ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2026 թվականի N 745-Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացնել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝
1) մարզ Կոտայք, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Սևակի թաղամասի 14-րդ փողոց 8 բնակելի տուն հասցեում գտնվող՝ 320 697 915 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1908,42 քառ․ մետր մակերեսով շենք, շինությունների և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,8595 հեկտար մակերեսով հողամասի 9177/10000 բաժնեմասը (սեփականության վկայական՝ N 13052026-07-0067, այսուհետ՝ գույք 1).
2) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց 29/2 հասցեում գտնվող՝ 17 788 384 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 9,5 քառ․ մետր մակերեսով ավտոտնակի մասը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,1 հեկտար մակերեսով հողամասը (սեփականության վկայական՝ N 12052026-07-0031, այսուհետ՝ գույք 2).
3) «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության 2000 հատ բաժնետոմսերը (այսուհետ՝ գույք 3).
4) 2021 թվականին «Բելգլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը (այսուհետ՝ գույք 4):
2․ Գույք 1-ի պահառության գործընթացը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի պահուստային ֆոնդից հատկացնել 6 900 000 դրամ գումար՝ համաձայն N 2 հավելվածի։
3․ Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույք 1-ի և գույք 2-ի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները՝ հիմք ընդունելով դրանց փաստացի վիճակը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո կազմակերպել գույք 1-ի պահառության գործընթացը։
4․ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
27.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: