ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 2-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) դատարանը կայացրել է դատական նիստին ձերբակալված, կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալի մասնակցությունը տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով) ապահովելու մասին որոշում.»:
Հոդված 2. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «ինքնությունը» բառից հետո լրացնել «: Եթե ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով, ապա նրա ինքնությունն ստուգվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությամբ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կիրառվում է մեղադրյալին տեսակապով հաղորդակցության համար գործածվող սենյակից հեռացնելու միջոցով՝ մինչև տվյալ նիստի կամ դատալսումների ավարտը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 272-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.
«1.1. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին կարող է ապահովվել տեսակապի միջոցով՝ մեղադրյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի կամ առողջության կամ վարույթի մասնավոր մասնակցի հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ նրա անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման նպատակով:
1.2. Տեսակապի միջոցով դատական նիստին ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝
1) դատական վարույթի մասնակիցները և մեղադրյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց.
2) մեղադրյալը և նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան.
3) մեղադրյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը:
1.3. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե՝
1) տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը.
2) տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է հանրային մեղադրողը.
3) դատարանի նախաձեռնությամբ տեսակապով մասնակցության ապահովման դեմ փաստարկված առարկում է մեղադրյալը:
1.4. Եթե սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված հանգամանքները ծագում են դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշման կայացումից հետո, ապա դատարանը կայացնում է մեղադրյալի մասնակցությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում:
1.5. Դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը և դատական նիստի ընթացքում մեղադրյալի ու նրա պաշտպանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում, քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները և օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում պաշտպանը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով՝ մեղադրյալի գտնվելու վայրից, բացառությամբ այն դեպքի, երբ պաշտպանը մեղադրյալի համաձայնությամբ հրաժարվել է այդ իրավունքից՝ միջնորդելով դատական նիստին մասնակցել դատական նիստերի դահլիճում: Մեկից ավելի պաշտպան ունենալու դեպքում նրանցից առնվազն մեկը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով՝ մեղադրյալի գտնվելու վայրից:»:
Հոդված 6. Օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով ապահովելու դեպքում տեսակապով մասնակցության տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը կցվում է դատական նիստի արձանագրությանը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասը «միաժամանակ» բառից հետո լրացնել «, բացառությամբ երբ դատարանը կայացրել է դատական նիստին ձերբակալված մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու մասին որոշում» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով, ապա նրա ինքնությունն ստուգվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությամբ:»:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
4. Դատական դեպարտամենտը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովում է սույն օրենքով նախատեսված՝ դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը և դատական նիստի ընթացքում մեղադրյալի ու նրա պաշտպանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար կիրառվող տեխնիկական միջոցների առկայությունը։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-335-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: