ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
16 հունիսի 2026 թ. |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
|
դատավորներ` |
Ա րման Դիլանյանի (նախագահող), Արտակ Զեյնալյանի,Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի (զեկուցող), Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի, |
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
|
Կառավարության ներկայացուցիչ` |
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Կառավարությունն իր` 2026 թվականի ապրիլի 23-ի N 548-Ա որոշմամբ հավանություն է տվել «2025 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2026 թվականի ապրիլի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1․ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանա քաղաքում՝ երկու երկրների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների գտնվելու և աշխատանքի պատշաճ պայմաններն ապահովելու նպատակով։
2. Ըստ Համաձայնագրի՝
1) Հայկական Կողմը Ղազախական Կողմին քառասունինը (49) տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երևան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 17/1 գտնվող՝ շինություններից և տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ Ղազախական կողմի հաշվին Ղազախստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ դրամ (հոդված 1),
2) Ղազախական Կողմը Հայկական Կողմին քառասունինը (49) տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքում՝ Արգանատի փողոց, տարածք 24/2 գտնվող՝ շինություններից և տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ Հայկական Կողմի հաշվին Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման նպատակով։ Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ տենգե (հոդված 2):
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝
3․1․ երաշխավորել, որ Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքը տրամադրվի պարտքերից, երրորդ կողմերի իրավունքներից ազատ, չգրավադրված և որևէ այլ կերպով չծանրաբեռնված, ինչը կխոչընդոտի Համաձայնագրի նպատակներով դրանց օգտագործումը (հոդված 3),
3․2. երաշխավորել, որ Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված հողատարածքը կօգտագործվի միայն Համաձայնագրով նախատեսված նպատակներով (հոդված 4),
3․3․ Համաձայնագրին համապատասխան տրամադրված հողատարածքը չընդլայնել, չվաճառել, չծանրաբեռնել, որպես սեփականություն՝ չփոխանցել, վարձակալության կամ ենթավարձակալության չհանձնել երրորդ կողմի՝ առանց Ղազախական Կողմի հստակ արտահայտված գրավոր համաձայնության (հոդված 5, պարբերություն 1),
3․4․ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված շենքերի, շինությունների սեփականության իրավունքի և հողատարածքների օգտագործման իրավունքի իրավաբանական ձևակերպումը, ինչպես նաև իրականացնել համապատասխան փաստաթղթերի միաժամանակյա փոխանակում՝ փոխհամաձայնեցված ժամկետներում (հոդված 6),
3․5․ սեփական միջոցների հաշվին ապահովել ինժեներական ցանցերի և հաղորդակցուղիների (ջրամատակարարում, ջերմամատակարարում, գազատար, կոյուղի, էլեկտրաէներգիա, կապ և այլն) մոտեցումը մինչև Ղազախական Կողմին տրամադրված հողատարածքի սահմաններ, ինչպես նաև կատարել այդ հաղորդակցուղիների միացումը քաղաքային ցանցերին (հոդված 8):
4. Համաձայնագրով նախատեսվում է, որ`
4.1. դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի և շինությունների կառուցումը Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հողատարածքներում կարող է իրականացվել միայն ընդունող պետության օրենսդրության պահանջներին համապատասխան շինարարության կամ վերակառուցման թույլտվություն ստանալուց հետո (հոդված 9),
4.2. հողատարածքները և դրանց վրա կառուցված շենքերն ու շինություններն ազատվում են ընդունող պետության կողմից սահմանվող բոլոր տեսակի հարկերից, վճարներից և այլ պարտադիր վճարումներից՝ բացառությամբ հողատարածքի օգտագործման վարձավճարի (հոդված 10, պարբերություն 1),
4.3. հողատարածքն օգտագործող Կողմը շենքերի և շինությունների, ինժեներական հաղորդակցուղիների շահագործումը և բոլոր տեսակի վերանորոգումները, հողատարածքների պահպանումը կատարում է իր հաշվին (հոդված 10, պարբերություն 2),
4.4. կոմունալ ծառայությունների (գազամատակարարում, էլեկտրականություն, ջերմամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, տարածքի մաքրում և նմանատիպ այլ ծառայություններ), բոլոր տեսակի կապի ծառայությունների, ինչպես նաև Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված անշարժ գույքի վերանորոգման և պահպանման համար վճարումը կատարվում է ընդունող պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց աշխատակիցների համար գործող նորմատիվներով և սակագներով՝ ընդունող պետության արժույթով (հոդված 10, պարբերություն 3)։
5. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից և կնքվում է քառասունինը (49) տարի ժամկետով (հոդված 13, պարբերություն 1)։
6. Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ քառասունիննամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը չերկարաձգելու իր մտադրության մասին ոչ ուշ, քան ընթացիկ քառասունիննամյա ժամանակահատվածի ավարտից մեկ տարի առաջ։ Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է այդպիսի ծանուցումն ստանալու ամսաթվից (հոդված 13, պարբերություն 2)։
7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2025 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
16 հունիսի 2026 թվականի ՍԴՈ-1833 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական: