ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 887-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 2207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբբերի 14-ի «Մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը սահմանելու մասին» N 2207-Ն որոշման՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ։».
2) 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում, NN 1, 2, 3 հավելվածներով սահմանված կարգերի վերնագրերում, N 1 հավելվածի 1-ին, 2-րդ կետերում, N 2 հավելվածի 1-ին կետում, N 3 հավելվածի 1-ին և 3-րդ կետերում «օգտագործված պաշարների» բառից հետո «և» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով, «արդյունահանված պաշարների» բառից հետո լրացնել «և էկոլոգիական թողքի» բառերով, իսկ 1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «, էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը» բառերով.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տեղադրված և կնքված տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը կարող են շահագործվել առանց փոխարինման և վերակնքման, եթե համապատասխանում են սույն որոշման պահանջներին, իսկ տվյալների առցանց փոխանցում չապահովող ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը ենթակա են փոխարինման և վերակնքման։».
4) N 1 հավելվածը՝
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Ջրաչափիչ սարքերի տեղադրման պահանջները չկատարելը հանգեցնում է վարչական պատասխանատվության։»,
բ. 7-րդ կետը «հունում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 7.1.-ին կետով սահմանված դեպքերի,» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.-ին կետով՝
«7.1. Ջրօգտագործողները ազատվում են էկոլոգիական թողքի հաշվառման համար էկոլոգիական թողքի կետում ջրաչափիչ սարքերի տեղադրման պահանջից՝
1) անդրսահմանային գետահատվածներից ջրօգտագործում իրականացվելու դեպքում.
2) ջրառի ծավալը՝ գետի բազմամյա բնական միջին հոսքի հինգ տոկոսը (5%) չգերազանցելու դեպքում, բացառությամբ՝ էներգետիկ, ոռոգման ջրամատակարարման և ջրի տեղափոխման նպատակներով ջրօգտագործման դեպքերում.
3) հիդրոլոգիական տեսանկյունից ջրառի կետերի և գործող հիդրոլոգիական դիտակետերի գետահատածքների համընկնման դեպքում, էկոլոգիական թողքի հաշվառման նպատակով ջրօգտագործողների կողմից տվյալ հիդրոլոգիական դիտակետում ջրի մակարդակի ավտոմատ գրանցման և տվյալների առցանց փոխանցման կամ տվյալների արխիվացման համակարգի տեղադրման և դիտակետի ամբողջական արդիականացման դեպքում.
4) գործող հիդրոլոգիական դիտակետերի բացակայության կամ դրանց հիդրոլոգիական տեսանկյունից չհամընկնելու դեպքում, ջրառի կետին մոտ գետահատածքում ջրօգտագործողների կողմից ջրի մակարդակի ավտոմատ գրանցման ու տվյալների առցանց փոխանցման կամ տվյալների արխիվացման համակարգ տեղադրելու դեպքում՝ պայմանագրային հիմունքներով մասնագիտացված կազմակերպության միջոցով իրականացնելով ջրաչափական աշխատանքներ գարնանային վարարումների ժամանակահատվածից դուրս ժամանակահատվածում։ Գարնանային վարարումների ժամանակահատվածում էկոլոգիական թողքը չի հաշվառվում։
Ջրի մակարդակի տվյալների արխիվացման համակարգ տեղադրելու դեպքում արխիվացված ամսական տվյալները ներկայացվում են լիազոր մարմնին մինչև հաջորդող ամսվա 10-րդ օրը:»,
դ. 8-րդ կետը «ջրառի կետում» բառերից հետո լրացնել «կամ այընտրանքային վայրում» բառերով,
ե. 11-րդ կետը «մ3/օր» բառերից հետո լրացնել «, մ3/ամիս» բառերով,
զ. 12-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ջրաչափիչ սարքը այլընտրանքային վայրում տեղադրելու վերաբերյալ լիազոր մարմինը տալիս է համաձայնությունը՝ սույն որոշման պահանջների
համաձայն ջրի ամբողջական և ճշգրիտ հաշվառումն ապահովելու դեպքում, ինչն ամրագրվում է ջրօգտագործման թույլտվությամբ։»,
է. 13-րդ կետի «կամ ջրաչափիչ սարքը տեղադրող կազմակերպությունը» բառերը հանել, իսկ «անհրաժեշտ բնութագրիչները» բառերը փոխարինել «ջրաչափիչ սարքի բնութագրիչները (աշխարհագրական կոորդինատական կետերը՝ աստիճան, րոպե, վայրկյան, հարթակին միացման համար անհրաժեշտ նույնականացման տվյալները (ID), գործող ջրօգտագործման թույլտվության համարը և ժամկետը)» բառերով.
5) N 2 հավելվածի՝
ա. 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) ջրօգտագործողի կողմից, ինչի մասին ջրօգտագործողն անմիջապես տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով կնիքը պոկելու պատճառը, ջրաչափիչ սարքի բնականոն աշխատանքի վերականգնման ժամկետը, սպասարկող և տեղադրող կազմակերպության տվյալները, ջրաչափիչ սարքի տեսակը: Ջրաչափիչ սարքի բնականոն աշխատանքի վերականգնումից հետո ջրօգտագործողը դիմում է լիազոր մարմնին՝ սույն որոշմամբ սահմանված կարգով ջրաչափիչ սարքը կնքելու համար.»,
բ. 17-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան`» բառերը փոխարինել «համաձայն ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի չափաքանակի կամ» բառերով.
6) N 3 հավելվածի 7-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ջրաչափիչ սարքի վթարը կամ խափանումը կամ տվյալների առցանց փոխանցման դադարեցումը սահմանված ժամկետում չվերացնելու կամ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրի չափաքանակներից ավելի ջրառ իրականացնելու դեպքում՝ լիազոր մարմինը տեղեկացնում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու և խախտում արձանագրելու դեպքում՝ պատասխանատվության ենթարկելու նպատակով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2026 թվական: