների և հասարակության, ազգային անվտանգության, պետության համար սպառնալիք առաջացնող իրադարձությունների կամ գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով (հոդված 1),
10.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանել Պայմանագրի իրագործման համար պատասխանատու իրավասու մարմինների ցանկը և այն ուղարկել ավանդապահին` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ, իսկ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների փոփոխությունների դեպքում՝ այդ մասին մեկ ամսվա ընթացքում ծանուցել ավանդապահին (հոդված 2, կետ 2),
10.3. ապահովել, որ ՄՎՄ-ի իրականացման ժամանակ ՀՀ իրավասու մարմինների փոխգործակցությունը մյուս Կողմերի իրավասու մարմինների հետ իրականացվի Պայմանագրին համապատասխան, իսկ Պայմանագրով, ինչպես նաև ՀՀ և մյուս Կողմերի միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվող միջազգային պայմանագրերով չկարգավորվող հարցերը լուծվեն ՀՀ և համապատասխան շահագրգիռ Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան (հոդված 2, կետ 3),
10.4. ապահովել, որ ՄՎՄ-ի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվող հարցումը պարունակի Պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, ստորագրված լինի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից, հավաստվի ՀՀ զինանշանի պատկերով կնիքով և ուղարկվի գրավոր, այդ թվում՝ տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ (հոդված 7, կետեր 2 և 3),
10.5. որպես տարանցման պետություն ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը.
10.5.1. օպերատիվ կերպով տեղեկացնի ուղարկման պետության և նշանակման պետության իրավասու մարմիններին վերահսկելի օբյեկտի տարանցիկ ընդունման փաստի, դրա տեղափոխման և ուղեկցման երթուղու, պաշտպանության լրացուցիչ միջոցներ կիրառելու մասին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կազմակերպի և անցկացնի լռելյայն հսկողության օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների (համալիր) համակցություն՝ փաստաթղթավորման տեխնիկական միջոցների կիրառմամբ (հոդված 8, կետ 1, ենթակետ «ա»),
10.5.2. շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ապահովի վերահսկելի օբյեկտի անվտանգ տեղափոխումը երթուղով (հոդված 8, կետ 1, ենթակետ «բ»),
10.5.3. ՄՎՄ-ին Կողմի իրավասու մարմնի աշխատակցի կամ Կողմի իրավասու մարմիններին խորհրդապահական աջակցություն ցուցաբերող անձի մասնակցության դեպքում ձեռնարկի վերջիններիս անվտանգության, աջակցության խորհրդապահության, միջոցառման կոնսպիրատիվության ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ (հոդված 8, կետ 1, ենթակետ «գ», հոդված 5-ի «գ» և «դ» կետերի համադրությամբ),
10.5.4. Պայմանագրի 9-րդ հոդվածով նախատեսված ՄՎՄ-ի դադարեցման հիմքերից մեկի առկայության դեպքում ուղարկման և նշանակման պետության իրավասու մարմիններին անհապաղ ծանուցի ՄՎՄ-ի դադարեցման մասին (հոդված 8, կետ 1, ենթակետ «դ»),
10.6. որպես նշանակման պետություն՝ ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը.
10.6.1. օպերատիվ կերպով տեղեկացնի ուղարկման պետության և տարանցման պետության իրավասու մարմիններին վերահսկելի օբյեկտի ընդունման և ուղեկցման փաստի, ինչպես նաև պաշտպանության լրացուցիչ միջոցների կիրառման մասին (հոդված 8, կետ 2, ենթակետ «ա»),
10.6.2. կազմակերպի և անցկացնի օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների (համալիր) համակցություն՝ ուղղված վերահսկելի օբյեկտի տեղափոխման և հանցավոր գործունեությանն առնչություն ունեցող անձանց նկատմամբ լռելյայն հսկողությանը (հոդված 8, կետ 2, ենթակետ «բ»),
10.6.3. ՄՎՄ-ին Կողմի իրավասու մարմնի աշխատակցի կամ Կողմի իրավասու մարմիններին խորհրդապահական աջակցություն ցուցաբերող անձի մասնակցության դեպքում ամբողջ ծավալով ապահովի նշված անձանց անվտանգությունը, աջակցության խորհրդապահությունը, կոնսպիրատիվությունը, միջոցառումից նշված անձանց անվտանգ դուրսբերումը՝ առանց վտանգելու նրանց կյանքն ու առողջությունը (հոդված 8, կետ 2, ենթակետ «գ», հոդված 5-ի «գ» և «դ» կետերի համադրությամբ),
10.6.4. պարզի հանցավոր խմբի անդամների (մատակարարման կազմակերպիչների, առաքիչների, բեռն ստացողների) ինքնությունը, Հայաստանի Հանրապետությունում իրականացնի նրանց ձերբակալումը և վերահսկելի օբյեկտի առգրավումը (հոդված 8, կետ 2, ենթակետ «դ»),
10.6.5. ՄՎՄ-ի հետ կապված դատավարական որոշումների ընդունման մասին ժամանակին ծանուցի ուղարկման պետության և տարանցման պետության իրավասու մարմիններին (հոդված 8, կետ 2, ենթակետ «ե»),
10.6.6. Պայմանագրի 9-րդ հոդվածով նախատեսված ՄՎՄ-ի դադարեցման հիմքերից մեկի առկայության դեպքում ուղարկման պետության և տարանցման պետության իրավասու մարմիններին անհապաղ ծանուցի ՄՎՄ-ի դադարեցման մասին (հոդված 8, կետ 2, ենթակետ «զ»),
10.7. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները ՄՎՄ-ի արդյունքները ձևակերպեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմերի կողմից այլ բան չի համաձայնեցվել (հոդված 10, կետ 2),
10.8. որպես տարանցման կամ նշանակման պետություն` երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն ապահովեն որպես հանցագործության կատարման միջոց օգտագործվող, այդ թվում՝ քրեական գործերով իրեղեն ապացույցներ հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձն ուղարկման պետություն ՄՎՄ-ի դադարեցումից հետո՝ ուղարկման պետության հաշվին, եթե Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմերի կողմից այլ բան չի համաձայնեցվել (հոդված 12),
10.9. որպես տարանցման կամ նշանակման պետություն` ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները, ըստ Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմերի նախնական պայմանավորվածության, ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ ՄՎՄ-ի իրականացման ժամանակ օգտագործվող՝ տեղեկատվության լռելյայն ստացման (արձանագրման) միջոցները Հայաստանի Հանրապետություն անարգել ներմուծելու և արտահանելու, ինչպես նաև դրա ավարտից հետո դրանք ՄՎՄ-ի նախաձեռնողին վերադարձնելու համար (հոդված 13),
10.10. ինքնուրույն կրել Պայմանագրի իրականացման ընթացքում առաջացող ծախսերը, եթե Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմերի կողմից այլ կարգ չի համաձայնեցվում (հոդված 15)։
11. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Նախագահող` |
Ա. Դիլանյան |
|
28 հուլիսի 2026 թվականի ՍԴՈ-1837 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2026 թվական: