ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Հ. Մեխակյան |
ԱՐԴ/0012/01/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
27 փետրվարի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սևակ Համբարձումի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի սեպտեմբերի 29-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 48129322 քրեական վարույթը։
Հսկող դատախազի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Սևակ Համբարձումի Մարգարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն թվականի դեկտեմբերի 22-ին նրան մեղադրանք է ներկայացվել։
Նախաքննության մարմնի` 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Սևակ Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
2023 թվականի հունվարի 10-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի մայիսի 10-ի դատավճռով, Ս․Մարգարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով: Ս․Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։
3․ Պաշտպանի և դատախազի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մայիսի 10-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցի համաչափության երաշխավորման տեսանկյունից, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Ս․Մարգարյանի կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները, որոնք վկայում են վերջինի կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:
Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել կատարված հանցանքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, կատարման հանգամանքները և հանրորեն վտանգավոր հետևանքները։ Այս համատեքստում բողոքի հեղինակը փաստարկել է, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, ձախ ոտքի գուլպայում ապօրինի կերպով կրել է ինքնաշեն ակոսափող հրազեն և անձնական պայուսակում ու իրեն պատկանող տրանսպորտային միջոցում պահել փամփուշտներ։ Ավելին՝ փամփուշտները պահվել են հասանելի վայրում, հետևաբար մեղադրյալը յուրաքանչյուր պահի հրազենը լիցքավորելու և գործարկելու իրական հնարավորություն է ունեցել։
Անդրադարձ կատարելով պատժի անհատականացման գործընթացում ստորադաս դատարանի կողմից արձանագրած հանգամանքներին՝ բողոքաբերը նախ փաստարկել է, որ հանցանքն ապացույցների համակցությամբ ապացուցված լինելու և այդ հանգամանքը մեղադրյալի կողմից գիտակցելու պայմաններում, անտրամաբանական կլիներ իրեն մեղավոր ճանաչելու հայտարարությունից տարբերվող դիրքորոշում հայտնելը։ Այս կապակցությամբ բողոք ներկայացրած անձը նաև նշել է, որ մեղադրյալը չի բացահայտել հրազենի ձեռքբերման և պատրաստման իրական հանգամանքները։ Իսկ քրեաիրավական ներգործության միջոցը որոշելիս ստորադաս դատարանի կողմից հաշվի առնված մնացյալ հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Ս․Մարգարյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու քրեաիրավական ներգործության նման միջոցի կիրառման հիմք հանդիսանալ։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Ս․Մարգարյանի նկատմամբ որպես պատիժ նշանակելով ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման։
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7․ Ս․Մարգարյանի պաշտպան Ա․Նադիրյանը, ներկայացրած դատական վերանայման բողոքի պատասխանում նշել է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառվել է քրեաիրավական ներգործության համաչափ միջոց, իսկ դրա հետ բողոքաբերի անհամաձայնությունը փաստարկվել է, անտեսելով այնպիսի հանգամանքներ, որոնք ապահովում են նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը։ Մասնավորապես՝ պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը, հայտնաբերված հրազենի կառուցվածքային առանձնահատկությունը, ինչպես նաև՝ հանցանքը հանգամանքների պատահական զուգորդմամբ առաջին անգամ կատարելը, որն արտահայտվում է նրանում, որ մեղադրյալն ապօրինի շրջանառվող առարկաները գտել է քառասունչորսօրյա ռազմական գործողությունների ընթացքում և իր մոտ պահել որպես հուշանվեր՝ չգործարկելով այն։ Բացի այդ, մեղադրյալի նկատմամբ կիրառվել է սանկցիայով նախատեսված ամենախիստ պատժատեսակը։
Ինչ վերաբերում է հրազենի ձեռքբերման և պատրաստման իրական հանգամանքները մեղադրյալի կողմից չբացահայտելու բողոքաբերի փաստարկին, ապա այն ընդունելի չէ այն հիմնավորմամբ, որ այդ կապակցությամբ մեղադրյալը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է որոշակի պարզաբանում, իսկ այն ստուգելը, ըստ այդմ էլ՝ վարութային հետաքրքրություն ունեցող հիշյալ հանգամանքների բացահայտումը նախաքննական մարմնի պարտականությունն է, ուստի այն չկատարելու պայմաններում մեղադրյալի ցուցմունքի արժանահավատությունը կասկածի տակ դնելն իրավաչափ չէ։
8․ Վերոգրյալի հիման վրա, բողոքի պատասխանի հեղինակը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը՝ բողոքարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Սևակ Մարգարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա․ «(․․․) [Չ]պարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և 2022 թվականի սեպտեմբերի 29-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում, ձախ ոտքի գուլպայում ապօրինի կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված, 5.6մմ տրամաչափի, ակոսափող հրազեն համարվող ատրճանակ, ինչը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկության ժամանակ, ինչպես նաև իրեն պատկանող «******» մակնիշի, ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղից կախված պայուսակի մեջ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող 3, իսկ ուղևորի համար նախատեսված նստատեղի հետևի գրպանում 1 ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են մեքենայի խուզարկությամբ»1:
10․ Մեղադրյալի նկատմամբ կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն Առաջին ատյանի դատարանը փաստարկել և հիմնավորել է հետևյալ կերպ․ «(․․․) [Հ]աշվի առնելով՝
- մեղադրյալի կատարած հանցանքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը՝ մեղսագրվում է «Զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի և առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում ներառված միջին ծանրության դիտավորյալ հանցանքի կատարում, հանցավոր արարքի կատարման եղանակը և հանգամանքները, մեղադրյալի հանցավոր մտադրության իրականացման աստիճանը,
- մեղադրյալի անձը բնութագրող հետևյալ հանգամանքները՝ ** տարեկան է, բարձրագույն կրթությամբ, ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, աշխատում է Երևան քաղաքի ««******» ********-******-**** կոմբինատ» ԲԲ ընկերությունում՝ որպես **** ********* ******* ********* կայանի պետի տեղակալ, նախկինում դատապարտված չի եղել, Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն» ՓԲ ընկերության հոգեբուժական և նարկոլոգիական կաբինետներում հաշվառման մեջ չի գտնվում, բնութագրվում է դրականորեն, ծառայել է ՀՀ զինված ուժերում, մասնակցել է 4-օրյա և 44-օրյա պատերազմներին,
- մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հետևյալ հանգամանքները՝ առաջադրված մեղադրանքում իրեն ի սկզբանե մեղավոր ճանաչելը և ինքնախոստովանական ցուցմունք տալը (․․․),
- մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։
[Առաջին ատյանի դ]ատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Ս․Մարգարյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մեղքի ձևը, հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ մեղադրյալ Ս․Մարգարյանն իր կատարած` (․․․) հանցանքի (․․․) համար ենթակա է ազատազրկման ձևով պատժի՝ 1 (մեկ) տարի ժամկետով, (․․․)։
(․․․) Գնահատելով (․․․) մեղադրյալի կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը մատնանաշված հանգամանքների առկայությունը, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը և ելնելով քրեական օրենսդրության սկզբունքներից ու ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացման անհրաժեշտությունից՝ [Առաջին ատյանի դ]ատարանը գալիս է այն եզրահանգման, որ առկա են Ս․Մարգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը (․․․)»2:
11․ Վերաքննիչ դատարանը, վիճարկվող դատական ակտն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետևյալը. «(․․․) [Մ]եղադրյալի նկատմամբ նշանակ[վ]ել է համաչափ պատիժ, որն իրավացիորեն պայմանականորեն չի կիրառ[վ]ել[, ինչը] բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից (․․․), ինչպես նաև կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, (․․․):
Վերաքննիչ դատարանը նույնպես գտնում է, որ մեղադրյալ Ս․Մարգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին, ընդգծելով, որ մեղադրյալ Ս.Մարգարյանի կողմից ապօրինի կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված հրազեն, որի մեջ փամփուշտներ չեն եղել։ Թեև այդ հրազենի փամփուշտները հայտնաբերվել են Ս.Մարգարյանի պայուսակում և ավտոմեքենայի խուզարկությամբ, սակայն այն փաստը, որ դրանք պահվել են առանձին, հիմք են հանդիսանում Վերաքննիչ դատարանի համար փաստելու, որ դա էականորեն նվազեցնում է նրան մեղսագրվող արարքի հանրային վտանգավորությունը:
(․․․) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Սևակ Մարգարյանի մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված չէ, որպիսի պայմաններում նա համարվում է անմեղ, միևնույն ժամանակ այդ հանգամանքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը բացառելու համար»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված ու պատճառաբանվա՞ծ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Ս.Մարգարյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը։
13․ Հրազենի օրինական շրջանառության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներն արդեն իսկ բացահայտվել են Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում4։
14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Ս․Մարգարյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և ձախ ոտքի գուլպայում, 2022 թվականի սեպտեմբերի 29-ին, կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված, 5․6 միլիմետր տրամաչափի ակոսափող հրազեն համարվող ատրճանակ, իսկ իրեն պատկանող տրանսպորտային միջոցի՝ վարորդի նստատեղից կախված պայուսակում և ուղևորի նստատեղի հետին գրպանում ապօրինի կերպով պահել է ընդհանուր չորս փամփուշտ5,
- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված հանցանքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրյալի հետհանցավոր վարքագիծը, նրա անձը բնութագրող փաստական տվյալներն ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես, տարիքը՝ երեսունմեկ տարեկան, բարձրագույն կրթություն, մշտական բնակության վայր և աշխատանք ունենալը, ամուսնացած լինելը, դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը՝ քառօրյա և քառասունչորսօրյա ռազմական գործողություններին մասնակցելով հանդերձ, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելն ու խոստովանական ցուցմունք տալը, ինչպես նաև պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը, գտել է, որ մեկ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը համաչափ կլինի հանցագործության ծանրությանը, իսկ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց այն կրելու6,
- Վերաքննիչ դատարանը, համաձայնելով քրեաիրավական ներգործության վերը նշված միջոցի կիրառմամբ պատժի նպատակների իրացվելիության առումով Առաջին ատյանի դատարանի հետևությանը՝ ընդգծել է, որ մեղադրյալը հրազենն ապօրինի կերպով կրել է լիցքաթափված վիճակում, իսկ դրա փամփուշտները պահել առանձին, ինչն էականորեն նվազեցնում է նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Դատախազի բողոքի համատեքստում Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Ս․Մարգարյանի վերաբերյալ քրեական գործը դեռևս գտնվում է քննության ընթացքում, այսինքն, մեղավորությունն ապացուցված չէ, և միաժամանակ այդ փաստն ինքնին պատիժը պայմանականորեն չկիրառելը բացառող հանգամանք չէ7։
15․ Պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում՝ այդ թվում սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, վերլուծելով մեղադրյալ Ս.Մարգարյանի կատարված հանցանքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հաշվի առնելով մեղադրյալի անձը բնութագրող փաստական տվյալներն ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանի կողմից մեղադրյալ Ս.Մարգարյանի նկատմամբ նշանակված պատժաչափը համաչափ է նրա կատարած արարքին և բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Մարգարյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավորված և պատճառաբանված է։
16․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք մեղադրյալ Ս.Մարգարյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը:
17․ Սույն որոշման 14-րդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով 13-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Ս․Մարգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս վարույթի փաստական հանգամանքները չեն դիտարկել համակցության մեջ և պատշաճ վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ու նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հետևյալ հանգամանքները․
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ և վարույթի մյուս հանգամանքները, մասնավորապես այն, որ մեղադրյալը, իր ձախ ոտքի գուլպայում ապօրինի կերպով կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված ակոսափող հրազեն համարվող ատրճանակ, իսկ իրեն պատկանող տրանսպորտային միջոցի՝ վարորդի նստատեղից կախված պայուսակում և ուղևորի նստատեղի հետին գրպանում ապօրինի կերպով պահել, ակոսափող հրազենից՝ նաև հիշյալ ատրճանակից8 կրակելու համար նախատեսված չորս փամփուշտ։ Նշվածի հաշվառմամբ, ընդունելի համարելով դրանց հասանելիության առումով բողոքաբերի փաստարկը, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի պնդմանն առ այն, որ հրազենը լիցքաթափված վիճակում ապօրինի կերպով կրելը և փամփուշտներն առանձին պահելը պետք է դիտարկել որպես արարքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող հանգամանք։
18․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Ս․Մարգարյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Ս․Մարգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ս․Մարգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ս․Մարգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի հիմնավոր։
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս․Մարգարյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավորված չէ:
19․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու համար։ Հետևաբար անհրաժեշտ է Ս․Մարգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ու թողնել կրելու Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը՝ պատժի սկիզբը հաշվելով Ս․Մարգարյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ու 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Սևակ Համբարձումի Մարգարյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը փոփոխել։
Սևակ Համբարձումի Մարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Սևակ Համբարձումի Մարգարյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 298-302:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 81-87:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 61-68:
4 Տե՛ս, inter alia, Վճռաբեկ դատարանի` Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Արտակ Հակոբյանի գործով 2022 թվականի մարտի 30-ի թիվ ԼԴ/0090/01/20 և Հարություն Իսկանդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴ1/1777/01/23 որոշումները:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, դատաձգաբանական փորձաքննության եզրակացություն, թերթ 90:
|
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: