ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/9006/02/22 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/9006/02/22 2026 թ. |
|
Նախագահող դատավոր` |
Մ․ Հարթենյան |
|
Դատավորներ` |
Ս․ Մատինյան |
|
Ն․ Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան |
|
|
Ա. Աթաբեկյան |
|
Ն. Հովսեփյան | |
|
Ս. Մեղրյան | |
| Ա. Մկրտչյան | |
|
Է. Սեդրակյան |
2026 թվականի փետրվարի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի («ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի իրավահաջորդն է) (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Ալվարդ Ավագյանի, Աստղիկ և Կամո Կարապետյանների (այսուհետ՝ Համապատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ալետա Երանոսյանից բռնագանձել 84․100 ՀՀ դրամ։
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2023 թվականի որոշմամբ Ալետա Երանոսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2023 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության։
Գործի նոր քննության ընթացքում դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 84․100 ՀՀ դրամ։
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.03.2025 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2025 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասն ու 28-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07․02․2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել դեռևս 21.11.2022 թվականին, այսինքն՝ մինչև 14.03.2024 թվականը, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դեռևս 2022 թվականին հարուցված գործի պարագայում ինքն ունեցել է իրավական ակնկալիք, որ գործով կայացված վճիռը բողոքարկելու պարագայում կիրառելի է լինելու նախքան «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի ուժի մեջ մտնելը գործած կարգավորումը։
Վերաքննիչ դատարանի կողմից վեճի լուծման համար կիրառման ոչ ենթակա իրավական ակտին հղում կատարելն ու այն կիրառելն ինքնին հանգեցրել են արդար դատաքննության իրավունքի բուն էության խաթարմանը, քանի որ այդպիսով Վերաքննիչ դատարանի սխալն ի սկզբանե կանխորոշել է սույն գործի ոչ ճիշտ ընթացքը՝ դրանով իսկ հանգեցնելով իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների խախտմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել ամբողջությամբ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի գործողությանը ժամանակի մեջ՝ հիմք ընդունելով նաև նույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը՝ այդ առնչությամբ, մասնավորապես, արտահայտելով ներքոնշյալ իրավական դիրքորոշումները.
- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշում).
- «(...) դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ» (22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշում).
- «Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար» (10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշում):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը, Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտը իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների կապակցությամբ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով կիրառելի իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վերը նշված իրավակարգավորման համաձայն՝ քաղաքացիական դատավարությունը, որպես կանոն, իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով, սակայն միևնույն ժամանակ օրենդիրը սահմանել է, որ օրենքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
Տվյալ դեպքում մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված իրավակարգավորման համաձայն՝ վերաքննիչ դատարանն իրավասու է եղել մերժելու վերաքննիչ բողոքի ընդունումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
1) վերաքննիչ բողոքը բերվել է վեճի առարկայի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գույքային պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործով, և
2) բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում չի հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ։
07.02.2024 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքը, որի 46-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ․ «6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.»։
Վկայակոչված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը վերը նշված օրենքով որպես գույքային պահանջով քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմ արդեն սահմանել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը՝ միաժամանակ բացառություն նախատեսելով այն դեպքերի համար, երբ բողոք բերած անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ։
Միևնույն ժամանակ, օրենսդիրը 07.02.2024 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքով համապատասխան իրավակարգավորում է նախատեսել նաև ժամանակի մեջ այդ օրենքի գործողության մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանելով, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այսինքն՝ 14․03․2024 թվականին, իսկ նույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են նաև մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա:
Վերը նշված օրենքի 59-րդ հոդվածը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հոդվածով օրենսդիրը, հստակ սահմանելով, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, միևնույն ժամանակ տվյալ օրենքով նախատեսել է այն դրույթները, որոնք ենթակա են կիրառման նաև մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա, մասնավորապես՝ նույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված դրույթները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, իսկ քաղաքացիական դատավարությունը, որպես կանոն, իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով, սակայն տվյալ դեպքում առկա է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընդհանուր կանոնից բացառությունը, որը դրսևորվում է նրանում, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասում ուղղակիորեն չսահմանված նույն օրենքի որևէ այլ դրույթ, այդ թվում նաև՝ այդ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրվել է վերը նշված խմբագրությամբ, մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա չի կարող տարածվել։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը փոստային առաքման եղանակով 07.11.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով բռնագանձել 84.100 ՀՀ դրամ։
Դատարանի 21․11.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշմամբ Ընկերության հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 13.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 27.10.2023 թվականի որոշմամբ Ալետա Երանոսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 13.02.2023 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Դատարանի 28.03.2025 թվականի վճռով հայցը մերժվել է:
Դատարանի 28.03.2025 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը, որի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի վկայակոչմամբ Վերաքննիչ դատարանի 29.05.2025 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) տվյալ դեպքում թիվ ԱՎԴ/9006/02/22 քաղաքացիական գործը գույքային պահանջով է, վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, և բողոք ներկայացրած անձը չի հիմնավորել գործի դատական քննության ընթացքում իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ թույլ տալը, որի արդյունքում կայացված դատական ակտը խաթարել է արդար դատաքննության իրավունքի բուն էությունը, ինչը հիմք կհանդիսանար սույն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու համար, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքի ընդունումը վերը նշված հիմքով մերժելու համար, քանի որ թեև վերաքննիչ բողոքը ներկայացնելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու, այսինքն՝ համապատասխան դատավարական գործողությունների կատարման պահի դրությամբ, արդեն իսկ գործել է (ուժի մեջ մտած է եղել) 07.02.2024 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքը, որով օրենսդիրը որպես գույքային պահանջով քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմ սահմանել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, սակայն տվյալ դեպքում առկա է եղել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընդհանուր կանոնից բացառությունը՝ այդ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի գործողությունը, ի տարբերություն նույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ և 30-րդ հոդվածների, չի տարածվել մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա, մինչդեռ սույն գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 46-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, թույլ է տվել դատավարական նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ նկատի ունենալով, որ դրա արդյունքում անհարկի սահմանափակել է Ընկերության բողոքարկման իրավունքը՝ վերջինիս զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան Ա. Աթաբեկյան Ն. Հովսեփյան Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/9006/02/22 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/9006/02/22 2026 թ. |
|
Նախագահող դատավոր` |
Մ․ Հարթենյան |
|
Դատավորներ` |
Ս․ Մատինյան |
|
Ն․ Բարսեղյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԱՎԴ/9006/02/22 քաղաքացիական գործով 11.02.2026 թվականին կայացված որոշման վերաբերյալ
ք. Երևան
«11» փետրվարի, 2026 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 11.02.2026 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի («ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի իրավահաջորդն է) (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Ալվարդ Ավագյանի, Աստղիկ և Կամո Կարապետյանների (այսուհետ՝ Համապատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ վերացնել Վերաքննիչ դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն լինելով 11.02.2026 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական մասում առկա որոշակի եզրահանգումների, ինչպես նաև եզրափակիչ մասի հետ, այնուամենայնիվ գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը պետք է ավելի խորը վերլուծության ենթարկեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, նկատի ունենալով որոշման առաջնորդող բնույթը և իրավակիրառ պրակտիկայի վրա լայն ազդեցությունը։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս Որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։
1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:
2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝
1․ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:
Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքը (Lex retro non agit) հիմնված է այն գաղափարի վրա, որ իրավական նորմերը պետք է ապահովեն կանխատեսելիություն և կայունություն՝ կապելով ժամանակի մեջ իրավական ակտերի գործողությունը քաղաքացիական շրջանառության մասնակիցների օրինական ակնկալիքներին: Այն համարվում է իրավունքի գերակայության (rule of law) հիմնարար տարր, որն ամրապնդում է իրավական համակարգի վստահելիությունը։
Սահմանադրական դատարանը, 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշմամբ անդրադառնալով իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից»:
15․01․2008 թվականի թիվ ՍԴՈ-723 որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանն անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի մերժման սկզբունքի վերաբերյալ նշել է, որ «Վերջինս հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը։ Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք։ Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա։ Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով։
(…)
Անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքն իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ քաղաքացիական վեճերի դեպքում թեև սկզբունքորեն օրենսդրին թույլատրվում է հետադարձ ուժ նախատեսել գործող իրավակարգավորումներում, իրավունքի գերակայության սկզբունքը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատավարության իրավունքը բացառում են օրենսդրի ցանկացած միջամտություն արդարադատության իրականացման գործընթացին, որն ազդում է վեճի դատական լուծման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են հանրային կարևորության հիմնավոր պատճառներ (տե՛ս Stran Greek Refineries and Stratis Andreadis v. Greece գործով Եվրոպական դատարանի 09.12.1994 թվականի վճիռը, կետ 49, Dimopulos v. Turkey, no. 37766/05 գործով 02․04․2019 թվականի վճիռը, կետ 45, Hussein and Others v. Belgium, no. 45187/12 գործով 16․03․2021 թվականի վճիռը, կետ 60)։
Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վերը նշված իրավակարգավորման համաձայն՝ քաղաքացիական դատավարությունը, որպես կանոն, իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով, սակայն միևնույն ժամանակ Սահմանադրությամբ և օրենքով սահմանվել է օրենքի գործողության հետադարձության արգելք, և միայն բարելավող նորմերը կարող են հետադարձությամբ կիրառվել, եթե նման կիրառումը նախատեսված է օրենքով կամ տվյալ իրավական ակտով։ Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը պահանջում է, որ դատավարական նորմերը կիրառվեն (դատավարությունն իրականացվի) դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով։
Սահմանադրական և օրենսդրական նման պահանջների պայմաններում հնարավոր են իրավիճակներ, որ հարուցված հայցերից հետո կատարվեն դատավարական օրենքի փոփոխություններ, որոնց նկատմամբ կիրառելի կլինեն թե՛ օրենքի հետադարձության արգելքը, թե՛ դատավարական օրենքն անմիջական կիրառելու սկզբունքը։ Այս տեսանկյունից կարևոր է տարանջատել, որ դատավարական օրենքն անմիջականորեն կիրառելու սկզբունքը բացարձակ չէ, քանի որ, եթե դատավարական փոփոխությունն իր էությամբ վերացնում է նյութական իրավունքի իրացվելիությունը կամ փաստացի դարձնում է իրավունքը ոչ կիրառելի, ապա այն նյութական հետևանք ունի, և դրա կիրառումը նախկին իրավահարաբերությունների նկատմամբ իր էությամբ հավասար է օրենքը թաքնված հետադարձությամբ կիրառելուն։
Եթե փոփոխող օրենքի անցումային դրույթները այլ բան չեն նախատեսում, ապա փոփոխված դատավարական նորմերը ավելի վաղ հարուցված հայցերով անմիջականորեն կիրառելիս Դատարանը կրում է պարտականություն՝ պարզելու․
- արդյո՞ք փոփոխված նորմը ազդում է միայն դատավարության ընթացակարգի (ձևի) վրա, թե փաստացի վերափոխում է նյութական իրավունքի իրացումը,
- արդյո՞ք նոր կարգավորումը արգելափակում է նախկինում ազատ կամ թույլատրված նյութական իրավունքի իրացումը։
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ թեև նորմը ձևականորեն կարող է դատավարական լինել, սակայն, եթե դրա կիրառումը հանգեցնում է նյութական իրավունքի իրացման անհնարինության, ապա նշված նորմի կիրառումը ավելի վաղ հարուցված հայցերի նկատմամբ առաջացնում է օրենքը հետադարձությամբ կիրառելու արգելքի խախտում՝ այդպիսով խախտելով իրավական որոշակիության սկզբունքը և օրենսդրության նկատմամբ անձանց լեգիտիմ ակնկալիքները, բացառությամբ, երբ նորմը բարելավող է, և օրենքն ուղղակիորեն նախատեսում է այն հետադարձությամբ կիրառելու հնարավորություն։
Տվյալ դեպքում մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված իրավակարգավորման համաձայն՝ վերաքննիչ դատարանն իրավասու է եղել մերժելու վերաքննիչ բողոքի ընդունումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
1) վերաքննիչ բողոքը բերվել է վեճի առարկայի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գույքային պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործով, և
2) բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում չի հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ։
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքը, նույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա տարածվելու անցումային կարգավորումներ չի պարունակում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի փոփոխությունը չի հանդիսանում դատավարական ընթացակարգային նորմ, միևնույն ժամանակ այն ներառում է ավելի վաղ հարուցված հայցերով 50․001-200․000 ՀՀ դրամի պահանջի իրավունք ունեցող անձանց նյութական իրավունքի իրացման (պաշտպանության) սահմանափակում, որը Սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջների համաձայն չի կարող կիրառվել հետադարձությամբ, քանի որ այն անհամարժեքորեն սահմանափակում է անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը և խախտում է իրավական որոշակիության սկզբունքը։
Նշված պատճառաբանությամբ գտնում եմ, որ մինչև դատավարական նորմի փոփոխությունը հարուցված հայցերով կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննության նկատմամբ կիրառելի չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի փոփոխությունը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավարական օրենքն անմիջական կիրառելու սկզբունքը։
|
Դատավոր |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական: