ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«20» մայիսի 2026 թ. |
N 17-Ն |
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 1-ին մասի 6-րդ կետով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել երիտասարդական աշխատողի որակավորման չափանիշները՝ համաձայն հավելված N 2-ի:
3. Հաստատել երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը՝ համաձայն հավելված N 3-ի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Նախարար՝
5/20/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի մայիսի 20-ի N 17-Ն հրամանի |
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են երիտասարդական աշխատողների վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) հետ կապված հարաբերությունները։
2. Երիտասարդական աշխատողների վերապատրաստումը երիտասարդական աշխատողների որակավորման չափանիշներին համապատասխանության ապահովմանն ու աջակցմանն ուղղված գործընթաց է, որի նպատակն է երիտասարդական աշխատողների և երիտասարդական աշխատող դառնալ ցանկացողների համապատասխան կարողունակությունների (գիտելիքների, հմտությունների, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների) ձևավորման և զարգացման միջոցով երիտասարդական աշխատանքի որակի բարելավումն ու արդյունավետության բարձրացումը։
3. Վերապատրաստման համակարգը իր մեջ ներառում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրերը, վերապատրաստող կազմակերպություններին և վերապատրաստող մասնագետներին:
II. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
4. Վերապատրաստման ծրագրերը մշակվում և իրականացվում են՝ հիմք ընդունելով երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունն ու որակավորման չափանիշները:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին) հաստատում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։
6. Ծրագիրն իրականացնող կազմակերպությունները երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիր մշակելիս պետք է հիմք ընդունեն լիազոր մարմնի կողմից հաստատված Ծրագիրը:
7. Լիազոր մարմինը երաշխավորում է երիտասարդական աշխատողների որակավորման չափանիշներին նախորդող վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) ցանկը:
8. Կազմակերպությունների ընտրությունը կատարվում է համաձայն սույն կարգով սահմանված չափանիշների։
9. Կազմակերպությունների ընտրությունը նպատակ ունի ապահովել երիտասարդական աշխատողների վերապատրաստման որակի բարձր մակարդակ և ոլորտի զարգացման պահանջներին համապատասխանություն։
10. Կազմակերպություններն ընտրվում են բաց մրցութային կարգով։
11. Մրցույթն իրականացնելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորվում է աշխատանքային խումբ։
12. Մրցույթն իրականացնող աշխատանքային խումբը պատասխանատու է մրցույթի գործընթացի կազմակերպման, ժամկետների սահմանման և Կազմակերպությունների ընտրության համար:
13. Մրցույթի անցկացման պայմաններն ու ժամկետները և Կազմակերպությունների ընտրության չափանիշները հրապարակվում են մրցույթի անցկացման հայտարարությունում՝ մրցույթի անցկացումից առնվազն երկու ամիս առաջ:
14. Ընտրված կազմակերպությունները ընդգրկվում են Կազմակերպությունների ցանկում՝ երեք տարի ժամկետով։
15. Կազմակերպությունների ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում և պարբերաբար թարմացվում է։
16. Կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
1) վերջին հինգ տարում իրականացրել է երիտասարդական աշխատանքի ոլորտում վերապատրաստման առնվազն 3 ծրագիր,
2) ունի մշտական կամ ներգրավված մասնագիտական աշխատակազմ, ինչպես նաև վերապատրաստումների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական, կազմակերպչական և լոգիստիկ կարողություններ,
3) ներկայացնում է վերապատրաստման ծրագիր, որտեղ հստակ սահմանված են մոդուլները, ապահովված է տեսական և գործնական բաղադրիչների համաչափ բաշխվածությունը, դեմ առ դեմ ձևաչափի դեպքում նախատեսված են գործնական աշխատանքներ և ինտերակտիվ մեթոդներ։
17. Երիտասարդական աշխատողի վերապատրաստումն իրականացնող մասնագետները պետք է ունենան տվյալ թեմային համապատասխան բարձրագույն կրթություն կամ երիտասարդական աշխատողի որակավորումը հավաստող փաստաթուղթ և տվյալ թեմայով վերապատրաստումներ իրականացնելու առնվազն երեք տարվա փորձառություն:
III. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
18. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հայտարարել և մասնակիցների առկայության դեպքում կազմակերպել վերապատրաստում:
19. Վերապատրաստման դասընթացի կազմակերպման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է առնվազն երկու ամիս առաջ:
20. Վերապատրաստման ավարտին վերապատրաստման առնվազն ութսուն տոկոսին մասնակցած մասնակիցը կարող է ստանալ վերապատրաստման ծրագրին մասնակցությունը հավաստող վկայական, որը հիմք է հանդիսանում որակավորման չափանիշին մասնակցելու համար:
IV. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ
21. Երիտասարդական աշխատողների վերապատրաստումը իրականացվում է տարբեր ձևաչափերով՝ ապահովելով տեսական և գործնական գիտելիքների, հմտությունների համաչափ զարգացում, դիրքորոշումների ու արժեքների ձևավորում։
22. Վերապատրաստման ընթացքում կարող են օգտագործվել հետևյալ ուսուցման ձևերը՝
1) տեսական դասընթացներ՝ դասախոսություններ, վեբինարներ, սեմինարներ, տեսական քննարկումներ,
2) գործնական ձևաչափեր՝ սիմուլյացիաներ, դաշտային աշխատանքներ, խմբային առաջադրանքներ, պրակտիկա,
3) հիբրիդ ձևաչափեր՝ առցանց և առկա հանդիպումների համադրություն,
4) մոնիթորինգ և ինքնագնահատում՝ պորտֆոլիոների ներկայացում, հաշվետվություններ, ինքնագնահատման հարցաթերթիկներ և այլ գործիքներ։
23. Վերապատրաստող կազմակերպությունը պարտավոր է ապահովել ուսուցման ձևերի կիրառումը ըստ լիազոր մարմնի կողմից հաստատված ծրագրի։
24. Ուսուցման ձևերը կարող են հարմարեցվել մասնակիցների խմբերի, ծրագրերի նպատակների և ժամանակացույցի պահանջներին՝ պահպանելով գնահատման և որակավորման համաչափությունը։
25. Վերապատրաստման ծրագրերը իրականացվում են տարբեր ուսուցման մեթոդներով՝ ապահովելով տեսական և գործնական գիտելիքների, հմտությունների և կարողությունների համաչափ զարգացում։
26. Վերապատրաստող կազմակերպությունը պարտավոր է ծրագրի կազմման փուլում նշել օգտագործվող մեթոդները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը մասնակցի մակարդակին և գնահատման չափանիշներին։
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի մայիսի 20-ի N 17-Ն հրամանի |
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են երիտասարդական աշխատողի որակավորման չափանիշները (այսուհետ՝ Չափանիշներ)՝ ամրագրելով երիտասարդական աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ ունակությունների շրջանակը։
2. Երիտասարդական աշխատողի որակավորման չափանիշներին երիտասարդական աշխատողի կարողունակությունների (գիտելիքների, հմտությունների, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների) համապատասխանությունը փաստվում է հավաստագրման գործընթացի միջոցով:
3. Չափանիշների սահմանման նպատակն Է՝ ապահովել երիտասարդական աշխատանքի որակը և արդյունավետությունը, նպաստել երիտասարդական աշխատողի մասնագիտական ինքնության ձևավորմանը և հանրային ճանաչմանը, հիմքեր ստեղծել երիտասարդական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացման, վերապատրաստման և հավաստագրման համար:
4. Երիտասարդական աշխատողի կարողունակությունների կառուցվածքը սահմանվում է հիմնված երիտասարդական աշխատողի ընդհանուր և հատուկ գործառույթների վրա, որոնք ձևավորվում են «գործառույթ-կարողունակություն-համապատասխան գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեք» փոխկապակցված համակարգի սկզբունքով։ Ընդ որում՝
1) ընդհանուր գործառույթներն ընդգրկում են երիտասարդական աշխատանքի իրականացման ընթացքում բոլոր երիտասարդական աշխատողների կողմից իրականացվող գործառույթները։
2) հատուկ գործառույթներն ընդգրկում են երիտասարդական աշխատանքի առանձին ուղղություններով, ծրագրերով, ծառայություններով կամ թիրախային խմբերով պայմանավորված գործառույթները։
5. Ելնելով վերոնշյալ տրամաբանությունից՝ առանձնացվում են երիտասարդական աշխատողի որակավորման չորս հիմնական գործառութային ոլորտներ և դրանց իրականացման համար անհրաժեշտ վաթսունչորս ունակություններ կամ կարողություններ։
6. Չափանիշները հիմք են երիտասարդական աշխատողի հիմնական գործառույթների արդյունավետ իրականացման համար՝ անկախ երիտասարդական աշխատանքի իրականացման միջավայրից և ձևաչափից։
7. Երիտասարդական աշխատողի որակավորումը երիտասարդական աշխատողի կողմից համապատասխան կրթության, ուսուցման, մասնագիտական փորձի կամ դրանց համակցությամբ ձեռք բերված կարողունակությունների ամբողջությունն է, որը հավաստում է նրա պատրաստվածությունը սահմանված գործառույթների իրականացման համար։
II. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
8. Սույն հավելվածով սահմանվում են երիտասարդական աշխատողի որակաորման չափանիշները, որոնք հանդիսանում են երիտասարդական աշխատանքի գործունեության համար անհրաժեշտ կարողունակությունների համակարգված ամբողջություն և ներկայացված է Ձև 1-ում։ Այն ներառում է վաթսունչորս հիմնական ունակություններ, որոնք անհրաժեշտ են բարձրորակ, արդյունավետ և պատասխանատու երիտասարդական աշխատանք իրականացնելու համար՝ անհատական, խմբային, համայնքային և պետական քաղաքականության մակարդակներում։
9. Չափանիշները խմբավորված են հետևյալ չորս գործառութային ոլորտներում՝
Չափանիշ 1 Անձնական և մասնագիտական զարգացում, ներառյալ՝
ա) ինքնագիտակցություն և մասնագիտական ինքնարտացոլում,
բ) մասնագիտական էթիկայի պահպանում,
գ) մասնագիտական բարեկեցության ապահովում։
2) Չափանիշ 2 Երիտասարդների հետ անմիջական աշխատանք, ներառյալ՝
ա) երիտասարդների հետ վստահելի հարաբերությունների կառուցում,
բ) անհատական և խմբային աջակցություն,
գ) կրթական գործընթացներ և զարգացում,
դ) արժեքներ և ինքնություն,
ե) թվային գործիքներ և արհեստական բանականություն
զ) առողջ ապրելակերպ և երիտասարդների առողջություն
է) ձեռնարկատիրություն և մասնագիտական կողմնորոշում
ը) միջմշակութային հաղորդակցություն և զգայունություն։
3) Չափանիշ 3 Կազմակերպչական և ծրագրային կառավարում, ներառյալ՝
ա) ծրագրային աշխատանք,
բ) ռեսուրսների կառավարում,
գ) թիմային աշխատանք և կազմակերպություն։
4) Չափանիշ 4 Աշխատանք համայնքի և հասարակության հետ, ներառյալ՝
ա) Համայնք և շահակիցներ,
բ) քաղաքացիական և քաղաքական մասնակցություն,
գ) միջսեկտորալ համագործակցություն,
դ) հետազոտություն և զարգացում,
ե) միջազգային և գլոբալ չափումներ։
10. Սույն չափանիշները հիմք են հանդիսանում երիտասարդական աշխատողների վերապատրաստման, հավաստագրման և որակի ապահովման համակարգերի մշակման և իրականացման համար։
11. Երիտասարդական աշխատողի որակաորման չափանիշները նախատեսված են որպես գործիք, որը կօգնի բացահայտել, զարգացնել և գնահատել երիտասարդների հետ աշխատող մասնագետների կարողունակությունները: Այս շրջանակը կարող է կիրառվել տարբեր համատեքստերում՝ անհատական ինքնագնահատման, կրթական ծրագրերի մշակման, թիմային աշխատանքի և ոլորտի զարգացման նպատակներով: Այն հիմնված է երիտասարդական աշխատանքի առանցքային ոլորտների վրա և կարող է տեղայնացվել կամ լրացվել տարբեր կարիքների և ծրագրերի համապատասխան:
12. Պետական մարմինների, այդ թվում Լիազոր մարմնի համար այս շրջանակը կարող է ծառայել որպես հիմք երիտասարդական աշխատողների վերապատրաստման, որակավորման և որակի գնահատման գործընթացները կազմակերպելու համար: Պետական մարմինները կարող են ինտեգրել այս կարողունակությունները ազգային ստանդարտներում և քաղաքականություններում, մշակել հավաստագրման համակարգեր, դասընթացների ծրագրեր և գնահատման գործիքներ՝ ապահովելով ոլորտի մասնագետների շարունակական և որակյալ զարգացումը: Օրինակ՝ շրջանակը կարելի է կիրառել որպես ուղեցույց պետական վերապատրաստման ծրագրերի բովանդակությունը սահմանելու համար, որտեղ յուրաքանչյուր ունակություն կդառնա առանձին մոդուլ կամ գնահատման չափորոշիչ՝ համապատասխանեցված ազգային առաջնահերթություններին և կարիքներին:
13. Դասընթացավարների և ուսուցանողների համար այս շրջանակը կարող է օգտագործվել երիտասարդական աշխատանքի կրթական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում: Դասընթացավարները կարող են հիմնվել այս կարողունակությունների վրա՝ ստեղծելով առաջադրանքներ, վարժություններ և գործնական նախագծեր, որոնք կօգնեն երիտասարդական աշխատողներին զարգացնել իրենց հմտությունները: Օրինակ՝ շրջանակը կարող է օգտագործվել որպես հիմք դասընթացների կառուցվածքի համար, որտեղ յուրաքանչյուր ունակություն կքննարկվի առանձին կամ խմբային աշխատանքներով, և ամեն կարողության համար սահմանված գիտելիքներ, հմտություններ և մոտեցումներ բացվածքը կօգնի ընտրելու ուսուցանման և գնահատման առավել արդյունավետ մեթոդներ:
14. Երիտասարդական աշխատողների համար այս շրջանակը կարող է ծառայել որպես ինքնագնահատման գործիք, որը կօգնի բացահայտել սեփական ուժեղ և թույլ կողմերը: Երիտասարդական աշխատողները կարող են օգտագործել այն իրենց մասնագիտական զարգացման պլանավորման համար, սահմանելով անձնական նպատակներ և հետևելով առաջընթացին: Օրինակ՝ կարելի է գնահատել սեփական կարողունակությունները որևէ սանդղակով (օրինակ՝ 1-ից 5 միավոր) և մշակել գործողությունների պլան՝ թույլ կողմերը բարելավելու համար: Երիտասարդական աշխատողի ինքնագնահատման գործիքը սահմանված է Ձև 2-ում։
15. Երիտասարդական կազմակերպությունների և հաստատությունների համար շրջանակը կարող է ինտեգրվել կազմակերպության ներքին գործընթացներում՝ թիմի անդամների ընտրության, վերապատրաստման և գնահատման համար: Այն կօգնի ստեղծել ստանդարտներ երիտասարդական աշխատանքի որակի ապահովման համար, ինչպես նաև կխթանի թիմային քննարկումներ ունակությունների շուրջ: Օրինակ՝ կազմակերպությունը կարող է օգտագործել շրջանակը որպես հիմք աշխատակիցների մասնագիտական զարգացման ծրագրերի համար:
16. Գործընկերների և շահառուների հետ համագործակցության համար այս շրջանակը կարող է օգտագործվել միջսեկտորալ համագործակցության շրջանակներում՝ երիտասարդական քաղաքականության մշակման, նախագծերի պլանավորման և գնահատման գործընթացներում: Այն կօգնի համայնքներին, պետական մարմիններին և այլ կազմակերպություններին հասկանալ երիտասարդական աշխատողների դերը և ներգրավել նրանց արդյունավետորեն: Օրինակ՝ կարելի է օգտագործել շրջանակը տարբեր շահառուների միջև երկխոսություններում՝ գնահատելու համատեղ նախագծերի ազդեցությունը երիտասարդների զարգացման վրա, և մշակել հետադարձ կապի մեխանիզմներ՝ բարելավումներ առաջարկելու համար:
17. Գիտահետազոտական և զարգացման նպատակներով շրջանակը կարող է ծառայել որպես հիմք երիտասարդական աշխատանքի ոլորտի հետազոտությունների համար՝ օգնելով բացահայտել միտումներ, կարիքներ և լավագույն պրակտիկաներ: Հետազոտողները կարող են օգտագործել այն տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացում: Օրինակ՝ կարելի է անցկացնել հարցումներ երիտասարդական աշխատողների շրջանում՝ գնահատելով ունակությունների մակարդակները, բացահայտելով առկա բացերը և առաջարկելով բարելավումներ:
18. Սույն կարողունակությունների շրջանակը սահմանվում է որպես երիտասարդական աշխատողների համար ընդհանուր կիրառելի կարողունակությունների շրջանակ։ Շրջանակը կարող է համապատասխանեցվել հատուկ թիրախային խմբերի հետ աշխատող երիտասարդական աշխատողների առանձնահատկություններին, ներառյալ՝
1) պատերազմական կամ հետպատերազմյան իրավիճակներում աշխատող երիտասարդական աշխատողները,
2) սփյուռքահայերի և հայրենադարձների հետ աշխատող երիտասարդական աշխատողները,
3) հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող երիտասարդական աշխատողները,
4) այլ հատուկ խմբերի հետ աշխատող երիտասարդական աշխատողները։
19. Սույն շրջանակը կարող է լրացվել ոլորտային կամ գործառութային հատուկ ունակությունների շրջանակներով, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող երիտասարդական աշխատողների համար նախատեսված շրջանակներով։
III. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
20. Երիտասարդական աշխատողի հավաստագրումը գործընթաց է, որի նպատակն է գնահատել և պաշտոնապես ճանաչել երիտասարդական աշխատողի մասնագիտական կարողունակությունները՝ սույն կարողունակությունների շրջանակի պահանջներին համապատասխան։
21. Հավաստագրումը հիմք է երիտասարդական աշխատողի մասնագիտական կարգավիճակի հաստատման, զբաղվածության, կարիերային առաջխաղացման և որակի ապահովման համար։
22. Երիտասարդական աշխատողների հավաստագրումն իրականացնում է լիազոր մարմինը։
23. Լիազոր մարմինը երիտասարդական աշխատողի հավաստագրման գործընթացը կազմակերպելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորում է հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և հաստատում է հանձնաժողովի աշխատակարգը։
24. Հանձնաժողովի կազմը բաղկացած է առնվազն 5 անդամներից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք նշանակվում են հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով՝ անժամկետ։ Հանձնաժողովի անդամները կարող են փոփոխվել լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն։ Հանձնաժողովի անդամները ներառվում են հետևյալ համամասնությամբ՝ երեք ներկայացուցիչ լիազոր մարմնից, ընդ որում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչներից մեկը հանդիսանում է նաև հանձնաժողովի քարտուղարը, երկու ներկայացուցիչ՝ երիտասարդության ոլորտի փորձագետներից։
25. Հանձնաժողովի՝
1) գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով,
2) հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի առկայության դեպքում,
3) որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է,
4) նիստերը արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը,
5) հանձնաժողովը առաջին նիստում որոշում է գնահատման գործընթացի մեկնարկի և ավարտի ժամկետները,
6) ապահովում է հավաստագրման համար դիմած մասնակիցների սահմանված պահանջներին համապատասխանության գնահատումը
26. Քարտուղարը`
1) հանձնաժողովին է ներկայացնում նրա կողմից հաստատման ենթակա փաստաթղթերի նախագծերը.
2) հանձնաժողովի անդամներին և մասնակիցներին լիազոր մարմնի անունից` կից գրությամբ ուղարկում (տրամադրում) է հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը` այդպիսի պահանջ ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
3) համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.
4) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
27. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով սահմանված օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, նշված վայրում և ժամին, որի ընթացքում`
1) հաստատվում է հանձնաժողովի առաջին նիստի օրակարգը.
2) հաստատվում է հավաստագրման գործընթացի մեկնարկի մասին հայտարարության տեքստը։ Հայտարարության տարածման ժամկետը չի կարող պակաս լինել 2 ամսից, բացառությամբ հայտերի անբավարար քանակի, անհաղթահարելի ուժի կամ կազմակերպչական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի, որոնց առկայության դեպքում հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ կարող է սահմանվել այլ ժամկետ,
3) հաստատում է հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:
28. Հավաստագրման գործընթացը մեկնարկում է լիազոր մարմնի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից ներկայացված առաջարկի հիման վրա առնվազն տարին մեկ անգամ, որում՝
1) առաջարկվում է հավաստագրման գործընթացի մեկնարկի հայտարարության տեքստն ու ժամկետները,
2) հավաստագրման գործընթացին մասնակցության պայմանները:
29. Հանձնաժողովի կողմից հավաստագրման գործընթացը մեկնարկելու օրվան հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է հայտարարության հրապարակումը լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
30. Գնահատումը իրականացվում է երկու փուլով՝ հավաստագրմանը դիմելու պահանջներին համապատասխանության ստուգում և գիտելիքների ստուգում թեստավորման միջոցով:
31. Հանձնաժողովը սահմանված ժամկետում ստուգում է հավաստագրման համար դիմած մասնակիցների սույն հավելվածի 36-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանությունը։
32. Պահանջներին չհամապատասխանելու դեպքում լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ գրավոր ծանուցում է մասնակցին։ Մասնակիցը գրավոր ծանուցումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է հանձնաժողովի նախագահին ներկայացնել գրավոր առարկություն։
33. Առարկություն ստանալու դեպքում հանձնաժողովը առնվազն երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է մասնակցի առարկությունը, որի արդյունքում տրամադրում է գրավոր պարզաբանում:
34. Համապատասխանելու դեպքում մասնակիցը անցնում է գիտելիքի ստուգման փուլ, որ ժամանակ գրավոր թեստավորման արդյունքների հիման վրա գնահատվում է մասնակցի համապատասխանությունը սույն հավելվածով սահմանված պահանջներին: Ընդ որում թեստավորումը համարվում է հաջողությամբ հաղթահարված, եթե մասնակիցը ճիշտ է պատասխանել հարցաշարի հարցերի առնվազն ութսուն տոկոսին: Հանձնաժողովը ամփոփիչ նիստում թեստավորման արդյունքների հիման վրա․
1) հաստատում է այն մասնակիցների ցանկը, ովքեր համապատասխանում են սույն հավելվածով սահմանված պահանջներին և կարող են ստանալ լիազոր մարմնի ղեկավարի ստորագրությամբ հաստատված հավաստագիր,
2) մերժում է հավաստագրումը՝ հիմնավորված եզրակացությամբ և հաստատում է այն մասնակիցների ցանկը, ովքեր սույն հավաստագրման գործընթացի արդյունքում չեն կարող ստանալ հավաստագիր։
35. Լիազոր մարմնի ղեկավարի ստորագրությամբ հաստատված հավաստագիր չստացող մասնակիցների ցանկում ընդգրկվելը չի կարող խոչընդոտել երկրորդ անգամ հավաստագրման գործընթացին մասնակցելու համար։
36. Հավաստագրման համար դիմելու իրավունք ունեն անձինք, որոնք՝
1) ունեն առնվազն միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ, լիազոր մարմնի կողմից երաշխավորված կազմակերպություններում «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման» դասընթացին մասնակցությունը հավաստող վկայական՝ ներառյալ ընթացիկ տարվա իրականացված ինքնագնահատումը հավաստող փաստաթուղթը, կամ
2) ունեն առնվազն միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ, լիազոր մարմնի կողմից իրականացրած «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման» դասընթացին մասնակցությունը հավաստող վկայական, երիտասարդական աշխատանքի առնվազն 200 ժամ փաստագրված փորձ և երիտասարդական աշխատողի կարողունակությունների շրջանակի հիման վրա ընթացիկ տարվա ընթացքում իրականացված ինքնագնահատումը հավաստող փաստաթուղթ, կամ
3) ունեն առնվազն միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ, երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և երիտասարդական աշխատողի գործառույթներով սահմանված երիտասարդական աշխատանքի առնվազն 500 ժամ փաստագրված փորձ և երիտասարդական աշխատողի կարողունակությունների շրջանակի հիման վրա ընթացիկ տարվա ընթացքում իրականացված ինքնագնահատումը հավաստող փաստաթուղթ,
4) ներկայացրել են փաստաթղթերի ամբողջական փաթեթը։
37. Երիտասարդական աշխատողի հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է հինգ տարի, որի ժամկետը լրանալուց հետո մասնակիցը պետք նորից դիմի հավաստագրման համար։
38. Մասնակիցը հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի լիազոր մարմնի ղեկավարին բողոքարկել հավաստագրման հանձնաժողովի որոշումը:
Ձև 1
ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
1) ՉԱՓԱՆԻՇ 1․ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Չափանիշը սահմանում է երիտասարդական աշխատողի մասնագիտական զարգացման հիմքերը՝ կարևորելով շարունակական ինքնազարգացումը և երիտասարդական աշխատանքի հիմնարար սկզբունքների ու մոտեցումների ընկալումը։ Այն ընդգծում է ռեֆլեքսիվ պրակտիկայի, մասնագիտական էթիկայի և արժեքային համակարգերի նշանակությունը, ինչպես նաև ինքնահոգածության կարևորությունը՝ սթրեսի կառավարման և մասնագիտական այրվածության կանխարգելման միջոցով գործունեության կայունությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով։
ինքնագիտակցություն և մասնագիտական ինքնարտացոլում
Ունակություն 1. Ունակ է ընկալել երիտասարդական աշխատանքի գաղափարական և մեթոդաբանական հիմքերը և կողմնորոշվել դրա հետ կապված հասկացությունների, տեսակների և ձևաչափերի շրջանակում։
Ունակություն 2. Ունակ է կիրառել ռեֆլեքսիվ (մտորումների վրա հիմնված) և գնահատող պրակտիկա սեփական անձի և աշխատանքի նկատմամբ։
Ունակություն 3. Ունակ է կատարել սեփական մասնագիտական կարողունակությունների գնահատում և նախագծել դրանց զարգացման գործընթացներ և անհատական զարգացման պլան։
Ունակություն 4. Ունակ է ապահովել շարունակական անձնական ինքնագիտակցություն, ինքնազարգացում և ինքնակատարելագործում։
մասնագիտական էթիկայի պահպանում
Ունակություն 5. Ունակ է պահպանել մասնագիտական էթիկան, սահմանները և ինքնակարգավորումը։
Ունակություն 6. Ունակ է կառուցել և պահպանել հստակ արժեքային համակարգ, ինչպես նաև աշխատել տարբերվող արժեքային համակարգերի հետ։
մասնագիտական բարեկեցության ապահովում
Ունակություն 7. Ունակ է կառավարել սթրեսը, հուզական բեռը և կանխել մասնագիտական այրվածությունը։
2) ՉԱՓԱՆԻՇ 2․ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Այս չափանիշը ընդգրկում է երիտասարդների հետ անմիջական փոխգործակցության ոլորտը՝ հիմնված վստահելի հարաբերությունների, անվտանգ միջավայրի և ներառականության վրա: Այն ներառում է ինչպես անհատական աջակցություն (մենթորություն, քոուչինգ), այնպես էլ մասնակցային մեթոդներով կրթական ծրագրերի իրականացում: Բաժինը նաև անդրադառնում է արժեքահեն կրթությանը, թվային գրագիտությանը, առողջ ապրելակերպի խթանմանը և միջմշակութային կարողունակությունների զարգացմանը:
Երիտասարդների հետ վստահելի հարաբերությունների կառուցում
Ունակություն 8. Ունակ է կառուցել դրական, չդատապարտող և վստահելի հարաբերություններ երիտասարդների հետ և ընկալել նրանց որպես հավասար։
Ունակություն 9. Ունակ է ապահովել ֆիզիկապես և հոգեբանորեն անվտանգ, աջակցող և ներառական միջավայր և խթանել բազմազանությունը։
Ունակություն 10. Ունակ է իրականացնել արդյունավետ միջսերնդային երկխոսության աշխատանքներ և օգնել երիտասարդներին արժևորելու միջսերնդային արդյունավետ երկխոսության և համագործակցության արժեքը։
Անհատական աշխատանք և աջակցություն
Ունակություն 11. Ունակ է իրականացնել անհատական աշխատանք երիտասարդների հետ՝ մենթորություն, քոուչինգ և խորհրդատվություն, ներառյալ անձնային և հուզական խնդիրների քննարկումը։
Ունակություն 12. Ունակ է աջակցել երիտասարդներին իրենց անձնական, սոցիալական և արժեքային զարգացման գործում, բացահայտել և զարգացնել երիտասարդների տաղանդները, ներուժը և ինքնավստահությունը։
Կրթական գործընթացներ և զարգացում
Ունակություն 13. Ունակ է նախագծել, իրականացնել և գնահատել որակյալ կրթական ծրագրեր և նախաձեռնություններ։
Ունակություն 14. Ունակ է կիրառել մասնակցային և փորձառական ուսուցման մեթոդներ։
Ունակություն 15. Ունակ է զարգացնել երիտասարդների մտածելու և գիտակցելու ունակությունները (ընկալում, վերլուծություն, քննադատություն, համադրում, սինթեզ, եզրահանգումներ)։
Ունակություն 16. Ունակ է զարգացնել երիտասարդների մոտ սոցիալական, քաղաքական և աշխարհաքաղաքական համակարգերի աշխատանքի սկզբունքների հասկացությունը և երևույթների օբյեկտիվ գնահատման կարողությունները։
Արժեքներ, դիրքորոշումներ և ինքնություն
Ունակություն 17. Ունակ է ինտեգրել արժեքահեն կրթությունը և աշխատել մշակութային, հոգևոր և ազգային չափումների հետ երիտասարդական աշխատանքում։
Ունակություն 18 Ունակ է նախաձեռնել և իրականացնել ծրագրեր, որոնք նպաստում են երիտասարդների հայրենաճանաչությանը, հայրենասիրությանը և հայրենիքի նկատմամբ տիրոջ վերաբերմունքի ձևավորմանը։
Ունակություն 19. Ունակ է աշխատել նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության հետ և փոխանցել դրա պահպանման և զարգացման կարևորության գիտակցումը։
Ունակություն 20. Ունակ է աջակցել երիտասարդների մշակութային ինքնության գիտակցմանը։
Թվային գործիքներ և արհեստական բանականություն
Ունակություն 21. Ունակ է ինտեգրել թվային գիտելիքները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները երիտասարդական աշխատանքի պրակտիկայում։
Ունակություն 22. Ունակ է արդյունավետ կերպով կիրառել արհեստական բանականության գործիքները երիտասարդական աշխատանքում և աջակցել երիտասարդներին դրանց կիրառման գործընթացում։
Ունակություն 23. Ունակ է աջակցել երիտասարդներին ճիշտ կողմնորոշվել արհեստական բանականության զարգացման հետ կապված սոցիալական, տնտեսական և այլ դաշտերում առաջացող փոփոխությունների համատեքստում։
Ունակություն 24. Ունակ է ապահովել տեղեկատվական անվտանգությունը և խթանել անվտանգ ու պատասխանատու թվային վարքագիծը երիտասարդական աշխատանքում:
Առողջ ապրելակերպ և երիտասարդների առողջություն
Ունակություն 25. Ունակ է արժևորել և խթանել առողջությունը և առողջ ապրելակերպը, որպես ռիսկային վարքագծի և վնասակար սովորությունների կանխարգելման հիմք։
Ունակություն 26. Ունակ է զարգացնել առողջապահական գրագիտությունը՝ աջակցելով երիտասարդներին իրացնել իրենց առողջության իրավունքը և օգտվել հասանելի բժշկական ծառայություններից։
Ձեռնարկատիրություն և մասնագիտական կողմնորոշում
Ունակություն 27. Ունակ է զարգացնելու երիտասարդների նախաձեռնողականությունը, ձեռնարկատիրական մտածելակերպը և գործնական ձեռնարկատիրական/սոցիալ ձեռնարկատիրական ունակությունները։
Ունակություն 28. Ունակ է աջակցել երիտասարդներին իրենց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման ոլորտներում:
Միջմշակութային կարողունակություններ
Ունակություն 29. Ունակ է զարգացնել երիտասարդների միջմշակութային զգայունությունը, հաղորդակցության հմտությունները և հակամարտությունների կառուցողական փոխակերպման ունակությունները:
Ունակություն 30. Ունակ է աջակցել համայնքի, պետության և գլոբալ մակարդակներում առկա միջմշակութային խնդիրների գիտակցմանը և դրանց լուծման վերաբերյալ պատասխանատվության ձևավորմանը։
Էկոլոգիական գիտակցություն
Ունակություն 31. Ունակ է զարգացնել երիտասարդների էկոլոգիական գրագիտությունը, բնապահպանական պատասխանատվությունը և բնության հետ ներդաշնակ ապրելակերպի ու մտածելակերպի ձևավորումը։
Ունակություն 32. Ունակ է ուղղորդել երիտասարդներին մշակելու և իրականացնելու տեղական բնապահպանական նախագծեր ու կիրառելու ռեսուրսախնայող եւ կենսակայուն գործնական լուծումներ համայնքային կյանքում։
3) ՉԱՓՈՐՈՇԻՉ 3, ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Չափորոշիչը վերաբերում է երիտասարդական աշխատանքի կառուցվածքային և ռազմավարական կազմակերպմանը՝ սկսած կարիքների գնահատումից մինչև ծրագրերի մշակում, իրականացում և ազդեցության գնահատում: Այն շեշտադրում է ռեսուրսների (ֆինանսական, մարդկային) արդյունավետ կառավարումը և ռիսկերի կանխարգելումը: Կարևորվում է նաև թիմային աշխատանքի արդյունավետությունը, կոլեկտիվ ուսուցումը և երիտասարդների ներգրավումը կազմակերպչական որոշումների կայացման գործընթացներում:
Ծրագրային աշխատանք
Ունակություն 33. Ունակ է իրականացնել կարիքների գնահատում և բացահայտել երիտասարդների իրական խնդիրները, մարտահրավերներն ու առաջնայնությունները։
Ունակություն 34. Ունակ է մշակել փոփոխության տեսություն և նախագծել դրա վրա հիմնված արդյունավետ միջամտություններ։
Ունակություն 35. Ունակ է խթանել նորարարությունը և ստեղծարարությունը երիտասարդական ծրագրերի և նախաձեռնությունների մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում։
Ունակություն 36. Ունակ է պլանավորել, իրականացնել և մշտադիտարկել ծրագրերը և նախագծերը և ապահովել երիտասարդների արդյունավետ մասնակցությունը բոլոր այդ փուլերում, և օգտագործել գնահատման արդյունքները սեփական աշխատանքի բարելավման համար։
Ունակություն 37. Ունակ է պլանավորել, չափել և ներկայացնել ծրագրերի և նախագծերի սոցիալական ազդեցությունը և երիտասարդական աշխատանքի արդյունքները։
Ունակություն 38. Ունակ է կազմել ծրագրի տեսանելիության և հանրային հարաբերությունների արդյունավետ կազմակերպման պլան, իրականացնել դա և գնահատել արդյունավետությունը։
Ունակություն 39. Ունակ է իրականացնել ռիսկերի գնահատման և կանխարգելման աշխատանքներ և պահպանել աշխատանքի արդյունավետությունը ճգնաժամային և հատուկ իրավիճակներում։
Ռեսուրսների կառավարում
Ունակություն 40. Ունակ է մոբիլիզացնել ռեսուրսներ՝ ներառյալ դրամաշնորհներ, սոցիալական ձեռնարկատիրություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, հավաքական և այլընտրանքային ֆինանսավորման գործիքներ։
Ունակություն 41 Ունակ է իրականացնել բյուջեի, ֆինանսական և նյութական ռեսուրսների արդյունավետ կառավարում։
Ունակություն 42. Ունակ է արդյունավետ կերպով կառավարել մարդկային ռեսուրսները։
Ունակություն 43. Ունակ է քարտեզագրել համայնքային, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդների համար առկա աջակցության մեխանիզմները և ռեսուրսները և դրանք հասանելի դարձնել երիտասարդների համար։
Թիմային աշխատանք և կազմակերպություն
Ունակություն 44. Ունակ է հասկանալ թիմային աշխատանքի սկզբունքները, ոճերը և թիմում անդամների դերերը և աշխատել թիմային դինամիկայի հետ։
Ունակություն 45. Ունակ է արդյունավետորեն համագործակցել թիմի ներսում, տալ և ստանալ հետադարձ կապ և ապահովել կոլեկտիվ ուսուցում։
Ունակություն 46. Ունակ է կազմակերպել արդյունավետ կոլեկտիվ մտագործունեության գործընթացներ՝ կիրառելով տարբեր տեխնիկաներ և մեթոդական լուծումներ։
Ունակություն 47. Ունակ է արդյունավետ կերպով աշխատել երիտասարդական կազմակերպությունում կամ երիտասարդների հետ աշխատանքի այլ կառույցում և նպաստել դրա զարգացմանը։
Ունակություն 48. Ունակ է ներգրավել երիտասարդներին կազմակերպության ներքին ռազմավարությունների, աշխատակարգերի և կանոնակարգերի մշակման, իրագործման և գնահատման գործընթացում։
4) ՉԱՓՈՐՈՇԻՉ 4․ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ
Չափորոշիչը ընդգրկում է երիտասարդական աշխատանքը ավելի լայն հասարակական համատեքստում՝ խրախուսելով համագործակցությունը համայնքների, շահակիցների և պետական մարմինների հետ: Այն ուղղված է երիտասարդների քաղաքացիական և քաղաքական մասնակցության խթանմանը, ինչպես նաև միջոլորտային համագործակցության զարգացմանը: Ընդգրկում է նաև հետազոտական բաղադրիչը և աշխատանքը գլոբալ ու միջազգային մարտահրավերների համատեքստում:
Համայնք և շահակիցներ
Ունակություն 49. Ունակ է համագործակցել համայնքի հետ և ապահովել համայնքային մասնակցությունը երիտասարդական աշխատանքի գործընթացներում։
Ունակություն 50. Ունակ է համագործակցել արտաքին շահակիցների և գործընկեր կազմակերպությունների հետ։
Ունակություն 51. Ունակ է կողմնորոշվել Հայաստանի տարբեր աշխարհագրական և սոցիալական համայնքերի դաշտում, կազմակերպել միջհամայնքային ծրագրեր և նպաստել քաղաքային և գյուղական բնակավայրերի ներդաշնակ զարգացմանը։
Ունակություն 52. Ունակ է կազմակերպել արդյունավետ աշխատանք հայկական սփյուռքի տարբեր համայնքների և համայնքային կառույցների հետ։
Ունակություն 53. Ունակ է արդյունավետորեն հաղորդակցվել տարբեր լսարանների հետ և պատրաստել համապատասխան նյութեր, հաշվետվություններ և ներկայացումներ։
Ունակություն 54. Ունակ է ակտիվորեն մասնակցել երիտասարդական աշխատողների մասնագիտական համայնքի աշխատանքներին և սովորել ազգային ու միջազգային լավագույն փորձից։
Քաղաքացիական և քաղաքական մասնակցություն
Ունակություն 55. Ունակ է օգնել երիտասարդներին գիտակցել իրենց դերն ու պատասխանատվությունը համայնքում, սահմանել փոփոխությունների իրատեսական նպատակներ, ինչպես նաև կազմակերպել անհատական և խմբային գործողություններ։
Ունակություն 56. Ունակ է խթանել երիտասարդների քաղաքացիական, քաղաքական մասնակցությունը և ակտիվ քաղաքացիության զարգացումը։
Ունակություն 57. Ունակ է աջակցել երիտասարդների մասնակցությանը տեղական և պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում։
Միջոլորտային համագործակցություն
Ունակություն 58. Ունակ է աշխատել միջոլորտային և միջգերատեսչական համագործակցության շրջանակներում՝ ապահովելով ոլորտների, պետական մարմինների և հասարակական/մասնավոր գործընկերների ներգրավվածությունը ընդհանուր նպատակների իրականացման համար:
Ունակություն 59. Ունակ է ինտեգրել երիտասարդական աշխատանքը այլ ոլորտների և համակարգերի հետ։
Հետազոտություն և զարգացում
Ունակություն 60. Ունակ է իրականացնել հետազոտություններ, կիրառել հետազոտական մեթոդներ, իրականացնել վերլուծական աշխատանքներ և կիրառել փաստահեն և տվյալահեն մոտեցումներ։
Ունակություն 61. Ունակ է հետևել ոլորտի զարգացման միտումներին և ինտեգրել նոր գիտելիքները պրակտիկայում։
Միջազգային և գլոբալ չափումներ
Ունակություն 62. Ունակ է աշխատել միջազգային համատեքստում և կառավարել միջազգային կամ տարածաշրջանային միջմշակութային ծրագրեր։
Ունակություն 63. Ունակ է հասկանալ գլոբալ իրավիճակը, կայուն զարգացման օրակարգը և արձագանքել գլոբալ մարտահրավերներին։
Ունակություն 64. Ունակ է արդյունավետ աշխատել արագ փոփոխվող սոցիալական, տեխնոլոգիական և քաղաքական համատեքստերում, ինչպես նաև մասնակցել ապագայի հետ կապված ռազմավարական նախագծերի և նախաձեռնությունների մշակմանը։
Ձև 2
ՕՐԻՆԵԿԵԼԻ ՁԵՎ
ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔԻ
Երիտասարդական աշխատողի ինքնագնահատման սույն գործիքը նախատեսված է երիտասարդական աշխատանք իրականացնող յուրաքանչյուր անձի համար՝ անկախ կարգավիճակից (կամավոր/վարձատրվող) և գործունեության միջավայրից (պետական/համայնքային մարմիններ, երիտասարդական կազմակերպություններ, երիտասարդական կենտրոններ և այլն)։
Գործիքը ստեղծվել է երիտասարդական աշխատողներին աջակցելու համար՝ հիմնվելով «Երիտասարդական աշխատողների ունակությունների շրջանակի» վրա և ընդգրկում է 4 գործառույթային ոլորտ՝
1) Անձնական և մասնագիտական զարգացում,
2) Երիտասարդների հետ ուղղակի աշխատանք,
3) Կազմակերպչական և ծրագրային կառավարում,
4) Աշխատանք համայնքի, հասարակության և աշխարհի հետ։
Գործիքը մասնագիտական աճ խթանելու միջոց է, որի արդյունավետությունը կախված է ազնիվ և քննադատական ռեֆլեկսիայից։ Այն օգնում է տեսնել երիտասարդական աշխատողի ուժեղ կողմերը, բացահայտել կարիքները և պլանավորել զարգացման առաջնահերթությունները։
Ինքնագնահատումը պարտադիր է երիտասարդության ոլորտի համար պետական լիազոր մարմնի կողմից իրականացվող երիտասարդական աշխատողի հավաստագրմանը դիմելու համար: Հավաստագրման դիմելիս ինքնագնահատումը պետք է ամբողջությամբ իրականացված լինի դիմումին նախորդող 12 ամիսների ընթացքում՝ մենթորի կամ մասնագիտական ճանաչում ունեցող այլ զրուցակցի վավերացմամբ:
Լրացման կարգ
Կարելի է միանգամից լրացնել կարողունակությունների ամբողջ շրջանակը կամ կենտրոնանալ որոշակիորեն ընտրված առանձին ոլորտների վրա՝ ըստ մասնագիտական դերակատարման, փորձառության և զարգացման կարիքների։
Նախքան ինքնագնահատումը սկսելը, խորհուրդ է տրվում արագ վերանայել ամբողջ գործիքը՝ հասկանալու համար կարողունակությունների ընդգրկումն ու տրամաբանությունը։
Ցանկալի է գնալ բաժին առ բաժին (4 գործառույթներով) և յուրաքանչյուր կարողության դիմաց նշել գնահատականը աջ կողմի սյունակում։ Յուրաքանչյուր գործառույթ ներառում է կոնկրետ ունակություններ, որոնց վերաբերյալ պետք է կատարել ինքնագնահատում չորս բալային սանդղակով՝ 1-4։
Խորհուրդ է տրվում աշխատել «վերջին 6-12 ամիսների» իրական փորձի հիման վրա (ոչ թե՝ ցանկալի պատկերի)։ Եթե ցանկություն կա բարձրացնել գնահատման որակը, նախապես կարելի է հավաքել աշխատանքի 2-5 «ապացույց» (օրինակ՝ իրականացրած ծրագրեր, մասնակցային հետադարձ կապ, իրականացրած սեսիաներ, երիտասարդների հետ աշխատանքի դեպքեր, գործընկերային գնահատական և այլն։ Սա պարտադիր չէ, բայց նվազեցնում է սուբյեկտիվությունը)։
Եթե գործիքը լրացվում է մենթորի կամ զրուցակցի աջակցությամբ, ճիշտ է նախ լրացնել ինքնուրույն, ապա քննարկել 5-10 առավել վիճարկելի գնահատականները և միայն դրանից հետո վերջնականացնել։ Սա պահպանում է ինքնագնահատման իմաստը և միաժամանակ բարձրացնում է ճշգրտությունը։
Զարգացման պլանավորում.
Գործիքի վերջում նախատեսված են բաց հարցեր՝ ուժեղ կողմերի, թույլ կողմերի և հետագա քայլերի մասին։ Խորհուրդ է տրվում դրանք լրացրել անմիջապես գնահատումից հետո՝ հենվելով նշված միավորների վրա։
Առաջարկվում է՝
Ուժեղ կողմերից ընտրել 2-3-ը և գրել՝ ինչպես է դրանք ավելի համակարգված կիրառվելու/փոխանցվելու ուրիշներին։
Թույլ կողմերից ընտրել 2-3-ը և գրել՝ ինչ կոնկրետ հմտություն/գիտելիք է պակասում, ինչ գործողություն է արվելու (վերապատրաստում, մենթորություն, պրակտիկ փորձ, գրականություն) և ինչ ժամկետներում։
Գնահատման սանդղակ.
Յուրաքանչյուր կարողության դիմաց նշել մեկ թիվ՝ 1, 2, 3 կամ 4։ Սանդղակը կիրառվում է հետևյալ իմաստներով՝
1 -չունեմ այդ ունակությունը (կամ գործնականում դեռ չեմ ցուցադրել/չեմ կիրառել),
2 -ցածր է (կարող եմ սահմանափակ իրավիճակներում, հաճախ՝ ունեմ աջակցության կարիք),
3 -բավարար է (կայուն եմ կիրառում սովորական իրավիճակներում),
4 -գերազանց է (վստահ, կայուն և ինքնուրույն եմ կիրառում նաև բարդ իրավիճակներում, կարող եմ աջակցել/ուղղորդել ուրիշներին)։
Նշում՝ եթե որևէ ունակություն ընթացիկ դերում գործնականում կիրառելու հնարավորություն պարզապես չի եղել, կամ դժվարություն է առաջացել գնահատականի ընտրության հարցում, ավելի ազնիվ է նշել 1 կամ 2 և դա արձանագրել վերջում՝ «Այլ նշումներ» բաժնում ու կենտրոնանալ զարգացման վրա, քան տեսականորեն բարձր գնահատել։
|
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ 1․ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ | |
|
ինքնագիտակցություն և մասնագիտական ինքնարտացոլում | |
|
Ունակություն 1. Ունակ է ընկալել երիտասարդական աշխատանքի գաղափարական և մեթոդաբանական հիմքերը և կողմնորոշվել դրա հետ կապված հասկացությունների, տեսակների և ձևաչափերի շրջանակում։ |
|
|
Ունակություն 2. Ունակ է կիրառել ռեֆլեքսիվ (մտորումների վրա հիմնված) և գնահատող պրակտիկա սեփական անձի և աշխատանքի նկատմամբ։ |
|
|
Ունակություն 3. Ունակ է կատարել սեփական մասնագիտական կարողունակությունների գնահատում և նախագծել դրանց զարգացման գործընթացներ և անհատական զարգացման պլան։ |
|
|
Ունակություն 4. Ունակ է ապահովել շարունակական անձնական ինքնագիտակցություն, ինքնազարգացում և ինքնակատարելագործում։ |
|
|
մասնագիտական էթիկայի պահպանում | |
|
Ունակություն 5. Ունակ պահպանել մասնագիտական էթիկան, սահմանները և ինքնակարգավորումը։ |
|
|
Ունակություն 6. Ունակ է կառուցել և պահպանել հստակ արժեքային համակարգ, ինչպես նաև աշխատել տարբերվող արժեքային համակարգերի հետ։ |
|
|
մասնագիտական բարեկեցության ապահովում | |
|
Ունակություն 7. Ունակ է կառավարել սթրեսը, հուզական բեռը և կանխել մասնագիտական այրվածությունը։ |
|
|
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ 2․ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՈՒՂՂԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ | |
|
Երիտասարդների հետ վստահելի հարաբերությունների կառուցում | |
|
Ունակություն 8. Ունակ է կառուցել դրական, չդատապարտող և վստահելի հարաբերություններ երիտասարդների հետ և ընկալել նրանց որպես հավասար։ |
|
|
Ունակություն 9. Ունակ է ապահովել ֆիզիկապես և հոգեբանորեն անվտանգ, աջակցող և ներառական միջավայր և խթանել բազմազանությունը։ |
|
|
Ունակություն 10. Ունակ է իրականացնել արդյունավետ միջսերնդային երկխոսության աշխատանքներ և օգնել երիտասարդներին արժևորելու միջսերնդային արդյունավետ երկխոսության և համագործակցության արժեքը։ |
|
|
Անհատական աշխատանք և աջակցություն | |
|
Ունակություն 11. Ունակ է իրականացնել անհատական աշխատանք երիտասարդների հետ՝ մենթորություն, քոուչինգ և խորհրդատվություն, ներառյալ անձնային և հուզական խնդիրների քննարկումը։ |
|
|
Ունակություն 12. Ունակ է աջակցել երիտասարդներին իրենց անձնական, սոցիալական և արժեքային զարգացման գործում, բացահայտել և զարգացնել երիտասարդների տաղանդները, ներուժը և ինքնավստահությունը։ |
|
|
Կրթական գործընթացներ և զարգացում | |
|
Ունակություն 13. Ունակ է նախագծել, իրականացնել և գնահատել որակյալ կրթական ծրագրեր և նախաձեռնություններ։ |
|
|
Ունակություն 14. Ունակ է կիրառել մասնակցային և փորձառական ուսուցման մեթոդներ։ |
|
|
Ունակություն 15. Ունակ է զարգացնել երիտասարդների մտածելու և գիտակցելու կարողությունները (ընկալում, վերլուծություն, քննադատություն, համադրում, սինթեզ, եզրահանգումներ)։ |
|
|
Ունակություն 16. Ունակ է զարգացնել երիտասարդների մոտ սոցիալական, քաղաքական և աշխարհաքաղաքական համակարգերի աշխատանքի սկզբունքների հասկացությունը և երևույթների օբյեկտիվ գնահատման կարողությունները։ |
|
|
Արժեքներ, դիրքորոշումներ և ինքնություն | |
|
Ունակություն 17. Ունակ է ինտեգրել արժեքահեն կրթությունը և աշխատել մշակութային, հոգևոր և ազգային չափումների հետ երիտասարդական աշխատանքում։ |
|
|
Ունակություն 18 Ունակ է նախաձեռնել և իրականացնել ծրագրեր, որոնք նպաստում են երիտասարդների հայրենաճանաչությանը, հայրենասիրությանը և հայրենիքի նկատմամբ տիրոջ վերաբերմունքի ձևավորմանը։ |
|
|
Ունակություն 19. Ունակ է աշխատել նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության հետ և փոխանցել դրա պահպանման և զարգացման կարևորության գիտակցումը։ |
|
|
Ունակություն 20. Ունակ է աջակցել երիտասարդների մշակութային ինքնության գիտակցմանը։ |
|
|
Թվային գործիքներ և արհեստական բանականություն | |
|
Ունակություն 21. Ունակ է ինտեգրել թվային գիտելիքները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները երիտասարդական աշխատանքի պրակտիկայում։ |
|
|
Ունակություն 22. Ունակ է արդյունավետ կերպով կիրառել արհեստական բանականության գործիքները երիտասարդական աշխատանքում և աջակցել երիտասարդներին դրանց կիրառման գործընթացում։ |
|
|
Ունակություն 23. Ունակ է աջակցել երիտասարդներին ճիշտ կողմնորոշվել արհեստական բանականության զարգացման հետ կապված սոցիալական, տնտեսական և այլ դաշտերում առաջացող փոփոխությունների համատեքստում։ |
|
|
Ունակություն 24. Ունակ է ապահովել տեղեկատվական անվտանգությունը և խթանել անվտանգ ու պատասխանատու թվային վարքագիծը երիտասարդական աշխատանքում: |
|
|
Առողջ ապրելակերպ և երիտասարդների առողջություն | |
|
Ունակություն 25. Ունակ է արժևորել և խթանել առողջությունը և առողջ ապրելակերպը, որպես ռիսկային վարքագծի և վնասակար սովորությունների կանխարգելման հիմք։ |
|
|
Ունակություն 26. Ունակ է զարգացնել առողջապահական գրագիտությունը՝ աջակցելով երիտասարդներին իրացնել իրենց առողջության իրավունքը և օգտվել հասանելի բժշկական ծառայություններից։ |
|
|
Ձեռնարկատիրություն և մասնագիտական կողմնորոշում | |
|
Ունակություն 27. Ունակ է զարգացնելու երիտասարդների նախաձեռնողականությունը, ձեռնարկատիրական մտածելակերպը և գործնական ձեռնարկատիրական/սոցիալ ձեռնարկատիրական ունակությունները։ |
|
|
Ունակություն 28. Ունակ է աջակցել երիտասարդներին իրենց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման ոլորտներում: |
|
|
Միջմշակութային կարողություններ | |
|
Ունակություն 29. Ունակ է զարգացնել երիտասարդների միջմշակութային զգայունությունը, հաղորդակցության հմտությունները և հակամարտությունների կառուցողական փոխակերպման ունակությունները: |
|
|
Ունակություն 30. Ունակ է աջակցել համայնքի, պետության և գլոբալ մակարդակներում առկա միջմշակութային խնդիրների գիտակցմանը և դրանց լուծման վերաբերյալ պատասխանատվության ձևավորմանը։ |
|
|
Էկոլոգիական գիտակցություն | |
|
Ունակություն 31. Ունակ է զարգացնել երիտասարդների էկոլոգիական գրագիտությունը, բնապահպանական պատասխանատվությունը և բնության հետ ներդաշնակ ապրելակերպի ու մտածելակերպի ձևավորումը։ |
|
|
Ունակություն 32. Ունակ է ուղղորդել երիտասարդներին մշակելու և իրականացնելու տեղական բնապահպանական նախագծեր ու կիրառելու ռեսուրսախնայող եւ կենսակայուն գործնական լուծումներ համայնքային կյանքում։ |
|
|
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ 3․ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ | |
|
Ծրագրային աշխատանք | |
|
Ունակություն 33. Ունակ է իրականացնել կարիքների գնահատում և բացահայտել երիտասարդների իրական խնդիրները, մարտահրավերներն ու առաջնայնությունները։ |
|
|
Ունակություն 34. Ունակ է մշակել փոփոխության տեսություն և նախագծել դրա վրա հիմնված արդյունավետ միջամտություններ։ |
|
|
Ունակություն 35. Ունակ է խթանել նորարարությունը և ստեղծարարությունը երիտասարդական ծրագրերի և նախաձեռնությունների մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում։ |
|
|
Ունակություն 36. Ունակ է պլանավորել, իրականացնել և մշտադիտարկել ծրագրերը և նախագծերը և ապահովել երիտասարդների արդյունավետ մասնակցությունը բոլոր այդ փուլերում, և օգտագործել գնահատման արդյունքները սեփական աշխատանքի բարելավման համար։ |
|
|
Ունակություն 37. Ունակ է պլանավորել, չափել և ներկայացնել ծրագրերի և նախագծերի սոցիալական ազդեցությունը և երիտասարդական աշխատանքի արդյունքները։ |
|
|
Ունակություն 38․ Ունակ է կազմել ծրագրի տեսանելիության և հանրային հարաբերությունների արդյունավետ կազմակերպման պլան, իրականացնել դա և գնահատել արդյունավետությունը։ |
|
|
Ունակություն 39. Ունակ է իրականացնել ռիսկերի գնահատման և կանխարգելման աշխատանքներ և պահպանել աշխատանքի արդյունավետությունը ճգնաժամային և հատուկ իրավիճակներում։ |
|
|
Ռեսուրսների կառավարում | |
|
Ունակություն 40. Ունակ է մոբիլիզացնել ռեսուրսներ՝ ներառյալ դրամաշնորհներ, սոցիալական ձեռնարկատիրություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, հավաքական և այլընտրանքային ֆինանսավորման գործիքներ։ |
|
|
Ունակություն 41 Ունակ է իրականացնել բյուջեի, ֆինանսական և նյութական ռեսուրսների արդյունավետ կառավարում։ |
|
|
Ունակություն 42. Ունակ է արդյունավետ կերպով կառավարել մարդկային ռեսուրսները։ |
|
|
Ունակություն 43. Ունակ է քարտեզագրել համայնքային, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդների համար առկա աջակցության մեխանիզմները և ռեսուրսները և դրանք հասանելի դարձնել երիտասարդների համար։ |
|
|
Թիմային աշխատանք և կազմակերպություն | |
|
Ունակություն 44. Ունակ է հասկանալ թիմային աշխատանքի սկզբունքները, ոճերը և թիմում անդամների դերերը և աշխատել թիմային դինամիկայի հետ։ |
|
|
Ունակություն 45. Ունակ է արդյունավետորեն համագործակցել թիմի ներսում, տալ և ստանալ հետադարձ կապ և ապահովել կոլեկտիվ ուսուցում։ |
|
|
Ունակություն 46. Ունակ է կազմակերպել արդյունավետ կոլեկտիվ մտագործունեության գործընթացներ՝ կիրառելով տարբեր տեխնիկաներ և մեթոդական լուծումներ։ |
|
|
Ունակություն 47. Ունակ է արդյունավետ կերպով աշխատել երիտասարդական կազմակերպությունում կամ երիտասարդների հետ աշխատանքի այլ կառույցում և նպաստել դրա զարգացմանը։ |
|
|
Ունակություն 48. Ունակ է ներգրավել երիտասարդներին կազմակերպության ներքին ռազմավարությունների, աշխատակարգերի և կանոնակարգերի մշակման, իրագործման և գնահատման գործընթացում։ |
|
|
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ 4․ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ | |
|
Համայնք և շահակիցներ | |
|
Ունակություն 49. Ունակ է համագործակցել համայնքի հետ և ապահովել համայնքային մասնակցությունը երիտասարդական աշխատանքի գործընթացներում։ |
|
|
Ունակություն 50. Ունակ է համագործակցել արտաքին շահակիցների և գործընկեր կազմակերպությունների հետ։ |
|
|
Ունակություն 51. Ունակ է կողմնորոշվել Հայաստանի տարբեր աշխարհագրական և սոցիալական համայնքերի դաշտում, կազմակերպել միջհամայնքային ծրագրեր և նպաստել քաղաքային և գյուղական բնակավայրերի ներդաշնակ զարգացմանը։ |
|
|
Ունակություն 52. Ունակ է կազմակերպել արդյունավետ հաղորդակցություն հայկական սփյուռքի տարբեր համայնքերի և համայնքային կառույցների հետ։ |
|
|
Ունակություն 53. Ունակ է արդյունավետորեն հաղորդակցվել տարբեր լսարանների հետ և պատրաստել համապատասխան նյութեր, հաշվետվություններ և ներկայացումներ։ |
|
|
Ունակություն 54. Ունակ է ակտիվորեն մասնակցել երիտասարդական աշխատողների մասնագիտական համայնքի աշխատանքներին և սովորել ազգային ու միջազգային լավագույն փորձից։ |
|
|
Քաղաքացիական և քաղաքական մասնակցություն | |
|
Ունակություն 55. Ունակ է օգնել երիտասարդներին գիտակցել իրենց դերն ու պատասխանատվությունը համայնքում, սահմանել փոփոխությունների իրատեսական նպատակներ, ինչպես նաև կազմակերպել անհատական և խմբային գործողություններ։ |
|
|
Ունակություն 56. Ունակ է խթանել երիտասարդների քաղաքացիական, քաղաքական մասնակցությանը և ակտիվ քաղաքացիության զարգացմանը։ |
|
|
Ունակություն 57. Ունակ է աջակցել երիտասարդների մասնակցությանը տեղական և պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում։ |
|
|
Միջսեկտորալ համագործակցություն | |
|
Ունակություն 58. Ունակ է աշխատել միջոլորտային, միջգերատեսչական և միջսեկտորալ համագործակցության շրջանակներում՝ ապահովելով ոլորտների, պետական մարմինների և հասարակական/մասնավոր գործընկերների ներգրավվածությունը ընդհանուր նպատակների իրականացման համար: |
|
|
Ունակություն 59. Ունակ է ինտեգրել երիտասարդական աշխատանքը այլ ոլորտների և համակարգերի հետ։ |
|
|
Հետազոտություն և զարգացում | |
|
Ունակություն 60. Ունակ է իրականացնել հետազոտություններ, կիրառել հետազոտական մեթոդներ, իրականացնել վերլուծական աշխատանքներ և կիրառել փաստահեն և տվյալահեն մոտեցումներ։ |
|
|
Ունակություն 61. Ունակ է հետևել ոլորտի զարգացման միտումներին և ինտեգրել նոր գիտելիքները պրակտիկայում։ |
|
|
Միջազգային և գլոբալ չափումներ | |
|
Ունակություն 62. Ունակ է աշխատել միջազգային համատեքստում և կառավարել միջազգային և միջմշակութային ծրագրեր։ |
|
|
Ունակություն 63. Ունակ է հասկանալ գլոբալ իրավիճակը, կայուն զարգացման օրակարգը և արձագանքել գլոբալ մարտահրավերներին։ |
|
|
Ունակություն 64. Ունակ է արդյունավետ աշխատել արագ փոփոխվող սոցիալական, տեխնոլոգիական և քաղաքական համատեքստերում, ինչպես նաև մասնակցել ապագայի հետ կապված ռազմավարական նախագծերի և նախաձեռնությունների մշակմանը |
|
|
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի մայիսի 20-ի N 17-Ն հրամանի |
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Սույն մեթոդաբանությամբ սահմանվում են երիտասարդական աշխատանքի մոտեցումներն ու սկզբունքները, աշխատանքի առանձնահատկություններով և երիտասարդների տարիքային խմբով պայմանավորված երիտասարդական աշխատանքի տեսակները, թիրախները, հիմնական դերակատարները, երիտասարդական աշխատանքի որակի ապահովման համակարգը։
2. Սույն մեթոդաբանության նպատակն է ապահովել երիտասարդական աշխատանքի միասնական մոտեցումներ, սահմանել գործողություններ, սկզբունքներ, մեթոդներ և որակի չափորոշիչներ՝ Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական աշխատանքի կայուն, շարունակական և համաչափ զարգացման համար։
II. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
3. Երիտասարդական աշխատանքի սկզբունքները սահմանում են որակյալ երիտասարդական աշխատանքի նվազագույն պահանջները, որոնց վրա հիմնվում են մեթոդաբանական մոտեցումները, երիտասարդական աշխատանքի պլանավորումը, իրականացումը, գնահատումը, ինչպես նաև երիտասարդական աշխատողների մասնագիտական զարգացման ծրագրերը
4. Երիտասարդական աշխատանքի սկզբունքներն են՝
1) Երիտասարդների կամավոր և ակտիվ մասնակցություն. Երիտասարդական աշխատանքը հիմնված է երիտասարդների գիտակցված և կամավոր ներգրավվածության վրա։ Մասնակցությունը ազատ է, կամավոր հիմքերով և ուղղված երիտասարդների ներգրավվածության, նախաձեռնողականության և սեփական զարգացման նկատմամբ պատասխանատվության ամրապնդմանը։ Երիտասարդը կարող է ցանկացած պահի դադարեցնել մասնակցությունը՝ առանց բացասական հետևանքի։
2) Հավասար հասանելիություն և ներառականություն. Երիտասարդական աշխատանքը հավասարապես բաց, ներառական և հասանելի է բոլոր երիտասարդներին՝ անկախ սեռից, սոցիալ-տնտեսական վիճակից, ազգային, կրոնական կամ մշակութային պատկանելությունից, առողջական կամ այլ առանձնահատկություններից կամ խոցելիությունից։
3) Ճկունություն և հարմարվողականություն. Երիտասարդական աշխատանքը արձագանքում է երիտասարդների փոփոխվող կարիքներին, հետաքրքրություններին և կյանքի իրավիճակներին։ Գործընթացներն ու մեթոդները ճկուն են և հարմարեցված սոցիալական փոփոխություններին, այդ թվում՝ ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում
4) Մասնակցակենտրոնություն, կարիքահենություն. Բոլոր ծրագրերը, գործողությունները և միջամտությունները հիմնված են երիտասարդների իրական կարիքների և փորձառությունների վրա և ներառում են նրանց սպասելիքներն ու առաջնահերթությունները։ Երիտասարդների տեսակետը համակարգված կերպով ներառվում է աշխատանքի պլանավորման, իրականացման և գնահատման փուլերում, ինչի շնորհիվ ապահովվում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը և միջամտությունների արդյունավետությունը։
5) Իրավունքահենություն. Երիտասարդական աշխատանքը ուղղորդվում է մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության, խաղաղության, ժողովրդավարության, հավասարության, սոցիալական արդարության հիմնարար արժեքներով և իրավունքներով՝ համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային իրավունքին:
6) Երիտասարդների՝ որպես գործընկերներ և համահեղինակներ, ընկալում և ճանաչում. Երիտասարդները դիտվում են որպես երիտասարդական աշխատանքի հիմնական դերակատարներ, սուբյեկտներ և մասնակցում են երիտասարդական աշխատանքի առաջարկի, քաղաքականությունների, ծրագրերի և նախաձեռնությունների շուրջ որոշումների կայացմանը՝ մշակման, իրականացման և գնահատման փուլերում։
7) Հաշվետվողականություն, հրապարակայնություն, տեսանելիություն. Երիտասարդական աշխատանքը իրականացվում է բաց, թափանցիկ և վերահսկելի գործընթացներով։ Այն ենթադրում է իրականացված գործունեության, արդյունքների և օգտագործված ռեսուրսների վերաբերյալ հաշվետվություններ՝ ապահովելով հանրային վստահություն և պատասխանատվություն։ Ապահովում է աշխատանքի տեսանելիություն՝ նպաստելով ծրագրերի ճանաչելիությանը, երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը և երիտասարդական աշխատանքի արժևորմանը հասարակության շրջանում։
8) Միջգերատեսչական համագործակցություն. Երիտասարդական աշխատանքը հիմնված է տարբեր ոլորտների միջև համակարգված համագործակցության վրա, ներառյալ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, մշակույթ, սպորտ, զբաղվածություն, թվային ոլորտ և այլ ծառայություններ։ Այս մոտեցումը ապահովում է երիտասարդների կարիքներին բազմակողմանի արձագանք։
9) Միջսեկտորալ համագործակցություն և սոցիալական գործընկերություն. Երիտասարդական աշխատանքը իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, համայնքային կառույցների, մասնավոր հատվածի, հետազոտական և միջազգային կառույցների համատեղ և համակարգված գործունեությամբ։
10) Ինտեգրված ծառայությունների մոդելներ. Խթանվում են ծառայությունների ինտեգրված մոդելներ, որոնք ապահովում են երիտասարդների համար հասանելի, համակողմանի և շարունակական աջակցություն, համագործակցային մոտեցումներ և ուղղորդման արդյունավետ համակարգեր։
11) Ուղղահայաց համագործակցություն. (տեղական - մարզային - ազգային - միջազգային մակարդակների համակարգվածություն): Պետական կառավարման բոլոր մակարդակներում ապահովվում է քաղաքականությունների և ծրագրերի համահունչություն, փոխլրացում և համակարգվածություն՝ երիտասարդական աշխատանքի որակն ու արդյունավետությունը ապահովելու համար։
5. Երիտասարդական աշխատանքն իրականացվում է հետևյալ հիմքային մոտեցումներով՝
1) Համակողմանի զարգացման մոտեցում երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության հիմքում դրվում է երիտասարդի ճանաչողական, հուզական, սոցիալական և վարքային ոլորտների փոխկապակցված և հավասարակշռված զարգացումը։ Այս մոտեցումը ենթադրում է ուսուցման և զարգացման այնպիսի գործընթացների իրականացում, որոնք ընդգրկում են երիտասարդի համակողմանի զարգացումը՝ ապահովելով գիտելիքների, հմտությունների, արժեքների և վերաբերմունքների համադրումը, ինչպես նաև զարգացնելով ինքնաճանաչման, ինքնակարգավորման, առողջ հարաբերությունների և կյանքի տարբեր ոլորտներում հավասարակշռված գործելու կարողունակությունները։
2) Արժեքահեն մոտեցումը երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության մեջ դիտարկում է երիտասարդական աշխատանքը՝ որպես գործընթաց, որի կենտրոնում ժողովրդավարական և մարդու իրավունքների վրա հիմնված արժեքների ձևավորումն է, դրանց փորձառական ըմբռնումը և իրական կյանքում կիրառումը։ Մոտեցումն իրականացվում է մասնակցային, փորձառական և ոչ ֆորմալ ուսուցման մեթոդների կիրառմամբ և նպաստում է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ երիտասարդները ճանաչում և վերաիմաստավորում են սեփական արժեքները՝ հասկանալով դրանց նշանակությունը ժամանակակից հասարակության մեջ։ Արժեքահեն մոտեցումը խթանում է պատասխանատվության, հավասարության, համերաշխության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության մշակույթի զարգացումը երիտասարդների համայնքներում և սոցիալական հարաբերություններում։ Արժեքահեն մոտեցումը չի ենթադրում կուսակցական կամ քարոզչական գործունեություն, այլ նպաստում է քաղաքացիական կրթությանը, մարդու իրավունքների և ժողովրդավարական մշակույթի ձևավորմանը
3) Ոչ ֆորմալ կրթության և փորձառական ուսուցման մոտեցում երիտասարդական աշխատանքի մեջ ներառում է ոչ ֆորմալ ուսուցման գործընթացներ, որոնք ուղղված են երիտասարդների անձնական, սոցիալական և քաղաքացիական հմտությունների ձևավորմանը։ Այս գործընթացները իրականացվում են անվտանգ, աջակցող և ստեղծարար միջավայրում, որտեղ ուսուցումը շարունակական է և հարմարեցված է երիտասարդների իրական կենսափորձին։ Մասնակցային և փորձառական մեթոդների կիրառումը ապահովում է, որ ուսուցումը ձևավորվի ոչ միայն տեղեկատվության փոխանցման, այլև փորձի, փորձարկման, վերլուծության, համագործակցության և խմբային փոխազդեցության միջոցով։
4) «Այնտեղ, որտեղ գտնվում են երիտասարդները» մոտեցումը երիտասարդական աշխատանքի մեջ ենթադրում է երիտասարդական աշխատանքի իրականացում այն միջավայրերում, որտեղ երիտասարդները ապրում, սովորում և իրականացնում են իրենց կենսագործունեությունը՝ համայնքներում, կրթական հաստատություններում, աշխատանքի վայրերում, հանրային և փողոցային տարածքներում, ինչպես նաև առցանց հարթակներում։ Մոտեցումը կարևորում է երիտասարդների բնական սոցիալական տարածքները՝ որպես ուսուցման, զարգացման և ներգրավվածության իրական հարթակներ, և նպաստում է երիտասարդական աշխատանքի մատչելիության և արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը իրենց ծանոթ և հարմար միջավայրում։
5) Հարաբերությունների և կապերի վրա հիմնված մոտեցումը երիտասարդական աշխատանքի մեջ դիտարկում է երիտասարդական աշխատանքը որպես հարաբերությունների վրա հիմնված փորձառություն, որի արդյունավետությունը պայմանավորված է վստահության ձևավորմամբ, անկեղծ և շարունակական երկխոսությամբ, ակտիվ լսմամբ, ապրումակցմամբ և փոխադարձ հարգանքով՝ պահպանելով մասնագիտական սահմանները և էթիկայի կանոնները՝ չփոխարինելով մասնագիտական ծառայություններին։ Մոտեցումը պահանջում է խմբային դինամիկայի գիտակցված ընկալում և դրական, իմաստալից շփումների կազմակերպում, ինչպես նաև նպաստում է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ երիտասարդներն ունենում են ներգրավվածության, ընդունված լինելու և համայնքային կյանքի լիարժեք մասնակցության հնարավորություն։
6) Ներառականության և սոցիալական արդարության մոտեցումը երիտասարդական աշխատանքի մեջ ապահովում է յուրաքանչյուր երիտասարդի հավասար մասնակցության, արժևորման և ներառման հնարավորությունները՝ անկախ սոցիալական, տնտեսական, մշակութային, առողջական (ներառյալ՝ հաշմանդամությունը) կամ այլ առանձնահատկություններից։ Մոտեցումը նպաստում է այնպիսի միջավայրերի ձևավորմանը, որտեղ երիտասարդները զգում են իրենց ընդունված, տեսանելի և լսելի՝ բացառելով խտրականության ցանկացած դրսևորում։ Ներառական երիտասարդական աշխատանքը ոչ միայն ապահովում է մատչելիություն և հավասար հասանելիություն, այլև ստեղծում է կրթական, սոցիալական և զարգացման պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդներին լիարժեք իրացնել իրենց ներուժը՝ արժևորելով բազմազանությունը և տարբերությունների հարստությունը։ Մոտեցումը ներառում է նաև արդարացիության սկզբունքների կիրառում՝ տարբեր կարիքների հաշվառման և անհավասարությունների նվազեցման նպատակով։
7) Կարողունակությունների, ներուժի և տաղանդի առաջխաղացման վրա հիմնված մոտեցումը երիտասարդական աշխատանքի մեջ հիմնվում է այն ըմբռնման վրա, որ յուրաքանչյուր երիտասարդ ունի ներքին ռեսուրսներ, կարողունակություններ և ուժեղ կողմեր, որոնք կարող են ծառայել նրա անձնական, սոցիալական և կրթական զարգացմանը։ Մոտեցումն ուղղված է երիտասարդների յուրահատուկ կարողությունների, հմտությունների և ստեղծարար ներուժի բացահայտմանը և զարգացմանը՝ որպես անձնական աճի, մասնագիտական կողմնորոշման, համայնքային ներգրավվածության և քաղաքացիական մասնակցության հիմք։ Այն կարևորում է ուսուցողական և ստեղծարար այնպիսի միջավայրերի ձևավորումը, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն փորձարկել, ստանձնել նոր դերեր, ստանալ անհատական աջակցություն և զարգացնել իրենց ինքնավստահությունն ու նախաձեռնողականությունը։
8) Զորեղացմանն ու զարգացմանը նպաստող գործընթացի վրա հիմնված մոտեցումը երիտասարդական աշխատանքի մեջ ուղղված է երիտասարդների կարողունակությունների ուժեղացմանը՝ զարգացնելով նրանց ինքնուրույնությունը, քննադատական մտածողությունը, հաղորդակցական և համագործակցային հմտությունները, ստեղծարարությունն ու սոցիալ-հուզական կարողությունները։ Մոտեցումը նպաստում է առաջնորդական ներուժի, քաղաքացիական մասնակցության, դիմակայունության և բարեկեցության ամրապնդմանը՝ ապահովելով, որ երիտասարդները դառնան նախաձեռնող, վստահ և հասարակական կյանքում ակտիվ դերակատարներ։
9) Անհատական զարգացման ուղղորդման մոտեցումը երիտասարդական աշխատանքի մեջ նպատակ ունի աջակցել յուրաքանչյուր երիտասարդի անձնական աճին, ինքնաճանաչմանը և ներուժի բացահայտմանը՝ հաշվի առնելով նրա իրական կարիքներն ու կյանքի պայմանները։ Մոտեցումը ներառում է անհատական զարգացման ուղիների մշակումը, որտեղ երիտասարդն ու երիտասարդական աշխատողը համատեղ ձևավորում են նպատակները, զարգացման քայլերը և սահմանում անհրաժեշտ ռեսուրսները։
III. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ
6. Երիտասարդական աշխատանքի դերակատարները այն անձինք, կազմակերպություններն ու ինստիտուտներն են, որոնք ներգրավված են երիտասարդական աշխատանքի քաղաքականության, ծրագրերի մշակման և գործունեության ձևավորման, իրականացման, համակարգման կամ աջակցման գործընթացներում։ Դրանք ներառում են երիտասարդական աշխատողներին, երիտասարդական կազմակերպություններին, երիտասարդական նախաձեռնող խմբերին, երիտասարդական կենտրոնները, լիազոր մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինները, ՏԻՄ աշխատակազմում ներգրավված երիտասարդական աշխատողներին, կրթական հաստատությունները, համայնքային նախաձեռնությունները, հետազոտական և փորձագիտական կառույցները, Ֆինանսավորող և զարգացմանը աջակցող կառույցները, ինչպես նաև այլ ոլորտային գործընկերներին։
7. Երիտասարդական աշխատանքի բոլոր այս դերակատարները փոխկապակցված են և դրանց արդյունավետ համագործակցությունը կարևոր է հաջող երիտասարդական աշխատանքի իրականացման համար:
8. Դերակատարների շրջանակի հստակեցումը հնարավորություն է տալիս սահմանել նրանց համապատասխան գործառույթներն ու պատասխանատվությունները, որոնք ներկայացվում են ստորև՝ ըստ ներգրավվածության մակարդակների և ոլորտային դերերի.
1) Երիտասարդական աշխատողները երիտասարդական աշխատանքի առանցքային դերակատարներն են, որոնք անմիջականորեն աշխատում են երիտասարդների հետ՝ ապահովելով նրանց անձնային, սոցիալական և քաղաքացիական զարգացումը։ Նրանց հիմնական գործառույթը ոչ ֆորմալ ուսուցման մեթոդներով երիտասարդների կարողունակությունների զարգացումն է՝ հիմնված վստահելի հարաբերությունների, շարունակական շփման և անվտանգ միջավայրի ապահովման վրա։ Երիտասարդական աշխատողները գնահատում են երիտասարդների անհատական և խմբային կարիքները, մշակում են նպատակային միջամտություններ, կազմակերպում կրթական, մշակութային, սոցիալական և ժամանցային ծրագրեր, նպաստում կյանքի հմտությունների, ինքնուրույնության, ինքնագիտակցության և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը։ Նրանք հանդես են գալիս որպես մենթորներ և ուղեկիցներ՝ աջակցելով երիտասարդներին դժվար իրավիճակներում, անհրաժեշտության դեպքում ուղղորդելով մասնագիտական ծառայությունների։ Միևնույն ժամանակ երիտասարդական աշխատողները փաստաթղթավորում են իրենց գործունեությունը, իրականացնում են մշտադիտարկում և ինքնագնահատում՝ նպաստելով երիտասարդական աշխատանքի որակի բարելավմանը և ոլորտի մասնագիտական զարգացմանը։
2) Երիտասարդական կազմակերպությունները հանդիսանում են երիտասարդական աշխատանքի ինստիտուցիոնալ կրողներն ու զարգացման հարթակները, որոնք համակարգված ձևով իրականացնում են երիտասարդների կարիքներին արձագանքող ծրագրեր և նախաձեռնություններ՝ երիտասարդական աշխատանքի տարբեր տեսակներով և ձևաչափերով։ Դրանք ապահովում են երիտասարդների շահերի ներկայացումը հանրային և քաղաքական մակարդակներում, ստեղծում մասնակցային մեխանիզմներ, խթանում ակտիվ քաղաքացիությունը, կամավորությունը և երիտասարդական ակտիվիզմը։ Երիտասարդական կազմակերպությունները մշակում և իրականացնում են ծրագրեր ոչ ֆորմալ կրթության, հավասարակիցների ուսուցման, փափուկ հմտությունների, անձնային աճի, առաջնորդության և կազմակերպչական հմտությունների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ ձևավորելով երիտասարդների համայնքներ և ցանցեր։ Դրանք նաև կարևոր դեր ունեն ոլորտի կայունության գործում՝ ներգրավելով ֆինանսավորում, զարգացնելով կամավորական համակարգեր, մասնակցելով տեղական և միջազգային համագործակցային հարթակներին և նպաստելով երիտասարդական աշխատանքի ճանաչմանը և միջազգայնացմանը և միջազգայնացմանը որպես հանրային արժեք։
3) Երիտասարդական նախաձեռնող խմբերը երիտասարդների ինքնակազմակերպման և ներքևից վեր մասնակցության կարևոր դրսևորումներն են երիտասարդական աշխատանքի ոլորտում։ Դրանք տեղական մակարդակում արձագանքում են համայնքային խնդիրներին, իրականացնում փոքրածավալ, բայց ազդեցիկ նախաձեռնություններ՝ հիմնված երիտասարդների սեփական հետաքրքրությունների և ռեսուրսների վրա։ Այս խմբերը հաճախ հանդիսանում են երիտասարդական աշխատանքի առաջին շփման կետը երիտասարդների համար՝ խթանելով ակտիվացում, մասնակցություն, կամավորություն և հավասարակիցների աջակցություն։ Նրանց գործունեությունը նպաստում է երիտասարդների քաղաքացիական ինքնագիտակցության, նախաձեռնողականության և համայնքային ներգրավվածության զարգացմանը։
4) Երիտասարդական կենտրոնները երիտասարդական աշխատանքի ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքներն են, որտեղ երիտասարդները կարող են անվտանգ, ներառական և բաց միջավայրում զարգանալ, փորձարկել և մասնակցել։ Կենտրոնները իրականացնում են երիտասարդական աշխատանքի ծրագրեր, ապահովում են տեղեկատվական, խորհրդատվական և ռեսուրսային աջակցություն, կազմակերպում են կրթական, մշակութային, մարզական և ստեղծագործական գործունեություն և այլն։ Դրանք նաև ծառայում են որպես հարթակ՝ երիտասարդների ինքնակազմակերպման, նախաձեռնությունների աջակցման և համակառավարման համար՝ նպաստելով երիտասարդների պատասխանատվության և մասնակցության մշակույթի ձևավորմանը համայնքային կյանքում։
5) Լիազորված մարմինը պատասխանատու է երիտասարդական աշխատանքի քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների ձևավորման համար։ Այն մշակում և իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականությունը, կարող է սահմանել երիտասարդական աշխատանքի որակի և մասնագիտական ստանդարտներ, ապահովում է ֆինանսական և կառուցվածքային աջակցություն ոլորտի դերակատարներին։ Լիազոր մարմինը համակարգում է միջգերատեսչական համագործակցությունը, ապահովում է քաղաքականության մոնիտորինգը և գնահատումը, ինչպես նաև նպաստում է երիտասարդների մասնակցության ինստիտուցիոնալացմանը որոշումների կայացման գործընթացներում։ Նրա դերակատարումը առանցքային է երիտասարդական աշխատանքի համակարգման, ճանաչման, զարգացման, կարգավորման, ռեսուրսավորման, որակի ապահովման, կայուն զարգացման տեսանկյուններից։
6) Տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են երիտասարդական աշխատանքը համայնքային մակարդակում՝ պետական քաղաքականությունը համադրելով տեղական կարիքների և առանձնահատկությունների հետ։ Նրանք երիտասարդների մասնակցությամբ մշակում են երիտասարդական աշխատանքի ու քաղաքականության համայնքային ռազմավարություններ, ծրագրեր, ստեղծում և կառավարում երիտասարդական կենտրոններ, աջակցում են համայնքում կազմակերպվող երիտասարդական միջոցառումների իրականացմանը, ֆինանսավորում երիտասարդական ծրագրեր և ապահովում երիտասարդական աշխատողների գործունեության պայմանները։ ՏԻՄ-երը կարևոր դեր ունեն երիտասարդների մասնակցության խթանման, համայնքային խորհրդատվական մարմինների ստեղծման և տեղական ռեսուրսների մոբիլիզացման գործում՝ նպաստելով երիտասարդական աշխատանքի արմատավորմանը համայնքային կյանքում։
7) ՏԻՄ աշխատակազմում ներգրավված երիտասարդական աշխատողները իրականացնում են երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ սահմանված աշխատանք: Երիտասարդական աշխատողի պաշտոնի նպատակն է ապահովել համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի կազմակերպումը, համակարգումը և իրականացումը՝ նպաստելով երիտասարդների անձնային զարգացմանը, սոցիալական ներառմանը, ակտիվ քաղաքացիության ձևավորմանը և երիտասարդների մասնակցությանը համայնքային կյանքի ու տեղական ինքնակառավարման գործընթացներին։
8) Կրթական հաստատությունները՝ դպրոցները, բուհերը և այլ ուսումնական հաստատությունները հանդիսանում են երիտասարդական աշխատանքի կարևոր ինստիտուցիոնալ դերակատարներ՝ իրենց ֆորմալ կրթական մանդատի շրջանակում։ Դրանք ապահովում են երիտասարդների համար կազմակերպված, անվտանգ և շարունակական միջավայր, որի ներսում հնարավոր է երիտասարդական աշխատանքի իրականացումը՝ առանց խախտելու կրթական գործընթացի հիմնական նպատակներն ու կազմակերպումը։ Ֆորմալ կրթության համակարգում կրթական հաստատությունները կարող են գործել որպես երիտասարդական աշխատանքի հարթակներ՝ ստեղծելով կազմակերպչական, տարածքային և ժամանակային պայմաններ արտադասարանային գործունեության, աշակերտական և ուսանողական ինքնակառավարման, կամավորական ծրագրերի, երիտասարդական ակումբների և նախաձեռնությունների իրականացման համար։ Միևնույն ժամանակ կրթական հաստատությունները մասնակցում են երիտասարդական աշխատանքի դաշտի զարգացմանն ու ամրապնդմանը՝ համագործակցելով երիտասարդական աշխատողների, երիտասարդական կազմակերպությունների և այլ ոլորտային գործընկերների հետ։ Դրանք կարող են լինել երիտասարդական աշխատանքի որակի բարձրացման, նորարարական մոտեցումների մշակման և փորձարկման, ուսուցման մեթոդաբանության մշակման, երիտասարդական աշխատողների կարողունակությունների զարգացման, հետազոտական գործունեության հարթակներ։
9) Համայնքային նախաձեռնությունները համայնքային մակարդակում գործունեություն իրականացնող խմբեր, ոչ ֆորմալ կառույցներ են։ Համայնքային նախաձեռնությունները երիտասարդական աշխատանքի ցածր շեմով և հասանելի ձևեր են ապահովում, որոնք ուղղված են հատկապես խոցելի և մարգինալացված երիտասարդների ներառմանը։ Դրանք իրականացնում են փողոցում արվող, աութրիչ երիտասարդական աշխատանք, մշակութային, սոցիալական և միջմշակութային նախաձեռնություններ, ստեղծում են հավասարակիցների աջակցության խմբեր և նպաստում համայնքային մակարդակում երիտասարդների զարգացման նպատակների իրագործմանը:
10) Հետազոտական և փորձագիտական կառույցները այն կազմակերպություններն ու մասնագիտական միավորներն են, որոնք ծավալում են երիտասարդության հարցերին առնչվող հետազոտական և վերլուծական գործունեություն։ Նրանց գործունեությունը նպատակ ունի ապահովել երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի փաստահեն զարգացումը՝ երիտասարդների վիճակի, կարիքների, ակնկալիքների, զարգացման հնարավորությունների, արդի մարտահրավերների, զարգացման մոտեցումների, իրականացվող ծրագրերի ազդեցության վերաբերյալ հավաստի տվյալների հավաքագրում և վերլուծություն, մասնակցում քաղաքականության մշակմանը և նպաստում են գիտելիքի ստեղծմանը, փաստաթղթավորմանը և տարածմանը։ Նրանց ներդրումը կարևոր է երիտասարդական աշխատանքի որակի, արդյունավետության և երկարաժամկետ պլանավորման համար։
11) Ֆինանսավորող և զարգացմանը աջակցող կառույցները ապահովում են ռեսուրսներ և կարողունակությունների զարգացում՝ երիտասարդական աշխատանքի զարգացման, որակի ապահովման նպատակով: Միջազգային և դոնոր կազմակերպությունները կարող են աջակցել միջազգային լավագույն փորձի և չափանիշների ներդրմանը, ապահովել ֆինանսական, տեխնիկական և փորձագիտական աջակցություն, ինչպես նաև նպաստել միջազգային համագործակցությանը և շարժունությանը։ Դրանք աջակցում են նորարարական մոտեցումների փորձարկմանը, կարողունակությունների զարգացմանը, հետազոտություններին և ոլորտի կայունության ամրապնդմանը։
12) Այլ ոլորտների գործընկերներ՝ մասնավոր հատված, գործատուներ, մասնագիտական ասոցիացիաներ և այլ ոլորտային կառույցները կապում են երիտասարդական աշխատանքը աշխատաշուկայի, տնտեսության և նորարարության հետ։ Նրանք ապահովում են փորձի, պրակտիկայի, ինտերնշիպների, մենթորության և մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ, աջակցում են ձեռներեցության և սոցիալական նախաձեռնությունների զարգացմանը։ Մասնավոր հատվածի ներգրավումը նպաստում է երիտասարդական աշխատանքի կիրառական արժեքի բարձրացմանը և երիտասարդների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։
IV. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ
9. Երիտասարդական աշխատանքի տեսակները ներկայացնում են այն մեթոդաբանական և կազմակերպական մոտեցումները, որոնց հիման վրա կառուցվում է երիտասարդների հետ իրականացվող երկարաժամկետ, նպատակային և զարգացմանն ուղղված գործունեությունը։ Յուրաքանչյուր տեսակ սահմանում է աշխատանքի տրամաբանությունը, միջամտության մեխանիզմները, մասնագիտական ֆունկցիաները և երիտասարդի հետ փոխազդեցության ձևերը։
10. Տեսակների հստակեցումը նպատակաուղղված է պետական երիտասարդական քաղաքականության զարգացմանը, միասնական որակի չափանիշների ներդրմանը և միջամտությունների համահունչ կազմակերպմանը։
11. Երիտասարդական աշխատանքի տեսակներն են՝
1) Կենտրոնահեն երիտասարդական աշխատանք. Իրականացվում է մշտապես գործող և հստակ կառուցվածք ունեցող հաստատություններում՝ երիտասարդական կենտրոններում, կրթական կամ այլ հաստատություններին կից երիտասարդական տարածքներում և երիտասարդական կազմակերպությունների հարթակներում, որոնք ունեն մշտական տարածք, մասնագիտական թիմ և կազմակերպված աշխատանքային համակարգ։ Ինստիտուցիոնալ երիտասարդական աշխատանքը բնորոշվում է երկարաժամկետ ծրագրերով, ժամանակացույցով կազմակերպված ուսուցմամբ, ակումբային գործունեությամբ, ստանդարտացված մեթոդաբանությամբ, մասնագիտացված աշխատակազմով, բաց և ներառական միջավայրով, որտեղ երիտասարդը կարող է պարբերաբար վերադառնալ, շարունակել իր զարգացումը և կառուցել կայուն կապեր թե՛ մասնագետների, թե՛ հասակակիցների հետ։ Այն ծառայում է որպես վստահելի հենակետ երիտասարդի զարգացման ճանապարհին՝ ապահովելով շարունակականություն, որակ և խորքային ազդեցություն։
2) Համայնքային երիտասարդական աշխատանք. Իրականացվում է համայնքում՝ համայնքային երիտասարդական աշխատողի կողմից՝ համայնքային երիտասարդական կենտրոններում, համայնքային խորհուրդների և երիտասարդական խորհուրդների շրջանակում, հանրային քննարկումների ու լսումների ընթացքում, համայնքային միջոցառումների համար ստեղծված բաց տարածքներում, ինչպես նաև տեղական նախաձեռնությունների շուրջ ձևավորված աշխատանքային խմբերում՝ համայնքապետարանների, համայնքային կենտրոնների և տեղական կազմակերպությունների մասնակցությամբ։ Այն ուղղված է այն երիտասարդներին, որոնք ապրում են տվյալ համայնքում և ունեն կամ կարող են ունենալ ներգրավվածություն համայնքի կյանքում։ Համայնքային երիտասարդական աշխատանքը գործում է համայնքի ներսում՝ ամրապնդելով արդեն գոյություն ունեցող գործընթացները և ընդլայնելով երիտասարդների մասնակցության հնարավորությունները։ Այս տեսակը կենտրոնացած է համայնքի իրական խնդիրների և կարիքների վրա և նպաստում է երիտասարդների՝ այդ խնդիրների քննարկման, լուծումների ձևավորման և նախաձեռնությունների իրականացման ակտիվ մասնակիցներ դառնալուն։ Համայնքային երիտասարդական աշխատանքը խթանում է երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում, փոխօգնությունը և պատասխանատվությունը համայնքային միջավայրի նկատմամբ՝ նպաստելով նախաձեռնող և համագործակցող երիտասարդների համայնքի ձևավորմանը։
3) Դաշտային երիտասարդական աշխատանք. Իրականացվում է երիտասարդների բնական միջավայրերում՝ փողոցներում, բակերում, մարզադաշտերում և այլ հավաքատեղիներում, որտեղ նրանք անցկացնում են իրենց ազատ ժամանակը և սովորաբար առնչություն չունեն կազմակերպված ծրագրերի կամ գործող հաստատությունների հետ։ Այն ուղղված է հատկապես այն երիտասարդներին, որոնք դուրս են մնացել կրթական, համայնքային կամ սոցիալական համակարգերից և հաճախ դիտվում են որպես ծառայություններից դուրս մնացած, ծրագրերին չմասնակցող, կրթություն կամ ուսուցում չստացող, զբաղվածություն չունեցող խմբեր։ Այս տեսակը կառուցվում է անմիջական ներկայության և վստահելի կապի ձևավորման վրա՝ երիտասարդին հանդիպելով այնտեղ, որտեղ նա արդեն գտնվում է, առանց պարտադրանքի կամ նախապայմանների։ Դաշտային երիտասարդական աշխատանքը նպատակ ունի նվազեցնել սոցիալական մեկուսացումը, ստեղծել անվտանգ շփման դաշտ և ապահովել երիտասարդի համար մատչելի աջակցություն՝ նրա իրական կարիքներից ելնելով։ Այն թույլ է տալիս աստիճանաբար ներգրավել երիտասարդին զարգացման գործընթացների մեջ և դառնալ կամուրջ՝ նրա ու ծառայությունների, հնարավորությունների ու համայնքի միջև։
4) Շարժական երիտասարդական աշխատանք. Իրականացվում է շարժական թիմերի միջոցով՝ հասնելով այն համայնքներին և բնակավայրերին, որտեղ չկան երիտասարդական կենտրոններ կամ երիտասարդական ծառայությունները սահմանափակ են։ Այն ուղղված է հատկապես հեռավոր, սահմանամերձ կամ ենթակառուցվածքներ չունեցող համայնքներում ապրող երիտասարդներին, որոնց համար ֆիզիկապես դժվար կամ անհնար է մասնակցել կազմակերպված ծրագրերին։ Շարժական աշխատանքի միջոցով ապահովվում է ծառայությունների մատչելիություն այնտեղ, որտեղ դրանք բացակայում են։ Շարժական երիտասարդական աշխատանքը ճկուն է և հարմարվում է տեղական պայմաններին ու կարիքներին՝ գործելով համայնքի իրական միջավայրում և համագործակցելով տեղական կառույցների հետ։ Այն նպաստում է հավասար հնարավորությունների ստեղծմանը՝ նվազեցնելով տարածքային անհավասարությունը և ապահովելով, որ յուրաքանչյուր երիտասարդ, անկախ բնակության վայրից, ունենա զարգացման, ներգրավման և աջակցության հնարավորություն։
5) Թվային և առցանց երիտասարդական աշխատանք. Իրականացվում է թվային և առցանց միջավայրերում՝ այն հարթակներում, որտեղ երիտասարդներն արդեն իսկ շփվում են, տեղեկություն են ստանում և ինքնարտահայտվում։ Այն կազմակերպվում է սոցիալական ցանցերի, վիդեոհանդիպումների և հաղորդակցման հավելվածների միջոցով, ինչպես նաև կրթական ու տեղեկատվական թվային նյութերի՝ տեսանյութերի, փոդքասթների, առցանց դասերի, ուղեցույցների և ինտերակտիվ բովանդակության կիրառմամբ։ Աշխատանքն ուղղված է այն երիտասարդներին, որոնք ակտիվ են թվային միջավայրում կամ տարբեր պատճառներով չունեն մշտական հնարավորություն մասնակցելու տեղում կազմակերպվող ծրագրերին։ Այս տեսակը ապահովում է երիտասարդների հետ շարունակական կապ՝ անկախ նրանց գտնվելու վայրից, տարածքային սահմանափակումներից կամ շարժունակության հնարավորություններից։ Թվային երիտասարդական աշխատանքը ստեղծում է անվտանգ և հասանելի միջավայր ինքնարտահայտման, ուսուցման, խորհրդատվության և մասնակցության համար՝ դարձնելով երիտասարդական աշխատանքը ավելի ճկուն և ներառական։ Այն հնարավորություն է տալիս արագ արձագանքել երիտասարդների կարիքներին, պահպանել կապը տարբեր խմբերի հետ և ընդլայնել մասնակցության շրջանակը՝ երիտասարդական աշխատանքը տեղափոխելով այն միջավայր, որտեղ երիտասարդներն արդեն իսկ ներկա են։
6) Միջազգային և միջմշակութային երիտասարդական աշխատանք. Իրականացվում է միջազգային ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակում՝ ապահովելով երիտասարդների շարժունակություն, նոր մշակույթների բացահայտում և բազմազան միջավայրերում գործելու փորձ։ Ուղղված է տարբեր երկրների և մշակույթների երիտասարդների համագործակցությանը, փոխանակմանը և երկխոսությանը՝ ստեղծելով միջավայր, որտեղ նրանք կարող են համատեղ սովորել, կիսվել փորձով և ձևավորել փոխըմբռնում։ Այս տեսակը նպաստում է միջմշակութային հաղորդակցման կարողությունների զարգացմանը, բաց աշխարհայացքի և հանդուրժողականության ձևավորմանը, ինչպես նաև գլոբալ քաղաքացիության գիտակցմանը։ Միջազգային և միջմշակութային երիտասարդական աշխատանքը ընդլայնում է երիտասարդների մտահորիզոնը, բարձրացնում ինքնավստահությունը և համագործակցության կարողությունը՝ հնարավորություն տալով նրանց գործել բազմազան թիմերում և տեսնել իրենց դերը ոչ միայն տեղական, այլև միջազգային համատեքստում՝ դարձնելով երիտասարդական աշխատանքը կամուրջ տարբեր մշակույթների և հասարակությունների միջև։
7) Հատուկ հաստատություններում իրականացվող երիտասարդական աշխատանք. Իրականացվում է փակ կամ կիսափակ միջավայրերում՝ մանկատներում, խնամքի և սոցիալական պաշտպանության հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում, առողջապահական կամ այլ հատուկ ռեժիմ ունեցող հաստատություններում, որտեղ երիտասարդների ազատ տեղաշարժը, սոցիալական շփումները և զարգացման հնարավորությունները սահմանափակված են։ Այս տեսակը նպատակ ունի նվազեցնել մեկուսացումը, ստեղծել անվտանգ շփման և ինքնարտահայտման միջավայր, աջակցել անձնային ու սոցիալական զարգացմանը և պահպանել երիտասարդի կապը հասարակության հետ։ Այն կարևոր դեր ունի նաև երիտասարդների հոգեկան բարեկեցության, ինքնազգացողության և ներքին կայունության պահպանման մեջ՝ օգնելով հաղթահարել սթրեսը, անորոշությունը և փակ միջավայրի հետ կապված դժվարությունները։ Հատուկ հաստատություններում իրականացվող երիտասարդական աշխատանքը կենտրոնացած է երիտասարդի արժանապատվության, ինքնավստահության և ինքնուրույնության պահպանման ու զարգացման վրա՝ նպաստելով նրա ներուժի բացահայտմանը և հետագա հասարակական ներգրավման հնարավորություններին։
12. Երիտասարդական աշխատանքի տարբեր տեսակների դեպքում, այդ թվում՝ ինստիտուցիոնալ, համայնքային, դաշտային և թվային երիտասարդական աշխատանքում, կարող է կիրառվել նաև բաց երիտասարդական աշխատանքի մոտեցումը, որը չի հանդիսանում ինքնուրույն տեսակ, այլ նկարագրում է երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպման տրամաբանությունը և փոխազդեցության ձևը։ Բաց երիտասարդական աշխատանքը հիմնվում է ազատ և կամավոր մասնակցության, առանց նախնական գրանցման, բաց մուտքի, հասանելիության ապահովման և երիտասարդի ինքնավարության սկզբունքների վրա։
13. Երիտասարդական աշխատանքի ձևաչափերը կազմակերպչական և մեթոդական ձևեր են, որոնց միջոցով գործնականում իրականացվում է երիտասարդների զարգացմանը, մասնակցությանը և հզորացմանը միտված գործունեությունը։ Դրանք հիմնվում են ոչ ֆորմալ կրթությանը բնորոշ մոտեցումների վրա և ցույց են տալիս, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը երիտասարդների հետ՝ կամավոր մասնակցության, փորձի միջոցով սովորելու և երիտասարդակենտրոն միջավայրի ստեղծման ճանապարհով։ Յուրաքանչյուր ձևաչափ ապահովում է երիտասարդների ներգրավման տարբեր մակարդակ, մասնակցության ձև, հմտությունների զարգացման ուղի և սոցիալական փոխազդեցության միջավայր։
14. Երիտասարդական աշխատանքի ձևաչափերն են՝
1) Աշխատարան․ Աշխատարանը կարճաժամկետ և ինտերակտիվ ուսուցման ձևաչափ է, որի ընթացքում երիտասարդները կենտրոնանում են մեկ կոնկրետ թեմայի կամ հմտության վրա և սովորում են հիմնականում գործնական փորձարկման միջոցով՝ ոչ թե միայն լսելով, այլ անելով ու փորձելով։ Այն սովորաբար ունի հստակ օրակարգ, ակտիվ մասնակցություն ապահովող կառուցվածք և վերջում՝ ամփոփում ու անդրադարձ, իսկ իրականացումը հիմնվում է խմբային դինամիկայի վրա՝ ապահովելով անվտանգ ու ներառական միջավայր։ Գործնականում այն աշխատում է փոքր կամ միջին խմբերով և հաճախ կիրառվում է սառույցկոտրուկներով, փոքր խմբային առաջադրանքներով, դեպքային քննարկումներով, դերային իրավիճակներով, գաղափարների գեներացմամբ և արագ հետադարձ կապով։ Աշխատարանը արդյունավետ է, երբ կա հստակ նպատակ, բավարար ժամանակ ներգրավված աշխատանքի համար, ինչպես նաև ֆասիլիտատոր, որը կարող է ապահովել մասնակցությունն ու կարգավորել խմբային գործընթացը։
2) Դասընթաց / սեմինար․ Դասընթացը կամ սեմինարը ուսուցման ավելի կառուցված և թեմատիկ ձևաչափ է, որի նպատակն է ձևավորել գիտելիքային հիմք և զարգացնել կարողություններ՝ նյութի աստիճանական ներկայացման ու քննարկման միջոցով։ Այն կարող է լինել մեկ հանդիպմամբ կամ շարունակական հանդիպումների շարքով, բայց միշտ ունենում է ուսումնական տրամաբանություն՝ թեմաները կապվում են իրար, և մասնակիցը քայլ առ քայլ խորացնում է ըմբռնումն ու կիրառման կարողությունը։ Իրականացումն արդյունավետ է, երբ համադրվում են տեղեկատվական հատվածները և ինտերակտիվ փուլերը՝ օրինակ՝ հարցուպատասխան, փոքր խմբային աշխատանք, իրավիճակային առաջադրանքներ, համատեղ ամփոփումներ և կարճ փորձառական վարժություններ։ Կիրառման համար կարևոր է ունենալ թեմատիկ ծրագիր, ժամանակի ճիշտ բաշխում և այնպիսի մոտեցում, որտեղ երիտասարդը ոչ թե պասիվ լսող է, այլ ակտիվ մասնակից։
3) Քննարկում և բանավեճ․ Քննարկումն ու բանավեճը ձևաչափ է, որտեղ երիտասարդները հանգամանորեն խոսում են թեմայի շուրջ, ձևավորում ու հստակեցնում դիրքորոշումներ, սովորում լսել տարբեր կարծիքներ և հիմնավորել իրենց տեսակետը։ Այն արդյունավետ է, երբ գործում է հստակ կանոններով՝ խոսքի հերթականություն, ժամանակի կառավարում, հարգանքի և անվտանգ շփման միջավայր, որպեսզի խոսակցությունը չվերածվի անձնական հակադրության։ Ընթացքում հաճախ կիրառվում են մոդերացված քննարկումներ, հարցուպատասխան, փաստարկների ներկայացում ու հակափաստարկում, «բաց խոսափող» ձևաչափ, փոքր խմբային նախապատրաստում և վերջում՝ ամփոփում ու ընդհանուր եզրակացությունների ձևակերպում։ Այս ձևաչափը պահանջում է ուժեղ մոդերացիա և թեմա, որը կարևոր է երիտասարդների համար ու բաց է տարբեր դիրքորոշումների համար։
4) Հասակակիցների միջև ուսուցում․ Այս ձևաչափում երիտասարդները սովորեցնում և աջակցում են միմյանց՝ փորձի, գիտելիքի և հմտությունների փոխանակման միջոցով, երբ «սովորողը» կարող է դառնալ նաև «փոխանցող»։ Այն առանձնանում է հավասարության ու վստահության մթնոլորտով, քանի որ հաղորդակցությունը տեղի է ունենում նույն սերնդի ներսում, և երիտասարդները հաճախ ավելի հեշտ են բացվում ու ներգրավվում։ Իրականացման մեջ գործնական մեխանիզմներ են՝ փորձի փոխանակման շրջաններ, փոքր խմբերով փոխօգնություն, համատեղ առաջադրանքներ, թեմատիկ հանդիպումներ, երիտասարդների կողմից սեսիայի վարում, ինչպես նաև կարճ խաղային ակտիվացումներ՝ ներգրավվածությունը բարձր պահելու համար։ Կիրառման համար կարևոր է ունենալ պատրաստված կամ ուղղորդվող երիտասարդ-խմբավարներ և պարզ կանոններ, որպեսզի փոխանակումը լինի անվտանգ, ներառական և ոչ բացառող։
5) Ակումբային աշխատանք․ Ակումբային աշխատանքը շարունակական և պարբերական հանդիպումների վրա հիմնված ձևաչափ է, որտեղ երիտասարդները միավորվում են հետաքրքրության կամ թեմայի շուրջ և զարգանում են երկարաժամկետ գործընթացով։ Այն սովորաբար գործում է կայուն խմբով, ստեղծում է պատկանելիության զգացում և հնարավորություն է տալիս մասնակցին վերադառնալ նույն միջավայր, ամրապնդել կապերը ու աստիճանաբար խորացնել հմտությունները։ Հաճախ լինում են խմբային քննարկումներ, ստեղծարար սեսիաներ, փոքր նախագծերի իրականացում, թիմային խաղեր, համատեղ պլանավորում և երիտասարդների նախաձեռնությունների աջակցում, իսկ մեթոդական օրինակներ են՝ ներգրավող վարժությունները, փոքր խմբերի աշխատանքը և անդրադարձային շրջանները։ Ակումբը լավ է աշխատում, երբ կա հանդիպումների կայուն ռիթմ, հստակ թեմատիկ ուղղություն և անվտանգ միջավայր, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է իր տեմպով ներգրավվել։
6) Նախագծային աշխատանք և երիտասարդական նախաձեռնություններ․ Այս ձևաչափում երիտասարդները գաղափարից անցնում են պլանավորման ու իրականացման՝ ստեղծելով կոնկրետ նախաձեռնություն, որը լուծում է համայնքային կամ խմբային որևէ խնդիր կամ ձևավորում է նոր հնարավորություն։ Այն զարգացնում է պատասխանատվությունը, թիմային համագործակցությունը և ազդեցության գիտակցումը, քանի որ երիտասարդը ներգրավվում է ամբողջ շղթայում՝ գաղափար, նպատակ, քայլերի պլան, դերաբաշխում, իրականացում և արդյունքների ներկայացում։ Գործնական մեխանիզմներ են՝ գաղափարների մշակման սեսիաներ, գործողությունների պլանավորում, թիմային դերերի բաժանում, հանրային ներկայացում և վերջնական անդրադարձ, իսկ մեթոդների օրինակներ կարող են լինել գաղափարների գեներացում, աշխատանքային խմբերով պլանավորում և «նախագծի քարտեզ» կազմելը։ Կիրառման համար անհրաժեշտ է նվազագույն ռեսուրսային հենք, ուղեկցող անձ կամ թիմ և իրատեսական պահանջներ, որպեսզի նախաձեռնությունը լինի նաև ուսուցողական փորձառություն։ Նախագծային աշխատանքը կարող է իրականացվել տարբեր ծրագրային և մասնակցային գործիքների միջոցով՝ ներառյալ փոքր դրամաշնորհային ծրագրեր, երիտասարդական բանկեր, համայնքային նախաձեռնությունների աջակցման այլ մեխանիզմներ, որոնք խթանում են երիտասարդների նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը։
7) Կամավորական ծրագիր/համայնքային ծառայություն․ Այս ձևաչափում երիտասարդները իրենց կամքով մասնակցում են հանրօգուտ կամ համայնքային նշանակություն ունեցող աշխատանքներին՝ միաժամանակ սովորելով ու զարգացնելով սոցիալական պատասխանատվություն։ Այն կարող է լինել կարճաժամկետ ակցիա կամ երկարատև ծրագրային ներգրավում, բայց կարևոր է, որ ունենա դերերի հստակեցում, ուղեկցում և փորձի ամփոփում, որպեսզի կամավորությունը դառնա նաև ուսուցման գործընթաց։ Իրականացման մեխանիզմներ են՝ կամավորների հավաքագրում, նախապատրաստում, դերաբաշխում, թիմային ծառայություն, ընթացիկ աջակցություն և վերջում՝ գնահատում ու անդրադարձ, իսկ մեթոդական օրինակներ կարող են լինել թիմային առաջադրանքներ, համայնքի կարիքների դիտարկում/փոքր հարցում և կարճ ամփոփ շրջան։ Կիրառման համար պետք է ապահովել անվտանգության պայմաններ, հստակ համակարգում և կամավորի իրավունքների պաշտպանվածություն։
8) Ճամբար․ Ճամբարը բազմօրյա ինտենսիվ ձևաչափ է, որը միավորում է ուսուցումը, սոցիալական կյանքը և փորձառական զարգացումը մեկ ընդհանուր միջավայրում՝ ստեղծելով բարձր ներգրավվածություն և խորը խմբային կապեր։ Այն սովորաբար ունի հավասարակշռված օրակարգ՝ ուսուցողական սեսիաներ, թիմային խաղեր, ստեղծարար կամ մշակութային բաղադրիչ, ազատ ժամանակ և պարտադիր անդրադարձային փուլեր, որոնց միջոցով մասնակիցը իմաստավորում է իր փորձը։ Գործնական մեխանիզմներ են՝ թիմային համակեցության կանոններ, խմբային պատասխանատվության բաժանում, բացօթյա ուսուցում, թիմային խաղեր, երեկոյան ամփոփումներ, իսկ մեթոդների օրինակներ են՝ սիմուլյացիոն խաղեր, իրավիճակային առաջադրանքներ, թիմային կառուցման վարժություններ և ներգրավող սառույցկոտրուկներ։ Կիրառման համար պարտադիր են անվտանգության կանոններ, լոգիստիկայի հստակ կազմակերպում, պատասխանատու թիմ և ներառական մոտեցում։
9) Ֆորում/համաժողով․ Ֆորումը կամ համաժողովը լայն մասնակցությամբ ձևաչափ է, որտեղ տարբեր համայնքների կամ կազմակերպությունների երիտասարդները և մասնագետները հանդիպում են ընդհանուր թեմայի շուրջ՝ երկխոսելու, փորձ փոխանակելու և հաճախ նաև առաջարկություններ ձևակերպելու համար։ Այն ունի բազմաբաղադրիչ կառուցվածք՝ պանելային քննարկումներ, թեմատիկ աշխատարաններ, աշխատանքային խմբեր և հանրային ներկայացումներ, ինչը թույլ է տալիս և տեղեկատվություն ստանալ, և մասնակցային աշխատանքի միջոցով ձևակերպել լուծումներ։ Իրականացման մեխանիզմներ են՝ թեմատիկ նստաշրջաններ, խմբային քննարկումներ, առաջարկների ամրագրում և ամփոփ փաստաթղթի պատրաստում, իսկ մեթոդների օրինակներ կարող են լինել «շրջանային քննարկում», «համաշխարհային սրճարան» տիպի խմբային սեղաններ, «ակվարիում» կամ բաց մոդերացիա։ Կիրառման համար կարևոր է կազմակերպչական բավարար ռեսուրս, ուժեղ մոդերացիա և արդյունքների ամրագրում, որպեսզի գործընթացը ունենա շարունակականություն։
10) Ուսումնական այց․ Ուսումնական այցը կարճաժամկետ ուսումնառության ձևաչափ է, որի ընթացքում երիտասարդները կամ երիտասարդական աշխատողները այցելում են կազմակերպություն, ծառայություն կամ նախաձեռնություն՝ տեղում տեսնելու, հասկանալու և իրենց միջավայր տեղափոխելու համար կիրառելի փորձը։ Այն արդյունավետ է, երբ այցն ունի հստակ նպատակ և նախապես ձևակերպված հարցադրումներ՝ ինչ ենք ուզում պարզել, ինչ ենք դիտարկելու և ինչ ենք վերցնելու որպես դաս։ Իրականացման մեխանիզմներ են՝ տեղում դիտարկում, պատասխանատուների հետ հանդիպում, հարցուպատասխան կամ կարճ հարցազրույց, այցի վերջում ամփոփ քննարկում, իսկ մեթոդական օրինակներ կարող են լինել դիտարկման թերթիկ, «ինչ տեսանք, ինչ սովորեցինք, ինչ կկիրառենք» ամփոփ ձևաչափ և փոքր գործողությունների պլան։ Կիրառման համար պետք է ընդունող կողմի պատրաստակամություն, ժամանակի ճիշտ պլանավորում և այցից հետո ամրագրում։
11) Պրակտիկա/ փորձառական ներգրավում․ Պրակտիկան այն ձևաչափն է, որտեղ երիտասարդը ներգրավվում է իրական աշխատանքային կամ սոցիալական միջավայրում՝ գործնական փորձ ձեռք բերելու և իր հմտությունները փորձարկելու համար։ Այն սովորաբար ունի հստակ դերեր ու առաջադրանքներ, որոշակի տևողություն և ուղեկցող անձ, որպեսզի երիտասարդը ստանա աջակցություն, հետադարձ կապ և զարգանա քայլ առ քայլ։ Իրականացման մեխանիզմներ են՝ առաջադրանքների փուլային բաշխում, դիտարկում ու հետադարձ կապ, փոքր հանձնարարությունների կատարում և վերջում՝ փորձի ամփոփում, իսկ մեթոդական օրինակներ կարող են լինել աշխատանքային օրագիրը, շաբաթական անդրադարձը և պարզ գնահատման հարցերը։ Կիրառման համար կարևոր է անվտանգ միջավայր, էթիկական մոտեցում և հստակ պայմանավորվածություններ՝ իրավունքների ու պարտականությունների մասին։
12) Միջազգային փոխանակում և շարժունակության ծրագիր․ Այս ձևաչափում տարբեր երկրների երիտասարդները հանդիպում են, միասին աշխատում կամ միասին ապրում որոշ ժամանակահատվածում և համատեղ ուսումնառության միջոցով զարգացնում համագործակցությունը, փոխըմբռնումը և միջմշակութային հաղորդակցությունը։ Այն առանձնանում է բազմազան խմբային կազմով, միջմշակութային զգայուն ֆասիլիտացիայով և անվտանգության ու ներառականության բարձր պահանջով։ Իրականացման մեխանիզմներ են՝ համատեղ աշխատարաններ, թիմային նախագծեր, մշակութային ներկայացումներ, անդրադարձային փուլեր, իսկ մեթոդական օրինակներ կարող են լինել միջմշակութային երկխոսության վարժությունները, խմբային կանոնների համատեղ ձևակերպումը, սիմուլյացիաները և թիմային կառուցումը։ Կիրառման համար կարևոր են նախապատրաստումը, լեզվական/հաղորդակցական աջակցությունը, ռիսկերի կառավարումը և վերադարձից հետո արդյունքների տարածումը համայնքում։
13) Առցանց ծրագիր/ թվային հարթակ․ Առցանց ծրագիրը ձևաչափ է, երբ երիտասարդների հետ ուսուցումը, մասնակցությունը և աջակցությունը կազմակերպվում են թվային միջավայրում՝ անկախ տարածքային սահմանափակումներից։ Այն կարող է լինել ուղիղ հանդիպումներով կամ փուլային մասնակցությամբ, բայց պահանջում է հստակ կանոններ, մոդերացիա և թվային անվտանգություն, որպեսզի միջավայրը մնա անվտանգ ու ներառական։ Իրականացման մեխանիզմներ են՝ առցանց հանդիպումներ, թեմատիկ քննարկումներ, առցանց ակումբային խմբեր, նյութերի տարածում և ինտերակտիվ առաջադրանքներ, իսկ մեթոդների օրինակներ կարող են լինել առցանց սառույցկոտրուկներ, քվիզներ, հարցումներ, փոքր խմբերի առցանց սենյակներ և արագ հետադարձ կապի գործիքներ։ Կիրառման համար պետք է տեխնիկական հասանելիություն, պարզ վարքագծային կանոններ և տվյալների պաշտպանություն։
14) Մենթորություն․ Մենթորությունը երկարաժամկետ աջակցող ձևաչափ է, որի ընթացքում փորձառու մենթորը աջակցում է երիտասարդին կամ երիտասարդների փոքր խմբին՝ հստակեցնելու նպատակները, մշակելու անհատական կամ խմբային զարգացման քայլերը և պահպանելու առաջընթացը՝ վստահելի հարաբերության հիման վրա։ Մենթորությունը կարող է իրականացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով՝ պահպանելով անձնական մոտեցումը և զարգացման շարունակական ուղեկցումը։ Այն սովորաբար իրականացվում է պարբերական հանդիպումներով, անհատական կամ խմբային անդրադարձով և շարունակական հետադարձ կապով, որպեսզի երիտասարդները ոչ միայն «խորհուրդ լսեն», այլ կարողանան գիտակցված կերպով շարժվել իրենց զարգացման նպատակների ուղղությամբ։ Իրականացման մեխանիզմներ են՝ նպատակների ձևակերպում, գործողությունների պլանի մշակում, առաջընթացի դիտարկում և դժվարությունների վերլուծություն, իսկ մեթոդների օրինակներ կարող են լինել նպատակների հստակեցման պարզ գործիքներ, ինքնաանդրադարձի հարցեր, խմբային քննարկումներ և պարբերական ամփոփումներ։ Կիրառման համար կարևոր է ժամանակի և սպասելիքների հստակ պայմանավորվածությունը, գաղտնիության պահպանումը (նաև խմբային աշխատանքի դեպքում), ինչպես նաև մենթորի համապատասխան պատրաստվածությունը։
15) Անհատական խորհրդատվություն և ուղղորդում․
16) Խորհրդատվությունը անհատական աջակցման ձևաչափ է, որի ընթացքում երիտասարդը, կամավոր հիմունքներով և երիտասարդական աշխատողի աջակցությամբ, ստանում է օգնություն կոնկրետ հարցի կամ իրավիճակի շուրջ՝ կողմնորոշվելու, հնարավոր տարբերակները հասկանալու և տեղեկացված որոշումներ կայացնելու համար։ Կախված երիտասարդի կարիքներից՝ խորհրդատվությունը կարող է լինել մեկ հանդիպում կամ կարճ ժամանակահատվածում իրականացվող շարունակական աջակցություն։ Այն դեպքերում, երբ պարզվում է, որ երիտասարդին անհրաժեշտ է այլ ոլորտի մասնագիտական աջակցություն կամ կոնկրետ հնարավորություն, խորհրդատվության գործընթացը շարունակվում է ուղղորդմամբ։ Ուղղորդումը աջակցող գործընթաց է, որի ընթացքում երիտասարդին օգնում են հասնել իրեն համապատասխան ծառայություններին կամ հնարավորություններին՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով նաև ուղեկցում այդ գործընթացում։ Գործնականում կիրառվում են կարիքների պարզման, տարբերակների ներկայացման, որոշման աջակցության և հաջորդ քայլերի հստակեցման մեխանիզմներ։ Մեթոդների օրինակներ կարող են լինել աջակցող զրույցը, ռեսուրսների քարտեզի կազմումը, պարզ գործողությունների պլանի մշակումը և ուղղորդման գործընթացի ուղեկցումը։ Կիրառման համար առաջնային են անվտանգ շփման պայմանների ապահովումը, գաղտնիության պահպանումը, էթիկական սահմանների հստակեցումը և երիտասարդի ինքնավարության հարգումը։
V. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԻՐԱԽՆԵՐԸ
15. Երիտասարդական աշխատանքի թիրախային խմբերի հստակ սահմանումը կարևոր նախապայման է արդյունավետ քաղաքականության, ծրագրերի և ծառայությունների մշակման համար։ Թիրախավորումն ապահովում է միջամտությունների համապատասխանությունը տարբեր տարիքային, սոցիալական և մշակութային խմբերի առանձնահատկություններին։
16. Երիտասարդական աշխատանքի թիրախային խմբերը սահմանվում են ըստ՝
1) Տարիքային կլաստերների. Առանձնացվում են երեք հիմնական տարիքային կլաստերներ` պատանի (13-17 տարեկան երիտասարդ), երիտասարդ (18-24 տարեկան երիտասարդ), ավագ երիտասարդ (25-35 տարեկան երիտասարդ), որոնք հիմնված են երիտասարդների զարգացման հոգեբանական, սոցիալական և կրթական առանձնահատկությունների վրա։ Տարիքային կլաստերավորումը թույլ է տալիս համապատասխանեցնել միջամտությունները նրանց կարիքներին, զարգացման տեմպին, ինքնության ձևավորման ընթացքին և ինքնուրույնացման մակարդակին՝ ապահովելով նպատակային, հաջորդական և համակարգված աջակցություն։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր կլաստերի ներսում կարող են ձևավորվել ենթակլաստերներ։
ա) Պատանիներ (13-17). Պատանիների հոգեբանական, ճանաչողական և սոցիալական զարգացման ակտիվ փուլում, ձևավորվում են ինքնությունը, արժեքները և սեփական տեղը խմբի մեջ հասկանալու գործընթացը։ Այս տարիքում կարևոր են փորձարարական վարքը, հասակակիցների հետ շփումը, թիմային պատկանելիության զգացումը և շրջապատող իրադարձությունների զգայական ընկալումը։ Պատանիների հետ աշխատանքը պահանջում է բարձր ներգրավվածություն, անվտանգ և վստահելի միջավայր, խաղային ու փորձառական ուսուցում, ինչպես նաև աջակցող և մոտիվացնող մեթոդներ։ Աշխատանքի նպատակն է ապահովել միջավայր, որտեղ պատանիները կարող են զարգացնել սոցիալական և հաղորդակցման հմտությունները, ձևավորել ինքնավստահություն, ճանաչել իրենց հետաքրքրություններն ու կարողությունները, ամրապնդել արժեքային պատկերացումները և բարձրացնել ուսման նկատմամբ հետաքրքրությունը։ Միաժամանակ աշխատանքը նպաստում է վնասակար սովորությունների կանխարգելմանը, առողջ ապրելակերպի վերաբերյալ դրական վերաբերմունքի ձևավորմանը՝ սեփական և այլոց առողջության նկատմամբ պատասխանատու վարքագծի զարգացման միջոցով, ինչպես նաև վաղ ձեռներեցական մտածողության ձևավորմանը։ Պատանիների հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է մասնագիտական կողմնորոշման սկզբնական աջակցություն՝ երիտասարդների մոտ մասնագիտական նախնական պատկերացումների ձևավորման նպատակով, տաղանդների և հետաքրքրությունների բացահայտում ու զարգացում, թիմային և համագործակցային հմտությունների զարգացում, ինքնավստահության և առողջ ինքնագնահատականի ձևավորում, քաղաքացիական գիտակցության հիմքերի ձևավորում, մինի նախագծերի իրականացում և փորձարկում։ Աշխատանքն ուղղված է նաև բուլինգի և սոցիալական բացառման կանխարգելմանը, թվային գրագիտության և թվային անվտանգության զարգացմանը, ինչպես նաև պատասխանատու առցանց վարքագծի ձևավորումը։
բ) Երիտասարդներ (18-24). Երիտասարդների ինքնուրույնության ձևավորման և կյանքի կարևոր ընտրությունների փուլում, աստիճանաբար կայանում է մասնագիտական կողմնորոշումը, ընդլայնվում են սոցիալական կապերը և աճում է քաղաքացիական ակտիվության ներուժը։ Այս շրջանում հաճախ տեղի է ունենում անցում կրթությունից դեպի աշխատանքային շուկա կամ բարձրագույն կրթական համակարգ, ինչի արդյունքում կարևոր են դառնում ինքնության կայացումը, կյանքի առաջնահերթությունների հստակեցումը և սոցիալական համագործակցության շրջանակների ընդլայնումը։ Այս թիրախային խմբի հետ աշխատանքը պահանջում է մասնակցային և փորձառական մեթոդների կիրառում, առաջնորդության զարգացմանը միտված գործընթացներ, կարիերային խորհրդատվություն, կարողունակությունների զարգացում և միջազգային շարժունակության հնարավորությունների ստեղծում։ Աշխատանքի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատաշուկա մուտք գործելուն, կամավոր աշխատանքի միջոցով փորձի կուտակմանը, սոցիալական կապերի ընդլայնմանը, ինքնուրույն կյանքի անցմանը և ակտիվ քաղաքացիական ներգրավմանը։ Միաժամանակ աշխատանքը նպաստում է ձեռնարկատիրական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը, ինչպես նաև առողջ և կայուն ապրելակերպի ձևավորմանը։ Այս թիրախային խմբի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է մասնագիտական նույնականացման և վերակողմնորոշման աջակցություն՝ հետաքրքրությունների վերագնահատման և հստակ ոլորտ ընտրելու պատրաստվածության ձևավորման նպատակով, աշխատաշուկայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, սոցիալական կապերի ձևավորում և ամրապնդում, կամավոր աշխատանք և համայնքային գործունեության խթանում, բովանդակալից և զարգացնող ժամանցի կազմակերպում։ Աշխատանքն ուղղված է նաև ինքնավստահության, նախաձեռնողականության և առաջնորդական կարողությունների ձևավորմանը, որոշումների կայացման հմտությունների զարգացմանը, տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական կարողությունների ամրապնդմանը՝ բիզնես գաղափարների մշակման, մինի նախագծերի իրականացման և ֆինանսական գրագիտության բարձրացման միջոցով։ Միևնույն ժամանակ, կարևոր է աջակցել առողջ ապրելակերպի ձևավորմանը՝ սթրեսի կառավարման, հոգեկան բարեկեցության, վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկման, պատասխանատու վարքագծի և առողջ միջավայր ստեղծելու հմտությունների զարգացման ուղղությամբ։
գ) Ավագ երիտասարդներ (25-35). Ավագ երիտասարդների սոցիալ-տնտեսական կայացման և կյանքի երկարաժամկետ որոշումների փուլում, առաջնային են դառնում մասնագիտական առաջխաղացումը, կայուն եկամտի ապահովումը, ընտանիք կազմելու կամ ծնողավարության հարցերը, ինչպես նաև սոցիալական և քաղաքացիական պատասխանատվության աճը։ Այս թիրախային խմբի հետ աշխատանքը պահանջում է խորացված և նպատակային ծրագրեր, որոնք ուղղված են վերապատրաստմանն ու վերաորակավորմանը, նախագծային և կազմակերպչական առաջնորդության զարգացմանը, սոցիալական և ձեռնարկատիրական նախաձեռնությունների խթանմանը, համայնքային ներգրավմանը և քաղաքական մասնակցության մեխանիզմների հասանելիությանը։ Աշխատանքի նպատակն է աջակցել մասնագիտական առաջխաղացմանը և տնտեսական ինքնուրույնությանը, խթանել սոցիալական պատասխանատվությունը և հասարակական ներգրավվածությունը, ինչպես նաև նպաստել առողջ, պատասխանատու և կայուն կյանքի ձևավորմանը։ Այս թիրախային խմբի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է մասնագիտական վերապատրաստում և վերապրոֆիլավորում, աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, աշխատանքի և կարիերայի շարունակական աջակցություն, ձեռնարկատիրական գործունեության զարգացում՝ ներառյալ բիզնեսի ձևավորում, ընդլայնում և սոցիալական ազդեցության ստեղծում։ Միաժամանակ աշխատանքը նպաստում է համայնքային և քաղաքական մասնակցության խթանմանը, սոցիալ-տնտեսական կայացմանն ուղղված աջակցությանը, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավմանն առնչվող իրազեկման և ուղղորդման ապահովմանը։ Աշխատանքն ուղղված է նաև մենթորության և փորձի փոխանակման մշակույթի զարգացմանը, ինչպես նաև առողջ և հավասարակշռված ապրելակերպի խթանմանը՝ աշխատանք–կյանք հավասարակշռության պահպանման, հոգեկան առողջության ամրապնդման, առողջ ընտանեկան վարքագծի, պատասխանատու կյանքի պլանավորման և ծնողավարության կարողությունների զարգացման միջոցով։
2) Խոցելիության, սոցիալական և զարգացման հիմքով երիտասարդների թիրախային խմբեր. Խոցելիության հիմքով թիրախավորումը երիտասարդական աշխատանքի խոշոր բաղադրիչ է, քանի որ այն ապահովում է անհատականացված, կարիքահեն և ներառական մոտեցում՝ հատկապես այն երիտասարդների համար, ովքեր չունեն հավասար հնարավորություն մասնակցելու զարգացման գործընթացներին։ Հայաստանում խոցելիության խմբերի սահմանումը հիմնված է թիրախային խմբերին առնչվող պետական քաղաքականության, սոցիալական պաշտպանության համակարգի և միջազգային չափորոշիչների համադրության վրա։ Երիտասարդական աշխատանքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդների խոցելիություններին, որոնք կարող են ունենալ սոցիալական, տնտեսական, կրթական, առողջական կամ զարգացման տարբեր հիմքեր։ Շատ դեպքերում այս խոցելիությունները կարող են համակցվել միմյանց հետ՝ ստեղծելով բազմակի խոցելիության իրավիճակներ, որոնք սահմանափակում են երիտասարդների հավասար մասնակցությունը կրթական, սոցիալական և զարգացման գործընթացներին։ Խոցելիության հիմքով թիրախավորումը երիտասարդական աշխատանքի կարևոր բաղադրիչ է, քանի որ այն հնարավորություն է տալիս կիրառել անհատականացված, կարիքահեն և ներառական մոտեցում՝ հատկապես այն երիտասարդների համար, ովքեր տարբեր պատճառներով ունեն լրացուցիչ աջակցության կարիք։ Հայաստանում խոցելիության խմբերի սահմանումը հիմնված է թիրախային խմբերին առնչվող պետական քաղաքականության, սոցիալական պաշտպանության համակարգի և միջազգային չափորոշիչների համադրության վրա։
ա) Սոցիալապես անապահով պայմաններում ապրող երիտասարդներ․ Երիտասարդներ, որոնք ապրում են եկամտային, կենցաղային, սոցիալական ու բնակարանային անբարենպաստ պայմաններում և չունեն բավարար ռեսուրսներ կրթության, աշխատանքի և սոցիալական ծառայությունների հասանելիության համար։ Աշխատանքի նպատակն է ապահովել սոցիալական պաշտպանությունը, կրթական հավասար հնարավորությունները և մասնակցային ներառական միջավայր՝ կանխելով սոցիալական մեկուսացումը։ Այս թիրախի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է սոցիալական հմտությունների բարելավման աջակցություն, կյանքի հիմնական հմտությունների զարգացում և ինքնուրույնության խթանում, ֆինանսական գրագիտության ձևավորում, կրթական և աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ իրազեկում ու դրանց հասանելիության ընդլայնում, ինչպես նաև ինքնավստահության աճին և հանրային մասնակցությանը նպաստող աջակցող միջամտություններ։
բ) Գյուղական համայնքների երիտասարդներ․ Երիտասարդներ, որոնք ապրում են սոցիալ-տնտեսապես սահմանափակ ենթակառուցվածքներ ունեցող գյուղական կամ հեռավոր բնակավայրերում։ Աշխատանքի նպատակն է ապահովել հավասար մատչելիություն որակյալ կրթական, սոցիալական, մշակութային, տեխնոլոգիական և մասնակցային ծրագրերին, տեղեկատվության ու խորհրդատվական ծառայություններին: Այս թիրախի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է շարժական (mobile) երիտասարդական աշխատանք՝ երիտասարդների ակտիվ ներգրավվածության և համայնքի հետ կապերի ամրապնդման նպատակով, առցանց և հիբրիդային կրթական հնարավորությունների ապահովում, տեխնիկական և սոցիալական հմտությունների զարգացում, տարածաշրջանային երիտասարդական կենտրոնների և շարժական ծառայությունների մատչելիության ապահովում, ինչպես նաև համայնքային կամավորական ծրագրեր։
գ) Հաշմանդամություն ունեցող երիտասարդներ․ Երիտասարդներ որոնք ունեն մատչելիության և խելամիտ հարմարեցումների կարիք։ Աշխատանքի նպատակն է ապահովել հավասար մասնակցություն, ներառական ծառայություններ և ինքնուրույն կենսակերպի խթանում։ Այս թիրախի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է մատչելի և ներառական ոչ ֆորմալ կրթության ապահովում՝ հարմարեցված մեթոդներով և միջավայրերով, ուղեկցողի ծառայությունների ապահովում, հասանելի կրթական նյութերի և հարթակների տրամադրում, ներառական ակումբների և խմբերի ձևավորում, մասնակցային և ինքնուրույնության հմտությունների զարգացում, սոցիալական ինտեգրմանը նպաստող նախաձեռնությունների իրականացում, ինչպես նաև համագործակցություն ոլորտային և սոցիալական ծառայությունների հետ՝ խտրական վերաբերմունքի նվազեցման և համընդհանուր ներառման ապահովման նպատակով։
դ) Կրթություն կամ ուսուցում չստացող, զբաղվածություն չունեցող երիտասարդներ (NEET)․ 16-35 տարեկան երիտասարդներ, որոնք չեն սովորում, չեն աշխատում և չեն մասնակցում ուսուցման/վերապատրաստման որևէ ծրագրի։ Աշխատանքի նպատակն է խթանել վերադարձը կրթության, աշխատանքի կամ մասնագիտական ուսուցման համակարգ՝ խթանելով ակտիվ ներգրավվածությունն ու զարգացման հնարավորությունները։ Զուգահեռաբար իրականացվում են նպատակային բացահայտման գործողություններ՝ երիտասարդների առօրյա միջավայրում, ինչպես նաև շարժական և թվային ձևաչափերով, որպեսզի հնարավոր լինի գտնել այդ երիտասարդներին, հաստատել նրանց հետ վստահելի կապ և ուղղորդել կրթության, աշխատանքի ու աջակցության համապատասխան համակարգեր։ Այս թիրախի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է խորհրդատվություն և ուղղորդում՝ ուսուցման մոտիվացիայի վերականգնման, աշխատանքի ու կարիերայի հմտությունների ձևավորման նպատակով, վերապատրաստումների և ինտենսիվ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, աշխատանքի և ուսուցման հասանելի հնարավորությունների ընդլայնմանը նպաստող միջամտություններ, ինչպես նաև սոցիալական ներգրավման նախաձեռնություններ՝ սոցիալական մեկուսացման նվազեցման համար։
ե) Փախստական, ներգաղթած, տեղահանված երիտասարդներ․ Երիտասարդներ, որոնք ապրում են տեղահանվածության, ինտեգրման կամ մշակութային անհամապատասխանության պայմաններում։ Աշխատանքի նպատակն է աջակցել սոցիալական ինտեգրմանը, լեզվական հարմարմանը և համայնքային կապերի ստեղծմանը։ Այս թիրախի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է միջմշակութային ուսուցման և երկխոսության նախաձեռնություններ՝ միջմշակութային կապերի ամրապնդման նպատակով, լեզվի դասընթացների կազմակերպում, նոր միջավայրին հարմարվելու և ակտիվ ներգրավվելու կարողությունների զարգացում, համայնքային ակումբների գործունեության խթանում, ինչպես նաև համապատասխան աջակցության և ուղեկցման ծառայությունների ապահովում՝ ինքնավստահության և անվտանգության զգացման բարձրացման համար։
զ) Առանց ծնողական խնամքի մնացած և խնամակալության ներքո գտնվող երիտասարդներ․ Երիտասարդներ, որոնք ապրում են խնամքի կամ հաստատությունների համակարգում և ունեն ինքնուրույն կյանքի նախապատրաստման հատուկ կարիքներ։ Աշխատանքի նպատակն է՝ աջակցել կյանքի ինքնուրույն հմտությունների ձևավորմանը, հոգեբանական կայունությանը և սոցիալական ինտեգրմանը։ Այս թիրախի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է կյանքի հիմնարար հմտությունների զարգացման ծրագրերի ապահովում՝ ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ կարողունակությունների ձևավորման նպատակով, մենթորություն, սոցիալական-հոգեբանական աջակցություն՝ հոգեբանական կայունության ամրապնդման համար, կրթական և աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ իրազեկում և դրանց հասանելիության ընդլայնում, ինչպես նաև համայնքային ինտեգրմանը նպաստող նախաձեռնություններ։
է) Ռիսկային վարքագծով երիտասարդներ․ Երիտասարդներ, որոնք ունեն կախվածություններ, հակասոցիալական վարք, իրավախախտումների կամ սոցիալական վտանգների ենթարկվելու ռիսկ։ Աշխատանքի նպատակն է կանխարգելել ռիսկային վարքագիծը և աջակցել անձնական, սոցիալական և հուզական կայունությանը։ Այս թիրախի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է կանխարգելիչ կրթական և ուսուցողական ծրագրերի ապահովում՝ ռիսկային վարքագծի նվազեցման նպատակով, հոգեբանական աջակցություն և հուզական ինքնակարգավորման կարողությունների զարգացում, դաշտային և փողոցային (detached) երիտասարդական աշխատանքի կազմակերպում՝ սոցիալական հմտությունների ձևավորման և համայնքային հարաբերությունների վերականգնման համար, ինչպես նաև մարզական և ստեղծարար ծրագրեր։
ը) Հատուկ հաստատություններում գտնվող երիտասարդներ (զինված ուժերի համակարգ, քրեակատարողական հիմնարկներ և խնամքի, պաշտպանության ու աջակցման կենտրոններ)․ Երիտասարդներ, որոնք ապրում կամ ժամանակավորապես գտնվում են պետության վերահսկողության ներքո գործող հաստատություններում, ինչպիսիք են՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասեր, քրեակատարողական հիմնարկներ (խափանման վայրեր), խնամքի և պաշտպանության կենտրոններ (նախկին մանկատներ), փակ տիպի կրթական կամ սոցիալական հաստատություններ, որտեղ ազատ տեղաշարժը և արտաքին միջավայրի հետ փոխազդեցությունը սահմանափակված է օրենքով։ Այս հաստատություններում իրականացվող երիտասարդական աշխատանքը ենթակա է առանձնահատուկ իրավական և վարչական կարգավորումների, քանի որ դրանք հանդիսանում են փակ կառույցներ և ունեն հատուկ ռեժիմային պահանջներ։ Երիտասարդական աշխատանքը այստեղ իրականացվում է միայն համապատասխան լիազոր մարմնի կանոնակարգերին համապատասխան, անվտանգության և գաղտնիության ապահովման կանոններով, հատուկ մշակված ծրագրային փաթեթներով, որոնք չեն խախտում ռեժիմային պահանջները։ Այս թիրախի հետ ծրագրերը հաճախ իրականացվում են սահմանափակ տարածքներում, հաստատության աշխատակազմի ուղեկցությամբ, հստակ ժամակարգով, և հարմարեցված մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով փակ միջավայրի առանձնահատկությունները։ Աշխատանքի նպատակն է ապահովել փակ կամ ռեժիմային հաստատություններում գտնվող երիտասարդների կրթական, սոցիալական, հոգեբանական և անձնական զարգացումը՝ աջակցելով նրանց սոցիալական ներառմանը, ինքնուրույն կյանքի հմտությունների ձևավորմանը և հետագա վերաինտեգրմանը։ Այս թիրախի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է հարմարեցված ոչ ֆորմալ կրթության ապահովում՝ մասնագիտական, և կյանքի հմտությունների զարգացման ուղղությամբ, հաղորդակցման և սոցիալական կարողությունների ամրապնդում, պատասխանատվության և անձնական կարգապահության ձևավորում, հոգեբանական և խորհրդատվական աջակցություն՝ համագործակցության, փոխադարձ վստահության և ռիսկային վարքագծի նվազեցման նպատակով, ինչպես նաև մարզական, մշակութային և սոցիալական ծրագրեր՝ վերաինտեգրմանը և քաղաքացիական կյանքին վերադառնալու պատրաստվածության խթանման համար։
թ) Մշակութային, էթնիկ և համայնքային առանձնահատկություններով երիտասարդներ. Այս խմբում ներառվում են էթնիկ փոքրամասնությունների և սփյուռքահայ երիտասարդները, ինչպես նաև տարբեր համայնքային ավանդույթներով/ առանձնահատկություններով ապրող խմբերը։ Աշխատանքի նպատակն է ապահովել մշակութային ինքնության պահպանումը, միջմշակութային հաղորդակցությունը, ներառվածությունը, համայնքային մասնակցությունը և հավասար հասանելիությունը երիտասարդական ծառայություններին։ Այս թիրախի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է մշակութային կրթական ծրագրեր` ավանդույթների, լեզվի և մշակութային ժառանգության շուրջ, համայնքային տոնական և ստեղծարար նախաձեռնություններ, միջմշակութայի և երկխոսության հանդիպումներ, ինքնության և ինքնարտահայտման նախագծեր, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի համայնքների միջև համագործակցության շրջանակում երիտասարդական շարժունակության և փոխանակման ծրագրեր՝ հաղորդակցման և սոցիալական հմտությունների բարելավման, մշակութային ինքնության ամրապնդման, փոխըմբռնման, հանդուրժողականության, փոխադարձ վստահության և հարգանքի ձևավորման, համայնքային մասնակցության բարձրացման և սոցիալական կապերի ընդլայնման նպատակով։
ժ) Շնորհալի և տաղանդավոր երիտասարդներ․ Երիտասարդներ, որոնք տեխնոլոգիական, գիտական, արվեստի, կառավարման կամ սպորտային ոլորտներում դրսևորում են բարձր կարողություններ, ինտելեկտուալ, ստեղծարար մտածողություն կամ բացառիկ կատարողականություն, և որոնց ներուժը լիարժեք բացահայտելու համար պահանջվում են հարմարեցված, խորացված կամ անհատականացված կրթական ու զարգացման ծրագրեր։ Աշխատանքի նպատակն է ապահովել երիտասարդների առանձնահատուկ կարողությունների զարգացումը, հմտությունների խորացումը և ստեղծագործական մտահղացումների կյանքի կոչումը՝ նպաստելով նրանց շարունակական զարգացմանը և բարձր ներուժի իրացմանը համայնքային, ազգային և միջազգային մակարդակներում։ Այս թիրախի հետ իրականացվող երիտասարդական աշխատանքը ներառում է խորացված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր՝ արվեստի, ստեղծարարության և մեդիայի ոլորտներում՝ մասնագիտական և ստեղծարար ներուժի զարգացման նպատակով, ինքնարտահայտման հարթակների ստեղծում, մենթորության և հմուտ մասնագետների ուղեկցման ապահովում (coach-mentor մոտեցմամբ), հետազոտական նախագծեր և ստեղծարար լաբեր, մրցույթներ, օլիմպիադաներ, էքսպոներ և նախագծային ճամբարներ, տեխնոլոգիական ինկուբատորներ, ինչպես նաև միջազգային փոխանակման ծրագրեր՝ նորարարական, հետազոտական և ստեղծագործական հմտությունների ամրապնդման և երիտասարդ առաջնորդների ու բարձր կարողություններ ունեցող մասնագետների ձևավորման նպատակով։
VI. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
17. Երիտասարդական աշխատանքի որակի ապահովման համակարգը ներառում է երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը, որակավորման չափանիշները և վերապատրաստման գործընթացը։
18. Որակի ապահովման համակարգի նպատակն է համապատասխան գործիքների կիրարկման միջոցով հավաստել և գնահատել երիտասարդական աշխատանքի համապատասխանությունը սահմանված մեթոդաբանությանը և որակի չափանիշներին։
19. Երիտասարդական աշխատանքի որակը ներկայացնում է այն սկզբունքների, չափորոշիչների և գործընթացների ամբողջությունը, որոնք ապահովում են երիտասարդների հետ իրականացվող գործունեության մասնագիտական, անվտանգ, ներառական և նպատակաուղղված իրագործումը։ Որակյալ երիտասարդական աշխատանքը իրականացվում է մեթոդաբանության մեջ ներկայացված սկզբունքների, գործելակերպի, գործընթացների հիման վրա:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2026 թվական: