19.06.26 N 541-Լ որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետի փոփոխություններն ուժի մեջ են մտնում նույն որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո:
19.06.26 N 541-Լ որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 700-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2018 թ. հունիսի 11 Երևան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Նախարարության անվանումն է՝
1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
2) ռուսերեն` Mинистерство труда и социальных вопросов Республики Армения.
3) անգլերեն` Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia.
4) ֆրանսերեն՝ Ministère du Travail et des Affaires Sociales de la Rèpublique d'Armènie:
(4-րդ կետը փոփ. 19.06.26 N 541-Լ)
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:
(6-րդ կետը փոփ. 26.02.21 N 172-Լ)
7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Նախարարության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Նախարարության նպատակներն են`
1) աշխատանքի, կամավոր աշխատանքի և զբաղվածության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության ձևավորումն ու դրա իրականացման ապահովումը.
2) ընտանիքի, կանանց, երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության ապահովումը.
3) պետական կենսաթոշակային և ժամանակավոր անաշխատունակության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.
4) սոցիալական աջակցության, այդ թվում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման կամ վերաինտեգրման կազմակերպումը․
5) ժողովրդագրական պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.
6) սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումը և ղեկավարումը:
(9-րդ կետը լրաց. 29.09.23 N 982-Լ, խմբ. 19.06.26 N 541-Լ)
10. Նախարարության խնդիրներն են՝
1) աշխատանքի պետական կարգավորման, աշխատանքի վարձատրության (բացառությամբ պետական մարմիններում), կամավոր աշխատանքի բնագավառների օրենսդրական հիմքերի մշակումը և դրա իրականացման համակարգումը.
2) զբաղվածության ոլորտի օրենսդրական հիմքերի մշակումը և իրականացման ապահովումը.
3) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ստեղծման օրենսդրական հիմքերի մշակումը և դրա իրականացման ապահովումը.
4) ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար ռեաբիլիտացման ծրագրերի մշակման և ծառայությունների մատուցման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց սոցիալական պաշտպանությանն ուղղված ծառայությունների և պետական ծրագրերի մշակումն ու դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
5) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալական պաշտպանությանն ուղղված ծառայությունների և պետական ծրագրերի մշակումն ու դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
6) երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծառայությունների և պետական ծրագրերի մշակումն ու դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
7) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանը սոցիալական ներառմանն ուղղված ծառայությունների և պետական ծրագրերի մշակումն ու դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
8) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների, հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցության ապահովման համար նախադրյալների ստեղծումը.
9) բնակչության ծերացման հետևանքների հաղթահարումը, տարեցների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծառայությունների և պետական ծրագրերի մշակումն ու դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
10) պետական կենսաթոշակային ապահովության միասնական քաղաքականության մշակման և վարման ապահովումը.
11) պետական նպաստների քաղաքականության մշակման և վարման ապահովումը.
12) ժամանակավոր անաշխատունակության դեպքում պետական նպաստների քաղաքականության մշակման և վարման ապահովումը.
13) սոցիալական աջակցության բնագավառի սոցիալական ծառայությունների ու պետական ծրագրերի մշակումը և դրանց տրամադրման կամ իրականացման աշխատանքների ապահովումը.
14) ազգային և տեղական մակարդակներում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում՝ սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի միջև համագործակցության համակարգումը.
15) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված սոցիալական ծառայությունների ու պետական ծրագրերի մշակումը և դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
16) ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումն ու դրանց իրականացման ապահովումը.
17) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց (ընտանիքների) բնակարանային ապահովության պետական ծրագրերի մշակումը և դրանց իրականացման ապահովումը.
18) պետական սոցիալական բնակարանային ֆոնդի ընդլայնումը և պետական սոցիալական բնակարանային ֆոնդի պայմանների բարելավումը.
19) սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման կազմակերպումը և կառավարումը։
(10-րդ կետը խմբ. 29.09.23 N 982-Լ, 19.06.26 N 541-Լ)
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) մշակում է առաջարկություններ աշխատանքային հարաբերությունների, աշխատանքի վարձատրության (բացառությամբ պետական մարմիններում), կամավոր աշխատանքի բնագավառների օրենսդրության, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ.
2) մշակում է առաջարկություններ աշխատանքային օրենսդրության միասնական կիրառության նկատմամբ պետական վերահսկողության բնագավառի վերաբերյալ.
3) մշակում է առաջարկություններ աշխատանքի վայրում աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման կարգավորումների կատարելագործման, այդ թվում՝ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերով և մասնագիտական հիվանդություններով պայմանավորված աշխատողի սոցիալական պաշտպանության վերաբերյալ.
4) մշակում է առաջարկություններ սոցիալական փաթեթի տրամադրման բնագավառի օրենսդրության վերաբերյալ.
5) մշակում է կամավոր աշխատանքի խթանման, ինչպես նաև կամավորության մշակույթի զարգացման ու տարածման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև միջոցառումներ կամ ապահովում է դրանց իրականացումը.
6) կամավոր աշխատանքի սուբյեկտներին տրամադրում է տեղեկատվական, մեթոդական կամ խորհրդատվական աջակցություն.
7) մշակում է զբաղվածության ոլորտի պետական քաղաքականությունը, այդ թվում՝ պետական ծրագրերն ու միջոցառումները.
8) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.
9) հաստատում է զբաղվածության ոլորտի քաղաքականության շրջանակներում պահանջվող փաստաթղթերի օրինակելի ձևերը.
10) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ.
11) ստեղծում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.
12) վերահսկում է զբաղվածության պետական ծրագրերի, սոցիալական պաշտպանության ոլորտի պետական այլ ծրագրերի և սոցիալական ծառայությունների կատարման ընթացքը, իրականացնում է այդ ծրագրերի ու ծառայությունների մոնիթորինգ (մշտադիտարկում) և գնահատում.
13) մշակում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը.
14) ուսումնասիրում է ընտանեկան և կենցաղային բռնության պատճառները, պայմանները և հետևանքները, մշակում դրանց հաղթահարմանն ուղղված պետական ծրագրեր.
15) վերահսկում է Կառավարության սահմանած ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին սոցիալական ծառայություններ տրամադրող ապաստարանի և աջակցության կենտրոնների գործունեությունը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին, ապաստարանի և աջակցության կենտրոնների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջների պահպանումը.
16) կազմակերպում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության բնագավառներում աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման գործընթացը.
17) ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինների և հատուկ կառույցների հետ մշակում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը և ապահովում դրա իրականցումը.
18) ապահովում է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի նույնացման գործընթացը, վերջիններիս համար օրենքով նախատեսված աջակցության տրամադրումը և համակարգում է սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների և կազմակերպությունների գործողությունները (ներառյալ՝ կրթական և բժշկական հաստատությունները)՝ ուղղված մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը.
19) գենդերային հավասարության քաղաքականության ապահովման, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման դեմ պայքարի շրջանակում մշակում է պետական ռազմավարական փաստաթղթեր և ապահովում է դրանց իրականացումը.
20) մշակում է որդեգրման, խնամատարության և երեխաների այլընտրանքային խնամքի ապահովման ընթացակարգերը, ուսումնասիրում է, ապահովում օրենսդրության միասնական կիրառությունը.
21) ապահովում է ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմաններ՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում տարեց անձանց ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ.
22) մշակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի նախագիծը.
23) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման, այդ թվում՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման գործընթացը.
24) իր իրավասությունների շրջանակներում աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների վերացմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը.
25) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման վերաբերյալ մշակում և հաստատում է մեթոդական ուղեցույցներ.
26) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների, հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցության ապահովման համար նախադրյալների ստեղծումը.
27) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի իրականացումը.
28) վերահսկում է պետական կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման օրինականությունը.
29) իրականացնում է կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու) և վճարելու մեթոդական ղեկավարումը.
30) մշակում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների և հետևանքների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրեր և ծառայություններ.
31) հաստատում է սոցիալական պաշտպանության և ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգերը.
32) հաստատում է սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններին վերաբերող վերապատրաստման դասընթացների մոդուլները և դրանց բովանդակությունը.
33) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը.
34) Կառավարության սահմանած կարգով հավաստագրում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեությունն իր կամ իր կողմից ընտրված կամ լիազորված կազմակերպության եզրակացության հիման վրա.
35) հաստատում է սոցիալական աջակցության ոլորտի քաղաքականության շրջանակում «Սոցիալական աջակցության մասին» օրենքից բխող ընթացակարգերը, ծրագրերը, ուղեցույցները, մեթոդաբանությունները և ձևաթղթերը.
36) հաստատում է խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին ճաշարանի կողմից սննդի կազմակերպման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչները` անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից.
37) կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունումն ազգային մակարդակում.
38) մշակում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված սոցիալական ծառայությունները և պետական ծրագրերը և կազմակերպում է դրանց տրամադրման կամ իրականացման աշխատանքները.
39) կազմակերպում և ապահովում է ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրման և վերլուծության գործընթացը, մշակում է ժողովրդագրական հիմնախնդիրների լուծմանն ու ժողովրդագրական վիճակի բարելավման, այդ թվում՝ ակտիվ ծերացման խթանմանն ուղղված պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի գործարկումը.
40) ապահովում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կառավարումը, տիրապետումը, ձեռնարկում է միջոցներ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ ֆինանսավորման արդյունքում պետական սոցիալական բնակարանային ֆոնդերի շենքերի թվի ավելացման, դրանց կացարանների պայմանների բարելավման ուղղությամբ.
41) սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթությունները սահմանելու նպատակով իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների մշտադիտարկում և գնահատում.
42) իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական ծրագրերի մաս կազմող` սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածի մշակումը, վերլուծությունը և ամփոփումը.
43) ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը, տիրապետումը, շահագործումը և վարումը.
44) կազմակերպում և ապահովում է միջազգային պայմանագրերով, միջազգային կառույցներին և կազմակերպություններին անդամակցությամբ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գործընկերությամբ պայմանավորված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ապահովման, պետության ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների իրականացումը, ապահովում է երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերով և այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մշակում է համապատասխան ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.
45) համակարգում է սոցիալական պաշտպանության «Թեժ գծի» աշխատանքները.
46) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է բյուջետային գործընթացին.
47) տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված դեպքերում կատարում է օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված լիազորությունները.
48) կազմակերպում և ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինանսական և ոչ ֆինանսական, ինչպես նաև քանակական և որակական ցուցանիշների ամփոփ վերլուծությունների իրականացումը.
49) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ։
(11-րդ կետը խմբ. 18.12.19 N 1923-Լ, լրաց. 29.09.23 N 982-Լ, խմբ. 19.06.26 N 541-Լ)
11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդ։
(11.1-ին կետը լրաց. 28.02.19 N 187-Լ, փոփ. 26.02.21 N 172-Լ, խմբ. 18.08.25 N 723-Լ)
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության նախարարը (այսուհետ՝ նախարար):
13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝
1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.
2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.
3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:
(13-րդ կետը փոփ. 26.02.21 N 172-Լ)
14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:
15. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
(16-րդ կետը փոփ. 26.02.21 N 172-Լ)
17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:
18. Նախարարը՝
1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.
2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.
3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.
4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.
5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.
7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.
8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
9) սահմանում է յուրաքանչյուր նախարարի տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.
10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
13) հաստատում է հաստիքացուցակը.
14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
15) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.
19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:
(18-րդ կետը փոփ. 26.02.21 N 172-Լ)
19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:
20. Նախարարի տեղակալը՝
1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
(20-րդ կետը փոփ. 26.02.21 N 172-Լ)
21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:
22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:
23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:
25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:
26. Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.
5) համակարգում և ապահովում է նախարարության կողմից հաշվապահական հաշվառման վարումն ու հաշվետվություններ ներկայացնելը.
6) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
7) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
9) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
10) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
11) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:
(26-րդ կետը փոփ. 26.02.21 N 172-Լ)
27. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
28. Նախարարի խորհրդականը՝ իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները, հանձնարարականները, ինչպես նաև նախարարի կողմից հաստատված պաշտոնի անձնագրով իրեն վերապահված այլ գործառույթներ, հաշվետու է նախարարին:
29. Նախարարի մամուլի քարտուղարը՝
1) կազմակերպում և համակարգում է նախարարի, աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.
2) ծրագրում և կազմակերպում է նախարարի և աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցները, ճեպազրույցները, հայտարարությունները.
3) վերահսկում է նախարարության գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունների, օրվա մամուլի տեսության պատրաստումը.
4) կազմակերպում է մամուլի հաղորդագրությունների պատրաստումը և տարածումը, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
5) կազմակերպում է նախարարին և աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին ծանուցումը և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
6) ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում նախարարության պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.
7) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` նախարարի և աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
8) համակարգում է նախարարության գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով նախարարության մյուս ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալու գործընթացը, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները և անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
9) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները, հանձնարարականները, իրեն վերապահված այլ գործառույթներ, հաշվետու է նախարարին:
30. Նախարարի օգնականն իրականացնում է իր անմիջական ղեկավարի կողմից տրված ցուցումները, հանձնարարականները, ինչպես նաև իրեն վերապահված այլ գործառույթներ, հաշվետու է նախարարին:
31. Նախարարի տեղակալի օգնականն իրականացնում է իր անմիջական ղեկավարի կողմից տրված ցուցումները, հանձնարարականները, ինչպես նաև իրեն վերապահված այլ գործառույթներ, հաշվետու է նախարարի տեղակալին:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչություն.
2) զբաղվածության քաղաքականության վարչություն.
3) սոցիալական աջակցության և ինտեգրման քաղաքականության վարչություն.
4) ժողովրդագրության քաղաքականության վարչություն.
5) հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի քաղաքականության վարչություն.
6) երեխաների հիմնահարցերի քաղաքականության վարչություն.
7) գենդերային հիմնահարցերի քաղաքականության վարչություն.
8) կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչություն.
9) ռազմավարական պլանավորման բաժին։
(32-րդ կետը խմբ. 18.12.19 N 1923-Լ, 19.06.26 N 541-Լ)
33. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) որակի կառավարման վարչություն.
2) միջազգային հարաբերությունների վարչություն.
3) (ենթակետն ուժը կորցրել է 19.06.26 N 541-Լ)
4) ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն.
5) քարտուղարություն.
6) մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն.
7) նյութատեխնիկական և գնումների վարչություն.
8) օրենսդրության մշակման և փորձաքննության վարչություն.
9) առաջին բաժին.
9.1) մոնիթորինգի և գնահատման բաժին.
9.2) քաղաքացիների ընդունելության բաժին.
10) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։
(33-րդ կետը խմբ. 18.12.19 N 1923-Լ, խմբ., փոփ., լրաց. 19.06.26 N 541-Լ)
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 26.02.21 N 172-Լ)
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆԸ
35. Նախարարությանը ենթակա մարմինն է Միասնական սոցիալական ծառայությունը:
(35-րդ կետը փոփ. 26.02.21 N 172-Լ)
VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
39. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
40. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:
IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
41. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:
42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
44. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:
(հավելվածը լրաց. 28.02.19 N 187-Լ, խմբ. 18.12.19 N 1923-Լ, փոփ. 26.02.21 N 172-Լ, լրաց., խմբ. 29.09.23 N 982-Լ, խմբ. 18.08.25 N 723-Լ, փոփ., խմբ., լրաց. 19.06.26 N 541-Լ)
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |