ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3252-Ա |
«30» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Ռոբերտ Ծառուկյանի անունից Երևանի քաղաքապետարան հասցեագրված Միքայել Աղաջանյանի 2026 թվականի հունիսի 8-ի թիվ Դ-58573-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի հունիսի 8-ի թիվ Դ-58573-26 դիմումի քննության նպատակով 2026 թվականի հունիսի 26-ին, ժամը 11.00-ին հրավիրված լսումների մասին 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 07/76200-26 և 2026 թվականի հունիսի 16-ի թիվ 07/79012-26 գրություններով պատշաճ ծանուցվել է Միքայել Աղաջանյանը (փոստային առաքանիներ թիվ AL0133894591AM և AL0133960736AM), սակայն լսումներին չի ներկայացել:
Ուսումնասիրելով 2026 թվականի հունիսի 8-ի թիվ Դ-58573-26 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դիմումին կից ներկայացված ապացույցները, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2026 թվականի հունիսի 8-ի թիվ Դ-58573-26 դիմումով Միքայել Աղաջանյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի հունիսի 6-ին Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 4 հասցեում կայանված՝ իր կողմից շահագործվող «Mercedes-Benz» մակնիշի «16 BM 777» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի աշխատակցի կողմից 2026 թվականի հունիսի 6-ին կազմվել է լսում անցկացնելու մասին արձանագրություն, որի համաձայն՝ լսման ենթարկված Միքայել Աղաջանյանը հայտնել է, որ իր կողմից շահագործվող «Mercedes-Benz» մակնիշի «16 BM 777» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ընկել է ծառի մեծ ճյուղ և վնասել փոխադրամիջոցի տանիքը, օդորակիչը՝ պատճառելով 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի վնաս:
2024 թվականի սեպտեմբերի 9-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB951359 վկայագրի համաձայն՝ «Mercedes-Benz» մակնիշի «16 BM 777» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Ռոբերտ Ծառուկյանի սեփականությունը:
2026 թվականի հունիսի 8-ի թիվ Դ-58573-26 դիմումի ուսումնասիրության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից 2026 թվականի հունիսի 15-ին պարզաբանվել է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված դիմումում նշված ծառը գտնվել է սեփական տարածքում:
2026 թվականի հունիսի 8-ի թիվ Դ-58573-26 դիմումը Միքայել Աղաջանյանը ներկայացրել է Ռոբերտ Ծառուկյանի անունից, սակայն դիմումին կից չի ներկայացվել Ռոբերտ Ծառուկյանի անունից հանդես գալու իրավասություն սահմանող՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր, իսկ դիմումին կից ներկայացված՝ 2025 թվականի նոյեմբերի 3-ին տրված լիազորագրով Ռոբերտ Ծառուկյանը չի վերապահել իր անունից Երևան համայնքում կամ Երևանի քաղաքապետարանում հանդես գալու իրավասություն:
2026 թվականի հունիսի 11-ի թիվ 07/76200-26 գրությամբ Միքայել Աղաջանյանին պարզաբանվել է, որ Դիմումի քննության շրջանակներում անհրաժեշտ է ներկայացնել Դիմումի ներկայացման օրվա դրությամբ Երևանի քաղաքապետարանում հանդես գալու իրավունք վերապահող՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր, վնասված ավտոմեքենայի հետքաբանական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ, սակայն վարույթի քննության ժամկետում նշված փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանում չեն ստացվել:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Դիմումի քննությամբ չի ապացուցվել «Mercedes-Benz» մակնիշի «16 BM 777» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ծառի մեծ ճյուղ ընկնելու արդյունքում Միքայել Աղաջանյանին 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնաս պատճառված լինելու հանգամանքը, ինչպես նաև չի հիմնավորվել նկարագրված պատահարում «Mercedes-Benz» մակնիշի «16 BM 777» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը վնասվելու հանգամանքով պայմանավորված՝ Ռոբերտ Ծառուկյանի կողմից 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջ Երևանի քաղաքապետարան ներկայացված լինելու հանգամանքը, որպիսիք բավարար հիմք են հանդիսանում Դիմումի մերժման համար, ուստի վարույթի քննությունը չբարդացնելու նպատակով՝ ենթադրյալ վնասի առկայությունը, առաջացման պատճառներն ու չափը հիմնավորող փորձագիտական եզրակացություններ ներկայացված չլինելու և պահանջին առնչվող մյուս փաստական հանգամանքներն առանձին գնահատման առարկա չեն դարձվում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 23-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Ռոբերտ Ծառուկյանի անունից Երևանի քաղաքապետարան հասցեագրված Միքայել Աղաջանյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2026 թվականի հունիսի 8-ի թիվ Դ-58573-26 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |