ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«07» հուլիսի 2026 թ. |
N 33-Ն |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետը՝
Հրամայում եմ
1. Սահմանել նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի մեկից:
|
Նախարար՝
7/7/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 7-ի N 33-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություն) ղեկավարման իրավունքի հավաստագիր (այսուհետև՝ հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց (այսուհետև` հավակնորդ) թեստավորման միջոցով հավաստագրման, ինչպես նաև հավաստագրի դադարեցման գործընթացների հետ կապված իրավահարաբերությունները:
2. Հավաստագրմանը կարող է մասնակցել «Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին բավարարող անձը:
3. Հավաստագրումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ` ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հաստատած ժամանակացույցի:
4. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.
1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն սույն կարգով սահմանած փաստաթղթերի ցանկի.
2) քննություն՝ թեստավորման միջոցով.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ հինգ տարի ժամկետով։
5. Հավաստագրման գործընթացն իրականացնում է սույն կարգի համաձայն ձևավորված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
6. Սույն կարգի համաձայն քննություն հանձնած և դրական արդյունք ցուցաբերած անձը ճանաչվում է հավաստագրված:
7. Հավաստագիրը (Ձև 1) նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կազմակերպած թեստավորման դրական արդյունքի ապահովման դեպքում տրվող փաստաթուղթ է:
8. Հավաստագրված անձին շնորհվում է հավաստագիր՝ ըստ իր կողմից ներկայացված հայտում նշված հաստատության տեսակի, որի հավաստագրման քննությունից նա ցուցաբերել է դրական արդյունք:
9. Հավաստագիրը ձևավորվում է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ում (այսուհետ՝ Համակարգ)՝ ինքնաշխատ եղանակով:
10. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև՝ Նախարարություն) յուրաքանչյուր հավաստագրումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում հրապարակում է հավաստագրված անձանց ցանկը:
2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
11. Հավակնորդի՝ հավաստագրմանը մասնակցելու վերաբերյալ հայտը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ սույն կարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (այսուհետ՝ էլեկտրոնային փաթեթ) մուտքագրելուց և «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո՝ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, Համակարգի միջոցով՝ նախապես գրանցվելով Համակարգում:
12. Նախարարությունը սույն կարգի 3-րդ կետով սահմանված հավաստագրումից առնվազն 1 ամիս առաջ իր պաշտոնական կայքում հրապարակում է հավաստագրման մասին հայտարարություն, որի տեքստում նշվում է.
1) հայտերի ընդունման օրերը, ժամերը, վերջնաժամկետը և Համակարգի հղումը.
2) սույն կարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը.
3) սույն կարգի 26-րդ կետով սահմանված բնագավառները (իրավական ակտերի անվանումներ, հոդվածներ, համապատասխան գրականության ցանկ՝ ըստ բաժինների), որոնցից կազմված է լինելու թեստը:
13. Նախարարության պաշտոնական կայքում թեստավորման հարցաշար չի տեղադրվում:
14. Հավակնորդը հավաստագրմանը մասնակցելու համար հայտը ներկայացնելիս Համակարգում նշում է կատարում նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների առանձին հավաստագրերի, կամ որևէ երկու տեսակի հաստատության հավաստագրերի, կամ բոլոր երեք տեսակների (այսուհետև՝ միասնական) հավաստագրման քննության մասնակցության մասին:
15. Միասնական հավաստագրումը հավակնորդին հնարավորություն է տալիս իր ընտրությամբ մասնակցելու նախադպրոցական կամ հանրակրթական կամ մասնագիտական կամ որևէ երկու կամ երեք տեսակի ուսումնական հաստատությունների միավորմամբ գործող հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին:
16. Նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների միավորմամբ գործող հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին կարող է մասնակցել նաև միաժամանակ երեք տեսակների հաստատությունների առանձին հավաստագրեր ունեցող անձը:
17. Հավաստագիր ստանալու համար Համակարգի իր էջում ներկայացվող հայտում հավակնորդը կարող է նշում կատարել հանրակրթական ուսումնական հաստատություն գործուղվելու համաձայնության, ինչպես նաև գործուղման համար նախընտրելի մարզի (Երևան քաղաքի) մասին, որի դեպքում կցում է նաև վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվության վերաբերյալ տեղեկանք կամ գրություն՝ տրված համապատասխան մարմնի կողմից:
18. Հավակնորդի էլեկտրոնային փաթեթը ներառում է.
1) բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը.
2) վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժի մասին հավաստող փաստաթուղթ.
3) անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը։
19. Նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետև՝ ստորաբաժանում) սույն կարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է հավակնորդների ներկայացրած փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին, ամփոփում և քննության մասնակից հավակնորդների անվանացանկը ներկայացնում է Նախարարության գլխավոր քարտուղարի հաստատմանը:
20. Էլեկտրոնային փաթեթն ամբողջական չլինելու կամ կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ստորաբաժանումը Համակարգում այդ մասին կատարում է նշում: Հավակնորդը 2 աշխատանքային օրվա ընթացքում հնարավորություն է ունենում թերությունները շտկելու:
21. Լրամշակված էլեկտրոնային փաթեթն ընդունվում է՝ անկախ փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց:
3. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
22. Ստորաբաժանումը ըստ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի (որը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքում) տվյալ օրվա քննության մասնակիցների անվանացանկը քննության անցկացման օրվանից 1 աշխատանքային օր առաջ տրամադրում է Հանձնաժողովին:
23. Հավաստագրման յուրաքանչյուր օրվա խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 30 հավակնորդ: Խմբերը կազմվում են ինքնաշխատ եղանակով:
24. Նախարարությունն ապահովում է քննության անցկացման վայրը, հարմարեցված տարածքը և քննության մասնակցության մատչելիությունը:
25. Հավակնորդը քննության անցկացման օրվա և ժամի մասին ծանուցում ստանում է նաև Համակարգի իր էջում:
26. Յուրաքանչյուր տեսակի հաստատության հավաստագրման քննության թեստի բովանդակությունը կազմվում է տվյալ տեսակի հաստատության ոլորտային ստորաբաժանման կողմից: Թեստի բովանդակային բաղադրիչներն են`
1) ընդհանրական օրենսդրություն՝
ա. Սահմանադրություն.
բ. Աշխատանքային օրենսգիրք.
գ. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք.
դ. «Կրթության մասին» օրենք,
2) տվյալ տեսակի հաստատության բնագավառը կանոնակարգող օրենք և ենթաօրենսդրական իրավական ակտեր,
3) կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում:
27. Ըստ ներկայացված հայտի՝ յուրաքանչյուր հավակնորդի համար հավաստագրման քննության ժամանակ ձևավորվում են իր ընտրած հաստատության տեսակի ոլորտին առնչվող հարցեր:
4. ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
28. Թեստավորումն անցկացվում է ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ Նախարարության կողմից ստեղծված Համակարգի միջոցով։
29. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով, այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հավակնորդների կարիքներին համապատասխան։
30. Թեստավորմանը մասնակցելու համար Հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Հավակնորդի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ:
31. Հավակնորդների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:
32. Թեստավորմանը Հավակնորդին արգելվում է իր հետ սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, ինչպես նաև թեստավորման ընթացքում Հավակնորդին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ թեստավորման սենյակում գտնվող անձանց:
33. Հանձնաժողովի քարտուղարը Հավակնորդներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում նրանց հարցերին:
34. Թեստավորման յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը կամ անպատասխան թողնված հարցը՝ 0 միավոր:
35. Սույն կարգի 32-րդ կետի պահանջների խախտման դեպքում Հավակնորդի մասնակցությունը քննությանը դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում 0 միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն, որը վավերացվում է Հանձնաժողովի նախագահի կողմից:
36. Համակարգ մուտք գործելուց հետո յուրաքանչյուր տեսակի հաստատության հավաստագրման համար միասնական բազայից Հավակնորդի համար ինքնաշխատ եղանակով ձևավորվում է տվյալ տեսակի հաստատության հավաստագրի համար նախատեսված ուղղություններին առնչվող թեստ՝
1) մեկ ոլորտի համար դիմելու դեպքում՝ 60 հարցից բաղկացած, որի համար Հավակնորդին տրվում է 60 րոպե ժամանակ:
2) երկու ոլորտի համար դիմելու դեպքում՝ 80 հարցից բաղկացած, որի համար Հավակնորդին տրվում է 80 րոպե ժամանակ:
3) երեք ոլորտի համար դիմելու դեպքում՝ 100 հարցից բաղկացած, որի համար Հավակնորդին տրվում է 100 րոպե ժամանակ:
37. Թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտից 10 րոպե առաջ մասնակիցն էկրանին ստանում է ծանուցում սահմանված ժամանակի ավարտի մասին:
38. Թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտից հետո թեստային առաջադրանքների կատարման հասանելիությունն արգելափակվում է:
39. Մասնակիցը կարող է ավարտել աշխատանքը մինչև թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտը: Եթե մասնակիցը մինչև թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտը չի ավարտել թեստը, ապա Համակարգն ինքնաշխատ պահպանում է մասնակցի ընտրած թեստային առաջադրանքների պատասխանների վերջին տարբերակները:
40. Թեստում ներառված են փակ բազմընտրանքային հարցեր:
41. Հավակնորդը ծանոթանում է հարցերին և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ` իր կարծիքով ճիշտ պատասխանը:
42. Աշխատանքն ավարտելուց հետո Հավակնորդը սեղմում է թեստի ներքևում գտնվող «Ավարտել» կոճակը։ «Ավարտել» կոճակը սեղմելուց հետո Համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է ամփոփաթերթ, որտեղ նշվում են Հավակնորդի կողմից յուրաքանչյուր առաջադրանքին տրված պատասխանը, տվյալ առաջադրանքի ճիշտ պատասխանը, ճիշտ պատասխանների քանակը և ընդհանուր առաջադրանքների համեմատ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը։
43. Հավակնորդը համարվում է հավաստագրված այն հաստատության ղեկավարման համար, որի հավաստագրման համար ներկայացվող թեստի հարցերի ճիշտ պատասխանները 80 % և ավելի է:
44. Միաժամանակ մեկից ավելի տեսակի ուսումնական հաստատությունների հավաստագրման համար դիմած լինելու դեպքում հավակնորդը ստանում է այն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը, որի թեստավորումից ապահովել է սույն կարգի 43-րդ կետով սահմանված արդյունքը:
45. Թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո Համակարգը փակում է առաջադրանքների կատարման համար նախատեսված պատուհանը, և ինքնաշխատ եղանակով ձևավորում է սույն կարգի 42-րդ կետում նշված ամփոփաթերթը։
46. Ամփոփաթերթը ձևավորվելուց հետո հասանելի է Համակարգում՝ Հանձնաժողովի և տվյալ հավակնորդի էջում։
47. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար նախատեսված ժամանակը լրանալուց հետո Համակարգը ինքնաշխատ ձևով կազմում է արձանագրություն, որտեղ նշվում է յուրաքանչյուր Հավակնորդի անունը, ազգանունը, հայրանունը, ճիշտ պատասխանների քանակը և բոլոր առաջադրանքների համեմատությամբ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը։ Արձանագրությունը հրապարակվում է Համակարգի համապատասխան ցուցանակի վրա:
5. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
48. Թեստավորման ավարտից հետո Հավակնորդը 1 ժամվա ընթացքում կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացնել թեստավորման արդյունքների բողոքարկման դիմում: Թեստի կամ համակարգչի տեխնիկական բնույթի խնդրի առկայության դեպքում Հավակնորդի ներկայացրած բողոքը ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում արձանագրվում և բանավոր կերպով պարզաբանվում է:
49. Թեստավորման արդյունքի վերաբերյալ Հավակնորդի ներկայացրած էլեկտրոնային բողոքը քննում է հանձնաժողովը:
50. Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքները գրավոր բողոքարկման դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է բողոքը ներկայացրած Հավակնորդին։ Բողոքի քննարկման արդյունքի մասին որոշում ընդունվում է բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
51. Հանձնաժողովը չի քննարկում՝
1) սույն կարգի 48-րդ կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը.
2) Հավակնորդի կողմից անուշադրության հետևանքով թեստում սխալ նշում կատարելու վերաբերյալ դիմումները:
52. Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում Հավակնորդի աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին:
53. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Հավակնորդի բողոքը և սխալ է համարում որևէ հարց, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր Հավակնորդների միավորներն ավելացվում են մեկով:
54. Հանձնաժողովը հանձնման ակտով ստորաբաժանմանը փոխանցում է քննության փաթեթը, որը ներառում է Հանձնաժողովի կողմից կազմված կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`
1) Հավակնորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
2) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին Համակարգի կազմած արձանագրությունը:
55. Ստորաբաժանումը սույն կարգի 54-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է:
56. Հավաստագրի գործողության դադարեցման դեպքերը սահմանված են «Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 2-րդ մասով: Հավաստագրի գործողության դադարեցումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Նախարարությունը իր պաշտոնական կայքում հրապարակում է այն անձանց ցանկը, որոնց հավաստագրի գործողությունը դադարեցվել է:
6. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
57. Հավաստագրման քննության անցկացման և հավաստագրման գործընթացն իրականացվում է հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի կողմից:
58. Հանձնաժողովը բաղկացած է 3 անդամից:
59. Հանձնաժողովի կազմը հաստատում է Նախարարը:
60. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Նախարարության ներկայացուցիչներ:
61. Հանձնաժողովը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ.
1) Նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ, որն ի պաշտոնե Հանձնաժողովի նախագահն է, իսկ նրա բացակայության դեպքում` Նախարարության հանրակրթության կամ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ, իսկ նրանց բացակայության դեպքում` նույն վարչությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը՝ Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ,
2) Նախարարության հանրակրթության կամ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության մեկ այլ ներկայացուցիչ,
3) մեկ ներկայացուցիչ Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունից, որը Հանձնաժողովի քարտուղարն է:
62. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում է տվյալ հավաստագրման գործողություններն ավարտվելուց հետո:
63. Հանձնաժողովի խնդիրը հավաստագրման անցկացման կազմակերպումն է:
64. Հանձնաժողովի գործունեությունը նպատակաուղղված է Հավակնորդների.
1) քննությունների անցկացմանը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) շնորհման ներկայացմանը,
3) բողոքների քննարկմանը և դրանց հիման վրա` արդյունքների վերանայմանը:
65. Հանձնաժողովը`
1) Ստորաբաժանումից ստանում է հավաստագրման ենթակա հավակնորդների ցանկը,
2) անցկացնում է հավաստագրում, առկայության դեպքում` բողոքների քննարկում` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան,
66. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) կազմակերպում է հավաստագրման գործընթացի հսկողությունը.
3) որոշում է հավաստագրման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ:
67. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
2) բացատրում է քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:
68. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հավաստագրման անցկացմանը և հսկում դրա ընթացքը, կասեցնում հավակնորդների կողմից կատարված և հանձնաժողովի կողմից նկատված խախտումները.
2) մասնակցում է քննության արդյունքում Հանձնաժողովի կողմից անցկացվող քվեարկություններին.
3) ծանոթանում է նիստերի արձանագրություններին:
7. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ
69. Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստագրման քննություններին կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով` առնվազն մեկ օր առաջ գրանցվելով Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում:
70. Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել լրատվամիջոցի (կազմակերպության) տնօրինության կողմից պաշտոնական նամակ՝ Նախարարի անունով, որում նշված կլինեն լուսաբանող լրագրողի կամ հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, աշխատանքային և բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:
71. Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները՝ նաև 1 օպերատոր).
72. Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև քննության մեկնարկը ներկայանալ հավաստագրման քննության հանձնաժողովի նախագահին` ներկայացնելով դիտորդի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:
73. Դիտորդը պարտավոր է քննության ընթացքում պահպանել լռություն և ոչ մի ձևով չխաթարել քննության բնականոն ընթացքը:
74. Հավաստագրման քննության մասնակից դիտորդը լրագրողական աշխատանքը կարող է իրականացնել քննասենյակում՝ միայն Հանձնաժողովի նախագահի ներկայությամբ:
75. Դիտորդի՝ սույն կարգի 72-74-րդ կետերով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հանձնաժողովն իրավունք ունի որոշում կայացնելու դիտորդին քննասենյակից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև գրավոր դիմելու Նախարարին՝ տվյալ անձի դիտորդի կարգավիճակը չեղյալ համարելու վերաբերյալ:
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_______________ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
|
ՍԵՐԻԱ Ա |
N 0000 |
_____________________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
Իրավունք ունի
մասնակցելու __________________________ ուսումնական
հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին
|
Նախարար _________________________ (ստորագրություն) |
__________________________________ (անուն, ազգանուն) |
|
«_____» _________________ 20____ թ. | |
|
Հավաստագիրը վավեր է մինչև «___» _______20__ թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2026 թվական: