ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» 2026 թվականի մարտի 25-ի ՀՕ-123-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների առողջության պաշտպանության ծրագիրը․».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) հաստատում է թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման՝ բռնման, ստերջացման, պատվաստման և նույն տարածք վերադարձման ծրագիրը.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված, կենդանիների որդեգրման խրախուսման, թափառող կենդանիների խնամքի ժամանակակից և մարդասիրական մեթոդների ներդրման, ինչպես նաև մարդկանց և կենդանիների համակեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության և հանրային բարեկեցության վերաբերյալ հանրային կրթական ծրագիրը։»։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 5. |
Պետական կառավարման լիազոր մարմինների լիազորությունները |
1. Կառավարությունը սահմանում է պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների այն ցանկը, որոնց լիազորությունների շրջանակը ներառում է՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
2) կացարանների կառուցման և շահագործման պահանջների մշակումը.
3) այն համայնքների ցանկը, որոնց տարածքում պետք է կառուցվեն թափառող կենդանիների համար նախատեսված կացարաններ և հարակից ենթակառուցվածքներ (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան և այլն).
4) իրենց իրավասության սահմանում միջազգային համագործակցության իրականացումը.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների առողջության պաշտպանության ծրագրի մշակումը.
6) Հայաստանի Հանրապետության տարածքում թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման՝ բռնման, ստերջացման, պատվաստման և նույն տարածք վերադարձման ծրագրի մշակումը.
7) Հայաստանի Հանրապետության տարածքում (ներառյալ կացարաններում պահվող) տնային և թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման և խնամքին ներկայացվող կարգի մշակումը.
8) տնային կենդանիների անասնաբուժական անձնագրի ձևը, այն լրացնելու և տրամադրելու, միկրոսխեմաներ, պիտակներ տեղադրելու, դաջվածքներ դնելու, շներ, կատուներ պահողների նույնականացման համար անհրաժեշտ տվյալները կենտրոնացված առցանց բազայում ներառելու և տեղեկատվական առցանց էլեկտրոնային համակարգի վարման կարգի հաստատումը.
9) կացարաններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ծրագրի մշակումը.
10) կենսագործունեությանը (կյանքին) սպառնացող վտանգավոր իրավիճակներում (արտակարգ իրավիճակներում) հայտնված կենդանիների փրկության հետ կապված գործառույթների իրականացումը.
11) կացարաններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգի մշակումը, պայմանների, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջների, լիազորությունների ժամկետի, խմբի անդամների թվի, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմի և իրավասությունների շրջանակի սահմանումը.
12) կացարանների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու կարգի սահմանումը.
13) տնային և թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված, կենդանիների խնամքի ժամանակակից և մարդասիրական մեթոդների, ինչպես նաև մարդկանց և կենդանիների համակեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության և հանրային բարեկեցության վերաբերյալ պետական կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը.
14) տնային և թափառող կենդանիների հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի կազմակերպումը.
15) Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված, կենդանիների որդեգրման խրախուսման, թափառող կենդանիների խնամքի ժամանակակից և մարդասիրական մեթոդների ներդրման, ինչպես նաև մարդկանց և կենդանիների համակեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության և հանրային բարեկեցության վերաբերյալ հանրային կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 7. | Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի պահանջների կատարման հանրային վերահսկողությունը |
1․ Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողությունը կարող է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիների կողմից՝ կամավոր սկզբունքով։
2․ Կենդանիների պաշտպանությունը կամ հանրային առողջապահությունը որպես կանոնադրական նպատակ սահմանած հասարակական կազմակերպությունները, որոնք վերոնշյալ ոլորտներում ունեն առնվազն երկու տարվա գործունեության փորձ, կարող են իրականացնել հասարակական մշտադիտարկում կացարանների գործունեության նկատմամբ` անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով (ռոտացիոն սկզբունքով)։
3․ Սույն հոդվածի իմաստով` հասարակական մշտադիտարկումը ներառում է կացարանների կողմից խնամքի տրամադրման օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափորոշիչների, կարգի, պայմանների պահպանման, ինչպես նաև սույն օրենքով սահմանված պահանջների ապահովման նկատմամբ մշտադիտարկման գործառույթները։»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 9. | Կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները |
1. Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝
1) ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան.
2) կենդանուն խեղդելը, կախելը, մասնատելը, ուժեղ հարվածելը, մտրակելը, կենդանու նկատմամբ զենք կիրառելը, դիտավորությամբ վրաերթի ենթարկելը, եթե նույնիսկ այդ գործողությունները չեն հանգեցրել կենդանու կյանքի ընդհատման.
3) կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան և ցավոտ մահվան.
4) կենդանի վիճակում կենդանու մաշկահանումը, մորթազերծումը, հերձումը կամ անդամահատումը.
5) կենդանի վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցներից նետելը.
6) բոլոր տեսակի կենդանիների մարտերի կազմակերպումը, իրականացումը և մասնակցությունը.
7) թափառող կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը.
8) տիրոջ կողմից կենդանուն կանխամտածված կամ անփութորեն հյուծելը՝ քաղցի մատնելու միջոցով.
9) գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով կենդանիների քնեցում կամ սպանդ իրականացնելը.
10) վիրաբուժական միջամտության իրականացումն առանց անզգայացման կամ ոչ համապատասխան չափաբաժնով անզգայացմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ, կենդանու տարիքից, ֆիզիկական և առողջական վիճակից ելնելով, կան անզգայացման հակացուցումներ, կամ վիրահատական միջամտությունը հրատապ է, իսկ անզգայացումը կյանքի համար ռիսկեր է պարունակում․
11) առանց «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված հիմքերի կենդանու քնեցումը.
12) առանց անզգայացման կամ ոչ համապատասխան չափաբաժնով անզգայացմամբ կենդանու քնեցումը.
13) կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում:
2. Պատասխանատվություն չեն առաջացնում կենդանուն մտրակելը, քարով, ոտքով հարվածելը, կենդանու նկատմամբ էլեկտրաշոկ, գազային բալոն կիրառելը, եթե այդ արարքները կենդանու կողմից մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության կամ այլ անձանց պաշտպանության նպատակով են կատարվել։
3. Արգելվում է նաև՝
1) կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչև կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը.
2) կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը.
3) կենդանիներ բուծելը կացարաններում.
4) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.
5) կենդանիների այնպիսի վարժեցումը, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն, ինչպես նաև այնպիսի հարմարանքների կիրառումը, որոնք ինքնին, անգամ առանց մարդու միջամտության, կարող են տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն կամ վնասակար ազդեցություն ունենալ կենդանու անատոմիական և ֆիզիոլոգիական կարողությունների վրա.
6) առանց կենդանիների անատոմիական և ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու դրանց ֆիզիկական ճնշումների ենթարկելը.
7) անհրաժեշտ որակավորում և մասնագիտական կրթություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժման և վիրահատական միջամտությունների իրականացումը, բացառությամբ կենդանուն առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև անասնաբույժի կողմից նշանակված բուժումը ամբուլատոր պայմաններում և ոչ հանրային տարածքներում իրականացնելու դեպքերի.
8) ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանիների առողջությունը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական կամ անասնաբուժական հիմնավորում ունեն կամ թույլատրված փորձարկման շրջանակում կատարվելիք բուժում են հանդիսանում.
9) սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութերի կիրառումը.
10) բնական կամ արհեստական սերմնավորումը, որը կենդանիների առողջության համար վտանգավոր է.
11) կենդանիներին կերակրումն այնպիսի կերատեսակներով, որոնք պարունակում են վնասակար նյութեր կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար.
12) տարբեր տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների բնակեցումը, որոնց միջև առաջանում է ագրեսիվություն, հարձակում կամ պայքար.
13) տնային կենդանիների բուծումը կամ պահումը մսի կամ մորթու արտադրության նպատակով.
14) կենդանիների օգտագործումը զվարճանքի նպատակով այնպիսի ձևերով, որոնք առաջացնում են սթրես կամ բնական վարքի խաթարում:»։
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 10. | Տնային կենդանիների պահման պահանջները |
1. Տնային կենդանի պահողը՝ կախված կենդանու տեսակից, տարիքից և ցեղատեսակից, պարտավոր է կենդանու համար ապահովել Կառավարության սահմանած՝ պահմանը և խնամքին ներկայացվող պահանջների կարգերով նախատեսված պահանջների կատարումը, որոնք ներառում են առնվազն հետևյալ պարտադիր պայմանները․
1) տեղակայման և տեղաշարժման համար անհրաժեշտ տարածքը, ազատությունը և պայմանները.
2) կերի և ջրի բավարար քանակը.
3) կերակրման և խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորությունը․
4) կերակրվելու և խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու դրանց աղտոտումը և նվազեցնելու կենդանիների միջև ագրեսիվ մրցակցությունը․
5) կենսագործունեության համապատասխան միկրոկլիման.
6) կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների պարտադիր կանխարգելումը և բուժումը, հիվանդության կամ վնասվածքի դեպքում՝ անասնաբույժի օգնությանը դիմելը․
7) միջոցառումների ձեռնարկումը՝ ուղղված մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարում ներքին և արտաքին մակաբույծների նկատմամբ կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների և օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանը․
8) կենդանիների կողմից հասարակական վայրերի և շինությունների ընդհանուր օգտագործման տարածքների (վերելակների) աղտոտման դեպքում դրանց մաքրման ապահովումը․
9) հնարավոր նվազագույն միջոցների ձեռնարկումը կենդանիների՝ բարձրություններից ընկնելը կանխելու համար․
10) կենդանուն կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել, որ կապի երկարությունը լինի նվազագույնը երեք մետր․
11) մարդկանց կամ գույքը չվնասելու միջոցառումների ձեռնարկումը․
12) կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումների ձեռնարկումը․
13) վերահսկողություն իրականացնելիս իրավասու մարմիններին չխոչընդոտելը և անհրաժեշտության դեպքում տիրապետման տակ գտնվող կենդանուն կամ պահանջվող տեղեկատվությունը ներկայացնելը:
2. Տնային կենդանի պահելու համար կենդանի պահողը պարտավոր է հաշվառել կենդանուն տեղական ինքնակառավարման մարմիններում՝ հաշվառման կարգի համաձայն։
3. Տնային շուն պահողը պարտավոր է նաև՝
1) կենդանուն ձեռք բերելիս իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ Կառավարության սահմանած կարգով կենդանու անձնագիր ստանալու և կենդանու վրա միկրոսխեմա տեղադրելու նպատակով: Տնային և թափառող շների նույնականացման գործընթացում առաջնային պետք է լինի կենդանու անհատական տվյալներ պարունակող միկրոսխեմայի միջոցով պետական լիազոր մարմնի կողմից կառավարվող տվյալների բազայում կենդանու վերաբերյալ տվյալների արագ և անխոչընդոտ նույնականացումը: Միկրոսխեմայի միջոցով պետք է հնարավոր լինի նույնականացնել կենդանի պահողին: Կենդանի պահողի նույնականացման անհնարինության պարագայում կենդանուն տեղավորում են կացարանում․
2) կենդանուն ձեռք բերելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջների ապահովման նպատակով․
3) ցուցահանդեսներին, մրցույթներին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ կենդանիների անձնագրերը․
4) ապահովել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները և այլ անհրաժեշտ միջոցառումներ․
5) կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել ապաստարան և ազատ տեղաշարժման տարածք․
6) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք․
7) քաղաքային տրանսպորտով շների տեղափոխումը կազմակերպել միայն դնչկալի և առնվազն մեկ մետր կարճեցված կապի առկայությամբ, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների և փոքր խառնածին շների․
8) ճանապարհը կամ երթևեկելի մասն անցնելիս, ինչպես նաև մայրուղիների մոտ ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել առնվազն մեկ մետր կարճեցված կապով․
9) պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը կազմակերպել դնչկալով և առնվազն մեկ մետր կարճեցված կապով ցանկացած հանրային վայրում․
10) բացառել պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնների/կազմակերպությունների տարածքներում, հասարակական տրանսպորտում․
11) շան կորելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնել դրա մասին և պատկան մարմինների ուղղորդմամբ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ։
4. Շներ պահողներն իրավունք ունեն դրանց ազատ արձակելու միայն իրենց սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում, մեկուսացված շինություններում, շների համար նախատեսված համայնքային կամ մասնավոր զբոսայգիներում:
5. Երեքից ավելի կենդանի պահելու համար կենդանի պահողը պետք է թույլտվություն ստանա տեղական ինքնակառավարման մարմնից:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 11. | Թափառող կենդանիների բռնման, ստերջացման, պատվաստման և նույն տարածք վերադարձման գործընթացում պատասխանատու վերաբերմունքի պահանջները». |
2) 3-րդ մասը «կենդանին բաց է թողնվում» բառերից հետո լրացնել «նույն տարածք, որտեղից բռնվել է» բառերով.
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Թափառող կենդանիների բռնումը սպանելու նպատակով արգելվում է:»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կացարաններում կենդանի պահողի կողմից ժամանակավոր պահման հանձնված կենդանիների նկատմամբ անասնաբուժական միջոցառումները և ստերջացումն իրականացվում են բացառապես կենդանի պահողի դիմումի համաձայն, բացառությամբ անհետաձգելի բուժօգնության միջոցառումների:»:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Կացարանները պարտավոր են ներկայացնել հրապարակային հաշվետվություն լիազոր մարմնի սահմանած կարգով, որը պետք է ներառի կենդանու նկարը, սեռը, տարիքը (մոտավոր), ինչ առողջական խնդիրներով է հայտնվել կացարանում, ինչ անասնաբուժական միջամտություններ են կատարել կացարան հայտնվելուց հետո, անասնաբուժական անամնեզի պատմությունը, ինչ դեղամիջոցներով ինչ բուժում է ստացել կամ ստանում, պիտակի համարը, որտեղից է բռնվել և որտեղ է բաց թողնվել:»:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-359-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: