ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 17-ին
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4-րդ հոդվածով.
| «Հոդված 5.4. | Քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները |
1․ Արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորներին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորներին), որոնք՝
1) խաղադրույքներ են կատարում իրենց անվամբ բացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ և 928.9-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված հատուկ բանկային հաշիվների միջոցներից․
2) ներկայացրել են սույն օրենքի 5.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը․
3) պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, հիսուն տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների, Կենտրոնական բանկի աշխատակիցներ են։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն:»։
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5-րդ հոդվածով.
| «Հոդված 5.5. | Քաղաքացու կողմից իր մասնակցության սահմանափակման կարգը |
1. Լիազոր մարմին ներկայացվող դիմումով քաղաքացին կարող է պահանջել արգելելու իր մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորներին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորներին): Լիազոր մարմինն ապահովում է նշված տեղեկատվության հասանելիությունը կազմակերպչին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասնակցությունը խաղերին արգելվում է քաղաքացու դիմումի հիման վրա՝ դիմումի ներկայացման հաջորդ օրվանից հինգ տարի ժամկետով: Ընդ որում, յուրաքանչյուր ժամկետի ավարտից հետո այն կրկին երկարաձգվում է նույն ժամկետով, եթե ժամկետի վերջին հինգ օրվա ընթացքում անձը դիմում չի ներկայացնում արգելքը վերացնելու մասին:
3. Խաղային ինտերակտիվ հարթակով քաղաքացու կողմից ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) (self-exclusion) կիրառվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը համարվում է ներկայացված:
4. Խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպիչը պարտավոր է իր ինտերնետային կայքի և բջջային հավելվածի յուրաքանչյուր էջում ապահովել «ինքնաարգելափակում» անվանմամբ ինքնաարգելափակման միջոցի (կոճակի) (self-exclusion) մշտական, անմիջապես տեսանելի և հասանելի առկայությունը։ Ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) պետք է զբաղեցնի տվյալ էջի տեսանելի հատվածի առնվազն հինգ տոկոսը կամ համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին և տեղադրվի այնպես, որ այն մշտապես տեսանելի լինի՝ առանց հավելյալ որոնման, էջափոխման կամ այլ գործողությունների անհրաժեշտության։ Ինքնաարգելափակման միջոցի (կոճակի) անմիջական հարևանությամբ պարտադիր ցուցադրվում է օպերատորի միասնական համակարգում տվյալ պահին գրանցված ինքնաարգելափակված անձանց ընդհանուր թիվը։
5. Ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) ակտիվացնելուց հետո կազմակերպիչը պարտավոր է անձին ցուցադրել բացառապես մեկ հաստատման պատուհան հետևյալ բովանդակությամբ․ «Դուք հաստատո՞ւմ եք, որ ցանկանում եք ինքնաարգելափակել խաղերին մասնակցելու ձեր իրավունքը։»։
Հաստատման պատուհանը պետք է պարունակի բացառապես հետևյալ երկու ընտրությունները՝
1․ «Հաստատում եմ»,
2․ «Չեմ հաստատում»։
6. Անձի կողմից «Հաստատում եմ» ընտրությունը կատարվելու պահից ինքնաարգելափակման դիմումը համարվում է ներկայացված և ընդունված, իսկ կազմակերպիչը պարտավոր է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում դադարեցնել անձի մասնակցությունը խաղերին և ապահովել ինքնաարգելափակման գործարկումը։
7. Անձի կողմից «Հաստատում եմ» ընտրությունից հետո կազմակերպչին արգելվում է՝
1) պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսագրություններ կամ այլ տեղեկություններ, բացառությամբ օրենքով պարտադիր նույնականացման տվյալների, որոնք առկա չեն․
2) սահմանել սպասման ժամանակահատված, հետաձգում, մտածելու ժամկետ կամ այլ ժամանակային սահմանափակումներ․
3) բացել լրացուցիչ պատուհաններ կամ պահանջել լրացուցիչ հաստատումներ․
4) ցուցադրել գովազդային նյութեր, բոնուսներ, խրախուսող առաջարկներ կամ այլ բովանդակություն, որոնք կարող են ազդել անձի որոշման վրա․
5) կատարել ցանկացած գործողություն կամ անգործություն, որի նպատակը կամ հետևանքը կարող է լինել ինքնաարգելափակման գործընթացի դժվարացումը, հետաձգումը կամ խոչընդոտումը․
6) անձին ինքնաարգելափակման միջոցը կիրառելուց հետո ուղղակի կամ անուղղակի կերպով ցանկացած եղանակով ուղարկել գովազդային, խրախուսող, բոնուսային կամ խաղերին մասնակցությունը խթանելուն ուղղված առաջարկներ, հաղորդագրություններ կամ այլ տեղեկատվություն, ներառյալ հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային փոստի, push ծանուցումների, սոցիալական ցանցերի կամ այլ կապի միջոցների միջոցով։
8. Ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) կիրառվելուց հետո կազմակերպիչը պարտավոր է դիմումը (ներառյալ դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը և դիմումի ներկայացման օրն ու ժամը) անհապաղ փոխանցել օպերատորին, իսկ մինչև օպերատորի գործունեության մեկնարկը՝ լիազոր մարմնին։
9․ Սույն հոդվածով սահմանված ինքնաարգելման դրույթները գործելու են մինչև օպերատորի ներդրումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ նույնականացման պայմանների սահմանումը՝ օպերատորի միջոցով իրականացնելու հնարավորությամբ։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 8 Երևան ՀՕ-280-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2026 թվական: