ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1993 թ. N 242
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1993 թվականի ընդունելության քննությունների կանոնները (կցվում է)։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 17-ի N 242 որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական ուսումնական հաստատությունները (բուհերը) 1993 թվականին ընդունելություն են կատարում ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցման գծով։
2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել միջնակարգ և միջնակարգ-մասնագիտական կրթություն ունեցող բոլոր քաղաքացիները՝ առանց տարիքի սահմանափակման։ Բարձրագույն կրթություն ունեցող անձինք կարող են երկրորդ մասնագիտություն ստանալ միայն վճարովի ուսուցման համակարգում, համաձայն սահմանված կարգի։
3. Ընդունելությունը բուհերում կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների, ընդունելության քննությունների ցանկի, տեղերի քանակի, մրցույթի անցկացման պայմաններին համապատասխան։
4. Հանրակրթական առարկաների ընդունելության քննություններն անցկացնում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հանրապետական առարկայական հանձնաժողովները՝ գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հաստատած ծրագրերով՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հետ։ Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում՝ նրանց մշակած ու նախարարության կողմից հաստատված ծրագրերով։
5. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի մինչև չորս մասնագիտությունների (պետպատվեր և վճարովի համակարգ) մրցույթին՝ հանձնելով այդ մասնագիտությունների ընդունելության բոլոր քննությունները։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։
ա) դիմորդները մրցույթին մասնակցում են իրենց դիմումներում նշած մասնագիտությունների հերթականության համապատասխան.
բ) ընտրած մասնագիտություններում կրկնվող առարկաների քննությունները հանձնվում են մեկ անգամ.
գ) դիմորդն իր ընտրած չորս մասնագիտությունների համար կարող է ներկայացնել մինչև ութ հայտ (պետպատվեր և վճարովի համակարգ), իր նախասիրություններով և հնարավորություններով համարակալելով հայտերը.
դ) Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում և Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում մրցույթն անցկացվում է ըստ ֆակուլտետների։
6. Մրցույթն ըստ մասնագիտությունների անցկացվում է մրցութային քննությունների միավորների գումարի հիման վրա, որի արդյունքները հաստատում է հանրապետական ընդունող հանձնաժողովը։ Մրցութային քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում քննական առարկաներից ստացած միավորները բուհերի կողմից նշված հաջորդականությամբ։
7. Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, որոնք տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից ստացել են դրական գնահատականներ և բավարարում են բուհերի կողմից առաջադրված պայմաններին և որոնց առողջական վիճակը հակացուցված չէ տվյալ մասնագիտությամբ սովորելու համար։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։
ա) հանրակրթական առարկաների քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով։ Դրական են համարվում 8 և դրանից բարձր միավորները.
բ) եթե դիմորդը մրցույթով անցնում է հայտում նշված առաջին մասնագիտությամբ, ապա հայտում նշված մյուս մասնագիտությունների համար մրցույթին չի մասնակցում։
Այն դեպքում, երբ դիմորդը մրցույթով չի անցնում իր հայտում նշված առաջին մասնագիտությամբ, հավասար պայմաններով մասնակցում է հայտում նշված երկրորդ մասնագիտության մրցույթին և այսպես շարունակ.
գ) նույն մասնագիտության պետպատվերի և վճարովի ուսուցման մրցույթներն անցկացվում են իրարից անկախ՝ դիմումում նշված հերթականությամբ։
8. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնածներից, բուհի կողմից տվյալ մասնագիտության համար առաջարկված պայմաններից անկախ, մրցույթից դուրս, հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ, պահեստային տեղերի հաշվին ընդունվում են`
ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, որոնց համար բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի եզրակացության համաձայն բուհում սովորելը հակացուցված չէ.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ամուսիններն ու երեխաները, համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության կողմից տրված վկայականների.
գ) երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված (18 տարին չլրացած) անձինք.
դ) ներքին սփյուռքի (նախկին ԽՍՀՄ-ից) դիմորդները տվյալ համայնքին հատկացված տեղերի չափով՝ մանկավարժական բուհեր ընդունվելու համար (Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ և Վանաձորի մանկավարժական ինստիտուտ):
9. Մրցույթով անցածների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին, ինչպես նաև հրապարակվում են ի գիտություն դիմորդների, մինչև 1993 թ. օգոստոսի 31-ը։
10. Ընդունելությունը բուհում, համաձայն պաշտոնական ցուցակների, կատարվում է ռեկտորի հրամանով։
11. Դիմորդները բոլոր մասնագիտությունների համար ընդունելության քննություն են հանձնում հայոց լեզվից (թելադրություն)։
Միջնակարգ կրթության վկայականում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայերենի գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ այն դիմորդները, որոնք միջնակարգ կրթության վկայականում չունեն նաև գնահատական ռուսաց լեզվից և գրականությունից, քննություն են հանձնում մեկ այլ օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)։
Բացառություն են կազմում՝
ա) 0214 - ժուռնալիստիկա, 0219 - հայոց լեզու և գրականություն, 0307 - մանկավարժություն և հոգեբանություն, 0308 - մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա և 0310- դեֆեկտոլոգիա և լոգոպեդիա մասնագիտությունները, որոնց դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է.
թ) 0217- ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությունը, որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել օտար լեզվից (գրավոր).
գ) 0217 - ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու մասնագիտությունը (ԵՐՕԼԻ), որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր)։
12. Միջնակարգ կրթության վկայականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզուների գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր)։
Բացառություն են կազմում 0214 - ժուռնալիստիկա, 0220 - օտար լեզու, 0307 - մանկավարժություն և հոգեբանություն ու անգլերեն լեզու, 0609, 0610 -ընդհանուր տնտեսագիտություն, (ԵՊՀ) և 0610 - տնտեսական հարաբերություններ (ԵրԺՏԻ) մասնագիտությունները, որոնց դեպքում օտար լեզվի գրավոր քննությունը պարտադիր է։
13. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում։
14. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները քննությունները, բացի լեզուներից, կարող են հանձնել ռուսաց լեզվով։
15. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չմասնակցած դիմորդներին չի թույլատրվում տվյալ առարկայի քննությանը մասնակցել։
Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որևէ առարկայի քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 7 օրվա ժամկետում հանձնել այն, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել։
16. Բանավոր քննության գնահատականը դիմորդը գանգատարկում է առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության դեպքում գնահատականը հայտնելու օրը։
17. Պարտադիր երեք քննություն հանձնելու համար դիմորդը վճարում է 1050 ռուբլի (յուրաքանչյուր քննության համար 350 ռուբլի)։ Եթե քննությունների թիվն անցնում է երեքից, ապա յուրաքանչյուր հաջորդ քննության համար վճարում է 500 ռուբլի։ Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից, քննության համար վճարված գումարը չի վերադարձվում։ Հանրապետական ընդունող հանձնաժողովն իրավունք ունի, նյութական վիճակից ելնելով, առանձին քաղաքացիների ազատելու ընդունելության քննությունների վարձից։
18. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը։ Ընդունելության քննություններն անցկացվում են 1993 թ. հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 16-ը: Դիմորդի քննությունների գրաֆիկը կախված չէ գործերը հանձնելու օրից։ Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում 1993 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 8-ը:
19. Դիմորդներն ընդունելության քննություններին և մասնագիտությունների մրցույթին մասնակցելու հայտը և փաստաթղթերը հանձնում են դիմումում առաջինը նշված բուհը։ Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհում։
Դիմումի հետ ներկայացվում են՝
ա) կրթության մասին վկայականի բնագիրը.
բ) բժշկական տեղեկանք (ձև N 86-ՈՒ).
գ) 6 լուսանկար 3 X 4 սմ չափսի.
դ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթեր ընդունվում են զինհաշվարկային փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի առկայության կամ չզորակոչելու պատճառը հաստատող այլ նշումների դեպքում).
ե) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).
զ) այլ փաստաթղթեր, եթե այդպիսիք պահանջվում են տվյալ մասնագիտության ընդունելության պայմաններով.
է) լրացուցիչ տեղեկանքներ (տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված լինելու մասին).
ը) ընդունելության քննություններին մասնակցելու համար սահմանված վճարը դիմորդները մուծում են համապատասխան բուհում։
20. Քննություններին և մրցույթին մասնակցելու հայտը փոփոխման ենթակա չէ։
21. Բուհերի ընդունելության հետ առնչվող բոլոր վիճելի հարցերը քննում է հանրապետական ընդունող հանձնաժողովը։