ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2599-Ա «20» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սերգեյ Կոստանյանի 2026 թվականի ապրիլի 27-ի թիվ Դ-42482-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի ապրիլի 27-ի թիվ Դ-42482-26 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի մայիսի 14-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է դիմումատու Սերգեյ Կոստանյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի ապրիլի 27-ի թիվ Դ-42482-26 դիմումը, դիմումին կից ներկայացված ապացույցները, 2026 թվականի մայիսի 14-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի ապրիլի 27-ի թիվ Դ-42482-26 դիմումով, ինչպես նաև լսումների ընթացքում ներկայացված փաստարկներով Սերգեյ Կոստանյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի փետրվարի 12-ին Դավիթ Բեկի փողոցով ընթանալու ժամանակ, ճանապարհի երթևեկելի մասում առկա փոսերի պատճառով իր վարած «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի աջ անիվն ու ընթացային այլ մասեր վնասվելու արդյունքում առաջացած վնասը, որը «Ջակո ավտոդետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի փետրվարի 13-ին կազմված «Թերության ակտի» համաձայն՝ կազմում է 171.500 (մեկ հարյուր յոթանասունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2022 թվականի օգոստոսի 8-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XK811633 վկայագրի համաձայն՝ «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Սերգեյ Կոստանյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից Արման Հակոբյանի կողմից 2026 թվականի փետրվարի 12-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 139434 արձանագրությունը, որի համաձայն՝ նշված օրը Սերգեյ Կոստանյանի վարած «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ինքնավթար, ինչի կապակցությամբ նաև կազմվել է պատահարի վայրի սխեմա:
2026 թվականի ապրիլի 27-ի թիվ Դ-42482-26 դիմումի կից Սերգեյ Կոստանյանը ներկայացրել է «Ջակո ավտոդետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի փետրվարի 13-ին կազմված «Թերության ակտ» վերտառությամբ փաստաթուղթը, որի համաձայն՝ «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի թերությունները վերացնելու համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է 171.500 (մեկ հարյուր յոթանասունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2026 թվականի ապրիլի 27-ի թիվ Դ-42482-26 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում Սերգեյ Կոստանյանի կողմից չեն ներկայացվել «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքներն առաջանալու պատճառների, ենթադրյալ վնասին հանգեցրած պատահարի հանգամանքները հետազոտելու արդյունքում կազմված, ինչպես նաև պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների հետքաբանական ու ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող և պատահարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներին համապատասխան կանխելու անհնարինության վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քննարկվող պարագայում, ելնելով 2026 թվականի ապրիլի 27-ի թիվ Դ-42482-26 ներկայացված պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե.
1) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2026 թվականի փետրվարի 12-ին «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարը ճանապարհին առկա փոսերի պատճառով տեղի ունենալու հանգամանքը և արդյո՞ք վարորդն ունեցել է պատահարը տեխնիկապես կանխելու հնարավորություն,
2) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2026 թվականի փետրվարի 12-ին «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ինքնավթարում Երևանի քաղաքապետարանի մեղավորության առկայությունը,
3) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2026 թվականի փետրվարի 12-ին «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ինքնավթարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության (անգործության) ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը (վարչական մարմնի ենթադրյալ՝ ոչ իրավաչափ անգործության և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն),
4) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում են 2026 թվականի փետրվարի 12-ին «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ինքնավթարի արդյունքում առաջացած վնասը 171.500 (մեկ հարյուր յոթանասունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ կազմելու և այդ գումարի չափով վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքները:
Նշված փաստական հանգամանքների ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը, որով սահմանված է, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Քննարկվող պահանջը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանին այն պատճառաբանությամբ, որ «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվել է պատահարի տարածքում գտնվող փոսերի մեջ ընկնելու պատճառով, ինչում վարչական մարմնի մեղավորությունը դիտարկելը ենթադրում է վերջինիս կողմից ճանապարհի տվյալ հատվածի՝ սահմանված կարգին համապատասխանող վիճակը չապահովելու ձևով դրսևորված ենթադրյալ անգործության հարցի քննարկում, ինչի շրջանակներում առանցքային նշանակություն ունի այն հարցերի պարզումը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված է եղել քննարկվող պատահարին հանգեցրած ապօրինի անգործություն, թե՞ ոչ, արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, թե՞ ոչ և արդյո՞ք ենթադրյալ վնասը հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
2026 թվականի ապրիլի 27-ի թիվ Դ-42482-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորման նպատակով Սերգեյ Կոստանյանի կողմից չեն ներկայացվել 2026 թվականի փետրվարի 12-ին «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարի հանգամանքների հետազոտման, պատահարը կանխելու անհնարինության, ավտոմեքենայի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական փորձաքննությունների վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից կազմված եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի՝ նշված վթարի պատճառ հանդիսացած գործոններում դրսևորած ենթադրյալ անգործությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:
Որպես պահանջը հիմնավորող ապացույց՝ Սերգեյ Կոստանյանի կողմից ներկայացվել է «Ջակո ավտոդետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի փետրվարի 13-ին կազմված «Թերության ակտ» վերտառությամբ փաստաթուղթը, որը թեև չի հանդիսանում փորձագիտական եզրակացություն, սակայն դրա ապացուցողական նշանակությունը վերը մեջբերված նախադեպային որոշման մեջ արտահայտված դիրքորոշումներից ելնելով գնահատելիս, կարելի է փաստել, որ այն չի հանդիսանում «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի թերությունների առաջացման պատճառներն օբյեկտիվորեն բացահայտող պատշաճ ապացույց:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2026 թվականի ապրիլի 27-ի թիվ Դ-42482-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2026 թվականի փետրվարի 12-ին «Nissan Sunny» մակնիշի «37 PD 230» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում փոսերի գոյությամբ պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործողությունը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել պահանջված 171.500 (մեկ հարյուր յոթանասունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գումարի չափով վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով, որ չեն ներկայացվել փոխադրամիջոցի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական, պատահարի հանգամանքների, պատահարը կանխելու անհնարինության վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սերգեյ Կոստանյանի 2026 թվականի ապրիլի 27-ի թիվ Դ-42482-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. Փամբուխչյան |