ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-90-Ն-30 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ ԲԴԽ-8-Ն-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 1-ի «Դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-8-Ն-4 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետի 9-րդ ենթակետի «վերջակետ» կետադրական նշանը փոխարինել «ստորակետ» կետադրական նշանով,
2) Որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետը լրացնել 10-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«10) Համակարգը սպասարկող ընկերություն՝ քաղաքացիական դատավարության դեպքում՝ https://cabinet.court.am և https://cabinet.armlex.am, իսկ վարչական դատավարության դեպքում՝ https://e-administrativecourt.am համակարգերը սպասարկող ընկերություններ:»,
3) Որոշմամբ սահմանված հավելվածի 11-րդ կետի վերջին նախադասությունը ճանաչել ուժը կորցրած,
4) Որոշմամբ սահմանված հավելվածը լրացնել նոր 11․1.-ին և 11․2.-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«11.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119.2. հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64.3. հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համակարգն օգտագործող անձինք փաստաթղթերը նյութական եղանակով ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնեն Կարգով սահմանված գործողությունների կատարման արդյունքում Համակարգ մուտք գործելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ (այդ թվում՝ Համակարգը սպասարկող իրավասու ընկերությանը դիմած լինելու վերաբերյալ): Հիմնավորումները պետք է վերաբերեն Համակարգի աշխատանքով (խնդիրներով, խափանումներով, ընձեռած սահմանափակ հնարավորություններով) պայմանավորված Համակարգ մուտք գործելու անհնարինությանը: Ներկայացված հիմնավորումներում նշված փաստական հանգամանքներն իրականությանը համապատասխանելու հարցը պարզելու նպատակով նյութական եղանակով փաստաթղթերը ստացած դատարանի գրասենյակի պետն անհապաղ, բայց ոչ ուշ քան նյութական եղանակով փաստաթղթերը ստանալու հաջորդ աշխատանքային օրն էլեկտրոնային փոստի միջոցով Համակարգը սպասարկող ընկերությանը հարցում է կատարում հիմնավորումներում նշված հանգամանքների առկայության վերաբերյալ: Հարցումը ստանալուց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը Համակարգը սպասարկող ընկերությունը համապատասխան տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է դատարանի գրասենյակի պետին: Դատարանի գրասենյակի պետը ստացված տեղեկատվության հիման վրա հավաստիանալով նյութական եղանակով փաստաթղթեր ներկայացրած անձի Համակարգ մուտք գործելու անհնարինության մեջ, տվյալ անձի կողմից ներկայացված փաստաթղթերի կապակցությամբ ձեռնարկում է Որոշմամբ սահմանված հավելվածի 40-րդ կետով սահմանված գործողությունները: Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների դեպքում այդ դատարանների գրասենյակների պետերը Որոշմամբ սահմանված հավելվածի 40-րդ կետով սահմանված գործողությունները կատարելու համար էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում են ստորադաս համապատասխան դատարանի գրասենյակի պետին՝ տվյալ գործի էլեկտրոնային քարտը համապատասխան վերադաս դատական ատյան առաքելու անհրաժեշտության մասին: Այն դեպքում, երբ հարցման կապակցությամբ ներկայացված տեղեկատվությունը թույլ չի տալիս հավաստիանալ անձի Համակարգ մուտք գործելու անհնարինության մեջ, ապա տվյալ անձի կողմից ներկայացված փաստաթղթերի կապակցությամբ չեն ձեռնարկվում Որոշմամբ սահմանված հավելվածի 40-րդ կետով սահմանված գործողությունները և նյութական եղանակով փաստաթղթերը ստացած դատարանի աշխատակազմի ղեկավարն այդ փաստաթղթերը վերադարձնում է այն ներկայացնող անձին՝ տեղեկացնելով Համակարգ մուտք գործելու անհնարինության հարցի պարզման նպատակով ձեռնարկված միջոցների և դրանց արդյունքներով կատարված եզրահանգման մասին: Այդ մասին տեղեկացվում են նաև գործին մասնակցող անձինք և դատական ակտը կայացրած դատարանը՝ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների պարագայում:
11.2. Այն դեպքում, երբ փաստաթղթերը դատարան է ներկայացվել նյութական եղանակով, սակայն չեն ներկայացվել Համակարգ մուտք գործելու և դրանք Համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, ապա նյութական եղանակով փաստաթղթերը ստացած դատարանի աշխատակազմի ղեկավարը՝ անհապաղ, բայց ոչ ուշ քան երեք աշխատանքային օրվա ընթացքում նյութական եղանակով ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է այն ներկայացնող անձին՝ տեղեկացնելով Համակարգ մուտք գործելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ ներկայացված չլինելու մասին: Այդ մասին տեղեկացվում են նաև գործին մասնակցող անձինք և դատական ակտը կայացրած դատարանը՝ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների պարագայում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական: