ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազդարարման համակարգի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «կազմակերպությունների» բառը փոխարինել «պետական և հանրային նշանակության, ինչպես նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ հարաբերությունների մեջ կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.
2) ազդարարում՝ ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և հանրային նշանակության կազմակերպություններում, ինչպես նաև մասնավոր ոլորտի կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու մարմին.
3) ներքին ազդարարում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և հանրային նշանակության կազմակերպություններում, ինչպես նաև մասնավոր ոլորտի կազմակերպություններում ազդարարելը․
4) արտաքին ազդարարում՝ արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարելը․
5) ազդարարում հանրությանը՝ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակման միջոցով ազդարարելը․
6) ազդարարի հետ փոխկապակցված անձինք՝ ազդարարի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.
7) իրավասու մարմին՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերում թվարկված մարմիններ կամ մարմինների ղեկավարի լիազորած անձինք, որոնք սույն օրենքով սահմանված կարգով պարտավոր են ընթացք տալ ազդարարմանը.
8) մասնավոր ոլորտի կազմակերպություն՝ կազմակերպություն, որի նախորդ տարվա աշխատողների միջին տարեկան թիվը գերազանցել է 50-ը (աշխատողների միջին տարեկան թիվը հաշվարկվում է նախորդ օրացուցային տարվա յուրաքանչյուր ամբողջական ամսվա վերջին օրվա դրությամբ՝ աշխատողների թվի հանրագումարը հարաբերելով ամբողջական ամիսների թվի վրա)․
9) հանրային նշանակության կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված կազմակերպություններ, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում․
10) վնասակար գործողություն՝ գործողություն կամ անգործություն, որով ազդարարման համար ազդարարին կամ նրա հետ փոխկապակցված անձին հասցվում է վնաս՝ լուծելով աշխատանքային պայմանագիրը կամ նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ նրա հաստիքը կրճատելով կամ նրան աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնելով կամ նրա աշխատանքային գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտելով կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառումը մերժելով կամ նրա աշխատավարձը կամ պարգևավճարները կրճատելով կամ նրա գույքին վնաս պատճառելով կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ կիրառելով.
11) կոռուպցիոն բնույթի դեպքեր՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքներ.
12) հանրային շահերին ուղղված այլ վնաս՝ հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության միջոցների կամ գույքի վատնում, ինչպես նաև այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին։»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «կոռուպցիոն բնույթի» բառերից հետո լրացնել «, փողերի լվացման, ահաբեկչական գործունեության ֆինանսավորման» բառերով։
Հոդված 4. Օրենքի 2-րդ գլխի վերնագրից հանել «ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ» բառերը։
Հոդված 5․ Օրենքի 4-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․ Ներքին, արտաքին և հանրությանն ազդարարումն իրականացվում է սույն օրենքի 3-4․1-ին գլուխներով սահմանված կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․
«1.1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում թվարկված մարմիններն ստեղծում են ներքին ազդարարման ընթացակարգեր՝ ապահովելով ազդարարի գաղտնիության պահպանումը և ազդարարումների պատշաճ քննությունը։».
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ Ներքին և արտաքին ազդարարման դեպքերի հաշվառման, ձևակերպման օրինակելի ձևը, ներքին և արտաքին ազդարարման ընթացակարգերը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
4) 3-րդ մասի «դեպքում հաղորդումների» բառերը փոխարինել «դեպքերի» բառով, իսկ «ձևակերպման,» բառից հետո լրացնել «ներքին և արտաքին ազդարարման ընթացակարգերի,» բառերով:
Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ներքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարի վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին ազդարարելով։
2. Ազդարարի անմիջական ղեկավարի վերադասը կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձը ազդարարումն ստանալուց հետո պարտավոր է այն անհապաղ փոխանցել իրավասու մարմնի ղեկավարին կամ նրա լիազորած անձին:».
2) 3-րդ մասի՝
ա. 1-ին և 2-րդ կետերի «հաղորդման» բառը փոխարինել «ազդարարման» բառով,
բ. 2-րդ կետը «հարուցումը» բառից հետո լրացնել «՝ վարույթի ընթացքում ողջամիտ պարբերականությամբ տեղեկացնելով դրա ընթացքի մասին» բառերով,
գ. 4-րդ և 5-րդ կետերի «հաղորդման» բառը փոխարինել «ստացված տեղեկությունների» բառերով.
3) 7-րդ և 8-րդ մասերի «հաղորդում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ազդարարում» բառով։
Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 7. | Արտաքին ազդարարումը և արտաքին ազդարարման վարույթը |
1. Արտաքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից նախարարություն միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով տվյալներ ներկայացնելու կամ անանուն եղանակով ազդարարելով:
2. Այն դեպքում, երբ արտաքին ազդարարումը ներկայացվել է այլ մարմին կամ պաշտոնատար անձին, տվյալ մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է տեղեկացնել ազդարարումը ներկայացրած անձին արտաքին ազդարարումը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնելու անհրաժեշտության մասին և ապահովել համապատասխան ուղղորդումը։
3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված կոռուպցիոն բնույթի դեպքի, փողերի լվացման և ահաբեկչական գործունեության ֆինանսավորման վերաբերյալ, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումների վերաբերյալ ազդարարումների հաշվառումը, քննարկումը, իրենց իրավասության շրջանակներում միջոցների ձեռնարկումը, հիմքերի առկայության դեպքում՝ համապատասխան վարույթի հարուցումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը։
4. Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան հաղորդման շրջանակներում ամփոփում և հրապարակում է ազդարարման հետ կապված հաշվետվությունը և վիճակագրությունը։
5. Նախարարությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից չհաշվառված ազդարարումները և դրանք վերահասցեագրում է ըստ իրավասության օրենքով սահմանված կարգով հաշվառելու կամ համապատասխան վարույթ հարուցելու նպատակով։
6․ Հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված ազդարարումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, եթե ազդարարմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ազդարարումն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այն վերահասցեագրում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:
8. Վարույթ իրականացնող մարմինը՝
1) ապահովում է ազդարարման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում ազդարարման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.
3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.
4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ստացված տեղեկությունների իսկությունն ստուգելու նպատակով.
5) իր իրավասության շրջանակներում ստացված տեղեկությունների իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.
7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
10. Արտաքին ազդարարում չի համարվում նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:
11. Արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որն ընդունվելու պահից եռօրյա ժամկետում ծանուցվում է ազդարարին:
12․ Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:
13. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով ազդարարումը ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմինը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:
14․ Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:
15. Վարույթն իրականացնող մարմինն ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով իրեն հասանելի և իր իրավասությանն առնչվող ազդարարումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:
16. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «դեպքի» բառից հետո լրացնել «կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման» բառերով.
2) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի» բառերը փոխարինել «նախարարության» բառով.
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․ Միասնական էլեկտրոնային հարթակն ապահովում է հասանելիություն նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Մարդու իրավունքների պաշտպանին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:».
4) 5-րդ մասի «հաղորդմանն» բառը փոխարինել «ազդարարմանն» բառով.
5) 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով։
Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 11․ Օրենքի 9․1-ին հոդվածում`
1) վերնագրի «ազդարարման հաղորդումների» բառերը փոխարինել «ազդարարումների» բառով.
2) 1-ին մասի «հաղորդումների» բառը փոխարինել «ազդարարումների» բառով.
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վիճակագրության մեջ պետք է զետեղված լինեն ազդարարման վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ հետևյալ տողերի՝ ներքին, արտաքին և հանրությանը ներկայացված:»։
Հոդված 12․ Օրենքի 9․2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հաղորդումը» բառը փոխարինել «ազդարարումը» բառով.
2) 2-րդ և 9-րդ մասերի «հաղորդում» բառը փոխարինել «ազդարարում» բառով.
3) 4-րդ մասի «հաղորդումների» բառը փոխարինել «ազդարարումների» բառով.
4) 5-րդ մասի՝
ա. 1-ին և 2-րդ կետերի «հաղորդման» բառը փոխարինել «ազդարարման» բառով,
բ. 4-րդ և 5-րդ կետերի «հաղորդման» բառը փոխարինել «ստացված տեղեկությունների» բառերով:
Հոդված 13. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Ազդարարը կարող է հատուկ պաշտպանություն ստանալու համար դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, որը պարտավոր է անհապաղ քննարկել դիմումը և անհրաժեշտության դեպքում դիմել Ոստիկանություն՝ ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու համար:»։
Հոդված 14. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «հաղորդում» բառը փոխարինել «ազդարարում» բառով։
Հոդված 15. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր, և նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է:».
2) 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 16.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մասնավոր ոլորտի կազմակերպությունների համար նախատեսված ներքին ազդարարման վերաբերյալ կարգավորումները մինչև 2028 թվականի հունվարի 1-ը տարածվում են մասնավոր ոլորտի այն կազմակերպությունների վրա, որոնց նախորդ տարվա աշխատողների միջին տարեկան թիվը գերազանցել է 250-ը:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-346-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: