ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3359/02/21 2024 թ. |
| Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3359/02/21 |
| Նախագահող դատավոր՝ |
Գ. Թորոսյան |
|
Դատավորներ` |
Ա. Ոսկանյան |
| Դ. Հովհաննիսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
« 01» մարտի 2024թ. |
քաղաք Երևան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
|
նախագա հողզեկուցող |
Ա․ ԴԱՎԹՅԱՆ Գ․ ԳՅՈԶԱԼՅԱՆ | |
|
Լ․ ԳՐԻԳՈՐՅԱՆ | ||
|
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ |
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Զարիկ Գարուշի Գևորգյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 23.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արամ Ռազմիկի Դանիելյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1.1. 04.02.2020 թվականին դիմելով դատարան` ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել 26.05.2007 թվականի լոտ 26 հողամասի աճուրդը, որպես հետևանք անվավեր ճանաչել 31.05.2007 թվականի ՀՀ Կոտայքի մարզպետի և Զարիկ Գարուշի Գևորգյանի միջև կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2587 պայմանագիրը, դրա հիման վրա իրավունքների պետական գրանցման միասնական 4-1-07 մատյանի 020 համարի տակ գրանցված 0,55 հա հողամասի նկատմամբ Զարիկ Գարուշի Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
1.2. 07.04.2022 թվականին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Հ. Ջալալյան) (այսուհետ՝ Դատարան) վճիռ է կայացրել, որով հայցը բավարարել է:
1.3. 07.06.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Զարիկ Գարուշի Գևորգյանը (ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Սիրունյան)։
1.4. 06.10.2022 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է Զարիկ Գարուշի Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժել և Դատարանի 07.04.2022 թվականի վճիռը թողնել անփոփոխ:
1.5. 11.11.2022 թվականին Զարիկ Գարուշի Գևորգյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք։
1.6. 30.11.2022 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը որոշել է վճռաբեկ բողոքը վերադարձնել։
1.7. 27.12.2022 թվականին Զարիկ Գարուշի Գևորգյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք:
1.8. 02.02.2023 թվականին գործը վերամակագրվել և հանձնվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմին։
1.9. 09.03.2023 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։
1.10. 03.08.2023 թվականին Վճռաբեկ դատարանը որոշել է. «Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման հիմնավորումներով»։
1.11. 07.09.2023 թվականին, փոստային ծառայության միջոցով, որպես գործին մասնակից չդարձած անձ, Արամ Ռազմիկի Դանիելյանը, Դատարանի 07.04.2022 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։
1.12. 23.11.2023 թվականին Վերաքննիչ դատարանը որոշել է. «Թիվ ԿԴ/3359/02/21 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Դատարանի 07.04.2022 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձած անձ Արամ Ռազմիկի Դանիելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել»։
1.13. 21.12.2023 թվականին, փոստային ծառայության միջոցով, սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Արամ Ռազմիկի Դանիելյանը և միջնորդել է վերականգնել վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը:
1.14. 19.01.2024 թվականին Վճռաբեկ դատարանը կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, որով որոշել է Արամ Ռազմիկի Դանիելյանի միջնորդությունը բավարարել՝ վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել, իսկ վճռաբեկ բողոքը՝ վերադարձնել։
1.15. 01.02.2024 թվականին Արամ Ռազմիկի Դանիելյանը (այսուհետ նաև` Բողոքաբեր) կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք։
1.16. 02.02.2024 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։
1.17. ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացրել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման։
Բողոքաբերը բողոքում ներկայացրել է հետևյալ փաստարկները.
2.2. Վերաքննիչ դատարանն առանց հստակ ու չմեկնաբանվող իրավանորմի վկայակոչման և կիրառման խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության, իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև Օրենսգիրք) 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված բողոքարկման իրավունքը։
2.3. Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վարույթ չընդունելով, խախտել է իր արդար դատաքննության իրավունքը, դատական ակտի բողոքարկման իրավունքը և ստեղծել է խոչընդոտներ սեփականության իրավունքի պաշտպանության հարցում։ Վերաքննիչ դատարանը, մասնավորապես՝ անհիմն գտել է, որ բողոքը պետք է բերվեր ոչ թե Վերաքննիչ դատարան, այլ՝ Վճռաբեկ դատարան։
2.4. Բողոքաբերը նշել է, որ բողոքը պետք է բերվեր Վերաքննիչ դատարան, քանի որ վեճն ըստ էության լուծել է առաջին ատյանի դատարանը, իսկ վերադաս դատարաններն այդ վճիռը չեն փոփոխել և թողել են օրինական ուժի մեջ (վերստուգել են), ուստի առկա իրավիճակում չի կարող փոփոխվել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը, քանի որ խոսքը գնում է գործին մասնակից չդարձած առանցքային անձի՝ գույքի սեփականատիրոջ մասին, որը գործին մասնակից չի դարձել և այդ պատճառով էլ գործի քննությունը պետք է իրականացվի սկզբից։
2.5. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ հիմք ընդունելով Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասը, գործին մասնակից չդարձած անձը Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված ու հիշատակված վճռաբեկ բողոքը բերելու իրավունք չունի։
2.6. Վերոգրյալի հիման վրա` Բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
3.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը խախտել է անձի ՀՀ օրենսդրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները։
3.2. Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե ի՞նչ կարգով գործին մասնակից չդարձած անձը կարող է իրացնել իր իրավունքներին և պարտականություններին առնչվող դատական ակտը բողոքարկելու իրավունքը՝ միաժամանակ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
3.3. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
3.4. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
3.5. Կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:
3.6. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
3.7․ Օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ։
3.8․ Օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա հարուցված վերաքննիչ վարույթը կարճելու կամ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումների, ինչպես նաև նույն օրենսգրքի 383-րդ (Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը) և 384-րդ (Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը) հոդվածներով նախատեսված հարցերով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների դեմ։
3.9. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
3.10. ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
3.11. Օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ։
3.12. ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս անդրադարձել է գործին մասնակից չդարձած անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացման առանձնահատկություններին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
3.13. Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձած անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների և պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձած այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
3.14. ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև՝ խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե՛ս, Աննա և Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի, և Ռոստոմ Բուռնազյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Աննա և Գալինա Խաչատրյանների, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):
3․15․ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ նախադեպային որոշմամբ վերաքննության սահմանների վերաբերյալ ընդհանուր կանոններին զուգահեռ անդրադառնալով Օրենսգրքով նախատեսված բացառություններին արձանագրել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում (տե´ս, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն ընդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի թիվ ՇԴ/5144/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):
3․16․ Օրենսդիրը սահմանելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ըստ էության, առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և բողոք բերող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման:
3.17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքով հստակ սահմանվել է ՀՀ վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգը, ըստ որի՝ ՀՀ վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահվել ՀՀ վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու բացառապես նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով։ Այդ կարգի համաձայն՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք է վերապահվել, ի թիվս այլնի, նաև գործին մասնակից չդարձած անձանց: Մասնավորապես՝ գործին մասնակից չդարձած անձինք բոլոր դեպքերում վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն միայն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացվածորոշումների դեմ (տե՛ս վերը 3․8․-րդ կետը): Ավելին՝ օրենսդիրը սահմանել է նաև, որ բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում (տե՛ս վերը 3.9.-րդ կետը)։
3․18․ Գործին մասնակից չդարձած անձը բողոքում պետք է հիմնավորի դատական ակտի՝ իր իրավունքներին և պարտականություններին առնչվելու, վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում բերված լինելու հանգամանքները։ Իր հերթին ՀՀ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի բողոքին կից ներկայացված ապացույցներով վիճարկվող դատական ակտը վերջինիս իրավունքներին և պարտականություններին առերևույթ վերաբերելության հիմնավորվածությունը, բողոքը սահմանված ժամկետում բերված լինելու հարցը, այնուհետև գործի քննության փուլում, ի թիվս այլնի, գնահատման առարկա դարձնի և պարզի անձի իրավունքների և պարտականությունների, նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար խոչընդոտների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցը։ Եթե այդ հանգամանքը հիմնավորված է, ապա վերադաս դատական ատյանը պետք է բեկանի նման դատական ակտը՝ գործի քննությանը բողոք բերած անձի մասնակցությունն ապահովելու համար։
3.19. Գործին մասնակից չդարձած անձանց կողմից դատական ակտի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Արամ Ռազմիկի Դանիելյանի` որպես գործին մասնակից չդարձած անձի վճռաբեկ բողոքում բերված փաստարկներին, ինչպես նաև սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
3.20. 04.02.2020 թվականին դիմելով դատարան` ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել 26.05.2007 թվականի լոտ 26 հողամասի աճուրդը, որպես հետևանք անվավեր ճանաչել 31.05.2007 թվականի ՀՀ Կոտայքի մարզպետի և Զարիկ Գարուշի Գևորգյանի միջև կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2587 պայմանագիրը, դրա հիման վրա իրավունքների պետական գրանցման միասնական 4-1-07 մատյանի 020 համարի տակ գրանցված 0,55 հա հողամասի նկատմամբ Զարիկ Գարուշի Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: 07.04.2022 թվականին Դատարանը վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին (հատոր 12, գ.թ. 28-60)։
3.21. 07.06.2022 թվականին Զարիկ Գարուշի Գևորգյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 06.10.2022 թվականի որոշմամբ մերժել է և Դատարանի 07.04.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ (հատոր 12, գ.թ. 147-169)։
3.22. 11.11.2022 թվականին Զարիկ Գարուշի Գևորգյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանը 03.08.2023 թվականի որոշմամբ մերժել է և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2022 թվականի որոշումը թողել է օրինական ուժի մեջ՝ նույն որոշման հիմնավորումներով (հատոր 13, գ.թ. 130-149)։
3.23. 07.09.2023 թվականին, փոստային ծառայության միջոցով, որպես գործին մասնակից չդարձած անձ, Արամ Ռազմիկի Դանիելյանը, Դատարանի 07.04.2022 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 13, գ.թ. 179-189)։
3.24. 23.11.2023 թվականին Վերաքննիչ դատարանը որոշել է. «Թիվ ԿԴ/3359/02/21 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Դատարանի 07.04.2022 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձած անձ Արամ Ռազմիկի Դանիելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել» (հատոր 13, գ.թ. 190-197)։
3.25. Վերաքննիչ դատարանը կիրառելով Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Արամ Ռազմիկի Դանիելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է՝ պատճառաբանելով, որ այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, իսկ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ բերվել է վճռաբեկ բողոք և Վճռաբեկ դատարանը բողոքի քննության արդյունքում կայացրել է որոշում, ապա գործին մասնակից չդարձած անձի՝ բողոքարկման իրավունքը պետք է իրացվի վճռաբեկ բողոք բերելու միջոցով:
3.26. Սույն որոշման 3.21.-3.22. կետերում նշված փաստերից ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոք բերած անձի վերաքննիչ բողոքը, Դատարանի 07.04.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանի 03.08.2023 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժվել է և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2022 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ՝ նույն որոշման հիմնավորումներով:
3.27. Վճռաբեկ դատարանն ինչպես արդեն իսկ արձանագրել է սույն որոշմամբ՝ բոլոր դեպքերում գործին մասնակից չդարձած անձն իր իրավունքներին և պարտականություններին առնչվող դատական ակտը կարող է բողոքարկել միայն վերաքննության կարգով: Այս հիմնավորումներով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակից չդարձած անձը պետք է ներկայացներ վերաքննիչ բողոք, ինչը և արել է՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ օրենսդիրը սահմանել է, որ բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը ՀՀ վերաքննիչ դատարանում, իսկ գործին մասնակից չդարձած անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն միայն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումների դեմ:
3․28․ Ինչ վերաբերվում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է իրացվի վճռաբեկ դատարանում, հակառակ դեպքում վերաքննիչ դատարանը բողոքի քննության շրջանակներում քննարկման առարկա է դարձնում այն գործով դատական ակտի բեկանման հիմքը, որով առկա է վճռաբեկ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտ, ապա հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանը միայն հաստատում է, թե արդյոք առկա է Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքի առկայությունը, թե՝ ոչ, իսկ հաստատելու պարագայում, Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում բողոքի մյուս հիմքերին ու հիմնավորումներին։
3.29. Ասվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման հիմքում դրված պատճառաբանությունները հերքվում են վերն ասվածով։ Վերաքննիչ դատարանը պետք է պարզեր բողոքին կից ներկայացված ապացույցներով վիճարկվող դատական ակտը վերջինիս իրավունքներին և պարտականություններին առերևույթ վերաբերելության հիմնավորվածությունը, արդյո՞ք անձը սահմանված ժամկետում է ներկայացրել վերաքննիչ բողոքը՝ քննության առարկա դարձնելով այն հարցը, թե անձն իրապես ե՞րբ է իմացել կամ ե±րբ կարող էր իմանալ միջամտող դատական ակտի մասին։ Այնուհետև, Վերաքննիչ դատարանում գործի քննության փուլում, ի թիվս այլնի, գնահատման առարկա դարձներ և պարզեր անձի իրավունքների և պարտականությունների, նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար խոչընդոտների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցը։
3.30. Նման պայմաններում բացակայում է Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքը: Հետևաբար Վերաքննիչ դատարանը, ոչ իրավաչափորեն մերժելով Արամ Ռազմիկի Դանիելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է Արամ Ռազմիկի Դանիելյանի բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից, ինչը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 23.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 23.11.2023 թվականին «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագա հողԶեկուցող |
Ա․ ԴԱՎԹՅԱՆ Գ․ ԳՅՈԶԱԼՅԱՆ |
|
Լ․ ԳՐԻԳՈՐՅԱՆ | |
|
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական: