ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«19» հունիսի 2026 թ. |
N 27-Ն |
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» 76-Ն հրամանի հավելվածի՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է էլեկտրոնային համակարգով (այսուհետ՝ համակարգ) հերթագրման միջոցով:
1) Համայնքային հաստատությունների հերթագրումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող համակարգի միջոցով:
2) Նախակրթարանների հերթագրումն իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:».
2) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 12-րդ կետում «երեխային» բառից հետո լրացնել «՝ անկախ հերթագրման ամսաթվից» կետադրական նշանը և բառերը.
4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Երեխայի հերթագրման ժամանակ ծնողը կցում է՝
1) երեխայի լուսանկարը՝ 3x4 չափսի,
2) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք,
3) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ տարածքային մանկավարահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից տրված եզրակացություն,
4) սույն կարգով սահմանված առաջնահերթություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը:
5) 15-րդ կետից հետո լրացնել նոր՝ 15.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«15.1. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված տվյալները կառավարման համակարգում պահպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:».
6) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է, եթե ապահովված է փոխգործելիություն ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի տեղեկատվական համակարգերի միջև, և համապատասխան տվյալներն ինքնաշխատ եղանակով արտացոլվում են ծնողի էջում: Տվյալների փոխանակման իրավական հիմքերի, անվտանգության և տեղեկատվական համակարգերի տնօրինողների պարտականությունների նկատմամբ կիրառվում են «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 767-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները.
7) 18-րդ կետում «16» թիվը փոխարինել «15» թվով.
8) 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) հերթը հասնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծնողի կողմից տրամադրված կոնտակտային տվյալներով հնարավոր չի լինում կապ հաստատել ծնողի հետ: Կապ հաստատելու անհնարինության վերաբերյալ հիմքերը (կարճ հաղորդագրության և էլեկտրոնային նամակ) պահպանվում են մեկ տարի ժամկետով՝ հերթագրման գործընթացի իրավաչափության հավաստման և հնարավոր բողոքարկումների քննության նպատակով:
Նշված ժամկետի ավարտից հետո, սույն կետով նախատեսված հիմքերը հանդիսացող անձնական տվյալները ենթակա են ոչնչացման (համակարգից անդառնալի ջնջման)՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:
9) 19-րդ կետից հետո լրացնել նոր՝ 19.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«19.1. Երեխայի տվյալները, ինքնաշխատ եղանակով, հերթաքրման համակարգից փոխանցվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ վարչական ռեգիստր» (այսուհետ՝ վարչական ռեգիստր)՝ հերթը հասնելու դեպքում, և երեխան կարող է ընդունվել հաստատություն սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումի և պայմանագրի հիման վրա։».
10) 20-րդ կետում «իրականացնող» բառից հետո լրացնել «և նախադպրոցական ծառայություններ մատուցող» բառերը.
11) 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21. Երեխային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող և նախադպրոցական ծառայություններ մատուցող ոչ պետական ուսումնական հաստատություններ ընդունելու համար ծնողը հաստատություն է ներկայացնում՝
1) դիմում` ուղղված տնօրենին.
2) երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենները.
3) երեխայի մեկ 3x4 չափսի լուսանկար.
4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.
5) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ տարածքային մանկավարահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացություն:
21.1. Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը (այսուհետ՝ պատասխանատու) մուտքագրում է վարչական ռեգիստր։
21.2. Վարչական ռեգիստրում սխալ, ոչ ամբողջական տվյալներ մուտքագրվելու դեպքում՝ պատասխանատուն սխալը կամ անհամապատասխանությունը հայտնաբերելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում վարչական ռեգիստրում կատարում է տվյալների ուղղում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի օգոստոսի 20-ին:
|
Նախարար՝
6/19/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2026 թվական: