ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 638-Լ
ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական լիազորված մարմնի և պետական մարմինների՝ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության համատեղ մշակման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
21.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 638-Լ որոշման |
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇԱԿՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական լիազորված մարմնի և պետական մարմինների՝ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության համատեղ մշակման կարգի հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգի նպատակն է՝
1) ապահովել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի ամբողջական և համակարգված նույնականացումը և գնահատումը.
2) սահմանել տեղեկատվության հոսքերի միասնական և համակարգված շրջանակ.
3) սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի կառավարման գործընթացի ինստիտուցիոնալ հիմքերը.
4) ապահովել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի ինտեգրումը մակրոֆիսկալ վերլուծության և բյուջետային գործընթացի մեջ։
3. Սույն կարգի իմաստով՝ ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) հարկաբյուջետային հատուկ ռիսկեր՝ գործոններ, որոնք կարող են հանգեցնել պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, ակտիվների կամ պարտավորությունների կանխատեսումներից շեղման՝ ներառյալ պետական և համայնքային մասնակցությամբ ընկերությունների գործունեության, պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) ծրագրերի, ինչպես նաև բյուջետային վարկերի և երաշխիքների հետ կապված ռիսկերը.
2) պետական լիազորված մարմին՝ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.
3) ռիսկի համար պատասխանատու մարմին՝ պետական մարմին, որը պատասխանատու է տվյալ ռիսկի նույնականացման, նախնական գնահատման և մշտադիտարկման համար.
4) տեղեկատվության ներկայացման ձևաչափ՝ սույն կարգով սահմանված աղյուսակներ, ցուցանիշներ և վերլուծական նկարագրություններ.
5) ՊՄԸ՝ պետական մասնակցությամբ ընկերություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1617-Ն որոշման սահմանման.
6) ՊՄԸ-ների տեղեկատվական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1617-Ն որոշման համաձայն՝ համակարգող մարմնի կողմից կառավարվող թվային հարթակ, որտեղ հավաքագրվում են ՊՄԸ ֆինանսական հաշվետվությունները.
7) ՊՄԸ կառավարող պետական մարմին՝ այն պետական մարմինը, ում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահվել են տվյալ ՊՄԸ բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման լիազորությունները.
8) հանրային ենթակառուցվածքների ոլորտում գործող համակարգաստեղծ նշանակություն ունեցող մասնավոր ընկերություն՝ մասնավոր ընկերություն, որը գործունեություն է իրականացնում տնտեսության և բնակչության բնականոն կենսագործունեության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, և որի գործունեության էական խափանումը, դադարեցումը կամ ֆինանսական անկայունությունը կարող է հանգեցնել զգալի բացասական տնտեսական, սոցիալական կամ հանրային հետևանքների, խաթարել կարևոր կենսական ծառայությունների անխափան մատուցումը կամ վտանգել երկրի տնտեսական և ֆինանսական կայունությունը։
ԳԼՈՒԽ 2. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Պետական լիազորված մարմինը՝
1) հանդիսանում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի կառավարման համակարգող մարմինը.
2) ապահովում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, համախմբման և վերլուծության գործընթացը.
3) սահմանում է տեղեկատվության ներկայացման ձևաչափերը և մեթոդաբանական պահանջները.
4) իրականացնում է ներկայացված տվյալների համադրություն, վերլուծություն և համախմբում.
5) պատրաստում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի հաշվետվությունները, այդ թվում` ներառելով դրանք միջնաժամկետ ծախսերի ծրագրում և կառավարության բյուջետային ուղերձում։
5. Յուրաքանչյուր պետական մարմին՝ N 1 ձևի համաձայն, իր իրավասության շրջանակում գտնվող՝ սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվության վերաբերյալ.
1) ապահովում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նույնականացումը, նախնական գնահատումը և մշտադիտարկումը.
2) հավաքագրում և ներկայացնում է պահանջվող տեղեկատվությունը՝ սույն կարգով սահմանված ձևաչափերով և ժամկետներում.
3) ապահովում է ներկայացվող տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը և հիմնավորվածությունը.
4) մասնակցում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի համատեղ վերլուծությանը։
ԳԼՈՒԽ 3. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
6. Տեղեկատվությունը ներառում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի հետևյալ հիմնական խմբերը՝
1) բյուջետային երաշխիքներ.
2) բյուջետային վարկեր.
3) պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերից, ինչպես նաև գնումները, սուբսիդիաները և դրամաշնորհները կարգավորող օրենսդրության շրջանակից դուրս պետության կամ համայնքների կողմից կնքված երկարաժամկետ պայմանագրերից բխող պարտավորություններ (բացառությամբ գնում չհանդիսացող ծախսերից).
4) պետական մասնակցությամբ ընկերություններից բխող հարկաբյուջետային հատուկ ռիսկեր, անհրաժեշտության դեպքում՝ համայնքային մասնակցությամբ ընկերություններից բխող հարկաբյուջետային հատուկ ռիսկեր.
5) հանրային ենթակառուցվածքների ոլորտում գործող համակարգաստեղծ նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունների կայունության ռիսկեր.
6) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված՝ պետության և համայնքների համար պայմանագրային պայմանական պարտավորություններից բխող ռիսկեր.
7) կարգավորվող սակագներից առաջացող հարկաբյուջետային ռիսկեր՝ ՊՄԳ ձևաչափով ծրագրերի շրջանակներում.
8) դատական վարույթների շրջանակում պետությանը կամ համայնքներին ներկայացվող պահանջների և փոխհատուցումների հետ կապված ռիսկեր.
9) շրջակա միջավայրի վատթարացման, բնապահպանական վերականգման պարտավորությունների հետ կապված ռիսկեր.
10) բնական և մարդածին աղետների ռիսկեր և համաճարակների հետ կապված ռիսկեր։
7. Տեղեկատվությունը ներկայացվում է աղյուսակների տեսքով՝ նախորդ ժամանակաշրջանի տվյալների համադրությամբ և կարճ վերլուծական նկարագրությամբ։
8. Յուրաքանչյուր ռիսկի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվությունը պետք է ներառի առնվազն՝
1) ռիսկի նկարագրությունը.
2) ռիսկի նյութականացման հիմնական գործոնները.
3) ռիսկի նյութականացման հավանականության գնահատումը (բարձր, միջին, ցածր սանդղակով).
4) ռիսկի հնարավոր ազդեցության գնահատումը (դրամական կամ ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսով), իսկ նման գնահատում իրականացնելու հնարավորության բացակայության դեպքում ներկայացվում է որակական նկարագրություն.
5) պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության բնույթը (եկամուտների կրճատում, ծախսերի ավելացում կամ այլ).
6) ռիսկի մեղմման միջոցառումները.
7) ռիսկի մշտադիտարկման հիմնական ցուցանիշները։
9. Յուրաքանչյուր ՊՄԸ վերաբերյալ ՊՄԸ կառավարման պետական մարմինը տրամադրում է նաև առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
1) ֆինանսական հաշվետվությունների փաթեթը (ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն` ժամանակաշրջանի վերջի դրությամբ, շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, դրամական հոսքերի մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, ծանոթագրություններ, որոնք բաղկացած են հաշվապահական հաշվառման քաղաքականության նշանակալի մասերի վերաբերյալ տեղեկատվությունից և այլ բացատրական տեղեկատվությունից, նախորդ ժամանակաշրջանի վերաբերյալ համադրելի տեղեկատվություն) և աուդիտորական եզրակացությունը (առկայության դեպքում), ընդ որում, ՊՄԸ-ների տեղեկատվական համակարգում հաշվետվությունների տրամադրումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, համարվում է սույն կարգի իմաստով տեղեկատվության տրամադրում.
2) ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարների գանձման դժվարությունների վերաբերյալ տեղեկատվություն.
3) բյուջետային վարկերի և երաշխիքների վերաբերյալ տեղեկատվություն (մարման ժամանակացույց, ենթավարկ/վարկ, արտարժույթ).
4) այլ աղբյուրներից ստացված վարկերի և փոխառությունների վերաբերյալ տեղեկատվություն (ֆինանսական կազմակերպություն, մարման ժամանակացույց, արտարժույթ, գրավի առարկա և այլն).
5) պարտավորությունների մարման նախատեսված աղբյուրները (շահույթ, կապիտալի համալրում, վարկերի վերակառուցում և այլն).
6) հանրային ծառայությունների մատուցման սակագների (կիրառելիության դեպքում) և ծախսերի (ներառյալ ակտիվների պահպանման) համարժեքությունը.
7) բյուջեից ստացված սուբսիդիաների և տրանսֆերտների վերաբերյալ տեղեկատվություն.
8) ոչ ֆինանսական ցուցանիշների և դրանց կատարողականի վերաբերյալ տեղեկատվություն.
9) անհրաժեշտության դեպքում՝ պետական լիազորված մարմնի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն։
10. Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերից, գնումները, սուբսիդիաները և դրամաշնորհները կարգավորող օրենսդրության շրջանակից դուրս պետության կամ համայնքների կողմից կնքված երկարաժամկետ պայմանագրերից բխող պարտավորությունների (բացառությամբ գնում չհանդիսացող ծախսերից), ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետում նշված հանրային ենթակառուցվածքների ոլորտում գործող համակարգաստեղծ նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունների վերաբերյալ՝ ռիսկի համար պատասխանատու մարմինը տրամադրում է նաև առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
1) ֆինանսական հաշվետվությունների փաթեթը (ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն` ժամանակաշրջանի վերջի դրությամբ, շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, դրամական հոսքերի մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, ծանոթագրություններ, որոնք բաղկացած են հաշվապահական հաշվառման քաղաքականության նշանակալի մասերի վերաբերյալ տեղեկատվությունից և այլ բացատրական տեղեկատվությունից, նախորդ ժամանակաշրջանի վերաբերյալ համադրելի տեղեկատվություն) և աուդիտորական եզրակացությունը.
2) պետության հետ պայմանագրերից բխող որևէ հատուցման վճարումների վերաբերյալ տեղեկատվություն.
3) պետության հետ պայմանագրերին առնչվող որևէ վճարումներ սպառողներին, կապալառուներին և այլն.
4) ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարների գանձման հետ կապված դժվարությունների վերաբերյալ տեղեկատվություն (պետական մարմնին հասանելի լինելու դեպքում).
5) մասնավոր գործընկերոջ, ինչպես նաև գնումները, սուբսիդիաները և դրամաշնորհները կարգավորող օրենսդրության շրջանակից դուրս պետության կողմից կնքված պայմանագրի (բացառությամբ գնում չհանդիսացող ծախսերից) մյուս կողմի կողմից նախաձեռնված պայմանագրի վերաբանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն.
6) սակագների վերանայման դիմումների և դրանց վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումներին առնչվող տեղեկատվություն.
7) վարկերի (առկայության պարագայում) մարման ժամանակացույցը (պետական մարմնին հասանելիության դեպքում).
8) շինարարական փուլում գտնվող ծրագրերի դեպքում՝
ա. շինարարության և սարքավորումների տեղադրման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվություն՝ կատարման աստիճան (տոկոս) և ներդրված գումար,
բ. առկայության դեպքում՝ շինարարության ուշացումների և (կամ) գերածախսերի վերաբերյալ տեղեկատվություն.
9) այլ առնչվող տեղեկատվություն։
ԳԼՈՒԽ 4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Յուրաքանչյուր ռիսկի համար պատասխանատու մարմինը իր կառավարման ներքո գտնվող ռիսկերի տեղեկատվությունը ներկայացնում է պետական լիազորված մարմին՝ սույն կետով նախատեսված ժամկետներում.
1) միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 25-ը.
2) տարեկան բյուջեի շրջանակում՝ մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 15-ը.
3) արտահերթ՝ ռիսկի նյութականացման կամ էական փոփոխությունների դեպքում։
12. Պետական լիազորված մարմինը պետական մարմիններից իրավասու է պահանջել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն։
13. Պետական լիազորված մարմինը՝
1) իրականացնում է ներկայացված տեղեկատվության համախմբում և համադրություն.
2) օգտագործում է այն բյուջետային գործընթացի շրջանակում հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերլուծություններում.
3) գնահատում է տարբեր ռիսկերի փոխկապակցվածությունը և համակցված ազդեցությունը.
4) իրականացնում է սցենարային և զգայունության վերլուծություններ.
5) ձևավորում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի համախմբված գնահատականը.
6) մշակում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի կառավարման և նվազեցման մեխանիզմներ։
Ձև N 1
Հարկաբյուջետային հատուկ ռիսկերի համար պատասխանատու մարմինների ցանկ
|
Հարկաբյուջետային հատուկ ռիսկի խումբ |
Պատասխանատու մարմին |
|
Բյուջետային երաշխիքներ |
Պետական լիազորված մարմին, ոլորտային մարմիններ |
|
Բյուջետային վարկեր |
Պետական լիազորված մարմին, ոլորտային մարմիններ |
|
Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերից, ինչպես նաև գնումները, սուբսիդիաները և դրամաշնորհները կարգավորող օրենսդրության շրջանակից դուրս պետության կամ համայնքների կողմից կնքված երկարաժամկետ պայմանագրերից բխող պարտավորություններ (բացառությամբ գնում չհանդիսացող ծախսերից) |
Համապատասխան ոլորտի քաղաքականություն մշակող մարմին |
|
Պետական մասնակցությամբ ընկերություններից բխող հարկաբյուջետային հատուկ ռիսկեր |
Համակարգող մարմին, ՊՄԸ ոլորտային մարմին, Պետական լիազորված մարմին |
|
Համայնքային մասնակցությամբ ընկերություններից բխող հարկաբյուջետային հատուկ ռիսկեր |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
|
Հանրային ենթակառուցվածքների ոլորտում գործող համակարգաստեղծ նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունների կայունության ռիսկեր |
Համապատասխան ոլորտի քաղաքականություն մշակող մարմին |
|
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված՝ պետության և համայնքների համար պայմանագրային պայմանական պարտավորություններից բխող ռիսկեր |
Համապատասխան ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
|
Կարգավորվող սակագներից առաջացող հարկաբյուջետային ռիսկեր՝ ՊՄԳ ձևաչափով ծրագրերի շրջանակներում |
Համապատասխան ոլորտի քաղաքականություն մշակող մարմին,
Սույն կարգի 10-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվության տրամադրման մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
|
Դատական վարույթների շրջանակում պետությանը կամ համայնքներին ներկայացվող պահանջների և փոխհատուցումների հետ կապված ռիսկեր |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ (Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, Պետական լիազորված մարմին |
|
Շրջակա միջավայրի վատթարացման հետ կապված ռիսկեր |
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
|
Բնապահպանական վերականգման պարտավորությունների հետ կապված ռիսկեր |
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն |
|
Բնական և մարդածին աղետների ռիսկեր և համաճարակների հետ կապված ռիսկեր |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
22.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |