ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 7-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝
1) «ա» ենթակետը «արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)» բառերով.
2) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար՝
- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ երեսուն հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ 100 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ 200 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝ 1 հա (10000 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 հազար դրամի, իսկ այլ մակերեսի դեպքում՝ 1 հա-ի (10000 քառակուսի մետրի) հաշվով՝ 400 հազար դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկված գումարի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը:
Սույն կետի համաձայն՝ շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.
|
Գոտի |
Գոտիականության գործակից |
|
1-4 |
5.0 |
|
5-8 |
4.0 |
|
9-12 |
3.0 |
|
13-16 |
2.0 |
|
17-20 |
1.0»։ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է դրանից հետո տեղական ինքնակառավարման մարմին ներկայացվող՝ շինարարության թույլտվություն ստանալու դիմումների հիման վրա տրամադրվող շինարարության թույլտվությունների վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 27 Երևան ՀՕ-140-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2026 թվական: