ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան 6 մայիսի 2026 թ.
ԱՐՄԻՆԵ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
|
նախագահող` դատավորներ` |
Ա րման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի,Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի (զեկուցող), Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի, |
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
|
դիմողի՝ ներկայացուցիչ՝ պատասխանողի՝ ներկայացուցիչ՝ |
Արմինե Տեր-Ավետիսյանի (այսուհետ նաև՝ Դիմող) փաստաբան Ռոբերտ Առաքելյանի, Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող) Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արմինե Տեր-Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, Դատական դեպարտամենտից պահանջված սույն քաղաքացիական գործի նյութերն ու Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղեկատվությունը, ինչպես նաև վերլուծելով վիճարկվող և վերաբերելի այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:
2. Օրենսգրքի՝ «Քաղաքացիական գործերի տարածքային ընդդատությունը հայցվորի ընտրությամբ» վերտառությամբ 22-րդ հոդվածով սահմանվում է.
«1. Մի քանի պատասխանողների դեմ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է ներկայացվել պատասխանողներից որևէ մեկի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վայրի առաջին ատյանի դատարան:
2. Պատասխանողի դեմ, որը չունի հաշվառման վայր, և որի վերջին բնակության վայրն անհայտ է, հայց կարող է ներկայացվել նրա գույքի գտնվելու վայրի դատարան:
3. Կատարման վայրի վերաբերյալ ուղղակի նշում պարունակող պայմանագրից բխող հայցը կարող է ներկայացվել պայմանագրի կատարման վայրի առաջին ատյանի դատարան:
4. Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան:
5. Առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարան կամ վնասը պատճառելու վայրի դատարան:
6. Անշարժ գույքին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել վնասը պատճառելու վայրի առաջին ատյանի դատարան:
7. Ամուսնալուծության վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան, եթե պատասխանողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ դատապարտված է ազատազրկման հետ կապված պատժի, ինչպես նաև այն դեպքերում, երբ անչափահաս երեխան գտնվում է հայցվորի մոտ:
8. Իրավաբանական անձի դեմ հայցը, որը բխում է նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից, կարող է ներկայացվել համապատասխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
9. Շարժական գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է ներկայացվել նրա հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրի կամ նրա գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան»:
3. Օրենսգրքի վերոնշյալ վիճարկվող դրույթը չի փոփոխվել/լրացվել:
4. Գործի քննության առիթը Դիմողի՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
5. Սահմանադրական դատարանի դատական կազմը 2026 թվականի հունվարի 22-ի ՍԴԴԿՈ-9 որոշմամբ «Արմինե Տեր-Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածների, ինչպես նաև 3-րդ գլխի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել է քննության: Սահմանադրական դատարանի 2026 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-65 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ Օրենսգրքի 21-րդ հոդվածի և 3-րդ գլխի՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության մասով, կարճվել է:
Ա. Գործի դատավարական նախապատմությունը
6. Դիմողը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Դատարան) ընդդեմ Հարություն Թորգոմի Աշչյանի, իրավասու մարմին՝ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ վերջիններիս անչափահաս երեխայի բնակության վայրը մոր՝ Դիմողի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին։
7. Դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում։ Նշյալ որոշմամբ Դատարանը մասնավորապես նշել է.
«Երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայցերով բացառիկ տարածքային կամ հայցվորի ընտրությամբ ընդդատություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ գլխով սահմանված չէ։
Դատարանը գտնում է, որ երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջով ներկայացված հայցը ընդդատյա չէ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին, հետևաբար, հայցադիմումը ենթակա է վերադարձման»։
8. Վերոնշյալ որոշման դեմ Դիմողի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)։ Վերաքննիչ դատարանը, քննության առնելով նշված բողոքը, 2025 թվականի նոյեմբերի 24-ին որոշել է ներկայացված բողոքը մերժել՝ Դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» թիվ ԵԴ2/10619/02/25 որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
9. Վերաքննիչ դատարանը վերոհիշյալ որոշմամբ նշել է.
«(…) ընդդատության կանոնների խախտմամբ ներկայացված հայցադիմումն ենթակա է վերադարձման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է քաղաքացիական գործերի ընդհանուր տարածքային ընդդատությունը, ըստ որի՝ հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան:
Դատարանին, ի թիվս այլնի, հայցադիմումի՝ ընդդատության կանոնների պահպանմամբ ներկայացված լինելու հանգամանքը ստուգելու հնարավորություն ընձեռելու նպատակով օրենսդիրը իմպերատիվ կերպով սահմանել է հայցադիմումում պատասխանողի հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում բնակվելու վայրի հասցեն նշելու պարտականությունը:
Տվյալ դեպքում 10․09․2025 թվականի (փաստ 2), ինչպես նաև հայցադիմումը ներկայացնելու օրվա (փաստ 1) դրությամբ պատասխանողը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվելու, Ֆրանսիայի Հանրապետությունում պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեի վերաբերյալ փաստական տվյալներ առկա են հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունում (փաստ 2) և հայցադիմումում (փաստ 1)։
Վերոգրյալ պայմաններում գործը Դատարանին ընդդատյա չլինելու, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունը Վերաքննիչ դատարանը գնահատում է իրավաչափ, միևնույն ժամանակ հակառակի վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկները սույն որոշման պատճառաբանությունների ուժով անհիմն են»։
Բ. Դիմողի դիրքորոշումները
10. Դիմողը պնդում է, որ թիվ ԵԴ2/10619/02/25 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 2025 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ կիրառված՝ Օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածներով, ինչպես նաև ընդհանրապես Օրենսգրքի 3-րդ գլխով սահմանված նորմերով խախտվել են իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները:
11. Ըստ Դիմողի՝ «ՀՀ ընտանեկան օրենսգրքի վկայակոչված իրավանորմերի և ՔԴՕ 3-րդ գլխով նախատեսված վկայակոչված իրավանորմերի միջև իրավացիորեն կարող ենք արձանագրել, որ առկա են հակասություններ, որոնք արտահայտվում են ՔԴՕ 3-րդ գլխում առկա իրավունքի բացի ձևով, հատկապես՝ իրավունքի բաց, որն առկա է, ըստ իս, ՔԴՕ 21-րդ հոդվածում, ինչպես նաև 22-րդ հոդվածի 4-րդ կամ 7-րդ մասում, քանի որ մի դեպքում ՀՀ ընտանեկան օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ծնողների և զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան, այդ թվում նաև այն վեճերը, որոնք կապված երեխայի բնակության վայրի սահմանման հետ, իսկ հակառակ դրա, ՔԴՕ 3-րդ գլխում առկա չէ հատուկ կարգավորում, որը թույլ կտա դատարաններին չխախտել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը /օրինականության սկզբունքը/ ՔԴՕ 1-ին հոդվածի 1-ին և 3-րդ հոդվածները, այլ կերպ ասած՝ դատարանները չունեն համապատասխան իրավասություններ կենսագործելու ՀՀ ընտանեկան օրենսգրքի 146-րդ, 148-րդ հոդվածներով սահմանված իրավանորմերը՝ դարձնելով դրանք իմաստազուրկ, առարկայազուրկ»:
12. Դիմողը գտնում է, որ «Առնվազն տրամաբանական չէ, որ Oրենսդիրը կկարևորեր ալիմենտ բռնագանձելու, հայրությունը որոշելու, ամուսնալուծության հետ կապված ընտանեկան վեճերով գործերը, սահմանելով դրանց համար հատուկ ընդդատության կանոններ՝ թողնելով այն հարաբերականորեն հայցվորի ընտրությանը, իսկ մյուս դեպքում գիտակցված կհրաժարվեր կարգավորել այնպիսի կարևորագույն հարց, ինչպիսին է երեխայի բնակության վայրի որոշումը: Այլ կերպ ասած՝ պնդում եմ, որ նշված հարցի կապակցությամբ առկա է իրավունքի մասնակի բաց, նկատի ունենալով, որ առկա են ալիմենտ բռնագանձելու, հայրությունը որոշելու, ամուսնալուծության հետ կապված ընտանեկան վեճերով ընդդատության հատուկ կանոններ, իսկ երեխայի բնակության վայրի որոշման հետ կապված գործերով առկա չեն»:
13. Դիմողը նաև նշում է․ «Սույն գործով ընդդատության կանոնները, ըստ իս, պետք է ավելի լայն և ճկուն մեկնաբանվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին մասի 8-րդ, 2-րդ, 146-րդ և 148-րդ հոդվածների համատեքստում, այլ կերպ ասած՝ հաշվի առնելով, որ գործը երեխայի բնակության վայրը սահմանելուն է վերաբերում, ինչն ուղղակիորեն բխում է երեխայի լավագույն շահերից, դատարանները ընդդատության կանոնները կիրառելիս պետք է առաջնահերթ հաշվի առնեն Երեխայի լավագույն շահերը, և միևնույն ժամանակ, ըստ իս, Բարձր Դատարանի կողմից պետք է ճանաչվի, որ ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշելիս Դատարանները քննության ընթացքում ընդդատության կանոնները կիրառելիս պետք է հաշվի առնեն, որ գործը ենթակա է ՀՀ դատարանների կողմից քննության, եթե (I) ծնողներն ու զավակները համատեղ բնակության վայր չունեն, (II) երեխան, ով բովանդակային առումով ծնողների միջև ծագած վեճի օբյեկտն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Նշվածի կիրառմամբ, ըստ իս, համանման քաղաքացիական գործերով ընդդատության հատուկ կանոնների բացը կհաղթահարվի և ոչ իրավաչափորեն չի սահմանափակվի դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները»:
14. Ըստ Դիմողի՝ «(…) ՔԴՕ 21-րդ, 22-րդ, 203-րդ հոդվածները ամուսնա- ընտանեկան վեճեր քննելիս պետք է ավելի լայն մեկնաբանվեն, մասնավորապես՝ հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, այլ իրավական ակտերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով՝ ՔԴՕ 203-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում, այն է՝ ընտանեկան վեճեր քննելիս գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները»։
15. Դիմողն արձանագրում է, որ «(…) որպես ընդդատության առանձնահատուկ կանոն՝ հաշվի առնելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 148-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն իրավասու են քննել այնպիսի ընտանեկան վեճեր, որտեղ (I) դատարանները որոշում են ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները, (II) ծնողներն ու զավակները համատեղ բնակության վայր չունեն, նույնիսկ այն դեպքում, եթե պատասխանողի դատավարական կարգավիճակ ունեցող ծնողը Հայաստանի Հանրապետությունում հաշվառման կամ բնակության վայր չունի, և (III) երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»։
16. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները՝ Օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածները, ինչպես նաև ընդհանրապես 3-րդ գլխով սահմանված իրավակարգավորումները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների պահանջներին՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 8-րդ մասի, 146 և 148-րդ հոդվածների համատեքստում:
17. Դիմողը խնդրում է.
«ճանաչել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ, 22-րդ հոդվածները, ինչպես նաև ընդհանրապես 3-րդ գլուխը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, որ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Երեխայի շահերին վերաբերող գործերով հայցադիմումը ներկայացվում է երեխայի փաստացի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան, կամ
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն իրավասու են քննել այնպիսի ընտանեկան վեճեր, որտեղ (I) դատարանները որոշում են ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները, (II) ծնողներն ու զավակները համատեղ բնակության վայր չունեն, նույնիսկ այն դեպքում, եթե պատասխանողի դատավարական կարգավիճակ ունեցող ծնողը Հայաստանի Հանրապետությունում հաշվառման կամ բնակության վայր չունի, և (III) երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»:
Գ. Պատասխանողի դիրքորոշումները
18. Պատասխանողը, ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների վերաբերելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Օրենսգրքի վիճարկվող դրույթները, արձանագրում է, որ «(...) երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցության ապահովումը պահանջում է իրավականորեն հստակ և հիմնավորված որոշում՝ նրանց բնակության և խնամքի կազմակերպման վերաբերյալ։ Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ թե ծնողական իրավունքների ձևական համադրման, այլ երեխաների շահերի առավել արդյունավետ պաշտպանության տեսանկյունից»:
19. Պատասխանողը նշում է․ «(...) հաշվի առնելով, որ երեխան հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և գտնվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, հետևաբար նրա իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը ենթակա են կարգավորման և լուծման Հայաստանի Հանրապետության իրավակարգավորումների շրջանակներում»։
20. Անդրադառնալով վիճարկվող դրույթի իրավական նշանակությանը՝ Պատասխանողը նշում է. «Թեև ընդդատության ընդհանուր կանոնի համաձայն վեճը ենթակա է քննության պատասխանողի գտնվելու (բնակության) վայրի դատարանում, սակայն տվյալ դեպքում առկա են այնպիսի իրավական և փաստական հանգամանքներ, որոնք հիմնավորում են նաև Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությունը: Մասնավորապես, հաշվի առնելով, որ երեխան ՀՀ քաղաքացի է և նրա իրավունքների պաշտպանության հարցը ուղղակիորեն առնչվում է նրա լավագույն շահի ապահովմանը, վեճը կարող է քննվել նաև Հայաստանի Հանրապետության դատարանում, ինչի մասին է վկայում նաև Վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/33825/02/20 որոշմամբ ձևավորված նախադեպը»:
21. Պատասխանողը մատնանշում է, որ «Երեխայի բնակության վայրի որոշման գործերով ընդդատության և կիրառելի իրավունքի հարցերը ենթակա են լուծման գործող իրավակարգավորման համակարգային և նպատակային մեկնաբանության միջոցով՝ հաշվի առնելով ընտանեկան իրավահարաբերությունների առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահի գերակայության սկզբունքը»:
22. Ըստ Պատասխանողի՝ «(…) առկա հնարավոր անորոշությունը հաղթահարելի է Վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/33825/02/20 որոշմամբ, որը կրում է նախադեպային բնույթ և ապահովում է իրավունքի միատեսակ կիրառություն: Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշմամբ հստակեցվել է համապատասխան նորմերի կիրառման շրջանակը: Հետևաբար, տվյալ պարագայում խոսք չի կարող լինել օրենսդրական բացի կամ դրա հիմքով սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին, քանի որ իրավական անորոշությունը հաղթահարվել է դատական մեկնաբանությամբ և նախադեպային իրավունքի ձևավորմամբ»:
23. Պատասխանողը խնդրում է. «Արմինե Տեր-Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածների, ինչպես նաև 3-րդ գլխի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
Դ. Սահմանադրական վեճի քննության շրջանակը
24. Սույն գործով սահմանադրաիրավական վեճը հանգում է Օրենսգրքի 22-րդ հոդվածի սահմանադրականության խնդրին այնքանով, որքանով երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայցով հայցվորի ընտրությամբ տարածքային (այլընտրանքային) ընդդատության կանոն նախատեսված չէ:
Ե. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
25. Սույն դիմումով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
- արդյո՞ք Օրենսգրքի 22-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայցով հայցվորի ընտրությամբ տարածքային (այլընտրանքային) ընդդատության կանոն, համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին՝ հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանող Սահմանադրության 75-րդ հոդվածի հետ համակցությամբ՝ Սահմանադրության 37-րդ հոդվածով երաշխավորված՝ երեխայի իրավունքների ապահովման համատեքստում:
Զ. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
26․ Սահմանադրության՝ «Ծնողների իրավունքները և պարտականությունները» վերտառությամբ 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին»։
27․ Սահմանադրության՝ «Երեխայի իրավունքները» վերտառությամբ 37-րդ հոդվածի համաձայն՝
«1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են»:
28․ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության հիշատակված հոդվածներում արտացոլված իրավակարգավորումները փոխկապակցված են և կազմում են ընտանեկան հարաբերությունների կարգավորման միասնական սահմանադրաիրավական հիմքը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց կենսական շահերի երաշխավորմանն ու ընտանեկան հարաբերությունների սահմանադրական արժևորմանը։
29․ Սահմանադրությունը, ամրագրելով ծնողների իրավունքներն ու պարտականությունները, առաջնորդվում է այն հայեցակարգային մոտեցմամբ, որ ընտանիքն անձի զարգացման բնական և առաջնային միջավայրն է։ Սահմանադիրն ընտանիքը դիտարկում է որպես սերունդների շարունակականության ապահովման հիմնարար կառուցակարգ, որտեղ ընտանիքի անդամների փոխադարձ հոգատարությունը հանդիսանում է հասարակական համերաշխության առանցքային տարր։
30․ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողական իրավունքները չունեն բացառապես մասնավոր-իրավական բնույթ: Ծնողների իրավունքը՝ հոգ տանել երեխայի դաստիարակության և զարգացման մասին, միաժամանակ նրանց սահմանադրական պարտականությունն է։ Այդպիսով, ծնողավարումը դիտարկվում է որպես հանրային նշանակություն ունեցող սոցիալական գործառույթ, որի լիարժեք իրականացումն ուղղված է երեխայի լավագույն շահի և, համապատասխանաբար, հանրային շահի ապահովմանը։
31․ Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ՝
1) երեխայի առողջության, դաստիարակության, կրթության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման երաշխավորման վերաբերյալ սահմանադրաիրավական հրամայականը վկայում է, որ Սահմանադիրը երեխայի իրավունքների սահմանադրաիրավական հայեցակարգը դիտարկում է դրա ամբողջականության մեջ.
2) պետությունը ճանաչում և պաշտպանում է ընտանեկան հարաբերությունների ինքնավարությունը՝ միաժամանակ սահմանելով երեխայի՝ որպես այդ հարաբերությունների շրջանակում առավել խոցելի կողմի պաշտպանության սահմանադրական երաշխիքները:
32․ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտանեկան իրավահարաբերությունների կարգավորումները բնութագրվում են ընդգծված զգուշավորությամբ՝ նպատակ ունենալով ապահովելու, մի կողմից՝ ընտանիքի ինքնավարության և, մյուս կողմից՝ պետության՝ երեխայի իրավունքները պաշտպանելու պարտականության միջև սահմանադրական հավասարակշռությունը: Նշվածը ենթադրում է, որ պետության միջամտությունն ընտանեկան հարաբերություններին տեղին է միայն բացառիկ հանգամանքների առկայության պարագայում. օրինակ՝ երբ վտանգված է երեխայի կենսական շահերի ապահովումը, կամ ընտանեկան ինքնավարությունը գործադրվում է հակառակ երեխայի լավագույն շահերի:
33․ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է այն հիմնարար սկզբունքը, համաձայն որի՝ երեխայի շահերը պետք է լինեն առաջնային նկատառում՝ երեխայի կարգավիճակին առնչվող ցանկացած հարցի լուծման ժամանակ՝ արժանանալով առաջնահերթ ուշադրության: Տվյալ սկզբունքը համակարգային նշանակություն ունի ընտանեկան հարաբերությունների կարգավորման ողջ համալիրի համար և պետք է հաշվի առնվի ինչպես ծնողական իրավունքների իրականացման, այնպես էլ հանրային իշխանության մարմինների և, մասնավորապես՝ դատարանների կողմից համապատասխան դատական ակտերի կայացման գործընթացում, ինչպես նաև օրենսդրի կողմից՝ համապատասխան իրավահարաբերությունների օրենսդրական կառուցակարգման ժամանակ: Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ երեխայի իրավունքների ու կենսական շահերի հնարավոր շահարկում ենթադրող ցանկացած ընթացակարգ կամ իրավական կարգավորում պետք է գնահատվի առաջին հերթին երեխայի լավագույն շահերին համապատասխանության տեսանկյունից:
34․ Սահմանադրական դատարանն իր՝ 2016 թվականի դեկտեմբերի 20-ի ՍԴՈ-1333 որոշմամբ շեշտել է. «(…) ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասը հանրային իշխանության վրա դնում է հստակ պարտականություն` առաջնահերթ ուշադրության արժանացնել երեխայի շահերին` նրան վերաբերող հարցերում: Հետևաբար, սահմանադրի նպատակն է երեխային վերաբերող հարցերում տարբեր շահերի առկայության դեպքում առաջնահերթ պաշտպանել երեխայի շահերը, այնուհետև` առկա մյուս շահերը, իսկ այդ շահերի հակասության դեպքում հանրային իշխանությունը պարտավոր է պաշտպանել երեխայի շահերը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 37-րդ հոդվածի, մասնավորապես` 1-ին և 2-րդ մասերի դրույթները գործում են անմիջականորեն, և դատական պրակտիկան պարտավոր է առաջնորդվել այդ պահանջով»։
35․ Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2010 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴՈ-919 որոշմամբ արձանագրել է. «(…) Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված՝ «երեխաների շահեր» հասկացությանը և դրա բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը։ Ընդ որում, նշված հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից։
Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո թվարկված պայմանները պարտավորեցնում են դատարաններին երեխայի շահը գնահատելիս հիմք ընդունել այդ պայմանները, ինչպես նաև, առաջնորդվելով իրենց հայեցողական լիազորությամբ, հիմք ընդունել նաև այլ պայմաններ, եթե դատարանի գնահատմամբ այդպիսիք կան»:
36․ Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» ձևակերպման բովանդակությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ երեխայի լավագույն շահը չի կարող որոշվել ընդհանուր բնույթի իրավական դատողությունների միջոցով և կախված է յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքներից` հիմք ընդունելով երեխայի շահերի առաջնայնությունը (Schneider v. Germany, Application no. 17080/07, 15.09.2011, FINAL 15.12.2011, §100):
37․ Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պահանջում է, որ ներպետական իշխանություններն արդարացի հավասարակշռություն հաստատեն երեխայի և ծնողների շահերի միջև՝ սույն գործընթացում հատուկ ուշադրություն դարձնելով երեխայի լավագույն շահերին, որոնք, կախված իրենց բնույթից և լրջությունից, կարող են գերակշռել ծնողների շահերը (Rytchenko v. Russia, Application no. 22266/04, 20.01.2011, FINAL 20.04.2011, §39):
38․ Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պետության սահմանադրական պարտականությունը՝ երաշխավորելու երեխայի իրավունքները, ենթադրում է անհրաժեշտ նյութաիրավական և դատավարական նախադրյալների ստեղծում։ Դա պահանջում է «երեխայի լավագույն շահերի» առաջնահերթության սկզբունքի անվերապահ կիրառում հանրային իշխանության բոլոր ոլորտներում, ներառյալ՝ օրենսդրական այնպիսի լուծումների նախատեսում, որոնք կապահովեն երեխայի իրավունքներին առնչվող վեճերի արդյունավետ քննություն։
39․ Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
40․ Ժամանակակից իրավական պետության իրավակարգում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության առանցքային երաշխիքն է և իրավունքի գերակայության սկզբունքի ինստիտուցիոնալ գործիքակազմը: Այս առումով սույն իրավունքը բնութագրվում է որպես սահմանադրական իրավակարգի նորմատիվ կենսունակությունն ապահովող առանցքային սահմանադրաիրավական արժեք:
41․ Արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է նաև գործուն օրենսդրական երաշխիքների առկայություն, որոնք կապահովեն արդարադատության իրական մատչելիությունը։ Դատական պաշտպանության արդյունավետությունը պայմանավորված է այնպիսի կազմակերպական կառուցակարգերով, որոնց բացակայության պարագայում Սահմանադրությամբ հռչակված իրավունքները կլինեն պատրանքային՝ զրկված իրացման իրական հնարավորությունից։
42․ Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձի սահմանադրական իրավունքների համակարգում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի յուրահատկությունը, ի թիվս այլնի, արտահայտվում է նաև նրանով, որ, այն ինքնուրույն սահմանադրական իրավունք հանդիսանալով հանդերձ, կամրջում է արդար դատաքննության իրավունքն անձի սահմանադրական այլ իրավունքների դատական պաշտպանության հետ: Հետևաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անխաթար իրացումը կենսական նշանակություն ունի դրա իրացման միջոցով այլ իրավունքների պաշտպանության երաշխավորման տեսանկյունից։
43․ Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը կենսագործվում է օրենսդրորեն սահմանված կազմակերպաիրավական ինստիտուտների միջոցով, որոնց շարքում առանցքային են դատական իրավասության սահմանների որոշակիացմանն ուղղված ընթացակարգերը։ Դատական իրավասությունը դատավարական իրավունքում դրսևորվում է գործերի ընդդատության ինստիտուտի միջոցով, որն ուղղված է ինչպես դատարանների գործունեության համակարգմանը, այնպես էլ արդարադատության մատչելիության ապահովմանը։
44. Այսպես՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման կառուցակարգային համակարգի առաջնային տարրերից է ընդդատության ինստիտուտը: Վերջինս ուղղակիորեն որոշակիացնում է դատարանի իրավասության շրջանակները՝ համակարգելով արդարադատության իրականացման գործընթացը: Խնդրո առարկա համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տարածքային ընդդատությունը կազմող իրավակարգավորումները բնորոշում են դատարանների միջև գործերի քննության իրավասության տեղաբաշխումը՝ ըստ տարածքային սկզբունքի:
45․ Արդարադատության հանրային շահերի տեսանկյունից տարածքային ընդդատության կանոններն ապահովում են արդարադատության իրականացման համակարգվածությունն ու կանխատեսելիությունը, կանխարգելում դատարանի կամայական ընտրությունը՝ ապահովելով դատարանների գործունեության կազմակերպվածությունը, որոնք իրենց համակարգային միասնությամբ խթանում են արդարադատության արդյունավետ իրականացումը:
46․ Սահմանադրական դատարանը փաստում է, որ տարածքային ընդդատության կանոններն ապահովում են դատավարության կայունությունն ու կանխատեսելիությունը։ Դրանք կոչված են բացառելու դատական իրավասության անորոշությունը, որը կարող է հանգեցնել արդարադատության համակարգային խաթարման և անձի՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության իրավունքի ձախողմանը։
47․ Օրենսգրքի՝ «Քաղաքացիական գործերի ընդհանուր տարածքային ընդդատությունը» վերտառությամբ 21-րդ հոդվածը սահմանում է տարածքային ընդդատության ընդհանուր կանոնը, այն է՝ հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
48․ Վերոնշյալը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս փաստել, որ քաղաքացիական դատավարությունում ընդհանուր տարածքային ընդդատության կանոնը ոչ միայն դատարանների իրավասության բաշխման իրավական մեխանիզմ է, այլև դատավարության կողմերի՝ հայցվորի և պատասխանողի շահերի հավասարակշռման դատավարական գործիք, որի միջոցով օրենսդիրը ձևավորում է այնպիսի դատավարական կառուցակարգ, որը, մի կողմից՝ չի խոչընդոտի հայցվորի՝ իր խախտված իրավունքների դատական պաշտպանության իրացմանը, մյուս կողմից՝ պատասխանողի համար չի առաջացնի անհամաչափ բեռ:
49․ Հայցվորի համար ընդհանուր տարածքային ընդդատության կանոնը դատական պաշտպանության իրավունքի իրացման կազմակերպական նախադրյալ է` նկատի ունենալով, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է ոչ թե դատարան դիմելու ձևական հնարավորություն, այլ այդ իրավունքի իրական և արդյունավետ իրականացում:
50․ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընդհանուր տարածքային ընդդատության կանոնի հիմնական տրամաբանությունը հիմնված է պատասխանողի շահերի պաշտպանության սկզբունքի վրա, որը բխում է այն դատավարական մոտեցումից, որ անձը, որի նկատմամբ ներկայացվում է համապատասխան հայցը, չպետք է ենթարկվի անհամաչափ դատավարական ծանրաբեռնվածության՝ կապված իր իրավունքները տարածքային հեռավորության պատճառով դժվարամատչելի դատարանում պաշտպանելու անհրաժեշտության հետ։ Այլ կերպ ասած՝ դատավարական կառուցակարգը պետք է բացառի այնպիսի իրավիճակները, երբ հայցվորը կարող է կամայականորեն ընտրել պատասխանողի համար աշխարհագրորեն առավել դժվարամատչելի դատարան՝ դրանով իսկ ստեղծելով դատավարական ճնշման գործիք։
51․ Ըստ այդմ՝ ընդհանուր տարածքային ընդդատության կանոնի հիմքում դրված է շահերի հավասարակշռման սկզբունքը, ըստ որի՝ հայցը հարուցվում է պատասխանողի գտնվելու վայրի դատարանում, քանի որ հայցադիմումի ներկայացումն ինքնին չի կանխորոշում պատասխանողի կողմից իրավախախտում թույլ տալու փաստը կամ հայցապահանջի հիմնավորվածությունը։
52. Հետևաբար՝ պատասխանողի համար հայցվորի բնակության (գտնվելու) վայրի դատարան ներկայանալու դատավարական պարտականություն սահմանելը պետք է լինի հիմնավորված և չհանգեցնի պատասխանողի իրավունքների անհամաչափ սահմանափակման։ Հաշվի առնելով, որ դատական պաշտպանության գործընթացը նախաձեռնվում է հայցվորի կողմից՝ սեփական իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանության նպատակով, ապա վերջինս էլ պետք է կրի դրանից բխող դատավարական բեռը։
53․ Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պատասխանողի շահերի պաշտպանության տեսանկյունից ընդհանուր տարածքային ընդդատության կանոնը՝
1) ապահովում է պատասխանողի համար դատավարությանը մասնակցելու իրական հնարավորություն։ Եթե գործը քննվում է նրա հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրի դատարանում, ապա վերջինս կարող է առավել հեշտությամբ ներկայանալ դատական նիստերին և օգտվել իր դատավարական իրավունքներից,
2) հանդիսանում է դատավարական հավասարակշռության երաշխիք՝ թույլ չտալով հայցվորին իր նախաձեռնությամբ որոշել դատավարության վայրը։
54․ Սահմանադրական դատարանը փաստում է, որ քաղաքացիական դատավարությունում ընդհանուր տարածքային ընդդատությունն առանցքային դատավարական ինստիտուտ է, որի միջոցով ապահովվում է հայցվորի և պատասխանողի շահերի արդարացի և հավասարակշռված համադրումը՝ միաժամանակ ծառայելով երկու նպատակների, այն է՝
1) ապահովել հայցվորի կողմից դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը,
2) պաշտպանել պատասխանողին դատավարական անհամաչափ ծանրաբեռնվածությունից և հնարավոր չարաշահումներից։
55․ Տարածքային ընդդատության ինստիտուտը ոչ միայն կազմակերպական կանոն է, այլև արդարադատության պատշաճ իրականացման հիմնարար երաշխիք, որի կիրառումը պետք է համահունչ լինի սահմանադրական արժեքների առաջնահերթությանը։
56. Թեև քաղաքացիական գործերի ընդհանուր տարածքային ընդդատության կանոնն ըստ էության դատավարական օրինաչափություն է, այնուամենայնիվ, առանձին տեսակի իրավահարաբերությունների առանձնահատկություններից բխող քաղաքացիական գործերի պատշաճ քննության անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը սահմանել է նաև հայցվորի ընտրությամբ տարածքային (այլընտրանքային) ընդդատության կանոններ, որոնք նախատեսում են ընդդատության որոշակիացման հատուկ եղանակներ որոշակի բովանդակություն ունեցող հայցերի համար:
57. Այդ առումով ընդդատության խնդրո առարկա հատուկ կանոնները պայմանավորված են դրանք բնորոշող նյութաիրավական հարաբերությունների և իրավական պաշտպանության ենթակա շահերի յուրահատկություններով, ինչպես նաև այդ գործերի քննության արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ դատավարական կառուցակարգերի ամրագրման նպատակա- հարմարությամբ:
58. Փաստորեն օրենսդիրն այլընտրանքային ընդդատության կանոնի սահմանմամբ հայցվորին իրավունք է վերապահում՝
1) պատասխանողի հաշվառման (բնակության, գտնվելու) վայրի դատարանին զուգահեռ՝ իբրև այլընտրանք, հայց ներկայացնել օրենքով սահմանված այլ դատարան,
2) ընտրել հնարավոր դատարանը՝ սպառիչ ցանկով սահմանելով կոնկրետ դեպքերի շրջանակը, ինչը ենթադրում է, որ ընդդատության կանոնում հաշվի են առնվում դատական պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հատուկ հանգամանքներ:
59. Օրենսդրական կարգավորումների համակողմանի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստել, որ հատուկ հանգամանքով պայմանավորված՝ տեղակայման տեսանկյունից առկա է իրավունքների պաշտպանության համար առավել մատչելի դատարան, քան պատասխանողի հաշվառման (բնակության, գտնվելու) վայրի դատարանն է: Այդպիսի դեպքերում օրենսդիրը հատուկ արտոնյալ պայմաններ է ստեղծում հայցվորների համար այն գործերով, որոնք շոշափում են քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների առավել էական շահերը, և որոնք հատուկ հանգամանքների առկայության պատճառով առաջնակարգ պաշտպանության կարիք ունեն:
60. Այլընտրանքային ընդդատության կանոնների սահմանման՝ օրենսդրի դիրքորոշումը պայմանավորված է արդարադատության շահերի ապահովման նպատակով և չի կարող մեկնաբանվել որպես կողմերի հավասարության կամ մրցակցության սկզբունքի զիջում, այլ ընդհակառակը՝ ներկայանում է որպես տվյալ սկզբունքների ապահովման երաշխիք:
61. Մասնավորապես, Օրենսգրքի՝ «Քաղաքացիական գործերի տարածքային ընդդատությունը հայցվորի ընտրությամբ» վերտառությամբ 22-րդ հոդվածը թվարկում է քաղաքացիական գործերը, որոնց պարագայում հնարավոր են ընդհանուր տարածքային ընդդատության հիմնական կանոնից շեղումներ, և որոնք թույլ են տալիս հայցը ներկայացնել հայցվորի ընտրությամբ համապատասխան դատարան:
62. Վերոնշյալ իրավակարգավորումներով փաստորեն նախատեսվում են ընդհանուր տարածքային ընդդատության կանոնից թույլատրելի բացառություններ, որոնցից յուրաքանչյուրը թելադրված է իրավական պաշտպանության ենթակա որևէ օբյեկտիվ շահով կամ պայմանավորված է որոշակի փաստական հանգամանքների ամբողջությամբ:
63. Միևնույն ժամանակ հիշատակված կարգավորումները թույլ են տալիս Սահմանադրական դատարանին փաստել, որ օրենսդրի կողմից որոշակիացված այլընտրանքային ընդդատության կանոններն օժտված չեն բացարձակ իմպերատիվությամբ. դրանց բովանդակային կառուցվածքն ունի ընդգծված հայեցողական բնույթ՝ ընդհանուր կանոնին զուգահեռ նախատեսելով այլընտրանքային դատավարական ճանապարհ, ինչը վկայում է տվյալ իրավակարգավորումների՝ փաստական հանգամանքների հետ համադրման ճկունության և ըստ անհրաժեշտության գործարկման պայմանի մասին:
64. Վերլուծելով Օրենսգրքի 22-րդ հոդվածի բովանդակությունը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ նշյալ հոդվածի 4 և 7-րդ մասերով սահմանվում են այլընտրանքային ընդդատության կանոններ ընտանեկան իրավահարաբերություններից բխող առանձին տեսակի վեճերի համար: Այսպես, Օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան: Նույն հոդվածի 7-րդ մասը թույլատրել է ամուսնալուծության վերաբերյալ հայցը ներկայացնել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ անչափահաս երեխան գտնվում է հայցվորի մոտ:
65. Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոնշված իրավակարգավորումների հիմքում երեխայի լավագույն շահի գերակայության սկզբունքն է։ Նման պարագայում ընդհանուր տարածքային ընդդատության կանոնից շեղումը նպատակաուղղված է այնպիսի առանցքային սահմանադրական արժեքի երաշխավորմանը, ինչպիսին երեխայի շահերի բազմակողմանի պաշտպանությունն է։
66. Վերոնշյալ մոտեցումներն իրենց սահմանադրաիրավական որոշակիացումն ստացել են առաջին հերթին Սահմանադրությամբ՝ Սահմանադրի կողմից դասվելով իրավական պաշտպանության առավել բարձր մակարդակում և ամրագրվելով Սահմանադրության՝ «Ծնողների իրավունքները և պարտականությունները» վերտառությամբ 36-րդ և «Երեխայի իրավունքները» վերտառությամբ 37-րդ հոդվածներում:
67. Երեխայի լավագույն շահերի ապահովումն ուղղված է Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ երեխայի իրավունքների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև երեխայի զարգացմանը՝ հաշվի առնելով վերջինիս մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի ու դաստիարակության հնարավորությունը, լիարժեք ընտանիքում ապրելը, ծնողների և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը:
68. Ուստի՝ այն դեպքերում, երբ ընդհանուր տարածքային ընդդատության կանոնի պահպանումը կարող է հանգեցնել վերոնշյալ շահերի կենսագործման պայմանների խաթարմանը կամ վատթարացմանը, օրենսդրի կողմից համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող հատուկ կանոնների սահմանումը ոչ միայն իրավաչափ է, այլ նաև սահմանադրական արժեքների պաշտպանության հրամայականի տեսանկյունից՝ անհրաժեշտ:
69. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական նորմերի օրենսդրական կառուցակարգումն անհրաժեշտ է այնպիսի շահերի առանձնահատկությունների հաշվառմամբ, որոնք կարող են շահարկվել այդ ընթացակարգերի շրջանակներում: Այն դեպքերում, երբ համապատասխան շահերն ակնհայտորեն հավասարակշռման ենթակա չեն, անհրաժեշտություն է առաջանում առավել զգայուն և խոցելի շահերը ենթարկել հավելյալ իրավական պաշտպանության՝ նաև հատուկ իրավակարգավորումների նախատեսմամբ:
70. Սույն գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» Դատարանի համապատասխան որոշման հիմքում դրվել է հիշյալ քաղաքացիական գործով պատասխանողի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման կամ բնակության վայրի մասին համապատասխան տեղեկատվության բացակայությունը:
71. Դատարանն արձանագրել է. «(…) որպես պատասխանողի բնակության հասցե նշվել է` ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Սերո Խանզադյան փող․, 2 նրբանցք, տուն 16/1, այնինչ հայցադիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ պատասխանողի բնակության հասցեն Ֆրանսիայի Հանրապետություն, քաղաք Փարիզ, Կրիմեի փող․, 75019, հոլ 43 հասցեն է:
Երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայցերով բացառիկ տարածքային կամ հայցվորի ընտրությամբ ընդդատություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ գլխով սահմանված չէ»:
72. Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով հիշյալ քաղաքացիական գործով պատասխանողը (որը, ընդ որում, ըստ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված չէ, չունի բնակության վայր, և օրենսդրորեն նախատեսված չեն տարածքային ընդդատության այլընտրանքային կանոններ, գործի քննության հնարավորությունը հանգեցրել է իրավական անելանելիության՝ առաջացնելով անձի արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման կառուցակարգային անհնարինության: Մինչդեռ քննարկման առարկա հանդիսացող ընթացակարգերի շրջանակներում երեխայի բնակության վայրի որոշման հարցը ենթակա էր լուծման:
73. Խնդրո առարկա քաղաքացիական գործով ներկայացվել է երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայց: Նախ՝ սույն հայցն ուղղակիորեն առնչվում է երեխայի լավագույն շահերին և բխում է դրանց պաշտպանության սահմանադրական հրամայականից, երկրորդ՝ ըստ քաղաքացիական գործում առկա փաստական տվյալների՝ երեխան ներկայումս գտնվում է հայցվորի մոտ, հանգամանք, որը հավելյալ խթանում է հայցվորի դատավարական կարգավիճակի առանձնահատկությունը:
74. Վերոգրյալի համատեքստում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ երեխայի լավագույն շահերի ապահովման առաջնահերթությունից բխող երեխայի բնակության վայրի որոշման վերաբերյալ հայցի քննությունը, ըստ էություն, արգելափակվում է ընդդատության հատուկ կանոնների բացակայության հետևանքով՝ խաթարելով երեխայի լավագույն շահերի պաշտպանությունը և անհնարին դարձնելով վերջինիս արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացումը:
75. Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ ընդհանուր տարածքային ընդդատության կանոնին (ըստ պատասխանողի հաշվառման կամ բնակության վայրի) համապատասխան հայց ներկայացնելու պարագայում երեխայի խնամքի կազմակերպման հետ կապված պարտականությունները կարող են հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծել հայցվորի համար:
76. Սահմանադրական դատարանը գտնում է, որ երեխայի բնակության վայրի որոշման վերաբերյալ հայցով տարածքային ընդդատության այլընտրանքային կանոնների սահմանման անհրաժեշտությունն անառարկելի է՝ պայմանավորված իրավական պաշտպանության առանձնահատկություններով և խնդրո առարկա իրավահարաբերությունների շրջանակներում շոշափվող շահերի զգայունությամբ:
77. Տարածքային ընդդատության այլընտրանքային կանոնների առնչությամբ օրենսդրի տրամաբանությունն ու օրենսդրական քաղաքականության ուղենիշները հաշվի առնելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում իրավակարգավորման՝ Սահմանադրությանն անհամապատաս- խանությունը պայմանավորվում է երեխայի բնակության վայրի որոշման վերաբերյալ հայցի առնչությամբ տարածքային ընդդատության այլընտրանքային կանոնների բացակայությամբ, որի ուժով սույն սահմանադրաիրավական վեճն անմիջականորեն փոխկապակցվում է Սահմանադրության 75-րդ հոդվածի հետ:
78. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական իրավունքների կենսագործման արդյունավետ կառուցակարգերի սահմանման կենսական նշանակությունը՝ այդ իրավունքների իրացման լավագույն պայմանների ապահովման տեսանկյունից, բարձրացվել է սահմանադրական մակարդակ՝ ամրագրվելով Սահմանադրության 75-րդ հոդվածում՝ այդպիսով վերածվելով իրավունքների իրացման կազմակերպաիրավական ընթացակարգերի սահմանադրականության չափանիշի։
79. Այսպես՝ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
80. Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված այս սահմանադրաիրավական պատվիրանը վկայում է, որ Սահմանադիրը չի բավարարվել լոկ անձին շնորհելով միայն համապատասխան իրավունքներ և ազատություններ, այլև սահմանադրորեն պարտավորեցրել է օրենսդրին՝ ստեղծելու այնպիսի կազմակերպական և ընթացակարգային միջավայր, որի պայմաններում այդ իրավունքները և ազատությունները կարող են իրապես գործել։
81. Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի սահմանադրաիրավական առաքելության բովանդակային բնորոշիչներից է ոչ միայն ձևական-իրավական կառուցակարգերի օրենսդրական ամրագրումը, այլև այդ կառուցակարգերի գործնական կիրառելիությունն ու իրավունքների իրական հասանելիության ապահովումը:
82. Իրավունքների կենսագործման և պաշտպանության սահմանադրական նպատակներին համարժեք ընթացակարգերն ու կազմակերպաիրավական միջոցների համակարգը կայուն սահմանադրականության երաշխիք են: Ինչպես այն դեպքերում, երբ սահմանված օրենսդրական կառուցակարգերը չեն բնութագրվում պատշաճ արդյունավետությամբ, այնպես էլ այն դեպքերում, երբ դրանք այս կամ այն պատճառով բացակայում են, խաթարվում են անձի իրավունքների երաշխավորման, սահմանադրական պահանջների օրենսդրական կենսագործման հրամայականները՝ հանգեցնելով նաև իրավական պետության հիմնարար սկզբունքների խախտմանը: Ուստի՝ օրենսդրական քաղաքականությունը մշակելիս ու իրականացնելիս անխուսափելիորեն պետք է առաջնորդվել սահմանադրական հիշյալ նպատակների ապահովման գերակայությամբ. հակառակ պարագայում՝ կթիրախավորվի նաև օրենսդիր գործունեության սահմանադրաիրավական այն բարձր առաքելությունը, որին օրենսդիրը կոչված է:
83. Խնդրո առարկա սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն իրավունքների իրացման կառուցակարգերի ֆորմալ սահմանման անհրաժեշտությունը, այլ նաև շեշտադրում է այդ կառուցակարգերի գործադրման հետևանքային ազդեցության նպատակայնությունն ու բովանդակային արդյունավետությունը։ Հիմնական իրավունքներն ու ազատություններն իրավական համակարգում իրապես արժևորվում են միայն այն դեպքերում, երբ օրենսդրական մակարդակում դրանք ոչ միայն ճանաչվում են, այլ նաև ստեղծվում են դրանց իրացման իրական, հասանելի և արդյունավետ կազմակերպաիրավական մեխանիզմներ:
84. Այսպիսով, Սահմանադրության 75-րդ հոդվածի հիմնական ուղերձն այն է, որ օրենսդրի կողմից իրավունքների իրացման համար սահմանված կառուցակարգերը պետք է հագեցած լինեն այդ իրավունքների իրական և արդյունավետ կենսագործման ընթացակարգային գործիքակազմով։ Միայն Սահմանադրության 75-րդ հոդվածում արտացոլված սկզբունքի գերակայությամբ առաջնորդվող իրավակարգավումներն են ի զորու իրապես ապահովել անձի համապատասխան իրավունքների կառուցակարգային իրացումը։
85. Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն սահմանադրա- իրավական վեճին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ երեխայի բնակության վայրի որոշման վերաբերյալ հայցի մասով այլընտրանքային ընդդատության կանոնների բացակայությունը բերում է անձի արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման՝ վտանգելով երեխայի լավագույն շահերի պատշաճ ապահովման սահմանադրաիրավական հրամայականի երաշխավորումը: Հիշատակված իրավակարգավորման պայմաններում հայցվորը, որի մոտ գտնվում է երեխան, հարկադրվում է խնդրո առարկա քաղաքացիաիրավական վեճի քննությունն ու լուծումն ակնկալել ընդհանուր տարածքային ընդդատության կանոնների հաշվառմամբ, ինչն անհարկի անբարենպաստ կարգավիճակի մեջ է դնում վերջինիս և որևէ կերպ չի բխում երեխայի լավագույն շահերից: Այդ առումով օրենսդիրն ընտանեկան հարաբերություններից բխող առանձին հարցերի կապակցությամբ (ալիմենտ բռնագանձելու, հայրությունը որոշելու և որոշ դեպքերում նաև ամուսնալուծության վերաբերյալ հայցերով) սահմանել է այլընտրանքային ընդդատության վերաբերյալ համապատասխան կանոններ:
86. Հաշվի առնելով խնդրո առարկա իրավահարաբերությունների առանձնահատկությունները և դրանց ընդդատության՝ քաղաքացիադատավարական ինստիտուտի հետ համարժեք համադրման անհրաժեշտությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավակարգավորման կառուցակարգումը պետք է հիմնվի երեխայի լավագույն շահերի երաշխավորման սահմանադրահեն գաղափարի վրա, ինչը ենթադրում է, որ երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան, եթե երեխան գտնվում է հայցվորի մոտ։
87. Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Օրենսգրքի 22-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայցի՝ հայցվորի ընտրությամբ տարածքային (այլընտրանքային) ընդդատության կանոն այն դեպքում, երբ երեխան գտնվում է հայցվորի մոտ, հակասում է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և Սահմանադրության 75-րդ հոդվածին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 170-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայցի՝ հայցվորի ընտրությամբ տարածքային (այլընտրանքային) ընդդատության կանոն այն դեպքում, երբ երեխան գտնվում է հայցվորի մոտ, ճանաչել Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և Սահմանադրության 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ oրենքով uահմանված կարգով։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող 6 մայիսի 2026 թվականի ՍԴՈ-1827
Ա. Դիլանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: