ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշում |
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ ՀԿԴ/0058/02/24 2025 թ. |
|
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ
թիվ ՀԿԴ/0058/02/24 |
| Նախագահող դատավոր՝ |
Հ. Զարգարյան |
|
Դատավորներ՝ |
Գ. Հարությունյան |
|
Գ․ Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագա հողզեկուցող |
Ա. ԴաՎԹյան Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ | |
|
Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ | ||
|
Լ․ ԳՐԻԳՈՐՅԱՆ | ||
|
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ |
|
«24» սեպտեմբերի 2025թ. |
քաղաք Երևան |
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ Լոռու մարզի դատախազության հայցի ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 15․04․2025 թվականի որոշման դեմ ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից բերված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1․1․ 29.04.2024 թվականին ՀՀ Լոռու մարզի դատախազությունը (այսուհետ նաև՝ Բողոքաբեր), փոստային ծառայության միջոցով, հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ որպես պետությանը պատճառված 1․144․500 ՀՀ դրամ վնասը բռնագանձելու պահանջի մասին, որը 03.05.2024 թվականին մակագրվել է դատավոր Լ․ Դրմեյանին։
1․2․ 30.05.2024 թվականին Դատարանը (դատավոր՝ Լ․ Դրմեյան) հայցադիմումն ընդունել է վարույթ:
1․3․ 23․12․2024 թվականին Դատարանը վճռել է․
«1․ Լոռու մարզի դատախազության հայցն ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես պետությանը պատճառված վնասի հատուցում 1․144․500 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն․
Վրույր Սիմոնի Հովակիմյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 360․000 ՀՀ դրամ գումար՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։
1.1. Հայցը մնացած մասով մերժել: (…)»։
1․4․ 09.01.2025 թվականին Բողոքաբերը, փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 27․01․2025 թվականին ընդունել է վարույթ:
1․5․ 15․04․2025 թվականին Վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը մերժել և Դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ։
1․6․ 23․04․2025 թվականին Բողոքաբերը, փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է վճռաբեկ բողոք:
1․7․ 02.05.2025 թվականին գործը հանձնվել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմին:
1․8․ 14․05․2025 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։
1․9․ Պատասխանող Վրույր Սիմոնի Հովակիմյանը վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացրել։
2․ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
2․1․ Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել նյութական իրավունքի նորմերը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։
Բողոքաբերը բողոքում ներկայացրել է հետևյալ փաստարկները.
2․2․ Բողոքաբերն իրավաչափ չի համարել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ և 239-րդ հոդվածները, ինչպես նաև այն, որ Դատարանի պատճառաբանությունները եղել են օրինական և հիմնավոր։
2․3․ Վկայակոչելով թիվ ՀԿԴ/0108/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վճիռը՝ նշել է, որ սույն գործի փաստերին համանման այդ գործով առաջին ատյանի դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 17-րդ և 1058-րդ հոդվածները, ամբողջությամբ բավարարել է ՀՀ Լոռու մարզի դատախազության հայցը՝ վնասը բռնագանձելու պահանջով:
2․4․ Բողոքաբերի կարծիքով, թեև Վրույր Սիմոնի Հովակիմյանը եղել է պետության կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության աշխատող, սակայն հաշվի առնելով, որ այդ կազմակերպությունն ունի առանձին գույք, առանձին իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվության իր առանձին շրջանակները, ուստի այդ աշխատողի կողմից «պետությանը վնաս պատճառելը» և «գործատուին (կազմակերպությանը) վնաս պատճառելը» նույնացնելն իրավաչափ չէ՝ անկախ նրանից, որ գործառութային առանձնահատկություններից ելնելով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին վերապահված է եղել պետական անտառների պահպանությունը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը թեև պետության կողմից ստեղծված կազմակերպություն է և իրականացնում է իրեն օրենքով վերապահված գործառույթները, սակայն այդ կազմակերպության ու պետության իրավասությունների շրջանակները պետական սեփականություն հանդիսացող գույքի առումով խիստ տարբեր են:
2․5․ Սույն դեպքում պատասխանողը հանդես է եկել ոչ թե պետության (որպես առանձին սուբյեկտի), այլ՝ կոնկրետ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատող, հետևաբար քննարկվող իրադրությունում պետության հետ անմիջական քաղաքացիաիրավական փոխհարաբերությունների մեջ չի եղել, նրա փոխհարաբերություններն ու պատասխանատվությունը սահմանված են եղել աշխատանքի ընդունվելիս գործատուի արձակած հրամաններով (հետագայում նաև՝ աշխատանքային գործունեության ընթացքում այլ նորմատիվ-իրավական ակտերով) և նախատեսել են պարտականությունների ու պատասխանատվության առավել նեղ շրջանակ, որում ներառված չեն եղել պետական անտառների ապօրինի հատումների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման հարցին վերաբերող դրույթներ, այսինքն՝ այդպիսի դեպքերում վնասի հատուցման կարգի, չափերի ու այլ հարցերի շուրջ պատասխանողը և գործատուն («Հայանտառ» ՊՈԱԿ-ը) որևէ նորմատիվ-իրավական ակտով համաձայնություն չեն կնքել:
2․6․ Ստորադաս դատարաններն օրենքին տվել են առավել լայն մեկնաբանում, ինչի հետևանքով եկել են ոչ արդարացի հետևության, որ քննարկվող իրադրությունում պատասխանողը պետության (ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի) հետ եղել է աշխատանքային փոխհարաբերությունների մեջ, ուստի վնասի հատուցման չափի հարցը լուծելիս պետք է կիրառվեին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ և 239-րդ հոդվածները: Բողոքաբերը հանգել է հետևության, որ բողոքով բերվող փաստարկներով ու մեկնաբանություններով հնարավոր է հանգել հակառակ և առավել իրավաչափ հետևության:
2․7․ Մասնավորապես, որ քննարկվող իրադրությունում կիրառման ենթակա են ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը, այլ՝ վնասների հատուցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմերը, որոնք նախատեսված են Օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածներով: Գտել է, որ օրենքը սխալ մեկնաբանելու հետևանքով վիճարկվող դատական ակտերի կայացմամբ խախտվել ու սխալ են կիրառվել նյութական իրավունքի նորմերը, ինչն ուղղակիորեն և էական ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա, այն է՝ պատասխանողների դեմ ներկայացված հայցի մասնակի բավարարման պատճառով վտանգի տակ է դրվել պետության գույքային իրավունքների ու շահերի լիարժեք պաշտպանությունը:
2․8․ Վերոգրյալով պայմանավորված՝ Բողոքաբերը եզրահանգել է, որ բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ, ինչպես նշվել է, ստորադաս դատական ատյանները նույն փաստական հանգամանքների առնչությամբ կիրառել են նյութական իրավունքի տարբեր նորմեր՝ հակասական մեկնաբանությամբ։
2․9․ Վերոգրյալի հիման վրա Բողոքաբերը պահանջել է մասնակիորեն՝ Օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների փոխարեն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ ու 239-րդ հոդվածների կիրառման ենթակա մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2025 թվականի որոշումը՝ բեկանված մասով գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
3․1․ 09.02.2021 թվականի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատանքի ընդունելու մասին N 62-Ա հրամանով Վրույր Սիմոնի Հովակիմյանը 10.02.2021 թվականից ընդունվել է աշխատանքի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնում՝ որպես անտառապահ (հատոր 1-ին, գ.թ. 42-43)։
3․2․ 23․09․2021 թվականի ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչության Թումանյանի բաժնի թիվ 003666 անտառխախտման արձանագրության համաձայն՝ 22․09․2021 թվականին «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնի, թիվ 5 քառակուսու, թիվ 4․8 անտառամասերի 1-ին կարգի պաշտպանական նշանակության տեղամասում մոնիթորինգի կողմից հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամաչափերի 14 հատ ծառերի կոճղեր (հատոր 1-ին, գ.թ. 22-23)։
3․3․ 06․10․2021 թվականի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի թիվ N ՎՀ-05/290 ապօրինի ծառահատումների մասին վնասի հաշվարկի համաձայն՝ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 6-րդ հոդվածի 10-րդ մասի թիվ 003666 անտառխախտման արձանագրությունում և հաշվեգնահատման ամփոփագրում ձայնագրված թվով 14 ծառերի ապօրինի հատման հետևանքով վնասի հատուցման չափը կազմել է 1․144․500 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 30-31)։
3․4․ 18․10․2021 թվականի դեպքի վայրի զննություն կատարելու մասին արձանագրության համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ստացված թիվ 318 գրության, թիվ 003666 անտառխախտման արձանագրության համաձայն՝ Թումանյանի անտառտնտեսության Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնում իրականացվել է դեպքի վայրի զննություն։ Դեպքի վայրի զննության մասնակից՝ Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի անտառապահ Վրույր Հովակիմյանը, մատնացույց է արել նշված տեղանքը, որն անանցանելի էր, և թվով 14 հատ տարբեր տեսակի և հատման տրամաչափերի ծառերի կոճղեր է հայտնաբերվել։ Նշված ծառերը հատվել են ապօրինի կերպով՝ անհայտ անձի կամ անձանց կողմից, որոնք էլ ստուգման ժամանակ հայտնաբերվել են և անտառտնտեսության աշխատակիցների կողմից կնքվել և համարակալվել են։ Կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղարկվել է ըստ ենթակայության։ Զննության ընթացքում այլ ապօրինի հատված ծառեր կամ ճյուղեր չեն հայտնաբերվել, չեն հայտնաբերվել նաև մոտակայքում և տարածքում տեսանկարահանող սարքեր (հատոր 1-ին, գ.թ. 38-39)։
3․5․ 11․11․2021 թվականի վկայի լրացուցիչ հարցաքննության արձանագրության համաձայն՝ Վրույր Սիմոնի Հովակիմյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ 2021 թվականի մարտ ամսից աշխատում է Թումանյանի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնի անտառապահ։ 2021 թվականի սեպտեմբերին մոնիթորինգի ստուգումներով իր պահաբաժնի թիվ 5 քառակուսու թիվ 4 և 8 պահաբաժնի անտառամասերում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերի կոճղեր։ Վերջինս հայտնել է, որ չգիտի, թե ով է կատարել այդ ապօրինի հատումները, ոչ մեկի վրա չի կասկածում։ Ինքը նորմալ շրջել է այդ տարածքներում, սակայն այդ արմատները չի գտել, քանի որ թփերը և խոտերը բարձր էին (հատոր 1-ին, գ.թ. 44-47)։
3․6․ 03․01․2022 թվականի քրեական գործ հարուցելու մասին որոշման համաձայն՝ պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 55200122 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (հատոր 1-ին, գ.թ. 14-17)։
3․7․ Նույն որոշմամբ նշվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ճանաչվել է տուժող (հատոր 1-ին, գ.թ. 14)։
3․8․ 22․03․2024 թվականին Վրույր Սիմոնի Հովակիմյանը որպես վկա լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ մոնիթորինգի կողմից 2021 թվականի սեպտեմբերին Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի 5-րդ քառակուսում, որն ինքն էր սպասարկում, հայտնաբերվել է ապօրինի հատված 14 ծառ, մինչև այդ չի հայտնաբերել, աշխատել է շուրջ երկու տարի, մեղավորությունը ճանաչում է, իր աշխատանքում անփույթ է եղել, չի հայտնաբերել, զղջում է կատարվածի համար, վնասը չի կարող վերականգնել, քանի որ հնարավորություն չունի։ Քանի որ վաղեմության ժամկետն անցել է, խնդրել է իր նկատմամբ կիրառել վաղեմություն և վարույթը կարճել (հատոր 1-ին, գ.թ. 55-57)։
3․9․ 26․03․2024 թվականի ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին որոշման համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա․ Ուլուխանյանի վարույթում քննվող թիվ 55200122 քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդությունը բավարարվել է և Վրույր Հովակիմյանի նկատմամբ 18․04․2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 58-64)։
3․10․ 31․03․2024 թվականի քրեական վարույթը կարճելու մասին որոշման համաձայն՝ թիվ 55200122 քրեական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթի ուժով քրեական պատասխանատվությունից ազատման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 65-71)։
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
4.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առնվազն մեկ այլ գործով1 ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում Օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները կիրառվել են հակասող մեկնաբանությամբ:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե ճյուղային իրավունքի ո՞ր նորմերն են կիրառելի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի կողմից պետությանը ենթադրյալ վնաս պատճառելու իրավահարաբերությունների նկատմամբ՝ դրա շրջանակներում վերահաստատելով նաև նախկինում արտահայտված դիրքորոշումները։
Այս հարցադրման շրջանակներում, որոշման պարզության տեսանկյունից, Վճռաբեկ դատարանը հարցադրմանը կպատասխանի երեք ենթահարցադրմամբ՝ նախ, արդյո՞ք պետական ոչ առևտրային կազմակերպությունն օժտված է քաղաքացիա-իրավական գործունեության ինքնավարությամբ (Principium Autonomiae), երկրորդ, ո՞վ է հանդիսանում պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատող աշխատակցի գործատուն, և երրորդ, Վճռաբեկ դատարանը կանդրադառնա վնաս պատճառելու հետևանքով առաջացած իրավահարաբերություններին (նյութական պատասխանատվություն, դելիկտային պարտավորություններ):
Մինչ այդ, սակայն, Վճռաբեկ դատարանը` հիմքում ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասը, ընդգծում է, որ սույն բողոքը քննում է բացառապես վճռաբեկ բողոքի հիմքերի՝ բողոքում նշված համապատասխան նյութական իրավունքի նորմերի խախտումների և դրանց վերաբերյալ հիմնավորումների սահմաններում։
Ա) Արդյո՞ք պետական ոչ առևտրային կազմակերպությունն օժտված է քաղաքացիա-իրավական գործունեության ինքնավարությամբ (Principium Autonomiae)․
4.2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի2 (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են՝ 1) Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող3 ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով։ 2) Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
Օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է՝ 1) Պետական կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով: 2) Պետական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
Օրենքի 17-րդ հոդվածի դ) կետի համաձայն՝ պետական կազմակերպության գործադիր մարմինը` աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում պետական կազմակերպության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր։
4.3. Վկայակոչված հոդվածներից ակնհայտ է, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ նաև՝ ՊՈԱԿ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որն Օրենքի սահմաններում, օժտված է իրավաբանական անձին բնորոշ քաղաքացիա-իրավական գործունեության ինքնավարությամբ, կարող է կնքել պայմանագրեր (այդ թվում՝ աշխատանքային), իր աշխատակիցների նկատմամբ կարող է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերով և այլ իրավական ակտերով սահմանված ներգործության միջոցները, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: ՊՈԱԿ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքով, միաժամանակ, ՊՈԱԿ-ը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Այլ կերպ ասած՝ ՊՈԱԿ-ը քաղաքացիա-իրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես ինքնուրույն սուբյեկտ և չի կարող նույնացվել իր հիմնադրի հետ: Թեև պետությունն է հիմնադրում ՊՈԱԿ-ին և անշուշտ՝ ՊՈԱԿ-ը, ի տարբերություն այլ ոչ առևտրային կազմակերպությունների, ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք սահմանված են Օրենքով, սակայն դա չի նվազեցնում ՊՈԱԿ-ի՝ քաղաքացիա-իրավական հարաբերություններում ինքնուրույն գործելու ունակությունը՝ Օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Բ) Ո՞վ է հանդիսանում պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատող աշխատակցի գործատուն․
4.4. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով նույն օրենսգրքի պահանջները: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:
4.5. Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
4.6. Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
4.7. Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը: Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից և ֆիզիկական անձը: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որպես գործատու կարող է հանդես գալ աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն):
4.8. Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
4.9. Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում օրենսդիրը սահմանել է, որ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում, ի թիվս այլնի, նշվում են գործատուի անվանումը (…):
4.10. 22․10․2021 թվականի թիվ ԵԴ/0392/02/20 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ․ «(…) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «գործատու» հասկացությունը պետք է մեկնաբանել տառացի նշանակությամբ` նույն օրենսգրքի ընդհանուր կարգավորման համատեքստում՝ չփոփոխելով տվյալ իրավանորմի իմաստը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդված, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդված): Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը: 2. Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից, և ֆիզիկական անձը (…)։ Վկայակոչված իրավանորմերի բովանդակային համադրումից հետևում է, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության իմաստով գործատուն (ոչ ֆիզիկական անձ) այն իրավաբանական անձն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (…)»:
4.11. 02․09․2022 թվականի թիվ ԵԿԴ/1913/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի բովանդակությանը, նշել է․ «Աշխատանքային իրավահարաբերությունների ծագման համար հիմք հանդիսացող՝ օրենքով նախատեսված իրավաբանական փաստի՝ աշխատանքային պայմանագրի բովանդակությունը բացահայտված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածում, որի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև: Աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է իրավաբանական փաստ, որը բավարար և անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում աշխատանքային իրավահարաբերությունների ծագման համար: Իսկ այս կամ այն իրավահարաբերությունների ծագման համար անհրաժեշտ և բավարար հիմքերի սահմանումն ընդհանրապես, իսկ կոնկրետ դեպքում՝ աշխատանքային իրավահարաբերությունների համար մասնավորապես, հետապնդում է որոշակիություն ապահովելու իրավաչափ նպատակ»:
4.12. Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է․ «(…) աշխատանքային հարաբերություններն աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններ են, որոնց միջոցով աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ, իսկ գործատուն դրա համար ապահովում է որոշակի աշխատանքային պայմաններ: Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային oրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Աշխատանքային պայմանագիրն աշխատողի և գործատուի միջև համաձայնություն է, որով աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել վերջինիս կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել ՀՀ օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ (տե՛ս Ցոլակ Սալմասյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը)»:
4.13. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած վերը նշված դիրքորոշումները, հարկ է համարում ընդգծել, որ աշխատանքային հարաբերությունները ձևավորվում են երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի միջև։ Այս հարաբերությունների հիմքում ընկած է ազատ կամաարտահայտման միջոցով փոխադարձ համաձայնությունը, որը դրսևորվում է համապատասխան անհատական իրավական ակտի ընդունման կամ աշխատանքային պայմանագրի կնքման փաստով: Հետևաբար, «գործատու» հասկացությանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի ընդհանուր կարգավորման համատեքստում չպետք է տրվի տարածական մեկնաբանություն: Այլ կերպ ասած՝ աշխատանքային իրավահարաբերությունների տեսանկյունից «գործատուն» այն քաղաքացիա-իրավական հարաբերության սուբյեկտն է, որն աշխատանքային հարաբերությունների մեջ է մտնում աշխատողի հետ՝ աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի հիման վրա: Այս հարաբերություններում չի կարող լինել ստվերային սուբյեկտ, որն աշխատանքային պայմանագրի կողմ չէ կամ անհատական իրավական ակտ ընդունող, սակայն հանդիսանում է աշխատողի գործատուն, կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել աշխատակցին, կիրառել այլ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ներգործության միջոցներ և այլն: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ լինելով իրավաբանական անձ, կարող է հանդես գալ որպես գործատու և իր իրավասությունների սահմաններում ունի լիարժեք ինքնավարություն՝ ընտրելու համապատասխան այն անձին, որի հետ ցանկանում է հաստատել աշխատանքային իրավահարաբերություններ, կիրառել իր աշխատակցի նկատմամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ներգործության միջոցներ և այլն:
Գ) Վնաս պատճառելու հետևանքով առաջացած իրավահարաբերություններ (նյութական պատասխանատվություն, դելիկտային պարտավորություններ)․
4.14. Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վնաս պատճառելու հետևանքով առաջացող պատասխանատվության հարցին՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված նյութական պատասխանատվության և Օրենսգրքով սահմանված դելիկտային պարտավորությունների լույսի ներքո:
4.15. Օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` (...) աշխատանքային, (...) հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ (...) աշխատանքային, (...) և այլ հատուկ օրենսդրությամբ:
4.16. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությունը սահմանում է` նյութական պատասխանատվության պայմաններն ու չափերը (սահմանները):
4.17. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին: Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե աշխատանքային օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
4.18. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն՝ նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում. 1) պատճառված է վնաս. 2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով. 3) առկա է պատճառահետևանքային կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև. 4) առկա է խախտողի մեղքը. 5) խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքի խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ. 6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:
4.19. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է՝ 1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով. 2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով. 3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում. 4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից. 5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով. 6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:
4.20. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառված վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ նույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
4.21. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 239-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, որի պարագայում գործատուին պատճառված վնասն աշխատողի կողմից լրիվ ծավալով ենթակա է հատուցման: Դրանք են՝ 1) վնասը պատճառվել է դիտավորությամբ. 2) վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետևանքով. 3) աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր. 4) վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով. 5) վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն. 6) վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:
4.22. Նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է աշխատանքային իրավահարաբերություններից ծագող նյութական պատասխանատվության հարցերին, մասնավորապես՝ նշելով. «աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկությունները հանգում են հետևյալին` պատճառված վնասի համար պատասխանատվության վերը շարադրված պայմաններին ավելանում են ևս երկու պայման, այն է` վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ: Ընդ որում, պատճառված վնասի համար պատասխանատվության մյուս տարրերն աշխատողի նյութական պատասխանատվության դեպքում հարկ է դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համատեքստում, որը թվարկում է աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը` սպառիչ սահմանելով վնաս պատճառելուն ուղղված հակաիրավական վարքագծի դրսևորումները (տե՛ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը)»:
4.23. Համալիր վերլուծության ենթարկելով վերը՝ 4.16.-4.22.-րդ կետերում վկայակոչված նորմերը, վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային իրավահարաբերություններից ծագող նյութական պատասխանատվության նորմերը գործում են բացառապես գործատու-աշխատող իրավահարաբերություններում: Այլ կերպ ասած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նյութական պատասխանատվության կարգավորումներում առանցքային տարրն այն է, որ իրավակիրառ պրակտիկան, նախքան ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության նորմերը կիրառելը, պետք է պարզի կողմերի՝ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու փաստը, որից հետո անդրադառնա մնացած հանգամանքներին: Աշխատանքային իրավահարաբերությունների բացակայությունը (երբ բացակայում է աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմքը) ինքնին նշանակում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության իրավահարաբերություններ առկա չեն, և ենթադրյալ պատճառված վնասի իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվեն այլ նորմեր:
4.24. Գալով դելիկտային պարտավորություններին՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: (…): Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է՝ (…) քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:
4.25. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով։
4.26. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։ Վնաuներ են իրավունքը խախտված անձի ծախuերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուuտը կամ վնաuվածքը (իրական վնաu), չuտացված եկամուտները, որոնք այդ անձը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
Օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:
4.27. Դելիկտային պարտավորությունների շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր մի շարք որոշումներում հետևողականորեն մեկնաբանել և զարգացրել է Օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը և 1058-րդ հոդվածը: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է․ «(…) վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (ի թիվս այլնի, տե՛ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)»։
4.28. Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է. «(…) վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության, և թե՛ անզգուշության ձևով (ի թիվս այլնի, տե՛ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը)»։
4.29. Մեկ ուրիշ գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ․ «Դելիկտային պարտավորությունների առաջացման համար պետք է վնասի և հակաիրավական արարքի միջև պատճառական կապը լինի ուղղակի և հաստատված, հակառակ դեպքում անուղղակի պատճառական կապը չի կարող պատասխանատվության պայման դառնալ(տե՛ս Ալբերտ Ղազարյանը, Արտավազդ Ստեփանյանն ընդդեմ «ԵԱԶ Երևանի ամրանների գործարան» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/5007/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը)»։
4.30.Պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով ապացուցման առարկայի ճիշտ որոշման հարցը լուծելիս՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է. «(…) պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես` դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:
Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական և դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը: (…) նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),
- վնաս պատճառող անձի առկայությունը,
- պատճառված վնասի առկայությունը,
- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,
- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը)»։
4.31. Վերահաստատելով վերը վկայակոչված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ ի տարբերություն ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության իրավահարաբերություններին, որի առաջացման համար անհրաժեշտ է աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմքը (աշխատանքային պայմանագիր, անհատական իրավական ակտ) և որ այն ուղղված է կոնկրետ խնդիրների լուծմանը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդված) ու, որպես կանոն, այն չի վերականգնում պատճառված վնասը լրիվ ծավալով (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ հոդված), որոշակի հստակ բացառություններով (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 239-րդ հոդված) դելիկտային (delictum-իրավախախտում) պարտավորությունների դեպքում նման սահմանափակումներ չկան և պարտադիր չէ, որ վնաս պատճառողն ու տուժող կողմը գտնվեն պայմանագրային հարաբերությունների մեջ (արտապայմանագրային իրավահարաբերություններ) և որ պատճառված վնասը, որպես կանոն, ենթակա է հատուցման լրիվ ծավալով՝ որոշակի հստակ բացառություններով (Օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների 1-ին և 2-րդ մասեր)։
4.32. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, հիմնվելով նախկինում հայտնած դիրքորոշումների վրա, արձանագրում է, որ դելիկտային իրավահարաբերությունների պարզման դեպքում դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն իրավահարաբերության համար անհրաժեշտ բոլոր տարրերի առկայությանը։ Այս տեսակետից Վճռաբեկ դատարանն ավելորդ չի համարում նշել, որ դատարանները ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապը պարզելիս (But for, Causa proxima թեսթը կիրառելիս) պետք է դիտարկեն անմիջական պատճառը, ոչ թե հեռավորը (Causa proxima non remota spectatur)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
4.33. Վերը նշված վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Վրույր Սիմոնի Հովակիմյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև 10․02․2021 թվականին ծագել են աշխատանքային իրավահարաբերություններ, ըստ որի՝ Վրույր Սիմոնի Հովակիմյանն ընդունվել է աշխատանքի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնում՝ որպես անտառապահ (տե՛ս վերը 3.1.-ին կետը)։
4.34. 22․09․2021 թվականին «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնի, թիվ 5 քառակուսու, թիվ 4․8 անտառամասերի 1-ին կարգի պաշտպանական նշանակության տեղամասում հայտնաբերվել են անհայտ անձի (անձանց) կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամաչափերի 14 հատ ծառերի կոճղեր (տե՛ս վերը՝ 3.2.-րդ կետը), որի վնասի չափը կազմել է 1․144․500 ՀՀ դրամ (տե՛ս վերը՝ 3.3.-րդ կետը)։
4.35. Դեպքի վայրի զննության մասնակից՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից Վրույր Սիմոնի Հովակիմյանը մատնացույց է արել նշված տեղանքը, որն անանցանելի է եղել (տե՛ս վերը՝ 3.4.-րդ կետը)։ Վերջինս հայտնել է, որ չգիտի, թե ով է կատարել այդ ապօրինի հատումները, ոչ մեկի վրա չի կասկածում և, որ ինքը նորմալ շրջել է այդ տարածքներում, սակայն այդ արմատները չի գտել, քանի որ թփերն ու խոտերը բարձր են եղել (տե՛ս վերը՝ 3.5.-րդ կետը)։
4.36. Պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ճանաչվել է որպես տուժող (տե՛ս վերը՝ 3.6.-3.7.-րդ կետերը)։
4.37. Քրեական գործի շրջանակներում Վրույր Սիմոնի Հովակիմյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն մեղավոր է ճանաչում իր աշխատանքում անփույթ լինելու համար, ժամանակին չի հայտնաբերել կտրված ծառերը, զղջում է կատարվածի համար, իսկ վնասը վերականգնելու հնարավորություն չունի։ Միաժամանակ, քանի որ վաղեմության ժամկետն անցել է, խնդրել է իր նկատմամբ կիրառել վաղեմություն և վարույթը կարճել։ Վրույր Սիմոնի Հովակիմյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է (տե՛ս վերը՝ 3․8․-3.9.-րդ կետերը)։
4.38.Նման ապացույցների առկայության պայմաններում Դատարանը նշել է, որ․ «Տվյալ դեպքում, պետությունը հանդես է գալիս որպես տուժող, որի հետ վնաս պատճառող անձը «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության միջոցով գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է եղել Պատասխանողի աշխատանքային գործունեության հետ։ Նշված փաստերի համադրմամբ Դատարանը հանգում է հետևության, որ Պատասխանողի՝ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպությունում աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարելով դրսևորված ոչ իրավաչափ վարքագիծը, պետությանը պատճառված վնասի առկայությունը, դրա չափը, ինչպես նաև Պատասխանողի ոչ իրավաչափ վարքագծի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապը և վնասի առաջացման Պատասխանողի մեղքի առկայությունը հիմնավորված են4»։
4.39. Իր հերթին, Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, արձանագրել է, որ․ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 239-րդ հոդվածը սույն հակակոռուպցիոն քաղաքացիական գործով կիրառելի չլինելու վերաբերյալ փաստարկ կամ առարկություն Դատարանում գործի քննության ժամանակ հայցվորի կողմից նույնպես չի ներկայացվել, ինչը, սակայն, ՀՀ վճռաբեկ դատարանի վերը մեջբերված նախադեպային դիրքորոշման լույսի ներքո խոչընդոտ չէ կիրառելի իրավունքի մասին դատողությունները վերաքննիչ բողոքում վկայակոչելու և համապատասխանաբար՝ այդ մասով վերաքննություն իրականացնելու համար: Սակայն պետք է փաստել, որ կիրառելի իրավունքի նորմի դիսպոզիցիայից բխող պայմանների առկայության հանգամանքը Դատարանը ներառել է դեռևս ապացուցման առարկան սահմանող՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման մեջ, և նշված փաստերի շուրջ կատարել է ապացուցման պարտականության բաշխում: Այսպես, Դատարանը 26.08.2024 թվականի նախնական դատական նիստում հայցվորի հետ քննարկել է ապացուցման ենթակա փաստերը, և արդեն 02.09.2024 թվականի ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշմամբ սահմանելով այդպիսիք՝ Դատարանը հայցվորի վրա, ի թիվս այլնի, դրել է հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը. «(…) 4. Վերոնշված ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելիս Պատասխանողի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ և աշխատանքային պայմանագրի պայմանները (լրիվ կամ սահմանափակ նյութական պատասխանատվություն) (…): Նշված փաստի ապացուցման պարտականությունը հայցվորի վրա դնելու հետ կապված հայցվորը որևէ առարկություն չի ներկայացրել (…): (…) Դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 239-րդ հոդվածի կիրառումն իրավաչափ է, քանի որ պատասխանող Վրույր Հովակիմյանը վնաս պատճառելու պահին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ գտնվել է աշխատանքային իրավահարաբերությունների մեջ, որպիսի փաստը չի վիճարկվել գործի քննության ընթացքում, ինչպես նաև պատասխանողի կողմից ոչ իրավաչափ վարքագիծը դրսևորվել է աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու ձևով, ինչը դրվել է նաև թիվ 55200122 քրեական գործով պատասխանողին առաջադրված մեղադրանքի հիմքում: (…) «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատողի՝ պատասխանողի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից պահպանվող անտառներին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի հատուցման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության՝ վնասի հատուցման կանոնները: Այն հանգամանքը, որ վնասը պատճառվել է պետությանը, այլ ոչ թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքին, սույն գործով չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կանոնակարգումները կիրառելի չհամարելու համար:
Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը հիմնվում է այն հանգամանքների վրա, որ մի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետական կազմակերպություն է, մյուս կողմից՝ պատասխանողի ոչ իրավաչափ վարքագիծը դրսևորվել է պետական կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ընթացքում իր աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարմամբ (չկատարմամբ), բացի այդ, պատասխանողի՝ որպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատողի աշխատանքային պարտականությունների բնույթն ուղղված է հենց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործառույթների, այդ թվում՝ պետական սեփականություն հանդիսացող անտառների պահպանությանը, իսկ վնասը պատճառվել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից պահպանվող անտառներին։ Այս տեսանկյունից «գործատուին պատճառված վնաս» օրենսդրական ձևակերպումը սույն դեպքում չպետք է սահմանափակել միայն գործատուին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառելու դեպքերով5»։
4.40. Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սխալ են որոշել իրավահարաբերության բնույթը, որի պատճառով եկել են սխալ եզրահանգումների՝ հետևյալ պատճառաբանությամբ։
4.41. Սույն գործի փաստերից ակնհայտ է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որպես քաղաքացիա-իրավական ինքնավարություն ունեցող իրավաբանական անձ (Principium Autonomiae), աշխատանքային հարաբերությունների մեջ է մտել Վրույր Սիմոնի Հովակիմյանի հետ (տե՛ս վերը՝ 3.1.-ին կետը)։ Այլ կերպ ասած՝ Վրույր Սիմոնի Հովակիմյանի գործատուն եղել է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, և ենթադրյալ վնասը պատճառվել է ոչ թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը։ Վերը Վճռաբեկ դատարանը մանրամասն վերլուծել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերաբերելի նորմերը (տե՛ս վերը՝ 4.4.-4.13.-րդ կետերը), ուստի այստեղ դրանց վրա կանգ չի առնի։
4.42. Գալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 22-րդ գլխով նախատեսված նյութական պատասխանատվության նորմերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնված են կողմերի աշխատանքային իրավահարաբերությունների (աշխատանքային պայմանագիր, անհատական իրավական ակտ) վրա և սկզբունքորեն տարբերվում են դելիկտային պարտավորություններից նրանով, որ դրանց հիմքում ընկած է աշխատանքային պայմանագիրը (անհատական իրավական ակտը)։ Բոլոր այն դեպքերում, երբ բացակայում է աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմքը (աշխատանքային պայմանագիր, անհատական իրավական ակտ), ապա խոսք չի կարող գնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության մասին։ Առավել պարզ ասած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 22-րդ գլխով նախատեսված նորմերից բխող իրավունքների և պարտականությունների կրողներն ու հասցեատերերը հանդիսանում են գործատուն և աշխատողը։
4.43. Ասվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման առ այն, որ պատասխանողի աշխատանքային պարտականությունների բնույթն ուղղված է եղել այդ թվում՝ պետական սեփականություն հանդիսացող անտառների պահպանությանը, և անտառին վնաս պատճառելու պարագայում չպետք է սահմանափակվել միայն գործատուին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառելու դեպքերով (տե՛ս վերը՝ 4․39.-րդ կետը), մինչդեռ արդեն իսկ վերը նշվել է (տե՛ս վերը՝ 4․10․-4․11․-րդ, 4.13.-րդ կետերը), որ չպետք է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմն այնքան տարածական մեկնաբանվի, որի արդյունքում քաղաքացիա-իրավական հարաբերության այլ՝ երրորդ սուբյեկտ ևս հանդիսանա այդ իրավունքի կրողը։ Նման պայմաններում առհասարակ չէր կարող կիրառվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերաբերելի նորմերը՝ պատճառված վնասի հատուցման իրավահարաբերության նկատմամբ։
4.44. Վճռաբեկ դատարանն ավելորդ չի համարում նաև անդրադառնալ Վերաքննիչ դատարանի այն փաստարկներին, որ Բողոքաբերն առարկություն չի ներկայացրել աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման վերաբերյալ (տե՛ս վերը՝ 4.39.-րդ կետը)։
4.45. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը 02․09․2024 թվականի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման՝ «Վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական կարգավորումները, ապացուցման առարկան և ապացուցման պարտականության բաշխումը» բաժնում, որպես կիրառելի իրավական կարգավորումներ, նշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-2-րդ մասերը, 1058-րդ հոդվածի 1-2-րդ մասերը, ինչպես նաև վկայակոչել է վնասի հատուցման պահանջից բխող իրավահարաբերությունների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 13․02․2009 թվականի թիվ ՀՔԴ3/0016/02/08, 05․04․2013 թվականի թիվ ԵԿԴ/3058/02/11, 13․03․2009 թվականի թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործերով արտահայտած դիրքորոշումները6: Ակնհայտ է, որ սույն որոշմամբ քննարկման առարկա չի դարձվել աշխատանքային օրենսդրության նորմերը, և հայցվորը չէր կարող ենթադրել, որ տվյալ իրավահարաբերության նկատմամբ պետք է կիրառելի լինեն դրանք: Այս տեսակետից Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Բողոքաբերը Դատարանի որոշման 4-րդ կետում նշված ապացուցման ենթակա փաստից կարող էր ենթադրել, որ Դատարանը կիրառելու է աշխատանքային օրենսդրության նորմերը, և այն, որ ապացուցման ենթակա փաստը վերաբերել է աշխատողի նյութական պատասխանատվության սահմաններին (տե՛ս վերը՝ 4.39.-րդ կետը)։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձինք չպետք է ենթադրեն, թե դատարանը ո՞ր նորմերի հիման վրա է լուծելու վեճը, այդ հարցը, ի թիվս այլ հարցերի, հստակորեն ենթակա է քննարկման դատավարության մասնակիցների հետ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)։
4.46. Ավելին, 26.08.2024 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը Բողոքաբերի հետ առհասարակ չի քննարկել ապացուցման ենթակա փաստերի հարցը, որի տեղի ունենալու պարագայում Բողոքաբերին կարող էր հասկանալի լինել, որ Դատարանը վեճը լուծելու է նաև աշխատանքային օրենսդրության նորմերի հիման վրա և համապատասխանաբար կարող էր ներկայացնել իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ։ Դատարանը տվյալ նիստում հայտնել է, որ. «ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանն առանձին ակտի ձևով որոշում կկայացնի, քանի որ պատասխանողը չի ներկայացել» (հիմք՝ 26.08.2024 թվականի դատական նիստի ձայնագրություն):
4.47. Ամփոփելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացի այն, որ Դատարանը, այնուհետև Վերաքննիչ դատարանը սխալ նորմեր են կիրառել սույն վեճի նկատմամբ, նաև հնարավորություն չեն տվել Բողոքաբերին իր դիրքորոշումը հայտնել դրանց կապակցությամբ։
4.48. Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ սույն վեճի նկատմամբ կիրառելի են դելիկտային պարտավորություններին (արտապայմանագրային պարտավորություններ) վերաբերող նորմերը, որի շրջանակներում ստորադաս դատարանը պետք է անդրադարձ կատարի դրանով սահմանված բոլոր տարրերին, մասնավորապես՝
§ Պատասխանողի ո՞ր վարքագիծն (գործողություն/անգործություն) է հանդիսացել ոչ օրինաչափ,
§ որքա՞ն է կազմում Բողոքաբերին պատճառված վնասը,
§ արդյո՞ք առկա է Պատասխանողի մեղքը վնասի առաջացման համար,
§ արդյո՞ք առկա է պատճառահետևանքային կապ ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև (տե՛ս վերը՝ 4.27.-4.32.-րդ կետերը):
4.49. Նկատի ունենալով, որ սույն վեճը լուծվել է իրավունքի սխալ նորմերով, այլ կերպ ասած՝ սխալ է բնորոշվել վիճելի իրավահարաբերության բնույթը, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը ենթակա է ամբողջ ծավալով նոր քննության։ Ասվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասով, 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ըստ որոնց՝ Վճռաբեկ դատարանը կաշկանդված չէ Բողոքաբերի պահանջով, և որ սույն գործով Դատարանը՝ մասնակի (360.000 ՀՀ դրամի չափով) հայցը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, կիրառել են սխալ նյութական իրավունքի նորմեր (վնասի հիմքում դնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ նյութական պատասխանատվության նորմերը), այլ ելք չի տեսնում քան բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության՝ հաշվի առնելով սույն որոշման պատճառաբանությունները:
5.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
5․1․ Օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
5․2․ Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
5․3․ Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
5․4․ Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 15.04.2025 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
2․ Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________
1 Թիվ ՀԿԴ/0108/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործ։
2 Ընդունված 23․10․2001 թվականին՝ թիվ ՀՕ-248 օրենք։
3 Այստեղ և այլուր ընդգծումներն ըստ Վճռաբեկ դատարանի։
4 Տե՛ս վճռի 13-րդ էջը։
5 Տե՛ս Որոշման 13-րդ և 15-16-րդ էջերը։
6 Այս նախադեպային որոշումները չեն վերաբերել աշխատանքային իրավահարաբերություններին
Նախագա Զեկուցող Ա. ԴաՎԹյան Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ Լ․ ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ․ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Թիվ ՀԿԴ/0058/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24․09․2025 թվականի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ
«02» հոկտեմբերի 2025թ.
ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի սեպտեմբերի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Լոռու մարզի դատախազության (այսուհետ` Դատախազություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.04.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Դատախազության հայցի ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ պետությանը պատճառված 1․144․500 ՀՀ դրամ վնասը բռնագանձելու պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 15.04.2025 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության»:
Վճռաբեկ դատարանի դատավոր Արման Կուրեխյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության՝ վերը նշված որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական մասում արտահայտած դիրքորոշման հետ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, ստորև շարադրում եմ իմ հատուկ կարծիքը:
Գործի դատավարական նախապատմությունը.
29.04.2024 թվականին Դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ՝ Դատարան) ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ պետությանը պատճառված 1․144․500 ՀՀ դրամ վնասը բռնագանձելու պահանջով։
Դատարանի (դատավոր՝ Լ․ Դրմեյան) 30.05.2024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանը 23․12․2024 թվականին վճռել է․
«1․ Լոռու մարզի դատախազության հայցն ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես պետությանը պատճառված վնասի հատուցում 1․144․500 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն․
Վրույր Սիմոնի Հովակիմյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 360․000 ՀՀ դրամ գումար՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։
Հայցը մնացած մասով մերժել: (…)»։
Դատախազությունը 09.01.2025 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 27․01․2025 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ դատարանի 15․04․2025 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 23․12․2024 վճիռը թողնվել է անփոփոխ։
Դատախազությունը 23․04․2025 թվականին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 14․05․2025 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։
Պատասխանող Վրույր Սիմոնի Հովակիմյանը վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացրել։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և հիմնավորումները․
Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ այն հարցադրմանը, թե ճյուղային իրավունքի ո՞ր նորմերն են կիրառելի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի կողմից պետությանը ենթադրյալ վնաս պատճառելու իրավահարաբերությունների նկատմամբ՝ դրա շրջանակներում վերահաստատելով նաև նախկինում արտահայտված դիրքորոշումները։
Անդրադառնալով պետական ոչ առևտրային կազմակերպության քաղաքացիաիրավական ինքնավարությանը՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ «(…) պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ նաև՝ ՊՈԱԿ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որն Օրենքի սահմաններում, օժտված է իրավաբանական անձին բնորոշ քաղաքացիա-իրավական գործունեության ինքնավարությամբ, կարող է կնքել պայմանագրեր (այդ թվում՝ աշխատանքային), իր աշխատակիցների նկատմամբ կարող է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերով և այլ իրավական ակտերով սահմանված ներգործության միջոցները, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: ՊՈԱԿ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքով, միաժամանակ, ՊՈԱԿ-ը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Այլ կերպ ասած՝ ՊՈԱԿ-ը քաղաքացիա-իրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես ինքնուրույն սուբյեկտ և չի կարող նույնացվել իր հիմնադրի հետ: Թեև պետությունն է հիմնադրում ՊՈԱԿ-ին և անշուշտ՝ ՊՈԱԿ-ը, ի տարբերություն այլ ոչ առևտրային կազմակերպությունների, ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք սահմանված են Օրենքով, սակայն դա չի նվազեցնում ՊՈԱԿ-ի՝ քաղաքացիա-իրավական հարաբերություններում ինքնուրույն գործելու ունակությունը՝ Օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան»:
Այնուհետև, անդրադառնալով ոչ առևտրային կազմակերպությունում աշխատող-գործատու իրավահարաբերություններին՝ շարունակել է. «(…) աշխատանքային հարաբերությունները ձևավորվում են երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի միջև։ Այս հարաբերությունների հիմքում ընկած է ազատ կամաարտահայտման միջոցով փոխադարձ համաձայնությունը, որը դրսևորվում է համապատասխան անհատական իրավական ակտի ընդունման կամ աշխատանքային պայմանագրի կնքման փաստով: Հետևաբար, «գործատու» հասկացությանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի ընդհանուր կարգավորման համատեքստում չպետք է տրվի տարածական մեկնաբանություն: Այլ կերպ ասած՝ աշխատանքային իրավահարաբերությունների տեսանկյունից «գործատուն» այն քաղաքացիա-իրավական հարաբերության սուբյեկտն է, որն աշխատանքային հարաբերությունների մեջ է մտնում աշխատողի հետ՝ աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի հիման վրա: Այս հարաբերություններում չի կարող լինել ստվերային սուբյեկտ, որն աշխատանքային պայմանագրի կողմ չէ կամ անհատական իրավական ակտ ընդունող, սակայն հանդիսանում է աշխատողի գործատուն, կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել աշխատակցին, կիրառել այլ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ներգործության միջոցներ և այլն: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ լինելով իրավաբանական անձ, կարող է հանդես գալ որպես գործատու և իր իրավասությունների սահմաններում ունի լիարժեք ինքնավարություն՝ ընտրելու համապատասխան այն անձին, որի հետ ցանկանում է հաստատել աշխատանքային իրավահարաբերություններ, կիրառել իր աշխատակցի նկատմամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ներգործության միջոցներ և այլն»:
«(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային իրավահարաբերություններից ծագող նյութական պատասխանատվության նորմերը գործում են բացառապես գործատու-աշխատող իրավահարաբերություններում: Այլ կերպ ասած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նյութական պատասխանատվության կարգավորումներում առանցքային տարրն այն է, որ իրավակիրառ պրակտիկան, նախքան ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության նորմերը կիրառելը, պետք է պարզի կողմերի՝ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու փաստը, որից հետո անդրադառնա մնացած հանգամանքներին: Աշխատանքային իրավահարաբերությունների բացակայությունը (երբ բացակայում է աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմքը) ինքնին նշանակում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության իրավահարաբերություններ առկա չեն, և ենթադրյալ պատճառված վնասի իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվեն այլ նորմեր:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ «(…) դելիկտային իրավահարաբերությունների պարզման դեպքում դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն իրավահարաբերության համար անհրաժեշտ բոլոր տարրերի առկայությանը։ Այս տեսակետից Վճռաբեկ դատարանն ավելորդ չի համարում նշել, որ դատարանները ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապը պարզելիս (But for, Causa proxima թեսթը կիրառելիս) պետք է դիտարկեն անմիջական պատճառը, ոչ թե հեռավորը (Causa proxima non remota spectatur)»։
Վճռաբեկ դատարանը եկել է այն հետևությանը, որ «(…) սույն վեճի նկատմամբ կիրառելի են դելիկտային պարտավորություններին (արտապայմանագրային պարտավորություններ) վերաբերող նորմերը, որի շրջանակներում ստորադաս դատարանը պետք է անդրադարձ կատարի դրանով սահմանված բոլոր տարրերին, մասնավորապես՝
■ Պատասխանողի ո՞ր վարքագիծն (գործողություն/անգործություն) է հանդիսացել ոչ օրինաչափ,■ որքա՞ն է կազմում Բողոքաբերին պատճառված վնասը,
■ արդյո՞ք առկա է Պատասխանողի մեղքը վնասի առաջացման համար,
■ արդյո՞ք առկա է պատճառահետևանքային կապ ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև»։
Հատուկ կարծիքի հիմնավորումները․
Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները, վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վեճի նկատմամբ կիրառելի են դելիկտային պարտավորություններին վերաբերող նորմերը։
Սույն գործով աշխատանքային օրենսգրքի և դելիկտային պարտավորություններին վերաբերող քաղաքացիաիրավական նորմերի միջև ընտրություն կատարելու առումով համակարծիք եմ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշմանը, միաժամանակ հարկ եմ համարում ուշադրություն դարձնել այն հարցին, որին, իմ համոզմամբ, ելնելով օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությունից՝ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ պետք է անդրադառնար։
Եվ այսպես, Դատարանը հաստատված է համարել, որ «Տվյալ դեպքում, պետությունը հանդես է գալիս որպես տուժող, որի հետ վնաս պատճառող անձը «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության միջոցով գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է եղել Պատասխանողի աշխատանքային գործունեության հետ։ Նշված փաստերի համադրմամբ Դատարանը հանգում է հետևության, որ Պատասխանողի՝ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպությունում աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարելով դրսևորված ոչ իրավաչափ վարքագիծը, պետությանը պատճառված վնասի առկայությունը, դրա չափը, ինչպես նաև Պատասխանողի ոչ իրավաչափ վարքագծի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապը և վնասի առաջացման Պատասխանողի մեղքի առկայությունը հիմնավորված են»:
Նշված փաստերը վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել, չեն վիճարկվել նաև վճռաբեկ բողոքում։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Դատարանը, այնուհետև Վերաքննիչ դատարանը սխալ նորմեր են կիրառել սույն վեճի նկատմամբ, պատճառաբանելով, որ «(…) սույն վեճը լուծվել է իրավունքի սխալ նորմերով, այլ կերպ ասած՝ սխալ է բնորոշվել վիճելի իրավահարաբերության բնույթը, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը ենթակա է ամբողջ ծավալով նոր քննության։ Ասվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասով, 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ըստ որոնց՝ Վճռաբեկ դատարանը կաշկանդված չէ Բողոքաբերի պահանջով, և որ սույն գործով Դատարանը՝ մասնակի (360.000 ՀՀ դրամի չափով) հայցը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, կիրառել են սխալ նյութական իրավունքի նորմեր (վնասի հիմքում դնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ նյութական պատասխանատվության նորմերը)»։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որպես քաղաքացիա-իրավական ինքնավարություն ունեցող իրավաբանական անձ (Principium Autonomiae), աշխատանքային հարաբերությունների մեջ է մտել Վրույր Սիմոնի Հովակիմյանի հետ։ Այլ կերպ ասած՝ Վրույր Սիմոնի Հովակիմյանի գործատուն եղել է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, և ենթադրյալ վնասը պատճառվել է ոչ թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը»:
Այսպիսով, ունենք հետևյալ փաստակազմը՝ պատասխանողը հանդիսացել է իրավաբանական անձի աշխատող և իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ենթադրաբար վնաս է պատճառել երրորդ անձին՝ պետությանը, այսինքն՝ քննարկվող դեպքում առկա են երեք սուբյեկտներ, որոնցից միայն մեկն է, որ վնաս պատճառելու առումով միաժամանակ հարաբերվում է թե՛ պետության և թե՛ սույն գործով պատասխանողի հետ, և այդ սուբյեկտը «Հայանտառ» ՊՈԱԿ-ն է։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, գործունեության առարկան և նպատակը սահմանվել են կազմակերպության կանոնադրությամբ, և ի թիվս այլնի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործառույթներից է անտառների և անտառային հողերի պաշտպանության, կենսաբազմազանության պաշտպանության և վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման ապահովումը (տե՛ս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կանոնադրության 10-րդ կետը)։
Դրա հետ մեկտեղ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որպես գործատու, աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել անմիջապես պատասխանողի հետ։ Համաձայն Վ․ Հովակիմյանին աշխատանքի ընդունելու մասին 2021 թվականի փետրվարի 9-ի թիվ 62-Ա հրամանի՝ աշխատողի աշխատանքային գործառույթներն, ի թիվս այլնի, ներառում են նաև ապօրինի անտառահատումների, անասունների արածեցման և ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն իրականացնելը, անհրաժեշտության դեպքում անտառախախտման արձանագրություններ կազմելը և սահմանված ժամկետում անտառապետին ներկայացնելը (հատոր 2, գ․ թ․ 28)։
Այսպիսով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, պատասխանատու լինելով անտառների և անտառային հողերի պաշտպանության, կենսաբազմազանության պաշտպանության և վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման ապահովման համար և միաժամանակ լինելով այն անձի գործատուն, ով պարտավոր էր իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմամբ նպաստել այդ գործառույթների իրականացմանը, սույն գործի քննությանը որպես պատասխանող չի ներգրավվել, ինչն էլ իմ կարծիքով հանգեցրել է նմանատիպ գործերով վեճի էության նկատմամբ կիրառելի նորմերը որոշելու հարցում հակասական պրակտիկայի ձևավորմանը։
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների կիրառելի լինելու մասին որոշման հիմնավորումները և եզրահանգումը չեն բխում ինչպես քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներից, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներից։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են վնասի հասկացությունը և դրա համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի, ինչպես նաև օրենքով սահմանված Կազմակերպությունը՝ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավված կամավորի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն, ինչպես նաև իր կողմից «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքներում ներգրավված կամավորի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:
Հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքն իր հերթին նախատեսում է երրորդ անձին պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքում աշխատողին հետադարձ պահանջ ներկայացնելու հնարավորությունը։
Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում։ Նույն օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ նույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանն, իր որոշումներից մեկում, քննարկման առարկա դարձնելով իրավական հարցադրումը, թե ու՞մ կողմից է ենթակա հատուցման աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս աշխատողի կողմից երրորդ անձին պատճառված վնասը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառված վնասը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ նորմի կիրառման համար անհրաժեշտ է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածներով նախատեսված վնասի հատուցման ընդհանուր պայմանների առկայությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձի աշխատողի կողմից վնաս պատճառվելու դեպքում որպես վնաս պատճառող հանդես է գալիս տվյալ աշխատողը, քանի որ վերջինիս գործողությունների կամ անգործության հետևանքով է պատճառվել վնասը: Միաժամանակ, օրենսդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատողը տվյալ գործողությունները կատարել է ոչ թե ամբողջությամբ ազատ լինելով դրանց մեջ, այլ իրականացնելով իր աշխատանքային պարտականությունները, որպես պատասխանատվություն կրող սուբյեկտ դիտել է ոչ թե վնաս պատճառողին, այլ այն իրավաբանական անձին (անհատ ձեռնարկատիրոջը), որի աշխատողի կողմից պատճառվել է վնասը: Օրենսդրական նման իրավակարգավորման նպատակն առաջին հերթին կայանում է նրանում, որ աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս վնաս պատճառելու դեպքում աշխատողը գործում է ոչ թե իր, այլ հենց գործատուի անունից, և հետևաբար օրենսդիրը, վնասի հատուցման պարտավորությունը դնելով գործատուի վրա, կարևորել է տուժող կողմի համար որոշակի երաշխիքների ապահովումը պատճառված վնասի ամբողջական վերականգնման առումով, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված խախտված իրավունքների վերականգնման ապահովման սկզբունքի դրսևորում է վնասի հատուցման հարաբերություններում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանները պետք է հաշվի առնեն, որ նմանատիպ գործերի քննության ժամանակ էական նշանակություն ունի յուրաքանչյուր գործով պարզել` արդյոք վնասը պատճառվել է աշխատող համարվող անձի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս»:
Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ «(․․․) գործատուն պատասխանատվություն է կրում իր աշխատողի կողմից հասցված վնասի համար ոչ միայն այն դեպքում, երբ վերջինս գործել է գործատուի առաջադրանքով, այլ նաև այն դեպքում, երբ աշխատողը պարտավոր էր նման կերպ գործել: Դեռ ավելին, աշխատողը պետք է գործի աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ գործատուի վերահսկողության ներքո, այսինքն` գործատուն պարտավորվում է պատշաճ կերպով վերահսկել իր աշխատողների կողմից աշխատանքային պարտականությունների (այդ թվում կարգապահական կանոնների) պատշաճ կատարումը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ աշխատողն իր աշխատանքային պարտականությունները կատարում է գործատուի վերահսկողությունից դուրս, դրանով իսկ խախտելով աշխատանքային պայմանագիրը, ապա նա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթի իմաստով չի դադարում աշխատող լինելուց, դրանից բխող հետևանքներով» (տե՛ս թիվ ԿԴ/0125/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25․12․2012 թվականի որոշումը):
Ըստ իս, քանի որ սույն գործի փաստերի համաձայն՝ պետությանը ենթադրյալ վնասը ենթադրաբար պատճառվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվեր իրավաբանական անձի դեմ, և այդ վնասը հատուցելուց հետո միայն վերջինս կարող էր իրացնել աշխատողի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրով սահմանված կարգով։
Համաձայնելով նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման մասին Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության եզրակացության հետ, այնուամենայնիվ գտնում եմ, որ գործն առաջին ատյանի դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու պարագայում, Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնար գործի նոր քննության ընթացքում պատասխանողի պատշաճ լինելու հարցը քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտությանը, որից հետո միայն՝ կիրառելի իրավական նորմերին և ապացուցման ենթակա փաստերի շրջանակին։
|
Դատավոր՝ |
Ա. Կուրեխյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Թիվ ՀԿԴ/0058/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24․09․2025 թվականի որոշման վերաբերյալ
|
«07» հոկտեմբերի 2025թ. |
ք. Երևան |
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի սեպտեմբերի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Լոռու մարզի դատախազության (այսուհետ` Դատախազություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.04.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Դատախազության հայցի ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ պետությանը պատճառված 1․144․500 ՀՀ դրամ վնասը բռնագանձելու պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 15.04.2025 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության»:Վճռաբեկ դատարանի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության վերը նշված որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) արտահայտած դիրքորոշման հետ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, ստորև շարադրում եմ իմ հատուկ կարծիքը:
1․ Գործի դատավարական նախապատմությունը
29.04.2024 թվականին Դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ՝ Դատարան) ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ պետությանը պատճառված 1․144․500 ՀՀ դրամ վնասը բռնագանձելու պահանջով։
Դատարանի (դատավոր՝ Լ․ Դրմեյան) 30.05.2024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանը 23․12․2024 թվականին վճռել է․
«1․ Լոռու մարզի դատախազության հայցն ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես պետությանը պատճառված վնասի հատուցում 1․144․500 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն․
Վրույր Սիմոնի Հովակիմյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 360․000 ՀՀ դրամ գումար՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։
Հայցը մնացած մասով մերժել: (…)»։
Դատախազությունը 09.01.2025 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 27․01․2025 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ դատարանի 15․04․2025 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 23․12․2024 վճիռը թողնվել է անփոփոխ։
Դատախազությունը 23․04․2025 թվականին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 14․05․2025 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։
Պատասխանող Վրույր Սիմոնի Հովակիմյանը վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացրել։
2․Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ այն հարցադրմանը, թե ճյուղային իրավունքի ո՞ր նորմերն են կիրառելի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի կողմից պետությանը ենթադրյալ վնաս պատճառելու իրավահարաբերությունների նկատմամբ՝ դրա շրջանակներում վերահաստատելով նաև նախկինում արտահայտված դիրքորոշումները։
Անդրադառնալով պետական ոչ առևտրային կազմակերպության քաղաքացիաիրավական ինքնավարությանը՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ «(…) պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ նաև՝ ՊՈԱԿ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որն Օրենքի սահմաններում, օժտված է իրավաբանական անձին բնորոշ քաղաքացիա-իրավական գործունեության ինքնավարությամբ, կարող է կնքել պայմանագրեր (այդ թվում՝ աշխատանքային), իր աշխատակիցների նկատմամբ կարող է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերով և այլ իրավական ակտերով սահմանված ներգործության միջոցները, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: ՊՈԱԿ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքով, միաժամանակ, ՊՈԱԿ-ը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Այլ կերպ ասած՝ ՊՈԱԿ-ը քաղաքացիա-իրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես ինքնուրույն սուբյեկտ և չի կարող նույնացվել իր հիմնադրի հետ: Թեև պետությունն է հիմնադրում ՊՈԱԿ-ին և անշուշտ՝ ՊՈԱԿ-ը, ի տարբերություն այլ ոչ առևտրային կազմակերպությունների, ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք սահմանված են Օրենքով, սակայն դա չի նվազեցնում ՊՈԱԿ-ի՝ քաղաքացիա-իրավական հարաբերություններում ինքնուրույն գործելու ունակությունը՝ Օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան»:
Այնուհետև, անդրադառնալով ոչ առևտրային կազմակերպությունում աշխատող-գործատու իրավահարաբերություններին՝ շարունակել է. «(…) աշխատանքային հարաբերությունները ձևավորվում են երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի միջև։ Այս հարաբերությունների հիմքում ընկած է ազատ կամաարտահայտման միջոցով փոխադարձ համաձայնությունը, որը դրսևորվում է համապատասխան անհատական իրավական ակտի ընդունման կամ աշխատանքային պայմանագրի կնքման փաստով: Հետևաբար, «գործատու» հասկացությանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի ընդհանուր կարգավորման համատեքստում չպետք է տրվի տարածական մեկնաբանություն: Այլ կերպ ասած՝ աշխատանքային իրավահարաբերությունների տեսանկյունից «գործատուն» այն քաղաքացիա-իրավական հարաբերության սուբյեկտն է, որն աշխատանքային հարաբերությունների մեջ է մտնում աշխատողի հետ՝ աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի հիման վրա: Այս հարաբերություններում չի կարող լինել ստվերային սուբյեկտ, որն աշխատանքային պայմանագրի կողմ չէ կամ անհատական իրավական ակտ ընդունող, սակայն հանդիսանում է աշխատողի գործատուն, կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել աշխատակցին, կիրառել այլ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ներգործության միջոցներ և այլն: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ լինելով իրավաբանական անձ, կարող է հանդես գալ որպես գործատու և իր իրավասությունների սահմաններում ունի լիարժեք ինքնավարություն՝ ընտրելու համապատասխան այն անձին, որի հետ ցանկանում է հաստատել աշխատանքային իրավահարաբերություններ, կիրառել իր աշխատակցի նկատմամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ներգործության միջոցներ և այլն»:
«(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային իրավահարաբերություններից ծագող նյութական պատասխանատվության նորմերը գործում են բացառապես գործատու-աշխատող իրավահարաբերություններում: Այլ կերպ ասած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նյութական պատասխանատվության կարգավորումներում առանցքային տարրն այն է, որ իրավակիրառ պրակտիկան, նախքան ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության նորմերը կիրառելը, պետք է պարզի կողմերի՝ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու փաստը, որից հետո անդրադառնա մնացած հանգամանքներին: Աշխատանքային իրավահարաբերությունների բացակայությունը (երբ բացակայում է աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմքը) ինքնին նշանակում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության իրավահարաբերություններ առկա չեն, և ենթադրյալ պատճառված վնասի իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվեն այլ նորմեր:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ «(…) դելիկտային իրավահարաբերությունների պարզման դեպքում դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն իրավահարաբերության համար անհրաժեշտ բոլոր տարրերի առկայությանը։ Այս տեսակետից Վճռաբեկ դատարանն ավելորդ չի համարում նշել, որ դատարանները ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապը պարզելիս (But for, Causa proxima թեսթը կիրառելիս) պետք է դիտարկեն անմիջական պատճառը, ոչ թե հեռավորը (Causa proxima non remota spectatur)»։
Վճռաբեկ դատարանը եկել է այն հետևությանը, որ «(…) սույն վեճի նկատմամբ կիրառելի են դելիկտային պարտավորություններին (արտապայմանագրային պարտավորություններ) վերաբերող նորմերը, որի շրջանակներում ստորադաս դատարանը պետք է անդրադարձ կատարի դրանով սահմանված բոլոր տարրերին, մասնավորապես՝
■ Պատասխանողի ո՞ր վարքագիծն (գործողություն/անգործություն) է հանդիսացել ոչ օրինաչափ,
■ որքա՞ն է կազմում Բողոքաբերին պատճառված վնասը,
■ արդյո՞ք առկա է Պատասխանողի մեղքը վնասի առաջացման համար,
■ արդյո՞ք առկա է պատճառահետևանքային կապ ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև»։
3․Հատուկ կարծիքի հիմնավորումները
Վճռաբեկ դատարանի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանս, համաձայն չլինելով վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված Որոշմամբ արտահայտված կարծիքի հետ, արտահայտում եմ իմ հատուկ կարծիքը այդ Որոշման վերաբերյալ։
Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները, վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:
Որոշմամբ առաջադրված հիմնական հարցադրման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով կիրառման ենթակա են վնաս պատճառելու հետևանքով առաջացող պարտավորությունները կարգավորող նորմերը։ Այդ հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է պարզել վիճելի իրավահարաբերությունը ծագել է պայմանագրի հիման վրա, թե վնաս պատճառելու հետևանքով և ո՞րն է տարբերությունը վնաս պատճառելու հետևանքով առաջացող և պայմանագրային պարտավորությունների միջև։
Ըստ Որոշման 4․24-րդ կետի․ «Գալով դելիկտային պարտավորություններին՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: (…): Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է՝ (…) քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են այլ անձին վնաս պատճառելու հետևանքով»:
Որոշման 4․26-րդ կետի համաձայն՝ «Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։ Վնաuներ են իրավունքը խախտված անձի ծախuերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուuտը կամ վնաuվածքը (իրական վնաu), չuտացված եկամուտները, որոնք այդ անձը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
Օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ»:
Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները իրավաբանական գրականության մեջ անվանվում են նաև դելիկտային պարտավորություններ, երբեմն էլ նաև «իրավախախտումից բխող պարտավորություններ», «անթույլատրելի գործողությունների հետևանքով ծագող պարտավորություններ»։
Դելիկտային պարտավորությունները գտնվում են արտապայմանագրային պարտավորությունների խմբի մեջ, քանի որ, եթե պարտավորական հարաբերությունների հիմնական մասը առաջանում է իրավաչափ և այնպիսի թույլատրելի գործողություններից, ինչպիսիք են պայմանագիրը, միակողմանի գործարքները և այլն, ապա այս դեպքում ուրիշին վնաս է պատճառվում ոչ իրավաչափ գործողությամբ, որը և առաջացնում է պարտավորական հարաբերություն։ Հետևաբար դելիկտային պարտավորությունները առաջանում են միմյանց նկատմամբ պայմանագրային հարաբերությունների մեջ չգտնվող անձանց միջև, և եթե նույնիսկ անձինք միմյանց նկատմամբ գտնվում են պայմանագրային հարաբերության մեջ, ապա այս դեպքում ևս վնասի առաջացման հիմք է հանդիսանում ոչ թե պայմանագրի խախտումը, այլ անձանցից մեկի հակաիրավական գործողությունները1։
Պայմանագրային և արտապայմանագրային պարտավորությունների տարանջատումը նպատակ ունի ապահովել քաղաքացիական վեճերի հատուկ և արդյունավետ լուծումը, պատճառված վնասի հատուցման չափերի կոնկրետ որոշումը, այս երկու ինստիտուտների հստակ գործունեությունը։
Ակնհայտ է, որ վնաս պատճառելուց ծագող և պայմանագրային պարտավորությունների տարբերությունն ընկած է նախ և առաջ դրանց առաջացման հիմքում՝ դելիկտային պարտավորությունը ծագում է նախապես օրենքով ամրագրված պարտավորության խախտման հետևանքով , այսինքն այն պետք է հստակ նախատեսված լինի օրենքում, իսկ պայմանագրի դեպքում այդ պարտավորությունն ամրագրված է պայմանագրում, ըստ որում, եթե ՀՀ․ քաղ․ օր․-ի 1058-րդ հոդվածի համաձայն վնաս պատճառողը պարտավոր է պատճառված վնասը հատուցել լրիվ ծավալով, ապա պայմանագրային և գործունեության առանձին տեսակների հետ կապված պարտավորությունների համար օրենքով կարող է սահմանվել վնասները ոչ լրիվ ծավալով հատուցելու պարտականություն։ Միևնույն ժամանակ պայմանագրի միջոցով հնարավոր է սահմանել պատճառված վնասի հատուցման ավելի մեծ չափ և կարելի է համաձայնվել արևմտյան գրականության մեջ նշված այն տեսակետի հետ, որ այն դեպքում, երբ անձը փնտրում է պաշտպանվածության կամ անվտանգության ավելի բարձր աստիճան, քան ամրագրված է դելիկտային պարտավորությունները կարգավորող օրենսդրությամբ, կարող է հասնել այդ պաշտպանվածությունը պայմանագրի միջոցով։2
Պայմանագրային և արտապայմանագրային պարտավորությունների կարևորագույն տարբերություններից է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ պայմանագրային պարտավորության կողմը օրենքով կամ պայմանագրով կարող է պատասխանատվություն կրել երրորդ անձանց մեղավոր գործողությունների համար, իսկ վնաս պատճառելուց ծագող պարտավորության համար պատասխանատվության պայման է, ինչպես անմիջապես պատասխանողի կողմից վնաս պատճառելը, այնպես էլ պատասխանողի մեղքի առկայությունը։
Պայմանագրային և դելիկտային պարտավորությունների տարանջատման համար շատ կարևոր է նաև պաշտպանվող շահը, մասնավորապես, եթե պայմանագրային իրավունքը պաշտպանում է սպասվելիք շահը, որը պայմանագրի կողմը պետք է ստանար պայմանագրի արդյունավետ իրականացման արդյունքում, ապա արտապայմանագրային իրավունքը պաշտպանում է տուժողի վստահության շահը, այսինքն այս ինստիտուտը կոչված է վերականգնելու մինչև վնաս պատճառելու պահը առկա վիճակը՝ Status Qwo-ն։3
Միևնույն ժամանակ պայմանագրային կամ արտապայմանագրային հարաբերությունների տարանջատման համար անհրաժեշտ է պարզել տվյալ իրավահարաբերության ծագման հիմքը։ Այսինքն անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք առկա են պայմանագրային հարաբերություններ, թե ոչ, և արդյո՞ք վնասը պատճառվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու, թե՞ պայմանագրային պարտավորությունների հետ չկապված վնաս պատճառելու հետևանքով։
Այլ կերպ ասած, եթե վնասը առաջացել է վնաս պատճառողի կողմից պայմանագրային պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում, ապա վնասի հատուցումն էլ պետք է իրականացվի բացառապես պայմանագրային պատասխանատվության շրջանակներում։
Դելիկտային և պայմանագրային պարտավորությունների տարանջատման հետ կապված անհրաժեշտ է պարզել նաև, թե օրենսդրության ո՞ր նորմերով է կարգավորվում կոնկրետ իրավահարաբերությունը։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությունը սահմանում է` նյութական պատասխանատվության պայմաններն ու չափերը (սահմանները):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին: Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե աշխատանքային օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն՝ նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում. 1) պատճառված է վնաս. 2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով. 3) առկա է պատճառահետևանքային կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև. 4) առկա է խախտողի մեղքը. 5) խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքի խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ. 6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է՝ 1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով. 2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով. 3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում. 4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից. 5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով. 6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառված վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ նույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 239-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, որի պարագայում գործատուին պատճառված վնասն աշխատողի կողմից լրիվ ծավալով ենթակա է հատուցման: Դրանք են՝ 1) վնասը պատճառվել է դիտավորությամբ. 2) վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետևանքով. 3) աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր. 4) վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով. 5) վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն. 6) վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:
Ինչպես երևում է, աշխատանքային օրենսգիրքը հստակ կարգավորել է աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով աշխատողի պատասխանատվության հիմքերն ու սահմանները, իսկ ՀՀ քաղ․ օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ (...) աշխատանքային, (...) հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ (...) աշխատանքային, (...) և այլ հատուկ օրենսդրությամբ:
Հետևաբար աշխատանքային օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը բացառում է ՀՀ քաղ․ օրենսգրքի դելիկտային նորմերի կիրառումը։
Վճռաբեկ դատարանը Որոշման 4․23-րդ կետում արձանագրել է հետևյալը․ «Համալիր վերլուծության ենթարկելով վերը՝ 4.16.-4.22.-րդ կետերում վկայակոչված նորմերը, վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային իրավահարաբերություններից ծագող նյութական պատասխանատվության նորմերը գործում են բացառապես գործատու-աշխատող իրավահարաբերություններում: Այլ կերպ ասած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նյութական պատասխանատվության կարգավորումներում առանցքային տարրն այն է, որ իրավակիրառ պրակտիկան, նախքան ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության նորմերը կիրառելը, պետք է պարզի կողմերի՝ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու փաստը, որից հետո անդրադառնա մնացած հանգամանքներին: Աշխատանքային իրավահարաբերությունների բացակայությունը (երբ բացակայում է աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմքը) ինքնին նշանակում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության իրավահարաբերություններ առկա չեն, և ենթադրյալ պատճառված վնասի իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվեն այլ նորմեր»:
Ստացվում է այնպես, որ Վճռաբեկ դատարանը կարևորելով կողմերի միջև աշխատանքային հարաբերությունների առկայության հարցը, որևէ նշանակություն չի տալիս այն հիմնական հանգամանքին, որ պատճառված վնասի համար անձը պատասխանատվություն է կրում իր կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
Վճռաբեկ դատարանը, նշել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որպես քաղաքացիական ինքնուրույնություն ունեցող իրավաբանական անձ աշխատանքային հարաբերությունների մեջ է մտել Վրույր Սիմոնի Հովակիմյանի հետ, հետևաբար գործատուն եղել է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և ենթադրյալ վնասը պատճառվել է, ոչ թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, այլ Հայաստանի Հանրապետությանը։
Սույն գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է հստակեցնել, թե ում իրավունքներն են խախտվել, և ով կարող է հանդես գալ որպես տուժող։
Նախքան վերը նշված հարցին անդրադառնալը, անհրաժեշտ է արձանագրել Դատախազության անորոշությունը սույն գործով տուժողի կարգավիճակի վերաբերյալ, մասնավորապես, գտնելով, որ պատասխանողը հանդես է եկել ոչ թե պետության այլ՝ կոնկրետ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատող, հետևաբար քննարկվող իրադրությունում պետության հետ անմիջական քաղաքացիաիրավական փոխհարաբերությունների մեջ չի եղել (տե՛ս որոշման 2․5-րդ կետ), Դատախազությունը գտել է , որ սույն գործով խախտվել է պետության շահը, և վնասի հատուցման պահանջ կարող է ներկայացնել դելիկտային պարտավորությունները կարգավորող կանոնների համաձայն, մինչդեռ քրեական գործ հարուցելու որոշմամբ տուժող է ճանաչվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ը (տես Որոշման 3․7-րդ կետ) ։
Ստացվում է այնպես, որ քրեական գործի հարուցման և քննության ողջ ընթացքում Դատախազությունը իրավացիորեն որպես տուժող դիտարկել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, սակայն ներկայացված սույն քաղաքացիական վեճի շրջանակներում որպես տուժող դարձել է պետությունը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ով է հանդիսանում սույն գործով տուժող, անհրաժեշտ է արձանագրել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 10-րդ կետի համաձայն՝ կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության պետական անտառային ֆոնդի պահպանության, պաշտպանության, վերարտադրության, օգտագործման, հաշվառման, գույքագրման, անտառային կադաստրի վարման, բերրիության բարձրացման, ինպես նաև անտառային պաշարների կայուն օգտագործման ապահովումն է։
Կանոնադրության 11-րդ կետի համաձայն՝ Կազմակերպությունն անտառային ֆոնդի տարածքներում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովում է՝
ա) լիազորված պետական մարմնի հանձնարարությամբ՝ անտառային ֆոնդի հաշվառումը և անտառային կադաստրի վարումը․ (․․․)
գ) լիազորված պետական մարմնին անտառային ֆոնդի տեղամասերը ժամանակավոր օգտագործման հանձնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և անտառահատման, անտառային տոմսերի և արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերի տրամադրումը՝ ապահովելով դրանց դիմաց վճարների (այդ թվում՝ անտառօգտագործման վճարների) սահմանված կարգով գանձումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե․
դ) անտառային աշխատանքների իրականացումը․(․․․)
է) անտառավերականգման, խնամքի, սանիտարական, ինչպես նաև բոլոր տեսակի այլ անտառահատումներից և թափուկից բնափայտի մթերումը․(․․․)
ժդ) անտառային ֆոնդի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև անտառների սանիտարական վիճակի՝ վնասատուների և հիվանդությունների զանգվածային բազմացումների կանխատեսման և դրանց դեմ պայքարի միջոցառումների հետևանքով անտառային ֆոնդի խախտված հատվածների օգտագործման համար պիտանի վիճակի բերումը․(․․․)։
Բացի սեփականատիրոջից, տիտղոսային տիրապետում կարող են իրականացնել նաև ոչ սեփականատերերը, որի հիմքում պետք է ընկած լինի օրենքը, վարչական ակտը կամ պայմանագիրը։ Այն տիրապետումը, որը տիտղոսային է, պաշտպանվում է օրենքով, ըստ որում այն կարող է պաշտպանվել ոչ միայն երրորդ անձանց ոտնձգություններից, այլև սեփականատիրոջ ոտնձգություններից։ Տիրապետման իրավունքը գույքային իրավունք է՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։
Շարադրվածից ակնհայտ է, որ պետությունը լինելով անտառների բացառիկ սեփականատեր անտառների տիրապետումը և օգտագործումը, ընդհուպ՝ դրանց պահպանությունն ու պաշտպանությունը վերապահել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։
Այլ կերպ ասած, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը լինելով անտառների օրինական տիրապետող և օգտագործող, հետևաբար օժտված լինելով անտառների տիրապետման գույքային իրավունքով, հանդիսանում է տիրապետման իրավունքի խախտման և դրա արդյունքում պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու լիիրավ սուբյեկտը։
Խորամուխ չլինելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակցի դեմ հայց ներկայացնելու կամ ընդհանրապես դատախազության կողմից սույն գործով հայց ներկայացնելու իրավունքի իրավական հիմնախնդիրներին, քանի որ և՛ դատաքննության ընթացքում և՛ վճռաբեկ բողոքում, չի բարձրացվել նման հարց, իսկ Վճռաբեկ դատարանն էլ կաշկանդված է վճռաբեկ բողոքի շրջանակներից դուրս չգալու հանգամանքով, կարելի է պնդել, որ անտառների պահպանության և պաշտպանության գործառույթը «Հայանտառ» ՊՈԱԿ-ին վերապահված լինելու պայմաններում և նշված գործառույթի իրականացումը աշխատանքային պայմանագրով իր աշխատակցին վերապահելով՝ աշխատակցի կողմից իր աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում առաջացող քաղաքացիաիրավական պատասխանատվության հարաբերությունը առաջացել է բացառապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և աշխատակցի միջև և պետք է լուծվի այդ իրավական հարթության վրա։
Ավելորդ չէ նաև ընդգծել, որ աշխատակիցը կնքելով աշխատանքային պայմանագիր առաջնորդվել է այն կանխավարկածով, որ անտառների պահպանության իր հիմնական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, այն է՝ ապօրինի հատված ծառերը չնկատելու և չարձանագրելու դեպքում ինքը կրելու է աշխատանքային պայմանագրով և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն։ Այսինքն անձը ստորագրելով աշխատանքային պայմանագիրը արդեն իսկ գիտակցում և ընդունում է, որ իր պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պետք է ենթարկվի պայմանագրային պատասխանատվության, այնինչ սույն գործով ըստ էության հաշվի չառնելով պայմանագրի առկայությունը, Վճռաբեկ դատարանը գտել է, որ անձն այնուամենայնիվ պետք է ենթարկվի ավելի խիստ՝ դելիկտային պատասխանատվության։
Անհրաժեշտ է փաստել, որ թե´ քաղաքացիական իրավունքի կառուցվածքի տրամաբանությունից, թե´ իրավական որոշակիությունից ելնելով չի կարող անձը համաձայնվել պայմանագրով ստանձնած պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար նախատեսված պատասխանատվությանը, բայց այնուամենայնիվ ենթարկվի պայմանագրով նախատեսված միևնույն պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար այլ՝ ավելի խիստ պատասխանատվության։
Վերլուծելով դելիկտային հարաբերությունները և անդրադառնալով վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած ՀՔԴ3/0016/02/08, ԵԿԴ/5007/02/16, ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործերով կայացրած որոշումներին, Վճռաբեկ դատարանը նկատի ունենալով, որ վեճը լուծվել է իրավունքի սխալ նորմերով, ուստի սույն գործը ենթակա է ամբողջ ծավալով նոր քննության, եկել է հետևության, որ սույն գործի նկատմամբ կիրառելի են դելիկտային պարտավորություններին վերաբերվող նորմերը, որի շրջանակներում ստորադաս դատարանը պետք է անդրադարձ կատարի դրանով սահմանված բոլոր տարրերին, մասնավորապես՝
Պատասխանողի ո՞ր վարքագիծն է (գործողությունը կամ անգործությունը) հանդիսացել ոչ օրինաչափ,
Ո՞րքան է կազմում բողոքաբերին պատճառված վնասը,
Արդյո՞ք առկա է պատասխանողի մեղքը վնասի առաջացման համար,
Արդյո՞ք առկա է պատճառահետևանքային կապ ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև, (տե՛ս Որոշման 4․48-րդ կետը)։
Չկրկնելով դելիկտային պարտավորությունների վերաբերյալ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումները՝ անհրաժեշտ է արձանագրել, որ վճռաբեկ դատարանը հետևողականորեն զարգացրել է այն նախադեպային իրավունքը, որ «վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական և դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը։ (․․․) նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
Ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),
Վնաս պատճառող անձի առկայությունը,
Պատճառված վնասի առկայությունը,
Վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը։
Պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև»։ (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05․04․2013 թվականի որոշումը)։
Համեմատելով վերը նշված և սույն Որոշման 4․48-րդ կետում ստորադաս դատարաններին առաջադրվող տարրերը, նկատելի է դառնում, որ սույն Որոշման 4․48-րդ կետում բացակայում է այնպիսի առանցքային փաստի պարզումը, ինչպիսին է վնաս պատճառող անձի առկայությունը, որից կարելի է ենթադրել, որ վնաս պատճառող անձն ակնհայտ է և լրացուցիչ ճշգրտման կարիք չկա։
ՀՀ քաղ․ օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից։
Դելիկտային պարտավորությունը նախևառաջ պարտավորություն է վնաս պատճառողի և տուժողի միջև։ Այսինքն դելիկտային պարտավորության հիմնական սուբյեկտներն են տուժողը և վնաս պատճառողը, և ինչպես չի կարող լինել դելիկտային պարտավորություն առանց վնաս պատճառողի, այնպես էլ չի կարող դելիկտային պարտավորություն առաջանալ տուժողի և անմիջական վնաս չպատճառող այլ անձի միջև, քանի որ պետք է առկա լինի անմիջական և ուղղակի պատճառահետևանքային կապ վնաս պատճառողի գործունեության կամ անգործության և պատճառված վնասի միջև, մասնավորապես ինչպես վկայակոչված է սույն Որոշման 4․28-րդ կետում․ «(․․․) Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք։ Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ»։
Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել այն առանցքային և ակնհայտ հանգամանքը, որ սույն գործով վնաս պատճառողը ոչ թե անտառապահ Վրույր Սիմոնի Հովակիմյանն է, այլ ծառերն ապօրինի հատած անձը, և վնասն առաջացել է ոչ թե Վրույր Հովակիմյանի կողմից արդեն իսկ ապօրինի հատված ծառերը չհայտնաբերելու և համապատասխան արձանագրություն չկազմելու հետևանքով, այլ ծառերը ապօրինի հատելու հետևանքով։ Հետևաբար, եթե անտառապահ Վրույր Հովակիմյանը ժամանակին հայտնաբերեր և արձանագրեր ապօրինի հատված ծառերի փաստը, նա չէր կարող ենթարկվել որևէ պատասխանատվության, ինչը սակայն չի նշանակում, որ վնաս չի պատճառվել՝ այն կար մինչև արձանագրելը կամ չարձանագրելը և առկա է նաև դրանից հետո։
Ինչ վերաբերում է վնաս պատճառողի ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և վնասի միջև ուղղակի և անմիջական պատճառահետևանքային կապին, անհրաժեշտ է այստեղ ևս արձանագրել, որ վնասը պատճառվել է ոչ թե անտառապահ Վրույր Հովակիմյանի կողմից ապօրինի հատված ծառերը չնկատելու և չարձանագրելու հետևանքով, այլ առաջացած վնասը հանդիսանում է ծառերի ապօրինի հատման ուղղակի և անմիջական հետևանք։
Անհրաժեշտ է ավելացնել, որ սույն գործով վնասի պատճառման մեջ բացակայում է նաև անտառապահ Վրույր Հովակիմյանի մեղքը, քանի որ անկախ դրսևորված մեղքի ձևից, Վրույր Հովակիմյանի «մեղքը» կայանում է ոչ թե վնաս պատճառելու (ծառերը ապօրինի հատելու) մեջ, այլ արդեն իսկ պատճառված վնասը չհայտնաբերելու և չարձանագրելու մեջ, այսինքն անտառապահ Վրույր Հովակիմյանի «մեղքը» կամ ընդհանրապես նրա պատասխանատվություն կրելու պարտավորությունը ծագել է այն պահից որոշակի ժամանակ հետո, երբ վնասն արդեն պատճառվել և ավարտվել էր։
Հետևաբար սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից առաջադրված հարցերին արդեն իսկ առկա փաստական հանգամանքների համադրության արդյունքում միանշանակ կարելի է պատասխանել, որ պատասխանող Վրույր Հովակիմյանը չի հանդիսանում անմիջական վնաս պատճառող, բացակայում է ուղղակի պատճառահետևանքային կապը պատասխանողի գործողության (անգործության) և առաջացած վնասի միջև, ինչպես նաև չի կարող հիմնավորվել պատասխանողի մեղքի առկայությունը ծառերի ապօրինի հատման, այսինքն՝ պատճառված վնասի մեջ։
Այս առումով չի կարող արդարացված համարվել Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի 15․04․2025թ․-ին կայացրած որոշման բեկանումը և գործը ՀՀ հակակոռուպցիոն դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու որոշումը, քանի որ ինչպես արդեն նշել ենք առկա չէ ինչպես վնաս պատճառողը, այնպես էլ ուղղակի և անմիջական պատճառահետևանքային կապը գործողության (անգործության) և առաջացած վնասի միջև և վնաս պատճառողի մեղքը։
Ավելին, գտնելով, որ սույն վեճի նկատմամբ կիրառելի են դելիկտային պարտավորությունները կարգավորող կանոնները, Վճռաբեկ դատարանը սույն Որոշմամբ անհնարին է դարձրել ինչպես դելիկտային պարտավորությունների կանոններով անտառապահ Վրույր Սիմոնի Հովակիմյանի վնաս հատուցելու պատասխանատվությունը, այնպես էլ աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվությունը, այսինքն անտառապահի ընդհանրապես պատասխանատվություն կրելը։
Գտնում եմ, որ սույն Որոշումը հղի է նաև ծանր հետևանքներով, քանի որ Որոշման տրամաբանությունից բխում է, որ պետական սեփականությունը տարբեր կազմակերպությունների տիրապետմանը և օգտագործմանը հանձնելու պարագայում, երրորդ անձանց (իրական վնաս պատճառողներ) կողմից գույքային վնաս պատճառելու դեպքում, կազմակերպության հետ տվյալ գույքի պահպանության պարտականություն ստանձնած աշխատակիցներն իրենց պարտականությունը չկատարելիս կամ ոչ պատշաճ կատարելիս վերը շարադրված պատճառաբանություններով կազատվեն ինչպես վնասը հատուցելու պարտականությունից, այնպես էլ իրենց աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար նախատեսված պատասխանատվությունից։
Ստացվում է, որ աշխատանքային պարտականությունները չկատարող կամ ոչ պատշաճ կատարող աշխատակիցն ընդհանրապես չի կարող ենթարկվել պատասխանատվության։
Այսպիսով գտնում եմ, որ անտառապահ Վրույր Սիմոնի Հովակիմյանը իր աշխատանքային պարտականությունը չկատարելու համար պետք է ենթարկվեր աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության, ինչպիսի որոշում էլ կայացրել է Վերաքննիչ դատարանը։
____________
1 Տե՛ս Բեքմեզյան Գ․ Արտապայմանագրային պարտավորություններ, ԵՊՀ, Երևան,2009, էջ 5
2 Տե՛ս Peter Cane «The Anatomy of Tort Law» Hart Publishing, Oxford 1997, էջ.198
3 Տե՛ս Walter van Gerven. Jeremy Lever, Pierre Larouche «Tort Law» Oxford and Portland, Oregon, Hart Publishing. 2000, էջ 33
Դատավոր՝ Լ. Մելիքջանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական: