ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2026 թվականի N 655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի Ν 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» Ν 404-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հիվանդությունների ցանկի բացատրական մասի՝
1) 13-րդ և 15-րդ կետերի երկրորդ պարբերությունները վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Այն դեպքերում, երբ հրազենային կամ ականապայթյունային վիրավորման հետևանքով առաջանում է «Ա» նիշով բնորոշված առողջական վիճակ, սակայն լիարժեք բուժման, վերականգնողական միջոցառումների և ապաքինման արդյունքում վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը (ստորին վերջույթի կամ վերջույթների դեպքում) կամ վերականգնվել են վերին վերջույթի (վերջույթների) շարժողական գործառույթները, ապա 5-րդ սյունակով փորձաքննությունը կարող է իրականացվել՝ կիրառելով «Բ» նիշը:».
2) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«44. Սույն կետով է փորձաքննվում ցանկացած մակարդակում վերին կամ ստորին վերջույթի (վերջույթների) բացակայությունը (ամպուտացիան): 5-րդ սյունակով փորձաքննվողները կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 129-րդ կետի պահանջների համաձայն ճանաչվել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը, եթե ամպուտացիոն ծայրատի ձևավորումից և ապաքինումից հետո հենակով կամ պրոթեզավորմամբ վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը (ստորին վերջույթի կամ վերջույթների բացակայության դեպքում) կամ պրոթեզավորմամբ վերականգնվել են վերին վերջույթի (վերջույթների) շարժողական գործառույթները: Չարորակ նորագոյացությունների կամ անոթային հիվանդությունների հետևանքով վերջույթի (վերջույթների) ամպուտացիոն բացակայությունը փորձաքննվում է նաև ըստ հիմնական հիվանդության կետի: Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
14.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական: