ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բնապահպանական հողեր են համարվում բնական, գիտական, գեղագիտական, հանգստի նշանակություն ունեցող և հատուկ պահպանության նպատակով նախատեսված բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը, ինչպես նաև բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի հողերը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «անտառապարկերով,» բառը:
Հոդված 3. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմության և մշակույթի հուշարձանների, դրանց պահպանման գոտիների, ինչպես նաև էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային տարածքների, կանաչապատ տարածքների, բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի պահպանությանը և օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.»:
Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) բնապահպանական պահանջների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատարելու, ներառյալ՝ բնության հատուկ պահպանվող տարածքները, Կարմիր գրքում գրանցված բույսերի աճելավայրերը և կենդանիների ապրելավայրերը, էկոլոգիական միջանցքները, կենսոլորտային տարածքները, վայրի կենդանիների միգրացիոն ուղիները, հողաշերտը, պատմության և մշակույթի հուշարձանները, կանաչապատ տարածքները (բնական աճող կամ արհեստականորեն տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջություն), բուսաբանական այգիները, անտառպարկերը (տեղանքին բնորոշ, ներմուծված, արժեքավոր բուսատեսակների պահպանության, բնական վերարտադրության և օգտագործման համար առանձնացված տարածք), դենդրոպարկերը և հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով.».
2) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային հողերի, բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի հողեր են, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված հողեր.»:
Հոդված 6. Օրենսգրքի 76-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ներդրումային ծրագրերի հիման վրա:»:
Հոդված 7. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը կառավարության սահմանած կարգով տրամադրում է անտառները և անտառային հողերը՝ օգտագործման, իսկ բնության հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական հողերը, բացառությամբ համայնքային սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-301-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2026 թվական: