Օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ: Տես 22-րդ հոդվածը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճին, օտարերկրյա և տեղական ներդրումների ներգրավմանը, ներդրումների համար կանխատեսելի, բարենպաստ, մրցակցային ու պաշտպանված իրավական միջավայրի բարելավմանը:
Ներդրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է իրավական կարգավորման որոշակիության և կանխատեսելիության ապահովումը, պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրականացվող քաղաքականության և վարչարարության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովումը, օրենսդրության, դատական պաշտպանության և վարչարարության արդար, ոչ խտրական և իրավահավասար կիրառումը ներդրողների նկատմամբ, կայուն և ներառական տնտեսական զարգացմանն աջակցումը, որն ուղղված է բարձրորակ օտարերկրյա և տեղական ներդրումների ավելացմանը, տնտեսության ճյուղերի և ներդրումների աղբյուրների տարատեսականացմանը, շրջակա միջավայրի պահպանությանն ու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացմանը միտված ներդրումների ներգրավմանը, որպես ներդրումների իրականացման երկիր՝ Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացմանը՝ խթանելով նրա ուրույն առավելությունները, ամրապնդելով ինստիտուցիոնալ կարողությունները, պահպանելով կայուն և արդար ներդրումային միջավայր:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է`
1) Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը.
2) ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները և ներդրողների իրավունքները և այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը.
3) ներդրողների պարտականությունները.
4) ներդրումային խթանների (արտոնությունների) իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը.
5) Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:
2. Սույն օրենքը տարածվում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների ու ներդրումների վրա:
3. Սույն օրենքը չի տարածվում, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող ֆինանսական կազմակերպությունների վերակառուցման գործընթացի վրա։
| Հոդված 2. | Օրենքի և միջազգային պայմանագրերի հարաբերակցությունը |
1. Սույն օրենքի դրույթների մեկնաբանումը և կիրառումը չեն սահմանափակում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ներդրողների իրավունքները և երաշխիքները: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի և սույն օրենքի դրույթների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի դրույթները:
| Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1․ Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ներդրում՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով հետևյալ ակտիվների օրինական ձեռքբերումը, հատկացումը, ստեղծումը կամ օգտագործումը (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի), պայմանով, որ այդ ակտիվներն օգտագործվում են կամ ակնհայտորեն ձեռք են բերվել (հատկացվել են, ստեղծվել են) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով.
ա. գույքը (ներառյալ դրամական միջոցները, ինչպես նաև տեղեկատվությունը կամ մտավոր սեփականության օբյեկտների (այդ թվում՝ գյուտերի, արդյունաբերական դիզայնի և արտադրության գաղտնիքների (նոու-հաու), ապրանքային նշանների (սպասարկման նշանների)) նկատմամբ իրավունքները),
բ. բաժնետոմսը, բաժնեմասը, փայը և առևտրային կազմակերպությունում կամ ներդրումային ֆոնդում բաժնեմասնակցություն վկայող այլ իրավունքներ կամ գործիքներ (այսուհետ` բաժնեմասնակցություն), ինչպես նաև այլ արժեթղթեր,
գ. տնտեսական արժեք ներկայացնող պահանջի իրավունքները, որոնք ուղղակիորեն կամ սերտորեն կապված են ներդրման հետ,
դ. գույքային իրավունքները, կոնցեսիոն իրավունքները, լիցենզիաները, շահագործման կամ այլ թույլտվություններ կամ համանման իրավունքներ, որոնք վերապահված են օրենքով կամ պայմանագրով, ներառյալ բնական ռեսուրսների որոնման, մշակման, արդյունահանման կամ շահագործման իրավունքները,
ե. ներդրման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված նոր ակտիվը․
2) ներդրող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարող ֆիզիկական անձ (անկախ քաղաքացիությունից, դրա բացակայությունից կամ ռեզիդենտությունից), իրավաբանական անձ (անկախ գրանցման կամ ռեզիդենտության երկրից), ներդրումային ֆոնդ, ինչպես նաև պետություններ ու համայնքներ․
3) ներդրումային ծրագիր` ներդրողի կողմից շահույթի (եկամտի) ստացման կամ արժեք ստեղծող գործողությունների պլան, որը նախանշում է ներդրողի կողմից կատարվելիք ներդրումների նպատակը, ծավալը, բյուջեն, աղբյուրները, ժամկետները, եղանակները, եկամտաբերությունը կամ ստեղծվելիք արժեքը, արդյունքները և հնարավոր ռիսկերը․
4) հսկողություն կամ նշանակալի ազդեցություն` որոշումներն ուղղորդելու կամ դրանց վրա էականորեն ազդելու ունակություն, այդ թվում՝ քվեարկության իրավունքի, խորհրդում ներկայացվածության, արգելք դնելու իրավունքների, բաժնետիրական համաձայնագրերի կամ նմանատիպ պայմանավորվածությունների միջոցով․
5) օտարերկրյա ներդրող` օտարերկրյա պետությունը, օտարերկրյա համայնքը, այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, կամ որի հիմնական բնակության վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, կամ այն կազմակերպությունը, որն ստեղծվել է այլ պետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված այն կազմակերպությունը, որի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ձևով նշանակալի ազդեցություն կամ հսկողություն ունեն այդպիսի անձինք կամ կազմակերպությունները․
6) տեղացի ներդրող` օտարերկրյա ներդրող չհամարվող ներդրողը։
2. Սույն օրենքի իմաստով՝ ներդրում չեն համարվում պորտֆելային ներդրումները, որոնք չեն ապահովում հսկողություն կամ նշանակալի ազդեցություն կազմակերպության նկատմամբ և ձեռք են բերվում հիմնականում կարճաժամկետ եկամտի, գնի աճի կամ իրացվելիության համար և ուղղված չեն երկարատև տնտեսական հարաբերությունների հաստատմանը։ Ընդ որում, պորտֆելային ներդրումները ներառում են հետևյալը, բայց չեն սահմանափակվում դրանցով.
1) ընկերությունում 10 տոկոսից պակաս ցուցակված քվեարկող բաժնային արժեթղթերով մասնակցությունը, որը չի տալիս ինչպես տնօրենների խորհրդում ներկայացված լինելու, այնպես էլ կառավարման իրավունքներ, բացառությամբ փոքրամասնություն կազմող բաժնետերերի պաշտպանության նպատակով սահմանված իրավունքների․
2) 12 ամիս կամ դրանից պակաս սկզբնական մարման ժամկետով պարտքային արժեթղթերի ձեռքբերումը․
3) շուկայական արժեթղթերում և ածանցյալ գործիքներում ներդրումը, որը չի հանգեցնում թողարկողի նկատմամբ հսկողության կամ նշանակալի ազդեցության․
4) առևտրային դեբիտորական պարտքերը և պահանջները, որոնք առաջանում են բացառապես ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման կամ աշխատանքի կատարման պայմանագրերից։
ԳԼՈՒԽ 2
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| Հոդված 4. | Ներդրումների պաշտպանության շրջանակը |
1. Սույն օրենքով նախատեսված պաշտպանությունը տարածվում է ներդրումների, դրանցից օրինական ճանապարհով ստացված եկամտի, շահաբաժինների, ինչպես նաև դրանց օրինական օգտագործման վրա։
2․ Հայաստանի Հանրապետությունը չի երաշխավորում ներդրման հաջողությունը և պատասխանատվություն չի կրում գործարար գործունեությանը բնորոշ գործարար, շուկայական, գործառնական կամ ձեռնարկատիրական գործունեությանը բնորոշ այլ ռիսկերի համար։
3․ Ներդրողներն ունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասը հատուցվում է սույն օրենքով, այլ օրենքներով, միջազգային պայմանագրերով կամ ներդրողի հետ Հայաստանի Հանրապետության կնքած պայմանագրով նախատեսված կարգով և չափով:
| Հոդված 5. | Սահմանադրական երաշխիքներն ու ներդրումներ իրականացնելու ազատությունը |
1. Հայաստանի Հանրապետությունը, Սահմանադրությանը համապատասխան, երաշխավորում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը և սեփականության, այդ թվում` մտավոր սեփականության բոլոր ձևերի պաշտպանությունը:
2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և պայմաններով կատարվող ներդրումների ազատությունը։ Սույն երաշխիքը չի բացառում օրենքով ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ լիցենզավորման, որոշակի պահանջների կամ այլ թույլտվությունների սահմանումը, որոնք չպետք է լինեն կամայական, խտրական կամ անհամաչափ և պետք է բխեն հանրային շահերի պաշտպանության նպատակներից:
3. Հայաստանի Հանրապետությունում որոշակի ոլորտներում, աշխարհագրական տարածքներում կամ կազմակերպություններում ներդրումների կատարման ազատությունը կարող է սահմանափակվել կամ արգելվել բացառապես հանրային առողջապահության, շրջակա միջավայրի պահպանման և կլիմայական ռիսկերի մեղմման, ֆինանսական և գների կայունության ապահովման, Հայաստանի Հանրապետության հանրային կարգը, ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունն ապահովելու գերակա նպատակներով՝ բացառապես օրենքով։ Նման սահմանափակումները և արգելքները պետք է լինեն որոշակի, ոչ խտրական և համարժեք:
| Հոդված 6. | Խտրականության բացառումը |
1. Օտարերկրյա ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործում ու երաշխավորվում է ազգային ռեժիմը (National Treatment): Ազգային ռեժիմի ներքո օտարերկրյա ներդրողները նմանատիպ պայմաններում, իրենց ներդրումների (այդ թվում` դրանց կառավարման, իրականացման, գործարկման, ընդլայնման, վաճառքի կամ այլ ձևով տնօրինման) հետ կապված, ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ։ Օտարերկրյա ներդրողների իրավական երաշխիքները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող նվազ բարենպաստ լինել, քան տեղացի ներդրողների իրավական երաշխիքները։
2. Օտարերկրյա ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործում ու երաշխավորվում է առավել բարենպաստության ռեժիմը (Most Favoured Nation): Առավել բարենպաստության ռեժիմի ներքո Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա ներդրողների ու նրանց ներդրումների (այդ թվում` դրանց կառավարման, իրականացման, գործարկման, ընդլայնման, վաճառքի կամ այլ ձևով տնօրինման) նկատմամբ նմանատիպ պայմաններում երաշխավորում է ոչ պակաս բարենպաստ պայմանների կիրառում, քան կիրառվում են որևէ այլ պետությունների ներդրողների կամ նրանց ներդրումների նկատմամբ, բացառությամբ միջազգային արբիտրաժ դիմելու իրավունքի, ինչպես նաև այն դեպքերի, որոնք բխում են միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի, հարկային ռեժիմի կարգավորումներից և այլ միջազգային պայմանագրերից:
| Հոդված 7. | Կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը |
1. Ներդրողներն իրավունք ունեն ազատորեն ու առանց Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից անհարկի ձգձգումների, ներառյալ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետների, իսկ այդպիսի ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ համապատասխան գործընթացի բնույթով պայմանավորված՝ ողջամիտ ժամկետների խախտմամբ կատարված ձգձգումների, Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրելու, առաքելու, ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից փոխադրելու, առաքելու, արտահանելու արժութային արժեքներ: Ընդ որում, փոխադրվող, առաքվող, ներմուծվող կամ արտահանվող արժութային արժեքների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ֆինանսական համակարգի կայունության պահպանման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ռիսկերի կանխարգելման և վիճակագրական նպատակներով սահմանված կարգերը և պայմանները, ինչպես նաև հայտարարագրման ռեժիմը:
2. Ներդրողներն իրավունք ունեն փոխանակելու իրենց արտարժույթը ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող և իրենց նախընտրած ազատ փոխարկելի արտարժույթով` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
3. Ներդրողներն իրավունք ունեն ազատորեն ու առանց պետական մարմինների կողմից անհարկի ձգձգումների Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրելու, առաքելու, ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից փոխադրելու, առաքելու, արտահանելու քաղաքացիական շրջանառությունից չհանված ու օրենքով չարգելված գույք: Ընդ որում, փոխադրվող, առաքվող, ներմուծվող կամ արտահանվող գույքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային, հարկային, բնապահպանական, առողջապահական, անվտանգային ընթացակարգերն ու պահանջները:
4. Սույն հոդվածով սահմանված ազատություններն ու երաշխիքները կարող են օրենքով կամ օրենքով սահմանված կարգով սահմանափակվել սնանկության, քրեական, վարչական, դատական, հարկային կամ մաքսային, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված վարչարարության վարույթների շրջանակում:
| Հոդված 8. |
Ներդրումների պաշտպանությունը |
1. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է ներդրողների կատարած ներդրումների պաշտպանությունն ուղղակի կամ անուղղակի էքսպրոպրիացիայից:
2. Սույն օրենքի իմաստով՝ ուղղակի էքսպրոպրիացիա է համարվում պետության (պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի) պաշտոնական գործողությունը կամ միջոցառումը, որը հանգեցնում է ներդրման կամ դրա որևէ մասի հարկադրաբար վերցնելուն կամ առգրավմանը, ներառյալ բռնագանձմանը, օտարմանը, ռեկվիզիցիային, բռնագրավմանը կամ պետականացմանը (ազգայնացմանը)՝ սեփականության իրավունքից զրկելու միջոցով։
3. Սույն օրենքի իմաստով՝ անուղղակի էքսպրոպրիացիա է համարվում պետության կողմից դիտավորյալ և խտրական գործողությունների կատարումը կամ որոշումների կայացումը, որը հանգեցրել է (նույնիսկ եթե սեփականության իրավունքի փոխանցում կամ տիրապետումից զրկում տեղի չի ունեցել) ներդրման օգտագործման, արժեքի կամ տնտեսական օգուտի էական և երկարատև զրկման։
4. Օրինական պարտավորությունների հարկադիր կատարմանն ուղղված՝ օրենքին համապատասխան իրականացված միջոցառումները, ներառյալ պարտքերի գանձումը, հարկային պարտավորությունների կատարումը կամ դատական ակտերի կատարումը, ուղղակի էքսպրոպրիացիա չեն համարվում։ Այդպիսի միջոցառումները չեն համարվում նաև անուղղակի էքսպրոպրիացիա, քանի դեռ, հաշվի առնելով և վերլուծելով համապատասխան գործի առանձին փաստերը, սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն, այլ բան չի որոշվել։
5․ Փոխկապակցված մի քանի միջոցառումները կարող են համարվել անուղղակի էքսպրոպրիացիա, նույնիսկ եթե յուրաքանչյուր միջոցառում առանձին-առանձին նման ազդեցություն չի ունենա։ Որոշելու համար, թե արդյոք որևէ միջոցառում կամ միջոցառումների շարք համարվում է անուղղակի էքսպրոպրիացիա, անհրաժեշտ է հաշվի առնել և վերլուծել յուրաքանչյուր գործի առանձին փաստերը, որի ընթացքում պետք է պատշաճ ուշադրություն դարձվի միջոցառման նպատակին և բնույթին, ներդրողի առանձին, ողջամիտ ներդրումային սպասումներին, ինչպես նաև հետապնդվող հանրային նպատակի և ներդրման վրա ազդեցության միջև համաչափությանը։
6․ Արտակարգ կամ ռազմական դրությամբ, ինչպես նաև հանրային շահով պայմանավորված և օրինական նպատակների համար, ինչպիսիք են հանրային առողջապահությունը, ազգային անվտանգությունը կամ շրջակա միջավայրի պահպանությունը և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը, ֆինանսական կայունությունը, ոչ խտրական կարգավորիչ և վերահսկողական միջոցառումները, եթե իրականացվել են օրենքի պահանջների պահպանմամբ, չեն համարվում անուղղակի էքսպրոպրիացիա, եթե դրանք ակնհայտորեն չափազանց կամ անհամաչափ չեն իրենց նպատակի նկատմամբ:
7. Հայաստանի Հանրապետությունում ոչ իրավաչափ ձևով (օրենքով սահմանված հիմքերի բացակայությամբ կամ եթե, չնայած կիրառվել են օրենքով սահմանված հիմքեր, սակայն իրականում այդպիսի հիմքերի փաստացի բացակայության պայմաններում նպատակը եղել է ներդրողին սեփականությունից զրկելը) ուղղակի էքսպրոպրիացիայի իրականացումը, ինչպես նաև անուղղակի էքսպրոպրիացիան արգելվում են, իսկ եթե ի խախտումն այդ արգելքի՝ դրանք տեղի են ունեցել, ապա ներդրողն իրավունք ունի ստանալու սույն հոդվածի 9-11-րդ մասերով, ինչպես նաև միջազգային կամ այլ պայմանագրերով սահմանված համարժեք փոխհատուցում:
8. Հայաստանի Հանրապետությունում կատարված ներդրումների ուղղակի էքսպրոպրիացիա կարող է տեղի ունենալ հանրային գերակա շահի ապահովման կամ արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմների շրջանակում` օրենքով սահմանված հիմքերով ու կարգով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում, որը պետք է տեղի ունենա սույն հոդվածի 9-11-րդ մասերով սահմանված սկզբունքների և պահանջների պահպանմամբ:
9. Հանրային գերակա շահի, արտակարգ դրության և ռազմական դրության հետ կապված փոխհատուցման ռեժիմները սահմանվում են Սահմանադրությամբ, ինչպես նաև համապատասխանաբար «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներով։ Պարտավորությունների համար գույքի վրա բռնագանձումը տարածվում է, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում դատավճռով կամ վճռի հիման վրա գույքը (այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքը) կարող է վերցվել (բռնագանձվել, բռնագրավվել) անհատույց ձևով: Օրենքով նախատեսված այլ դեպքերում իրականացվող ուղղակի էքսպրոպրիացիայի, ոչ իրավաչափ ձևով իրականացված ուղղակի էքսպրոպրիացիայի, ինչպես նաև անուղղակի էքսպրոպրիացիայի ժամանակ տրվում է համարժեք փոխհատուցում՝ ի լրումն օրենքով սահմանված այլ պահանջների և ընթացակարգերի՝ նաև հետևյալ սկզբունքների պահպանմամբ.
1) ոչ խտրական, արագ, համարժեք և արդյունավետ կերպով․
2) գույքի արդար շուկայական արժեքի նախնական փոխհատուցմամբ` օրենքով նախատեսված դեպքերում, իսկ օրենքով նախնական փոխհատուցման պահանջ սահմանված չլինելու դեպքում` ողջամիտ ժամկետներում․
3) գույքի արդար շուկայական արժեքի որոշումը` սույն հոդվածի 10-րդ մասի պահանջների հաշվառմամբ:
10. Փոխհատուցումը պետք է համարժեք լինի էքսպրոպրիացված ներդրման արդար շուկայական արժեքին անմիջապես էքսպրոպրիացումից առաջ կամ դրա հրապարակային իմացության պահից (որը ավելի վաղ լինի) և չպետք է արտացոլի արժեքի որևէ փոփոխություն, որը տեղի է ունեցել նախատեսված էքսպրոպրիացիայի մասին իմացության պատճառով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով այլ բան է սահմանված հանրային գերակա շահի, արտակարգ դրության կամ ռազմական դրության հետ կապված փոխհատուցման ռեժիմների համար։ Փոխհատուցումը կարող է ներառել տոկոսագումար՝ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքով հաշվարկված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Եթե արդար շուկայական արժեքը հնարավոր չէ որոշել, ապա փոխհատուցումը պետք է որոշվի՝ հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոններն ու հանգամանքները, ներառյալ կատարված ներդրումը, ներդրման բնույթը և տևողությունը, փոխարինման արժեքը, հաշվեկշռային արժեքը և գուդվիլը (goodwill)։ Ընդ որում, ներդրման փոխհատուցման մեջ չեն ներառվում բաց թողնված օգուտը և այլ վնասներ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ ներդրողի հետ Հայաստանի Հանրապետության կնքած պայմանագրով այլ բան սահմանված չէ:
11. Սույն հոդվածի իմաստով՝ արդար շուկայական արժեք է համարվում այն արժեքը, որը որոշվում է շուկայական արժեքի որոշման հնարավոր մեթոդաբանություններից այն մեթոդաբանության հիման վրա, որն առավելապես հաշվի է առնում էքսպրոպրիացիայի փաստացի հանգամանքները և ներդրողին արդարացի փոխհատուցում վճարելու հրամայականը:
| Հոդված 9. | Ներդրողների պաշտպանությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում ներդրողներն օգտվում են իրավական պաշտպանության հետևյալ միջոցներից.
1) արդարադատության մատչելիության իրավունքից` քրեական, քաղաքացիական կամ վարչական և այլ դատական վարույթներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված վեճերի լուծման արտադատական միջոցներից.
2) դատական, արտադատական և վարչական վարույթներում օրենքով սահմանված ընթացակարգերի պատշաճ կիրառման իրավունքից, որը, ի թիվս այլոց, ներառում է որոշումների կայացման էական ձգձգումների, ներառյալ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետների, իսկ այդպիսի ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ համապատասխան գործընթացի բնույթով պայմանավորված ողջամիտ ժամկետների խախտումների բացառումը, ինչպես նաև դատական և վարչարարական որոշումների և ընթացակարգերի թափանցիկության ապահովումը․
3) դատական, վարչարարական և իրավապահ մարմինների որոշումներում որևէ խտրականության կամ կամայականության բացառումից․
4) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ներդրողների նկատմամբ ճնշումների, անօրինական հարկադրանքի, սպառնալիքի բացառումից․
5) ֆիզիկական պաշտպանվածությունից և անվտանգությունից, որը ներառում է իրավասու մարմինների պարտավորությունը՝ ձեռնարկելու ողջամիտ միջոցներ՝ արձագանքելու բռնության, վանդալիզմի կամ երրորդ կողմերի կողմից իրականացվող անօրինական միջամտության գործողություններին և կանխելու դրանք, որոնք կարող են ֆիզիկական վնաս հասցնել ներդրմանը կամ վտանգել ներդրողի անձնական անվտանգությունը․
6) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված և ներդրողներին ու ներդրումներին վերաբերելի այլ միջոցներից։
| Հոդված 10. | Օրինական ներդրումները |
1. Սույն օրենքով նախատեսված իրավունքները, երաշխիքները և պաշտպանությունները, բացառությամբ նրանց, որոնք համընդհանուր սահմանադրական կիրառություն ունեն, կիրառվում են միայն բարեխղճորեն կատարված օրինական ներդրումների նկատմամբ։
2. Խարդախության, կոռուպցիայի, փողերի լվացման, կեղծ տեղեկատվության տրամադրման, իրական շահառուին թաքցնելու, միջազգային պատժամիջոցների խախտմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքների լուրջ (էական) խախտմամբ ստեղծված, ձեռք բերված կամ շահագործվող ներդրումների վրա չեն տարածվում սույն օրենքով նախատեսված պաշտպանությունը և երաշխիքները:
| Հոդված 11. | Հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները |
1. Ներդրողները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան, կարող են Հայաստանի Հանրապետությունում հողի նկատմամբ ունենալ սեփականության կամ այլ գույքային իրավունքներ:
| Հոդված 12. | Աշխատողներ վարձելու իրավունքը |
1. Ներդրողները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, ինչպես նաև միգրացիայի ոլորտը կանոնակարգող օրենսդրությանը համապատասխան, կարող են Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի ընդունել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրացի քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող աշխատողների:
| Հոդված 13. | Ներդրողների պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Ներդրողները պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, առողջապահական ու անվտանգային նորմերը և իրենց նկատմամբ պարտադիր կիրառելի կորպորատիվ կառավարման կանոնները, հարգել մշակույթն ու մշակութային արժեքները, գործարար ու այլ սովորույթները, աշխատողների իրավունքները, հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին և հետևել կլիմայի փոփոխության քաղաքականության սկզբունքներին, պատշաճ կատարել հարկային ու այլ պարտադիր վճարումներ և հետևել հակակոռուպցիոն օրենսդրության պահանջներին:
2. Ներդրողները պատասխանատվություն են կրում օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև դրանց հետևանքով առաջացած վնասների համար` օրենքով սահմանված դեպքերում և կարգով։
3. Ներդրողի կատարած խախտումների դեպքում իրավասու մարմինը կարող է ձեռնարկել հետևյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը՝ համաձայն կիրառելի օրենսդրության և պատշաճ ընթացակարգի.
1) կասեցնել կամ դադարեցնել ներդրումային խթանների կամ այլ պետական աջակցության հասանելիությունը.
2) պահանջել վերադարձնել ներդրումային խթանից ստացված օգուտները կամ պահանջել համարժեք փոխհատուցում.
3) կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվություն՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
4) դիմել դատարան կամ իրավապահ մարմիններ` ըստ ենթակայության:
4. Պատասխանատվությունը պետք է համաչափ լինի խախտման բնույթին և ծանրությանը և գնահատվի արդարության, թափանցիկության և իրավական որոշակիության սկզբունքներին համապատասխան։
5. Ներդրողի հետ կնքվող պայմանագրում կողմերը կարող են նախատեսել պատասխանատվության այլ միջոցներ ու կիրառման կարգ:
| Հոդված 14. | Վեճերի լուծման մեխանիզմների հասանելիությունը |
1. Ներդրողները, Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունեն օգտվելու վեճերի լուծման դատական և արտադատական պաշտպանության բոլոր միջոցներից:
2. Հայաստանի Հանրապետությունը կարող է համաձայնություն տալ վեճը միջազգային արբիտրաժում լուծվելուն, եթե, համաձայն գործող օրենքների, ներդրումային համաձայնագրերի, միջազգային կամ այլ պայմանագրերի, որոնց կողմ է հանդիսանում, վեճերի լուծումն ընդդատյա է Հայաստանի Հանրապետության դատարաններին։ Նման համաձայնությունը պետք է լինի գրավոր և հստակ:
3. Այն դեպքում, երբ ներդրողի և Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջև ներդրման հետ կապված առաջանում է վեճ, ապա վեճի կողմերը պարտավոր են մինչև իրավասու դատարան կամ արբիտրաժային տրիբունալ դիմելը փորձել վեճը լուծել բանակցությունների միջոցով: Ներդրողի կամ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գրավոր դիմումի հիման վրա մյուս կողմի հետ բանակցությունները պետք է սկսվեն վեճի մասին ծանուցում ներկայացնելու պահից 30 օրվա ընթացքում և ավարտվեն 90 օրվա ընթացքում, եթե կողմերը այլ բան չեն պայմանավորվում կամ այլ ժամկետ սահմանված չէ միջազգային պայմանագրերով կամ կիրառելի տեղական կամ միջազգային գործարար կամ վեճերի լուծման պրակտիկայում: Եթե ծանուցում ստացած կողմը չի պատասխանում 30 օրվա ընթացքում, բանակցությունները չեն կայանում կամ ավարտվում են առանց համաձայնության, ապա ներդրողը կամ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կարող է դիմել առկա իրավական միջոցներին: Բանակցությունների փուլում փոխանակված բոլոր տեղեկությունները մնում են երրորդ անձանց (բացառությամբ դատարանի, արբիտրաժային տրիբունալի, փաստաբանների ու վեճում ներգրավված փորձագետների) համար գաղտնի: Վեճի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի մյուս կողմին առաջարկելու վեճը լուծել հաշտարարության միջոցով:
| Հոդված 15. | Ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունը և կայունությունը |
1. Հայաստանի Հանրապետությունը միջոցներ է ձեռնարկում, որ ներդրողների և ներդրումների նկատմամբ կիրառելի իրավական ակտերի դրույթները լինեն թափանցիկ, հանրամատչելի, որոշակի և հստակ: Նման միջոցները ներառում են հետևյալը, բայց չեն սահմանափակվում դրանցով. նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ու դրանց ընդունված տարբերակների պաշտոնական հրապարակումը, դրանց պաշտոնական պարզաբանումների հրապարակումը, նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումների, ինչպես նաև պետական քաղաքականության նպատակների հրապարակումը, ըստ անհրաժեշտության` նորմատիվ իրավական ակտի օտար լեզուներով պաշտոնական թարգմանությունների կազմակերպումն ու հրապարակումը և իրավական ակտերի դրույթների թափանցիկությունը, հանրամատչելիությունը, որոշակիությունն ու հստակությունը ապահովելու համար այլ անհրաժեշտ միջոցներ:
2. Սույն օրենքով սահմանված երաշխիքներից օգտվող ներդրողները և նրանց ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ այդ երաշխիքներով՝ անկախ այդ երաշխիքների ծավալում կատարված փոփոխություններից կամ դրանց վերացումից՝ այդպիսի փոփոխությունից կամ վերացումից հետո՝ հինգ տարվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված ներդրողի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրով։
ԳԼՈՒԽ 3
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԽԹԱՆՆԵՐԸ (ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
| Հոդված 16. | Ներդրումային խթանների (արտոնությունների) նպատակը, բնույթը և սկզբունքները |
1. Հայաստանի Հանրապետությունը տնտեսության որոշակի ոլորտներում կամ տարածաշրջաններում ներդրումները խրախուսելու նպատակով կարող է սահմանել ներդրումային խթաններ (արտոնություններ):
2. Ներդրումային խթանները կարող են լինել ֆիսկալ (հարկային, մաքսային, ինչպես նաև պետական պարտադիր այլ վճարների գծով), ֆինանսական աջակցության, պետական (իրավական) կարգավորման, պարզեցված վարչարարության, ենթակառուցվածքային (ներառյալ (սակայն չսահմանափակվելով) պետական կամ պետական հսկողության ներքո գտնվող կազմակերպությունների ենթակառուցվածքային նշանակության գույքից կամ հողամասերից օգտվելու արտոնյալ պայմաններ), հողամասի ձեռքբերման աջակցության (մասնավորապես Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և համապատասխան նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ պետական կամ համայնքային հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով, ուղղակի վաճառքի միջոցով, վարձակալության, կառուցապատման տրամադրման, գույքի օտարման ձևով, ինչպես նաև պետական սեփականություն չհանդիսացող հողամասը հանրային գերակա շահ ճանաչելու միջոցով), ենթակառուցվածքի կառուցման կամ զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խթաններ։
3. Ներդրումային խթանները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության ընդունած ներդրումային միջնաժամկետ կամ երկարաժամկետ քաղաքականության նպատակներից:
4. Ներդրումային խթանները սահմանվում են՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները․
1) ոլորտում կամ տարածաշրջանում գործող ներդրողների նկատմամբ խտրականության բացառումը․
2) տնտեսական մրցակցության վրա նվազագույն բացասական ազդեցությունը․
3) նոր աշխատատեղերի ստեղծման կամ դրանց պահպանման հրամայականը.
4) շրջակա միջավայրի պահպանությունը.
5) խթանի համաչափությունը թիրախավորված արդյունքին (այն է՝ խթանը պետք է արդյունավետ միջոց հանդիսանա դրա նպատակին հասնելու և միևնույն ժամանակ պետական ֆինանսների և երրորդ անձանց շահերի վրա բացասական ազդեցություն ունենալու տեսանկյունից)․
6) խթանների արդյունքների չափելիությունը խթանի գործողության ողջ ժամանակահատվածում․
7) խթանից օգտվող ներդրողի և խթանները վերահսկող և վարչարարություն իրականացնող պետական մարմինների հրապարակային հաշվետվողականությունը։
| Հոդված 17. | Ներդրումային խթանների տրամադրման իրավական հիմքերը |
1. Ներդրումային խթանները սահմանվում են օրենքով, իսկ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում՝ նաև Կառավարության կամ պետական իրավասու այլ մարմնի որոշումներով կամ Հայաստանի Հանրապետության` ի դեմս Կառավարության կամ վերջինիս լիազորած մարմնի և ներդրողի միջև կնքված ներդրումային պայմանագրով։ Ներդրումային պայմանագրի հիմնական պայմանները, չափորոշիչները և գերակա ներդրումային ուղղությունները սահմանում է Կառավարությունը։
2. Ֆիսկալ բնույթի խթանները սահմանվում են հարկային օրենսդրությամբ կամ համապատասխան պետական պարտադիր վճարը կամ տուրքը սահմանող օրենքներով։
| Հոդված 18. | Ներդրումային խթանների վարչարարությունը |
1. Ներդրումային խթանների համար դիմելու, դրանք ստանալու, հաշվետվողականության չափանիշները պահպանելու ընթացակարգերի վարչարարությունը, վերահսկողությունը, ինչպես նաև Կառավարության սահմանած կարգով գնահատումն ու մշտադիտարկումն իրականացնում է ներդրումների խթանման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին), եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան խթանը սահմանող օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով։
2. Լիազոր մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ներդրումային խթանների հրապարակային ռեեստրը։
ԳԼՈՒԽ 4
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՇՐՋԱՆԱԿԸ
| Հոդված 19. | Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինները |
1. Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը մշակում և իրականացնում են հետևյալ մարմինները.
1) Կառավարությունը` Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորությունների շրջանակում.
2) Լիազոր մարմինը` օրենքով և դրա հիման վրա Կառավարության որոշումներով սահմանված իր լիազորությունների շրջանակում.
| Հոդված 20. | Կառավարության լիազորությունները |
1. Կառավարությունը`
1) Հայաստանի Հանրապետությունում ապահովում է ներդրումային բարենպաստ միջավայրը և ներդրումների խթանումը.
2) հաստատում է Հայաստանի Հանրապետության ներդրումային միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականությունը.
3) հիմնվելով ծրագրի իրականացմամբ ակնկալվող սոցիալ-տնտեսական ազդեցության, ներդրման ծավալի, ոլորտային կամ տարածքային առաջնահերթության, ինչպես նաև ծրագրի կայունության գնահատման վրա՝ հավանություն է տալիս այն ներդրումային ծրագրերին, որոնք ներկայացվել են պետական աջակցության համար՝ սահմանելով յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ներկայացվող պահանջները, չափանիշները, պայմանները․
4) հաստատում է ներդրումների, այդ թվում՝ ներդրումային խթանների մշտադիտարկման և գնահատման կարգը․
5) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների քաղաքականության ամփոփագիրը.
6) հաստատում է պետական մարմինների և ներդրողների միջև ներդրումների շրջանակում փոխգործակցության մեխանիզմը․
7) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ներդրումային խթանների հրապարակային ռեեստրի ձևաչափը, ներառվող տեղեկատվությունը և վարման կարգը.
8) սահմանում է ներդրումների խթանման մարմին, վերջինիս գործառույթները, լիազորությունները, կառուցվածքը և գործունեության կարգը․
9) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
| Հոդված 21. | Լիազոր մարմնի լիազորությունները |
1. Լիազոր մարմինը`
1) մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներդրումային միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականությունը.
2) մշակում և Կառավարության քննարկմանն է ներկայացնում ներդրումների ոլորտի օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը.
3) մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների քաղաքականության ամփոփագիրը` ապահովելով դրա պարբերական թարմացումը.
4) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 22․ |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-115 օրենքը:
3․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից իննամսյա ժամկետում Կառավարությունն ընդունում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:
4․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո կատարված ներդրումների վրա տարածվում է սույն օրենքը: Սույն օրենքը տարածվում է ուժի մեջ մտնելու օրվանից հետո տեղացի ներդրողների կատարած ներդրումների վրա միայն վերջիններիս պատկանող բաժնեմասնակցության մասով, իսկ մնացած ակտիվների մասով տեղացի ներդրողների և նրանց կատարած ներդրումների վրա սույն օրենքը տարածվում է սույն հոդվածի 7-րդ մասի հաշվառմամբ։
5․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից առաջ կատարված ներդրումների վրա տարածվում է սույն օրենքը` սույն հոդվածի 6-րդ մասի հաշվառմամբ: Սույն օրենքը չի տարածվում ուժի մեջ մտնելու օրվանից առաջ տեղացի ներդրողների կատարած ներդրումների վրա։
6․ Այն դեպքում, երբ «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-115 օրենքի գործողության ժամանակ կատարված ներդրման վերաբերյալ այդ օրենքը ներդրողի համար սահմանել է ավելի բարենպաստ պայման, քան սույն օրենքը, ապա ներդրողի ցանկությամբ իր կամ իր ներդրման նկատմամբ գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի օգոստոսի 4-ի ՀՕ-115 օրենքի համապատասխան բարենպաստ պայմանը` այդ պայմանի համար նախատեսված ժամկետով, իսկ եթե համապատասխան ժամկետ սահմանված չէ կամ սահմանված է ավելի երկար ժամկետ, ապա ոչ ավելի, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում:
7․ Տեղացի ներդրողների և նրանց կատարած ներդրումների վրա բաժնեմասնակցությունից տարբերվող այլ ակտիվների մասով սույն օրենքը տարածվում է՝
1) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, եթե տեղացի ներդրողի կատարած ներդրման արժեքը գերազանցում է 500,000,000 Հայաստանի Հանրապետության դրամը․
2) 2028 թվականի հունվարի 1-ից, եթե տեղացի ներդրողի կատարած ներդրման արժեքը գերազանցում է 200,000,000 Հայաստանի Հանրապետության դրամը․
3) 2030 թվականի հունվարի 1-ից բոլոր տեղացի ներդրողների և նրանց կատարած ներդրումների վրա՝ անկախ ներդրման արժեքից։
8. Սույն հոդվածի 7-րդ մասի կիրառման նպատակով`
1) ներդրման արժեքի հաշվարկի մեջ մտնում են տեղացի ներդրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված դրամական ու արտարժութային բոլոր փաստաթղթավորված ներդրումներն ու կապիտալ և ձեռքբերման ծախսերը, բացառությամբ գործառնական ծախսերի ու հաշվապահական վերագնահատումների.
2) արտարժույթով կատարված ներդրումները ներդրման արժեքի հաշվարկի մեջ մտնում են ներդրման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով.
3) ոչ դրամական (ոչ փողային) ներդրումները ներդրման արժեքի հաշվարկի մեջ մտնում են ներդրման օրվա դրությամբ դրանց շուկայական արժեքով.
4) տեղացի ներդրող ֆիզիկական անձի ու նույն կամ այլ տեղացի ներդրող իրական շահառու (ուղղակի կամ անուղղակի) ունեցող կազմակերպության համատեղ կատարված ներդրումները համատեղվում (ագրեգացվում) են ներդրման արժեքի հաշվարկի մեջ.
5) այն դեպքում, երբ ներդրումը կատարվում է փուլային եղանակով, ապա սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված համապատասխան գումարի չափը համարվում է բավարարված այն պահից, երբ հանրագումարային ներդրման չափը հավասար կամ գերազանցում է նույն մասով սահմանված չափը:
9. Բացառապես սույն հոդվածի կիրառման նպատակով` այն դեպքում, երբ տեղացի ներդրողը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել է ներդրում և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարել է բաժնեմասնակցությունից տարբերվող այլ ակտիվներով լրացուցիչ ներդրում, ապա սույն օրենքը կիրառվում է միայն լրացուցիչ ներդրման նկատմամբ՝ պայմանով, եթե այն գերազանցում է սույն հոդվածի 7-րդ մասում նշված չափերը:
10. Բացառապես սույն հոդվածի կիրառման նպատակով` օտարերկրյա պետությունում ստեղծված (գրանցված) կազմակերպությունը համարվելու է տեղացի ներդրող, եթե՝
1) տվյալ կազմակերպության ուղղակի կամ անուղղակի իրական շահառու ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է, և
2) տվյալ կազմակերպությունն իր գրանցման կամ ստեղծման երկրում չի զբաղվում էական ձեռնարկատիրական գործունեությամբ, որը գնահատվում է՝ հաշվի առնելով տվյալ երկրում իրական կառավարման գործառույթներ, աշխատակիցներ, ձեռնարկատիրական գործունեության տարածքներ, իր գործունեությանը համահունչ ակտիվներ ունենալու կամ կազմակերպության վերաբերյալ որոշումները տվյալ երկրում կայացվելու հանգամանքները:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-285-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական: