ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
12 մարտի 2020 թ. |
N 101-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 42-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել՝
1) սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները՝ համաձայն N 1 հավելվածի,
2) սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:
|
Ռ. Բադասյան |
|
Հավելված N 1 արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի N 101-Ն հրամանի |
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սնանկության գործը էլեկտրոնային սնանկության համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով վարվելու դեպքում պարտատերերի պահանջների գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան) լրացվում է էլեկտրոնային եղանակով՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան:
2. Համակարգում պարտատերերի պահանջների գրանցամատյանը առնվազն պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) պարտատիրոջ (պահանջատիրոջ) տվյալները,
2) պահանջի ներկայացման ամսաթիվը, պահանջի արժույթը և հիմքը,
3) ներկայացված պահանջը, այդ թվում՝ առանձին նշելով պահանջի սկզբնական չափը, հաստատված չափը և հերթը,
4) պարտատիրոջ ձայնը 1-ին ժողովում (%),
5) պահանջի փոփոխությունը (բավարարում, ավելացում, նվազեցում, հերթի փոփոխություն, դադարում)՝ առանձին նշելով փոփոխության հիմքը, նվազեցման կամ ավելացման չափը, պահանջի մնացորդը և հերթը:
3. Համակարգում՝ գրանցամատյանին կից, պետք է տեղեկություններ լինեն նաև՝
1) սնանկության մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելու ամսաթվի վերաբերյալ՝ նշելով հայտարարության հղումը, ինչպես նաև պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետի վերջին օրվա ամսաթվի վերաբերյալ,
2) պարտատերերի պահանջների նախնական ցուցակը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելու ամսաթվի, պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատման, այդ թվում՝ առարկությունների, վերաբերյալ,
3) դատարանի կողմից պարտատերերի առաջին ժողովը անցկացման, ամսաթվի և արդյունքների վերաբերյալ:
(հավելվածը խմբ. 29.03.24 N 184-Ն)
|
Հավելված N 2 Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի N 101-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ՝ կառավարիչ) «Սնանկության մասին» օրենքին համապատասխան յուրաքանչյուր սնանկության գործով էլեկտրոնային սնանկության համակարգի (այսուհետ՝ համակարգ) կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան), որտեղ հաշվառում և հաշվարկում է պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը և առաջնահերթությունը:
2. Համակարգի միջոցով ստեղծված սնանկության գործը կառավարչին հասանելի դառնալու պահից վերջինիս մոտ հասանելի է դառնում «Գրանցամատյան» գործիքը: Կառավարիչը գրանցամատյանը վարում է համակարգի գործիքակազմին համապատասխան՝ «Սնանկության մասին» օրենքով սահմանված ժամկետներում:
3. Կառավարիչը, գրանցամատյանը վարելու ընթացքում, պետք է լրացնի համակարգում պարտադիր համարվող դաշտերը, ինչպես նաև կարող է, ըստ անհրաժեշտության, նշումներ և գրառումներ կատարել յուրաքանչյուր պահանջի և գործին առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ:
4. Պահանջը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, ինչպես նաև պարտատերերի պահանջների առնչությամբ համապատասխան դատական ակտի ընդունման կամ ցանկացած այլ փոփոխություն կատարվելու դեպքում՝ դրանց մասին հայտնի դառնալուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, կառավարիչը գրանցամատյանում կատարում է գրառում կամ փոփոխություն՝ նշելով գրառման կամ փոփոխության կատարման հիմքը և ամսաթիվը:
5. Այն դեպքում, երբ պահանջների հաստատման վերաբերյալ դատարանի որոշումը չի բողոքարկվում, այդ մասին գրանցամատյանում կատարվում է գրառում՝ «Չի բողոքարկվել» նշման ձևով, իսկ բողոքարկման դեպքում կառավարիչը գրառումներ է կատարում բողոքարկման բոլոր փուլերի և դրանց արդյունքների վերաբերյալ։
6. Պարտատերերի առաջին ժողովը կայանալու դեպքում գրանցամատյանի համապատասխան տողում կատարվում է այդ մասին գրառում՝ նշելով ժողովի անցկացման ժամանակը և վայրը, ժողովին ներկայացած պարտատերերի տվյալները (անվանումը կամ անունը), նրանցից յուրաքանչյուրի ձայնի իրավունքը՝ տոկոսային արտահայտությամբ, իսկ ժողովի չկայանալու դեպքում կատարվում է գրառում դրա չկայանալու պատճառների և հրավիրված հաջորդ ժողովի ժամանակի և վայրի մասին։
7. Գրանցամատյանում գրառվում են նաև այն ապահովված պարտատերերի (ներառյալ՝ այն անձանց, որոնց նկատմամբ պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու) պահանջները, որոնց վերաբերյալ դատարանը կայացրել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում:
8. «Նշումներ» սյունակում լրացվում են պահանջին առնչվող այլ տեղեկությունները, ինչպես նաև սույն կարգին համապատասխան լրացման ենթակա ցանկացած վավերապայմանի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը:
9. Գրանցամատյանում լրացված որևէ տեղեկություն կամ գրառում չի կարող ջնջվել կամ փոփոխվել։ Գրանցամատյանի ցանկացած փոփոխություն կատարվում է համապատասխան դաշտում լրացում կատարելու ձևով՝ այնպես, որ յուրաքանչյուր պահի հասանելի լինեն մինչ այդ պահը գրանցամատյանում կատարված բոլոր գրառումները։
10. Արտարժույթով պահանջների բավարարման դեպքում այլ տեղեկություններից բացի գրանցամատյանում նշվում է բավարարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ արժույթի համար սահմանված փոխարժեքը։
11. Սույն կարգի համաձայն գրանցամատյանում լրացվող ցանկացած տեղեկատվության, այդ թվում՝ կատարվող ցանկացած փոփոխության մասով նշվում է նաև դրա ստացման և (կամ) ծագման հիմքը:
12. Համակարգում գրանցված պարտատերերը և պարտապանը (ներկայացուցիչը) կարող են ծանոթանալ լրացված գրանցամատյանին՝ համակարգի գործիքակազմին համապատասխան: Այն դեպքում երբ պարտատերը կամ պարտապանը չեն հանդիսանում համակարգն օգտագործող անձ, կառավարիչը նրանց պահանջով՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է համակարգից ստացված գրանցամատյանի քաղվածքը:
(հավելվածը խմբ. 29.03.24 N 184-Ն)