|
08.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2020 թվականի N 1785-Լ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ) ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.07.26 N 1061-Լ)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 12.2-րդ մասը և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 16.07.26 N 1061-Լ)
1. Սահմանել պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը ու պետության և համայնքների համար պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների նախնական գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 16.07.26 N 1061-Լ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
08.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի N 1785-Լ որոշման |
ԿԱՐԳ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ) ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
(վերնագիրը խմբ. 16.07.26 N 1061-Լ)
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 12.2-րդ մասով սահմանված՝ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների նախնական գնահատման կարգի և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ ՊՄԳ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված՝ պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) ծրագրերի և պայմանագրերի հետ կապված պայմանական պարտավորությունների նույնականացման, գնահատման և հաշվարկման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն հավելվածը չի տարածվում գնումները, սուբսիդիաները և դրամաշնորհները կարգավորող օրենսդրության համաձայն կնքված պայմանագրերի, ինչպես նաև գնում չհանդիսացող ծախսերի վրա, իսկ նախնական գնահատման հետ կապված կարգավորումները՝ նաև ՊՄԳ օրենքով սահմանված կարգով ՊՄԳ ծրագրերի տվյալների բազայում ներառվող պայմանագրերի վրա։
3. Սույն հավելվածի նպատակն է ապահովել ՊՄԳ օրենքով սահմանված՝ ՊՄԳ ծրագրերից և պայմանագրերից ծագող պայմանական պարտավորությունների պատշաճ նույնականացումը, գնահատումը, հաշվարկը և կառավարումը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 12.1-ին մասով սահմանված պայմանագրերից (համաձայնագրերից) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխություններից և լրացումներից (այսուհետ՝ պայմանագիր) ծագող պայմանական պարտավորությունների պատշաճ նույնականացումը, նախնական գնահատումը, հաշվարկը և կառավարումը:
4. Սույն հավելվածի իմաստով՝ ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) եզրակացություն՝ ՊՄԳ ծրագրերի նախագծերի և ՊՄԳ պայմանագրերի փոփոխությունների վերաբերյալ լիազոր մարմնի կողմից ՊՄԳ օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան տրվող կարծիք.
2) պայմանական պարտավորություններ՝ Հայաստանի Հանրապետության՝ հանրային ենթակառուցվածքների շահագործման, կառուցման, բարելավման կամ տեխնիկական սպասարկման նպատակով կնքած պայմանագրերից և դրանց հետագա փոփոխություններից ու լրացումներից բխող պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է որոշակի պայմանների կամ դեպքերի տեղի ունենալով.
3) ուղղակի պարտավորություններ՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ)» սահմանման.
4) պայմանագիր՝ համաձայնագիր, կոնցեսիա, ՊՄԳ պայմանագիր կամ իրավական ուժ ունեցող այլ փաստաթուղթ, որն ուղղված է իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, որի կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
5) պարտավորությունների ռեեստր (ռեեստր)՝ լիազոր մարմնի կողմից օգտագործվող՝ պայմանագրերից ծագող ֆիսկալ ռիսկերի, այդ թվում՝ պայմանական պարտավորությունների գնահատման, մշտադիտարկման և հաշվետվողականության գործիք.
6) ռիսկերի մատրից՝ հնարավոր ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ ծրագրի նախագծի, ինչպես նաև պայմանագրերի համար կազմվող մատրից, որտեղ նկարագրվում է ծրագրին բնորոշ յուրաքանչյուր ռիսկ, ռիսկի հնարավոր հետևանքը, դրա կառավարման և մեղմման հնարավոր եղանակները, ինչպես նաև դրա համար պատասխանատու կողմը.
7) լիազոր մարմին՝ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը։
5. Սույն հավելվածում օգտագործվող՝ 4-րդ կետում չսահմանված հասկացությունները գործածվում են համապատասխանաբար ՊՄԳ օրենքի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:
6. Լիազոր մարմնի կողմից, ըստ անհրաժեշտության, պայմանական պարտավորությունների գնահատման (այդ թվում՝ նախնական գնահատման) և հաշվարկման նպատակով կարող են կիրառվել նաև այլ միջազգային մեթոդաբանական գործիքներ:
ԳԼՈՒԽ 2. ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
7. Լիազոր մարմինը պատասխանատու է ՊՄԳ ծրագրերի նախագծերից, ՊՄԳ ծրագրերից և պայմանագրերից բխող պայմանական պարտավորությունների նույնականացման և գնահատման համար։ Պայմանագիրը բանակցող կամ ստորագրած պետական մարմինը կամ համայնքը լիազոր մարմնի հարցման հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է դրա համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ ֆինանսական մոդելը, պահանջարկի սցենարները, ռիսկերի բաշխման աղյուսակը, վաղաժամ դադարեցման վճարի հաշվարկման մեխանիզմը, ռիսկի նյութականանալու հնարավոր հավանականությունը և այլն։
8. ՊՄԳ ծրագրից և պայմանագրից ծագող պայմանական պարտավորությունների նույնականացման նպատակով լիազոր մարմինը, ի թիվս այլ պայմանական պարտավորությունների, դիտարկում է պայմանական պարտավորությունների հետևյալ տեսակները.
1) պայմանագրի կամ ծրագրի որոշակի փոփոխականների հետ կապված երաշխիքներ. պետությունը կամ համայնքը պարտավորվում է փոխհատուցել մյուս կողմի հասույթի կորուստը՝ պայմանագրով սահմանված մակարդակից որոշակի փոփոխականի շեղման դեպքում: Մասնավորապես, կարող են նախատեսվել երաշխիքներ՝
ա. պահանջարկի պահպանման՝ սահմանված մակարդակից բարձր կամ սահմանված միջակայքում,
բ. արտարժույթի փոխարժեքի պահպանում՝ սահմանված միջակայքում,
գ. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող ոլորտներում՝ կարգավորող մարմնի կողմից պայմանագրով ամրագրված բանաձևին համապատասխան սակագների վերանայման դիմումի մերժում.
դ. օրենսդրական անբարենպաստ փոփոխությունների ընդունում.
2) անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքերում փոխհատուցման հետ կապված դրույթներ. պետությունը կամ համայնքը պարտավորվում է փոխհատուցել մյուս կողմի կրած վնասները կամ կորուստները՝ անհաղթահարելի ուժի ազդեցության պայմանագրով սահմանված դեպքերում: Ընդ որում՝ պայմանական պարտավորությունը հաշվարկելիս հաշվի է առնվում ապահովագրությունը՝ առկայության դեպքում.
3) պայմանագրի վաղաժամ դադարեցման վճարի հետ կապված պարտավորություններ. պետությունը կամ համայնքը պարտավորվում է վճարել համաձայնեցված գումար և ստանձնել ծրագրի ակտիվների վերահսկողությունը, եթե պայմանագիրը դադարեցվում է մյուս կողմի կամ պետության կամ համայնքի կողմից դրա շրջանակներում նախատեսված պարտավորությունները չկատարելու հիմքով.
4) պարտքային երաշխիքներ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին, երաշխավորում է պայմանագրի մյուս կողմի՝ իր վարկատուների նկատմամբ ստանձնած պարտքային պարտավորությունների պատշաճ և սահմանված ժամկետներում կատարումը՝ այդ պարտավորությունները պայմանագրի մյուս կողմի կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում.
5) պայմանագրի կամ ծրագրի իրականացման ընթացքում չնախատեսված հանգամանքների դեպքում պետության կամ համայնքի կողմից վճարվող փոխհատուցումներ, ինչպիսին են՝ երկրաբանական ռիսկը, մշակութային ժառանգության (հնէաբանական) հարցերի հետ կապված ռիսկը, շինարարության, այդ թվում՝ հողերի տրամադրման, համապատասխան թույլտվությունների և (կամ) լիցենզիաների ստացման կամ շահագործման հետևանքով երրորդ կողմի հետ ծագող դատական վեճերը, որոնք չեն առաջացել մյուս կողմի մեղքով:
9. Պայմանական պարտավորությունների գնահատումն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա.
1) պետության կամ համայնքի կողմից ստանձնած կամ հնարավոր ստանձնվող պարտավորությունները գնահատվում են այնպես, որ արտացոլվի դրանց հնարավոր առավելագույն ֆիսկալ ազդեցությունը.
2) անորոշության պայմաններում նախապատվությունը տրվում է այն ենթադրություններին և հաշվարկային պարամետրերին, որոնք արտացոլում են պետության համար առավել բարձր հնարավոր ֆինանսական ազդեցությունը.
3) ցածր հավանականություն ունեցող, սակայն բարձր ազդեցությամբ ռիսկերը ենթակա են գնահատման՝ անկախ դրանց առաջացման հավանականությունից։
10. Գնահատումը պետք է անդրադառնա նաև այն ռիսկին, որ պետական մարմինը կամ համայնքը ստիպված կլինի միջամտել և ստանձնել ՊՄԳ ծրագրի կամ պայմանագրի շարունակականության, կառավարման կամ ավարտի հետ կապված բոլոր ֆինանսական պարտավորությունները և ծախսերը։
11. Պայմանական պարտավորությունները գնահատելու նպատակով լիազոր մարմինը, հիմնվելով պայմանագիրը ստորագրած պետական մարմնի կամ համայնքի կողմից ներկայացված տեղեկատվության վրա (մասնավորապես՝ ռիսկերի մատրիցի և պայմանագրի կամ պայմանագրի փոփոխության կամ լրացման նախագծի) նույնականացնում է պայմանական պարտավորությունների բոլոր աղբյուրները, ինչպես նաև պայմանագրի փոփոխության կամ լրացման արդյունքում դրանց հավանականության կամ ազդեցության էական փոփոխությունները և իրականացնում է դրանց գնահատումը, այդ թվում՝
1) յուրաքանչյուր պարտավորության համար սահմանում է նյութականացման հավանականություն՝ ցածր-միջին-բարձր սանդղակով՝ ելնելով հասանելի լավագույն տեղեկատվությունից և ողջամիտ դատողությունից.
2) այն պարտավորությունների համար, որոնց հնարավոր է տալ քանակական (դրամային) արժեք, գնահատվում է հնարավոր ազդեցությունը և այն դասակարգում ըստ ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցության: Եթե պարտավորությունը ցածր է նախորդ տարվա ՀՆԱ-ի 0.3%-ից, ապա ազդեցությունը «ցածր» է, եթե հնարավոր ազդեցությունը կազմում է նախորդ տարվա ՀՆԱ-ի 0.3%-0.8%, ապա «միջին», և եթե գերազանցում է 0.8%-ը, ապա «բարձր»:
12. Պայմանական պարտավորությունները դասակարգվում են ըստ առաջնահերթության հետևյալ սկզբունքով՝
1) համակցված դասակարգում՝ ըստ հավանականության և ազդեցության՝ այն դեպքերում, երբ պայմանական պարտավորությունը գնահատելի է համաձայն ստորև ներկայացված աղյուսակի՝
|
Ազդեցություն |
Հավանականություն | ||
|
Ցածր |
Միջին |
Բարձր | |
|
Ցածր |
Ոչ էական Ցածր Միջին |
Ցածր Միջին Բարձր |
Միջին Բարձր Կրիտիկական |
|
Միջին | |||
|
Բարձր | |||
2) դասակարգում՝ ըստ հավանականության՝ այն դեպքերում, որտեղ պայմանական պարտավորությունը գնահատելի չէ։
13. Դասակարգված պայմանական պարտավորությունների վերլուծության հիման վրա լիազոր մարմինը կարող է ներկայացնել առաջարկություններ պայմանագիրը ստորագրած պետական մարմնին կամ համայնքին՝ պայմանագրի, ՊՄԳ ծրագրի նախագծի կամ ՊՄԳ ծրագրի փոփոխության կամ պայմանագրի նախագծի կամ դրա փոփոխության կամ լրացման վերաբերյալ՝ պետության կամ համայնքի և մյուս կողմի ռիսկերի բաշխման բարելավման վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 3. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՊՄԳ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՍԿԱԼ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
14. ՊՄԳ ծրագրի մշակման յուրաքանչյուր փուլում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում, ֆիսկալ մատչելիությունը գնահատելու նպատակով լիազոր մարմինը թարմացնում է ռեեստրում գրանցված բոլոր ՊՄԳ ծրագրերից նույնականացված և գնահատված պայմանական պարտավորությունների հանրագումարը՝ ընդհանուր արժեքով և ըստ տարիների, և ավելացնում է դիտարկվող ՊՄԳ ծրագրի նույնականացված և գնահատված պայմանական պարտավորությունները։
15. ՊՄԳ ծրագրի նախագծի և օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ՊՄԳ պայմանագրի և դրա փոփոխությունների վերլուծության արդյունքում տրամադրվող եզրակացությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) վերլուծության ենթարկված ՊՄԳ ծրագրի նախագծով (ՊՄԳ պայմանագրով, դրա փոփոխությամբ) նույնականացված բոլոր պայմանական պարտավորությունները՝ դասակարգված սույն հավելվածի 12-րդ կետին համապատասխան.
2) ՊՄԳ ծրագրերի, պատրաստման փուլում գտնվող ՊՄԳ ծրագրերի նախագծերի և պայմանական պարտավորություններ պարունակող պայմանագրերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը՝ կազմման օրվա դրությամբ, մասնավորապես, դրանց գծով պայմանական պարտավորությունների գումարները.
3) ՊՄԳ պայմանագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընդհանուր առավելագույն սահմանաչափի համադրությունը սույն կետին համապատասխան հաշվարկած պայմանական պարտավորությունների հանրագումարին.
4) անհրաժեշտության դեպքում՝ պայմանագրերից ծագող պայմանական պարտավորությունների, բյուջետային երաշխիքների և կառավարության պարտքի ընթացիկ մակարդակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն։
16. Սույն հավելվածի 15-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված գումարները արտահայտվում են նաև նախորդ տարվա ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ։
17. Սույն հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետերով նախատեսված գումարները արտահայտվում են նաև հաշվարկի իրականացման տարվա ծրագրային ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ։
18. ՊՄԳ ծրագրի նախագծի հաստատումից հետո լիազոր մարմինը ստուգում է պայմանական պարտավորությունների հաշվարկը՝ հավաստիանալու համար, որ ՊՄԳ պայմանագրի նախագծի բանակցությունների արդյունքում ծրագիրը շարունակում է մնալ ֆիսկալ առումով մատչելի:
ԳԼՈՒԽ 4. ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ) ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
19. Պետության կամ համայնքների համար պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերը և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների նախագծերը տվյալ պայմանագրի շուրջ բանակցող պետական մարմնի կամ համայնքի կողմից ներկայացվում է լիազոր մարմին՝ նախնական գնահատում իրականացնելու նպատակով։
20. Լիազոր մարմինը կարող է պահանջել ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն, այդ թվում՝
1) դրամական հոսքերի կանխատեսումներ.
2) պահանջարկի գնահատում.
3) պայմանագրի ձևը.
4) պայմանագիրը ստորագրող իրավասու մարմինը կամ մարմինները.
5) պայմանագրի գործողության ժամկետը.
6) պարտավորությունների, այդ թվում՝ պայմանական պարտավորությունների, օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված չափը.
7) ուղղակի պարտավորությունները.
8) պայմանական պարտավորությունների համար՝ նյութականացման պայմանը.
9) պայմանական պարտավորության նյութականացման հավանականության որակական կամ քանակական գնահատումը.
10) պայմանական պարտավորության հնարավոր նյութականացման ժամկետները և ազդեցությունը համապատասխան բյուջետային տարիների վրա.
11) որակական տվյալներ, եթե դրանք առկա են.
12) պայմանագրի արժեքը, հնարավոր առավելագույն պարտավորությունը արժույթը, վճարումների ժամանակացույցը, ֆինանսավորման աղբյուրը.
13) այլ անհրաժեշտ տվյալներ։
21. Լիազոր մարմինը իրականացնում է պայմանական պարտավորությունների նույնականացում և նախնական գնահատում՝ սույն հավելվածի 11-րդ կետին համապատասխան։ Նախնական գնահատումը ամփոփում է տվյալ պայմանագրի պայմանական պարտավորությունները գնահատման ենթակա չլինելու դեպքում՝ որպես դասակարգված, և գնահատման ենթակա լինելու դեպքում՝ համակցված դասակարգված։ Նախնական գնահատումը ներառում է կառավարության պարտքի, պայմանագրային պայմանական պարտավորությունների և բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների հանրագումարը՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, արտահայտված նաև Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ տոկոսով՝ տվյալ պայմանագրի կամ փոփոխության կամ լրացման նախագծով նախատեսվող պայմանական պարտավորությունները ներառյալ։
22. Լիազոր մարմինը նախնական գնահատումը ուղարկում է պայմանագիրը ստորագրող պետական մարմնին կամ համայնքին՝ 14 աշխատանքային օրվա ընթացքում։ Ծավալուն և բարդ պայմանագրերի նախագծերի դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել յոթ աշխատանքային օրով։ Ժամկետի երկարաձգման դեպքում լիազոր մարմինը տեղեկացնում է պայմանագիրը ստորագրող պետական մարմնին կամ համայնքին:
23. Նախնական գնահատմամբ նույնականացված ռիսկերի հիման վրա պայմանագիրը ստորագրող պետական մարմինը կամ համայնքը կազմում է ռիսկերի կառավարման ծրագիր, որը, կցելով նախնական գնահատմանը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով, կամ համայնքի ավագանուն։
24. Պայմանական պարտավորություններ պարունակող պայմանագրերի կնքման որոշումը պետք է հիմնավորված լինի լրացուցիչ հանրային օգուտներով, ռիսկերի կառավարման հստակ ծրագրով, այդ թվում՝ ապահովագրության և ռիսկի փոխանցման այլ մեխանիզմների նախատեսմամբ։
ԳԼՈՒԽ 5. ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
25. Պայմանագրերի ընթացիկ մշտադիտարկումն իրականացվում է տարեկան առնվազն երկու անգամ՝ պայմանագիրը ստորագրած պետական մարմնից կամ համայնքից ստացվող հաշվետվությունների կամ տեղեկատվության հիման վրա։
26. Պայմանագրից ծագող յուրաքանչյուր պայմանական պարտավորության մշտադիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից՝ պայմանական պարտավորության հիմքում ընկած հիմնական փոփոխականների և մինչև թարմացման պահի դրությամբ հայտնի դարձած փաստացի տեղեկությունների թարմացման միջոցով։ Այն դեպքերում, երբ պայմանագրի ավարտին մնացած ժամկետի փոփոխությունը հանգեցնում է պայմանական պարտավորությունների և վաղաժամ դադարեցման վճարների փոփոխությանը, իրականացվում է վերահաշվարկ։ Մշտադիտարկման ընթացքում իրականացվում է նաև պայմանագրի մասնավոր գործընկերոջ կորպորատիվ ռիսկի վերլուծություն՝ ֆինանսական կայունության հիմնական ցուցիչների հիման վրա:
27. Լիազոր մարմինը մշտադիտարկման շրջանակում, անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն։
ԳԼՈՒԽ 6. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ
28. Լիազոր մարմինը վարում է ռեեստր՝ N 1 ձևով սահմանված ձևաչափով։
29. Ռեեստրում յուրաքանչյուր պարտավորության տեսակ ներկայացվում է առանձին տողով։ Ուղղակի պարտավորությունների և գնահատված պայմանական պարտավորությունների դեպքում N 1 ձևի 14-րդ սյունակը՝ «Գումարը/առավելագույն հնարավոր ազդեցությունը» դաշտը, ի թիվս այլ սյունակների, ևս ենթակա է պարտադիր լրացման։
30. Այն դեպքերում, երբ պայմանագիրը փոփոխվում կամ լրացվում է դրա գործողության ընթացքում, համապատասխան փոփոխությունները կամ լրացումները մուտքագրվում են ռեեստրում առանձին տողով՝ տվյալ պայմանագրի համարի ներքո։ Եթե փոփոխությունը կամ լրացումը հանգեցնում է պարտավորությունների փոփոխության կամ նոր պարտավորությունների առաջացման, ապա լրացվում է «Ավարտը» դաշտը և նոր պարտավորության համար ստեղծվում նոր տող։
31. ՊՄԳ ծրագրերից և ՊՄԳ ծրագրերի նախագծերից բխող պարտավորությունների, ՊՄԳ պայմանագրերի և դրանց փոփոխություններից բխող հաշվարկների իրականացման նպատակով լիազոր մարմինը հավաքագրում է տեղեկություններ՝ N 2 ձևով սահմանված ձևաչափով, որոնք թարմացվում են առնվազն կիսամյակային պարբերականությամբ՝ համապատասխան ՊՄԳ ծրագրի ժամանակացույցին և ուղենիշերին՝ ՊՄԳ իրավասու մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։
32. N 2 ձևի N 1 աղյուսակը կիրառվում է բոլոր ՊՄԳ ծրագրերից ծագող պայմանական պարտավորությունների հաշվարկման նպատակով: Այն ՊՄԳ ծրագրերի համար, որոնց ներդրումների էական մասը (օրինակ՝ շինարարական աշխատանքների որոշակի սահմանված մասեր, օտարման ծախսեր և ենթակառուցվածքային ցանցերի տեղափոխման դիմաց վճարվող փոխհատուցումներ) ուղղակիորեն կատարվում է պետական մարմնի կամ համայնքի կողմից՝ պետական կամ համայնքային բյուջեից կամ փոխառու միջոցների հաշվին, լիազոր մարմինը լրացնում է նաև N 2 ձևի N 2 աղյուսակը:
Ձև N 1
Պարտավորությունների ռեեստր
|
N |
Պայմա-նագրի անվա-նումը |
Ստորա-գըրման ամսա-թիվը/ փոփոխու-թյան ստորա- գըրման ամսա-թիվը |
Ոլոր-տը |
Իրա-վասու մար-մինը |
Մասնա-վոր գործըն-կերը |
Պայմա-նագրի տե-սակը |
Սկիզ-բը |
Ավար-տը |
Պարտավո-րության տեսակը (երաշխիք, նվազա-գույն հասույթ, դադարե-ցում և այլն), ներառյալ ոչ գնահատելի պարտա-վորու-թյունները |
Ուղղակի պարտա-վորու-թյուն-ները |
Նյու-թակա-նացման մեխա-նիզմը |
Նյութա-կա-նացման հավանա-կանու-թյունը (ցածր/ միջին/ բարձր) |
Գու-մարը/ առա-վելա-գույն հնարա-վոր ազդե-ցու-թյունը |
Ապահո-վագրու-թյան առկայու-թյունը |
Ռիսկի մեղմ-ման մեխա-նիզմ-ները |
Նյու-թակա-նացման դեպ-քերը |
Վերջին վերագնա-հատման ամսա-թիվը |
Մեկնա-բանու-թյուն-ներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
Ձև N 2
Աղյուսակ N 1. ՊՄԳ ծրագրերի և ՊՄԳ պայմանագրերի պարտավորությունների ամփոփ աղյուսակ
|
Ծրագրի անվա-նումը |
Կարգա-վիճակը |
Վճարում-ները շինարա-րության ընթաց-քում |
Ծառայու-թյան կամ հասանելիու-թյան կամ ներդրու-մային վճարները |
Ուղղակի սուբսիդիա-ները |
Ուղղակի ընդհանուր պարտա-վորություն-ները
(2+3+4) |
Նվազա-գույն հասույթի երաշխիք-ները (առավե-լագույն գումարը) |
ՊՄԳ-ի ընդ-հանուր կանխա-տեսվող հասույթը |
Նվազա-գույն հասույթի երաշխիք-ները (մոդելա-վորված) |
Այլ գնահա-տելի պայմա-նական պարտա-վորու-թյունները |
Պետու-թյան ակնկալ-վող հասույթը |
Պարտա-վորու-թյունների ընդհանուր համախառն գումարը
(5+6+9) |
Պարտավո-րությունների ընդհանուր զուտ գումարը
(5+8+9-10) |
Վաղաժամ դադարեց-ման վճարների մասով առա-վելագույն ազդեցու-թյունը (գնահատված) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 | |
|
ծրագիր 1 |
|||||||||||||
|
ծրագիր 2 |
|||||||||||||
|
ծրագիր 3 |
|||||||||||||
|
Ընդհանուր |
Ընդհանուր |
Ընդհանուր | |||||||||||
Ծանոթագրություններ.
1 - կարգավիճակը:
2 - ցանկացած վճարում շինարարության ընթացքում՝ համաձայն ծրագրի/պայմանագրի:
3 - հետշինարարական փուլի վճարների ընդհանուր գումարը ծրագրի/պայմանագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում, որոնք կարող են ունենալ ճշգրտման բանաձևեր:
4 - կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ պայմանական պարտավորություն:
5 - ուղղակի պարտավորությունները՝ ի տարբերություն պայմանական պարտավորությունների, պետք է արտացոլվեն նաև պետական կամ համայնքային տարեկան բյուջեում և (կամ) ՄԺԾԾ-ում:
6 - կանխատեսվող հասույթի սահմանված գումարի ցանկացած պակասուրդ փոխհատուցվում է պետական մարմնի կամ համայնքի կողմից:
7 - ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման կամ պայմանագրի ֆինանսական մոդելից ստացված արժեքն է՝ որպես բազային սցենար ծրագրի գործողության ողջ ժամկետի համար:
8 - հաշվարկվում է կանխատեսվող հասույթի (7) 30%-ով կրճատմամբ և նվազագույն հասույթի մակարդակի հետ համադրությամբ (առկայության դեպքում, նվազեցվում են սուբսիդիաները):
9 - նույնականացված այլ պայմանական պարտավորություն, օրինակ՝ պետության կողմից ստանձնվող երկրաբանական ռիսկ, որի համար կարող է սահմանվել առաստաղ, ինչպես նաև ընդհանուր բնույթի փոխհատուցումներ՝ կապված օրենքի փոփոխության կամ պետության այլ գործողությունների հետ, սակայն դրանք մեծամասամբ բարդ է գնահատել, եթե հստակ բանաձև սահմանված չէ:
10 - որոշ ՊՄԳ կառուցվածքների դեպքում, պետությունը կարող է ստանալ հաստատուն տարեկան վճար կամ ավելցուկային հասույթի բաշխման վճար, եթե ՊՄԳ ծրագրի հասույթը կանխատեսվածից բարձր է:
11 և 12 - համախառն գումարի կիրառումը շատ ավելի պահպանողական մոտեցում է, իսկ զուտ գումարի կիրառումը պարունակում է ռիսկը թերագնահատելու վտանգ՝ բացառությամբ, եթե առկա է պայմանական պարտավորությունների չնյութականացման ամուր նախապատմություն:
13 - վաղաժամ դադարեցման հնարավոր առավելագույն վճարը՝ հիմք ընդունելով պայմանագրով ամրագրված հաշվարկային բանաձևերը։
Ընդհանուր գումարները (11-րդ, 12-րդ և 13-րդ սյունակներ) թույլ են տալիս հաշվարկել ընդհանուր պարտավորությունների տոկոսային հարաբերությունը տարեկան ՀՆԱ-ի նկատմամբ:
Ձև N 2
Աղյուսակ N 2. Որոշակի ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հաշվետվություն
|
Ծրագրի ան-վանումը |
Սեփական միջոցներից բյուջետային հատկա-ցումը
Ներդրումը |
Սեփական միջոցներից բյուջետային հատկա-ցումը Այլ ծախսերը |
Ընդամենը սեփական միջոցներից բյուջե-տային հատկա-ցումներ
(1+2) |
Պարտ-քային միջոցները ՄՖՀ-ներից |
Պարտ-քային միջոցները պարտա-տոմսերի շուկայից |
Պարտ-քային միջոց-ները բան-կերից |
Ընդամենը պարտ-քային միջոցները
(4+5+6) |
Ֆինանսա-կան երաշխիքները ՊՄԳ-ի հանրային պարտա-վորություն-ների մասով |
Ֆինանսա-կան երաշխիք-ները ՊՄԳ-ի գործընկերոջ պարտքի մասով |
Ընդամենը բյուջետային հատկացում-ները
(3+7) |
Ընդամենը ֆինանսական երաշխիքները
(8+9) |
Դադարեցման վճարներին հատկացվելիք ընդհանուր գումարը՝ դադարեցման տեղի ունենալու դեպքում (գնահատված) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | |
|
ծրագիր 1 |
||||||||||||
|
ծրագիր 2 |
||||||||||||
|
Ընդհանուր |
Ընդհանուր |
Ընդհանուր |
Ընդհանուր |
Ընդհանուր | ||||||||
Ծանոթագրություններ.
1 - կապիտալ ներդրումների գումարը՝ պետական կամ համայնքային բյուջեից:
2 - այլ ներդրումների կամ վճարումների գումարը՝ պետական կամ համայնքային բյուջեից:
3 - ընդամենը պետական կամ համայնքային բյուջեից ելքեր:
4 - միջազգային ֆինանսական հաստատություններից տվյալ ծրագրի համար ներգրավված պարտքային միջոցները:
5 - պարտատոմսերի թողարկումից տվյալ ծրագրի համար ներգրավված պարտքային միջոցները:
6 - առևտրային բանկերից տվյալ ծրագրի համար ներգրավված պարտքային միջոցները:
7 - 4, 5, 6 սյունակների գումարը արտացոլում է տարբեր աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցները:
8 - ՊՄԳ ծրագրի հանրային պարտավորությունների համար տրված ֆինանսական երաշխիքները:
9 - ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերոջ պարտավորությունների գծով տրված ֆինանսական երաշխիքները:
10 - 3 և 7 սյունակների գումարն արտացոլում է պետական մարմնի կամ համայնքի ուղղակի ֆինանսական մասնակցությունը ծրագրին:
11 - տրված ֆինանսական երաշխիքների գումարը:
12 - պայմանագրի վաղաժամ դադարեցման գնահատված գումարը:
(հավելվածը խմբ. 16.07.26 N 1061-Լ)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2020 թվական: